Տաթևը՝ հոգևոր վերելքի ճանապարհին

տաթևի վանքՈրքան էլ Հայաստանը ինտելեկտուալ տուրիզմի երկիր է, և այցելուները, պատկերացնելով մեր երկրի պատմամշակութային նշանակությունը, գալիս են իրենց պատկերացրածը տեսնելու նպատակով, նրանք բազմազանության կարիք ունեն: Հայաստանը զբոսաշրջության առումով չիրացված ներուժ ունի, որի բացահայտման և վերհանման համար նոր ուղղություններ են մշակվում:

«Տաթևի վերածնունդ» ծրագրին «Անկախը» վաղուց անդրադարձել է և ներկայացրել, թե ինչ գործեր են արվում Տաթևի վանական համալիրը արդիականացնելու և համայքնում նոր զբոսաշրջային արդյունք ձևավորելու ուղղությամբ: Ուստի, մանրամասն չանդրադառնանալով կատարված աշխատանքներին` նշենք, որ անցյալ տարվանից պաշտոնապես տրվել է Տաթև զբոսաշրջային կենտրոնի բացման մեկնարկը: Թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա զբոսաշրջիկները կարող են ոչ միայն «ճախրել» Որոտանի գեղատեսիլ կիրճի վրայով, այլև հաղթահարել հարակից ժայռերը, անցնել լեռնային արահետներով, կատարել հեծանվային զբոսանք, աուդիոգիդի օգնությամբ ծանոթանալ տեղանքի պատմությանն ու հնագույն գյուղերին, օգտվել բուժիչ հանքային ջրերից, ինչպես նաև` համտեսել Սյունիքի խոհանոցի ախորժելի ուտեստները:
2013 թ. հուլիսի 1-ից զբոսաշրջային կենտրոնում սկսել են գործել բոլորովին նոր ծառայություններ:
Այնտեղ գործում են նաև օդապարուկների վարձույթ և հուշանվերների կրպակներ, որտեղ վաճառքի են հանվում գյուղացիների ձեռքով պատրաստված աշխատանքները:
«Տաթևի դարպասներ» տուրիստական կենտրոնի ներկայացուցիչները վստահ են, որ նոր ծառայություններն էլ ավելի կմեծացնեն հետաքրքրությունը այս զբոսաշրջային վայրի նկատմամբ և կնպաստեն այցելուների հոսքին:
Նշենք, որ ինչպես և նախատեսված էր, Հալիձորում կառուցվել է ռեստորանային համալիր` «Տաթևատունը»: Այն զբոսաշրջիկներին առաջարկում է Սյունյաց ճաշատեսակները: «Տաթևատան» տնօրեն Դավիթ Գաբրիելյանը տեղեկացնում է, որ այստեղ, բացի ավանդական համեղ և անարատ ուտեստներից, կարելի է նաև դիետիկ ու բուսական ճաշատեսակներ պատվիրել, ինչպես նաև` ճաշակել բուժիչ, տնական թթի և խաղողի օղի, նաև արցախյան գինի:
Ինչ վերաբերում է վանական համալիրի վերականգնմանը, ապա վերանորոգման և արդիականացման աշխատանքներն ընթացքի մեջ են և նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա երկու տարում: Աշխատանքներն ուղղված են վանքի հետագա փլուզման կանխարգելման միջոցառումների իրականացմանը: Նշենք, որ նախկինում ջուրը, մայր տաճարի կտուրից ներս մտնելով, սողանքային երևույթների վտանգ էր առաջացնում: Աշխատանքների երկրորդ փուլով նախատեսվում է իրականացնել նախկինում կատարված աշխատանքների շտկման գործընթացներ: Օրինակ` եկեղեցու հատակը կառուցված է մարմարով, ինչը հակասում է և՛ միջնադարյան շինարարական, և՛ այսօրվա վանքերի վերանորոգման սկզբունքներին, և այն պետք է վերավերակառուցել: Այսպես են մեկնաբանում մասնագետները:

Երբ ցանկություն կա, իսկ հնարավորություն՝ ոչ
«Տաթևի վերածնունդ» ծրագրի իրագործման համար անհրաժեշտ գումարը կազմում է 50 մլն դոլար, որից միայն 5,8 մլն դոլարը նախատեսված է ճարտարապետական վերականգնման աշխատանքների, իսկ 1 մլն-ը` համայնքային և զբոսաշրջության զարգացման համար: Բազմաթիվ նվիրատուներ, մասնավորապես` Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդին, արդեն ֆինանսավորել են այս բյուջեի մեկ քառորդից ավելին:
Այսպիսով, Տաթևի ուղղությամբ իրականացվող հսկայածավալ աշխատանքները հնարավորություն կտան ունենալու այընտրանքային զբոսաշրջավայր զբոսաշրջային այլ կենտրոնների` Ծաղկաձորի, Դիլիջանի և Ջերմուկի նկատմամբ: Կավելանա զբոսաշրջիկների թիվը, կմեծանա նրանց աշխարհագրությունը, և Տաթևն իր մշակութային ու գիտակրթական նշանակությամբ կհայտնվի աշխարհի քարտեզում:

Անշուշտ, չի կարելի չնկատել այն դրական գործընթացները, որոնք իրականացվում են մեկնարկած ծրագրի շրջանակներում, սակայն չի կարելի նաև անտարբեր անցնել, երբ այդ ամենն արվում է գրեթե միայն օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Այսինքն` խնդիրը ներքին տուրիզմի զարգացման ոչ բավարար մակարդակն է: Հարցն այն է, որ սեփական երկրում հանգստանալը գրավիչ ու ցանկալի է, բայց ոչ մատչելի շատերի համար: Հայաստանաբնակ ոչ բոլոր զբոսաշրջիկներին է բախտ վիճակված տեսնելու և վայելելու այս գողտրիկ վայրը:
Դեպի Տաթև ուղևորվող որևէ երկթուղային տրասպորտ չկա, ուղևորափոխադրում իրականացվում է միայն մինչև Գորիս, իսկ այնտեղից Տաթև հասնելու համար պետք է մասնավոր ծառայությունների դիմել: Տարիներ շարունակ իրավիճակը նույնն է մնում, այս խնդիրն այդպես էլ չի կարգավորվում: Բացի այդ, թանկ են ճոպանուղուց օգտվելու ծառայությունները: Շահագործման առաջին ժամանակաշրջանում մեկ անձի փոխադրումը 3000 դրամ էր: Ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջային ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը, այս կապակցությամբ տալով իր պարզաբանումը, նշել է, որ սահմանված գումարը մատչելի է այլ երկրներում սպասարկվող նման ծառայությունների համեմատ, որոնց սակագինը այլ երկրներում հասնում է 45 եվրոյի:
Այս պարագայում պետք է հաշվի առնել, որ խոսքը վերաբերում է մի երկրի, որտեղ թե՛ աշխատավարձերն են ցածր, թե՛ կենսաթոշակները, և քաղաքացիների կենսպայմանները թույլ չեն տալիս երբեմն- երբեմն օգտվել նման ճոխություններից:
Ճոպանուղու ծառայությունները մատչելի դառնալու փոխարեն դեռ մի բան էլ թանկացել են: Եթե նախկինում հարակից գյուղի բնակիչների համար այն անվճար էր, հիմա սահմանվել է վարձավճար, իսկ գործող նախկին սակագինն էլ 1000 դրամով թանկացել է:
Ցավալի է ևս մեկ անգամ խոստովանել, որ հենց տեղաբնակներից շատերի համար Տաթև այցելելը խնդրահարույց է:
Դա է պատճառը, որ օտարեկրացիները, իրենց ֆինանսական միջոցները մեր տնտեսություն ուղղորդելով, ավելի քաջատեղյակ են մեր պատմամշակութային արժեք ներկայացնող վայրերի մասին, քան բուն հայաստանաբնակներս:
Տաթև գյուղի համայնքապետ Մուրադ Սիմոնյանը ևս խոստովանում է, որ անմիջապես Տաթև հասնող երթուղային որևէ փոխադրամիջոց չկա, կա միայն մեկ ավտոբուս, որը, սակայն, փոխադրում է իրականացնում շաբաթվա մեջ միայն մեկ օր, այն էլ ոչ հանգստյան օրերին:
Հուսանք, որ ծրագիրը բարեհաջող ընթացք կունենա, և սպասվելիք արդյունքներն ու ցուցանիշներն ամփոփելու գործը շատ չի դանդաղի: Ու գուցե մի օր էլ ներքին տուրիզմը զարգանա և հայաստանյան այս գեղատեսիլ վայրն իր գիրկն առնի նաև հայ զբոսաշրջիկին:
Լ.Ն

Tags: , ,