Աննախադեպ օրենքը` բարձրագույն կրթության մատչելիության երաշխիք

օրենք-ուսանող2014 թ. մայիսի 19-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Կրթության մասին» օրենսդրական փաթեթը: «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրինագծերի այս փաթեթը, թերևս, այն եզակի նախաձեռնություններից էր, որ խորհրդարանը հաստատեց ձայների այսպիսի հարաբերակցությամբ` 108 կողմ, 3 դեմ և 10 ձեռնպահ: Փաստորեն, պատգամավորների մեծամասնությունը կողմ արտահայտվեց գործադիրի` կրթական բարեփոխումներին միտված առաջարկին:
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 9-ին ստորագրեց Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
ՀՀ կրթության և գիտության նախարարի գնահատմամբ` սա Հայաստանի պատմության մեջ աննախադեպ օրենսդրական փաթեթ է, որով հայ ուսանողների համար ստեղծվում են կայուն սոցիալական երաշխիքներ և բարձրագույն կրթության առավել ընդգծված մատչելիություն: «Առաջինը, հիշում եք, որ մեր բուհերը իրավունք ունեն բարձրացնելու ուսման վարձերը, իրենք են որոշում, և այստեղ կառավարությունը որևէ լիազորություն չուներ: Օրենքի ընդունումով կառավարությունը ստանում է լիազորություն` սահմանելու ուսման վարձի վերին շեմ: Վերին շեմը սահմանվելու է` ըստ կրթության որակի և ըստ կրթական աստիճանի: Կրթության որակ ասելով` նկատի ունենք հավատարմագրման ինստիտուտը, և ակնհայտ է, որ ամենաթանկ ծրագրերը կլինեն միջազգային հավատարմագրում ստացած ծրագրերը, իսկ ամենաէժան ծրագրերը կլինեն այն ծրագրերը, որոնք չեն հավատարմագրվել: Բնական է նաև, որ կլինի բակալավր, մագիստրանտ, ասպիրանտ կրթական աստիճանների գնային տարբերություն»,- ասում է Արմեն Աշոտյանը:
Կրթական գերատեսչության ղեկավարի խոսքով` օրենքի հաջորդ կարևոր դրույթը վերաբերում է բուհերում անվճար տեղերի հատկացմանը և բաշխմանը. «Պետական բուհերն իրենց հատկացված անվճար տեղերի 10 տոկոսի չափով պարտավոր են տրամադրել անվճար կրթություն պետության համար գերակա համարվող մասնագիտություններով: Օրինակ, եթե ԵՊՀ-ն պետությունից ստանում է տարեկան 350 անվճար տեղ, ապա ևս 35 անվճար տեղ պետք է ֆիքսի` ըստ պետության կողմից ֆիքսած գերակայությունների»:
Օրենքն ամրագրել է նաև դրույթ, որով բուհերի բյուջեների առնվազն 7 տոկոսը պետք է ուղղվի ուսանողական զեղչերին: «Մենք ընդլայնել ենք ուսանողական այն խմբերի ցանկը, որոնց երաշխավորում ենք ուսանողական զեղչեր` վարձավճարի զեղչեր, այդ ցանկը շատ կարճ էր, այսօր մենք օրենքով ենք ֆիքսել, թե ուսանողական որ խմբերի համար է պետությունը երաշխավորում ուսանողական զեղչը: Հաջորդ կարևոր նորամածությունը. մենք ֆիքսել ենք ուսանողական զեղչերի նվազագույն չափը: Նախկինում այդ զեղչերը կախված էին բուհի վարչակազմի որոշումից: Եվ ակնհայտ է, որ մեր ուսանողները նաև դժգոհում էին, որ դրանք միշտ չէ, որ արդար են բաշխվում: Այս օրենքի շնորհիվ մենք ունենք հստակ ֆիքսված սոցիալական խմբեր, մենք ունենք հստակ ֆիքսված զեղչային ծավալ, և այս ամենը գործելու է 2015-ի հունվարի 1-ից»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Օրենքով երաշխավորվում են ամրագրված ուսանողական զեղչեր սոցիալապես խոցելի խմբերի համար: Բուհական վճարները կզեղչվեն 30-50 տոկոսով: Փոխհատուցման այս կարգը կվերաբերի մինչև 23 տարին լրանալը առանց ծնողական խնամքի մնացած, մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին, նաև երեք և ավելի անչափահաս կամ երեքից ավելի երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին:
ՀՀ կրթության և գիտության նախարարը հավելեց նաև, որ սոցիալական բոլոր ծրագրերը, որոնք պետությունն իրականացնում է բարձրագույն կրթության մատչելիության ապահովման ուղղությամբ, նպատակ ունեն աջակցել լավ սովորող ուսանողներին, և դա նշանակում է, որ ևս մեկ քայլ է իրականացվում հռչակված նպատակին հասնելու համար, այն է` ոչ մի լավ սովորող ուսանող սոցիալական պատճառներով չպետք է դուրս մնա բուհից:

 Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Tags: , , ,