Ազգային դրամը 21 տարեկան է

դրամԱմեն տարի ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) նախաձեռնել է միջոցառում` նպատակ ունենալով ներկայացնել ազգային դրամի պատմությունը նաև մարզերում: Մայրաքաղաքի դպրոցականները վաղուց արդեն ավանդաբար երկրի ֆինանսական համակարգի և դրամաշրջանառության վերաբերյալ տեղեկանում են ԿԲ-ում: Իսկ մարզաբնակ երեխաները չունեն նման գիտելիքներ ստանալու հնարավորություն: Ուստի, երկրի գլխավոր դրամատունը մարզերում կազմակերպվող ամենամյա ցուցահանդեսների միջոցով փորձում է ստանձնել երեխաներին կրթելու պատասխանատվությունը:

Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ կազմակերպվել են արդեն Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Աշտարակում, Արտաշատում և Հրազդանում: Վերջերս հերթական ցուցահանդեսը Արմավիրի մարզկենտրոնում էր:

Հայաստանը անկախության հռչակումից երկու տարի անց` 1993 թ. է հիմնել սեփական ազգային արժույթը` հայկական դրամը, իսկ հայկական դրամի խորհրդանիշը ստեղծվել է 1995 թ.: Դրամի խորհրդանշանն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը 1995 թ. սեպտեմբերին՝ նախքան եվրոյի և նրա խորհրդանշանի առաջանալը։

Դրամի թողարկումները Հայաստանում հիշատակվում են դեռևս Ք.ա. 1-ին հազարամյակից։ Դեռևս Երվանդունիների օրոք` Ք.ա VI-III դդ. Հայաստանի սատրապներն իրենց դիմապատկերներով դրամներ են թողարկել։ Այնուհետև Ք.Ա III Ծոփքի հայ թագավորներ Արշամը, Քսերքսեսը, Աբդիդարեսը։ Արտաշեսյանների ժամանակ դրամահատությունը Հայաստանում ավելի մեծ ծավալներ ստացավ, իսկ Տիգրան Բ Մեծի օրոք` Ք.ա. 95-55 թթ., հայկական մետաղադրամները մտան նաև միջազգային շուկա։ Այնուհետև I-IX դարերում տեղական դրամների գործածության մասին չկա ոչ մի հիշատակություն, փոխարենը գործածվում էին օտարերկրյա դրամները և դրամական միավորները։ Մեզ հասած առաջին դրամները` հայերեն մակագրություններով, հատվել են Բագրատունիների արքայատոհմի Լոռվա ճյուղի թագավոր Կյուրիկե Բ-ի կողմից։ 885-1045 թթ. Կիլիկյան հայկական պետությունը հատել է իր դրամը` նաև հայերեն մակագրությամբ։ Կորցնելով անկախությունը` մինչև 1918 թ. Հայաստանը չի ունեցել սեփական դրամական միավոր։

Արմավիրի մարզկենտրոնում «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» միջոցառումը նպատակ ուներ ներկայացնելու երկրի գլխավոր դրամատան գործունեությունն ու դրամի պատմությունը նաև մարզաբնակներին: Ցուցահանդեսի առանձին տաղավարներով ներկայացված էին հանրապետության տարածքում տարբեր ժամանակաշրջաններում հայտնաբերված դրամանիշներ, ԽՍՀՄ ժամանակաշրջանում թողարկված թղթադրամներ և ԿԲ-ի կողմից թողարկված թղթադրամների, մետաղադրամների ու հուշադրամների ամբողջ հավաքածուն:
ՀՀ ԿԲ-ի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանն այն համոզման է, որ մեր ժամանակներում առանց ֆինանսական գիտելիքների հնարավոր չէ առհասարակ պատկերացնել առօրյան կամ արդյունավետ կազմակերպել աշխատանքն ու բիզնեսը: Քանի որ ֆինանսական ծառայությունների ոլորտը շարունակ զարգանում և նոր պահանջներ է թելադրում, դրանք ընկալելու համար պետք է համակարգի մասին մշտապես տեղեկացված լինել:

ԿԲ-ի դրամագետ Գևորգ Մուղալյանն իր պատմական ակնարկում նշում է, որ առաջին հայկական փողը, որ պահպանվել է մինչև մեր օրերը, Ք.ա. III դարի մետաղադրամ է: Հին Հայաստանում, բացի համապետական դրամից, եղել են նաև քաղաքային դրամներ, օրինակ` Արտաշատ քաղաքն ուներ իր դրամը, որը համապետականին հավասար գործածվում էր այդ քաղաքում: Ազգային դրամների պատմությունը վերսկսվում է 1918 թ. և նոր թափ ստանում երրորդ հանրապետության ժամանակ` 1993 թվականից: Կիլիկյան Հայաստանի մետաղադրամները 300 տարի շարունակ հիմնականում թողարկվել են հայատառ, սակայն եզակի նմուշներ եղել են (օրինակ` Լևոն Առաջին թագավորի ժամանակ), որոնք լատինատառ են արտադրվել:

Մարզի ղեկավարներն աջակցեցին, որ բոլոր դպրոցականները կարողանան ցուցահանդես այցելել և ծանոթանալ ներկայացված թղթադրամներին ու մետաղադրամներին, լսել ազգային դրամի պատմությունն ու գիտելիքներ ստանալ ԿԲ-ի գործունեության վերաբերյալ:
Միջոցառումը տևեց մի քանի օր: Բոլոր մարզաբնակները մարզկենտրոնի աջակցությամբ կարողացան ցուցահանդես այցելել` լսել դասախոսություններ, ծանոթանալ ֆինանսական համակարգի հիմնական խնդիրներին, իրազեկվել «Ավանդների երաշխավորման հիմնադրամի» գործունեության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտում ԿԲ-ի կողմից իրականացված բարեփոխումների, ֆինանսական հաշտարարի ինստիտուտի և ԿԲ-ի այլ նախաձեռնությունների վերաբերյալ: Միջոցառման նախաձեռնողների տեղեկացմամբ, միջոցառումն արդեն ավանդական բնույթ ունի և դարձել է շարունակական:

Լ.Ն

Tags: , ,