Թեհրան-Բաքու հարաբերություններում դժվար թե փոխվստահության մթնոլորտ ձևավորվի

բաքու-թեհրանՎերջին երկու տասնամյակում Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում բազմաթիվ վերելքներ ու անկումներ են եղել: Չնայած մի շարք պատմական, մշակութային և կրոնական ընդհանրություններին` այս հարաբերությունները հնարավոր չէ բարեկամական համարել: Բաքուն և Թեհրանը հաճախ են հակամարտել, միմյանց դեմ բողոքներ ներկայացրել, դիմել քաղաքական պարսավանքի ցույցերի: Փոխադարձ անվստահության պայմաններում մշտապես զգացվել է բացահայտ աշխարհաքաղաքական համատեքստ: Ի տարբերություն Իրանի` Ադրբեջանը մշտապես ցանկանում է մերձեցնել հարաբերությունները Արևմուտքի հետ:
Ներկայումս աշխարհում էներգետիկ ռեսուրսները թելադրող գործոն են դարձել: Այդ իսկ պատճառով կասպիական ավազանում մեկ մետր ավելի նավթային տարածք ունենալն անչափ կարևորվել է: Ավազանի գրեթե բոլոր երկրների միջև խնդիրներ կան և համարվում են դժվար լուծելի: Ինչքան շատ նավթ, այնքան մեծ գումար և, հետևաբար, ավելի մեծ հզորություն: Այս խնդիրը երկար ժամանակ գոյություն ունի նաև Իրանի և Ադրբեջանի միջև: Ընդ որում, ռազմավարական նշանակություն ունի:
Հաջորդ կարևոր խնդիրներից է Ադրբեջան-ԱՄՆ և Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների խորացումն ու ռազմական համագործակցության ընդլայնումը: Անհնար է չնկատել, որ ներկայումս Իրանի հարաբերություններն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բավական լարված են:
Թեհրանն իր անմիջական հարևանի դրական հարաբերություններն ու ռազմական համագործակցությունն այդ երկրների հետ դիտում է իր դեմ թշնամանք և կարծում է, որ այն վնասում է իր պետական և ազգային անվտանգությունը:
Գաղտնիք չէ, որ այդ համագործակցությունն ուղղված է Իրանի դեմ, որին խոչընդոտելու համար Իրանը ևս ձեռքերը ծալած չի նստում:
Այդ համագործակցության դեմն առնելու համար Իրանն օգտագործում է Ադրբեջանի հարավային շրջաններում ապրող, իրանական ծագում ունեցող, ոչ պաշտոնական տվյալներով մեկ միլիոնի հասնող, ազգությամբ թալիշ բնակչությանը, փորձում այնպես անել, որ այն ապակայունացնի Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը: Ադրբեջանում թալիշների միջոցով անկայունություն ստեղծելով` Իրանը համախմբում է Ադրբեջանում օրեցօր աճող շիա ծայրահեղական իսլամիստներին, փորձում է հարևան երկրում հասնել իսլամական հեղափոխության: Եթե իսլամական հեղափոխությունը հաջողվի, Իրանը կրոնական հիմքի վրա Ադրբեջանին կներառի իր ազդեցության ոլորտ և կխափանի այդ վտանգավոր համագործակցությունը:
Ընդդեմ Իրանի Ադրբեջանի ձգտումները համընկնում են ԱՄՆ-ի և Իսրայելի շահերի հետ: Ադրբեջանը փորձում է Իրանի տիրապետությունից ազատագրել իր «հարավային եղբայրներին» և միավորվել նրանց հետ:
Այս ձգտումները սկիզբ են առել դեռևս XX դարի առաջին քառորդին, երբ կովկասյան թաթարներով և այլ ժողովուրդներով բնակեցված տարածքում պետություն ստեղծվեց և կոչվեց Ադրբեջան, որն ընդհանրապես կապ չուներ այդ ժողովուրդների հետ: Այս անունը պատկանում էր Իրանի տարածքում ապրող ազարների բնակեցրած տարածքին, որն արաբները դեռ դարեր առաջ անվանել էին Ադրբեջան: ԽՍՀՄ կազմավորման առաջին տասնամյակներին խորհրդային քարոզչական մեքենան Իրանից այս տարածքները գրավելու նպատակով քարոզում էր տեղի բնակչությանը, որ իրենք ադրբեջանցի թուրքեր են, և միայն պատմության ու քաղաքականության քմահաճության հետևանքով են գտնվում Իրանի տիրապետության տակ:
Չնայած իր իրանական ծագմանը` այս ժողովուրդը, երկար տարիներ գտնվելով թուրքական ազդեցության տակ, դարձել է թյուրքախոս: Օգտվելով այս հանգամանքից` Ադրբեջանն այսօր ցանկանում է մի քանի անգամ մեծացնել իր պետությունը և ավելացնել բնակչության թիվը:
Այսօր ադրբեջանական քարոզչական մեքենան, համագործակցելով իր համախոհների հետ, ցանկանում է լարված իրավիճակ ստեղծել Իրանի ներքին կյանքում և սպառնում է այդ երկրի տարածքային ամբողջականությանը: Այս հարցում Ադրբեջանին մեծ աջակցություն է ցույց տալիս նաև թուրքական քարոզչական մեքենան, որը նույնպես մեծ շահագրգռություն ունի այս խնդրում:
Քանի դեռ առկա են Իսրայել-Ադրբեջան և ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունները, Բաքվի կողմից իսլամական շարժումները ճնշելու քաղաքականությունը, Իրանի հյուսիսային նահանգների և իրանական մշակույթի նկատմամբ Ադրբեջանի նկրտումները, Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը, սահմանային միջադեպերը և բազում այլ խնդիրներ, առաջիկա տարիներին դժվար թե փոխվստահության մթնոլորտ ձևավորվի Թեհրանի և Բաքվի հարաբերություններում:

 

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ

Tags: ,