Իրան-«Վեցնյակ» բանակցությունների 5-րդ շրջանն էլ ավարտվեց

Իրան-«Վեցնյակ» Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հունիսի 16-20-ը կայացած բանակցություններն ավարտվեցին: Բանակցությունների նպատակն է, Իրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները հանելու դիմաց, միջուկային ծրագրի սահմանափակման մասին վերջնական համապարփակ համաձայնագրի կնքումը:

Հանդիպումը, ինչպես նախկինում, այս անգամ էլ անցկացվում էր Վիեննայի ՄԱԿ-ի կառույցում՝  Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Ռուսաստանի, ԱՄՆ-ի,Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Չինաստանի փոխարտգործնախարարների մակարդակով:

Նախատեսվում է կողմերի միջև հաջորդ հանդիպումը անցկացնել հուլիսի 2-ին՝ կրկին Վիեննայում:

Կողմերն աշխատում են, որպեսզի համապարփակ վերջնական համաձայնագրի տեքստ կազմեն, սակայն հանդիպման ավարտին այդպես էլ կողմերը համաձայնության չեն եկել` համաձայնագրի վերջնական տեքստի մշակման հարցում:

Իրանի արտաքին գործերի նախարարը Մուհամմադ Ջավադ Զարիֆը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով բանակցությունների արդյունքը, նշել է, որ վերջնական համաձայնագրի տեքստի մշակման հետ կապված կողմերի միջև որոշ տարաձայնություններ կան:

«Հակառակ կողմի մոտ առավելագույն պահանջներ ներկայացնելու միտումներ են նկատվում: Հուլիսի 2-ին կգանք Վիեննա և այնքան ժամանակ կբանակցենք, որպեսզի արդյունքի հասնենք»,- նշել է Իրանի արտգործնախարարը:

Զարիֆը, հիշատակելով ատոմային էներգիայի միջազգային գործակալության ամսական զեկույցը, նշել է, որ Իրանը հավատարիմ է մնացել իր ստանձնած պարտավորություններին:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլարը գումարը պետք է ութ մասնավճարով փոխանցվի Իրանին: Հնդկաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1,6 մլրդ և 450 մլն դոլար արդեն փոխանցել են Իրանին:

 Անկախ

Tags: , ,