Ուսուցիչ՝ ստրո՞ւկ, թե՞ պետական ոլորտի աշխատող. մանկավարժները չեն պատրաստվում լռել

IMG_4467Սոֆյա Հովսեփյանն աշխատում է դպրոցում որպես հոգեբան: Երբ պարտադիր կուտակայինի վերաբերյալ ընդունվեց միջանկյալ օրենք, ըստ որի` քաղաքացին կարող էր իր դիմումի համաձայն հրաժարվել դրանից, նա առաջին համարձակներից էր, որ իր տնօրենին փոստով դիմում ուղարկեց: Դիմումն ընդունվեց, պահված գումարն էլ հետ վերադարձվեց, քանի որ, ինչպես ինքն է ասում, կարողացել էր դպրոցի տնօրենին բացատրել, որ կառավարության դրդմամբ չպետք է փոխհարաբերությունների խնդիր ստեղծել:

Սակայն, օրեր առաջ Ազգային ժողովը ՀՀԿ մեծամասնության շնորհիվ հաստատեց կուտակային կենսաթոշակների վերաբերյալ կառավարության ներկայացրած նոր փաթեթը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցիալական վճար՝ պետական ոլորտի համար պարտադիր սկզբունքով: «Մեր կառավարությունը որոշեց մանիպուլյացիայի ենթարկել բնակչությանը,- այսպես է մեկնաբանում իրողությունը մանկավարժ-հոգեբանը,- սրանով հասարակությանը բաժանեցին մի քանի մասի, որ հավանաբար թուլացնեն պայքարի ուժը, բայց պայքարը չի թուլանալու»:

Ինչ վերաբերում է կառավարության հայտարարություններին հուլիսի 1-ից պետական ոլորտի աշխատողների աշխատավարձերի զգալի բարձրացումների վերաբերյալ, ապա, նրա խոսքով, գոնե մանկավարժների մասով դա ծիծաղելի է:

Սոֆյա Հովսեփյանը ոլորտի այն քիչ մասնագետներից է, որոնք աշխատում են մեկ ամբողջ դրույքով, և նրա մաքուր աշխատավարձը կազմում է 71 000 դրամ: Իր աշխատավարձից մի քանի հազար դրամի պահումն էլ լուրջ հարված է ընտանեկան բյուջեին: Սակայն մանկավարժների մեծ մասն աշխատում է ոչ լրիվ դրույքով, և նրանց աշխատավարձերը կազմում են չնչին գումարներ:

«Ուսուցչի ամսական մեկ դրույք աշխատավարձը (շաբաթական 22 ժամը) 98 հազար 780 դրամ է, եթե դրանից հանում ենք 24,4 տոկոսը, ստացվում է շուրջ 74 հազար դրամ: Հիմա դարձրել են 108 հազար 700 դրամ, որից եթե հանում ենք 24,4 տոկոսը, դրան գումարած այդ 5 տոկոս սոցիալական պարտադիր վճարը, ստանում ենք շուրջ 75 հազար դրամ ու ինչ-որ պոչ: Այսինքն` աշխատավարձի բարձրացումը կազմում է ընդամենը 1900 դրամ: Բայց հիշենք, որ մեկ ամբողջ դրույքով աշխատողները շատ քիչ թիվ են կազմում դպրոցներում, քանի որ այդքան ժամաքանակի անհրաժեշտություն չկա: Ուսուցիչ կա, որ շաբաթական ընդամենը 3-4 ժամ ունի: Փաստորեն, ոչ լրիվ դրույքով աշխատողների համար, որոնք նաև պետք է սոցիալական այդ նպատակային վճարը կատարեն, աշխատավարձի բարձրացումն ընդամենը մի քանի հարյուր դրամ է կազմելու»,- ասում է երևանյան դպրոցներից մեկի հաշվապահը՝ Շողակաթ Բաբայանը:

Մանկավարժները նշում են, որ դպրոցի ներսում այս հարցով կան լուրջ խմորումներ, բոլորն էլ դժգոհ են թե՛ աշխատավարձերի բարձրացում կոչվածից, թե՛ պարտադիր պահումներից, որոնք պետք է կիրառվեն հուլիսի 1-ից, սակայն այդ մասին բարձրաձայնողները քիչ են, քանի որ վախենում են անգամ այդ աշխատավարձով աշխատանքը կորցնելուց:
«Եթե ուսուցիչը համաձայնել է 40-50 հազար դրամով աշխատել դպրոցում, որովհետև այլընտրանք չունի, նշանակում է՝ նրա համար 2000 դրամը հացի կամ տրանսպորտի խնդիր է լուծում: Նա երբեք կամավոր սկզբունքով այդ գումարը չի տա»,- ասում է մանկավարժներից մեկը:

Նշենք, որ մեր զրուցակիցներն այն ուսուցիչներն ու կրթական ոլորտի աշխատակիցներն էին, որոնք միացել են «Դեմ եմ» նախաձեռնությանը:

Հունիսի 23-ին նրանց ընդունել է նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Մանկավարժները դժգոհություն ու անհամաձայնություն են հայտնել օրենքի վերաբերյալ՝ նշելով, որ այն հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, Սահմանադրական դատարանի 2014 թ. ապրիլի 2-ի որոշմանը և ՀՀ մի շարք իրավական ակտերի, այլև ՀՀ Հանրային խորհրդի բանաձևին: Նրանց խոսքով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, նախ պետք է կազմակերպվեին նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, ապա նոր դա ներկայացվեր ԱԺ: Մինչդեռ օրենքն ընդունվել է առանց հանրային քննարկումների:

IMG_4480

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ մանկավարժներն առաջարկել են Հանրային խորհրդին կազմակերպել հանրային քննարկումներ վիճահարույց օրենքի վերաբերյալ, որի ընթացքում հանրության լայն շերտերը հնարավորություն կունենան իրենց տեսակետները հայտնելու:

Վազգեն Մանուկյանի հանձնարարականով հաջորդ օրը՝ հունիսի 24-ին, Հանրային խորհրդում կազմակերպվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀԽ անդամներ, պետական համապատասխան կառույցների պաշտոնյաներ, ինչպես նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ ու մանկավարժներ:

Վերջիններս պետական կառույցների պաշտոնյաների ներկայությամբ ևս մեկ անգամ բարձրաձայնել են իրենց մտահոգությունը՝ կապված օրենքի կիրառման հետևանքով դպրոցում առաջացած խտրականության դրսևորման հետ, ներկայացրել մանկավարժի խիստ ցածր աշխատավարձի և ոչ լրիվ դրույքաչափով աշխատելու պայմաններում պահվող գումարի բացասական ազդեցության, ինչպես նաև հուլիսի 1-ից պետական ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման պարագայում մանկավարժների աշխատավարձերի չնչին փոփոխությունների մասին՝ նշելով, որ սոցիալական վճարների գանձման դեպքում բարձրացումը մեծ մասամբ մի քանի հարյուր դրամ է կազմելու:

«Դեմ եմ»-ի ակտիվիստներն էլ իրենց հերթին նշել են, որ նոր օրենքի պարագայում իրենց կողմից բարձրացված խնդիրները չեն լուծվել, քանի որ երկրում առկա սոցիալական ծանր վիճակի պայմաններում քաղաքացուց լրացուցիչ գումարներ գանձելը որևէ կերպ արդարացված չէ, իսկ պետական ոլորտի վրա կիրառվող սոցիալական վճարը պարտադիր բնույթ է կրում, ինչը հակասահմանադրական է:

մանկավարժներ-1Պաշտոնյաները փորձել են պարզաբանումներ տալ, ներկայացնել օրենքի փոփոխման արդյունքում ի հայտ եկած առավելությունները՝ միաժամանակ նշելով, որ սա ծանր բարեփոխում է և չի կարող ցնցումներ չառաջացնել հասարակական որոշ շերտերում:
Սակայն, ինչպես նշում են քննարկմանը մասնակից մանկավարժները, կողմերից ամեն մեկը մնացել է իր կարծիքին:

Մանուկյանն առաջարկել է Հանրային խորհրդում ստեղծել աշխատանքային խումբ, որը քննարկումներ կանցկացնի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կամբողջացնի բարձրացված հարցերը, մտահոգություններն ու առաջարկները և կներկայացնի դրանք ՀՀ նախագահին ու ՀՀ կառավարություն:

«Դեմ եմ»-ի կազմում ընդգրկված մանկավարժները նշում են, որ պայքարող ուսուցիչների թիվը բավականին մեծ է, անգամ մարզերից կան ուսուցիչներ: «Բայց քանի որ մարզերի դպրոցներում հիմնականում աշխատում են տնօրենների բարեկամ-ծանոթները, նրանք ուզած-չուզած չեն կարող ընդվզել»,- նշում է մանկավարժներից մեկը՝ հիշեցնելով, որ եղել է նաև դեպք, երբ մանկավարժին հեռացրել են աշխատանքից «Դեմ եմ»-ին միանալու համար:
Այսօր այս մի խումբ երիտասարդ մանկավարժները պատրաստ են իրենց իրավունքների համար պայքարել մինչև վերջ, ասում են, որ տարիներ շարունակ գլուխները կախ իրենց աշխատանքը կատարել են՝ առանց պահանջներ ներկայացնելու: Եվ չափազանց վիրավորված են նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին մանկավարժները խաղաղ ցույց էին կազմակերպել կրթության և գիտության նախարարության շենքի մոտ՝ այլընտրանքային տարբերակով փորձելով ԿԳՆ շենք մտնող տարբեր ուսուցիչներին, կրթական ոլորտի աշխատակիցներին իրազեկել և բացատրել պարտադիր կուտակայինի բացասական կողմերը, միաժամանակ պահանջելով, որ Աշոտյանն իջնի ներքև, լսի իրենց և պարզաբանումներ տա: «Աշոտյանը չիջավ ներքև, ավելին, հաջորդ օրը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, որ մեր երկրում ուսուցիչները պաշտպանության կարիք չունեն, և թող այլ կառույցներ չհորդորեն նրանց բողոքի ակցիաներ կազմակերպել»,- հիշեցնում է Սոֆյա Հովսեփյանը:-Ցավոք, էդպես էլ նրանց գիտակցությանը չհասավ, որ ամոթ է, երբ հասարակության այն օղակը, որը պիտի խաղաղություն տարածի, այսօր դուրս է եկել պայքարի, իսկ կառավարությունն իր քայլերով ստիպում է ուսուցչին ասել, որ այլևս պետք չէ այս աշխատանքը, որը ստրկական է»:

 

Անի Գասպարյան

 

Անկախ 

Tags: , , , ,