Հսկաների բախում Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

2014-World-Cup-www.lekbanjԲրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թևակոխում է վճռական փուլ: Առջևում քառորդ եզրափակչի հանդիպումներն են: Ստուգատեսը դեռ չի ավարտվել, սակայն տպավորությունը մեծ է: Ֆուտբոլի կախարդների երկրում կազմակերպված առաջնությունում, հիրավի, ուշագրավ իրադարձությունները շատ են, և դեպքերի ընթացքին հուզմունքով, սրտի թրթիռով են հետևում ոչ միայն Բրազիլիայի տարբեր քաղաքների բազմահազար նստատեղեր ունեցող մարզադաշտերի տրիբունաներում, այլև աշխարհի տարբեր ծայրերում հեռուստաէկրանների առջև նստած միլիարդավոր ֆուտբոլասերներ:

Բրազիլիայում տոն է, և ասես աշխարհն էլ անմիջականորեն մասնակից է այդ խանդավառությանը, և երկրորդական պլան է մղվել մնացած ամեն ինչ:
Խաղադաշտերում հսկաների բախում է, և ոչ մի իրադարձություն անկանխատեսելի չի համարվում: Առաջնությանն արդեն հրաժեշտ են տվել Իսպանիայի, Անգլիայի, Իտալիայի, Ուրուգվայի, Պորտուգալիայի և մի շարք այլ երկրների հեղինակավոր, բարձրակարգ ֆուտբոլիստներով համալրված հավաքականները, սակայն կատարվածը զարմանալի չէ: Արգենտինայի հավաքականի, կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող, համաշխարհային ֆուտբոլի աստղ Լիոնել Մեսին 1/8 եզրափակչի Շվեյցարիայի հավաքականի հանդիպումից առաջ առանց թաքցնելու հրապարակավ հայտարարել էր, որ անակնկալ չի համարի, եթե իրենց թիմը զիջի մրցակցին, քանի որ աշխարհի առաջնությունում արժանավոր հավաքականները շատ են: Եվ անգամ կազմակերպիչ երկրի` Բրազիլիայի ընտրանին, որին համարում են հաղթողի հիմնական հավակնորդ, քիչ էր մնում զրկվի պայքարը
շարունակելու իրավունքից, բայց հաջողությունն այդ թիմի խաղացողներին ուղեկից էր: Իսկ բախտը ժպտում է միայն ուժեղներին:
Այսպիսով, հուլիսի 4-ին կկայանա քառորդ եզրափակչի երկու խաղ: Ֆորտալեզայում կմրցեն Բրազիլիայի և Կոլումբիայի հավաքանները: Ինչպես ասում են` տանը պատերն էլ են օգնում: Այնպես որ բրազիլացիները կփորձեն հաղթահարել նաև հերթական արգելքը: Ինչ վերաբերում կոլումբիացիներին, ապա ախորժակն ուտելիս է բացվում: Այդ թիմը կփորձի զարգացնել հաջողությունը:
365441Ռիո դե Ժանեյրոյում կմրցեն Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականները: Երկու թիմերի խաղն էլ, եթե ստացվում է, ապա անկասելի է: Այնպես որ դժվար է ասել, թե այդ հավաքականներից որը դուրս կգա կիսաեզրափակիչ:
Հուլիսի 5-ին նույնպես Ռիո դե ժանեյրոյում կմրցեն տպավորիչ խաղ ցուցադրող Հոլանդիայի հավաքականը և այս առաջնության հայտնություն Կոստա Ռիկայի ընտրանին: Վերջինիս ֆուտբոլիստներին կհաջողվի նոր անակնկալ մատուցել, թե ոչ, կպարզվի առաջիկայում:
Բրազիլիա քաղաքի մազադաշտում էլ հարաբերությունները կորոշեն Բելգիայի և Արգենտինայի ընտրանիները: Դարձյալ դժվար է կողմերից որևէ մեկին նախապատվություն տալ:
Այնպես որ աշխարհի առաջնությունում դեռ բավականին հարցականներ կան:
Հավելենք, որ հունիսի 4-ի երկու խաղերի հաղթողները կիսաեզրափակչում կմրցեն իրար հետ, իսկ հուլիսի 5-ի խաղերի հաղթողները կհանդիպեն միմյանց:

 

Tags: