Իրանի «սև շուկայում» ցանկացողների համար միշտ էլ ալկոհոլ կգտնվի

ալկոհոլՉնայած Իրանում ալկոհոլի արգելքին և դրա համար նախատեսված պատժին՝ ոգելից խմիչքների օգտագործումը բավական տարածված է: 1979-ի հեղափոխությունից հետո Իրանում մահմեդականներին արգելվել է ալկոհոլի օգտագործումը: Օրենքը կրկնակի խախտողները կարող են անգամ մահապատժի ենթարկվել:
Այդուհանդերձ, ալկոհոլ օգտագործելու համար մահապատիժ պարբերաբար չի կիրառվում: Սովորաբար, պատիժը նախատեսում է տուգանք, մտրակի հարվածներ կամ բանտարկություն: Մահապատիժ կիրառվում է այն դեպքում, եթե անձն առաջին անգամ չի օգտագործում ալկոհոլ և միաժամանակ խախտել է հասարակական կարգը: Իրանում, սովորաբար, մահապատժի են ենթարկում սպանության, բռնաբարության, զինված կողոպուտի, ինչպես նաև թմրանյութեր պահելու և տեղափոխելու համար, եթե դրանց կշիռը գերազանցում է 5 կգ-ը:
Իրանը պաշտոնապես հանդուրժում է ալկոհոլը և այն թույլատրելի համարում միայն ազգային, կրոնական փոքրամասնությունների շրջանում: Խմողները ընտրություն ունեն, բայց պետք է զգույշ լինեն: Հնարավոր է Իրանում ոգելից խմիչք պատվիրել ու արագ ստանալ պատվերը:
Չնայած ալկոհոլի վաճառքի արգելքին ու ոստիկանական ստուգումներին՝ Իրանում խմելը լայնորեն տարածված է: Քանի որ շիա մահմեդական մեծամասնություն ունեցող Իրանում դիսկոտեկներ ու գիշերային ակումբեր չկան, ամեն ինչ տեղի է ունենում տներում, փակ դռների հետևում:
Իրանում ոգելից խմիչքները բերում են մաքսանենգ ճանապարհով, բայց ալկոհոլի մեծ մասը հիմնականում պատրաստվում է տեղում:
Գինի պատրաստելու հազարամյակների ավանդույթ ունեցող Իրանում ներկայումս միայն քրիստոնյաները, հրեաները և զրադաշտականներն օրինական իրավունք ունեն իրենց տներում գինի պատրաստելու, այն էլ միայն սեփական օգտագործման համար, իսկ հոգևորականները՝ նաև կրոնական արարողությունների համար:
Ոգելից խմիչքների առևտուրն Իրանում խստորեն արգելված է: Չնայած արգելքին՝ ընդհատակյա, անօրինական առևտուր կա: Ալկոհոլի մատչելիությունը մտահոգություն է առաջացրել Իրանի հոգևորականության շրջանում: Նրանք Արևմուտքին մեղադրում են դավադիր գործողություններում, որոնց նպատակը իրանցիներին կրոնական բարեպաշտ վարքից կտրելը և գայթակղելն է:
Ամեն դեպքում, ալկոհոլի չարաշահումը և ալկոհոլային թունավորումներն Իրանում իսկապես խնդիր են դարձել: Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրում ավելի քան 200 հազար հարբեցող կա:
Անցյալ տարի Իրանում թույլատրվել է բացել ոգելից խմիչքների նկատմամբ թուլություն ունեցողներին բուժելու առաջին բժշկական կենտրոնը:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչները վերջերս հայտնել են, որ կենտրոնի նպատակն է օգնել իրանցիներին ազատվելու այդ վատ սովորությունից:
Անցյալ տարի Իրանի առողջապահական համակարգի պաշտոնյաները կառավարությանը զգուշացրել էին, որ աճում են տանը պատրաստված ոգելից խմիչքից թունավորումների և մահացության դեպքերը և հորդորել էին քայլեր ձեռնարկել:
Իրանական մամուլը հաճախ է հաղորդում տանը պատրաստած ոգելից խմիչքներից կուրանալու կամ մահանալու դեպքերի մասին: Սուպերմարկետներում ընդամենը 3․5 դոլարով կարելի է տեխնիկական սպիրտ ձեռք բերել:
Մեծ բիզնես է ոգելից խմիչքների մաքսանենգությունը: Իրանի արդարադատության համակարգը սահմանապահ ծառայությանը մեղադրում է մաքսանենգ առևտրի մասնակիցը դառնալու հանցանքում:
Որոշ իրանական ընդդիմադիր կայքեր հաղորդում են, որ սահմանների հսկողությունը իրականացնող «Հեղափոխության պահապաններ» զորամիավորումը մաքսանենգ ճանապարհով ալկոհոլի ներկրումից տարեկան 12 մլրդ դոլարի անօրինական եկամուտ է ունենում:
Գործարանային արտադրության խմիչքները մաքսանենգ ճանապարհով Իրան են բերվում հարևան Թուրքիայից և Իրաքի քրդական շրջաններից: Իրանում ոգելից խմիչքի մեկ շիշը վաճառվում է 70 դոլարով, տեկիլա կամ ֆրանսիական կոնյակ «սև շուկայում» կարելի է ձեռք բերել 100 դոլարով, իսկ գարեջուրը՝ 8 դոլարի սահմաններում: Մաքսանենգ օղին Իրան է բերվում նաև Ռուսաստանից ու Վրաստանից: Իմիջիայլոց, որակյալ խմիչքների թանկ գները ճանապարհ են հարթել իրանահայ գործարարների համար, որոնք զբաղվում են տնային պայմաններում թորած օղու վաճառքով:

Tags: ,