Նոր խալիֆաթի սպասելիս կամ Մերձավոր Արևելքում «կենացները քաղցրանում են»

ահաբեկիչներՄերձավորարևելյան նոր զարգացումները կարելի է բնութագրել որպես քաոսային. նոր պետությունների ու պետական միավորումների առաջացումով ուրվագծվում է

մերձավորարևելյան աշխարհաքաղաքական նոր պատկեր:
Իրավիճակը, հատկապես Իրաքում, կտրուկ սրվեց հունիսի սկզբին, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ծայրահեղական խմբավորման զինյալները վերահսկողություն հաստատեցին Իրաքի հյուսիսային մի շարք բնակավայրերի վրա: ԻԼԻՊ խմբավորումը, որի նպատակն է Սիրիայի, Լիբանանի և Իրաքի տարածքում հիմնել սուննի իսլամական պետություն, ակտիվ գրոհներ է սկսել այս տարվա հունիսին:

Այնուամենայնիվ` ծայրահեղականները խալիֆաթ հռչակեցին

Արդեն հունիսի 29-ին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը հայտարարություն տարածեց Սիրիայի և Իրաքի` իրենց կողմից գրավված տարածքներում իսլամական խալիֆաթ կամ իսլամական պետություն ստեղծելու մասին: Խմբավորման մամուլի քարտուղար Աբու Մուհամմադ ալ Ադնանին Ռամադանի օրը նշեց, որ խմբավորման խորհրդատվական խորհուրդը, ղեկավարությունը և անդամները որոշել են հայտարարել Իսլամական խալիֆաթ կազմավորելու և Աբու Բաքր ալ Բաղդադիի խալիֆաթի ղեկավար դառնալու մասին:

Հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ արաբագետ Սարգիս Գրիգորյանն ասաց, որ ԻԼԻՊ-ը բավականին հզոր է և ի վիճակի է թելադրելու խաղի նոր կանոններ: Նրա կարծիքով` այս նոր կառույցը բավական ներուժ ունի մարտահրավեր նետելու գոյություն ունեցող կարգերին:

Խմբավորումը նույնիսկ քարտեզներ է հրապարակել, որտեղ ներկայացված են իսլամիստների նկրտումները. վերականգնել երբեմնի Արաբական խալիֆաթն իր սահմաններով: Իսլամական խալիֆաթն իր այսօրվա սահմաններով հյուսիսից սահմանակից է Թուրքիային, Իրաքյան Քրդստանին, Սիրիայի հյուսիսային շրջաններին: Բավական հսկա տարածքներ արդեն իսկ խմբավորման իշխանության տակ են, ու կարծես ոչինչ չի խանգարում, որ նրանց հռչակած խալիֆայությունը իրականություն դառնա: Առավել ևս, որ Սիրիայի ու Իրաքի տարածքներում նավթով հարուստ շրջաններում նավթի արդյունահանումն ու վաճառքն իրականացնում է հենց ԻԼԻՊ-ը, ու ըստ մամուլի հրապարակումների` կազմակերպությունն արդեն իսկ իր հաշիվներում մոտ 2.5 մլրդ դոլար միջոցներ է կուտակել:

Հուլիսի 2-ին ԻԼԻՊ խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին կոչ արեց մուսուլմաններին գալ և բնակություն հաստատել Իսլամական խալիֆաթում` խոստանալով պաշտպանել նրանց: Իսկ արդեն հուլիսի 6-ին տարածված տեղեկատվության համաձայն` խմբավորումը պլանավորում է տրամադրել իր իսկ կողմից հռչակված Իսլամական խալիֆաթի անձնագրեր: Խմբավորման անդամները Twitter-ում տեղադրել են խալիֆայության անձնագրերի լուսանկարներ: Դրանց վրա գրված է «Իսլամական խալիֆաթ» և նշված. «Եթե այս անձնագրի սեփականտիրոջը վնաս պատճառվի, ապա մենք հանուն նրա կգործարկենք մեր զորքերը»:

Մերձավորարևելյան զարգացումների «ճարտարապետը» սկզբում Արևմուտքն էր, մասնավորապես` ԱՄՆ-ն: Բայց այսօր նրանք էլ, ինչպես հավաստում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը, խուճապի մեջ են, քանի որ շատ լավ հասկանում են, որ ծայրահեղական խմբավորումների գլխացավանքը նաև իրենց տուն է հասնելու, այլապես այս տարվա փետրվարին խմբավորումը ԱՄՆ-ի կողմից չէր հայտարարվի ահաբեկչական:

Որ նախկին ԻԼԻՊ-ն ակնհայտորեն խառնեց անգամ իր երբեմնի հովանավոր ԱՄՆ-ի խաղաքարտերը, ակնհայտ էր դեռևս անցյալ ամսվա վերջին: Հենց այդ ժամանակ` հունիսի 24-ին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանեց Բաղդադ, ուր բանակցություններ էր վարում Իրաքի վարաչպետ Նուրի ալ-Մալիքիի հետ: Այցի նպատակն Իրաքի իշխանություններին օգնելն էր` կապված ազգային միասնության նոր կառավարության ձևավորման հետ, որում մեծ թվով ներկայացուցիչներ պետք է ունենար սուննի փոքրամասնությունը: Բաղդադից Քերին անմիջապես ուղևորվեց Իրաքի Քրդստան, ուր հանդիպեց քրդերի քաղաքական առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ: «Իրաքի տարածքում գործող զինյալները վտանգ են ներկայացնում ոչ միայն Իրաքի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- դեռևս Կահիրեում կայացած մամուլի ասուլիսում հայատարարել էր ԱՄՆ պետքարտուղարը:

Որպես խալիֆաթի հակակշիռ քրդերը Իրաքի Քրդստան կունենան

Ակնհայտ էր` իր համար անկանխատեսելի «հրեշի» դեմն առնելու համար ԱՄՆ-ն ստիպված պետք է որոշակի քայլեր ձեռնարկեր: Եվ ԱՄՆ պետքարտուղարի` Իրաք ու Իրաքի Քրդստան այցերի արդյունքները երկար չսպասեցրին: Իրաքի Քրդական ինքնավարությունում, ինչպես օրերս հայտարարեց ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին, մի քանի ամիս անց անկախության հանրաքվե է անցկացվելու:
«Այս պահից սկսած` մենք չենք թաքցնում, որ դա մեր նպատակն է»,- հայտարարեց Բարզանին` հավելելով, որ քուրդ ժողովրդի անկախ լինելու իրավունքը բնական է ու անբաժանելի:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ սատարում են քրդական պետության ստեղծման գաղափարին:
Այսպես թե այնպես, Իրաքի Քրդական ինքնավարությունն արդեն մոտ 10 տարի է` կիսանկախ վիճակում էր, և նրա ենթակայությունը պաշտոնական Բաղդադին սոսկ ձևական բնույթ ուներ: Եվ երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը սկսեց մեկը մյուսի հետևից գրավել իրաքյան քաղաքները և պատրաստվում էր գրոհել Բաղդադ, քրդերը որևէ կերպ չէին ենթարկվում Իրաքի կառավարությանը: Քիրքուկի նավթով հարուստ հանքավայրերն իրենց ձեռքը վերցնելով` քրդերը փորձում են ամուր հենարան ստեղծել ապագա Քրդստանի համար, որի ստեղծումը զուտ ժամանակի հարց է:

Քրդերն արդեն բավական լուրջ զորամիավորումներ ունեն, որոնք պահպանում են թիկունքը, բավական երկար սահմանագիծ ունեն իսլամական խալիֆայության հետ և մարտական են տրամադրված: Հայտարարում են, որ իրենց ներկայությունն այս տարածքներում վերջնական է և քննարկման ենթակա չէ:

«Թեև քրդերի մեջ կան լուրջ տարաձայնություններ, բայց երբ գործը վերաբերում է ազդեցության տարածմանը, ապա նրանք մի կողմ են դնում այդ տարաձայնությունները և միասնաբար պայքարում են, որ այդ տարածքներն իրենց վերահսկողության տակ անցնեն: Այսպիսով, այն, որ քրդերը դարձել են տարածաշրջանի ազդեցիկ գործոններից, միանշանակ է»,- ասում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Նոր պետականության` Քրդստանի ստեղծումն այս պահին կարծես «Իսլամական պետության» դեմն առնելու միակ արդյունավետ գործիքն է դառնում: Իսկ թե նման պայմաններում ինչ հետագա զարգացումներ կունենան մերձավորարևելյան գործընթացները, դժվար է պատկերացնել:

Սակայն կարևոր է հասկանալ, որ Իրաքի ու առհասարակ Մերձավոր Արևելքի իրադարձությունները խիստ կարևոր են Հայաստանի համար, քանի որ Իրաքը Հայաստանից բաժանվում է ընդամենը մեկ երկրով, որի որոշ տարածքներ` Քրդստանին հարող, մեր պատմական հայրենիքի տարածքներն են: Հայաստանի ու Իրաքի Քրդստանի միջև հեռավորությունը` ուղիղ գծով, ընդամենը 300 կմ է` համարյա նույնքան, որքան Երևանից Գորիս: Հետևաբար, մեր հարևանությամբ իսլամիստական խալիֆաթի առկայությունը մտորելու տեղիք է տալիս, եթե մանավանդ հաշվի առնենք, որ նորաստեղծ խալիֆաթն ընդլայնում է իր սահմաններն ու նավթային բիզնես ծավալում, ինչի հաշվին ավելանում է ոչ միայն նրա անդամների թիվը, այլև ազդեցությունը տարածաշրջանում:

Դա տարածաշրջանում, ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի, կստեղծի բոլորովին նոր իրավիճակ, և Հայաստանն անտարբեր չի կարող մնալ, պետք է ուշի ուշով հետևի այդ իրադարձություններին: Իրաքում, Սիրիայում ու առհասարակ Մերձավոր Արևելքում «Իսլամական խալիֆաթի» ակտիվացումը, ըստ Մանոյանի, բավական մտահոգիչ է, եթե ոչ ընդհանուր Մերձավոր Արևելքում, ապա գոնե Իրաքում ու Սիրիայում հայ համայնքների իրավիճակի ու կարգավիճակի առնչությամբ. «Որովհետև այն, թե նման ուժերը, որոնք արդեն հռչակել են խալիֆայություն, ինչպես են վերաբերվելու կրոնական փոքրամասնություններին, այդ թվում նաև հայերին, պարզ չէ ու մտահոգությունների տեղիք է տալիս»:

Tags: , , ,