Հակառակորդի գնդակոծությունից Բրուտյանները փրկվել են ազատամարտիկ հայրիկի հնարամտության շնորհիվ

պառավաքարՎեց-յոթ տարի կլիներ` հակառակորդը Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքարի ուղղությամբ կրակոցներ չէր արձակել, ավելի ճիշտ` բնակավայրի ուղղությամբ, քանի որ այս գյուղի հայկական դիրքերի կողմը երբեմն-երբեմն կրակոցներ հնչել են: Բայց պառավաքարցին միշտ էլ զգուշացել է` գիտակցելով, որ քանի դեռ ապրում է պատերազմի ու խաղաղության սահմանագծին, պետք է մշտապես զգոն լինի, չվստահի դարանակալած հարևանին:

Երբ հունիսի 28-ին ադրբեջանական զինուժը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, ինտենսիվ կրակ բացեց նախկին Շամշադինի շրջանի սահմանապահ գյուղերի ուղղությամբ, գնդակոծությունից զերծ չմնաց նաև Պառավաքարը: Երեկոյան ժամը 5:00-ի առաջին կրակոցից հետո Պառավաքարի խաղողի այգիներում գրեթե մարդ չմնաց: Բրուտյանները չհասցրին փախչել: Հովհաննեսն էր, հայրը` Լևոն Բրուտյանը, մայրը` Գայանեն, քույրը` Ալինան: Նրանք էտելիս ու ծերատելիս են եղել այգին, երբ սկսվել են կրակոցները: «Երևի 5-անց կես- 6-ն էր, ժամ չկար մոտներս, այգում աշխատում էինք, սկսվեցին կրակոցները, մենք իմաց արինք Լևոնին, որ գա մեզ տուն բերի, մաշինը բերեց, մտցրեց այգու արանքը, որ մեզ փրկի, էն էլ ավելի ուժեղ կրակեցին ու խփեցին մեքենայի կուզովին, էրեխեն վիրավորվեց: Լևոնին թողեցինք, մենք ուրիշների այգիների միջով փախանք, վազանք արանքներովը թաքնվելով`փախել ենք, որ մեզ չտենան, արյունը հոսելով փախել ենք»,- պատմում է Հովհաննեսի մայրը` Գայանեն:

Դեպքի պահին մայրը զավակների հետ իրենց բեռնատար ավտոմեքենայի մոտ է եղել: Տիկին Գայանեն պատմում է, որ ինքն այդ պահին դստեր հետ զրուցելիս է եղել, որդին էլ` մեքենայի վարորդի հատվածի բաց դռան մոտ կանգնած: Գնդակը դիպել է մեքենայի խցիկին, բեկորներն էլ թռել, վնասել են Հովհաննեսի ձեռքն ու ոտքը: «Մենք գիդացինք, թե մենակ ձեռքն ա վիրավոր, տաք ա եղել, չի զգացել, բայց փախչելիս ճամփի կեսին ասեց` մամ, էլ ոտքս չի պառավաքար3աշխատում»,- շաբաթ օրվա մղձավանջն է հիշում տիկին Գայանեն: Հակառակորդն ամբողջ ընթացքում հետևել է նրանց գործին ու փախուստին` հետապնդելով և փորձելով վնասել: Գայանեն, Հովհաննեսն ու Ալինան, սողալով, վեր կենալով, մի կերպ տուն են հասել մոտ երկուսուկես ժամում ու տղային տեղափոխել Բերդի հոսպիտալ: «Հիմա ցավեր չունեմ, լավ եմ, գնում եմ, վիրակապը նայում են, գալիս եմ տուն»,- ասում է 16-ամյա Հովհաննես Բրուտյանը:

10544421_769778009711457_3145928548885983353_nՀովհաննեսի հայրը` Լևոն Բրուտյանը, արցախյան ազատամարտի մասնակից է: 1990-ականների թեժ կռիվների ժամանակ գյուղի կամավորներից է եղել, վիրավորվել է Պառավաքարի Խաչի քարի վրա տեղակայված հայկական դիրքում: «Գյուղն էինք պահըմ: Հըմի իբր թե հրադադար ա, բայց ոնց ա հրադադար, որ օրական կրակըմ են: Շաբաթ օրը բաղըմն ինք, հենց ուզըմ ինք գործ անենք` խփըմ ին: Ով էր տեսած բանվորի վրա կրակեն: Հիմա էլ քյնամ կաղնեմ` խփըմ ա: Բայց դե կարո՞ղ ա չքյնամ, քշերը քյընըմ ենք բաղը սրսկըմ: Ռուբիկը (հարևանն է ու նաև 1990-ականներին նրա հրամանատարն է եղել- Մ. Խ.) որսորդական հրացանով ինձ պահըմ ա, ես էլ սրսկըմ եմ: 30-40 տոննա խաղող եմ վեր ունըմ, հանձնում կոնյակի գործարան, բա հո թողիլ չդեմ իրանց: Էրեխեքիս բա ոնց պահեմ: Էրեխու դեպքից հետո մի հատ կրակեցին, վազանը կպավ, քիչ մնաց աչքս հանի: Ես տեսա, որ թիրախում մեքենան ա, որովհետև հակառակորդին թվաց, թե մենք բեռնախցիկում ենք, սկսեց մաղել, ավտոն տարա կանգնեցրի էնտեղ, որտեղ խփում էր, էրեխեքը փախան»,- ասում է Հովհաննեսի հայրը` Լևոն Բրուտյանը:
1992 թ. սեպտեմբերի 20-ին ադրբեջանցիները հասել են մինչև Պառավաքարի բարձունք` մինչև գյուղացիներին հայտնի Խաչի թաղ, որտեղ էլ Լևոնը վիրավորվել է: «Մենք այդ պահին Լևոնի կողքին չենք եղել, լսեցինք, որ վիրավոր է, իջեցրել ենք գյուղ, տեղափոխել Բերդի հիվանդանոց»,- հիշում է Ռուբիկ Գասպարյանը:

Հայկական դիրքից իջնելուց հետո Լևոն Բրուտյանն այնուհետև զորակոչվել է բանակ, ծառայել սահմանամերձ Չինարի գյուղում, որտեղ նույնպես վիրավորվել է: Իսկ այս տարվա հունիսի 28-ի դեպքի վերաբերյալ Լևոն Բրուտյանն ասաց, որ իր բեռնատարն ամբողջութամբ գնդակոծվել է, մեքենան մի քանի տեղից վնասվել է, տեղափոխվել է Բերդ, որտեղ էլ պետք է իրականացվի փորձաքննություն:
«Ես թուրքից վախըմ չեմ, պետք լինի, կմտնեմ Քյոնաշ թաղ (Պառավաքարի հարևան ադրբեջանական բնակավայրն է – Մ.Խ.), կկռվեմ: Բայց դե ես կուզեմ, որ դրա կարիքը երբեք չլինի, խաղաղություն լինի, ապրենք, աշխատենք, ստեղծենք: Դեմ եմ, որ հողերը չբեջարենք: Մեր վազնուտը հենց թուրքի ըռխըմն ա, ամենասահմանը, բայց դե պետք ա մշակենք, լիքը էրեխեք ունեմ, եկամուտս հիմնականում դրանից ա»,- ասում է Լևոնը, որ ութ երեխա ունի: Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով վիճակում: Դուստրերից մեկն ամուսնացել է, մյուսը` Ալինան, որը կրակահերթի ժամանակ ևս այգում է եղել և հրաշքով անվնաս դուրս եկել ադրբեջանական դիրքապահների կրակային շրջափակումից, այս տարի ավարտել է 12-րդ դասարանը: Նա ցանկանում է վարսահարդար դառնալ, սովորելու հարցում սահմանամերձ գյուղի աղջկան պատրաստ է աջակցել «Հույսի կամուրջ» կազմակերպությունը:
պառավաքար2Հունիսի 28-ին հակառակորդի կողմից վիրավորում ստացած Հովհաննես Բրուտյանի առողջական վիճակը Բերդի հոսպիտալի պետի անմիջական հսկողության տակ է: Բժիշկ Էդվարդ Գրիգորյանի խոսքով` տղայի վիճակն արդեն լավ է, մոտ մեկ շաբաթից կհանեն նաև ձեռքի գիպսը, որից հետո Հովհաննեսն ազատ կքայլի և կշարժի ձեռքի մատները: Բերդի հոսպիտալի պետը վստահեցնում է, որ հետագայում սպիներ չեն լինի:

Ի դեպ, այս դեպքի օրը բանակից վերադարձել է ավագ որդին` Սուրենը, որը ծառայում էր Լեռնային Ղարաբաղում: Բրուտյանների բազմանդամ ընտանիքը փառք է տալիս Աստծուն, որ ավագ որդին բարեհաջող բանակից տուն է վերադարձել, նրա զորացրման ու Հովհաննեսի հետ տեղի ունեցած դեպքի հետ կապված` Պառավաքարում պատրաստվում մատաղ անել:

 

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Tags: ,