Հյուսիս-Հարավ (Իրան-Հայաստան) երկաթուղին կդառնա իրականություն

հայ-իրանականՉնայած Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի առջև ծառացած բազում խոչընդոտներին, կառուցման անորոշությանը` հայկական իշխանությունները հավատում են, որ դրա կառուցումը շուտով կսկսվի: Ինքնին հարց է առաջանում, թե նման սպասելիքներն ինչքանով են իրատեսական:
Եթե հայկական կողմը ֆինանսական միջոցներ գտնի, ապա Իրանը պատրաստ կլինի անհապաղ սկսել Իրան-Հայաստան երկաթուղու իր հատվածի շինարարությունը` Ջուլֆայից մինչև Մեղրիի անցակետ: Եթե ամեն ինչ հարթ ընթանա` Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը կսկսվի 2015-ի կեսերին և կտևի 6 տարի:
Համաձայն նախնական հաշվարկների` երկաթուղու նախագիծը գնահատվում է 3,5 մլրդ դոլար: Դեռևս 2013-ին այս մասին հայտարարել են «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ընկերությունների աշխատակիցները: Միաժամանակ Հայաստանի հարավային երկաթուղու զարգացմանը նպատակաուղղված տարածաշրջանային համագործակցության փոխըմբռնման եռակողմ հուշագիր է ստորագրվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, Հայաստանի տրանսպորտի նախարարության և «Ռոսիա» ընկերության միջև։
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ երկաթուղին կառուցվելու է շատ բարդ լեռնային տեղանքում`Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում, ինչն էապես մեծացնելու է կառուցվելիք թունելների քանակը, ապա ակնհայտ է, որ ֆինանսական ներդրման ծախսերը կհասնեն շուրջ 4 մլրդ դոլարի:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե նախագիծն ինչքանով կփոխհատուցի կատարվելիք ծախսերը, ապա երկաթուղու տարեկան 15-18 մլն տոննա առավելագույն բեռնվածության դեպքում այն կարող է բավականին նախընտրելի լինել։
Ուշագրավ է, որ ներկայումս Հայաստանի հարավային սահմանում տարեկան 640 հազար տոննա բեռնափոխադրում է իրականացվում: Հետևաբար, շատ բան կախված կլինի արդյունաբերական ձեռնարկությունների բեռնահոսքից, այդ թվում` լեռնահանքային: Դրանց հաշվին նոր երկաթուղին կարող է մեծացնել սպասարկման ծավալը:
Իրանի կողմից ընդունված մի շարք որոշումները, այդ թվում որոշ ապրանքների արտահանման արգելքի հանումը, ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը, ինչպես նաև նավթամշակող ճյուղի զարգացումը հույս են ներշնչում, որ նախագծի իրագործումն իրատեսական է։
Հյուսիս-Հարավ երկաթուղին (Իրան-Հայաստան) հնարավորություն կտա հայկական կողմին օգտվելու էներգակիրների և այլ ապրանքների տեղափոխման այլընտրանքային ճանապարհից՝ արտաքին աշխարհ ելքով։
Ըստ փորձագետների նախնական կանխատեսումների` Գագարին կայարանից (ՀՀ Գեղարքունիքի մարզ) մինչև Ագարակ (Սյունիքի մարզ) երթուղով բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 25 մլն տոննա։
Երկաթուղին կընդգրկի 19,6 կմ ընդհանուր երկարության 64 կամուրջ, ինչպես նաև 102,3 կմ ընդհանուր երկարության 60 թունել (ամբողջ ճանապարհի 40%-ը)։
Դուբայում տեղակայված «Ռոսիա» ընկերությունն արդեն իրականացնում է լայնածավալ գործունեություն` նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման, նախագծման, ֆինանսավորման և այլ ուղղություններով:
Եթե երկաթուղին կառուցվի, իսկապես հնարավորություն կստեղծվի առաջ շարժվելու ոչ միայն դեպի արևելք ու հարավ, այլև հյուսիս ու արևմուտք ուղղություններով: Այն Հայաստանի համար կարող է դառնալ ռազմավարական, եթե հաշվի առնենք, որ Հայաստանն արտաքին աշխարհի հետ երկաթուղային հաղորդակցություն ունի միայն Վրաստանի տարածքով:
Փաստորեն, նոր երկաթուղին հյավակնում է դառնալու այլընտրանքային ճանապարհ Հայաստանի էներգառեսուրսներն ու այլ ապրանքները տեղափոխելու համար:
Հայաստան-Իրան կամ, ինչպես պաշտոնապես կոչվում է` Հյուսիս-Հարավ երկաթուղին ի վիճակի կլինի լուծելու մի շարք քաղաքական և տնտեսական խնդիրներ:

 Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ

Tags: ,