Խալերն առողջության նշան են, բայցև մաշկի քաղցկեղի վտանգ

խալերՈմանց խալերը կարող են գեղեցկացնել, ոմանց մոտ փչացնել այն: Կուբացի գիտնականների բացահայտմամբ, որքան շատ են կանանց մարմնի խալերը, այնքան ավելի մեծ հաճույքով են սեքսով զբաղվում: Դա բացատրում են խալերում ժառանգական ինֆորմացիայով: Իսկ Մեծ Բրիտանիայի քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ նրանք, ովքեր մարմնի վրա 100-ից ավելի խալ ունեն, շատ ավելի ամուր ոսկորներ, ավելի քիչ կնճիռներ, զարգացած մկաններ, առողջ աչքերը և առողջ սիրտ ունեն: Սակայն, մյուս կողմից, խալերը նպաստում են մաշկի քաղցկեղի առաջացմանը:

Պարզվում է` խալերն առաջանում են մելանոցիտ հորմոնի (պիգմենտների հատիկներ պարունակող մաշկային բջիջներ) կուտակման հետևանքով, որոնք ավելանում են արևայրուքի ժամանակ: Խալերը լինում են բնածին և ձեռք բերովի, տարբեր գույնի (մոխրագույն, սև, մուգ շագանակագույն և մարմնագույն), չափի, հարթության և վրայի մազերը վտանգավոր չեն։ Դրանք տարիքի հետ կարող են մգանալ և մեծանալ: Խալերը հաճախ առաջանում են մաշկի` արևի ներգործությանը ենթարկված հատվածներում, բայց պետք է հիշել, որ դրանց վտանգը չարորակ նորագոյացությունների` մելանոմայի վերածվելու հատկությունն է։ Կարծիքներ կան նաև, որ մարմնի վրա խալերի քանակը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

«Մելանոման արագ զարգացող ուռուցք է։ Դրա համար ամռանը անհրաժեշտ է պաշտպանվել արևի ճառագայթներից, հրաժարվել լողափին երկար պառկելուց, կիրառել արևապաշտպան քսուքներ, արևային ակնոց, հովանոց կամ գլխարկ, և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից զգուշանալ հատկապես ժամը 12:00-16:00-ին: Վտանգի տակ են հատկապես շիկահերները, բաց գույնի աչքեր ունեցողները և ալբինոսները (գունագարները)» , – մեզ հետ զրույցում ասել է ռումիանցի բժիշկ-մաշկաբան Անկա Էնեն:

Նրա խոսքով` պետք է անհանգստանալ այն ժամանակ, երբ նկատում ենք, որ խալերի չափերը մեծացել են, շատացել են, գույնը փոփոխվել է, անհամաչափ են դարձել, ճաքեր, թեփուկներ, հեղուկի հոսք, արյունահոսություն է առաջացել: Խալերի սահմանների մոտ գունավոր բծերը չարորակ ուռուցքի նշաններ են, որի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի (ուռուցքաբանի, մաշկաօնկոլոգի)։

Որոշ մասնագետներ ուղղակի դեմ են խալերի հեռացմանը, մինչդեռ այլ բժիշկներ դա անհրաժեշտ են համարում: «Իրականում խալի հեռացումը վտանգավոր չէ, պարզապես պետք է հասկանալ, թե այն ինչ մեթոդով կարելի է հեռացնել: Պետք է կատարել նախնական հետազոտություն, որից հետո նոր որոշել, թե որ մեթոդով է անհրաժեշտ խալը հեռացնել, կամ չհեռացնել: Վտանգավոր խալերը կարելի է հեռացնել ռադիոալիքային հոսանքով, որն առավել արդյունավետ միջամտություններից մեկն է, քանի որ կանխվում է արյունահոսությունը, էլեկտրոագուլացիայով, կրիոդեստրուկցիայով, լազերով (բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ խալը շերտ առ շերտ ոչնչանում է) և վիրահատական ճանապարհով: Խալը հեռացնելուց հետո էլ անհրաժեշտ է զերծ մնալ արևի երկարատև ներգործությունից», – հավելել է Ա. Էնեն և շարունակել, որ խալերը խորհուրդ չի տրվում հեռացնել 18 տարեկանից շուտ, բացառությամբ այն դեպքերի, երբ խալը խանգարում է երեխային: Բոլոր դեպքերում վերջնական որոշումը որակյալ բժշկինն է: