Ամենամեծ արվեստագետը երեխան է

սաթենիկԳեղանկարչությունն  արվեստի  մյուս  ճյուղերի  նման հոգու  պահանջ է, որը սակայն մեր  օրերում փորձում են բավարարել  տարաբնույթ,  ցածրաճաշակ  հակամշակույթով, ինչը,  հատկապես  մանկան հոգում կարող է ավերածություններ  կատարել: Իսկ  այն  կանխելու, գեղանկարչության  աշխարհ  ներթափանցելու համար հարկավոր է  միջնորդ, ով  նրան  կմատուցի ոչ թե աղավաղված, օտար մշակույթների  թափոնների  մի  խառնուրդ, այլ կզարգացնի գեղեցիկն ու  վեհն  ընկալելու կարողություն, ում  կհաջողվի  ուղղորդել երեխայի  միտքն ու  զգայուն  հոգին:

Նարեկացի  մշակութային  կենտրոնի ոչ այնքան  ընդարձակ  սրահում օրվա  երկրորդ  կեսին կարելի է  հանդիպել փոքրիկների, ովքեր երաժշտության  հնչյունների  ներքո, մոլբերտների առջև նստած նկարում են: Գեղանկարչության աշխարհում  իրենց  առաջին քայլերն են անում 6-18 տարեկան  շուրջ  30 երեխա, ովքեր  պարապմունքներին  հաճախում են  ոչ  պարտադրված, այլ սիրով ու  պատասխանատվությամբ:Ի դեպ,  նկարչության  խմբակ ստեղծելու  գաղափարի  հեղինակը  երիտասարդ ու տաղանդավոր  նկարչուհի Մարիամ  Մուղդուսյանն է: Խմբակի  պարապմունքները սկսվել են այս  տարվա  փետրվարից: Նկարչական  խմբակի  պարապմունքներին  մասնակցել ցանկացողների  թիվը  մեծ է: Պարապմունքները  տևում են  երկու  ժամ, որի  ընթացքում երեխաներն աշխատում են  լիբերալ  սկզբունքով, այսինքն նկարում եմ  մինչ այն  պահը, երբ արդեն  հոգնել են, թեև հաճելի երգերի / հատկապես  Կոմիտաս, Ռուբեն Հախվերդյան/ ու երաժշտության  նվագակցությամբ նրանց դժվարությամբ եմ  կտրում աշխատանքից: Թեմայի  ընտրության  հարցում  երեխաներն ազատ են, նկարում են պարզ  թեմաներ` բնություն,  տարբեր առարկաներ,  նատյուրմորտ, իսկ  բարձր  տարիքի երեխաներին առաջարկվում են ակադեմիական թեմաներ:

-Պարտադիր չէ, որ  նրանք  հետագայում  դառնան նկարիչներ, նրանք  նկարում են այնպես, ինչպես  ընկալում են: Մեր  նպատակն է այսօրվա  մշակութային  խոտանին  հակադրել իրական  արվեստը, նրանց  հոգում ձևավորել գեղագիտական  ճաշակ: Այդ  առումով պարապմունքերին զուգահեռ կազմակերպվում են էքսկուրսիաներ`  պատկերասրահ,  կենդանաբանական  այգի և այլն: Երեխաներին  պետք է ուղորդել թե կերպարվեստում, թե երաժշտության  մեջ, և առհասարակ`արվեստում, -ասում է Մարիամը:

Եվ քանի որ արվեստի բոլոր  ճյուղերը փոխկապակցված են, ուստի Նարեկացի մշակութային  կենտրոնում  գործում է  նաև  ժողնվագարանների  խումբ, որի  պարապմունքները երբեմն համընկնում են նկարչական  խմբի  պարապմունքներին: Այդ  պահին  տեսնել է  պետք է փոքրիկ  նկարիչների` ժողնվագարանների  հանդեպ ցուցաբերվող  հետաքրքրությունը: Նվագարանների  պատմությանն ու  նշանակությանը  ծանոթանալուց հետո  նրանք  փորձում են ջրաներկով,  յուղաներկով,  գուաշով  կամ թե սանգինայով թղթին  փոխանցել թառի, քանոնի ու  քամանչայի  պատկերը:

Նկարչության պարապմունքները Նարեկացի  մշակութային  կենտրոնում անվճար են: Կենտրոնի  տնօրեն Նարեկ Հարությունյանի անմիջական  աջակցությամբ անապահով երեխաներին տրամադրվում են նկարչական  պարագաներ, որոնք, ցավոք արդեն  սպառվում են: Մինչդեռ  երեխաների  մեջ նկարելու ցանկությունը սահմանափակել, կնշանակի անորոշության  մատնել ցանած սերմերի հետագա  ճակատագիրը:  Ուստի նրանք, ում  համար երեխաների ապագան չի հյուսվում լոկ  բաժակաճառերով, թող օգտագործեն Նարեկացի կենտրոն այցելեու անկրկնելի պահը, տեսնելու գույների աշխարհում երանությամբ  թևածող մանուկների ջինջ ու  մաքուր  հայացքները, որում  ամփոփված են սերը,  հավատն ու  հույսը:

Այս փոքրիկ նկարիչների նման նույնքան  պարզ ու  ջինջ ղեկավարի`Մարիամի համոզմամբ երեխաներն  իրոք  մեծ  արվեստագետներ են, իսկ իսկական արվեստագետ է  դառնում  նա, ով  մեծանալով, հետագայում իր  մեջ եղած երեխային  չի սպանում:

DSC00308DSC00310DSC00315DSC00316DSC00318DSC00319

 

Անուշ Ներսիսյան

Նօրաթերթ.am

 

Tags: