Իրանի` «Համաշխարհային համացանցի սարդոստայնը» վերահսկելու դրդապատճառները

123456666 копияՀամացանցի հասանելիության սահմանափակման քաղաքականությունն Իրանում. մի՞թե ամեն ինչ այդքան խիստ է և սարսափելի:

22 տարի առաջ Իրանը դարձավ տարածաշրջանում երկրորդ (Իսրայելից հետո) երկիրը, որը միացավ համաշխարհային համացանցին:

1995-ին համացանցը հասանելի դարձավ բոլոր քաղաքացիներին (առաջին հերթին` իրանական բուհերի ուսանողներին), 2000-ին արդեն երկրում ինտերնետ-սրճարանները նույնքան սովորական բան էին, որքան պարենային խանութները։
Եթե 2001-ին հարյուր իրանցի բնակչից 2-3-ն էր համացանցի օգտատեր, ապա 2005-ին արդեն նրանք 8-ն էին, իսկ 2012-ին այդ թիվը հասավ 16-ի։ Ամբողջ Ասիայի, ներառյալ Հնդկաստանը և Չինաստանը, միջին ցուցանիշը 23 մարդ է։
Պետք է նկատել, որ պարսկերեն կայքերի թվաքանակն աճում է նույնքան արագ, որքան իրանցի օգտատերերի թիվը:

Մի կողմից` այս ցուցանիշներն ամբողջությամբ հերքում են արդի աշխարհում իսլամական հանրապետության հետամնացության և մեկուսացման մասին դատողությունները, մյուս կողմից էլ ամբողջովին ինտերնետացված Իրանը, ճիշտ նույն կերպ, ինչպես մյուս պետությունները, ստիպված է սեփական երկրում վերահսկել «համաշխարհային համացանցի սարդոստայնը»։ Ընդ որում, անհրաժեշտ է անմիջապես ընդգծել երկու հանգամանք: Նախ` ինտերնետը վերահսկելու ձգտումը համաշխարհային միտում է: Երկրորդ՝ այս ուղղությամբ կիրառվող միջոցները հետապնդում են սեփական տեղեկատվական և ազգային անվտանգությունն ապահովելու նպատակ:

2001-ի մայիսին Իրանի ներկայիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հրաման էր արձակել՝ «Համակարգչային ցանցերի քաղաքականություն» վերնագրով, որում հրահանգ էր տրվել տեղեկատվական ցանցերը հասանելի դարձնել միայն լիազորված անձանց միջոցով։ Այնուհետև, Իրանի «Մշակութային հեղափոխություն» խորհուրդը նույնպես մի շարք որոշումներ է ընդունել, որոնք պետության կողմից վերահսկողություն էին սահմանում։
Ըստ ընդունված օրենսդրության` բոլոր ինտերնետ-մատակարարները պետք է կառավարությունից արտոնագիր ստանան։
2002-ի դեկտեմբերի 31-ին ստեղծվել էր իսլամական և ազգային մշակույթի պաշտպանության նպատակներով կոմիտե, որի կազմում ընդգրկված տեղեկատվության նախարարության, մշակույթի և պետական հեռուստատեսության, ռադիոյի, «Մշակութային հեղափոխություն» խորհրդի ներկայացուցիչները պետք է որոշեին անթույլատրելի համարվող վեբկայքերի չափորոշիչները։
2004-ին Իրանում օրենք ընդունվեց ինտերնետ ոլորտում հանցագործության համար պատժվելու մասին։

Իրանի ներկա օրենսդրության դրույթներով` ինտերնետ-մատակարարի արտոնագիր ստանալու համար հայտատուն պետք է Իրանի քաղաքացիություն ունենա և որևէ ապօրինի կազմակերպության անդամ չլինի։ Ինտերնետ-մատակարարները չեն կարող առանց արտոնագրի օգտագործել ցանկացած կոդ` տեղեկատվություն փոխանակելու համար։

Նոր օրենսդրությունը կանոնակարգում է նաև վեբկայքերի բովանդակությունը։ Հանցագործություն է համարվում իսլամական արժեքներին, Իրանի սահմանադրությանը հակասող կամ վիրավորող, երկրի ազգային միասնությունը սպառնալիքի տակ դնող, ապօրինի կազմակերպությունների դրական իմիջ ստեղծող, գաղտնի տեղեկատվությունը հրապարակող, ծխելու գովազդ պարունակող, պաշտոնատար անձանց վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածող նյութերի հրապարակումն ինտերնետում։
Բնականաբար, այս օրենքն արժանանում է Արևմուտքի խիստ քննադատությանը՝ որպես քաղաքացու տեղեկատվության և շփման ազատության իրավունքի խախտում։

2013-ին Իրանում արգելափակվել են Google-ը, ներառյալ՝ Gmail-ը։ Դա արվեց, որպեսզի YouTube-ում չկարողանան դիտել ամերիկացիների տարածած հակաիսլամիստական ֆիլմը, որն առաջացել էր իսլամական երկրների, այդ թվում և Իրանի բնակիչների դժգոհությանը։

Իրանի իշխանությունները վերջին մի քանի տարիներին արգելափակել են համացանցային այն ռեսուրսները, որոնք համարում են վիրավորական կամ անօրինական: Մասնավորապես, երկրում արգելված են Facebook-ն ու Twitter-ը, քանի որ ինտերնետ-տեխնոլոգիաներն այժմ թույլ են տալիս ամբողջ աշխարհի ընդդիմադիրներին տեղեկատվություն փոխանակել, շփվել և համակարգել գործողություններն այնպիսի ռեսուրսների միջոցով, ինչպիսիք են Twitter-ն է, Facebook-ն և YouTube-ը։

Ուրեմն, կարելի՞ է կշտամբել իշխանություններին երկրի բնակչությանը սադրիչ նյութերից զերծ պահելու համար։

Իրանում երկրի ղեկավարությունն այս ամենն անում է ազգային շահերը, անվտանգությունը պաշտպանելու տեսանկյունից:

Իրանի դեմ վարվել և վարվում է դաժան տեղեկատվական պատերազմ։ Նման պայմանների մեջ դրված ցանկացած պետություն ստիպված կլինի միջոցներ կիրառել սեփական տեղեկատվական անվտանգությունն ամրապնդելու համար։

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ

Tags: ,