ԱՄՆ-ն պատերազմում է Իրաքում, սակայն հաղթող է դուրս գալիս Իրանը

իրան-վեցնյակՀուլիսի 20-ին ավարտվեց 2013-ի նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա ) միջև ստորագրված միջանկյալ համաձայնագրով նախատեսված «Համատեղ քայլերի ծրագրի» կատարման համար նախատեսված 6-ամսյա ժամկետը:

Ըստ այդ միջանկյալ համաձայնագրի` նախատեսվել էր սահմանափակումներ մտցնել իրանական միջուկային ծրագրում, և աստիճանաբար մեղմացվել էին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Եվ Իրանը պարտավորվել էր վեց ամսվա ընթացքում (միջանկյալ համաձայնագիրն ուժի մեջ էր մտել հունվարի 20-ին) հրաժարվել ուրանը 5 տոկոսից ավելի հարստացնելու աշխատանքից:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչները վերահսկողություն սահմանեցին Իրանի Ֆորդուի և Նաթանզի միջուկային կենտրոնների վրա, նաև դադարեցվեց Արակում կառուցվող ռեակտորի շինարարությունը:

Վերջին 6 ամսվա ընթացքում «Վեցնյակը» զգալի փոխզիջումների է գնացել,
նախ` հրաժարվել է նախկին սկզբունքային պահանջներից մեկից, այն է՝ ապամոնտաժել ուրանի հարստացման գործող ցենտրիֆուգները: Դրա դիմաց իրանական կողմը պարտավորվեց նոր ցենտրիֆուգներ չտեղադրել, իսկ արդեն իսկ տեղադրվածները չշահագործել:

Միջուկային ծրագրի հարցում Թեհրանի կողմից արված զիջումներին ի պատասխան` ԱՄՆ-ն ու Եվրամիությունը աստիճանաբար մեղմացրին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

ԱԷՄԳ-ի տեսուչներն այս վեց ամսվա ընթացքում լայնածավալ ստուգումներ կատարեցին իրանական միջուկային օբյեկտներում: Ստուգումները ցույց տվեցին, որ Իրանը վերջին մի քանի ամիսների ընթացքում կտրուկ սահմանափակել է ուրանի հարստացման աշխատանքները:

Կարևոր իրողություն է Իրանի համար այն, որ հունվարի 20-ից հանվեց իրանական նավթաքիմիական արդյունաբերության արտադրանքի արտահանման, Իրանին ավտոմեքենաների պահեստամասեր վաճառելու, ոսկով ու այլ թանկարժեք մետաղներով գործարքներ կատարելու վրա դրված արգելքը:
Կանխատեսվում է, որ այս տարի արգելքների վերացման շնորհիվ Իրանը 7 մլրդ դոլարի հավելյալ եկամուտ կունենա:

Այնուամենայնիվ, իրանական նավթի վրա դրված միջազգային էմբարգոն դեռ չի վերացվել: Դրա պատճառով ավելի քան 60 տոկոսով նվազել է նավթի արտահանումը, և Իրանը դեռևս ֆինանսատնտեսական խնդիրներ ունի:
Իրանի միջուկային հարցի լուծումը մեծապես կախված է եղել աշխարհաքաղաքական այս կամ այն լարված իրադրության հետ, հետևաբար, ինչպես վերջերս Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին է հայտարարել, միջուկային խնդիրը միայն պատրվակ է, եթե դա չլիներ, ապա ուրիշ կեղծ պատրվակներ ի հայտ կգային:

Անդրադառնալով տարածաշրջանում ընթացող ներկայիս զարգացումներին՝ նշենք, որ միջուկային խնդրի լուծմանը խանգարում են սիրիական և իրաքյան ճգնաժամերը: Իրանական միջուկային հարցի լուծումը բնավ չի բխում Պարսից ծոցի արաբական երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի և Քաթարի շահերից, քանի որ այդ երկրները, միջուկային ծրագիրը ներկայացնելով որպես տարածաշրջանին սպառնացող վտանգ, փորձում են իրենց դերակատարությունը բարձրացնել ԱՄՆ-ի և Իսրայելի առջև, իսկ վերջինս էլ Իրաքի քրդերի միջոցով փորձում է նոր խաղ սկսել տարածաշրջանում:

Վերջերս նկատվում է, որ Իրանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ձգտում է հասնել նոր որակի: Դա արվում է, որպեսզի Արևմուտքին ցույց տրվի, որ Իրանը կարող է դաշնակցել նմանօրինակ հզոր երկրի հետ:

Ինչ վերաբերում է Իրանի տարածաշրջանային դերին, ապա այս երկիրը մնում է կայունության գլխավոր կենտրոնը: Իրանի դերի բարձրացմամբ և Սաուդյան Արաբիայի գործոնի թուլացմամբ Մերձավոր Արևելքում նոր զարգացումների պետք է սպասել: Իրանի ազդեցությունը հսկայական է Լիբանանում և Սիրիայում, հավակնում է ավելի հզորանալ Աֆղանստանում, թերևս Պարսից ծոցում:
Տարածաշրջանում ԱՄՆ-ի պատերազմներից, հեղափոխություններից ու գարուններից հաղթող դուրս եկավ Իրանը:
Լիովին տեղին է ասված, որ ԱՄՆ-ն պատերազմում է Իրաքում, սակայն հաղթող է դուրս գալիս Իրանը: Անկախ ամեն հանգամանքից, որ Իրանը կայսերական մտածողության ժողովուրդ և իշխանություն ունի, ցանկացած պարագայում չի կարող խաղալիք լինել որևէ երկրի ձեռքին:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ

Tags: , ,