Սահմանապահ Մովսեսի վանքերն ու արտերը վտանգված են

movsesՄովսեսցիները բոլորին մատնացույց են անում գյուղի կենտրոնին ուղիղ հայացքով նայող բարձունքը: Եկեղեցուն, համայնքային կենտրոնին ու դպրոցին նայող սարի գագաթին հիմա ադրբեջանական դիրքերն են, որտեղից, ի դեպ, գյուղի ամենաակտիվ ու մարդաշատ թաղամասն ուղիղ նշանառության տակ է և հաճախ է դառնում հակառակորդի թիրախ: Բայց սա չէ միայն, որ սահմանապահ մովսեսցիներին մտահոգում է:
Գյուղի դպրոցի պատմության ուսուցչուհին` Ջավահիր Բադալյանը, իր աշակերտներին արդեն պատմել է այն պատմամշակութային ու հոգևոր վայրերի մասին, որոնք հիմա ադրբեջանական տիրապետության տակ են, գերեվարված ազերի դիպուկահարների կողմից:
Մովսեսի դպրոցի մուտքի մոտ ամենավտանգավոր տեղն է` հակառակորդի դիպուկահարների աչքի առաջ, հենց այդ կետից է երևում այն բարձունքը, որտեղ Երեցի խաչն է, նրանից արևելք` VII դարի Սուրբ Հակոբյաց վանքը, որը մինչև նախորդ դարի կեսերը, մովսեսցիների խոսքով, հաստատ կանգուն է եղել: Ավելի ուշ, ըստ մովսեսցիների, վանքերն ավերվել են, կանգուն են մնացել միայն խաչերը: «Ազերիները հիմա քանդած կլինեն: Դրանից դեպի հյուսիս-արևելք գտնվել են երկաթահանքեր, որոնք XVIII-XIX դարերում շահագործել են ֆրանսիացիներն ու անգլիացիները: Իհարկե, երբ XX դարասկզբին Հայաստանը խորհրդայնացվել է, այդ հանքերը փակվել են, իսկ անգլիացիներն ու ֆրանսիացիները` հեռացել»,- պատմում է Ջավահիր Բադալյանը:
Մովսեսի դպրոցականները չեն հասցրել տեսնել իրենց գյուղի տարածքի վանական համալիրներն ու դիտարժան վայրերը, հակառակորդն այնտեղ բույն է դրել, բայց դա չի խանգարել, որ նրանք անգիր անեն հայրենի գյուղի պատմությունն ու պահանջատեր լինեն: Ահա թե ինչու գյուղի կրթական հաստատությունն ավարտած գրեթե բոլոր տղաները վճռական են իրենց հողը թշնամուց պաշտպանելու գործում: «Երեքին արդեն բանակ ենք ճանապարհել, երեքին էլ շուտով կճանապարհենք, մեկի բանակի ուրախ հավաքը նախատեսված էր հուլիսի 23-ին»,- ասում է գյուղի գլխավոր պատմաբանը:
Մովսեսի միջնակարգ դպրոցն ունի 147 աշակերտ, այս տարի ունեցել է 15 շրջանավարտ, որոնցից 8-ը դիմել են բուհեր, հաջողությամբ հանձնել միասնական քննությունները և ընդունվել: Նրանք ընդունվել են ԵՊՀ լրագրության, բանասիրության ֆակուլտետներ, մանկավարժական և գյուղատնտեսական համալսարաններ: «Դե որ սահմանից գնացել, ընդունվել են, պետք է ամեն գնով սովորեն,- ասում է Ջավահիր Բադալյանը` անդրադառնալով սահմանամերձ մարզի երեխաների` ուսման հետ կապված խնդիրներին, ուսման վարձավճարների փոխհատուցման հնարավորություններին:- Վերջին շրջանում կրակոցները հաճախակի են դարձել, դասերն անընդհատ ընդհատվել են հակառակորդի արձակած կրակահերթերի պատճառով, երեխաներին տուն ենք ուղարկել»:
գյուղ ՄովսեսՋավահիր Բադալյանի խոսքով` հայ-ադրբեջանական շփման գծում վիճակը վերջին շրջանում ավելի է լարվել, այնպես որ, Մովսեսի կիրակնօրյա դպրոցն իր դռները ժամանակից շուտ փակել է: Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի օրհնությամբ, Մովսես գյուղի կիրակնօրյա դպրոցի 19 սաները ուսուցիչների հետ հուլիսի 22-ին ճանաչողական այցով մեկնել են Սանահին ու Հաղպատ:
Ի հեճուկս հակառակորդի, տիկին Ժանետան խանութի դուռը երբեք չի փակում, եթե անգամ «անհաջող հարևանը» սկսում է գնդակոծել գյուղը: Գյուղի կենտրոնում գործող առևտրի սրահը զերծ չի մնացել գնդակոծությունից, փամփուշտները նաև այստեղ են հասել, ծակծկել պատերը: «Մենք էլ չենք վախըմ, սըվերել ենք: Սկզբնական շրջանում շատ ինք վախըմ, պադվալն ինք մտնըմ, հիմա չէ, ցավդ տանեմ, չէ, չէ, չէ, էրեխեքն են մի քիչ վախըմ»,- ասում է տիկին Ժանետան: Նա ասում է, որ գյուղում թեև շատ խանութներ կան, բայց հաճախորդներն են քիչ: «Օրը եթե 10 հազար դրամի առևտուր եմ անում, շատ գոհ եմ լինում: Մովսեսցիները հագուստին ուշադրություն չեն դարձնում, մեծ է սննդի պահանջարկը»: Ապրանքափոխանակությունն այստեղ դեռևս առևտրի ընդունված ձև է, հիմնականում հավկիթներով է փոխանակումն իրականացվում:
Մովսեսցիների գլխավոր անհանգստությունն այս պահին ակտիվացած հակառակորդն է, որն ամեն ինչ անում է գյուղատնտեսական աշխատանքները խափանելու համար: Սահմանամերձ գյուղի ցորենի ցանքատարածությունների զգալի հատվածը թշնամու հետ անմիջական սահմանի վրա է: Հասկերն արդեն հնձելու ժամանակն է, սակայն ադրբեջանցի դիրքապահները չեն թողնում իրականացնել բերքահավաքը: «Մենք նամակ են ուղարկել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը` մեզ տրամադրելու անվտանգության երաշխիքներ, որպեսզի կոմբայնավարը ազատորեն մտնի դաշտ, առանց վախենալու, որ կարող է հակառակորդի թիրախում հայտնվել»:
Մովսեսցի կոմբայնավար Արթուր Վարդանյանն ասաց, որ կոմբայնը վտանգավոր տարածքից հանելուց հետո էլ «Ճոճեր»-ի ցորենի դաշտ չեն մտել: «Ո՞վ ռիսկ կանի, մտնի, կրակի տակ ա: Հիմա մենք մյուս դաշտում ենք հնձում, որտեղ կրակոցներ չկան: Բայց ադրբեջանցիների դիրքերի մոտ մոտ 30 հեկտար դեռ ունենք, որ պետք ա հնձենք: Կոնկրետ ես 8 հեկտար ունեմ, չգիտեմ` դա ոնց պետք ա լինի: Կարմիր խաչը թող նրանց մոտ կանգնի, մեր կողմից կրակոց չի լինում: Մենք վախենում էինք, որ մեր նոր ստացած կոմբայնի շարժիչը վնասած կլինեն, բայց լավ էր` փամփուշտը թիթեղին էր կպել, սարքել ենք»,- անդրադառնալով հացահատիկի բերքահավաքի անվտանգ կազմակերպման նպատակով սահմանամերձ համայնքներից Կարմիր խաչին ուղղված նամակներին` ասաց Մովսես գյուղի կոմբայնավարը: Նա պատմեց, որ գյուղում ամեն մի շարժի դեպքում ազերի դիրքապահները կրակում են, լինի կոմբայն թե ուղևորատար ավտոմեքենա: Գյուղացիների տեղեկություններով` ԿԽՄԿ-ն այժմ բանակցում է ադրբեջանական կողմի հետ` գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ անվտանգության երաշխիքներ ստանալու համար: Մինչև այդ, Արթուր Վարդանյանի տեղեկացմամբ, հակառակորդը գրեթե ամեն օր կրակում է գյուղի ու բնակիչների ուղղությամբ` Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի ուղղությամբ մշտապես լարվածություն պահելով:
Մայա Խաչատրյան

Tags: , ,