Լավ կլինի, որ Պավելն ընտանիք կազմի, թեկուզ «կրակող սարերի» տակ

Երբ կրակում են դիրքերի վրա, միայն ձայնն ենք լսում, իսկ երբ սկսում են գյուղի վրա կրակել, տեսնում ենք, որ մեկի տանը կպավ, մեկին մի բան եղավ, մեկը գոռում է, որ այսինչ տեղին կպավ,- իրենց գյուղի «նորմալ» առօրյան է պատմում չինարեցի 22-ամյա Պավել Պետրոսյանը:- Գիշերը կրակոց, ցերեկը կրակոց` 50-50 էլի, հիմի ստեղ կանգնած ենք, հաստատ չգիտենք` կապրենք, թե չենք ապրի»:

Չինարին Տավուշի մարզի սահմանամերձ, ավելի ճիշտ` սահմանապահ գյուղերից է: Գյուղի գլխին` իշխող բարձունքներից երկուսի վրա հակառակորդը կրակակետեր ունի, այդտեղից գյուղի, առանց բացառության, բոլոր տները գտնվում են ադրբեջանական զինվորների կրակի գոտում: Հակառակորդի այդ վտանգավոր կրակակետերից ընդամենը 600-700 մ հեռավորությունից էլ սկսվում է գյուղը, իսկ գյուղացիների խոսքով` Հայաստանը:

«Ինչպե՞ս եք ապրում նման պայմաններում»,- հարցնում եմ Պավելին, որ այս միամիտ հարցիս պատասխանում է պարզ, բայց ոչ միանշանակ` «շատ դժվար»:
Ոչ մի կերպ չեն պատկերացնում, թե ինչ կլինի վաղը կամ մյուս օրը. «Ի՞նչ կա` որ ինչ պատկերացնենք»: Որ ադրբեջանցին գյուղի վրա չկրակի, համոզված է երիտասարդը, կյանքը գյուղում, իհարկե, կփոխվի: «Առաջ չէին կրակում, ու մարդիկ արխային իրենց գործերը տեսնում էին, մի ձևով իրենց ընտանիքը պահում էին, հիմա ի՞նչ, հիմա ուզում ես մի բան ձեռնարկել… Հեն ա անասուն ենք պահում, ո՞ւմ համար է. գիշերը գնացել ենք խոտ ենք բերել: Գիշերը, որ հանգստանալու համար ա, մարդիկ պիտի քնեն, որ հանգստանան, մարդ ստեղ չի կարըմ հանգստանա, կա՛մ կրակոց ա ըլնըմ, կա՛մ պիտի էթա աշխատի, որ կարողանա իրա ընտանիքը պահի, ինչ ասեմ»,- ասում է Պավելը:
Հետաքրքրվում եմ` ամուսնացա՞ծ է: Գլխով բացասական նշան է անում: Հարցնում եմ` չի՞ ուզում ամուսնանալ: Պավելը, մանկական խորամանկությամբ ժպտալով, թե «ամուսնանաս, որ ի՞նչ անես, ընտանիքդ ո՞նց պահես»: Երևի անվտանգությունն է հարցը, մտածում եմ բարձրաձայն, Պավելը լսում է ու. «Իհարկե, նաև էդ է պատճառը, բայց էստեղ, չնայած երեխա էլ չկա, որ ուզես: Եթե գնաս ուրիշ տեղից էլ բերես, ո՞նց պահես, ասա, ո՞ւմ երեխուն բերես գցես գյուլլի բերան»: Լռում եմ:
Ընթացքում Պավելն ինձ ուղեկցում է մոտակա տունը, որը մեր զրույցից երկու օր առաջ է ընդամենը նոր սպիներ ստացել հակառակորդի «ԴՇԿ»-ից. տան վերքերը դեռ թարմ են:

Տանտերերը գյուղի դպրոցի ուսուցիչներ են` ֆիզիկայի ուսուցիչ Ալբերտ Պապյանն ու մաթեմատիկայի ուսուցչուհի Ռեգինա Նազարյանը: Նրանք մայրաքաղաքի որոշ պճնամոլ ու գոռոզ, աշակերտների ծնողներից ամեն առիթով ու անառիթ դրամ պլոկող, ոսկյա հաստ շղթաներով պարանոցը զարդարած ուսուցիչների նման չեն: Մշակ են, շինական, սահմանապահ, երկրապահ ու սերունդ են կրթում: Նրանց զարդարանքն էլ պատերազմին ու կրակոցների ջիգրու բակում աճող վարդերն են:

Ալբերտ Պապյանն էլ կարծես շարունակում է Պավելի միտքն ու ասում. «Առաջ շատ չէին կրակոցները, վերջին շրջանում, ճիշտն ասած, շատացել են: Բայց դե ապրում ենք, արդեն մեզ համար կրակոցները սովորական են դարձել, մեր գործերն էլ ենք անում կրակոցների տակ: Էս կրակոցներն ամենաշատը երեխաների վրա են ազդում, երեխաներն արդեն ամեն մեկը մի հիվանդություն է ձեռք բերում վախից»:

Չորս երեխա ունի Ալբերտ Պապյանը, ոչ մեկն իր մոտ չի ապրում, ու կրակոցները չեն դրա պատճառը: Գյուղում աշխատանք չկա: «Եթե կրակոցները չլինեին,- ասում է ֆիզիկայի ուսուցիչը,- Չինարին Բերդի տարածաշրջանի ամենահարուստ գյուղը կլիներ»: Ալբերտ Պապյանի կինն էլ` տիկին Ռեգինան, նշում է, որ գյուղում երեխաներ քիչ են մնացել, ափսոսում է, որ երբեմնի ծաղկող գյուղը դարձել է ծերացող:

Ես ու Պավելը թողնում ենք ուսուցիչների տունը: Ճանապարհին դեռ լուռ ենք: Այդ լռությունը խախտելու համար հարցնում. «Իսկ պատկերացնում ե՞ս, թե երեխաներդ ոնց պետք է մեծանան Չինարիում»: Պավելը վճռական է պատասխանում. «Քանի էս վիճակն ա, ես որ ամուսնանալու մասին հաստատ չեմ ուզում մտածեմ, գյուղից էլ չեմ գնա, երբ հարցերը կլուծենք` էն ժամանակ էլ կմտածեմ»:

Շնորհակալություն եմ հայտնում Պավելին ուղեկցելու համար և քայլերս ուղղում գյուղամեջ: Այնտեղ` տաղավարում, մեկ այլ չինարեցի երիտասարդ է նստած` Դավիթ Ապերյանը: 24 տարեկան է Դավիթը. ժպտալով ասում է, թե հարմարվել են արդեն կրակոցներով «համեմված» կյանքին, այդ ապրուստին: «Ինչո՞վ եք զբաղվում» հարցին էլ պատասխանում է. «Կարելի է ասել` հողագործությամբ»: Իսկ թե ինչու «կարելի է ասել», պարզաբանում է. «Կրակոցների պատճառով հաճախ աշխատել չի լինում, ժամանակը գիտի»:

IMG_1170Հողագործությամբ չեն կարողանում զբաղվել, ուրիշ աշխատանք էլ գյուղում չկա: Իսկ թե ոչնչով ինչպես են գոյատևում, Դավիթն ասում է. «Դե մի կերպ, բա ուրիշ ի՞նչ անենք»:

Դավիթն էլ, Պավելի պես, ամուսնացած չէ: Կրակոցները չէ, որ նրան խանգարում են կյանքի ամենավճռական քայլերից մեկը կատարել, ուղղակի չի ամուսնանում:
«Կուզե՞ս` ամուսնանալուց հետո երեխաներդ այս գյուղում ապրեն-մեծանան»,- հարցնում եմ: Դավիթն էլ վստահ պատասխանում է. «Բա իհարկե, այո: Մենք որ կրակոցների տակ ենք մեծացել, ի՞նչ է եղել, որ… Որ տենց մտածենք ու թողնենք գնանք, ո՞ւր կհասնի: Քանի՞ գյուղ տենց պիտի թողնենք»:
Ի դեպ, Չինարին ոչ մի չինարեցի չի ցանկանում ու չի պատրաստվում լքել, համենայն դեպս, ես այդպիսի մեկին չհանդիպեցի գյուղում: Զարմանում եմ այս մարդկանց կամքի, քաջության, վճռականության ու համբերության վրա: Դժգոհ են, որ իրենց «սարերը կրակում են», բայց նվիրված են այդ սարերին, նշում են, թե չեն ամուսնանա, քանի դեռ կրակոցներ են, բայց այլ տեղում ընտանիք կազմելու մասին էլ չեն մտածում:

Երեկոյան թողնում եմ Չինարին ու համեստ, աշխատասեր, կրակոցների տակ անվախ ու աննկուն ապրող չինարեցիներին: Համոզված եմ` քանի նրանցից յուրաքանչյուրը կա ու ապրում է Չինարիում առանց վախի ու առանց փախչելու մտքի, գիշերներն ու երբեմն էլ ցերեկները կրակոցներից քունը կորցրած, մնացյալ Հայաստանը կարող է հանգիստ գլուխը բարձին դնել: Բայց Չինարիից դուրս գալուց առաջ մի անգամ ևս հայացք ձգելով գյուղի ու սարին թառած հակառակորդի մահաբեր դիրքերին` մտածում եմ` լավ կլինի, այնուամենայնիվ, որ Պավելն ընտանիք կազմի:

Գ.Ա.

 

Tags: ,