Հուլիսի 8-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին, որը կրում է «Պաշտպանության սահմանը» անվանումը։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռների հարվածներն են։ Իսրայելական կողմը դա համարել է ահաբեկչություն` ուղղված իրենց քաղաքացիների դեմ` պնդելով, որ վերջին 2 օրվա ընթացքում պաղեստինյան կողմից իրենց ուղղությամբ արձակվել է ավելի քան 80 հրթիռ, որոնց մի մասը չեզոքացվել է իսրայելական «Երկաթե գմբեթ» հակօդային պաշտպանության համակարգի միջոցով:
Չնայած դրան` որոշ փորձագետներ Իսրայելի նախաձեռնությունը պայմանավորեցին հունիսի 12-ին 3 իսրայելցի պատանիների սպանության հետ, որոնց առևանգման պատասխանատու Իսրայելը համարել էր ՀԱՄԱՍ-ին, իսկ վերջինս հերքել էր դա:
Հուլիսի 18-ին Իսրայելը Գազայի հատվածում անցավ լայնամասշտաբ ցամաքային գործողությունների՝ իսրայելական օդուժի, ռազմածովային ուժերի, ինժեներական, զրահատանկային զորքերի ու նավատորմի մասնակցությամբ:
Ժամեր անց արդեն հայտնի էին ցամաքային հարձակման առաջին զոհերը, իսկ Գազայից ստացված լուսանկարները՝ սարսափ էին հարուցում:
Երկու շաբաթ առաջ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվն անցել է 600-ը, և այն օրեցօր ավելանալու միտում ունի:
Զոհերից անմասն չէ նաև Իսրայելը. մինչ այս պահը` 27 զինծառայող: Սակայն պաղեստինյան զոհերը հիմնականում խաղաղ բնակիչներ են, այդ թվում նաև բազմաթիվ երեխաներ:
Պաղեստինի վարչապետ Ռամի ալ Համդալլահը Գազայում իսրայելցիների իրականացրած օպերացիան իսկական ցեղասպանություն որակեց:
Միջազգային հանրության արձագանքն ու քաղաքական շահերի բախումները
Չնայած միջազգային հանրության` արյունահեղությանը վերջ դնելու կոչերին` Իսրայելը կարծես թե մտադիր չէ հետ կանգնել իր գործողություններից: Խաղաղության կոչերով մշտապես հանդես եկող ԱՄՆ-ն օրը ցերեկով իրականացվող հարյուրավոր սպանությունների նկատմամբ լուռ է և չի պատրաստվում մեղադրել Իսրայելին: Ավելին, նա ասես պաշտպանում է սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի վրա իրականացվող գործողությունները` կոչ անելով ընդամենը գործողությունները սահմանափակել «ճշգրիտ հարձակումներով» և ավելի մեծ ջանքեր գործադրել պաղեստինցի խաղաղ բնակիչների կորուստը կանխելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իսրայելից պահանջեց անհապաղ դադարեցնել հարձակումները: Միաժամանակ Պան Գի Մունը Անվտանգության խորհրդի հետ տեսակապի ժամանակ հայտարարեց, որ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից տուժած պաղեստինցիների համար անհապաղ 115 մլն դոլար է անհրաժեշտ բնակչության հումանիտար կարիքները հոգալու համար:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քննադատության ենթարկեց Թուրքիայի դիրքորոշումն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ նշելով, որ Թուրքիան Պաղեստինի ժողովրդի դեմ իսրայելական ագրեսիայի համար ստեղծել է բոլոր պայմանները:
Սակայն ամենակոշտ հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել բռնությունները Գազայի հատվածում, Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները չեն կարգավորվի:
Նա Իսրայելին մեղադրեց Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ պարբերաբար ցեղասպանության փորձեր իրականացնելու մեջ:
«1948 թվականից յուրաքանչյուր Ռամադանի մենք ականատեսն ենք լինում ցեղասպանության իրականացման: Աշխարհը լռում է, որովհետև նրանք, ովքեր իրենց կյանքն են կորցնում, պաղեստինցիներ են»,- հայտարարեց Թուրքիայի
վարչապետը:
Նա ՄԱԿ-ի ձեռնարկած քայլերը որակեց որպես ցուցադրություն, որը ոչ մի էական ազդեցություն չի թողնում:
Էրդողանը մեղադրանքներ ներկայացրեց նաև իսլամական աշխարհին՝ ասելով, որ որ երբ Արևմուտքը լռում է, իսլամական աշխարհը նույնպես հետևում է նրա օրինակին:
Իսկ Իսրայելի վարքագիծը Թուրքիայի վարչապետը համեմատեց Հիտլերի հետ՝ նշելով, որ Իսրայելը ո՛չ խիղճ ունի, ո՛չ պատիվ, ո՛չ հպարտություն: «Նրանք, ովքեր օրուգիշեր դատապարտում են Հիտլերին, բարբարոսությամբ գերազանցել են նրան»,- հայտարարեց Էրդողանը:
Իսրայելի պատասխանը չուշացավ, իհարկե` ոչ նման բարձրաստիճան մակարդակով: Թուրքիայի վարչապետի հայտարարությանն արձագանքեց Իսրայելի փոխադրումների նախարար Իսրայել Կացը՝ հիշեցնելով Էրդողանին 1915-ի Հայոց ցեղասպանության մասին, որի ժամանակ մեկուկես միլիոն հայ է սպանվել:
Այնուհետև Իսրայելի ԱԳՆ-ն հետ կանչեց Անկարայում և Ստամբուլում իր դիվանագետներին, որից հետո բողոքի մեծ ցույցեր տեղի ունեցան այդ քաղաքներում դեսպանության և հյուպատոսության առջև:
Թուրք-իսրայելական լարվածությունը տեղափոխվեց նաև տնտեսական դաշտ: Իսրայելական «Rami Levi» և «Blue Square» սուպերմարկետների ցանցերը բոյկոտ հայտարարեցին թուրքական ապրանքների դեմ, ցուցափեղկերից հանվեցին թուրքական արտադրության բոլոր ապրանքները, չնայած այդ բոյկոտը սուպերմարկետներին 93 մլն դոլարի վնաս կարող է հասցնել:
Ի հեճուկս այս ամենի` Ստամբուլում եռօրյա սուգ հայտարարվեց Գազայի զոհերի հիշատակին, և հազարավոր մարդիկ դուրս ելան հակաիսրայելական ցույցերի:
Թուրքիայի կոշտ դիրքորոշումը բարձր գնահատվեց Պաղեստինի կողմից: Հուլիսի 23-ին երկօրյա այցով Թուրքիա ժամանեց Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը՝ նախագահ Գյուլի և վարչապետ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Այսպիսով, Թուրքիային հաջողվեց ցույց տալ, որ տարածաշրջանում մուսուլման եղբայրների նեցուկն ու ապավենն է, դրանով իսկ փորձելով ամրապնդել դիրքերը Մերձավոր Արևելքում:
Սակայն Գազայի իրադարձությունները կարող են ստվերել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին ասել է, որ Էրդողանի հակասեմական խոսքերը պղծել են Հոլոքոստի զոհերի հիշատակը:
Մինչդեռ Էրդողանը տեղն է դրել նաև ԱՄՆ-ին. «Որոշ ամերիկացիներ հարցնում են` ինչո՞ւ է վարչապետը Հիտլերի հետ նման համեմատություններ անում: Ձեզ ի՞նչ: Դուք Ամերիկան եք, ի՞նչ կապ ունի Հիտլերը ձեզ հետ»:
Նա մեղադրել է ԱՄՆ-ին Իսրայելի անհամաչափ գործողությունները պաշտպանելու մեջ` նշելով, որ չէր կարող նման անարդարություն սպասել «արդարության առաջամարտիկ» Վաշինգտոնից:
Մինչ գերտերությունները փորձում են Գազայի իրադարձությունների ֆոնին իրենց դերերը վերագնահատել տարածաշրջանում, որոշ փորձագետներ կարծում են, որ այդ ամենից օգտվում է նաև ՀԱՄԱՍ-ը՝ բնակչության շրջանում մեծ զոհերի գնով ցանկանալով բորբոքել հակաիսրայելական տրամադրությունները արաբական և մահմեդական աշխարհում և ձեռք բերել միլիոնավոր դոլարների հումանիտար օգնություն Գազայում բնակչությանը վերահսկելու, ինչպես նաև իր ռազմական ներուժը հզորացնելու նպատակով: Իսկ Պաղեստինի հասարակ ժողովուրդը սպանվում է, հազարավոր մարդիկ դառնում են հաշմանդամ, փախստական ու անօթևան:
2008 թ. հետո սա Իսրայելի և Գազայի միջև երկրորդ խոշոր ռազմական ընդհարումն է: 2008-ին իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել էր 1000-ից ավելի մարդ:
Tags: Գազա, Իսրայել
