Հայաստանի և Չինաստանի միջև նմանություններ կան

jia-zhangkeԱշխարհահռչակ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեն անմոռանալի հետք թողեց Երևանի 11-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում` արժանանալով «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակի:
1970 թ. Չինատանում ծնված Չժանկեին ֆիլմը սկսել է հետաքրքրել 90-ականներից, երբ դեռևս Շանհայի համալսարանի արվեստի ուսանող էր: Ռեժիսորը սկսեց ֆիլմեր նկարել 1998-ից, երբ Չինաստանը մեծ փոփոխությունների ժամանակահատվածում էր: 1994 թ. նա նկարահանել է «Մեկ օր Պեկինում», 1995-ին` «Գնում եմ տուն», 1997/98-ին` «Գրպանահատը» ֆիլմերը: Վերջինս հաջողություն ունեցավ Նանտի, Բեռլինի և Վանկուվերի փառատոներում: 2000 թ. նկարահանած «Բեմահարթակ» և «Անիմանալի հաճույքներ» ֆիլմերը ներկայացվել են Վենետիկի ու Կաննի կինոփառատոների մրցույթներում, իսկ 2006-ին «Նատյուրմորտը» Վենետիկի ՄԿՓ-ում արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի: 2001- 2013 թթ. Չժանկեն նկարահանել է «Շների պայմանը», «Աշխարհը», «Անօգուտը», «Մեր տասը տարիները», «24 քաղաք», «Սև նախաճաշ», «Կուզեի իմանալ», «Մեղքի հպում» ֆիլմերը: Վերջինս անցած տարի մրցանակ է ստացել Կաննի կինոփառատոնում «Լավագույն սցենար» անվանակարգում:
Ներկայացնում ենք «Անկախի հարցազրույցը» Ցզյա Չժանկեի հետ:

- Ձեր ֆիլմերում Չինաստանը հիմնականում նկարագրված է հուսահատ երանգներով, անդրադառնում եք չինական հասարակության, սոցիալական անհավասարության և այլ խնդիրներին: Ինչո՞ւ:
- Իմ ֆիլմերի առանցքային թեման այսօրվա Չինաստանի արագ փոփոխվող հասարակությունն է: Մեծ ուշադրություն եմ դարձնում փոփոխություններին և դրանց ազդեցությանը չինացի հասարակության վրա: 1970 թ. իմ հայրենիքը թևակոխել էր մշակութային հեղափոխությունը, այն միտված էր հասարակության մեջ անհետացնելու ավանդական, կապիտալիստական և մշակութային տարրերը: Չինաստանն աղքատ երկրից վերածվեց հարուստ երկրի, ինչը հանգեցրեց արժեքների փոփոխության: Ինձ համար ֆիլմում ամենից կարևորը գեղեցկությունն է, որն առկա է այն ժամանակ, երբ արտացոլում ես իրական աշխարհը: Սակայն հաճախ դժվար է վավերագրությամբ ճշմարիտ իրականությունն արտացոլել: Ինձ համար ամենակարևորը աշխարհը, մարդկանց հասկանալն ու հարգելն է:
- Առհասարակ մշակույթն ու ֆիլմերը կարող են փոխել աշխարհը, մարդկանց, թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով: Ձեզ դա որքանո՞վ է հաջողվում:
- Միայն մեկ ռեժիսորն իր արվեստով, աշխատանքով չի կարող մի ամբողջ հասարակություն և մտածելակերպ փոխել:
- Չինաստանի կինոհամակարգն իրո՞ք արգելում է որոշ ֆիլմերի ցուցադրությունը:
- Այո: Իմ հայրենիքում դեռ կա ցենզուրա ասվածը, և շատ ռեժիսորներ չեն կարողանում ամեն ինչ նկարահանել և ցույց տալ: Ավանդույթներն են զսպում դա: Բայց չինական ռեժիսորները միշտ ցանկացել են ազատվել այդ «զսպաշապիկից»: Հուսանք` մի օր դանդաղորեն կհասնենք այդ ազատությանը: Իրականում փոփոխությունների համար համբերություն է պետք: Հավատում եմ մշակույթի հզորությանը: Համենայն դեպս, այսօրվա Չինաստանն ավելի բաց է, քան առաջ:

- Ձեր ֆիլմերի մեծ մասի գլխավոր դերակատարը հենց ձեր կինն է` Չժաո Թաոն: Ուրա՞խ եք դրա համար:
- Այո, շնորհակալ եմ նրան: Բայց կարծում եմ` նա ուրիշների ֆիլմերում ավելի լավ է խաղում, քան իմ (ժպտում է):

- Ի՞նչ նմանություն կա Հայաստանի և Չինաստանի միջև:
- Ավանդույթներն ու դուդուկը, մելանխոլիկ երաժշտությունը: Շատ նմանություններ կան, բայց և տարբեր են: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ծանոթանալու հայերի և հայկական մշակույթի հետ:

 

Ելենա Չոբանյան

Tags: , ,