«Ֆիլմերը պետք է արտացոլեն իրականությունը». Ամոս Գիտայ

gitaj.Իսրայելցի կինոռեժիսոր Ամոս Գիտայն ԱՄՆ-ում, Իսրայելում և Ֆրանսիայում ստեղծել է յուրահատուկ գործեր, որոնցից 40-ը վավերագրական և խաղարկային ֆիլմեր են: Ռեժիսորն իր վավերագրական ֆիլմերից մեկի` «Դաշտային օրագրի» բացասական արձագանքի պատճառով 1983 թ. տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ էլ ստեղծում է բազմաթիվ վավերագրական, պատմական և խաղարկային ֆիլմեր:

Ներկայացնում ենք Ամոս Գիտայի հետ «Անկախի» հարցազրույցն ամբողջությամբ:

- Ինչպե՞ս եք սկսել ձեր ռեժիսորական կարիերան:
- Շատ սովորական, վավերագրական ֆիլմերից, ինչը շատ մեծ գումարներ չէր պահանջում:

- Ո՞րն է Ձեր ֆիլմերի առանցքային թեման:
- Իսրայել-արաբական հակամարտությունը, կրոնը, գաղթը, պատմությունը, քաղաքական հարցերը: Կարևորում եմ ֆիլմի բովանդակությունը, հակասությունն ու բաց հասարակությունը: Ֆիլմը պետք է օգտագործենք այն ժամանակ, երբ այն կարտացոլի իրականությունը:

- Հայաստանում ցուցադրած «Ազատ գոտի» ֆիլմի հատկապես սկզբի մասում երկար ու դանդաղ կադրեր են օգտագործված: Բացի այդ, հաճախ գերակշռում են կանանց կերպարները: Ինչո՞ւ:
- Դրանում իմաստ կա: Միջին Արևելքում տղամարդկանց դերակատարությունը մեծ է, ինչի պատճառով էլ հակամարտությունները շատ են: Եթե ապավինեինք կանանց ողջամտությանը, խաղաղություն կտիրեր:

- Ուրեմն կողմ եք ֆեմինիզմին…
- Ոչ: Պարզապես տղամարդիկ հակված են ավելի շատ աշխարհն ու մարդկանց տարբերակելու երկու` սև ու սպիտակ, չար ու բարի բևեռների, մինչդեռ բոլորն էլ ունեն թե՛ վատ, թե՛ լավ կողմեր: Դրա համար, կարծում եմ, պետք է օգնության գան կանայք:

- Խոսեցիք հայերի ու հրեաների մասին: Ի՞նչն է նրանց նմանությունը:
- Երկուսն էլ ջարդեր են տեսել, հետևաբար, ինքնության պահպանման խնդիր ունեն:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնահարցին:
- Այդ չափազանց կարևոր խնդիրը վերաբերում է մեր ապագային, առանց որի հնարավոր չէ առաջ ընթանալ: Չեմ հասկանում` ինչու թուրքերը չեն ճանաչում ցեղասպանությունը: Օրինակ` հրեաները գոյատևել են գաղափարին հավատալով, սակայն այսօր, ցավոք, գրեթե բոլորը հավատում են միայն փողի ուժին: Ինչ վերաբերում է կինոյին, ապա այն շատ հզոր միջոց է հիշողությունը պահպանելու, սոցիալ-քաղաքական հարցեր բարձրացնելու և լուծելու համար:

- Ստեղծագործելիս ի՞նչն է Ձեզ ամենից շատ ոգեշնչում:
- Համաշխարհային դասականները, տաղանդավոր մարդիկ և,իհարկե, կանայք (ծիծաղում է):

- «Անա Արաբիա» ֆիլմում, որը մեկ ամբողջական կադրից է բաղկացած, հերոսուհին ամբողջ ֆիլմի ընթացքում քայլելով, անտարբերությամբ Յաֆֆայի բնակիչների պատմածներն է լսում: Դա թաքնված որևէ խորհուրդ, իմաստ ունի՞:
- Գլխավոր դերակատարուհու անտարբերությամբ փորձել եմ արտահայտել այն միտքը, որ անապահով համայնքում նկարահանելիս պարտադիր չէ` այդտեղի անդամ դառնաս: Այդ պատճառով նա չէր միաձուլվում տվյալ միջավայրին:

- Սակայն ֆիլմի վերջում դերասանուհուն հետաքրքրում են այդ պատմությունները, անգամ փորձում է բացահայտել իրականությունը:
- Այո: Ես ֆիլմի լեզվով ցանկացել եմ ասել, որ իսրայելցիների ու արաբների կապը չպետք է խաթարվի:

- Երբ հետ եք նայում Ձեր անցած մասնագիտական ճանապարհին, ի՞նչ եք զգում:
- Իրականում ինձ արհեստավարժ չեմ համարում և դեռ շատ ճանապարհ ունեմ անցնելու:

- Չափազանց համեստ եք: Այսօր կինեմատոգրաֆիայում ի՞նչ է պակասում:
- Կինոդպրոցները մեծ թվով մասնագետներ են պատրաստում, մինչդեռ նրանց զգալի մասն ընդվզող և պայքարող չէ, ինչի պատճառով էլ շատ գլուխգործոցներ չեն ստեղծվում: Այսօր կինոյում գաղափարական սով է: Հուսամ` կգա կինոյի ծաղկուն և նոր մտքերի ժամանակաշրջան:

Ելենա Չոբանյան

Tags: ,