Կարեն Նազարյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

դեսպան Կարեն ՆազարյանՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Նազարյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.

Կարեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»:

Սիմպոզիում ռումինական Դումբրավեն քաղաքում

Ագն Մայիսի 16-18-ին Տրանսիլվանիայի Դումբրավեն քաղաքում Ռումինիայում ՀՀ դեսպանության, տեղական իշխանության, Ռումինիայի Հայոց Միության մասնաճյուղի, Կլուժի Բաբեշ-Բոլյայի համալսարանի և Ռումինիական Ակադեմիայի Տրանսիլվանիայի մասնաճյուղի մասնակցությամբ անցկացվեց «Դումբրավենի էթնիկ և մշակութային ազդեցությունները» թեմայով սիմպոզիում: Սիմպոզիումին ներկա էին Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն, Սիբիուի նահանգային և Թարգու Մուրեշի շրջանային խորհրդի անդամներ, Ռումինիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, Կլուժի Բաբեշ-Բոլյայի համալսարանի պրոռեկտոր Իոան Բոլովանը, տասնյակ հետազոտողներ:

Հաշվի առնելով հայերի 300-ամյա ներկայությունը Դումբրավենում, որ համարվում է Տրանսիլվանիայի հայկական կենտրոններց մեկը, զեկույցների գերակշռող մեծամասնությունը նվիրված էր Դումբրավենի հայկական հետքին, ժառանգությանն ու ականավոր անհատներին:

Բաբեշ-Բոլյայի համալսարանի պրոռեկտոր Իոան Բոլովանը և համալսարանի Մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավար Անա Վիկտորիա Սիման անգնահատելի համարեցին Տրանսիլվանիայում հաստատված հայերի ներդրումը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և կրթա-մշակութային կյանքում, ազգային փոքրամասնությունների համերաշխ գոյակցությանը բերած նպաստին: Բանախոսները վերահաստատեցին Բաբեշ-Բոլյայի համալսարանի գիտական հետաքրքրությունը հայագիտության հանդեպ, այդ թվում նաև` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ժամանակի պատմական փաստերի վերհանմանը և ներկայացմանը:

Սիմպոզիումի մասնակիցներն այցելեցին քաղաքի Տրանսիլվանիայի Հայոց թանգարան և 250-ամյա «Սուրբ Եղիսաբեթ» հայ կաթողիկե եկեղեցի, որտեղ ունկնդրեցին հատվածներ հայկական պատարագից:

Դեռևս 2012թ. Դումբրավենը եղբայրացել է Հայաստանի Նոյեմբերյան քաղաքի հետ, որը լրացուցիչ խթան է քաղաքի հայկական ավանդույթների պահպանման համար:

ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կմեկնեն Բրյուսել

սեյրան ՕհանյանՄայիսի 20-ին Հյուսիսատլանտյան խորհրդի “28+Հայաստան” ձևաչափով նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Կայցելեն Բրյուսել:

Դեսպան Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի Արքայազնին

g_imageՄայիսի 14-ին Մալթայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը` Վատիկան) իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին:

Հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում դեսպան Մինասյանը մասնավորապես անդրադարձավ հայերի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև գոյություն ունեցող պատմական կապերին և մշակութային ժառանգությանը` վստահություն հայտնելով, որ դրանք լավ հիմք կհանդիսանան քրիստոնյաների ժամանակակից մարտահրավերները միասին հաղթահարելու համար:

Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգը պատասխան ելույթում ջերմորեն ողջունեց Սուրբ Աթոռում ՀՀ առաջին դեսպանին` մաղթելով նրան արգասաբեր աշխատանք:
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Մինասյանը և Մեծ Վարպետ Ֆրա Ֆեստինգը առանձնազրույց ունեցան:

Նույն օրը, ի պատիվ Հայաստանի նոր դեսպանի, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և Մեծ Վարպետի անունից տրվել է ճաշ:

ՀՀ քաղաքացիները Մոնտենեգրո և Ալբանիա կկարողանան գնալ առանց մուտքի արտոնագրի

Tigran Balayan  tbalayan  on TwitterՄոնտենեգրոն (մինչև 30.11.14) և Ալբանիան տեղեկացրել են Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին։ Այս մասին Թվիթերում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

 

Դեսպան Գասպարյանը պարգևներ հանձնեց

210.Ambassador Gasparian awarded medals 28.04.2014Ապրիլի 27-ին Բուխարեստի «Դուդյան» մշակութային կենտրոնում Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը Ռումինիայի Հայոց միության գլխավոր քարտուղար Պերճ Մարգարյանին հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալը, որին նա արժանացել է երկարամյա հայանպաստ գործունեության և ծննդյան 90-ամյակի առթիվ: Դեսպանը ՀՀ կառավարության և Սփյուռքի նախարարության կողմից երախտիքի խոսք հղեց Ռումինիայի Հայոց միության գլխավոր քարտուղարին` հայապահպանության ոլորտում անգնահատելի ավանդի, համայնքային կյանքի կազմակերպման, կառույցների ձևավորման ու Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման համար:

Նույն օրը Ռումինիայի Հայոց միության Տարեկան մրցանակին արժանացավ համայնքային կյանքի ակտիվ մասնակից, ռումինահայ վաստակավոր ինժեներ-էներգետիկ Անդրանիկ Շալջյանը:

Պարգևատրվածների մասին գնահատանքի խոսքեր ասացին Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը:

Զոհրաբ Մնացականյանն ազատվել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից

զոհրաբ մնացականյանՆախագահը հրամանագիր է ստորագրել, որով ԱԳՆ տեղակալ Զոհրաբ Մնացականյանից ազատել է պաշտոնից: Հրամանագրում ասված է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` որոշում եմ.

Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բելառուս

Էդվարդ Նալբանդյանը,ԵՄ  դեսպաններԲելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 21-ին պաշտոնական այցելություն կկատարի Մինսկ։

Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանին կընդունի Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղի կունենան Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարների բանակցությունները։

Դեսպան Ղազարյանի հանդիպումն Իտալիայի սենատում

156.Ambassador Ghazaryan's meeting in the Senate of Italy 17.04.2014Ապրիլի 15-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն  Իտալիայի սենատում հանդիպում ունեցավ Իտալիայի խորհրդարանի` Հայաստանի հետ բարեկամության խմբի խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաև նախկին գումարման պատգամավորների պալատում Հայաստանի հետ բարեկամության խմբի հիմնադիրներ Ալբերտինա Սոլիանին, Ֆրանկո Աշիուտին և Ռենատո Ֆարինան:

Հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը ներկայացրեց հայ-իտալական հարաբերությունների անցած ուղին և զարգացման հեռանկարները, Հայաստանի տնտեսական հնարավորությունները, արտաքին քաղաքական գերակայությունները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը: ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև Սիրիայի իրավիճակին և այդ ենթատեքստում՝ սիրիահայության անվտանգության և հումանիտար խնդիրներին, ինչպես նաև իտալական կողմից քեսաբահայությանն օգնություն ցուցաբերելու հնարավորություններին: Խոսելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում խորհրդարանական դիվանագիտության դերի մասին` դեսպան Ղազարյանն ընդգծեց փոխայցելությունների ու ուղիղ կապերի հաստատման, ինչպես նաև խորհրդարանական վեհաժողովներում համագործակցության կարևորությունը:

Իրենց խոսքում Իտալացի խորհրդարանականներն անդրադարձան հայ-իտալական պատմական առնչություններին և Իտալիայում հայկական համայնքի ներկայությանը, այն քաղաքակրթական ընդհանրություններին, որ ունեն երկու բարեկամ ժողովուրդները: Նրանք կարևորեցին երկու երկրների խորհրդարանականների միջև կապերի զարգացումը և այդ նպատակով գործնական քայլերի նախաձեռնումն ու ծրագրերի իրականացումը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ներդրումն ունենալ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու գործում:   Ելույթ ունեցողները խոսեցին նաև Հայոց ցեղասպանության մասին` կարևորելով Իտալիայի հասարակության շրջանում հարցի լայն ճանաչելիության ապահովումը: Պատգամավոր Ֆլավիա Նարդելլի Պիկկոլինկարևորեց կրթամշակութային և գիտական կապերի զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը:

Հանդիպման ավարտին դեսպան Ղազարյանը դեսպանության հուշամեդալներ հանձնեց խմբի անդամներ Սանդրա Ձամպային, Ալբերտինա Սոլիանիին և Ֆրանկո Աշիուտիին:

Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի Նախագահի հետ

153.Ambassador Kocharian's meeting with the President of Lebanon 16.04.2014Ապրիլի 15-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի հետ:

Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կողմերը քննարկեցին դրանց խորացման հնարավորությունները և ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը Նախագահ Սլեյմանին փոխանցեց Հայաստանի խորը մտահոգությունը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: Անդրադարձ եղավ նաև Լիբանանի ներքաղաքական խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին:

Զրույցի ավարտին Լիբանանի Նախագահը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

Մշակութային միջոցառումների շարք Ֆրանսիայի Սեն-Տրոպե քաղաքում

SԱպրիլի 12-ին Ֆրանսիայի Սեն-Տրոպե քաղաքի կենտրոնական «Ժան Դեսպա» դահլիճում տեղի ունեցավ «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» խորագրով մշակութային միջոցառումների շարքի հանդիսավոր բացումը, որի արարողությանը մասնակցեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան` Վիգեն Չիտեչյանը, Սեն-Տրոպեի քաղաքապետ` Ժան Պիեր Տյուվերին, տեղական կառավարման մարմինների ղեկավարներ, Բուշ դյու Ռոն և Վառ շրջանների հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հարյուրավոր հյուրեր:

ՀՀ դեսպանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց Սեն-Տրոպե քաղաքի ղեկավարներին միջոցառումները հյուրնկալելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար: Խոսելով Սեն-Տրոպեում «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» մշակութային միջոցառումների շրջանակներում հայկական խաչքարերի արվեստի ցուցահանդեսի մասին՝ դեսպան Չիտեչյանն անդրադարձավ Ջուղայի խաչքարերի նկատմամբ իրականացված վանդալիզմին և պատմամշակութային արժեքների դեմ ոտնձգությունների դատապարտման անհրաժեշտության հարցերին:

Այնուհետ ներկաները հայ արվեստի պատմության պրոֆեսոր Պատրիկ Տոնապետյանի ուղեկցությամբ մասնակցեցին հայ ճարտարապետությանն ու խաչքարերի արվեստին նվիրված ցուցահանդեսին: Ցուցահանդեսը, որն իր շրջագայությունը սկսել է անցած աշնանից և արդեն ցուցադրվել Կոմպիեն, Բիարից, Էքս-ան-Պրովանս և Տուրնֆյոյ քաղաքներում, մեծ հետաքրքրությամբ ընդունվեց Սեն-Տրոպեի բնակիչների և քաղաքի հյուրերի կողմից:

Մշակութային միջոցառումների շարքում տեղի ունեցավ նաև ֆրանսահայ հայտնի դուդուկահար Լևոն Մինասյանի մենահամերգը:

Ապրիլի 13-ին «Լա շապել դյու Կուվան» նոր վերանորոգված Սեն-Տրոպեի հնագույն եկեղեցում տեղի ունեցավ հայկական ծեսով սուրբ պատարագի արարողություն: Նույն օրը Ժան Դեսպա դահլիճում պրոֆեսոր Տոնապետյանը դասախոսություն կարդաց հայկական խաչքարերի արվեստի մասին:

«Ճանապարհորդություն դեպի Հայաստան» խորագրով մշակութային միջոցառումների շարքը Սեն-Տրոպեում  կտևի մինչև ապրիլի 26-ը:

Դեսպան Սհոյանը հանձնեց սփյուռքի նախարարության մեդալներ

148.Ambassador Shoian awarded the medals of the Ministry of Diaspora  14.04.2014Ապրիլի 11-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության  կողմից տրված  պարգևների  հանձնման արարողություն:

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալներ Բուլղարիայի ժուռնալիստների միության նախագահ Սնեժանա Տոդորովային, Պլովդիվ քաղաքի համայնքային խորհրդի անդամ Սպաս Գռնևսկուն և  կրոնական համայնքների  ազգային խորհրդի նախագահ  պրոֆեսոր Ռուբեն Գրիգորյանին:

«Հակոբ Մեղապարտ» մեդալներ հանձնվեցին պրոֆեսոր Հակոբ Կարապետյանին և «Հայ Դատ» հանձնախմբի համանախագահ, «Երևան» թերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքբաշյանին:

«Վիլյամ Սարոյան» մեդալը հանձնվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղի ատենապետ Սոնյա Ավագյանին:

«Արշիլ Գորկի» մեդալը հանձնվեց Սոֆիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նախագծի հեղինակ, գլխավոր ճարտարապետ Հակոբ Քարաքաշյանին:

ՀՀ դեսպանը շնորհավորեց պարգևատրվածներին և շնորհակալություն հայտնեց նրանց Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, հայապահպանման գործում ունեցած ավանդի, հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու և դեսպանության հետ  համագործակցության համար:

Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ

 Էդվարդ Նալբանդյան Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը:

Բարձր ենք գնահատում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի՝ բանաձևը սատարած անդամների սկզբունքային դիրքորոշումը։

Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին  Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին:

Անկախ

 

Հայ հնատիպ գրքի ցուցահանդես Հնդկաստանում

հնատիպ գիրքԱպրիլի 8-ին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում տեղի ունեցավ Հնդկաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Հնդկաստանի ու Հայաստանի ազգային գրադարանների մասնակցությամբ կազմակերպված հայ հնատիպ գրքի ցուցահանդեսի բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը, Հնդկաստանի ազգային գրադարանի տնօրեն Ռաջենդրա Կումարը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ինչպես նաև հնդիկ պաշտոնյաներ, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի տնօրինության և հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ և այլ հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկան դեսպան Հակոբյանը, ազգային գրադարանների տնօրենները: ՀՀ դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Հնդկաստանն այս կարևոր ցուցահանդեսի համար պատահական ընտրություն չէր. հայկական առաջին՝ «Ազդարար» պարբերականը տպագրվել է 1794թ. Մադրասում՝ Հարություն Շմավոնյանի կողմից: Ցուցահանդեսում ներկայացված մի շարք գրքեր ևս տպագրված են Հնդկաստանում, մասնավորապես՝ Մադրասում և Կալկաթայում»: ՀՀ դեսպանն իր շնորհակալությունը հայտնեց հնդկական կողմին ցուցահանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Հանդիսության ընթացքում Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները ներկայացրեցին հայկական երաժշտական ստեղծագործություններ:

Ցուցահանդեսում, որը տևելու է մինչև ապրիլի 12-ը, ներկայացված են Հայաստանի ազգային գրադարանից բերված և Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի գրադարանի կողմից տրված գրքեր: Ներկայացված գրքերի թվում են 1512թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի կողմից տպագրած «Ուրբաթագիրքը», 1666-68թթ. Ամստերդամում տպագրված «Աստվածաշունչը», 1794-96թթ. Մադրասում տպագրված «Ազդարարը» և այլ արժեքավոր գրքեր:

Դեսպան Տեր-Ստեփանյանի հանդիպումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Քրիստիան Տեր-ՍտեփանյանԱպրիլի 3-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ  ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հետ։
Աբդու Դիուֆը շնորհավորեց դեսպան Տեր–Ստեփանյանին Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների նորաստեղծ խմբի նախագահի պաշտոնում նշանակման կապակցությամբ և իր աջակցությունը հայտնեց խմբի գործունեությանը։

Գլխավոր քարտուղարը ողջունեց Հայաստանի ներդրումը Ֆրանկոֆոնիայի և նրա արժեքների տարածման գործում՝ գոհունակություն հայտնելով Հայաստանի և ՖՄԿ-ի միջև սերտ համագործակցության կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ  ներկայացուցիչը ՖՄԿ գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրեց Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա Թուրքիայի տարածքից սահմանը հատած, ալ- Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբերի կողմից իրականացված հարձակումների հետևանքով տեղահանված տեղի բնակչության մարդասիրական ծանր իրավիճակի վրա։

Նա  հայտնեց Հայաստանի իշխանությունների խորը մտահոգությունը իրականացված բռնությունների և մարդու իրավունքների ու ազգային  փոքրամասնության իրավունքների կոպիտ ոտնահարման կապակցությամբ։

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Ապրիլի 4-ին արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում մասնակցեց Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Նախարարները հավանության արժանացրեցին ԱՊՀ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ։

127. Acting FM Nalbandian participated at the CIS Ministerial meeting - 04.04.2014Նախարարների խորհրդում անդրադարձ եղավ ԱՊՀ մասնակից երկրների արտգործնախարարությունների միջև տարբեր ուղղություններով խոհրդակցությունների անցկացմանը և դրանց արդյունավետության բարձրացմանը, արտաքին քաղաքական բնագավառում տեղեկատվության փոխանակմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը։ Հաստատվեց 2014 թ. ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների ծրագիրը։

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում էր Պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացվելիք հայտարարության նախագիծը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության  դեմ պայքարի վերաբերյալ։

ԱՊՀ շրջանակներում շահագրգիռ պետությունների միջև պաշտպանության, արտակարգ իրավիճակների արձագանքման, իրավապահ մարմինների համագործակցության կատարելագործման նպատակով արտգործնախարարները համաձայնեցրեցին համապատասխան փաստաթղթերի նախագծեր։

Հանդիպմանը հավանություն տրվեց 2016թ. ԱՊՀ-ում կրթության տարի հռչակելու մասին որոշմանը։

Նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ISAF-ի հանդիպմանը

Աշոտ-ՀովակիմյանԱպրիլի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) առաքելության մասնակից Դաշինքի և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների նախարարական հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում ունեցած իր ելույթում ՀՀ փոխարտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու Աֆղանստանին` մասնակցելով 2014թ. հետո իրականացվելիք «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը:

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարությունների միջև

ԱգնՄարտի 31-ին և ապրիլի 1-ին Պրահայում Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր  ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, չեխական կողմից` արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Պետր Դրուլակը:

Կողմերը քննարկեցին Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական երկխոսության շարունակականությանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Ընդգծվեց առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն համար հետևողական աշխատանքի կարևորությունը: Բանակցությունների օրակարգում էին նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունները:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Քեսաբում վերջին զարգացումների վերաբերյալ: Չեխ դիվանագետը դատապարտեց խաղաղ ազգաբնակչության բռնությունների դեպքերը:

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք այլ հարցերի:

Պրահա կատարած այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալն ունեցավ նաև երկկողմ հանդիպումներ: Մասնավորապես,Չեխիայի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հինեք Կմոնիչեկի հետ կայացած հանդիպմանը քննարկվեցին ապրիլի 24-25-ին Պրահայում տեղի ունենալիք ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի 5-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպման օրակարգային մի քանի հարցեր:

Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատում փոխնախարար Մնացականյանը  Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Չեխիա հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ մտքեր փոխանակեց Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ՝ խմբի ղեկավար, պալատի բնապահպանության կոմիտեի նախագահ Րոբին Բյոհնիշի գլխավորությամբ: Զրույցի ընթացքում կողմերը մեծապես կարևորեցին միջխորհրդարանական գործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը:

Ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը

Ջեյմս Ուորլիք  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը ապրիլի 4-ին Մոսկվայում կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին Ուորլիքը գրել է իր «Twitter»-յան էջում: Ուորլիքը նաև հայտնել է, որ մեկնում է Վիենա ԵԱՀԿ-ում քննարկումների մասնակցելու, ապա մեկնելու է Մոսկվա վերոնշյալ հանդիպման համար:
Անկախ

“Թե ՀՀ ԱԳՆ-ն Քեսաբի հարցում ի՞նչ դերակատարություն ունեցավ, այդպես էլ չհասկացանք”. Անահիտ Բախշյան

Անահիտ ԲախշյանՎեց պատգամավորների՝ Քեսաբ մասնավոր այցի արդյունքում, որը հետո դարձավ պաշտոնական, քանի որ Սիրիայի կառավարությունը բարձր մակարդակով ընդունեց նրանց, Քեսաբի վերաբերյալ հայտարարութունները աշխարհի տարբեր ծայրերից փոխվեց: Պատգամավորների այցով շատ բան պայմանավորվեց: Այդ այցի արդյունքում եղան Ռուսաստանի, ԱՄՆ-ի հայտարարություններ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց “Բարև Երևան” դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:

Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Քեսաբի հարցում  ի՞նչ դերակատարություն ունեցավ, Անահիտ Բախշյանի խոսքով, այդպես էլ չհասկացանք:

<<Ես հասկանում եմ, որ Սիրիան այլ պետություն է, և մենք իրավունք չունենք նրա ներքին գործերին խառնվել, բայց մեր ազգակիցների պաշտպանությունը Հայաստանի պարտավորությունն է: Այն, որ մեր պատգամավորները գնացին ու քեսաբցիներին ասացին, որ Հայաստանն իրենց կողքին է, մեծ լիցք տվեց տեղի ժողովրդին>>,- ասաց Անահիտ Բախշյանը:

Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ չեզոքությանը Քեսաբի հարցում՝ Անահիտ Բախշյանը նկատեց, որ, եթե իսկապես չեզոքությունը ճիշտ լիներ, Սիրիայի կառավարությունը մեր պատգամավորներին այդքան բարձր մակարդակով չէր ընդունի:

“Սիրիայի կառավարության կողմից մեր պատգամավորների այդքան բարձր մակարդակով ընդունումը վկայում է այն մասին, որ նրանք Հայաստանից ինչ-որ դիրքորոշման էին սպասում”,- ասաց Անահիտ Բախշյանը:

 Անկախ