«Ներեցեք, հայ լինելը հանցա՞նք է». Թուղրուլ Թուրքեշը՝ Էրդողանին

turkesԹուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության հիմնադիր Ալփասլան Թուրքեշի որդին` Թուղրուլ Թուրքեշը, որը հանդիսանում է կուսակցության փոխնախագահն ու թուրքական մեջլիսի՝ Անկարայից ընտրված պատգամավորը, անդրադարձել է նախօրեին նախագահի թեկնածու, վարչապետ Թայիփ Էրդողանի հայկական ինքնության վերաբերյալ վիրավորական արտահայտությանը: Թուրքեշը ԱՇ կուսակցության պաշտոնական կայքում «Ներեցեք, հայ լինելը հանցա՞նք է» վերնագրով մի հրապարակում է հեղինակել:

«Պարոն Էրդողան, մենք տեղյակ ենք 21-րդ դարի մասին: Հայ լինելը հանցանք, թերություն, տգեղություն, ամոթ կամ մեղք չէ: Այն էթնիկական և մշակութային խմբերը, որոնք մենք ունենք, Բարձրյալի շնորհն է մեզ, և դրանց ամոթանք տալն ու ստորացնելը ամենամեծ մեղքն է: Ավելին, նման խոսքերը, համաձայն մեր օրենքների, ատելության հանցանք են համարվում»,-գրել է Թուրքեշը:

Վերջինիս համոզմամբ` Էրդողանն այդպիսով արտահայտել է իր ներսում կուտակված և խեղդված  զգացմունքները:

 

Անկախ

Թուրքիայում ժանդարմերիան կանջատվի զինված ուժերից

Turkey policeԹուրքիայի ուժային կառույցներում նոր փոփոխություն է սպասվում: Մասնավորապես նախատեսվում է ժանդարմերիան դուրս բերել զինված ուժերի կազմից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆղան Ալան:

Վերջինիս խոսքով` այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ժանդարմերիայի անջատման գործընթացն սկսելու ուղղությամբ: Այնուհանդերձ, նախարարը չի նշել, թե երբ են սկսվելու կառուցվածքային փոփոխությունները:

 

«Մենք Ադրբեջանին կցուցաբերենք ցանկացած անհրաժեշտ օժանդակություն». թուրք պատգամավոր

ozganԹուրքական մեջլիսի պատգամավոր Օզջան Ենիչերին անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին: «Ադրբեջանի վրա իրականացված ցանկացած հարձակում մենք ընկալում ենք որպես ուղիղ հարձակում նախ մեր, ապա ողջ թուրքական աշխարհի վրա»,-հայտարարել Ենիչերին` ընդգծելով, որ «թուրքերը երբեք թույլ չեն տա, որ Ադրբեջանը թեքուզ մի փոքր գլուխը կախի հայերի առաջ»:

«Մենք Ադրբեջանին կցուցաբերենք ցանկացած անհրաժեշտ օժանդակություն»,-նշել է պատգամավորը:

 

Անկախ

Թուրքիան իր ցավակցությունն է հայտնել Ադրբեջանին

davutoglu«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իր ցավակցուկթյուններն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին զոհված ադրբենջանցի զինվորների ընտանիքներին և հարազատներին:

Դավութօղլուն նաև հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ` նշելով, որ նման դեպքերը դեռևս շարունակվում են, քանի որ ԼՂ հակամարտությունը լուծում չի ստացել:

Նախարարը հիշեցրել է, որ Թուրքիան միշտ պաշտպանում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», ինչպես նաև նշել հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին: «Թուրքիայի ժողովրդի և պետության անունից ցավակցում եմ զոհված զինվորների ընտանիքներին: Նրանց կորստի ցավը մնում է մեր սրտերում»,-ասել է Դավութօղլուն:

Թայիփ Էրդողանը գնալով կորցնում է Մերձավոր Արևելքի աջակցությունը

erdoganԱՄՆ-ում տեղակայված «Pew Research Center» հետազոտական կենտրոնը հրապարակել է 2012 թվականին սկսած մի ուսումնասիրության արդյունքները, որտեղ ներկայացված է, թե Մերձավոր Արևելքի բնակչությունն ինչպես է վերաբերում Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին:

Յուրաքանչյուր երկրում առերես հարցմանը մասնակցել է մոտ հազար մարդ: Արդյունքների համաձայն` մեկ տարվա ընթացքում այս տարածաշրջանում Էրդողանին ցուցաբերվող աջակցությունն աստիճանաբար նվազել է: Աճ նկատվել է միայն Իսրայելում, սակայն վերջին իրադարձություններից հետո պատկերն, իհարկե, փոխվել է:

Այն դեպքում, երբ Իսրայելի բնակչության 60 տոկոսն էր աջակցում Էրդողանին, Պաղեստինում այս ցուցանիշը 55 տոկոս է կազմում: Լիբանանում և Թունիսում պատկերը նույնն է` 49 տոկոս: Իսկ ահա Եգիպտոսում բնակչության 42 տոկոսն է համակրում Էրդողանին: Ինչ վերաբերում է հենց Թուրքիայի բնակչությանը, ապա այստեղ ևս բացասական փոփոխություն է տեղի ունեցել: Թուրքիայի քաղաքացիների կեսը` 51 տոկոսը, պատրաստ է իր ձայնը տալու Էրդողանին: Այս ցուցանիշը իր հաստատումը կգտնի առաջիկա նախագահական ընտրություններում:

 

Անկախ

Թուրքիայում տոն օրերի ընթացքում 108 մարդ է զոհվել

 Ռամազան  Թուրքիայում Ռամազանի ավարտի կապակցությամբ ոչ աշխատանքային 5 օրերի ընթացքում 92 մարդ զոհվել է ավտովթարների արդյունքում, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել, մոտ 16 հոգի խեղդվել է ծովում: Ամեն տարի տոն օրերին մարդիկ հանգստի են մեկնում երկրի տարբեր շրջաններ, մասնավորապես ծովափնյա գոտիներ, ինչը բերում է անխուսափելի զոհերի:

Չնայած իրավապահ մարմինները, ինչպես նաև ծովափնյա հանգստավայրերի փրկարարական ծառայության աշխատակիցները տոների ընթացքում ավելի զգոն և ուշադիր են լինում, այնուհանդերձ չի հաջողվում ապահովել լիարժեք վերահսկողություն:

Արտասահմանում բնակվող Թուրքիայի քաղաքացիները սկսել են ընտրել նոր նախագահին

Թուրքիայում նախագահական ընտրություններՉնայած Թուրքիայում նախագահական ընտրություններ տեղի կունենան միայն օգոստոսի 10-ին, քվեարկության գործընթացը այսօր արդեն սկսվել է երկրից դուրս բնակվող քաղաքացիների համար: Առաջին քվեատուփերը բացվել են առավոտյան Ավստրալիայի Մելբուրն քաղաքում, որտեղ առաջին ընտրողը դարձել է Սինան Սևենը Սամսունից: Վերջինս նշել է, որ շատ ուրախ է, որ կարող է մասնակցել ընտրություններին` հեռու լինելով հայրենիքից: Արտասահմանում բնակվող Թուրքիայի քաղաքացիների քվեարկության գործընթացը կշարունակվի մինչև օգոստոսի 3–ը:

 

Թուրք հեղինակի` 1915 թվականի մասին պատմող գիրքը Գրականության Նոբելյան մրցանակի թեկնածու

arsineԱլի Բայրամի «Արսինե. աքսորում մի հայ աղջիկ» անունով գիրքը, լույս տեսնելով 2014 թվականի մարտ ամսին, կարճ ժամանակ անց հայտնվեց ամենաընթերցված գրքերի ցանկի ստորին հորիզոնականում: Թուրքիայում ընթերցասերների միայն 2 տոկոսն էր հետաքրքրություն ցուցաբերել հայերի աքսորի մասին պատմող գրքի նկատմամբ: Գրքում դեպքերը զարգանում են 1915 թվականին Սամսունի Քավաք գավառում, որտեղ Ռաֆայել Թեյել ընտանիքը ստիպված է լինում բռնել գաղթի ճամփան: Գիրքը պատմում է ընտանիքի թոռան` Արսինեի դժվար կյանքի մասին: Մյուս կողմից ներկայացվում է նաև, թե հայերն ու թուրքերը մի ժամանակ ինչպիսի «երջանիկ» կյանք են ունեցել միասին:

Չնայած գրքի նկատմամբ սկզբում հետաքրքրությունը աննշան էր, այժմ այն անհամեմատ ավելի մեծ պահանջարկ ունի: Բացի այդ, «Արսինե. աքսորում մի հայ աղջիկ» գիրքը հանդիսանում է Գրականության Նոբելյան մրցանակի թեկնածու:

 

Թուրքիայի փոխվարչապետը թուրք կանանց համեստ լինելու կոչ է արել

թուրք կանայք   Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը թուրք կանանց կոչ է արել առաջնորդվել մուսուլման կնոջը հատուկ բարոյական նորմերով: Նա հայտարարել է, որ կանայք հասարակական վայրերում պետք է դադարեն բարձր ծիծաղելուց և լինեն զուսպ ու դաստիարակված: Արընչը գտնում է, որ ժամանակակից կինը պետք է կարմրի տղամարդու հետ շփվելիս: Փոխվարչապետը մտահոգված է, որ այսօր կանայք չափից ավել են օգտագործում բջջային հեռախոսներ, սակայն ավելի գերադասելի է, որպեսզի կինը շփվի առերես: Արընչի մյուս անհանգստությունը կապված է մամուլում սեքսի վերաբերյալ քննարկումներին: Թուրք քաղաքական գործիչը գտնում է, որ դա բացասականորեն է ազդում աճող սերունդի մշակույթային և բարոյական զարգացման վրա: Արընչը հանրությանը կոչ է արել ավելի շատ Ղուրան կարդալ, քանի այս հարցում մարդիկ հետընթաց են ապրում:

Սոցիալական ցանցերի օգտատերերը սուր քննադատության են ենթարկել փոխվարչապետի հայտարարությունը: Ոմանք նրա խնդրել են վերջ տալ բարոյականության մասին խոսելուց` հիշեցնելով կոռուպցիոն սկանդալը, որի մեջ ներքաշվել էին վարչապետ Էրդողանն ու նրա շրջապատը:

Ամերիկայի հրեական կոնգրեսը Թայիփ Էրդողանից պահանջել է հետ վերադարձնել «Արիության շքանշանը»

Թայիփ Էրդողան Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը նամակ է հղել Ամերիկյան հրեական կոնգրես, որը պահանջել է հետ վերադարձնել վարչապետ Թայիփ Էրդողանին շնորհված «Արիության շքանշանը»: «Մենք հաճույքով հետ կվերադարձնենք 2004 թվականին Ձեր շնորհած շքանշանը»,-ասված է նամակում: Դեսպանի ուղարկած գրության մեջ նաև նշված է, որ Էրդողանի արդար քննադատությունը Իսրայելի կառավարության իրականացրած գործողությունների նկատմամբ անարդարացիորեն ընկալվում է որպես հակահրեականության դրսևորում:

 

Թուրքիան փորձում է միջնորդի դեր ստանձնել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում

ԴավութօղլուԹուրքիան, փորձեր կատարելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ ստանձնելու հաշտարար միջնորդի դերը, շարունակում է բանակցություններ վարել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հետ: Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար ԱՀմեդ Դավութօղլուն խոսել է Քոնիայում Ռամազանի ավարտին նվիրված տոնակատարության ժամանակ:

Դավութօղլուն նշել է, որ գալիք նախագահական ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն 77 միլիոնանոց Թուրքիան, այլև մերձավորարևելյան տարածաշրջանի երկրները: «Կարող եք վստահ լինել, որ օգոստոսի 10–ին Գազայում բնակվող ընտանիքները ևս հետևելու են նախագահական ընտրություններին, քանի որ պաղեստինցիները գիտեն, որ միայն Թուրքիայի նախագահը կարող է նրանց մեջքին կանգնել: Նրանք գիտեն, որ եթե նրանց գլխին թեկուզ փոքր քարեր թափվեն, թուրք առաջնորդները իրենց աջակցություն կցուցաբերեն: Այդ պատճառով էլ Գազայի մասին մտքերը զբաղեցնում են մեր ուղեղն ու սրտերը: Մինչև ապահովված չլինի Գազայի բնակչության խաղաղությունը, մենք աշխատելու ենք օր ու գիշեր»,-հայտարարել է Դավութօղլուն:

 

Թուրքիան շարունակում է գրավել ռուս զբոսաշրջիկներին

զբոսաշրջիկներ

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը, խոսելով այս տարի երկիր այցելած զբոսաշրջիկների վիճակագրության մասին, նշել է, որ հանգստի համար Թուրքիան նախընտրող ռուսների թիվը մեծ աճ է գրանցել` հասնելով 1 մլն 923 հազար 811-ի: Չելիքը նշել է, որ տարվա առաջին կեսին զբոսաշրջության ոլորտում առաջընթաց է նկատվել, ինչի վրա ազդել են իր անցկացրած բանակցությունները Ռուսաստանում:
«Ռուսաստանը իր 143 մլն բնակչությամբ և զբոսաշրջիկների օրեցօր աճով թվով մեծ նշանակություն ունի մեր երկրի համար: Երկար տարիների է, ինչ Անթալիան շարունակում է մնալ ռուս զբոսաշրջիկների նախընտրած հանգաստավայրը»,-նշել է Միջերկրածովյան հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Հաջիսուլեյմանը:

Թուրք-եգիպտական հարաբերություններում լարվածություն է նկատվում

sisi    Այն բանից հետո, ինչ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը «CNN International» ալիքին տված իր հարցազրույցում Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդուլֆաթահ աս Սիսիին անվանել էր բռնակալ, Կահիրեում Թուրքիայի դեսպանը ահազանգել էր թուրքական ԱԳՆ` հայտնելով Եգիպտոսի դժգոհության մասին: Երեկ եգիպտական ԱԳՆ-ը մեկնաբանել է Էդրողանի հայտարարությունը: «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարժվում է ելնելով նեղ գաղափարական շահերից: Եգիպտոսին և նրա ընտրված նախագահին ուղղված վիրավորանքները, անկասկած, ճանապարհ կբացեն միջոցների ձեռնարկման համար, որոնք կհանգեցնեն երկու երկրների հարաբերությունների առավել սահմանափակմանը»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Թուրք-եգիպտական հարաբերությունները սկսեցին անկում ապրել անցած տարի հուլիս ամսից, երբ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության աջակցած նախագահ Մուհամադ Մուրսին պաշտոնանկ արվեց Սիսիի գլխավորած ռազմական հեղաշրջման արդյունքում:

 Անկախ

Թայիփ Էրդողանը Ստամբուլում ֆուտբոլ է խաղացել 12 համարի մարզաշապիկով

​Թայիփ Էրդողան Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը երեկ Ստամբուլում մասնակցել է նոր մարզադաշտի բացման արարողությանը: Մարզադաշտը կրում է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Ֆաթիհ Թերիմի անունը: Բացման արարողությունից հետո տեղի է ունեցել ընկերական հանդիպում, որի ժամանակ Էրդողանը հագել էր 12 համարի նարնջագույն մարզաշապիկ: Այս համարը խորհրդանշական է Էրդողանի համար, քանի որ նա համարվում է Թուրքիայի 12–րդ նախագահի գլխավոր թեկնածուն: Ֆուտբոլային հանդիպման արդյունքում Էրդողանը դարձել է 3 գոլի հեղինակ:

Անկախ

Թուրք-ամերիկյան հարաբերությունները աստիճանաբար անկում են ապրում

erdogan    Վերջին շրջանում շատ է քննարկվում թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվող սառնությունը: Օրերս Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը իր հարցազրույցներից մեկում հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցներ այլևս չի ունենում:

Թուրքական «Միլիյեթը» գրում է, որ 2 տարի առաջ Էրդողանը համարվում էր այն 5 համաշխարհային առաջնորդներից մեկը, որոնց հետ Օբաման սերտ կապեր ուներ: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնից հետո Օբաման ամենից շատ հեռախոսազրույցներ էր վարում հենց Էրդողանի հետ: Սակայն վերջին մեկ տարում երկու առաջնորդները միայն 2 անգամ են զրույց ունեցել, ինչը խոսում է թուրք-ամերիկյան հարաբերությունների աստիճանական անկման մասին:

Վաշինգտոնյան վերլուծաբանների մեկնաբանությամբ` Էրդողանի և Օբամայի միջև հակասությունները սկսվեցին Գեզի այգու իրադարձությունների ժամանակ, այնուհետև Անկարան ԱՄՆ-ին մեղադրեց իր ներքին խնդրիրներում միջամտություն ունենալու մեջ: Այս իրադարձություններին հաջորդեցին Ֆեթուլահ Գյուլենին Թուրքիային հանձնելու հետ կապված խոսակցությունները: Վերոնշյալ անբարենպաստ իրավիճակին ավելացավ նաև Գազայի խնդիրը: Օրերս Էրդողանը հայտարարեց, որ չի հասկանում Ամերիկայի մոտեցումը Սիրիայի, Եգիպտոսի և Պաղեստինի հարցում: Արդյունքում Էրդողանը կապ է պահում ԱՄՆ փոխարտգործնախարարի հետ:

 Անկախ

 

Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է անում լքել Լիբանանը

 

Թուրքիայի արտգործնախարարությունը իր քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանից` ելնելով անվտանգության նկատառումներից: Բացի այդ, թուրքական իշխանությունները խորհուրդ են տվել զերծ մնալ Լիբանան այցելելուց: Արտաքին գերատեսչության հայտարարության համաձայն` Լիբանանում ծայրահեղ լարված իրավիճակ է տիրում: Երկիրը լքել ցանկացողները կարող են դիմել Տրիպոլիի թուրքական դեսպանատուն:

լիբանան

Համշենահայերն իրենց իրական ծագման հարցում կասկածների ու որոնումների մեջ են

Համշենահայերի շրջանում իրենց` հայ չլինելու գաղափարի տարածումը Թուրքիայի կողմից հետևողականորեն շարունակվում է:

Համշեն

Թուրքիայի Հոպա քաղաքից Հայաստան ժամանած համշենահայեր Ասլան Ջանջը և Ռեմզի Գեդիքը այսօր լրագրողների հետ զրուցեցին համշենահայերին հուզող խնդիրների, ինչպես նաև վերջերս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման` Հոպայում ծրագրած միջոցառման չկայանալու պատճառների մասին։

Համշենահայերի՝ Հայաստան ժամանելու նպատակը զբոսաջրջությունն է, համշենահայերի ու  հայերի միջև մշակութային, պատմական առնչություններին անմիջականորեն ծանոթանալը։

Ասլան Գանջը, ով աշխատում է Հոպայի քաղաքապետարանում,  Հայաստանում է արդեն 3-րդ անգամ։ Այս անգամ եկել է գնացքով, ընկերների հետ, որոնց թվում է նաև  Հոպայում ծնված Ռեմզի Գեդիքը:

Համշենահայերը, նրանց տեղեկացմամբ, հիմնականում թեյի մշակմամբ են զբաղվում, աշխատում տրանսպորտի, առևտրի ոլորտներում, զբաղվում  անասնապահությամբ, թեև մի ժամանակ անասնապահությունը համշենահայերի շրջանում ավելի տարածված էր:  Բանախոսների տվյալներով` Թուրքիայում շուրջ 35-40հզ. համշենահայ է ապրում, սակայն համշենահայերենը մոռացության  է մատնվում և ոչ բոլոր հայերն են խոսում հայերենով:

Համշենահայերը կարևորեցին սակայն Թուրքիայում համշենահայերի մշակութային և այլ ավանդույթների, լեզվի պահպանման խնդիրը հանձն առած “Ստամբուլի “Հատիկ” կազմակերպության դերը, որն արդեն 2-րդ անգամ փառատոն է կազմակերպում, նախաձեռնում այլ միջոցառումներ: Մոտ ամիսներին կհրատարակվի նաև առաջին համշենակայկական` “Գոր”  (համշենահայերեն` հավաքական աշխատանք) ամսագիրը Թուրքիայում:

Ասլան Ջանջը  նշեց, որ համշենահայերի շրջանում նրանց` հայ չլինելու գաղափարի տարածումը Թուրքիայի կողմից հետևողականորեն շարունակվում է, օրինակ` Թուրքիայի  պատմաբան Քիրզիօղլուն անընդհատ տարածում է, որ համշենահայերը ծագել են օղուզական ցեղերից, “և սա բնականաբար իր ազդեցությունն է ունենում նաև բնակչության շրջանում,  որոնումների մեջ են ընկնում, կասկածներ ունենում իրենց ծագման հարցում, սակայն համշենահայ երիտասարդները, ստանալով կրթություն, ուսումնասիրում են խնդիրը, հետաքրքրվում իրենց իրական արմատներով”,-նշեց Ասլան Ջանջը :

Ցեղասպանության հարցում մոտեցումը միանշանակ է. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ոչ միայն հայերի, այլ նաև ասորիների, հույների և այլն: Ըստ նրանց` այս  պետք է լուծվի երկու պետությունների միջև:

“Անկախ”-ի այն հարցին, թե համշենահայերն ինչպե՞ս են անվանում իրենց զավակներին, կա՞ն ավանդական հայկական անուններ, բանախոսները պատասխանեցին, որ 17-18րդ դարում համշենահայերի իսլամացման հետևանքը թուրքական անուններն են, բացառությամբ որոշ համշենահայերի, որ իրենց զավակներին կոչում են հայկական անուններով` Արեվ և այլն:

Ինչ վերաբերում է վերջերս Հոպայում տեղի ունեցած միջադեպին, ապա համշենահայերը տեղեկացրին, որ “Իրանի իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորմանը հարող կազմակերպության ներկայացուցիչները Հոպայում Ռամադանի կապակցությամբ  “Իֆթարի” (սուրբ) սեղան բացելու ցանկության են ունեցել, սակայն բնակչությունը, տեղյակ լինելով, որ այդ կազմակերպության ներկայացուցիչները կապ ունեն իսլամական ծայրահեղական կազմակերպության հետ, կանխել են  այդ նախաձեռնությունը:

Իսրայելական սուպերմարկետները բոյկոտում են թուրքական ապրանքները

boykot«Rami Levi» և «Blue Square» իսրայելական սուպերմարկետների ցանցերը բոյկոտ են հայտարարել թուրքական ապրանքների դեմ: Թուրքիայի` Գազայի հարցում Իսրայելի նկատմամբ բռնած կոշտ դիրքորոշման պատճառով իսրայելական սուպերմարկետների ցուցափեղկերից հանվել են թուրքական արտադրության բոլոր ապրանքները: Իսրայելական հեռուստաալիքի հաղորդմամբ`այս բոյկոտը սուպերմարկետներին 93 միլիոն դոլարի վնաս կարող է հասցնել: Սպասվում է, որ բոյկոտին կմիանա նաև իսրայելական սուպերմարկետների ամենամեծ «Super Sol» ցանցը: Նշենք, որ Իսրայելում թուրքական ապրանքներն ավելի էժան են, քան մյուսները:

 

Անկախ

Թուրքիայում Գազայի զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել

gaza (2)Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել Գազայի հատվածում իսրայելական բանակի ռմբակոծման հետևանքով զոհվածերի հիշատակին: Թուրքիայի նախարարների խորհրդի համապատասխան որոշման մասին հայտարարել է փոխվարչապետ Բյուլենթ Արընչը: «Շուջայա թաղամասում 60-ից ավել անմեղ մարդ զոհվեց իսրայելական հարձակման պատճառով: Մենք դատապարտում ենք այն դաժան զանգվածային սպանությունները, որոնք Իսրայելն իրականացնում է պաղեստինյան ժողովրդի նկատմամբ: Այս կապակցությամբ մեր նախարարական կաբինետը որոշել է Թուրքիայում եռօրյա սուգ հայտարարել»,-նշել է Արընչը:

Նախագահական ընտրությունները բեկումնային կդառնան Թուրքիայի պատմության մեջ. Ալի Բաբաջան

babajanԹուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ գալիք նախագահական ընտրությունները բեկումնային կլինեն երկրի պատմության մեջ: Նրա խոսքով` նախագահական ընտրությունները հատուկ իմաստ են կրում երկրում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից:

Բանն այն է, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահին կընտրի ժողովուրդը` ուղիղ քվեարկության միջոցով, իսկ նախկինում նախագահին ընտրում էր խորհրդարանը: «Առաջին իսկ հնարավորության դեպքում Թուրքիան անցում կկատարի նախագահական կառավարման համակարգին»,-հայտարարել է Բաբաջանը` նշելով, որ այն արդյունավետ կլինի երկրի զարգացման համար: Փոխվարչապետի խոսքով` այս հարցը կբարձրացվի անմիջապետ նախագահական ընտրություններից հետո:

 

Անկախ