Արդարադատության նախարարության փաստաթղթերը բացահայտում են Թուրքիայի համար քարոզչություն ծավալող ընկերությունների գործունեությունը  

հարութԱնցյալ շաբաթ ես նկարագրել էի Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դիկ Գեբարդի լոբբիստական «Գեբարդ գրուպ» ընկերության կնքած 1.4 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի պայմանները՝ Վաշինգտոնում Թուրքիայի շահերն առաջ մղելու նպատակով:

 

Գիտակցելով, որ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները լրջորեն վտանգված են, Թուրքիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է լցնում ամերիկյան ընկերությունների գանձարանները՝ հուսալով բարելավել իր վարկանիշը՝ քողարկելով իր բռնատիրական վարչակարգի սև բծերը: Այդ նպատակով Անկարան 2014 թ. մայիսի 12-ին պայմանագիր է կնքել Թուրքիայի լողի ազգային առաջնության նախկին չեմպիոն Հումա Գրոսի և Չիկագոյում գտնվող նրա «Ալփայթաք» հանրային կապերի ընկերության հետ, տարեկան 1.42 միլիոն դոլարով: Որքան էլ տարօրինակ է, սակայն ամսական վճարման փոխարեն, թուրքական կառավարությունը պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո մեկ միլիոն դոլար է տվել «Ալփայթաքին», իսկ մնացյալ 420 հազար դոլարը վճարել է առաջին երեք ամիսներին: Այսպիսով, «Ալփայթաքը» փոխարինել է «Ֆլիշման-Հիլարդ» ընկերությանը, որը Թուրքիայի դեսպանատնից ստացել էր 779 805 դոլար մեկ կիսամյակի համար՝ 2013 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2014 թ. ապրիլի 30-ը, որի ավարտին նրա պայմանագիրը դադարեցվել էր:

 

Բացի այդ, Անկարան օգտվում է Ամերիկայի թուրքական կոալիցիայի գործունեությունից, որը 2000 թվականից սկսած ավելի քան մեկ միլիոն դոլար է ծախսել 170 կոնգրեսականների ճամփորդությունները դեպի Թուրքիա հովանավորելու համար: Ամերիկայի թուրքական կոալիցիան ստեղծվել է 2007 թվականին Մասաչուսեթսի միկրոչիպեր արտադրող միլիոնատեր Յալչին Այասլիի կողմից, որն ըստ «Ալ-Մոնիտոր»ի տվյալների, վերջին 18 ամիսների ընթացքում մոտ 140 հազար դոլար է նվիրաբերել մի քանի թուրքամետ կոնգրեսականների:

 

Շատերը տեղյակ չեն, որ ըստ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի, արտասահմանյան հաճախորդներ ներկայացնող ամերիկյան ընկերությունները պարտավոր են կիսամյա հաշվետվություն ներկայացնել ԱՄՆ արդարադատության նախարարություն իրենց  ամենօրյա գործունեությունների մասին:

 

«Ալփայթաքը» դեռչիավարտելիրառաջին կիսամյակը, հետևաբար հաշվետվություն չիներկայացրել: Սակայն, ցանկանում ենք հատվածներ ներկայացնել «Գեբարդ գրուպ» ընկերության և նրա չորս գործընկերների՝  Գրինբերգ Թրորիգի, Լիդիա Բոռլենդի, Բրայան Ֆոռնիի և Դիկշտայն Շապիրոյի փաստաթղթերից, որոնք հանձնել են Արդարադատության նախարարություն՝ 2013 թ. օգոստոսի 1-ից մինչև 2014 թ. հունվարի 31-ը ի նպաստԹուրքիայի իրենց իրականացրած միջոցառումների վերաբերյալ.

 

– 2013 թ. սեպտեմբերի 19-ին, Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի նամակը փոխանցվել է փոխնախագահ Ջո Բայդենին և սենատոր Պատրիկ Լիհիին:

 

– Էլեկտրոնային նամակներ են ուղարկվել Ներկայացուցիչների պալատի անդամներ Կաստրոյին, Քոհենին, Քոնոլիին, Դեյչին, Էսթիին, Ֆոքսին, Ֆրանկելին, Գաբարդին, Քենեդուն, Շնայդերին, Վագներին, Ուիթֆիլդին, և սենատոր Մերֆիին՝ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի վերաբերյալ. կապեր են հաստատվել նաև մի քանի կոնգրեսականների հետ՝ Սիրիայի, Իրանի պատժամիջոցների, Համասի և հակահրթիռային պաշտպանության հարցերի քննարկման համար:

 

– Դիկ Գեբարդը հաղորդել է նախընտրական ներդրումների մասին 2013 թ. սեպտեմբերի 24-ից մինչև 2013 թ. դեկտեմբերի 12-ը ընկած ժամանակահատվածում՝ ներկայացուցիչներ Էլսի Հաստինգսին (1000 դոլար), Բարբարա Լիին (1000 դոլար), Մարջորի Մարգոլիսին (1000 դոլար), Ռիչարդ Նիլին (1250 դոլար), Բրեդ Շնայդերին (500 դոլար), Դեբի Վասերման-Շուլցին (1500 դոլար), Մարկ Վիզիին (1000 դոլար), Հենրի Վակսմանին (1000 դոլար), և սենատորներ Դիկ Դուրբինին (2500 դոլար), Մերի Լանդրյուին (1000 դոլար), Քլեր ՄակՔասկիլին (1000 դոլար), Մարկ Փրայորին (1500 դոլար) և Ռոն Վայդենին (2500 դոլար):

 

– «Գեբարդ գրուպ» ընկերության աշխատակիցներն նվիրել են սենատորներ Դիկ Դուրբինին (500 դոլար), Ջին Շահինին (1500 դոլար), և ներկայացուցիչներ Սթիվ Քոհենին (500 դոլար), Քոլին Հանաբուզային (1250 դոլար), Ջիմ Մորանին (500 դոլար), Բրեդ Շնայդերին (500 դոլար) և կոնգրեսական Հենրի Վակսմանին (500 դոլար):

 

– «Գեբարդ գրուպի» գործընկեր «Դիկշտայն Շապիրո» ընկերության աշխատակիցները կապ են հաստատել կոնգրեսական Գրեգորի Միքսի օրենսդիր տնօրեն Բեն Բրանչի հետ՝ «Թուրքիայի տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ օրենսդրության հարցերով»: Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հաստերտը, Դիկշտայն Շապիրոյի անունից հանդիպել է Ամերիկայում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանի և սենատոր Ռոն Ջոնսոնի հետ՝ «Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունների առնչությամբ»:

 

– «Դիկշտայն Շապիրոյի» այլ աշխատակիցներ կապ են հաստատել հետևյալ ներկայացուցիչների գրասենյակների հետ՝ Ջորջ Հոլդինգ, Էդի Բեռնիս Ջոնսոն, Շեյլա Ջեկսոն Լի, Իլիանա Ռոս-Լետինին, Գրեգորի Միքս, Շելի Փինգրի, Ռոբերտ Փիթինջեր, Դեյնա Ռոհրաբայկեր, Էդ Ռոյս, Էդ Ուիթֆիլդ, և սենատորներ Ջոն Բուզման, Ռոն Ջոնսոն, Ռենդ Փոլ և Ռոջեր Ուիքեր, որպեսզի քննարկեն թուրքական տարածաշրջանային խնդիրները, Կիպրոսի, Թուրքիա ուղևորվելու և ԱՄՆ-Թուրքիա հարաբերություների վերաբերյալ հարցեր:

 

– «Դիկշտայն Շապիրոյի» աշխատակիցները 2013 թ. հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 19-ը նվիրաբերել են ավելի քան 60 հազար դոլար հետևյալ կոնգրեսական թեկնածուների քաղաքական քարոզարշավների համար.  սենատորներ Լամար Ալեքսանդր (2500 դոլար), Քեյ Հեգան (9000 դոլար), Էմմի Քլոուբուչեր (2000 դոլար), Միտչ ՄակՔոնել (2500 դոլար), Մարկ Փրայոր (2500 դոլար), Թիմ Սկոտ (1000 դոլար), և ներկայացուցիչներ Սանֆորդ Բիշոպ (2500 դոլար), Էմանուել Քլիվեր (1500 դոլար), Ռիկ Քրովերդ (2500 դոլար), Սթիվ Դեյնս (2500 դոլար), Ջոն Դինգլ (1000 դոլար), Բիլ Հյուզենգա (2500 դոլար), Էդի Բեռնիս Ջոնսոն (1000 դոլար), Ադամ Քայնզինգեր (2500 դոլար), Մայք ՄակԻնթայր (5000 դոլար), Բաք ՄակՔեոն (1500 դոլար), Դաչ Ռուպերսբերգեր (2500 դոլար) և Էդ Ուիթֆիլդ (2500 դոլար):

 

Քանի որ, ըստ օրենքի, Թուրքիայի կողմից վարձու ընկերությունները պարտավոր են մանրամասն զեկուցել իրենց գործունեության մասին, շատ կարևոր է պարբերաբար ստուգել Արդարադատության նախարարությանընրանց ներկայացրած փաստաթղթերը, պարզելու համար, թե ո՞ւմ հետ են նրանք կապ հաստատում Կոնգրեսում, ի՞նչ նպատակով և ինչքա՞ն են նվիրաբերում նրանց քաղաքական քարոզարշավներին:

 

 

 

 

ՀարութՍասունյան
«ԿալիֆորնիաԿուրիեր» թերթիհրատարակիչևխմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

​ԱԳ նախարարը կմասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը

 Էդվարդ Նալբանդյան ​Օգոստոսի 28-ին կայանալիք Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Անկարա։

 

 

 

 

Ադրբեջանցի գործարարին պատկանող հյուրանոցը՝ աշխարհի ամենաթանկ հյուրանոցների տասնյակում

3

“Bankdirect.pro” պորտալը ընտրել է աշխարհում ամենաթանկ հյուրանոցները: Ինչպես հաղորդում է “Վեստի.ազ”-ը, լավագույն տասնյակի մեջ ներառվել է նաև Mardan Palace հյուրանոցը (Թուրքիա), որը պատկանում է հայտնի ադրբեջանցի գործարար Թելման Իսմաիլովին:

Խոսելով հյուրանոցի մասին՝ պորտալը նշել է, որ Անթալիայում կառուցված, Թելման Իսմաիլովին պատկանող Mardan Palace հյուրանոցը համարվում է ամենաթանկ հյուրանոցը Եվրոպայում և Միջերկրական ծովի երկրներում:

“Հյուրանոցի կառուցումը արժեցել է 1.5 մլրդ դոլար: Հյուրանոցի մասնավոր լողափ Եգիպտոսից ներկրվել է 9 հազար տոննա ավազ, իսկ շենքը զարդարված է 10 հազար մ² ոսկով, 500 հազար բյուրեղյա զարդերով և 23 հազար մ² իտալական մարմարով: Բացի կենդանաբանական այգուց և երգող շատրվաններից հյուրանոցի տարածքում տեղակայված է նաև Միջերկրականի երկրներում ամենամեծ լողավազանը, որի ներսում կա 2400 ձկնատեսակով ակվարիում”,- նշված է պորտալում:

Ադրբեջանցուն պատկանող հյուրանոցը լավագույն տասնյակում զբաղեցնում է 8-րդ տեղը:

Թուրքիայիում քննարկվում է պետական զինանշան ունենալու հարցը

օսման

Թուրք պատգամավորները երկրի պաշտոնական զինանշան ստեղծելու նախաձեռնությամբ են հանդես եկել: 1923 թվականին հանրապետության հռչակումից հետո պետական զինանշան ունենալու հարցը երբեք օրակարգում չի գտնվել: Իշխող ԱԶ կուսակցության պատգամավորներից Զեյնեպ Քարախան Ուսլուն առաջարկել է օրինագիծ մշակել, որը կվերաբերվի Թուրքիայի նոր զինանշանին: Ուսուլը նշելով, որ զինանշանը ազգային դրոշից հետո պետության կարևորագույն խորհրդանիշն է հանդիսանում, ընդգծել է, որ հանրապետության հռչակումից ի վեր Թուրքիան այն չի ունեցել:

Աշխարհի 203 երկրների շարքում միայն Թուրքիան և Դոմինիկյան Հանրապետությունը չունեն պետական զինանշան: Օսմանյան զինանշանը, որը ստեղծվել է սուլթան Մահմուդի օրոք, իր վերջնական տեսքն է ստացել սուլթան Աբդուլ Համիդ 2–ի կառավարման տարիներին: Այն դադարեց պետական զինանշան հանդիսանալ հանրապետության հռչակումով:

1927 թվականին Թուրքիայում փորձ կատարվեց ստեղծելու նոր պետական զիանշան, որը կտարբերվեր օսմանյանից: Հայտարարված մրցույթի արդյունքում հաղթեց նկարիչ Նամըք Իսմայիլը, որը զինանշանի վրա պատկերել էր առասպելական գայլին, որը, ըստ ավանդության, հանդիսանում է բոլոր թյուրքալեզու ժողովուրդների նախամայրը: Սակայն այդ զինանշանը այդպես էլ չդարձավ պաշտոնական:

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը մտածում են պաշտպանունակության ամրապնդման ծրագրի մասին. Ալասանիա

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը սկսում են մտածել պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված ծրագրի ստեղծման մասին: Այս մասին հայյտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան “Իմեդի” հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, հաղորդում է “Կոնտակտ”-ը:

Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան

“Այս երեք պետությունները իրականացնում են ռազմավարական նշանակության համատեղ ծրագրեր և համաձայն են, որ ճգնաժամային իրավիճակում այս ենթակառուցվածքը անհրաժեշտ է պաշտպանել: Սա նաև Եվրոպայի և ՆԱՏՕ-ի շահերից է բխում, քանի որ հենց այս տարանցիկ ճանապարհն է օգտագործվում դաշինքից դեպի Աֆղանստան բեռնափոխադրում իրականացնելու համար”,- նշել է Ալասանիան:

Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարի` այս քայլերը նպատակային որևէ ուղղվածություն չունեն:

Անգելա Մերկելը հանձնարարել է հետախուզել ողջ Թուրքիան

merkelԳերմանիայի ազգային անվտանգության ծառայությանը մոտ կանգնած աղբյուրներից մեկը, խոսելով Գերմանիայի կողմից Թուրքիայում իրականացվող գաղտնալսման շուրջ սկանդալային լուրերի մասին, նշել է, թե կանցլեր Անգելա Մերկելը հատուկ ծառայություններին հանձնարարել է հետախուզություն անցկացնել Թուրքիայի ողջ տարածքում: «Թուրքիան տարածաշրջանում մեծ նշանակություն ունեցող երկիր է: Այդ պատճառով էլ որպես թիրախ ընտրվել է ոչ թե Թուրքիայի մի հատվածը, այլ ողջ երկիրը: Մասնավորապես հետախուզման առարկա են հանդիսանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, նավթային ուղիները, ահաբեկչության դեմ պայքարը»,-նշվել է անհայտ աղբյուրի կողմից:

 

Անկախ

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ նախարարները կհանդիպեն Նախիջևանում

եռակողմ հանդիպում Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ` Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը մեկնել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն մասնակցելու Ադրբեջանի, Վրաստաի և Թուրքիայի ՊՆ նախարարների եռակողմ հանդիպմանը: Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ` այցի շրջանակներում Յըլմազը երկկողմ հանդիպումներ կունեն իր պաշտոնակիցներ Զաքիր Հասանովի և Իրակլի Ալասանիի հետ: Նախարարները կհանդիպեն նաև Նախիջևանի մեջլիսի ներկայացուցիչ Վասըֆ Թալիբովի հետ և կայցելեն զորանոցներ:

Գաղտնալսման սկանդալ Թուրքիայի և Գերմանիայի միջև

Գերմանիա-Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է գերմանական մամուլում հայտնված լուրերը, թե Գերմանիայի հետախուզական ծառայությունը Թուրքիայում գաղտնալսել է մի շարք կարևոր հեռախոսազրույցներ: «Եթե նույնիսկ աննշան ապացույց գտնվի, որը այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Գերմանիան պարտավոր է բացատրություն տալ այս լրջագույն հարցի վերաբերյալ: Նման գործողություններ միանգամայն անընդունել են երկու բարեկամ և դաշնակից պետությունների հարաբերություններում, որոնք պետք է հիմնված լինեն փոխվստահության և հարգանքի վրա»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ Անկարայում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Պոլը գաղտնալսման լուրերի հետ կապված կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ: Նշենք, գերմանական «Der Spiegel» ամսագիրը գրել էր, թե Գերմանիայի հետախուզական ծառայությունը կառավարության  2009 թվականին կառավարության կարգադրությամբ Թուրքիայում հետախուզական գործունեություն է ծավալում:

 

Թուրքիայում Էբոլայի հնարավոր վարակիր է հայտնաբերվել

Էբոլա

Թուրքիայի Օսմանիե քաղաքում Էբոլայի տենդի կասկածով հիվանդի են մեկուսացրել, որը մեկ շաբաթ առաջ եկել է Ուգանդայից: 34-ամյա տղամարդուն տեղափոխել են Ադանայում գտնվող Չուքուրովայի համալսարանի հիվանդանոց: Նախնական հետազոտությունների արդյունքում Էբոլայի վարակը չի հայտնաբերվել, սակայն արյան նմուշները ուղարկվել են Թուրքիայի առողջապահության նախարարություն: Հիվանդը աշխատելու նպատակով Ուգանդայում մոտ 5 ամիս է անցկացրել:

Թուրքիայում բժիշկների պակաս է զգացվում

doktor  Թուրքիայի առողջապահության փոխնախարար Իրֆան Սենջանը հայտարարել է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում նախատեսվում է երկրում ավելացնել բժիշկների թիվը` հասցնելով այն 80 հազարի:

Կառավարությունը առողջապահական ոլորտում բժիշկների պակասը փորձելու է լրացնել դրսից մասնագետներ հրավիրելու ճանապարհով: Որպես հարմար տարբերակ դիտարկվում են հույն բժիշկները: Սենջանը նշել է, որ Թուրքիան մի շարք հույն բժիշկների առաջարկում է նախապատրաստական հատուկ դասընթացներ անցնել թուրքական համալսարաններում:

Այնուհանդերձ թուրքական առողջապահական ասոցիացիան համաձայն չէ կառավարության այս մոտեցման հետ: Ասոցիացիայի ներկայացուցիչ Բեյազիդ Իլհանի խոսքերով` իրենց խնդիրը ոչ թե բժիշկների պակասն է, այլ այն, որ մարդիկ աննշան խնդիրների դեպքում էլ հիվանդանոց են գալիս` առաջացնելով մեծ հերթեր: Նա նշել է, որ թեթև հիվանդությունների դեպքում քաղաքացիները պետք է դիմեն ընտանեկան բժիշկի օգնությանը:

Խոշոր ավտովթար Թուրքիայում, կան զոհեր

vtar      Թուրքիայի կենտրոնական Աքսարայ նահանգում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել Անկարա տանող ճանապարհին: «Միլիյեթի» հաղորդմամբ` նախնական տվյալներով վթարի հետևանքով 8 ուղևոր է զոհվել, 15 հոգի տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական և շտապ օգնության ծառայությունները: Հայտնի է, որ ավտոբուսը շուռ է եկել, քանի որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը:

Ո՞վ կդառնա Թուրքիայի նոր վարչապետը

varchapet Օրերս Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում Թայիփ Էրդողանի տարած հաղթանակից հետո երկրի օրակարգում հայտնվել է ևս մի կարևոր հարց: Թուրքական հասարակական-քաղաքական շրջանակներում այս օրերին լայնորեն քննարկում են, թե ովքեր են հավակնում վարչապետի և ԱԶԿ-ի ղեկավարի պաշտոններին: Էրդողանի այն հայտարարությունից հետո, թե այս երկու պաշտոններն էլ միևնույն մարդն է ստանձնելու, քննարկվող թեկնածուների շրջանակը նեղացավ: Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո վարչապետի պաշտոնի ամենամեծ հավակնորդը ներկայիս ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն է համարվում: Վերջինիս տեղում կարող է հայտնվել Հաքան Ֆիդանը, որը հայտնի է ազգային անվտանգության ոլորտում իր պաշտոնավարությամբ: Այս հանգամանքը դժգոհությամբ է ընդունվում ընդդիմադիր թևի կողմից: Չնայած Դավութօղլուի կողմնակիցները շատ են, սակայն նրա անհաջողություններն  արտաքին քաղաքական դաշտում մտահոգությունների տեղիք են տալիս:

Վարչապետի պաշտոնին հավակնում է նաև ներկայիս փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, որը, սակայն, քիչ շանսեր ունի, քանի որ ԱԶ կուսակցության ներսում նրա կողմնակիցները շատ չեն: Քննարկվող անուններից մեկն էլ Էրդողանի մտերիմ ընկեր Մեհմեդ Ալի Շահինն է, ինչպես նաև մյուս փոխվարչապետ Ալի Բաբաջանը: Ցանկալի թեկնածուների թվում է նաև ԱԶԿ-ի փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, սակայն վերջինս, չլինելով մեջլիսի պատգամավոր, չի կարող ստանձնել վարչապետի պաշտոնը: Դավութօղլուի համար մրցակից կարող է հանդիսանալ տրանսպորտի, նավագնացության և կապի ներկայիս նախարար Բինալի Յըլդըրըմը:

Ինչ վերաբերում է նախագահ Գյուլին, ապա վերջինս չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը` ելնելով երկու հանգամանքից: Նախ նա մեջլիսի պատգամավոր չի հանդիսանում, ինչը պարտադիր պայման է վարչապետի համար: Բացի այդ, վարչապետի անունը հայտնի է դառնալու օգոստոսի 27–ին ԱԶԿ-ի հրավիրած կուսակցական արտահերթ կոնգրեսի ժամանակ, իսկ Գյուլը նախագահական աթոռին հրաժեշտ է տալու միայն հաջորդ օրը` օգոստոսի 28–ին: Հետևաբար Գյուլը պետք է հրաժարական տա մինչև կոնգրեսի օրը, ինչը անհավանական է համարվում: Չնայած Գյուլը նշել է, որ վերադառնալու է հարազատ կուսակցություն, սակայն նա վարչապետ և կուսակցության ղեկավար կարող է դառնալ լավագույն դեպքում միայն 2015 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո:
Գալով Թայիփ Էրդողանի նախագահությանը, ապա պետք է նշել, որ այս պաշտոնում վերջինիս լիազորությունները բավական սահմանափակ են լինելու, քանի որ Թուրքիան առայժմ վարչապետական կառավարման համակարգ ունեցող պետություն է: Անցումը նախագահական կառավարման համակարգին հնարավոր է միայն սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու ճանապարհով: Այնուհանդերձ ԱԶԿ-ն, մեջլիսում չկազմելով բացարձակ մեծամասնություն, չի կարող հասնել այս փոփոխությանը: Նման հնարավորություն միգուցե առաջանա հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն այս տարբերակն էլ քիչ հավանական է համարվում: Արդյունքում ակնհայտ է, որ Էրդողանը, չունենալով երկիրը ղեկավարելու ուղիղ լիազորություններ, դա փորձելու է անել վարչապետի ձեռքով: Հետևաբար վարչապետի պաշտոնը նա կվստահի իրեն մոտ կանգնած հավատարիմ մեկին:

 

Տաթևիկ Սարգսյան, Անկարա

Թուրքական խմբերը ֆինանսավորել են կոնգրեսականների խնդրահարույց շրջագայությունը Ադրբեջանում

թուրք-ադրբեջանական համագործակցությունՄիջազգային մամուլն այս օրերին հեղեղված է եվրոպական և ամերիկյան քաղաքական գործիչների մասին սկանդալային պատմություններով, որոնք ջերմ ընդունելության են արժանացել Ադրբեջանում և Թուրքիայում՝ շահադիտական թաքուն դրդապատճառներով:

 

Նորագույն բացահայտումը հրապարակվել է «Հյուստոնյան խրոնիկայի» (Houston Chronicle) կողմից հուլիսի 27-ին` «Կոնգրեսականների շրջագայությունը ահազանգ է հնչեցնում» խորագրով: Հոդվածը բացահայտել է, որ թուրքական շահույթ չհետապնդող հինգ խմբեր ծախսել են 274 459 դոլար` Կոնգրեսի տասը անդամների և 35 աշխատակիցների ճոխ ճամփորդության վրա 2013 թվականի մայիսին: Այդ դրամական միջոցները նվիրաբերել էին.

 

– Թուրք ամերիկացիների և եվրասիացիների խորհուրդը (Հյուստոն) – 101 680 դոլար.

– Ամերիկայի միջին արևմտյան հատվածի թուրքական միությունը (Չիկագո) – 68 324 դոլար.

– Ամերիկայի թուրքական դաշինքը (Վաշինգտոն) – 52 975 դոլար.

– Ամերիկայի հարավ-արևելյան հատվածի թուրքական միությունը (Ատլանտա) – 26 550 դոլար.

– Թուրք-ամերիկյան ընկերակցությունների խորհուրդը (Նյու Յորք) – 24 930 դոլար:

 

Ահա այն տասը կոնգրեսականները, որոնց դեպի Բաքու ճամփորդության բոլոր ծախսերն ամբողջովին վճարվել էին.

 

– Դենի Դևիս – 24 084 դոլար.

– Ռուբեն Հինոջոզա – 19 962 դոլար.

– Ջիմ Բրայդենշտին – 14 173 դոլար.

– Թեդ Պո – 13 431 դոլար.

– Սթիվ Սթոքման – 13 431 դոլար.

– Միշել Լուhան Գրիշեմ – 12 780 դոլար.

– Շիլա Ջեկսոն Լի – 12 034 դոլար.

– Լենարդ Լանս – 9 798 դոլար.

– Իվետ Քլարկ –  8 701 դոլար.

– Գրեգորի Միքս – 6 431 դոլար:

 

Կոնգրեսականների ուղևորության իրական նպատակը մի համաժողովի մասնակցելն էր, որը մասամբ ֆինանսավորվել էր SOCAR-ի (Ադրբեջանի ազգային նավթային ընկերություն) կողմից, և որն իր գործընկերներից մեկի՝ NIOC-ի (Իրանի ազգային նավթային ընկերություն) հետ միասին ձեռնարկել էր 28 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիր՝ «Շահ Դենիզ» գազի հանքավայրը շահագործելու համար: Պատահական չէր, որ շրջագայությունը կազմակերպվել էր հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում էր լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Ադրբեջանցիներին և նրանց իրանցի գործընկերներին խիստ անհրաժեշտ էր Կոնգրեսից ստանալ արտոնություն՝ այս հսկայածավալ ծրագիրն իրականացնելու համար: Զարմանալի չէ, որ կոնգրեսական պատվիրակության շքեղ ճամփորդությունից վերադառնալուց հետո, դեռ երկու ամիս չանցած, Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց այդ ցանկալի արտոնությանը…

 

«Հյուստոնյան խրոնիկան» օրինագծի շուտափույթ հաստատումը սովորաբար դանդաղաշարժ Կոնգրեսի կողմից բացատրում է նրանով, որ «SOCAR-ը, ադրբեջանական այլ պետական միավորների հետ մեկտեղ դարձել է Վաշինգտոնի խոշորագույն փող ծախսողներից մեկը՝ ամերիկյան գործընկերներ ապահովելով իր նավթամթերքները համաշխարհային շուկաներ հանելու համար… Լոբբիստները, Ադրբեջանի կառավարությունը և էներգետիկ ընկերությունները, բոլորը մասնակցել էին Բաքվի հավաքույթին» Հեյդար Ալիևի շքեղ կենտրոնում, որտեղ գլխավոր բանախոսը նախագահ Իլհամ Ալիևն էր: «Առնվազն չորս կոնգրեսականների ընկերակցել էին իրենց կանայք կամ նշանածները: Ոմանք օգտվել էին առաջին կարգի թռիչքներից և իրենց ուղևորությունը երկարաձգել՝ մնալով Թուրքիայի շքեղ հյուրանոցներում: Միայն կոնգրեսականների ճամփորդական ծախսերը կազմել էին 270 հազար դոլար»:

 

Հետաքրքրական է, որ այցելության գլխավոր կազմակերպիչը՝ Թուրք ամերիկացիների և եվրասիացիների խորհուրդը, «չի բացահայտել որևէ առևտրական ընկերության աջակցություն կամ օտարերկրյա կառավարության օգնություն դեպի Բաքու կոնգրեսականների կատարած ուղևորությունների համար», ինչպես պահանջվում է դաշնային օրենքով, հաղորդում է «Խրոնիկան»: Թուրքական շահույթ չհետապնդող հինգ կազմակերպությունները և տասը կոնգրեսականները հնարավոր է խախտել են Կոնգրեսի էթիկայի կանոնները և դաշնային օրենքը՝ չբացահայտելով առևտրական նվիրատվությունները ուղևորության համար, հայտարարում է «Խրոնիկան»:

 

Արձանագրությունները ցույց են տալիս, որ կոնգրեսական Միքսը «չի բացահայտել Բաքու կատարած իր ճամփորդության ծախսերը վերջնաժամկետից մեկ տարի անց», պարզել է «Խրոնիկան»: Ավելին, կոնգրեսական Սթոքմանը լրացուցիչ ստացել է 5 հազար դոլար քարոզչական նպատակներով երեք վճարումներով, նույն ամսվա ուղևորության ընթացում, Թուրքական խորհրդի նախագահ Քեմալ Օքսուզից, որը ղեկավարում է շահույթ չհետապնդող երկու խմբեր, ընդ որում դրանք Հյուստոնում գրանցված են միևնույն հասցեում: «Երկու խմբերն էլ  ճանաչվել են որպես Բաքվի համաժողովի հովանավորներ կամ կազմակերպիչներ և երկուսն էլ գումար են վերցրել SOCAR-ից: Մի խումբը՝ Ադրբեջանի բարեկամների ասամբլեան, գործում է որպես SOCAR-ի ամերիկյան հանրային կապերի թև»՝ ըստ «Խրոնիկայի» տեղեկությունների:

 

Օքսուզը Բաքվում հայտնել է մի ամերիկացի լրագրողի, որ նավթային համաժողովի ծախսը կազմել է 1.5 մլն դոլար: Նա նաև ասել է, որ հյուրերը որպես նվեր ստացել են ձեռագործ գորգեր, որը խախտում կհամարվի, եթե դրանց մասին չհայտնեն ԱՄՆ համապատասխան մարմիններին:

 

«Խրոնիկան» պարզել է, որ «այդ ոչ առևտրային խմբերից շատերը ղեկավարվում են թուրք նախկին իմամ, վտարանդի Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների կողմից, որն ապրում է Փենսիլվանիայում… Ընդհանուր առմամբ, թուրքական խմբերը կոնգրեսականների և նրանց աշխատակազմերի համար 2009-2013 թվականներին ֆինանսավորել են 272 արտասահմանյան ուղևորություններ» դեպի Ադրբեջան և Թուրքիա:

 

«Հյուստոնյան խրոնիկան», ի լրումն իր մերկացնող հետաքննական հոդվածի, նաև հրապարակել է խիստ քննադատական մի խմբագրական՝ հանդիմանելով տասը կոնգրեսականներին` «ահավոր միամիտ կամ նողկալի կաշառակեր լինելու» համար, և «մի քանի գրպանած նվիրատվությունների» դիմաց ծառայելու համար Ադրբեջանի շահերին՝ «մի կոռումպացված ավազակապետության, ուր իշխում է Ալիևների ընտանիքը, որ ապօրինի գումարներ է կուտակում՝ խեղդելով քաղաքական այլախոհությունը»:

 

 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Ումուտ Բոզյըլ. հայերից ներողություն եմ խնդրում իմ և ողջ քուրդ ժողովրդի անունից

«Սպասում» վավերագրական ֆիլմ 10608887_698948333475794_1406035777_n

Երիտասարդական ակումբների դաշնության «Թուրքերեն լեզվի ուսուցման» ակումբը եզակի հնարավորություն ընձեռեց դիտելու Դիարբեքիրի հայերի մասին պատմող «Սպասում» վավերագրական ֆիլմը: ԵԱԴ գրասենյակը վերածվել էր փոքրիկ կինոթատրոնի, որտեղ բոլորը համակ ուշադրությամբ դիտում էին ֆիլմը` փորձելով բաց չթողնել և ոչ մի ակնթարթ: Ֆիլմը դիտելու էին եկել ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ` երիտասարդ թուրքագետներ, տնտեսագետներ, լեզվաբաններ: Ֆիլմի ցուցադրությունը կարևոր էր ոչ միայն նրանով, որ Հայաստանում առաջին անգամ հնարավորություն տրվեց դիտելու այս ֆիլմը, այլ նաև եզակի շանս էր հանդիպելու, ծանոթանալու և հարցեր ուղղելու ֆիլմի` ազգությամբ քուրդ ռեժիսորին, ինչպես նաև հենց Դիարբեքիրի հայերին. հայեր, որոնք չնայած բոլոր դժվարություններին` շարունակել են պահպանել հայ ինքնությունը և բարձրաձայնել դրա մասին: Ֆիլմի ավարտից հետո երիտասարդ ռեժիսորը` Ումուտ Բոզյըլը, պատմեց իր մասին, անդրադարձ կատարեց ֆիմի առանձին հատվածների և պատասխանեց հանդիսատեսի հարցերին: Գազիանթեպի (Այնթափ) համալսարանի ուսանող Ումուտը կիսվեց ֆիլմի նկարահանման հետ կապված դժվարությունների մասին` ավելացնելով, որ, անշուշտ, հեշտ չի եղել «Ցեղասպանություն» բառը պարունակող, հայ համայնքի խնդիրների մասին պատմող ֆիլմով ներկայանալ Թուրքիայի հանդիսատեսին:

10609196_698948346809126_1497025443_nՈւմուտը նաև ընդգծեց, որ ամեն անգամ ֆիլմի դիտումից հետո դահլիճում կատարյալ լռություն է տիրում: Ֆիլմը մարդկանց ստիպում է մտածել և բարձրաձայնել այնպիսի հարցերի մասին, որոնց մասին խոսելը տարիներ շարունակ Թուրքիայում արգելված է եղել: Երիտասարդ կինոռեժիսորի խոսքերով` ֆիլմի միջոցով իր և ողջ քուրդ ժողովրդի անունից հայ ազգից ներողություն է խնդրում: Վերջին տարիներին վերանորոգված Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի գեթ մեկ անգամ այցելած ամեն մարդ գիտի Արմեն Դեմիրճյանին (հայկական անուն), ում համար եկեղեցին դարձել է երկրորդ տուն: Դիարբեքիրում հայկական մշակույթն ու երգը վառ պահող Ուդի Երվանդը (բեմական անուն) նույնպես ներկա էր միջոցառմանը: Կինոդիտմանը ներկա գտնվողները հնարավորություն ունեցան անձամբ ծանոթանալու նրանց հետ և լսելու նրանց պատմությունները: Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախագահ Ատոմ Մխիթարյանն էլ ողջունելով նախաձեռնությունը` կարևորեց ֆիլմի գոյությունն այն առումով, որ նախ Թուրքիայի հասարակությունը դիտելով ֆիլմը` իրազեկվելով կիմանա ճշմարտությունը իր կողքին ապրող հայերի մասին, և երկրորդ` հայ հասարակությունը կկարողանա հասցեական աջակցություն ցուցաբերել Թուրքիայի տարածքում ապրող հայերին` օգնելով վերադառնալ իրենց արմատներին

Վարդուհի Բալյան

Թուրքիայում կրկին հանքավայր է փլուզվել

հանքահորի փլուզում

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Զոնգուլդակի նահանգի հանքավայրերից մեկում փլուզում է տեղի ունեցել: Նախնական տվյալներով` 9 հանքափոր մնացել է գետնի տակ: Փլուզման պատճառները առայժմ հայտնի չեն: Փրկարարական աշխատանքները սկսվել են, հատուկ ջոկատները փորձում են անցք բացել և դուրս բերել հանքափորներին:

Զոնգուլդակում, որը համարվում է Թուրքիայի հանքարդյունաբերության կենտրոնը, 1992 թվականին խոշոր վթար էր տեղի ունեցել, որի հետևանոքով 263 հանքափոր էր զոհվել:

Թուրքական թանգարանը ցանկանում է ցուցադրել երկգլխանի դելֆինին

Ծովային կենսաբանը հայտնել է, որ իրենց համալսարանը տեղեկություններ չունի արևմտյան Թուրքիայի ծովափերից մեկում նկարված երկգլխանի դելֆինի գտնվելու վայրի վերաբերյալ:

երկգլխանի դելֆին

Երեքշաբթի օրը Մեհմեթ Գոկողլուն նշել է, որ հիմնվելով լուսանկարների վրա՝ կաթնասունը, ըստ երևույթին, դելֆինների միակցման արդյունքում է նման տեսք ստացել:

Նա հերքել է այն տեղեկությունները, որ Անթալիայում գտնվող իրենց համալսարանը ուսումնասիրում է կենդանու մնացորդները՝ ավելացնելով, որ իրենք կցանկանային ցուցադրել կենդանուն, եթե կարողանային գտնել:

Դելֆինի ձագին անցած շաբաթ հայտնաբերել էր մարզասրահի մի մարզիչ Էգեյան ծովի մոտ գտնվող Իզմիր քաղաքի ծովափերից մեկում:

Թուրքիան ռազմական գործողություններ չի իրականցնի Իրաքի և Սիրիայի իսլամական պետության դեմ

turkey-militaryԹուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Իրաքի իսլամական պետություն խմբավորման զինյալների դեմ ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ խոսք անգամ չի կարող լինել՝ ավելացնելով, որ իր երկիրը չի մասնակցել քրդական շրջանային կենտրոն Իրբիլ քաղաքի մոտակայքում ծայրահեղականների դեմ ԱՄՆ-ի իրականացրած օդային հարձակումներին:

Շաբաթ օրը պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը նշել է, որ իր երկիրը մինչ այժմ ոչ մի օգնություն չի տրամադրել ԱՄՆ-ին: Նա վկայակոչել է Թուրքիայի պատասխանատվությունը Թուրքիայի 49 քաղաքացիների նկատամամբ, որոնց Իսլամական պետությունը Մոսուլում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանից գերի է վերցրել հունիսին: Գերիների մեջ են դիվանագիտական աշխատակազմի անդամները, հատուկ ուժերի ոստիկանությունը և երեխաներ:

Յիլմազը հայտնել է, որ այս ամենի պատճառով իրենք որևէ այլ բան չեն կարող անել:

 

Անկախ

Թուրքիան առաջին անգամ նախագահ է ընտրելու ժողովրդի ուղիղ քվեարկությամբ

o_992382Թուրքիան պատրաստվում է երկրի համար պատմական ընտրությունների: Առաջին անգամ այն անց է կացվելու ուղիղ քվեարկությամբ.մինչ այդ պետության ղեկավար էր ընտրում խորհրդարանը: Այսօր հանրապետությունում լռության օր է ու ցանկացած տեսակի քարոզ` արգելված: Հարցման համաձայն, վարչապետ Էրդողանի հետ մրցակցության մեջ է Էքմելեդին Իհսանօղլուն ու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության համանախագահ Սելյահաթին Դեմիտաշը:

Էրդողանի հաղթանակը` քաղաքագետների կարծիքով, կարող է լուրջ սահմանադրական փոփոխություններ բերել.խորհրդարանական հանրապետությանը կփոխարինի նախագահականը: Պետության  ու կառավարող կուսակցության ղեկավարի պաշտոնում Էրդողանի համար առավելագույն ժամկետը լրացել է, ուստի, նախագահական մրզավազքում հաղթանակը նրա վերջին հնարավորությունն է մեծ քաղաքականության մեջ մնալու, հաղորդում է “Россия 24”-ը:

Թուրքիայում հայազգի ոսկերիչը թանկարժեք քարերով Ալլահի 99 անուններն է գրել

ustaԹուրքիայի հայազգի քաղաքացի 40-ամյա Շենոլ Վայվալակոն 22 տարի է, ինչ զբաղվում է ոսկերչությամբ: 7 տարի առաջ, երազում Մուհամեդ մարգարեին տեսնելուց հետո, նա որոշում է ընդունել իսլամ: Այնուհետև Վայվալակոն իր կյանքի 4,5 տարիները նվիրել է Աստծու անունների գրությանը: Մշակելով մոտ 15 հազար ադամանդ` նա ստեղծել է Ալլահի 99 անունները պատկերող մի աշխատանք`այսպիսով հավակնելով գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:

Անթալիայի Մուրադփաշա շրջանում ապրող Վայվալակոն «Ռադիկալին» պատմել է իր երազի մասին: «Այդ երազից հետո ինքս ինձ շատ արժեքավոր տեսա: Մտածեցի, որ իսլամի համար ինչ-որ բան պետք է անեմ: Մեկ տարի անց որոշեցի Ալլահի անունները պատկերել: Մարդիկ ինձ խորհուրդ էին տալիս չդիմել այս քայլին, բայց ես, հավատալով իմ երազին, վաճառեցի տունս, մեքենաս և Աստծո օգնությամբ արեցի: Իմ ստեղծագործությունն առաջինն ու միակն է աշխարհում»,-նշել է Վայվալակոն:

Աշխատանքի հեղինակը հայտնել է, որ դիմում է ներկայացրել Գինեսի ռեկորդների կազմակերպությանը և շուտով դրական պատասխանի է սպասում: Վայվալակոն նշել է նաև, որ իր ստեղծագործությունը նմանօրինակը չունի, և նա պատրաստվում է ապագայում ավելի մեծ չափսի ևս մեկը հեղինակել:

 

Անկախ 

Թուրքիան նախագահական ընտրությունների շեմին

օգոստոս 10

1923 թվականին հիմնվեց Թուրքիայի Հանրապետությունը, որի առաջին նախագահը դարձավ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: Այդ ժամանակներից գրեթե մեկ դար անց 2014 թվականի օգոստոսի 10–ին Թուրքիան պատրաստվում է ընտրել իր 12–րդ նախագահին: Առաջին անգամ երկրի պատմության մեջ նախագահին կընտրի ժողովուրդը` ուղիղ քվեարկության միջոցով:

Այսպես նախագահական ընտրություններին առաջադրված է երեք թեկնածու: Ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը հանդես կգա իշխող Արդարություն և զարգացում կուսակցության անունից: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Ազգայնական շարժում կուսակցությունները որոշեցին առաջադրել միասնական թեկնածուի` Էքմելեդդին Իհսանօղլուին: Իսկ ահա Թուրքիայի փոխրամասնություններին միավորած Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից պայքարի մեջ մտավ Սելահադդին Դեմիրթաշը:

Հետևելով Թուրքիայում ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքին` կարելի է նկատել, որ քաղաքացիները առանձնապես հետաքրքրված չեն գալիք ընտրություններով, երկրում ոգևորությունն աննշան է, քանի որ արդյունքը առավել քան կանխատեսելի է: Համեմատություն անցկացնելով մարտ ամսվա վերջին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների հետ` ակնհայտ է, որ հիմնական պայքարը ընթանում էր այն ժամանակ և պարզ էր, որ գրանցված արդյունքները պայմանավորելու են նախագահական ընտրությունների ելքը: Այս պարագայում սպասել է, որ Էրդողանը պարզապես ամրապնդելու է իր հաղթանակը:

Նախագահական ընտրություններին ընդառաջ անցկացված վերջին սոցիալական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Էրդողանը հավաքելու է քվեարկողների ձայների 55 տոկոսը (ՏԻՄ ընտրություններ ժամանակ Էրդողանի գլխավորած ԱԶ կուսակցությունը հավաքել էր ձայների 45,6 տոկոսը, հանարապետականները` 27,8, իսկ ազգայնականները 15,2 տոկոս ձայներ), այսինքն շատ քիչ է հավանականությունը, որ ընտրությունները կտեղափոխվեն հաջորդ փուլ: Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, ապա Իհսանօղլուն ակնկալում է ստանալ 38 տոկոս ձայներ, իսկ Դեմիրթաշը միայն 7,5 տոկոս:

Անդրադառնալով թեկնածուների նախընտրական քարոզարշավներին, ելույթներին և խոստումներին` պետք է նշել, որ ընտրապայքարի առաջին իսկ օրերից ակնհայտ դարձավ, որ թեկնածուները շեշտը դնելու են կրոնական գործոնի վրա: Բանն այն է, որ Թուրքիայում ընտրողների մոտ երկու երրորդը հավատացյալ մուսուլմաններ են և բնական է, որ թեկնածուները հաշվի էին առնելու այս հանգամանքը: Թայիփ Էրդողանը, պայքարի մեջ մտնելով «Ազգային կամք, ազգային ուժ» կարգախոսով, իր առաջին ելույթը սկսեց աղոթքով և այն ավարտեց Ղուրանից տողերի մեջբերմամբ: Լինելով չափավոր իսլամի հայեցակարգով առաջնորդվող կուսակցության ղեկավար` Էրդողանի այս մոտեցումը բնական էր: Իսկ ահա նրա մրցակից ԺՀԿ-ԱՇԿ միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուի առաջադրումը այնքան էլ սպասել չէր: Իհսանօղլուն, տարիներ շարունակ գլխավորելով Իսլամական համագործակցություն կազմակերպությունը, ներակացնում է պարկեշտ հավատացյալի մի կերպար: Սա թույլ է տալիս նրան ձայներ ակնկալելու ոչ միայն իրեն առաջադրած կուսակցությունների, այլև կրոնամետ ԱԶԿ-ականների կողմից: «Հացի համար Էքմելեդդին» կարգախոսի ներքո հանդես եկող թեկնածուն Էրդողանից տարբերվում է իր զուսպ և հավասարակշիռ պահվածքով, միջազգային հարթակներում աշխատելու բազմամյա փորձով:

Իսկ ահա ԺԴԿ-ի թեկնածու Սելահադդին Դեմիրթաշը որոշեց գնալ այլ ճանապարհով: Էրդողանի և Իհսանօղլուի հետ պահպանողական զանգվածների ձայների համար պայքարելու փոխարեն նա նախընտրեց հիմնվել երկրի աշխարհիկ ազգաբնակչության վրա: Իրեն համարելով Թուրքիայի փոքրամասնություններին ներկայացնող թեկնածու` Դեմիրթաշը ակնկալում է ստանալ ոչ միայն քուրդ քաղաքացիների ձայները, այլ նաև մյուս փոքրամասնությունների` այդ թվում և հայերի աջակցությունը: Կանխատեսվում է, որ քուրդ թեկնածուի օգտին կքվեարկեն նաև զգալի թվով ալևիներ: Դեմիրթաշը իր նախընտրական ելույթներում մշտապես շեշտը դնում է միասնության և խաղաղության գաղափարի վրա` մերժելով ազգային և կրոնական խտրականության դրսևորումները:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հայության դիրքորոշմանը, ապա այս հարցում միասնական կարծիք չկա: Երեք թեկնածուն էլ կարող են ձայներ ստանալ հայ համայնքից: Մասնավորապես համայնքի ավելի ավագ և պահպանողական սերունդը, քիչ թե շատ գոհ լինելով Էրդողանի վարչապետության տարիներին տեղի ունեցած դրական փոփոխություններից, կքվեարկի նրա օգտին: Իհսանօղլուին աջակցող հայերի թիվը քիչ է, իսկ ահա Դեմիրթաշին նախագահի պաշտոնին ցանկանում են տեսնել ընդդիմադիր, ձախ կողմնորոշում ունեցող, հիմնականում երիտասարդ սերունդի ներկայացուցիչները: Այնուհանդերձ հասկանալի է, որ փոքրաթիվ հայ համայնքի ձայները ոչ մի էական նշանակություն չեն կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Թուրքիայում նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ ամեն ինչ կարծես պարզ է: Ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, հաղթանակ կտոնի հենց առաջին փուլում` դառնալով Թուրքիայի նոր նախագահը: Այնուհետև կմեկնարկի սահմանադրական բարեփոխումների գործընթացը` նպատակ ունենալով փոփոխել պետության կառավարման համակարգը և վարչապետականից անցնել նախագահական ղեկավարման: Կարելի է նկատելի է, որ այժմ Թուրքիայում ավելի շատ քննարկվում է այն հարցը, թե Էրդողանից հետո ով է ստանձնելու վարչապետի պաշտոնը: Հավանական թեկնածուները երկուսն են` ներկայիս ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և Էրդողանի մտերիմ ընկեր, ԱԶ կուսակցության հիմնադիրներից Մեհմեդ Ալի Շահինը: Այսպիսով, Թայիփ Էրդողանն ու նրա գլխավորած կուսակցությունը դեռ երկար ժամանակ կշարունակեն ղեկավարել Թուրքիան` փորձելով հանրապետության հիմնադրման 100–ամյակին ընդառաջ կյանքի կոչել «Նպատակ-2023» ծրագրի կարևոր կետերը:

 

 

Տաթևիկ Սարգսյան, Թուրքիա