ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել բուհի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Մուրադյանին: Նախարարը նշել է, “ներկայացնել”արտահայտությունը գուցե տեղին չէ, քանի որ Դավիթ Մուրադյանը երկարամյա դասախոսական աշխատանքի փորձ ունեցող անձնավորություն է, մարդ, ով ԵԹԿՊԻ հետ կապված է իր կենսագրությամբ, բուհի կոլեկտիվին քաջ ծանոթ մարդ, մտավորական: “Ուզում եմ տեղեկացնել, որ նշանակման առթիվ ես խոսել եմ նաև բուհի խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի նախարար տիկին Պողոսյանի հետ, ով ևս կիսում է մեր մոտեցումը` կադրային քաղաքականության առումով: Բոլորս էլ գիտենք, որ այսօր բուհի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ` սկսած բուհի ուսումնական գործընթացի կազմակերպումից մինչև ֆինանսական կայունության ապահովում, ոըը պետք է լուծենք միասին”,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով ինստիտուտի կոլեկտիվին` այս ընթացքում համախմբվածություն ցուցաբերելու, ինչպես նաև բուհի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մինասյանին` ռեկտորի մահից հետո բուհը կայուն վիճակում պահելու համար: “Շնորհակալ եմ, որ ձեր կոկեկտիվն ըմբռնումով է մոտեցել խնդրին, միաժամանակ ցանկանում եմ նաև հայտնել, որ շուտով կհայտարարվի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Այն բաց մրցույթ է, և ռեկտորի համար նախատեսված բոլոր չափանիշներին համապատասխանող բոլոր թեկնածուները կարող են մասնակցել”,-նշել է Ա. Աշոտյանը` հույս հայտնելով, որ մոտակա տարիների համար բուհը կունենա կայուն զարգացման լավ հիմքեր, և այդ հարցում նախարարությունը կաջակցի բուհին` բոլոր խնդիրերը միասին լուծելու համար: Նախարարը նաև հերքել է այն մտավախությունը, որ բուհը կարող է միանալ այլ ուսումնական հաստատության` վստահեցնելով, որ տեսանելի ապագայում նման խնդիր դրված չէ:
Tag Archives: Արմեն Աշոտյան
Մեկնարկում է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` “Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին”: Հավաստագրման քննություններին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ավարտել են 2010 թ. մայիսի 18-ի “Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգով” նախատեսված վերապատրաստման դասընթացները:
•դիմում նախարարի անունով / Ձև-2/.
•վկայական` վերապատրաստման դասընթացներին մասնակցելու վերաբերյալ.
•բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
•աշխատանքային գրքույկի բնօրինակը և պատճենը կամ քաղվածքը.
•անձնագրի պատճենը,
•3×4 չափսի մեկ լուսանկար։
Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել 2014թ. ապրիլի 8-25-ը ներառյալ, ժամը՝ 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն/ հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483/:
ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է կանանց
Սիրելի´ կանայք, մայրեր և քույրեր,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները` մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Գարնանային այս գեղեցիկ օրը պատեհ առիթ է` երախտիքի, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու ձեզ և արժևորելու ձեր անգնահատելի դերն ընտանիքում, աշխատավայրում և հանրային կյանքում:
Բնությունը կնոջն է պարգևել մայրանալու մեծագույն շնորհը, որը հնարավորություն է տալիս մեզ` շրջապատող աշխարհում անընդհատ առնչվել աստվածային արարման բերկրանքին:
Յուրաքանչյուրիս համար մայրական աղոթքով ու օրհնանքով է սկսվում ամեն մի նախաձեռնություն ու նրանով է ոչ միայն չափվում, այլև զարգանում ու տարածվում բարին, լավն ու գեղեցիկը:
Կնոջ կեցվածքով է պայմանավորված մարդկային հարաբերությունների ներդաշնակությունը, ընտանիքի ամրությունն ու երջանկությունը:
Տոնի առթիվ շնորհավորում եմ բոլոր կանանց ու մայրերին, մաղթում նրանց ընտանիքներին բարօրություն, կանացի հմայք ու գեղեցկություն:
Եղեք սիրված և միշտ ժպտացեք:
Ա. Աշոտյան. «Նպատակասլացությունը և գիտելիքը, համառության պարագայում անպայման բացելու են հաջողության դռները»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ընդունելով Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոս Նարինե Մկրտչյանի առաջարկությունը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանդես է եկել դասախոսությամբ: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` նախարարը նշել է, որ բուհ է եկել` ավելի շատ տանելու, քան տալու, քանի որ, ըստ Ա. Աշոտյանի, ուսանողական լսարանն այն ամենաազատական լսարաններից մեկն է, որտեղ երբևէ կարելի է հանդիպում ունենալ: Դասախոսության սկզբում նախարարը փոքրիկ հարցում է անցկացրել` պարզելու, թե ովքեր են կողմ նախարարության քաղաքականությանը` բարձրագույն կրթության ոլորտում և նախանշելու ուսանողներին առավել մտահոգող հարցերը: Ա. Աշոտյանը մատնանշել է բարեփոխումներից դժգոհ ուսանողների համար հնարավոր պատճառները: “Կարծում եմ` առաջին պատճառն ուսումնառությունից հետո աշխատանք գտնելու հարցն է, որը, ի դեպ, այդքան էլ կապ չունի կրթության հետ, և երկրորդ` հետևանք է ձեր` մասնագիտության ազատ ընտրության: Այնպես որ, այս հարցում պետք է պատասխանատվությունը կիսել: Դժգոհության երկրորդ պատճառը, կարծում եմ, ուսման վարձերի բարձր լինելն է: Սակայն ուզում եմ հարց տալ` ձեզանից քանիսն են լավ սովորելով` արդարացնում իրենց ծնողների ծախսերը: Համոզված եմ, որ այսօր վատ սովորողների ճնշող մեծամասնությունը կորցրել է երախտիքի զգացումն իր ծնողների նկատմամբ: Եվ երրորդ` կա տարբեր ուսանողություն. 25-30 տոկոսը դրա փայլուն հատվածն են, նույնքանն էլ կազմում են վատ սովորող ուսանողները, մնացածը միջանկյալ հատվածն է, այսինքն նրանք, ովքեր կարող են դառնալ ավելի լավը, բայց կորցրել են հավատը կրթության հանդեպ: Անշուշտ, սովորելու համար պետք է մոտիվացիա լինի. առաջին` լավ սովորելով` դուք ապահովում եք ձեր բարեկեցիկ ապագան: Գիտելիքը պետք է ուղիղ կապ ունենա բարեկեցության հետ: Այս ճշմարտությունը, ցավոք, մեր երկրում լիարժեք չի գործում, սակայն ուզում եմ փաստել, որ հարյուրավոր երեխաներ իրենք են իրենց ճանապարհը բացել: Երկրորդ` ընդունվել եք բուհ, որովհետև այդպես է ընդունված, և այն նաև իմիջային հարց է: Սակայն սա ևս լիարժեք օրինաչափություն չէ Հայաստանում. այսօր չափից շատ շատ ուսանողներ են ընդունվում բուհեր, և, այսպես ասած, ընտրյալների շարքը ընդլայնվել է, ուստի որոշակի արժեզրկում է տեղի ունեցել: Եվ երրորդ` ընդունվել եք, որպեսզի բարձրանաք սոցիալական հիերիարխիայով, որը ևս լիարժեք օրինաչափություն չէ մեր երկրում: Այսինք, այս երեք մոտիվացիաները դեռևս բացարձակ չեն Հայաստանի պարագայում, և փաստացի ուսանողների մոտ առկա է որոշակի հիասթափություն: Ուզում եմ ձեզ, սակայն, հավաստիացնել, որ ճանապարհ հաղթում է այն մարդը, ով հավատում է այս երեքից գոնե երկուսին: Ձեր նպատակասլացությունը և գիտելիքը, համառության պարագայում անպայման բացելու են հաջողության դռները, և դուք ունենալու եք հաջողության պատմություններ` ձեր աշխատասիրության շնորհիվ “,-դիմելով ուսանողներին` նշել է նախարարը` խորհուրդ տալով օրական առնվազն 10 էջ ընթերցել` հակառակ պարագայում, ըստ Ա. Աշոտյանի, այդ օրը կարելի է կորած համարել:
Դասախոսությունից հետո ուսանողները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, մասնավորապես, որոնք են եղել նախարարի ընթերցած վերջին 10 էջերը կամ ինչու բուհերն իրենց շրջանավարտների տվյալները չեն ուղարկում բոլոր գործատուներին: Հարցի հեղինակը համոզված էր, որ նման գործառույթ բուհերն ունեն` համաձայն Բոլոնիայի գործընթացի ընթացակարգի: Ի պատասխան` նախարարը հանգամանալից բացատրել է Բոլոնիայի գործընթացի սկզբունքները` ընդգծելով, որ նման պարտավորություն բուհերն իհարկե չեն ստանձնել, քանի որ այն իրականում նախատեսված չէ Բոլոնիայի գործընթացով: Այլ հարց, որ բոլոր բուհերը, ըստ Ա. Աշոտյանի, պարտավոր են ունենալ կարիերայի կենտրոններ, որտեղ գործատուները պետք է ներկայացնեն թափուր աշխատատեղերը և պահանջարկը: “Իհարկե, բուհերի մեծ մասում այդ կենտրոնները գործում են, սակայն շատ հաճախ դրանք կրում են ձևական բույթ, որովհետև չունենք պատշաճ կապ աշխատաշուկայի հետ: Այն ոլորտներում, որտեղ գործատուն շահագրգռված է ունենալ որակյալ կադրեր, գործերն առաջ են գնում: Որպես ապացույց` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը”,-նշել է նախարարը` ընդգծելով, որ իրականում Բոլոնիայի գործընթացը հետևանք էր Եվրոպայում միասնական տնտեսության զարգացման, որն իր հետ բերեց միասական աշխատաշուկա և միասնական կրթական տարածք: “Եվրոպայի պետությունները եկել էին համաձայնության, որ կճանաչեն ավարտական վկայականները, եթե այդ երկրներում գործի կրթության եռաստիճան համակարգ, ներմուծվեն կրեդիտներ, որակի հսկման մեխանիզմներ` ներքին և արտաքին, ինչպես նաև թափանցիկության գործիքներ` սկսած հասարակությանը հաշվետու լինելուց մինչև վարկանիշավորում: Չլինելով եվրոպական տնտեսական տարածքի մաս` Հայաստանը փորձել է ներմուծել այդ ստանդարտները` միաջգայնորեն ճանաչելի դարձնելու համար իր կրթությունը”,-նշել է նախարարը:
Ուսանողներին հետաքրքրել է նաև 12-ամյա կրթության անցումը, որին ի պատասխան` Ա. Աշոտյանը նշել է, որ այս պարագայում ևս կա միջազգային ստանդարտ: Նախարարը վստահեցրել է, որ կրթության ոլորտում կայացված որոշումնեը հիմնականում ճիշտ են եղել, որոշակի խոչընդոտներ առաջացել են` դրանց իրականացման գործընթացում
Նախարարին հարցեր են ուղղվել նաև բուհերում քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքի, ուսխորհուրդների քաղաքականացված լինելու, վերջին շրջանում բուհերից մեկում ուսանողների մասնակցությամբ արձանագրված տհաճ միջադեպի վերաբերյալ, որոնց կապակցությամբ Ա. Աշոտյանը ներկայացրել է իր դիտարկումները և լուծման ուղիները: Ուսանողներին հետաքրքրել է նաև նախարարի կարծիքը Ղրիմում կայացած հանրաքվեի և ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վերաբերյալ, որին ի պատասխան` Ա. Աշոտյանը նշել է, որ քվեարկության ժամանակ Հայաստանն առաջնորդվել է միմիայն իր ազգային շահերով: Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել նաև բուհերի խոշորացման, նախարարի պաշտոնի, ինչպես նաև արտագաղթի և դրանով պայմանավորված` որակյալ կադրերի արտահոսքի վտանգի հետ կապված:
«Նապոլեոնիզմով տառապելը լուրջ շեղում է». Նաիրա Զոհրաբյան
Բարձրագույն և հետբուհական կրթության մասին կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ ելույթ ունենալով` ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես հասկանում եմ, որ տվյալ քաղաքական ուժի համար լկտիությունը տաքարյունության հոմանիշն է, ցինզմը և դատարկաբանությունը՝ ինտելեկտի հոմանիշը, ակնհայտ տափակախոսությունը՝ կրեատիվ լինելու հոմանիշը»:
Հիշեցնենք, որ երեկ այս նախագծի քննարկման ժամանակ վիճաբանությունէր ծավալվել Նաիրա Զոհրաբյանի և Արմեն Աշոտյանի միջև, և նրա քննադատությունը միտված էր հենց վերջինիս:
«Ինտելեկտին պարբերաբար հղումներ անելուց առաջ ճիշտ կլինի գոնե աշխատեք, որ Ձեր և այլ կարկառուն ներկայացուցիչ օգտատերերի ֆեյսբուքյան ճախրանքներում խայտառակ ուղղագրական սխալներ չլինեն: Ես չեմ պնդում, որ դա պարզ տառաճանաչության ու գրագիտության պակաս է, բայց հակառակ վարկածը հերքել չեմ կարող»,-հավելեց պատգամավոր Զոհրաբյանը,-չեմ խոսում որոշ կարկառուն օգտատերերի երբեմն-երբեմն արված օտարալեզու պասաժների մասին, որտեղ, օրինակ, երեք բառից բաղկացած պարզ համադասական նախադասության մեջ բառերի բոլոր տառերը կարող են սխալ լինել: Սովորելը երբեք ուշ ու ամոթ չէ, ինքնուսույցներ վարձեք, փողը այլ ֆունկցիոնալ նշանակություն ևս ունի՝ բացի ընտրություններ կեղծելուց: Նապոլեոնիզմով տառապելը լուրջ շեղում է: Դատելով որոշ դեպքերի խիստ կլինիկական պրոգրեսից` նրա դեմ պատվաստումը դեռևս գտնված չէ, առողջ եղեք»:
Այս ելույթից հետո խորհրդարանիի նախագահը, դիմելով Նաիրա Զոհրաբյանին, ասաց. «Հանրությանը շեղում եք, այլ հարց ենք քննարկում: Հանրությունն է, որ Ձեր խոսքերին դիմանում է` ձեր կարկառուն մտքերին»:
«Նախագահականից հետո կանյաչնին թիթիզություն ա». Աշոտյանի պատասխանն ընդդիմախոսներին
Խորհրդարանում կառավարության ներկայացրած «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկմանը՝ եզրափակիչ ելույթում, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնավորապես անդրադաձավ երկու խիստ քննադատական ելույթներին՝ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ելույթներին, իսկ ընդհանուր առամամբ հնչեցրած ելույթները գնահատեց վատ PR աշխատանք։
«Այսքանից հետո Կրթության և գիտության նախարարին մնում է մեկ հարց տալ՝ տղե´րք, ձեր PR մենեջերն ո՞վ է, հանեք գործից։ Տարրական քարոզչական ծուղակի մեջ կարելի՞ է ընկնել, այն էլ 4 ուժերի կողմից»,-ասաց նա և կենտրոնացավ խիստ քաղաքական քննադատություն պարունակող երկու ելույթններին։
«Այդ երկուսը հաստատ միասին աշխատել են, երկուսն էլ բանիմաց են, խելացի են, բայց նրանց ամբիցիաները շատ են, քան այն աշխատանքը, որն իրենց միավորում էր։ Երկուսն էլ երևի մի քիչ մազոխիստական զգացումներ ունեն, երեկվանից հետո ինձ կրկին խոսացնել փորձելը ոչ այլ ինչ է, քան մազոխիզմ»,-ասաց նա և նրանց մի քանի մտքերին անդրադարձավ առանձին՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Աշոտյանը լրջանալու կարիք ունի և ԱԺ-ն «կլուբ վիսյոլիխ ու նախոդչիվիխների պոլուֆինալը» չէ։
«Կավեենը վատ խաղ չի, դա արագ կողմոնորշվելու, խելքի բան է, և ինչու չէ, նաև ուրախության, ժպտացեք, կյանքը շատ ավելի լավ է, քան դուք պատերացում եք»,-ասաց նա և նշեց, թե ավելի լավ է « չտո, գդե, կոգդա» խաղալ, կամ կավեենի սցենարներ բեմադրել, քան լինել պոտենցիալ կրիմինալ ժանրի կամ 02-ի հերոս կամ օրինակ, քաղաքական տնփեսա սերիալի հերոս»,-ասաց նա։
Դիմելով Նիկոլ Փաշինյանին` նախարարը նշեց, թե նրա վիճակը շատ բարդ է և ինքը հասկանում է դա։ «Իմ վիճակն էլ է բարդ։ Հիմա ձեզ շատ քննադատեմ, որոշները կասեն` Աշոտանը իշխանություն լինելով ձեզ քննադատում է, որպեսզի ձեզանից սարքեն ընդդիմության առաջնորդ։ Գովեմ` կասեն իշխանության պրոյեկտն է, գովում է։ Չգիտեմ` ոնց վարվեմ` «սվոյ սրոդի չուժիխ, չուժոյ սրեդի սվայիխ», ծանր է վիճակը, հասկանում եմ, բայց իմ վիճակն էլ ծանր է, ինձ էլ հասկացեք, ոնց անեմ, որ ձեզ վնաս չտամ, բայց մի բան ասեմ էլի»,-ասաց նա։
Նախարարի այս խոսքերից հետո Նիկոլ Փաշինյանը տեղից արձագանքում էր, սակայն Աշոտյանն ուշադրություն չդարձրեց և անցավ ԲՀԿ-ին։ «Ասում են` քաղաքականացվել է կրթության համակարգը, երեկ բացեցի հետաքրության համար ԲՀԿ կայքը և տպեցի վերջին համագումարի խորհրդի կազմը՝ 200 հոգի, որից 20 հոգին ներկայացնում են կրթական համարգը, ոչ թե շարքային մակարդակով, այլ ռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ։ Տղե´րք, եթե քաղաքականացրել ենք, քաղաքականացրել ենք միասին, եթե չենք քաղաքականացրել, ուրեմն չենք քաղաքականցրել ոչ մեկս»,-նշեց նա։
Ապա անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի ելույթին` ասաց. «Որոշ մարդիկ ինձ համեմատեցին Նապոլեոնի հետ, շնորհակալ եմ, ուզում եմ փոխադարձ շռայլություն անել և ասել, որ բացի քաղաքական նապոլեոնիզմից կա նաև քաղաքական կլեոպատրիզմ, գիտեք դա ինչ է, խելացի, գեղեցիկ կին, որը փորձում է տղամարդկանց մանիպուլացիայի ենթարկելու միջոցով ղեկավարել աշխարհը։ Ինչպես ավարտեց Կլեոպատրան…չէ այնքան էր փոխել իրեն, որ ոչ մի թույն չէր ազդում, ստիպված իրանից ավելի թունավոր բան գտավ, որպեսզի խայթի և մահանա»,-ասաց նա։
Նախարար Աշոտյանը նաև անդրադաձավ քննարկմանը` նշելով, թե այն իր գլխի մեջ չի տեղավորվում։ « Ինձ թվում էր, թե պետք է ինձ մանթռաժ գցեին, այսիքն իրական ռակուրսը հետևյալն է` 4 քաղաքական միավորում, Ժառանագությանը հանում եմ, մի քիչ էլ ինտրիգ մտցնեմ, պարոն Հակոբյան, երեք քաղաքական միավորում ընդդեմ մի միավորի` 19 հոգանոց գործադիր մարմնի … հրաշալի խումբ է, լավ քաղաքական կուրս է, ճիշտ փոխարժեք է, լավ ցուցանիշ է։»,-ասաց նա։
Եվ ընդհանրապես, Աշոտյանի խոսով՝ «Ճաշից հետո մանանեխ պետք չէ»։ «Ճաշից հետո մանանեխ պետք չէ ժողովուրդ, բռնցքամարտից հետո ավելորդ շարժումներ պետք չէ, ես դրա արդիական ասացվածքն եմ հորինել` նախագահականից հետո կանյաչնին թիթիզություն ա։ Էսա..»,-ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է ԲՀԿ «տիկինի» այն հայտարարությանը, թե իրենց քվեարկությունը կախված է այն հարցից, թե ուսման վարձերը կբարձանան թե ոչ, ասաց. «Շատ լավ է, որ քվեակությունը դրանից է կախված և ոչ թե ուրիշ բաներից։ Բարձրացնելու եք արդյոք ուսման վարձը և այլն, եթե բարձրացնում ենք վերին շեմը, ապա ակնհայտ է, որ վերին շեմի սահմանումից հետո կարող է ուսման վարձերը բարձրանալ բացառապես որակի պատճառով։ Այսինքն՝ այսօրվա ուսման վարձերը, չեմ կարծում, որ մոտ ապագայում բարձրանալու միտում ունեն»։
Կրթության նախարարը տարկետման հարցում համաձայն է Ռուբեն Հակոբյանի հետ
Բուհերի ուսման վարձերը մոտ ապագայում չեն բարձրանա: Կրթության մասին օրինագծերի քննարկման վերաբերյալ եզրափակիչ ելույթում Ազգային Ժողովում հայտարարեց կրթության և գիտության նախարարը: «Եթե, օրինակ, լուրջ ամերիկյան ուսումնական ծրագրեր բերվեն Հայաստան, ապա բնական է, որ այդ ծրագրերի գինը ամերիկյանից պետք է մոտ չորս անգամ ավելի էժան լինի, բայց միևնույնն է, մեր երկրի պայմաններում 10-12 հազար ԱՄՆ դոլարից պակաս չի լինի: Ի՞նչ անենք, չբերե՞նք նման ծրագրեր Հայաստան, որովհետև ուսման վարձերը պետք է պահել 180 հազար դրամի մակարդակին»,-հարցրեց նախարարը:
Ըստ Արմեն Աշոտյանի, խոսքը «Քենեդի Բիզնես» ծրագիրը Հայաստան բերելու մասին է, որի շուրջ արդեն բանակցություններ են ընթանում: Ինչ վերաբերում է տարկետման իրավունքին, ապա, կրթության նախարարը համաձայն է Ժառանգության խմբակցության ղեկավար Ռուբեն հակոբյանի հետ, որ պետք է դա հանվի: Այս մասին ընդդիմադիր պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունն այսօրվանից Ազգային ժողովում շրջանառության մեջ է: Այս հարցում Կրթության նախարարն ասաց, որ, որ անհրաժեշտ է քաղաքական միասնություն:
Մի ցանեք քամի, որովհետև դրա պատասխանը փոթորիկ է լինելու, չի կարելի. Արմեն Աշոտյանի արձագանքը բնապահպանության նախարարի երեկվա պահվածքին
՛՛Ես առաջարկում եմ միասին հետևել հին ճշմարտությանը՝ որոնել արմատները, դրանք հետևյալն են, վաղուց մեր հասարակական-քաղաքական քննարկումների դաշտում, այդ թվում որոշ ԶԼՄ-ների պատճառով, բառամթերքի կտրուկ անկում կա, և չի կարելի մեղադրել մարդուն, որին հետևողականորեն սադրում են՝ միջոցառումը խանգարելով ու տարբեր տեսակ վանկարկումներով՝ ասելով՝ դուք ծախել եք հանքը, դա վիրավորա՞նք է, թե՞ չէ, դուք կաշառք եք վերցրել, վիրավորա՞նք է, թե՞ չէ: Բնավ համաձայն չեմ, թե ակտիվիստներն ու լրագրողները նախարարի մասնագիտական գործունեության մասին են խոսել: Ի՞նչն է մասնագիտական գործունեության մասին, եթե դիմացինիդ ասում ես՝ դուք կաշառակեր եք կամ վաճառել եք երկիրը… մենք տարբեր պատկերացումներ ունենք մասնագիտական լրատվական գործունեության մասին այդ դեպքում: Եթե կան նման տեսակի ահազանգեր, խնդրեմ՝ հրապարակեք և դիմեք պատկան մարմիններին, եթե չկան, բարի եղեք պարկեշտություն պահպանեք: Ես վաղուց եմ ասել՝ մի ցանեք քամի, որովհետև դրա պատասխանը փոթորիկ է լինելու, չի կարելի՛՛, – բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի երեկվա պահվածքի մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս նման կարծիք հայտնեց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ երեկ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պահվածքը ցնցել էր բոլոր լրատվամիջոցները: Նախարարն իրեն կեղտոտ ջուր առաջարկած ակտիվիստին ասել էր՝ ՛՛ականջներդ կկտրեմ, այ լակոտ՛՛:
Արմեն Աշոտյանը, սակայն, համառորեն գտնում է, որ այդ ակտիվիստներն են սադրել նախարարին: Լրագրողների հարցին, թե վերոնշյալն արդյո՞ք նշանակում է, որ ինքն արդարացնում է Արամ Հարությանյանի նման պահվածքը, Արմեն Աշոտյանը հարցով պատասխանեց. ՛՛Իսկ դուք արդարացնո՞ւմ եք քաղաքացիական ակտիվիստներին, որոնք նման տեսակի վանկարկումներով վարկաբեկում են կառավարության անդամներին: Դուք արդարացնո՞ւմ եք այն լրագրողներին, ովքեր գրում են ամենավերջին վիրավորանքները որոշ կայքերում, արդացանո՞ւմ եք այն ակտիվիստներին, ովքեր սադրում են, թե՞՝ չէ՛՛:
Արմեն Աշոտյանը չի բացառել ՀՊՃՀ-ի և ԵՊՃՇՀ-ի վերամիավորման հնարավորությունը
Հայաստանի պետական ճարտարագիտական համալասրանում /Պոլիտեխնիկում/ հրավիրված ռեկտորատի նիստն այսօր վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը ՀՊՃՀ պրոֆեսորոդասախոսական անձնակազմին ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին:
ՀՀ ԿԳ նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Ա. Ավետիսյանին՝ աշխատանքի համար: Ներկայացնելով նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարին՝ Ա. Աշոտյանը կարևորել է նրա փորձն ու հմտությունը բուհական համակարգի կառավարման ոլորտում և վստահություն հայտնել, որ բուհի անձնակազմի հետ նրա աշխատանքը արդյունավետ կլինի: “Հայաստանի բուհական համակարգում Պոլիտեխնիկը մշտապես առաջատարների շարքում է եղել և ունի կայուն ավանդույթներ ու մշակույթ, որի անբաժանելի մասն է պոլիտեխնիկցի կոչումը: Ես գիտեմ, որ այդ կոչումը բուհում հպարտությամբ են կրում և պահպանում: Մեր ակնկալիքները պոլիտեխնիկից մեծ են, և բուհը, ինչպես տարիներ առաջ, պետք է դառնա տնտեսության առաջատար կադրերի պատրաստման դարբնոցը: Իմ պահանջն է՝ լինել ավելի նպատակային ծրագրերի զարգացման և նախաձեռոնության գործընթացում: Բուհական համակարգի ամենահզոր ուժը ուսանողությունն է, շատ կարևոր է, որ կրթության զարգացման միասնական քաղաքականությունը ուսանողների կողմից աջակցություն ստանա “,- իր խոսքում նշել է նախարար Ա. Աշոտյանը:
ՀՊՃՀ ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2014թ. մարտի 18-ից կդադարեցվեն “Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում` լուծելով 2011 թվականի հուլիսի 25-ին կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը` իր դիմումի համաձայն:
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել են նաև ԵՊՃՇՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորություններն այդ պաշտոնում և նախարարի մեկ այլ հրամանով Հովհաննես Թոքմաջյանի վրա են դրվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պարտականությունները:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել` աշխատանքային լարված մթնոլորտի պատճառով:
Ա. Աշոտյան.«Կառավարության իրականացրած քայլերը նպատակային են և համապատասխանում են ուսանողների իրական կարիքներին»
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական բուհերի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների սոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը: Ուսումնասիրությունն իրականացրել է “Այ Փի Էս Սի” քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը` ՀՀ ԿԳՆ-ի պատվերով: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանում առաջին անգամ է նման ծավալով և որակով ուսումնասիրություն իրականացվում, որի արդյունքները վկայում են, որ ուսանողությունն իրավամբ սոցիալական խոցելիություն ունեցող այն ընդգծված խավն է, որի նկատմամբ պետության ուշադրությունն առավել մեծ ծավալներ պետք է կրի և առավել նպատակային քաղաքականության հանգեցնի: Նախարարի խոսքով` ուսումնասիրության արդյունքները հանգեցրել են երեք հիմնական հետևության: “Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ուսանողական խավը սոցիալական լուրջ բեռի տակ է, երկրորդ` կառավարության իրականացրած քայլերն այդ ուղղությամբ նպատակային են և համապատասխանում են ուսանողների իրական կարիքներին և երրորդ` կառավարությունը պետք է առավել մեծ ջանքեր ներդնի` հնարավորինս մեղմելու ուսանողների սոցիալական բեռը”,-նշել է նախարարը` ներկայացնելով այդ ուղղությամբ կառավարության իրականացրած քայլերը: Մասնավորապես, ըստ նախարարի` կառավարությունն իրականացնում է սոցիալապես անապահով ուսանողների ուման վարձի փոխհատուցման ծրագիր, որում ներառված է շուրջ 850 ուսանող. վերջիններս պետության կողմից ստանում են 50-100 տոկոս զեղչ: 2015 թվականին նախատեսվում է ընդլայնել այդ ցանկը` այն հասցնելով շուրջ 2500 ուսանողի: Բացի այդ, ըստ Ա. Աշոտյանի, ԱԺ-ում հաստատման են ներկայացվել “Կրթության մասին” և “Բարձագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը, համաձայն որոնց` օրենքով ամրագրվելու են ուսանողների համար մի շարք երաշխիքներ, մասնավորապես, բուհն իր բյուջեի վճարովի հատվածի 7 տոկոսը պարտավոր է ուղղել զեղչերին, օրենքով երաշխավորելու են սոցիալական որոշ խմբերի համար ֆիքսված զեղչեր և լրացուցիչ արտոնություններ: Բացի այդ, օրինագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել որոշ ուսանողական խմբերի` իրենց վարձավճարը մուծել ավելի ճկուն մեխանիզմներով: Հաջորդ կետը, ըստ Ա. Աշոտյանի, ուսանողական հանրակացարանների արդիականացման և ընդլայնման ծրագիրն է, որը մեծ ներդրումներ է պահանջում: Գործում են նաև ուսանողական արտոնյալ վարկեր, որոնց մասին, ըստ հետազոտության, տեղեկացված է ուսանողների գրեթե կեսը և, դրա մասին տեղեկանալուց հետո ևս 7000 հոգի կարող է մտածել` այս գումարից օգտվելու մասին:
Շնորհանդեսի ընթացքում “Այ Փի Էս Սի” քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի փորձագետ Սամվել Մանուկյանը ներկայացրել է ուսումնասիրության արդյունքները:
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան ընկերների խորհուրդն է հարցնում
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դիմել է իր ֆեյսբուքյան ընկերներին ու ծանոթներին` խնդրելով խորհուրդ տալ, թե որ ճանապարհով շարունակի իր ցանցային շփումները.
Տարբերակ 1. Մնալ ՖԲ-ում:
Տարբերակ 2. Տեղափոխվել Թվիտտեր (https://twitter.com/Ashotyan):
Տարբերակ 3. Փորձել զուգահեռաբար ակտիվ լինել:
Նախարարը սպասում է նրանց արձագանքներին:
Հիշեցնենք, որ օրերս Թվիթերում էջ է բացել նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր ԲԱղդասարյանը:
Շնորհավորում եմ ձեզ հիշարժան և գեղեցիկ գարնանային այս տոնի կապակցությամբ. Արմեն Աշոտյան
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի առթիվ.
“Շնորհավորում եմ բոլոր կանանց` մայրերին, քույրերին, աղջիկներին, կրթության ոլորտի գործընկերներիս և ուսանողուհիներին, Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ:
Կրթության և գիտության ոլորտում աշխատող սիրելի կանայք` դաստիարակ և ուսուցչուհի, դասախոս և գիտնական, այս տոնը լավագույն առիթներից է, որպեսզի մեր սրտի խոսքն ուղղենք ձեզ` առանձնակի գնահատանքով ու խոնարհումով:
Դուք սիրով ու մեծ նվիրումով եք կատարում ձեզ վստահված անչափ լուրջ և պատասխանատու մի աշխատանք, որով պայմանավորված է մեր երկրի ապագան ու վաղվա օրը:
Ձեր գիտելիքն ու վարպետությունը, մասնագիտական ունակությունն ու կենսափորձը, ինչպես նաև հոգատարությունը խիստ անհրաժեշտ են կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու արդյունավետությունն ապահովելու համար:
Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ հիշարժան և գեղեցիկ գարնանային այս տոնի կապակցությամբ, մաղթում՝ առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ և ուրախություն”:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ուղերձը` մարտի 8-ի կապակցությամբ
Շնորհավորում եմ բոլոր կանանց` մայրերին, քույրերին, աղջիկներին, կրթության ոլորտի գործընկերներիս և ուսանողուհիներին, Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ:
Կրթության և գիտության ոլորտում աշխատող սիրելի կանայք` դաստիարակ և ուսուցչուհի, դասախոս և գիտնական, այս տոնը լավագույն առիթներից է, որպեսզի մեր սրտի խոսքն ուղղենք ձեզ` առանձնակի գնահատանքով ու խոնարհումով:
Դուք սիրով ու մեծ նվիրումով եք կատարում ձեզ վստահված անչափ լուրջ և պատասխանատու մի աշխատանք, որով պայմանավորված է մեր երկրի ապագան ու վաղվա օրը: Ձեր գիտելիքն ու վարպետությունը, մասնագիտական ունակությունն ու կենսափորձը, ինչպես նաև հոգատարությունը խիստ անհրաժեշտ են կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու արդյունավետությունն ապահովելու համար:
Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ հիշարժան և գեղեցիկ գարնանային այս տոնի կապակցությամբ, մաղթում առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ և ուրախություն:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Արմեն Աշոտյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Կրկնակի դիպլոմները հնարավորության կտան ԼՂՀ շրջանավարտներին կրթությունը շարունակել արտերկրում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` ԼՂՀ կատարած այցի շրջանակում այսօր ստորագրվել է ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև կրթության և գիտության բնագավառում 2014-2020 թթ Համագործակցության ծրագիր: Համաձայն ծրագրի` մասնավորապես, ԼՂՀ-ի համար բարձրորակ մասնագետներ պատրաստելու նպատակով ՀՀ պետական բուհերում կհատկացվեն տարեկան 60 անվճար տեղեր /բակալավրիատ/, միաժամանակ կապահովվի լավագույն շրջանավարտների մագիստրոսական կրթությունը` տարեկան 30 անվճար տեղեր հատկացնելով ՀՀ պետական բուհերում ԼՂՀ-ին հատկացված նպատակային տեղերում ընդգրկված և ԼՂՀ բուհերի շրջանավարտների համար, ինչպես նաև կհատկացվեն տարեկան 5 ասպիրանտական անվճար տեղեր:Հանրակրթության ոլորտում նախատեսվում է, որ ՀՀ ԿԳ նախարարությունն անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերի դասագրքերի, մեթոդական և մասնագիտական գրականության ձեռքբերման ուղղությամբ: Բացի այդ, կողմերը միջոցներ կձեռնարկեն ՀՀ-ում կազմակերպվող դպրոցականների առարկայական օլիմպիադաների, մարզական սպարտակիադայի, ինտելեկտուալ խաղերի և տարբեր մրցույթների հանրապետական եզրափակիչ փուլերին ԼՂՀ թիմերի մասնակությունն ապահովելու և հաղթողներին հապապատասխան միջազգային մրցույթների թիմերի կազմում ընդգրկելու ուղղությամբ:
Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում կողմերը, մասնավորապես, կապահովեն ՀՀ ԳԱԱ և Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ Արցախի գիտական կենտրոնի արդյունավետ գործունեությունը` Արցախի տնտեսության զարգացմանն անհրաժեշտ գիտատեխնիկական հետազոտությունների, հումանիտար և բնագիտական գիտությունների գծով գիտական ուսումնասիրությունների և ըստ ոլորտների գիտական լաբորատորիաների ստեղծման ուղղությամբ: Կողմերը կապահովվեն նաև ԼՂՀ մասնագիտական կրթության ինտեգրումը ՀՀ մասնագիտական կրթությանը` հետևողակն աշխատանքներ իրականացնելով Բոլոնյան կրթական գործընթացին ընդգրկման ուղղությամբ, ինչպես նաև ԼՂՀ և ՀՀ բուհերի միջև համաձայնագրերի կնքման արդյունքում ըստ անհրաժեշտության կրկնակի դիպլոմներ շնորհելու միջոցով ԼՂՀ բուհերի շրջանավարտների ուսումն արտերկրի բուհերում շարունակելու հնարավորության ընձեռումը` հաշվի առնելով ԼՂՀ չճանաչված պետություն լինելու հանգամանքը:
Ա. Աշոտյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մարտի 3-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարների հետ, կմասնակցի ԼՂՀ ԱԺ-ում ավագ դպրոցների թեմայով խորհրդարանական լսումներին, կայցելի Արցախի պետական համալսարան և հանդիպումներ կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Նախարար Ա. Աշոտյանը կայցելի նաև ԼՂՀ հարավային շրջաններ:
Այցի շրջանակում նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստրագրում ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև:
«Ինչ միամիտն էի ես…». Արմեն Աշոտյան
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
“Վեց տարի առաջ այս օրը հրավիրվեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: Այս նիստում ես էլ եմ ելույթ ունեցել:
Վերընթերցում եմ հիմա ասածներս և հասկանում, թե ինչ միամիտն էի ես:
Ում էի դիմում… ինչ էի խնդրում…
Կարդացեք ինքներդ:
“Շատ վատ եմ զգում ինձ այս բեմում։ Ոչ միայն նրա համար, որ հայտնվել եմ այստեղ ԱԺ ոչ վայել զգեստով, ոչ վայել տեսքով՝ արտակարգ իրավիճակ է, այլ նրա համար, որ կատարվեց այն, ինչի մասին խոսում էին բոլորը, ինչի մասին կանխատեսում, զգուշացնում էին բոլորը։ Բայց դա, այնուամենայնիվ, կատարվեց։ Դժվար է խոսել այն դեպքում, երբ ստիպված ես ընտրել չարյաց փոքրագույնը։ Իրականում այս ամենին օրինաչափորեն տանում էին համապատասխան ուժերը։ Ես լսում եմ ամբիոնից իմ գործընկերներից ոմանց, որոնք հիմա կոչ են անում հանդուրժողականության, սիրո։
Հարգելի պարոնայք, դուք՝ ի տարբերություն մեզ, հնարավորություն ունեիք այդ ոճով խոսել օպերայի հարթակից։ Բայց ես հիշում եմ ձեր ելույթը, անուն չեմ տալիս, հիշում եմ ձեր ելույթը, որը բացարձակապես կապ չուներ անհանդուրժողականության, սիրո, քաղաքական երկխոսության հետ։ Ինչո՞ւ այդ ժամանակ չէիք խոսում այդ ամենի մասին այնտեղ, ինչո՞ւ չէիք խոսում այդ ժամանակ, ինչո՞ւ ձեր ասուլիսների եւ հարցազրույցների մեջ բացարձակ այլ գաղափարներ էիք քարոզում։ Ինչո՛ւ, ինչո՛ւ…
Ի սեր Աստծո, չեմ փնտրում մեղավորներ, մանավանդ լուրջ մեղավորները, կարծում եմ, դեռ բացահայտումներն առջեւում են, բայց խնդիրներ կան, որոնք մակերեսին են։ Հանկարծ թյուր տպավորություն չստեղծվի, որ այս արտակարգ դրությունը մտցվում է կոնկրետ ինչ-որ մարդու եւ իր թիմակիցների դեմ։ Եկեք բարձրաձայնենք այն, ինչ բոլորս գոնե հոգում, սրտում գիտենք։ Սա այդ մարդու սրտով է։ Սա ա՛յն է, ինչին այդ մարդը գնում էր, սա ա՛յն է, ինչ ծրագրավորված էր, սա ա՛յն է, ինչ ակնհայտ էր հոկտեմբերի 16-ից։ Սա ա՛յդ է, սա նորություն չէ։ Դա ա՛յդ մարդու սրտով է։ Սա ա՛յդ մարդու սրտով է տեսնել, ի դեպ՝ եւ իր պատվիրատուների, ապակայունացված Հայաստան, իրար հոշոտող ՀՀ քաղաքացիներ, այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք։ Դա ա՛յդ մարդու սրտով է, ցավոք։ Բայց ես պատրաստ եմ կողմ դնել իմ սուբյեկտիվ վերաբերմունքն իր եւ իր թիմի նկատմամբ։ Եվ գուցե խնդրենք իրեն, չէ՞ որ այդ մարդիկ, որոնք հիմա Երեւանի կենտրոնում անում են այն, ինչ բոլորս ընդմիջմանն ասեկոսեներով եւ հեռախոսազանգերով փորձում էինք պարզել, կներեք բառիս համար, եւ այդ մարդիկ թող ներեն, աճեցրած եւ վարժված մարդիկ են։ Գուցե ի՞նքը կարողանա վերջապես սթափվել եւ հասկանալ, որ ինքը պատասխանատու է, նախեւառաջ, այդ մարդկանց առջեւ, որոնց ամիսներ շարունակ ներմուծել է լեղի, թույն, ատելություն եւ, ցավոք սրտի, որեւէ մեկը չկարողացավ այդ ամենի դեմն առնել։
Ես կարծում եմ, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, համենայնդեպս, հայերի սրտով չէ, ՀՀ քաղաքացիների սրտով չէ։ Չեք գտնի մեկ մարդ այս կամ այն ճամբարից, որն ասի, որ լա՛վ է, որ այդպես է։ Սակայն խնդիրը գնաց, գնացքը շարժվել է, եւ մենք ստիպված ենք ոչ թե ընդառաջ գնալ այդ գնացքին, այլ վազել այդ գնացքի հետեւից։ Այլընտրանք, ցավոք սրտի, ես ինքս՝ որպես քաղաքացի, չեմ տեսնում։
Ինչո՞ւ չենք բարձրաձայնում։ Ես, ճիշտն ասած, մտածում էի խոսել այդ խնդրի մասին, թե՝ չխոսել, բայց, կարծում եմ, ճիշտը խոսելն է։ Ինչո՞ւ չենք ասում, որ ակնհայտ հայաստանյան իրադարձության մեջ կան որոշակի արտաքին ուժերի հետք։ Ինչո՞ւ չենք դրա մասին խոսում։ Ինչո՞ւ չենք խոսում, որ այդ ուժերը պատռել են վերջին մի շաբաթվա մեջ իրենց դիմակները։ Ինչո՞ւ դրա մասին չենք խոսում։ Ինչո՞ւ չենք խոսում, որ համապատասխան պետական կառույցից ֆինանսավորվող մի շարք, այսպես կոչված, հասարակական, այսպես կոչված, հայաստանյան կազմակերպություններ ինչ-որ անհասկանալի քաղաքական շեշտադրումներով նամակ են անում միջազգային տրանսնացիոնալ հասարակական կազմակերպություններ։ Որտեղի՞ց է գալիս «Սորոեսի», «Տրանսպերենս» ինթերնեյշնելի, իրենց կողմից ֆինանսավորվող բազմաթիվ ՀԿ-ների, այսպես ասած, պոչը, ականջները ո՞ւմ են երեւում։ Ինչո՞ւ դրա մասին չենք խոսել այսքան ժամանակ։ Ինչո՞ւ չենք խոսում այն մասին, որ գաղտնիք չէ որեւէ մեկիդ համար, որ այն թիմում աշխատում են արտասահմանյան քաղաքական տեխնոլոգներ։ Ինչո՞ւ չենք խոսում, որ մեր ժողովուրդը դարձել է ինչ-որ մեկի համար փորձադաշտ քաղաքական տեխնոլոգիաների կիրառման, կներեք բառիս համար, զոմբիացման ինֆորմացիոն եւ այլ տեսակի տոտալիտար վերահսկման։ Ինչո՞ւ չի խոսվում դրա մասին։ Ինչո՞ւ չենք փորձել ժամանակին կանխել այդ մարդկանց մուտքը, ինչո՞ւ չենք փորձել հետո, երբ իրենք եկել են, փորձել բացահայտել այդ ապօրինությունները եւ վտարել Հայաստանից։ Ես կարծում եմ, որ կարելի էր անգամ մտածել որոշ DIP միսիաների ներկայացուցիչներին պերսոնալ նոնգրատակարգավիճակը տալու համար։ Դա ակնհայտ է։ Դա ակնհայտ է, որ Հայաստանում մեծերը խաղ են խաղում մեր հաշվին, մեր ժողովրդի հաշվին, մեր արյան հաշվին, մեր բարեկամների, ընկերների, հարազատների եւ ուղղակի պատահական անցորդների կյանքի հաշվին։ Խաղ են խաղում։ Արդյո՞ք սա՛ չէ սթափեցման ժամանակը, որը բոլորս փորձել ենք որսալ ու այդ պահը բաց չթողնել։
Ասում են՝ հին հռոմեացիները ցանկացած դատավարություն, թեպետ այսօրվանից դա այդպիսին չէ, սկսում էին՝ ո՞ւմ է դա ձեռնտու։ Վստահ եմ, որ որեւէ մեկին մեր երկրում դա ձեռնտու չէ։ Ում դա ձեռնտու է, ես դասում եմ երկրից դուրս։
Ես նորից եմ կրկնում այն, ինչ ասացի այս 7 րոպեների ընթացքում։ Ես ինքս եմ խնդրում այդ մարդուն, ով հրահրել է այս ամենը, ելույթ ունենալ եւ հետ քաշել իր մարդկանց, ովքեր, ցավոք, միայն իրեն են այլեւս լսում։ Դա միակ տարբերակն է խուսափել բոլոր այն զավեշտալի սցենարներից, այն արյունախում, արյունալի սցենարներից, որ յուրաքանչյուրս մեր երեւակայության մեջ գծում եւ փորձում ենք հասկանալ։ Շնորհակալություն։”
Շրջաբերական նամակ ՀՀ մրազպետներին և Երևանի քաղաքապետին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին և առաջարկել նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու ուղղությամբ: Նամակում մասնավորապես նշվում է. “Ուսումնական հաստատության հեղինակությունը բարձր պահելու նպատակով, Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումները կազմակերպելիս, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դրամահավաքության ցանկացած դրսևորում բացառելու համար”:
Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին:
Քրեական հիմնարկների օրինակով հսկողության տա՞կ եք պահում բուհերը. Փաշինյանի հարցը Աշոտյանին
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Նրան մասնավորապես հետաքրքրում էր Տնտեսագիտական և Ագրարային համալսարանների ուսանողների գռեհիկ վարքը, որ այդպես էլ մնացել է անպատիժ: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շեշտեց. «Փոխանակ ԿԳՆ-ն պատժի այդ երիտասարդներին, ՀՀ երիտասարդական հիմնադրամը տնտեսագիտականի Ուսանողական խորհրդին պարգևատրում է մրցանակով, ինչից հետո` փետրվարի 13-ին, ոգևորված, Ագրարային համալսարանաի ՈՒԽ-ն է փողոցային «ռազբոռկա» սարքում իրենց իրավուքն իրացնող քաղաքացիների հետ: Պարոն Աշոտյան, ի՞նչ է կատարվում կրթության համակարգում: Քրեական հիմնարկների օրինակով հսկողության տա՞կ եք պահում բուհերը: Եթե չեք պատժում ուսանողներին ռեկտորների գլխավորությամբ, ուղերձ եք հղում հասարակությանը, որ ինքը լուծի այդ հարցը: Թե՞ կարծում եք ՀՀԿ-ի պինդ տղերքի նման պինդ մարդիկ չկան: Կան և ուրիշ անգամ բոլորովին ուրիշ արդյունք կլինի»:
Արմեն Աշոտյանն իր պատասխանում նկատեց, որ Փաշինյանի հարցի սրությունը կապ չուներ հարցադրման էության հետ: Նա կոչ արեց կրթության մասին խոսելիս խորհրդարանում ուրիշ տոն օգտագործել. «Չեմ կարծում, որ ձեզ հետևողների թիմը մարտի մեկից առաջ կավելանա, եթե նման կերպ խոսեք, – ասաց Արմեն Աշոտյանը, ապա շարունակեց,-ասեմ, որ կրթության ոլորտը ապաքաղաքականցված է ավելի, քան երբևէ: Հիշեցնեմ, որ այդ համալսարանի ուսանողական խորհուրդը ներողություն է խնդրել վիրավորանքների համար: Եվ հետո` չե՞ք կարծում, որ շատ լավ է, որ չենք հեռացրել ոչ մի ուսանողի: Դուք, որ քաղաքական պատճառներով հեռացվել եք համալսարանից, պետք է ուրախ լինեք, որ այսօր քաղաքական պատճառներով ոչ ոք չի զրկվում կրթության իրավունքից»:
Նիկոլ Փաշինյանին պատախանն էլ ավելի վրդովվեցրեց. «Կարո՞ղ ա Մարտի մեկի հանցագործներն էլ են ներողություն խնդրել, որ չեք պատժում: Քրեական հանցագործությունը ենթադրում է քրեական պատիժ: Ինչ վերաբերում է իմ տոնին, ավելի լավ է ձեր կառավորության անդամներին սովորեցնեք` ինչ տոնով խոսել խորհրդարանում: Խոսելու ենք այնպես, ինչպես դուք եք խոսում»:
Սրանից հետո Արմեն Աշոտյանը, չգիտես ինչու, հայտարարեց, որ, այնուամենայնիվ, նկատեց Փաշինյանի տոնի մեղմացում:


