Որոշ պատգամավորներ բավարարված չեն Նալբանդյանի հետ փակ հանդիպումից

g_imageԱյսօր խորհրդարանում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանի փակ հանդիպումը պատգամավորների հետ: Օրակարգում եղել է Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահի որոշումը։

Հանդիպումից հետո պատգամավորների մի մասն, այնուամենայնիվ, մեկնաբանել է հանդիպումը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ արտգործնախարարի պատասխաններից բոլորովին գոհ չէ. «Ոչ մի հարցի չի պատասխանել, բովանդակային որևէ տեղեկատվություն չեմ ստացել»,-ասել է նա:

Ավելի ուշ Փաշինյանը հանդիպման վերաբերյալ իր տպավորությունների մասին բարձրաձայնել է նաև նիստի ընթացքում: Նրա խոսքով՝ փակ հանդիպումն իր համար կարևոր էր հասկանալու համար, թե ինչ է իրագործում ՀՀ գործող իշխանությունը, որից հետո էլ իրենք պետք է արդեն ճշտեին սեփական դիրքորոշումը տեղի ունեցածի կապակցությամբ։ «Կարելի է երկու եզրակացություն անել՝ կամ տեղի ունեցողի մասին տեղեկությունն այնքան անբարենպաստ է, որ իշխանությունը չի կարող ներկայացնել, կամ էլ իշխանությունն ուղղակի տեղյակ չէ, թե ինչ է կատարվում այդ պրոցեսի մեջ»։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասել է, որ իրենք նույնպես չեն ստացել իրենց հարցերի պատասխանները: Ռուստամյանը հանդիպման ժամանակ փորձել է ճշտել՝  արդյոք սա նշանակում է, որ դրանով Հայաստանը հստակություն է մտցնում իր արտաքին քաղաքականության մեջ, այսինքն՝ միանում է Եվրասիական միությանը: «Եթե այդպես է, ապա խնդիրներ են առաջանում: Առաջին խնդիրն այն է, թե որտե՞ղ է մնալու Ղարաբաղը: Երկրորդ՝ ունենք ստանձնած բազմաթիվ պարտավորություններ, որոնք նոր գործընթացի տրամաբանության մեջ մտնելու պարագայում հասկանալի չէ՝ ինչ են լինելու: Երրորդ խնդիրն այն է, որ կնքելով ԵՄ ասոցացման համաձայնագիրը, որը ներդաշնակեցում է նշանակում, մասնակի՞ ենք ասոցացվելու: Արդյոք ոչ ամբողջական իմաստով ասոցացումը հետագայում վերանայելու առիթ չի՞ տալու, եթե մենք Եվրասիական միությանը որպես քաղաքական կառույցի ենք անդամակցում»:

Այս հարցերի վերաբերյալ Ռուստամյանը սպառիչ պատասխան չի ստացել, միայն արտգործնախարարի կողմից ԼՂՀ հարցի առնչությամբ է հնչել համոզիչ պատասխան, որ Մաքսային միության անդամակցության դեպքում Ղարաբաղը չի տուժի:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հանդիպումը գնահատել է բավական հրապարակային. «Նախարարն, ամենակարևորը, պատրաստակամություն հայտնեց Ազգային ժողովի հետ մշտապես քննարկել ցանկացած հարց՝ թե՛ հանձնաժողովներում, թե՛ նման ֆորմատով»,-ասել է նա:

Իր հերթին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ բավարարված չեն նրա պատասխաններից, ասել է. «Եթե որևէ մեկը ցանկանում է միայն իր հարցը հնչեցնել և չլսել պատասխանը, ուրեմն կարծում է, որ պատասխան չկա: Բոլոր հնչած հարցերի պատասխանները ես տվել եմ»:

Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ անգամ նշել է, որ հնարավոր է համարում Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

 

«Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է». Շարմազանովը` Մաքսային միության և Ազատ առևտրի գոտու հակասության մասին

Eduard-Sharmazanov423-e1343921052841Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուրդ Շարմազանովն ասաց, որ որևէ մեկին չպետք է զարմանք պատճառի այն, որ Հայստանը խորացնում է հարաբերություններն իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ:

Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, ապա նա նկատեց, որ Հայստանի որևէ պաշտոնյա չի հայտարարել, որ մենք հրաժարվում ենք դրանից. «Ամեն ինչ շարունակական է, և որևէ շրջադարձային բան տեղի չի ունեցել: Մենք այն կարծիքին ենք, որ պետք  է շարունակենք եվրոպացի մեր գործընկերների հետ համագործակցությունը: Կարծում ենք, որ խնդրի վերջակետը դրված չէ, և ես դեմ եմ վերջակետեր դնելուն: Այսօր` 21-րդ դարում, ինտեգրացիոն գործընթացներն անընդհատ են և բխում են թե՛ մեր, թե՛ մեր գործընկերների շահերից»:

Շարմազանովը չի կիսում այն տեսակետը, որ եվրոպական կողմը կատեգորիկ մերժում կամ բացառում է Հայաստանի հետ համագործակցության շարունակումը: «Իհարկե ոչ այն տեքստով և այն տեսքով, որ եղել է մինչ այս, բնականաբար այնտեղ որոշակի խնդիրներ կան, բայց միևնույն ժամանակ Եվրոպայի հետ գործակցելու և երկխոսելու թիվ մեկ անկյունաքարը քաղաքական բարեփոխումներն են, որը մենք հաջողությամբ իրականացրել և իրականացնելու ենք: Այլևս անշրջելի է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական պետության փաստը»,-կարծում է ՀՀԿ խոսնակը:

Անդրադառնալով Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից հնչեցրած կոշտ քննադատություններին, թե հարցը նախևառաջ Ազգային ժողովում պետք է քննարկվեր, Շարմազանովն ասաց, որ Մաքսային միությանը միանալու հետ կապված շուրջ հիսուն օրենսդրական նախաձեռնություն կա, որոնք պետք է մանրամասն քննարկվեն Ազգային ժողովում, որտեղ կարող են ընդունվել կամ չընդունվել:

«Ուրբաթը չեկած, շաբաթից մի խոսեք»,-խորհուրդ տվեց Շարմազանովը` նշելով, որ քաղաքական ընդդիմությունն էլ խոսելու հնարավորություն կունենա,-ընդդիմությունը նրա համար է, որպեսզի քննադատի իշխանությանը, իսկ մենք ստացել ենք ձայն, որպեսզի իրականացնենք մեր քաղաքականությունը: Երբ որ Հայաստանի իշխանությունում կլինի քաղաքական ուժ, որը կասի, որ Մաքսային միություն չենք մտնում, որ ՕԴԿԲ-ից դուրս ենք գալիս և գնում ենք ՆԱՏՕ, էդ ժամանակ ինքը կորոշի: Իսկ մենք և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրությունների ժամանակ ասել ենք, որ մեր արտաքին քաղականության առանցքային կետերից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը, եղել է Ռուսաստանի Դաշնության հետ մեր ռազմավարական-դաշնակցային հարբերությունների խորացումը»:

Անկախ-ի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչով էին պայմանավորված «Խորը և համապարփակ Ազատ առևտրի գոտու» համաձայնագրի ստորագրման ուղղությամբ կատարվող ջանքերը, Շարմազանովն ասաց. «Իսկ ո՞ վ է ասում, որ մենք չենք պատրաստվում  դա ստորագրել»:

Մեր հարցին, թե ինչպե՞ս են պտրաստվում դa անել, եթե այն հակասություն է առաաջացնում Մաքսային միությանը միանալու դեպքում, ՀՀԿ խոսնակն ասաց. «Պետք է քննարկենք, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է»:

Հայաստանի կողմից աններելի քայլ էր 4 տարի Եվրոպայի հետ համագործակցելն ու մի վայրկյանում բոլորովին այլ գործընթաց սկսելը. Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյան«Չեմ կարող ասել, թե ՀՀ իշխանությունները  խաբել են ժողովրդին: Սա խաբել չէ, այլ ընդամենը բնավորության գիծ:  Խաբում են նրանք, ովքեր գոնե երբեմն ճիշտն են ասում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Սերժ Սարգսյանի` Մոսկվայում կատարած հայտարարության մասին,  հայտնեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա`  Հայաստանի կողմից աններելի քայլ էր չորս տարի Եվրոպայի հետ  համագործակցելն ու մի վայրկյանում բոլորովին այլ գործընթաց սկսելը: «Արդեն չորս տարի է վարչապետից սկսած բոլոր իշխանավորները խոսում են Ասոցացման պայմանագրի նախաստորագրման մասին և հանկարծ` մի վայրկյանում նախագահը Մոսկվայում  որոշում է կայացնում միանալ Մաքսային միությանը», – ասաց Արմեն Մարտիրոսյանը ու հավաստեց, որ  նման քայլի  ցանկացած արդարացում անընդունելի է:

«Եթե նախագահին Մոսկվայում ստիպել են վայրկենական որոշում կայացնել, ուրեմն Ռուսաստանի՝ իբրև ապագա լավ գործընկերոջ մասին խոսք լինել չի կարող: Եթե Մոսկվայում ՀՀ կամ ԼՂՀ անվտանգությանը հղում կատարող շանտաժ է հնչել, ուրեմն նման միությանը անդամակցելը արդեն իսկ խոցելի է դարձնում մեր անվտանգությունը: Եթե տնտեսական շահերով է պայմանավորված եղել որոշումը, ապա հնարավոր չէ չհասկանալ, որ դա անիրական է, քանի որ Ռուսաստանն ու Հայաստանը չունեն ընդհանուր սահման: Քաղաքական կառավարման իմաստով ևս որևէ շահ ունենալ չենք կարող, քանի որ  մտնում ենք մի միություն, որի գագաթը՝ Ռուսաստանը, ամենակոռումպացված ու ավտորիտար
երկիրն է, որ հնարավոր է պատկերացնել, հետևաբար, նման համակարգ մտնելու պարագայում ժողովրդավարական բոլոր սկզբունքների մասին կարող ենք ուղղակի մոռանալ», – ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Մոսկովյան հանգուցալուծման շոկային արձագանքները

g_imageՍեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը և մասնակցել Եվրասիական միության ձևավորմանը, ինչը կկանխի Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը: Մինչդեռ դրա շուրջ երկար տարիներ բանակցություններ էին տեղի ունեցել, և նոյեմբերի վերջին ԵՄ գագաթաժողովի ընթացքում պետք է համաձայնագրի նախաստորագրումն իրականացվեր:

Հետաքրքրական է նաև այն, որ մեկ տարի առաջ ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե անիմաստ է Մաքսային միությանը անդամակցել, որովհետև Հայաստանը սահման չունի միության հետ: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ կարծիք էր հայտնել, որ  Մաքսային միությանը միանալով Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը:

Ինչևէ, լուրն անսպասելի և շոկային էր որքան Հայաստանում, նույնքան էլ Եվրոպայում: Ինչպես նշում են ռուսամետ որոշ գործիրներ, Եվրոպան սգի մեջ է: Մոսկովյան հանդիպումից հետո եվրոպական արձագանքները չուշացան: «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ներկայացուցիչ Մայքլ Քամբեքը հայտարարեց. «Ինձ թվում է, որ Հայաստանը տապալում է ԵՄ-ի հետ բանակցությունները, ինտեգրվում է Ռուսաստանի հետ, իսկ դա արդեն 180 աստիճանի շրջադարձ է»: Նա նաև նշել է, որ այդ կտրուկ շրջադարձը ազատ ընտրության արդյունք չի եղել:

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, որը նաև Եվրոպայի ամենահզոր քաղաքական ուժի` Եվրոպական ժողովրդական կուսակցության գործադիր մարմնի անդամ է, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել Պուտինի առաջարկած Մաքսային միությանն ու ԵՄ Ասոցիացման համաձայնագրին. «Ես շատ եմ ցավում այդ որոշման համար, քննարկել եմ այս հարցը Հայաստանի նախագահի հետ: Մենք գիտենք, որ Հայաստանի վրա ահռելի ճնշումներ են գործադրվել Ռուսաստանի կողմից` Ադրբեջանի և Ղարաբաղի շուրջ դժվար իրադրության հետ կապված, և որ այդ ճնշումները օգտագործվել են Հայաստանի նման փոքր պետությանը շանտաժի ենթարկելու համար, որպեսզի նման որոշում կայացվի»,- ասել է Բրոկը:

Իսկ թե ինչպես այսուհետ կշարունակվեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան նկատել է. «Մեր հարաբերությունները կլինեն այնպիսին, ինչպիսին որ Եվրամիությունն ունի ցանկացած այլ երկրի հետ, բայց առանց եվրոպական հեռանկարի»:

Եվրամիության նախագահող երկիր Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսն էլ հայտարարեց, որ իրենք հարգում ենք ցանկացած երկրի ընտրությունը, սակայն հիշեցրեց, որ նման երկրները տարբեր մաքսային քաղաքականությունների պատճառով չեն կարող միաժամանակ ընտրել երկու կազմակերպություններ: «Դրանք անհամատեղելի են»,-ասել էր նա։

Իսկ Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոսյանչիչը հայտարարեց, որ Եվրամիությունը պաշտոնական Երևանից բացատրություն է պահանջում Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման հետ կապված: «Մենք հայկական կողմից բացատրության ենք սպասում, որից հետո կարող ենք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»:

Եվրոպական արձագանքները դեռ կշարունակվեն, իսկ մինչ այդ հայաստանյան արևմտամետ հանրությունը` հակառուսական տրամադրություններով քաղաքական գործիչների հետ համատեղ սեպտեմբերի 4-ին անմիջապես կազմակերպեցին բողոքի ակցիա ՀՀ նախագահի նստավայրի առջև:

Սոցիալական ցանցերում նույնպես հարցը բուռն քննարկման դրվեց, և հիմնական տրամադրությունների` հուսախաբության, հիասթափությանն ու անորոշության ֆոնին սկսեցին առկայծել նոր պայքարի կոչեր` ընդդեմ ռուսաստանամետ որոշման:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շտապ կարգով ստեղծվեց «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը» անվանումով խումբ, որին կարճ ժամանակահատվածում միացել է երկու հազարից ավելի օգտատեր:

Այս ողջ իրարանցման ֆոնին նյարդայնացնող է ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովի ավելի քան հանդարտ մեկնաբանությունը. «Հայաստանի Հանրապետությունը որևէ սենսացիոն քայլ չի ձեռնարկել»։

Սակայն առավել նյարդայնացնող են պղտոր ջրում ձուկ որսալու անզոր քայլեր գործադրող քոչարյանամետ-ռուսամետ լրատվամիջոցները, որոնք որպես իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհ ժողվորդին հրամցնում են իրենց տարբերակը` իշխանափոխություն` իհարկե Քոչարյանի վերադարձի միտումով…

«Եվրաինտեգրման գործընթացը կարող է մի քիչ դանդաղել, բայց անշեղորեն առաջ կգնա». Վազգեն Մանուկյան

707779Մոսկվա կատարած այցից հետո մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվող թիվ մեկ հարցի` Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ «Անկախ»-ին իր տեսակետը հայտնեց ԱԺՄ նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից, փոխելով 3 նախագահ, 5-6 խորհրդարան ու 6-7 վարչապետ, տարվել է միևնույն արտաքին քաղաքականությունն իր հիմնական գծերով` ստրատեգիական գործընկերությունը և կապվածությունը Ռուսաստանի հետ, որտեղ հիմնականում դրված են եղել ոչ միայն տնտեսական, այլև պաշտպանության և անվտանգության հարցեր»,-ասաց նա:

Սակայն, Մանուկյանի դիտարկմամբ, դրա հետ միասին քայլ առ քայլ Հայաստանը գնացել է դեպի Եվրամիություն` վերցնելով եվրոպական արժեքները, եվրոպական ռեֆորմները տեղափոխելով մեր հողի վրա և մեծ արդյունքներ է գրանցել (ինչը նաև Եվրոպայի գնահատականն է)` ի տարբերություն հետխորհրդային շատ այլ հանրապետությունների:

Մանուկյանը նաև հիշեցնում է, որ Հայաստանը կապված է ՆԱՏՕ-ին, մասնակցել է  ՆԱՏՕ-ի զորավարժություններին, և դա որևէ հակասություն չի առաջացրել:

«Այժմ մի այսպիսի իրավիճակ եղավ` մի կողմից Ասոցացման համաձայնագիրը, մյուս կողմից` Մաքսային միությունը: Երկու կողմն էլ սկսեցին քաղաքական հակասություն տեսնել, որ կա´մ այստեղ պիտի լինես, կա´մ այնտեղ: Հայաստանը պետք է որոշում ընդուներ»:

Մանուկյանը կարծում է, որ Մաքսային միություն մտնել չհամաձայնելը վտանգավոր կլիներ Հայաստանի համար` էապես խաթարելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ այդ հարաբերությունները, ըստ նրա, բավականին կարևոր նշանակություն ունեն մեզ համար: «Կա´մ, կա´մ-ի ժամանակ ոչ միայն պիտի նայես, թե որն է ավելի օգտակար, այլ պիտի նայես` որն է ավելի վտանգավոր: Ի վերջո, մենք ապրում ենք մի երկրում, որն ունի իր պաշտպանության հարցերը և բազմաթիվ հարցեր, որոնք պետք է կոմպլեքս լուծում ստանան, ամեն սցենար մտովի պետք է առաջ տանել և տեսնել` ինչով կարող է վերջանալ: Այս առումով, կարծում եմ, մեզ արվեց մի առաջարկություն, որը հնարավոր չէր մերժել, և մենք ընդունեցինք այդ առաջարկը»:

Բայց միաժամանակ Մանուկյանը կարծում է, որ երկրորդ պրոցեսը` եվրաինտեգրացումը, Հայաստանում նույն կերպ շարունակվելու է: «Ճիշտ է` վերջերս այդ գործընթացն արագացավ, հիմա կարող է մի քիչ դանդաղի, բայց անշեղորեն առաջ կգնա: Եվրամիությունն էլ է շահագրգռված այդ գործում, և ես կարծում եմ, որ նախկին բոլոր պայմանավորվածությունները Եվրոպայի հետ կատարվելու են»:

Մանուկյանի խոսքով` ճիշտ է` շահագրգռվածությունները Ռուսաստանի հետ շատ են, բայց մեր ներքին կյանքի, մեր ազատությունների, դեմոկրատիայի առումով մենք ավելի շատ օրինակ ենք վերցնում Եվրոպայից, քան Ռուսաստանից: «Կարծում եմ` և´ մեր հասարակությունը, և´ պետության ղեկավարները, և´ Եվրոպան շահագրգռված են, որ եվրաինտեգրման պրոցեսը Հայաստանում շարունակվի»,-ամփոփեց նա: