Քննարկվել են պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները

1 (3)Ս.թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Երևանում ընթացող նիստի շրջանակներում Հայաստան ժամանած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդամ, Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ռազմաօդային ուժերի գեներալ Նադիմ Ալ-Աջվադիի հետ:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականներ, քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ ռազմական կրթության, վարժանքի, ռազմական արդյունաբերության և ռազմաօդային ուժերի բնագավառներում:

Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

շփման գիծՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:

Դավիթ Տոնոյանն ընդունել է Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներին

դավիթ-տոնոյանՍ.թ. նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներ Տիգրան Հարությունյանին, Հովիկ Վարդումյանին և Կոլյա Քոչարյանին:

Հանդիպման ընթացքում  քննարկվել են ազատամարտիկների կողմից բարձրացված մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել պահեստազորի գնդապետ Վ. Ավետիսյանի ձերբակալմանը, ազատամարտիկների կարգավիճակին և սոցիալական խնդիրներին վերաբերող հարցերին:

Դ.Տոնոյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ ազատամարտիկներին հուզող հարցերը գտնվում են պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում և նրանց բարձրացրած խնդիրներին լուծում տալու նպատակով պաշտպանության նախարարությունը շարունակելու է պլանավորված աշխատանքները:

Միջոցառումներ` օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ

պն2013թ. աշխատանքային պլանի համաձայն ս.թ. նոյեմբերի 4-ից 7-ը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ռազմական կցորդների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ: Մասնավորապես միջոցառումներին մասնակցում էին ՀՀ-ում հավատարմագրված ԱՄՆ-ի, Ավստրիայի, Գերմանիայի, Իրանի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Հունաստանի, Ղազախստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Չինաստանի,  Ռումինիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի ռազմական կցորդները:

Շաբաթվա ընթացքում, ՀՀ ԶՈՒ սպաների ուղեկցությամբ, ռազմական կցորդների խումբը մասնակցել է ս.թ. նոյեմբերի 5-ին կայացած ՀՀ զինված ուժերի հետախույզի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին, իսկ հաջորդ օրն այցելել է Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի մոտ գտնվող զորամասերից մեկը:

ՀՀ սահմանամերձ զորամաս այցի սկզբում զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Խաչատրյանը ճեպազրույց է ներկայացրել զորամասի վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև տվյալ շրջանի սահմանամերձ գյուղական համայնքների ղեկավարները, ովքեր ներկայացրել են սահմանամերձ գյուղերի բնակչությանը հուզող խնդիրներն ու պատասխանել են հյուրերի հարցերին: Այցի շրջանակներում ռազմական կցորդները հնարավորություն են ունեցել այցելել նաև մարտական դիրքեր, ծանոթանալու առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմաններին և զրուցելու նրանց հետ:

Հաջորդ օրը` նոյեմբերի 7-ին, այցը շարունակվել է երկրորդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում, որտեղ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սարգսյանի կողմից ներկայացվել է ճեպազրույց զորամասի վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպվել է շրջայց զորամասի տարածքում:

Քառօրյա միջոցառումների արդյունքներն ամփոփվել են նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում: Ռազմական կցորդները Դ.Տոնոյանի հետ նախ կիսվել են իրենց տպավորություններով, այնուհետև հյուրերին են ներկայացվել իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքի մասին տեղեկություններ, տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության տեսլականը, պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի երկրորդ շրջափուլի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև պատասխանել է հյուրերի հարցերին: Այցի ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանը` հետաքրքիր և հագեցած միջոցառում կազմակերպելու համար:

ՀՀ ԶՈւ տեսչական խումբը հայտարարված վայրերի տեսչություններ է անցկացնում Թուրքիայի տարածքում

պն2013թ. նոյեմբերի 5-ից 12-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում անցկացվում են հայտարարված վայրերի տեսչություններ:

Մեկ այցի ընթացքում կիրականացվեն երկու տեսչություններ` համաձայն ԵՍԶՈՒ պայմանագրի «Տեսչություններ» արձանագրության 17 կետի:

Տեսչության առարկաներն են (հսկողության օբյեկտներ)` Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսի Արդահանում և Սարիղամիշում տեղակայված բրիգադները:

Տեսչության ընթացքում կստուգվեն պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը և դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում:

Սեյրան Օհանյանն ընդունել է բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանին

հանդիպում-ՊՆ-ումՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 5-ին ընդունել է բանաստեղծ, հայտնի հասարակական գործիչ, ԽՍՀՄ տարիների այլախոհ Մերուժան Հովհաննիսյանին:

Հանդիպման ընթացքում անկեղծ զրույց է ծավալվել ներկա իրողություններին, այդ թվում՝ բանակ-հասարակություն կապերին առնչվող մի շարք թեմաների շուրջ՝ ընդգծելով մտավորականների դերը ազգապահպանության գործում և անկախ պետականության պայմաններում նրանց ակտիվ քաղաքացիական դիրքորոշման օրինակով, հատկապես՝ սերունդների արժեհամակարգում հայրենիքի հանդեպ սիրո և անձնվիրության կարևորումն ու ամրապնդումը:

Սեյրան Օհանյանն ընդունել է Հ Հ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թ.Շարմանաշվիլիին

ՊՆ,Սեյրան Օհանյան,դեսպան Թ.Շարմանաշվիլի2013թ. նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թ.Շարմանաշվիլիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Պ.Դևդարիանիին` վերջինիս ՀՀ-ում հավատարմագրման առիթով:

Այնուհետև ՀՀ ՊՆ ՊՔ վարչությունում կայացավ վարչության պետ Լ.Այվազյանի հանդիպումը նորանշանակ ռազմական կցորդի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-վրացական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին համագործակցության հետագա զարգացման ուղիները:

 

Նոր մանրամասներ “Կանազ “զինվորական հոսպիտալի ծեծկռտուքից

արծրուն հովհաննիսյանԱյս պահի դրությամբ փախուստի դիմած 4 զինծառայողներից 3 -ը վերադարձվել է եւ այժմ գտնվում է հոսպիտալում: Աշխատանքներ են իրականացվում 4 -րդին հայտնաբերելու ուղղությամբ: Զինծառայողներին վերադարձնել հաջողվել է նաեւ նրանց ծնողների աջակցության շնրոհիվ, ինչի համար ՊՆ -ը շնորհակալություն է հայտնում: Իրավիճակն այժմ լիարժեք վերահսկողության տակ է: Դեպքի առնչությամբ քննությունը շարունակվում է:Հաղորդում է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ  նոյեմբերի 2-ի երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով, զինվորները հարձակվել են նաեւ հերթապահ բժշկի վրա, այնուհետեւ դիմել փախուստի: «ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները եւ ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել»,- նշել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ լրագրող Մհեր Ղալեչյանն ավելի վաղ Facebook-ի իր էջում գրել էր. ««Կանազի» զինվորական հոսպիտալի մոտ ինչ որ աննորմալ դեպքեր են հիմա կատարվում: Տեղի բնակիչները պատմեցին իրենց աչքի տեսածը: Ասում են, որ հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են:

Պատմում են, որ այդ զինվորներից երկուսը 41 համարի երթուղային են նստել, թե կտրաքացնենք, հենց հիմա տարեք մեզ: Մի պատահական անցորդ տաքսի է կանգնեցրել, զինվորներից մեկին նստեցրել է տաքսի, փողը տվել վարորդին ու ասել, որ զինվորին տանի այնտեղ, որտեղ կասի:

ՊՊԾ ու Արաբկիրի բազմաթիվ աշխատակիցներ են դեպքի վայր եկել, զինվորներից երկուսին տարել են քաղմաս»:

 

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչներին

ՊՆ,ՀԱՊԿ ԽՎ Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամներին: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պատվիրակությունների անդամները:

 Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը և ընդգծեց, որ վերջին տարիներին տարածաշրջանում տեղի են ունեցել ռազմաքաղաքական փոփոխություններ, որոնք չեն կարող մտահոգության առիթ չհանդիսանալ: Այդպիսիք են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները և ռազմականացումը, հայ-ադրբեջանական սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճը, հարևան երկրի կողմից իրականացվող հակահայկական քարոզչությունը և այլն:

Նշվեց, որ այս առումով ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամները լուրջ անելիքներ ունեն տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին համապատասխան քայլեր իրականացնելու և առկա վտանգներին ու մարտահրավերներին արձագանքելու առումով:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև ռազմաքաղաքական և ռազմատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ադրբեջանի ռազմական ոլորտում շարունակվում են կադրային փոփոխությունները. hերթը զինվորական պոլիկլինիկայինն է

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունԱդրբեջանի Զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալի ղեկավար Ֆիրուդին Գարաբեկովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով Գարաբեկովը նշանակվել է ՊՆ Կենտրոնական զինվորական պոլիկլինիկայի ղեկավար:

Նախարարի մյուս հրամանով պահեստային սպա Թոֆիգ Թագիևը նշանակվել է ՊՆ Գլխավոր կլինիկական հոսպիտալի ղեկավար:

Հիշեցնենք, որ պաշտպանության փոխնախարար, Ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ալթայ Մեհտիևը և Պաշտպանության նախարարության տեսչական վարչության պետ, գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաևը հեռացվել են իրենց պաշտոններից: Ալթայ Մեհտիևին փոխարինել է Ադրբեջանի նախագահի` ռազմական հարցերի գծով օգնականի տեղակալ Ռամիզ Թահիրովը: Բեյդուլլաևին այս պաշտոնում փոխարինել է գնդապետ Ֆահրեդդին Ջաբրաիլովը: Հոկտեմբերի 22-ին Սաֆար Աբիևին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է Զաքիր Հասանովը:

Նախագահն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությանը

4454

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են պատմամշակութային ամուր հիմքի վրա խարսխված հայ-հունական բարեկամական հարաբերությունները՝ բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը քաղաքական, պաշտպանական, ռազմական, կրթական և մշակութային ոլորտներում:

ՀՀ Նախագահը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը կարևորել են նաև միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ երկու երկրների համանման մոտեցումներն ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը:

Նրանք համակարծիք են եղել, որ Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության ներուժն ավելին է, քան այսօր օգտագործվում է, ինչը, զրուցակիցների համոզմամբ, նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել ջանքերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

 

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան

Հունաստան,ՊՆ,Դիմիտրիս Ավրամոպուլոս,Սեյրան ՕհանյանՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հրավերով ս.թ. հոկտեմբերի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց երկու երկրների պաշտպանության նախարարների միջև, այնուհետև` հանդիպում ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Հունաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության բարձր մակարդակը, ինչի խոսուն վկայությունն է գրեթե ամբողջությամբ իրականացված երկկողմ ռազմական համագործակցության 2013թ. ծրագիրը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի ու պաշտպանության նախարարի իրար հաջորդող այցերը Հայաստան:

Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը անդրադարձել է կադրային փոփոխությունների հարցին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունՀոկտեմբերի 29-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հստակեցրել է նախարարությունում կադրային փոփոխությունների հարցը: ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ, մայոր Թեյմուր Աբդուլաևը, անդրադառնալով այդ հարցին, հայտարարել է, որ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

“Պահեստային ուժերը համալրվում են որոշակի տարիքն անցած բարձրաստիճան զինվորականներով: Միևնույն ժամանակ սպաների ռոտացիա է իրականացվում: Բոլոր զինծառայողներն ըմբռնմամբ են մոտենում ռոտացիային, քանի որ դա կատարվում է “Զինծառայության մասին” օրենքի սահմաններում”,- ընդգծել է Աբդուլաևը:

Պաշտպանության փոխնախարար, Ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ալթայ Մեհտիևը և Պաշտպանության նախարարության տեսչական վարչության պետ, գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաևը հեռացվել են իրենց պաշտոններից: Ալթայ Մեհտիևին փոխարինել է Ադրբեջանի նախագահի` ռազմական հարցերի գծով օգնականի տեղակալ Ռամիզ Թահիրովը: Բեյդուլլաևին այս պաշտոնում փոխարինել է գնդապետ Ֆահրեդդին Ջաբրաիլովը: Վերջինս 1995թ.-ին նախագահի հրամանագրով ստացել է Ադրբեջանի Ազգային հերոսի կոչում: Հոկտեմբերի 22-ին Սաֆար Աբիևին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է Զաքիր Հասանովը:

«Վարդ սիրեցի» երգը` զինվորների կատարմամբ

Վարդ սիրեցի՝ փուշ դառավ, Դըլե յաման, դըլե յաման…  «Վարդ սիրեցի» հայտնի  հայկական ժողովրդական երգը կատարում են  ժամկետային զինծառայողներ Գոռ Մելքումյանն ու Վաղինակ Ալոյանը:

 

Հայոց բանակի զինվորի մեկ օրը. լուսանկարներ, տեսանյութեր

Picture 132Օրերս «Զորակն» գիտակրթական հիմնադրամը և ՀՀ ՊՆ-ն լրագրողների այց էին կազմակերպել դեպի հյուսիսարևելյան ուղղության զորամասերից մեկը: «Անկախ»-ը ներկայացնում է զինվորների առօրյան լուսանկարներով: Կից դիտեք նաև զինծառայողների երաժշտական կատարումների տեսանյութերը:

Լուսանկարները և տեսանյութերը` Հայկուհի Բարսեղյանի



Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտին,

Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտին,Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտին, ՀՀ-ում Ասվտրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանին և ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության ռազմական կցորդ Հելմուտ Ֆելներին:

Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը շնորհավորեց ավստրիական կողմին և հաջողություններ մաղթեց ավստրիացի ժողովրդին ազգային տոնի` Չեզոքության հայտարարման օրվա կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Կրաուտը հավաստեց, որ Ավստրիան պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ բարեփոխումներին առնչվող մի շարք ոլորտներում:

Սեյրանը Օհանյանը նշեց, որ թեև պաշտպանության բնագավառում հայ-ավստրիական համագործակցությունն այդքան էլ ակտիվ չէ, սակայն կան իրական հեռանկարներ հաջորդ տարվա ընթացքում ինչպես Ավստրիայի պաշտպանության և սպորտի նախարարության, այնպես էլ Ավստրիական զարգացման գործակալության հետ մի շարք ոլորտներում համագործակցություն հաստատելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Գիտաժողով` նվիրված երիտասարդության դաստիարակության խնդիրներին

  KONICA MINOLTA DIGITAL CAMERAՍ.թ.  հոկտեմբերի 25-ին «Դինամո»  մարզահամալիրում տեղի ունեցավ գիտաժողով «Անչափահասների շրջանում արատավոր երևույթների և փողոցային բարքերի դեմ պայքարի կարևորությունը օրինակելի զինվոր և քաղաքացի պատրաստելու գործում» թեմայով:

 Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան պաշտպանության նախարարության, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, զինղեկներ, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Վերջիններս իրենց ելույթներում ներկայացրեցին այն աշխատանքները, որ կատարում են մատաղ սերդի բարոյահոգեբանական դաստիարակության ուղղությամբ: Մասնավորապես, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները կարևորեցին ֆիզիկական պատրաստության դերը երիտասարդության դաստիարակության գործում` նշելով, որ պատանիներին տալով ֆիզիկական պատրաստության որակներ, նրանց զերծ են պահում արատավոր շատ երևույթներից` Հայոց բանակի համար պատրաստելով ֆիզիկապես և հոգեպես ամուր զինվորներ: Ելույթ ունեցողները շեշտեցին նաև համակարգված և հետևողական համագործակցությունը, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում:

Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը  և  «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության աջակցությամբ:

Ադրբեջանի ՊՆ-ում կադրային փոփոխություններ են եղել

Ադրբեջան,ՊՆ,կադրային փոփոխություններԱդրբեջանի Պաշտպանության նախարարության ղեկավար կազմում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:

Պաշտպանության փոխնախարար, Ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ալթայ Մեհտիևը և Պաշտպանության նախարարության տեսչական վարչության պետ, գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաևը հեռացվել են իրենց պաշտոններից: Ալթայ Մեհտիևին փոխարինել է Ադրբեջանի նախագահի` ռազմական հարցերի գծով օգնականի տեղակալ Ռամիզ Թահիրովը: Բեյդուլլաևին այս պաշտոնում փոխարինել է գնդապետ Ֆահրեդդին Ջաբրաիլովը: Վերջինս 1995թ.-ին նախագահի հրամանագրով ստացել է Ադրբեջանի Ազգային հերոսի կոչում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սաֆար Աբիևին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է Զաքիր Հասանովը:

Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները

ՊՆ, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարՍ.թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանն ընդունեց ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուիժնիեկսիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին, Ա. Նազարյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է խորացնել առկա կառուցողական երկխոսությունը ԵԽ-ի հետ` ի նպաստ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների շրջանակում զինված ուժերի կառավարման համակարգի կատարելագործման:

Հյուրերի խնդրանքով քննարկվեցին «Այընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան ելքով դեպքերի քննությանը, զինծառայողների մարդու իրավունքների պաշտպանության հարցերում քաղաքացիական հասարակության և Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության նախարարի տեղակալը հակիրճ  անդրադարձավ նաև զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և ռազմաուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում «Մարդու իրավունքներ» առարկայի ներդրման ուղղությամբ կատարվող քայլերին:

Հանդիպման վերջում ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն հայտնեց բարձրացված հարցերին պատշաճ արձագանքելու համար:

Պառավաքարի մոտ հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա,կան վիրավորներ և մեկ զոհ

զինվոր է վիրավորվելԱյսօր` հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզում, Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք: Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ): Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Նորիկի Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) և Մարտին Վահրամի Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):

Դեպքի մասին համապատասխան իրազեկում կատարվել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի այս հանցավոր քայլը անպատասխան չի մնա և հերթական անգամ այս սադրանքի պատասխանատվությունը կմնա սանձազերծողի վրա:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր  խորին ցավակցությունն է հայտնում շարքային Գարիկ Արտակի Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: