ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

պնՍ.թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու հոկտեմբերի 22-ից 23-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք  Աֆղանստանում և Կոսովոյում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստերին: Այցի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարարի առանձնազրույցներ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ:

Մարտավարական դաշտում դժբախտ պատահարից ժամկետային զինծառայող է մահացել

պնՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 18.10.2013թ., ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտավարական դաշտում ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է հրազենային վիրավորում: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Փաստի առթիվ  ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ամփոփվել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների արդյունքները

7Y1F1883 copy«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլը: Զորավաժության կրակային փուլին ներկա էին ՀՀ կառավարության անդամները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Նախարարները հետևել են հոգեբանական արգելագոտու հաղթահարման գործընթացին և անցել են արգելագոտու բոլոր խոչընդոտներով: Հոգեբանական հաղթահարման արգելագոտին գործի է դրվել ՀՀ զինված ուժերի զինծառայողների հոգեբանական պատրաստվածության աստիճանը բարձրացնելու նպատակով: Զորավարժարանում մարտավարամասնագիտական հմտությունների զինանոցն են ցուցադրել հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտիկները: Պետական կատավարման մարմինների ղեկավարները զորավարժարանի կրակային դիրքերում  կրակել են հրաձգային զենքից, որից հետո սկսվել է «Արձագանք-2013» մարզումների մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլը: Մարտական հրաձգության փուլին նախորդել է ՀՀ զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, ներքին զորքերի և արտակարգ իրավիճակների նախարարության զինատեսակների և սպառազինության ցուցադրումը:

Գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլի ավարտին տեղի է ունեցել «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային  մարզումների մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Պարգևները հանձնել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների արդյունքների մասնակի ամփոփումը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին` ՀՀ ՊՆ վարչական համալիրում: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոհունակությամբ նշել է, որ, չնայած արձանագրված որոշ թերությունների, նախկինում անցկացված նմանաբնույթ հրամանատարաշտաբային մարզումների համեմատությամբ «Արձագանք-2013»-ն անցավ հետաքրքիր և աշխույժ մթնոլորտում, համադրելով գործնական հմտությունների` մարտական հրաձգությամբ գնդային զորավարժությունների հետ: Նախարարը հատկապես կարևորել է հանրապետության պաշտպանական համակարգի կատարելագործումը, ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով` պետական կառավարման մարմինների ղեկավար կազմի ճշգրիտ և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակությունը:

ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն` հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ անցկացվել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:

«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ընթացքում, մարզումների մտահղացման շրջանակներում, խաղարկվել է ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացը իրավիճակի սրման պայմաններում: Խաղարկվել է նաև հակառակորդի ագրեսիայի հետմղման և հակահարձակման գործողությունների սցենարը իրավիճակի սրման սկզբնական շրջանում:

 

 

Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

3 (1)Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ներկայացուցիչներ, հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, գործող և վաստակաշատ թոշակառու ուսուցիչներ, ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վ. Ավետիսյանը, ով նշեց, որ Ուսուցչի օրը ամենանվիրական տոներից մեկն է, և յուրաքանչյուր մարդ հիշողության բազմաթիվ թելերով կապված է դպրոցին, յուրաքանչյուր սպա նաև իրեն վստահված ստորաբաժանման զինվորների ուսուցիչն է: «Մենք շնորհակալություն ենք հայտնում այն բանի համար, որ ձեր կրթած ու դաստիարակած աշակերտները գալով Հայկական բանակ` անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները»:
Իր ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նշեց, որ արդեն բարի ավանդույթ է դարձել այս տոնը նշելու ՀՀ պաշտպանության նախարարությունում: «Այս օրը խորհրդանշական է մեր զինված ուժերի համար այն առումով, որ պաշտպանության նախարարությունը ինքնին մի մեծ ուսումնական համակարգ է, որի գործունեության հիմքում ընկած է ուսումնադաստիարակչական աշխատանքը: Մեր զինծառայողները թերևս դպրոցական տարիներին իրենց ստացած գիտելիքները ներդնում են զինված ուժերի մարտունակության ամրապնդման ուղղությամբ և առօրյա գործունեության ընթացքում հենվելով այդ ստացած գիտելիքների վրա` ձեռք են բերում համապատասխան մարտական հմտություններ և նաև իրականացնում զինված ուժերի առջև դրված խնդիրները»:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ դպրոցի ու բանակի համագործակցության շրջանակներում այս տարվա ինն ամիսների ընթացքում պաշտպանության նախարարությունը կազմակերպել է և աջակցել է 21 ծրագրերի և շուրջ յոթ տասնյակ առավել խոշոր միջոցառումների: Դրանք հայրենաճանաչողական արշավներ են մարտական փառքի վայրեր և պատմամշակութային հուշարձաններ, դրանք զորամասային այցելություններ են և մասնակցություն ամենատարբեր ձևաչափերով կազմակերպվող գիտաճանաչողական ծրագրերին ու ռազմամարզական խաղերին:
Ելույթներով հանդես եկան նաև հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, դպորցների ուսուցիչներ:
Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջոցառման մասնակիցներին մատաղ սերնդին ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևատրեց գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով:
Հատկանշական է, որ ուսուցիչների հետ միասին տոնական միջոցառմանը ներկա նաև նրանց նախկին աշակերտները, որոնք այժմ ժամկետային զինծառայություն են անցնում ՀՀ զինված ուժերում:

Նորից քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցը

32013թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար, պարոն Լորենցո Կարաֆիին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը, սահմանամերձ շրջաններում ԿԽՄԿ կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների խնդիրներին վերաբերվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԿԽՄԿ ներկայացուցիչներին կոչ արեց ավելի ակտիվ գործունեություն ծավալել Ադրբեջանում գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցում և առավել հաճախակի այցելություններ կատարել վերջինիս:

Պարոն Դ.Տոնոյանը բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում պարոն Կարաֆիի գործունեությունը, իսկ պատվիրակության նորանշանակ ղեկավարին մաղթեց արգասաբեր աշխատանք հետագա առաքելությունն իրականցնելու ընթացքում:

Մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումները

պնՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն`  հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:

Մարզումների նպատակներն են` առաջարկությունների նախապատրաստման հարցերով պետական կառավարման մարմիններին փորձի հաղորդումը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման ներկայացման համար, ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը, պետական կառավարման համակարգում նոր արդյունավետ միջոցների ներդնումը:

«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ընթացքում, մարզումների մտահղացման շրջանակներում խաղարկվելու է ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացը իրավիճակի սրման պայմաններում: Ճշգրտվելու են պետական կառավարման համակարգը ագրեսիայի հետմղման պատրաստականության փոխադրելու ղեկավար նորմատիվ ակտերը: Խաղարկվելու է նաև հակառակորդի ագրեսիայի հետմղման և հակահարձակման գործողությունների սցենարը իրավիճակի սրման սկզբնական շրջանում:

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավ-արևմտյան սահմանագոտի

IMG_0493 copyՍեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի, առաջնագծում հանդիպել դիրքապահ զինծառայողների հետ, ստուգել մարտական պատրաստությունը, զորքերի ծառայության իրականացման խնդիրները և զորվարժությունների անցկացման գործընթացը:

Նախարարը լսել է հրամանատարների զեկույցները, տվել է համապատասխան ցուցումներ և հրահանգներ գործընթացը ավելի խորքային և արդյունավետ իրականացնելու համար:

DSC_0297 copyՆշենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանագծի երկայնքով տեղակայված ՀՀ ԶՈւ զորամիավորման զորամասերը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցկացնում են լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց մասնակցում են նաև կենտրոնական ենթակայության զորամասեր և ստորաբաժանումներ բոլոր զորատեսակներից: Զորավարժության տևողությունը յոթ օր է, ներգրավված մեծաքանակ ուժերը և միջոցները զորավարժության ընթացքում հիմնականում խաղարկում են հակահարձակողական գործողություններ, որոնց շրջանակներում իրականացնում են նաև կրակային խնդիրներ:

 

Միայն գիտելիքներով կարելի է հասնել հաղթանակների

IMG_9139 copyՍեպտեմբերի 1-ին հանրապետության ուսումնական հաստատություններում ազդարարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը: Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 31-ին այցելել է «Անանիա Շիրակացի» ճեմարան, ծանոթացել է ճեմարանի առօրյային, մասնակցել և ելույթ է ունեցել նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված` ճեմարանի ավագ դպրոցի հանդիսավոր տողանին:
Իսկ այսօր` սեպտեմբերի 2-ին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հյուրընկալվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունել է կրթահամալիրի սաներին և ուսուցիչներին, շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթել նոր բարձունքների նվաճում ու խաղաղ ապագա: «Մենք դժվար ճանապարհ ենք անցել, նվաճելով մեր երկրի անկախությունն ու ազատությունը, հաստատել խաղաղություն: Ես մաղթում եմ ձեզ միշտ հիշել այդ մասին ու պահպանել մեր ձեռքբերումները: Իսկ պահպանելու համար պետք է գիտելիքներ ունենալ, որովհետև որքան շատ ու հարուստ լինեն ձեր գիտելիքները, այնքան պաշտպանված եւ ուժեղ կլինենք: Գիտելիքներով օժտված մարդիկ անպարտելի են, միայն գիտելիքներով կարելի է հասնել հաղթանակների: Բացի կրթությունից` դպրոցում աշակերտները ստանում են նաև համապատասխան դաստիարակություն, որում մեծ դեր պետք է հատկացվի ռազմահայրենասիրությանը»,- ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Իր խոսքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի անցած ուղին, զարգացման փուլերն ու հետագա ծրագրերը: Կարևորելով բանակ-դպրոց կապն ու կրթության դերը երկրի անվտանգության ապահովման գործում, Սեյրան Օհանյանը փաստել է, որ ներկայումս հանրապետության բոլոր դպրոցները կցված են ԶՈՒ-ի զորամասերին: Աշակերտները պարբերաբար այցելում են զորամասեր, հանդիպումներ են ունենում զինծառայողների հետ, ծանոթանում զինվորական ծառայության պայմաններին:
«Անանիա Շիրակացի» ճեմարան և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր կատարած այցերի շրջանակում նախարար Օհանյանը պատասխանել է նաև կրթօջախների սաներին հետաքրքրող հարցերին:

Չինական AR1A համակարգերը լավ այլընտրանք են «Սմերչի» համար

ԱՌԻԱԱնցնող շաբաթ հայկական ու միջազգային լրատվադաշտը միանգամից հեղեղվեց «Ազատություն» ռադիոկայանի տարածած հաղորդագրությամբ, թե Հայաստանը Չինաստանից նոր`  AR1A համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ է (ՀԿՌՀ)  ձեռք բերել: Այս լուրը, իհարկե, չհաստատվեց պաշտոնապես, բայց նաև չհերքվեց: Սակայն էականն այս դեպքում այլ հարց է: Անկախ այն հանգամանքից` Հայաստանն այս զինատեսակները ձեռք է բերել, թե ոչ, ձեռքբերման մասով բանակցություններ է վարում, թե սա ապատեղեկատվություն է, միևնույն է, այն շատ կարևոր քաղաքական ուղերձ է:

 Չինական համակարգ`«Սմերչի» փոխարեն ի գիտություն Ռուսաստանի

Ինչպես հիշում ենք, համազարկային կրակի ռուսական «Սմերչ» ռեակտիվ կայաններ ձեռք բերեց մեր ռազմավարական գործընկերոջից մեր հակառակորդը` Ադրբեջանը: Սա բազմապիսի հետևությունների տեղիք տվեց, ինչպես նաև ստվեր ձգեց հայ-ռուսական հարաբերությունների ավանդական պատկերացման վրա: Ռուսական կողմն իր «Սմերչի» և այլ զինտեխնիկայի վաճառքը բացատրում էր բիզնես շահերով, ինչպես նաև Ադրբեջանին իրենից կախման մեջ գցելու մղումով: Ռուս-ադրբեջանական այս գործարքը սթրեսային ընկալում առաջացրեց հայ հասարակության մեջ: Ու հենց այդ գործարքներից անմիջապես հետո հատկանշական էր հայ-չինական ռազմատեխնիկական հարաբերությունների մասին լուրը:

«Մեր երկրի համար խիստ կարևոր է նախ,  որ մեր անվտանգության համակարգը ըստ էության կախված չլինի մեկ երկրից: Որովհետև մենք ասում ենք հայ-ռուսական հարաբերություններ, հետո ասում ենք ՀԱՊԿ, որը, ըստ էության, նորից հայ-ռուսական հարաբերություններն են: Կենցաղում, կյանքում մենք հաճախ տեսնում ենք, որ օրինակ` վերելակը, որը 4 մարդ է տանում, բացի հիմնական ճոպանից, լրացուցիչ ճոպան ունի, դրանից բացի, անվտանգության այլ տարրեր էլ ունի, քանի որ մարդկային կյանքերի հետ է կապված: Երկիրն ավելի մեծ մոդել է, և այդտեղ միլիոնավոր մարդկային կյանքերի հետ գործ ունենք: Ու այստեղ հարց է` արդյոք ճի՞շտ է, երբ մի երկրից, այսինքն` մեկ ճոպանից ես կախում ունենում ու փորձում քո անվտանգությունն ապահովել: Կարծում եմ, որ սխալ է: Հետևաբար, մեր անվտանգության հիմնական համակարգը  համարելով Ռուսաստանը կամ մերձռուսական բլոկը, մենք պետք է հնարավորինս այլ համակարգերի կամ երկրների հետ էլ զարգացնենք ռազմական կամ երկկողմ հարաբերություններ»,- նշեց նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

Առհասարակ ցանկացած պետության համար, հատկապես` փոքր, խիստ կարևոր է մշտապես ունենալ այլընտրանքներ: Որովհետև այլընտրանքի առկայությունը հնարավորություն է տալիս  խուսափելու միակողմանի կախվածությունից: Դա վերաբերում է բոլոր ոլորտներին, լինի սննդի, էներգետիկ անվտանգություն, թե ռազմական անվտանգություն: Ռուսաստանը ցույց տվեց, որ երբ իր շահը թելադրում է, հանգիստ կարող է Հայաստանի անվտանգությունը իր շահին ստորադասել: Քաղաքականության մեջ դա շատ բնական է, բայց լինելով բնական, միևնույն է, մեզ համար վտանգավոր է: Այսինքն` մենք պետք է դիտարկենք  այլընտրանքների հնարավորությանը: Այսօր  մեր արտաքին քաղաքականության վեկտորի շեղվածությունը դեպի ռուսական կողմ համեմատաբար շատ է: Ու այս համատեքստում Չինաստանից ՀԿՌՀ-ների ձեռքբերման մասին խոսակցությունները, ամեն դեպքում,  ճիշտ ուղերձ էին:

«Ռուսաստանը պետք է հասկանա, որ միայն ինքը չէ զենք մատակարարողը: Այսինքն` գոնե այս կարգի զենք չինացիներն էլ ունեն, որը, ըստ մասնագետների, իր որակով չի զիջում ռուսականին: Իսկ եթե հեռահարությամբ ենք նայում, ապա մի բան էլ գերազանցում է ռուսականին: Հետևաբար, սա ճիշտ է»,- նշեց Արա Պապյանը:

Մի օրինակ պատմեմ. ես մի ընկեր ունեի, որը Կանադայում բիզնես ուներ, և երկու մատակարարից ինչ-որ ապրանք էր առնում` նյութեր: Նա 80 տոկոսը մեկից էր գնում, 20 տոկոսը` մեկ ուրիշից: Ումից որ 20 տոկոս մասն էր առնում, շատ ավելի թանկ էր վճարում` գրեթե 1,5 անգամ թանկ: Երբ հարցրեցի, թե ինչու չես մեկից առնում, նա պարզաբանեց, թե երբ 100 տոկոսն էլ մեկից սկսի գնել, կես տարի հետո նա գինը կբարձրացնի ու մյուսի գնից կանցնի: Բայց քանի որ այդ մատակարարը գիտի, որ ես ունեմ այլընտրանք և սահմանը պարզ է, ինքը միշտ դրանից ցածր է պահելու: Դա շատ պարզ բիզնես օրենք է, որ շատերն են կիրառում: Հիմա նույնը պետք է  կիրառել նաև պետական մակարդակով:

Այսինքն` եթե մեր հիմնական զենքն ու ռազմական տեխնիկան պետք է Ռուսաստանը մատակարարի, ապա մենք գոնե պետք է  պարբերաբար գնումներ կատարենք տարբեր երկրներից, որպեսզի այդ խողովակը բաց թողնենք, բոլորը հասկանան, որ մենք այլընտրանքային ճանապարհներ էլ ունենք, ու լուրջ վերաբերվեն Հայաստանի հետ հարաբերություններին:

Տակտիկա–տեխնիկական տվյալներով էլ չինական համակարգերը չեն զիջում ռուսականին

Ինչ վերաբերում է մեր հակառակորդի ունեցած ՀԿՌՀ-ներին. մեզ համար կարևոր է ոչ թե նույնությամբ գնել այն զինտեխնիկան, ինչ գնում է Ադրբեջանը, այլ այնպիսի զինտեխնիկա ու մարտական միջոցներ, որոնք թույլ կտան չեզոքացնել հակառակորդի տեխնիկան ու զինուժը: Այսինքն` եթե Ադրբեջանը ձեռք է բերել «Սմերչ», նշանակում է, որ մենք պետք է ձեռք բերենք այնպիսի տարբերակներ, որոնք ոչ միայն ավելի էժան են, այլև ավելի հեռահար, ավելի օպերատիվ, ավելի քիչ ծախսեր են առաջացնում և ավելի հարմար են մեր բնակլիմայական պայմաններում օգտագործելու համար: Զուտ ռազմական տեսանկյունից դիտարկելիս նույնպես առավելությունն անցնում է չինական ՀԿՌՀ-ների կողմը: «Սմերչերը», որոնց նախագծումն ու մշակումը սկսվել է ԽՍՀՄ-ում, ու շահագործման են հանձնվել 1980-ական թթ., ըստ ռուսական գովազդային հոլովակների, համարվում էին ատոմային ռումբից հետո երկրորդ հզոր զենքը, աշխարհում հավասարը չունեցող և այլն: Հենց սա էլ հայ հասարակության մեջ խուճապ էր առաջացրել: Իրականում այդպես չէ: Իրականում համազարկային կրակի ռեակտիվ կայաններից ամենահզորը համարվում են բրազիլական ASTROS III համակարգերը, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 200-250 կիլոմետրի: Դրանով նրանք համարվում են օպերատիվ-մարտավարական: Սակայն թանկ են ու մարտական գործողությունների ժամանակ փորձված չեն: Մոտ երեք տասնյակ նման համակարգեր կան աշխարհում`տարբեր երկրների կողմից մշակված: Այդ բոլորի մեջ համեմատաբար ամենանորն ու արդիականացվածը համարվում են չինական  AR1A համակարգերը: Սրանց մշակումը սկսվել է 2009 թ., համակարգերը հավաքվել են ռուսական «Սմերչ» համակարգերի բազայի վրա` ավելի արդիականացված պարամետրերով: Այս համակարգերը նաև անհամեմատ ավելի էժան են, քան «ուռճացված» «Սմերչերը»:

Եվ քանի որ մեր հակառակորդը ձեռք է բերել ռուսական «Սմերչ» համակարգեր, ապա համեմատենք դրանք չինական համակարգերի հետ, քանի որ, ինչպես նշեցինք, աշխարհի ավելի քան 3 տասնյակ նմանատիպ համակարգերից չինականները և՛ ավելի նոր ու արդիական են, և՛ ավելի մատչելի:

Զուտ տակտիկատեխնիկական տվյալներով ևս չինական AR1A համակարգերը չեն զիջում ռուսական «Սմերչներին»: Չինական համակարգի մարտական մեքենայի մարտական քաշը 42.5 տոննա է, իսկ «Սմերչինը»` 43.7 տոննա: Այսինքն` չինականն ավելի թեթև է: Երկու համակարգերն էլ 8*8 անվավոր թափքի բազայի վրա են հավաքված` շարժիչների համարյա հավասար հզորությամբ: Երկու համակարգերի մարտական մեքենաներն էլ զարգացնում են 60 կմ/ժ արագություն: «Սմերչների» վառելիքի պաշարը մի քիչ ավելի երկար` 850 կիլոմետր ճանապարհի է բավականացնում, իսկ չինականների վառելիքի պաշարը` ընդամենը 65 կիլոմետրի: Սակայն դա Հայաստանի պես փոքր երկրի համար լուրջ առավելություն կամ թերություն չէ: Ինչ վերաբերում է մարտական մասին, երկու համակարգերի տրամաչափն էլ 300 միլիմետր է:  «Սմերչն» ունի հրթիռների 12 ուղղորդիչ փող, իսկ AR1A համակարգերը` 10: «Սմերչների» հեռահարությունը հասնում է 70, իսկ որոշ տեսակի հրթիռներով` առավելագույնը 90 կիլոմետրի, իսկ AR1A համակարգերի հեռահարությունը 120-130 կիլոմետրի է հասնում: Այսինքն` էականորեն ավելի հեռահար է, քան «Սմերչը», ինչը նրա հիմնական առավելություններից մեկն է:

Երկրորդ առավելությունը, որ ունեն չինական համակարգերը, վերալիցքավորման ժամանակն է: Չինական հրթիռները վերալիցքավորվում են կոնտեյների տարբերակով. միանգամից բոլոր ուղղորդիչ փողերը, որոնք գտնվում են մեկ կոնտեյներում, հանվում են, ու տեղը դրվում է նոր` լիցքավորված կոնտեյներ: Ամբողջ պրոցեսը տևում է 10-15 րոպե: Իսկ «Սմերչները» լիցքավորվում են յուրաքանչյուր ուղղորդիչը առանձին-առանձին տարբերակով: ժամանակի մասին արտադրողները չեն էլ նշում… Սա մեծացնում է «Սմերչի» վերալիցքավորման ժամանակը, ինչը մարտի ժամանակ լուրջ թերություն է: Մարտական լիցքի ամբողջական պարպումը երկու համակարգերի մոտ էլ նույնն է, երկուսն էլ աշխատում են ծովի մակերևույթից միևնույն` մինչև 3000 մետր բարձրության վրա. «Սմերչները»` -55 -+55 Co, իսկ AR1A համակարգերը`-22-+55 Co ջերմաստիճանային պայմաններում: Այս ամենով հանդերձ, չինական համակարգերն ավելի նախընտրելի են, քանի որ կարող են հարվածել հակառակորդի սահմանից ավելի հեռու, քան նրանց միջոցները: Այսինքն` եթե Հայաստանը ունենա նման համակարգեր, կարող է ավելի շուտ խոցել դեպի հայկական կողմի վրա կրակել պատրաստվող «Սմերչներին», քան նրանք կհասցնեն զբաղեցնել մեր դիրքերին հարվածելու համար անհրաժեշտ նվազագուն հեռավորությամբ կրակակետը:

Թերահավատության միակ առիթը համակարգերի չինական լինելն է: Ինչպես չինական ամեն ինչին, մեր երկրում չեն վստահում չինական արտադրության ռազմատեխնիկայի որակին ևս:

«Եթե խոսքը վերաբերում է զինտեխնիկային, ապա չի կարելի թերահավատորեն վերաբերվել և ոչ մի երկրի ստեղծած տեխնիկային,լինի դա Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Իսրայելը, թե նույնիսկ Հայաստանը: Ու համեմատել Չինաստանի մի ինչ-որ նկուղում, չգիտես թե ինչով պատրաստված հեռախոսները զինտեխնիկայի,առավել ևս նման զինտեխնիկայի հետ, ուղղակի ճիշտ չէ: Եվ մենք ունենք նաև չինական արտադրության ավելի հին մոդելի ՀԿՌՀ-ներ, որոնք իրենց որակով չեն զիջում նույն ռուսական զինտեխնիկային»,- ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Այնպես որ լավ կլինի, որ Հայաստանը կարողանա ձեռք բերել չինական նորագույն AR1A համակարգերից, եթե նույնիսկ տարածված տեղեկատվությունը ճիշտ չէր, ու դեռ չունենք այդպիսի համակարգեր:

 

Հայ զինվորներին հրազենային վնասվածքները պատճառվել են հակառակորդի դիպուկահար կրակից, 700-800 մետր հեռավորությունից

պնՕգոստոսի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ ձեռք բերված տվյալները հիմք են տալիս եզրակացնելու, որ հայ զինվորներին հրազենային վնասվածքները պատճառվել են հակառակորդի դիպուկահար կրակից, 700-800 մետր հեռավորությունից:

Այս ցավալի միջադեպով Ադրբեջանի ներկայիս իշխող ռեժիմը փորձ է անում ապակայունացնել ՀՀ պետական սահմանի` նախկինում համեմատաբար խաղաղ համարվող նախիջևանյան հատվածը և «հիշեցնել» նախիջևանցի ընտրողներին, թե «ում են պարտական իրենց կյանքի ու բարեկեցության համար»: Կրկին հիշեցնում ենք, որ այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորի ցանկացած կյանքի կորստյան համար ուղղակի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը և նրա ռազմաքաղաքական վարչակազմը: Զարգացումների այս սցենարում հատուկ կարևորում ենք սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերջնական համաձայնեցումը և կիրառումը, և կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահներին` օգտագործել բոլոր հնարավոր լծակները` այս մեխանիզմի հաստատման դեմ Ադրբեջանի իշխող ռեժիմի խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով /սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը իրականացնելիս զոհված Նորայր Արարատի Պետրոսյանի ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, իսկ Արթուր Ասոյանին մաղթում շուտափույթ ապաքինում:

Սեյրան Օհանյանի հերթական աշխատանքային շրջայցը հյուսիսարևելյան սահմանագոտի

4Օգոստոսի 20-21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական շրջայցն է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտի: Նախարարին ուղեկցել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

Սեյրան Օհանյանը այցելել է բանակային զորամիավորման մի շարք զորամասեր, ծանոթացել է զորամասերում իրականացվող շինարարական աշխատանքներին, եղել է զորանոցներում: Առանձնակի ուշադրության են արժանացել ստորաբաժանումներում գործող օժանդակ կառույցների շինությունների պահպանման և վերանորոգման աշխատանքները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է նաև զորամասերում գործող զինվորական ճաշարանների շենքային և սանիտարահիգենիկ պայմաններին, նախաճաշել է զինվորների հետ:

5Իր և պաշտպանության նախարարության ղեկավարության անունից ողջունելով զինծառայողներին Ս.Օհանյանը նշել է. «Երբ ես այցելում եմ առաջնային գիծ, ինձ համար տարբերություն չկա, ես աջակցում, խրախուսում եմ և առաջնագծում կանգնած զինվորին և առաջնագծի խաղաղ բնակչությանը, որոնք, ըստ էության, մեր երկրի զինվորներն են և ամեն պահի կանգնած են զինվորի կողքին, իսկ զինվորը կանգնած է նրանց կողքին»: Նախարարը նշել է, որ «վերջին տարիներին ձեր զորամիավորումում նվազել են դժբախտ պատահարները, կանոնակարգվել են միջանձնային հարաբերությունները»: Ս.Օհանյանը պատասխանել է նաև զինծառայողների հարցերին:

Նախարարը մարտական հենակետերում ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը, ծանոթացել է զինծառայողների մարտական պատրաստությանը, բարոյահոգեբանական վիճակին, հետաքրքրվել զինվորների առօրյայով, կենցաղային պայմաններով: Սեյրան Օհանյանը մի շարք սպաների և զինվորների պարգևատրել է թանկարժեք նվերներով:

Շրջայցի ավարտին աշխատանքներն էլ ավելի արդյունավետ իրականացնելու համար պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել զորամիավորման ղեկավարությանը:

Ադրբեջանից կրակել են քաղաքացիական ավտոմեքենայի

4544631377086235Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը եւ գնդակոծել Հայաստանի հետ սահմանի քաղաքացիական օբյեկտները:

 

NEWS.am-ի թղթակցին պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ անցնող գիշեր գնդակոծվել է քաղաքացիական ավտոմեքենա: Բարեբախտաբար տուժածներ չկան:

 

Օգոստոսի 20-ի ցերեկը եւ գիշերը ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Չինարի, Այգեձոր, Մովսես եւ Բաղանիս գյուղերում հայկական դիրքերի ուղղությամբ:

 

Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է, որ շուտով հայտնի կդառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը

1 (1)Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ  Տոնոյանը հերթական անգամ հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչին:

Դ.Ռանկովիչը տեղեկացրել է, որ ստացված տեղեկության համաձայն` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է,  որ շուտով հայտնի կդառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը:

Շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար՝ Դ.Տոնոյանը իր հերթին ԿԽՄԿ պատվիրակին հայտնել է, որ ՀՀ–ում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան: Ֆարաջևը նաև շուտափույթ հանդիպում է խնդրել ՀՀ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրավիրել է անկողմնակալ կազմակերպություններին, մասնավորապես` ԿԽՄԿ-ին, հանդիպել Ֆարաջևին:

Տրամադրված տեղեկությունը ԿԽՄԿ-ն ի գիտություն է ընդունել:

Դավիթ Տոնոյանը և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակ տիկին Դրագանա Ռանկովիչին քննարկել են ադրբեջանական ուժերի պահպանության տարածք անցած Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի հարցը

դավիթ-տոնոյանՕգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակ տիկին Դրագանա Ռանկովիչին և քննարկել օգոստոսի 8-ին տարածքում չկողմնորոշվելու հետևանքով ադրբեջանական ուժերի պահպանության տարածք անցած Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին առնչվող հարցերը:

Հնարավոր շահարկումները և ապատեղեկատվությունը բացառելու նպատակով՝  Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Հ. Ինջիղուլյանին, որ տեղի ունեցած դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան:

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

պնՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում օգոստոսի 7-ին տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 28 ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Նախարարին ուղղված հարցերը վերաբերել են սոցիալական,  իրավական և այլ ոլորտներին:

Քաղաքացիների ընդունելությանը ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր: Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծումներ տալ քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիներից շատերի խնդիրներն էլ լուծվել են հենց ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում:

Հայ զինվորը հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում

զինվոր է վիրավորվելՕգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Տավուշի մարզի մարտական հենակետերից մեկում զինվոր է վիրավորվել

զինվոր է վիրավորվելՏավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում օգոստոսի 5-ին, ժամը 23:55-ի սահմաններում հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը: Վիրավոր վիճակում Այվազյանը մեքենայով փորձել է հեռանալ վտանգավոր գոտուց, սակայն  հակառակորդը կրակ է բացել մեքենայի դիմապակու ուղղությամբ, ինչի արդյունքում Այվազյանը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վիրավորումը:

Արմենակ Այվազյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա վիճակը գնահատվում է կայուն:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարուղարի արձագանքը ադրբեջանական սադրանքներին

արծրուն հովհաննիսյանՕգոտոստի 2-ին ադրբեջանական կողմը, ապատեղեկացնելով միջազգային հանրությանը և իր իսկ քաղաքացիներին, մատնանշել է իր խաղաղ բնակչի վիրավորվելու փաստը և այն վերագրել հայկական զինված ուժերին:

Վերջին օրերին ադրբեջանական կողմը սահմանագծի ամբողջ երկայնքով օգտագործում է դիպուկահարների կրակ:

Հայկական զինված ուժերը կպատասխանեն համարժեք գործողություններով այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական կողմը չհրաժարվի իր սադրանքներից: Ինչպես միշտ իրավիճակի լարման և կորուստների համար ամբողջ պատասխանտվությունը մնում է ադրբեջանական իշխանությունների վրա:

 

 

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ