Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը

սոցապՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ապրիլի 4-ի «archive2.ankakh.com» էլեկտրոնային կայքում հրապարակված «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության աշխատակիցները ներկայացնում են իրենց հիմնարկի չարաշահումները»  հոդվածի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ պարզաբանումը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը գործում է 2007 թվականից, որտեղ խնամվում են սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ (6-18 տարեկան) երեխաներ: Նրանց խնամքն ու դաստիարակությունը իրականացվում է որակյալ  հմտություններ և կարողություններ ունեցող աշխատակազմի կողմից: Հաստատությունում տիրում է համերաշխ մթնոլորտ, սաներն իրենց զգում են ապահով՝ շրջապատված ընտանեկան ջերմությամբ:

Հաստատության աշխատակիցների կողմից տարբեր լրատվամիջոցներ ուղարկված բաց նամակում տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Առավել ևս, այն ստացվել է մի անձնավորության էլեկտրոնային հասցեից, որը նշված հաստատությունում չի աշխատում:

Հ.Գ. Անկախն առաջիկայում կներկայացնի իր լրագրողական հետաքննությունը` նշված հաստատությունում տիրող իրավիճակի մասին:

Սոցիալական փաթեթի շահառուներին կմատուցվի ավելի որակյալ և մատչելի բուժօգնություն

Արտեմ ասատրյան2014թ. մարտի 27-ին տեղի ունեցած հերթական նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է՝
– սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանի ձևավորման և վարման կարգը, որի կիրառման արդյունքում ակնկալվում է սոցփաթեթի շահառուներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության, այդ նպատակով պետբյուջեից հատկացվող միջոցների ծախսման արդյունավետության բարձրացում,
– «ՀՀ առողջապահության նախարարության «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցփաթեթով ապահովում» ծրագրում ընդգրկված առողջապահական փաթեթի շրջանակում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման արտաբյուջետային հաշվի 2014թ. նախահաշիվը հաստատելու, ՀՀ 2014թ. պետբյուջեի և կառավարության նախկին որոշումներից մեկի փոփոխություններն ու լրացումները,
– ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրով այդ միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը:

Մանկավարժը հացադուլ կհայտարարի` իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար

վարդան գալստյան231 տարվա մանկավարժ Վարդան Գալստյանը սպառնում է հացադուլ հայտարարել դպրոցում, եթե մինչև հաջորդ շաբաթ իր խնդիրը չլուծվի:
Գալստյանը 1983 թվականից աշխատում է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցում, դասավանդում է քիմիա և կենսաբանություն: 1987-2000 թթ. Գալստյանը նաև եղել է դպրոցի փոխտնօրեններից մեկը: Այժմ, երբ լրացել է Գալստյանի 55 տարին և օրենքով սահմանված կարգով նա կարող է մասնակի կենսաթոշակի անցնել, խնդիրներ են առաջացել:
Փետրվարի սկզբին Գալստյանը համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին, սակայն շուտով մերժում է ստացել. փոխտնօրեն աշխատելու 13 տարիները մասնագիտական ստաժ չեն համարել ու մերժել են:
Ըստ 2010-ին ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի` մասնակի կենսաթոշակի իրավունք ունեն կրթության ոլորտի որոշ կատեգորիաների աշխատողներ, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից գոնե 12-ը` մասնագիտական: Իսկ մասնագիտությունների ցանկը, որոնք կարող են ընդգրկվել մասնակի կենսաթոշակի համակարգում, սահմանել է կառավարությունը 2011-ի 665-Ն որոշմամբ: Ըստ ցուցակի` նման իրավունք ունեն դպրոցական համակարգից ուսուցիչը, դասվարը, զինղեկը, մանկավարժ դաստիարակը, դաստիարակ-ղեկավարը, ջոկատավարը և ավագ ջոկատավարը, հրահանգիչը, խուլ-համրերի, կույրերի մանկավարժները, լոգոպեդը, լսողական կաբինետի վարիչը, ուսումնական և դաստիարակության գծով տեղակալները, տնօրենը:
Մինչ 2010 թ. մասնակի կենսաթոշակի անցնելուց բավարար է եղել տեղեկանքը դպրոցից, որ փոխտնօրենը կամ կազմակերպիչը նաև զուգահեռաբար դասավանդել է` օրենքով թույլատրված ժամաքանակով: Սակայն «Պետական կենսաթոշակների մասին» նոր օրենքում հստակ նշվում է, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:
Ըստ այս տրամաբանության` Գալստյանը զրկվել է 13 տարվա մանկավարժական ստաժից, իսկ փոխտնօրենի ստաժն էլ հրաժարվում են դիտարկել` պատճառաբանելով, որ ցանկում «կազմակերպիչ» տերմինը չկա:
«Տառակերությամբ են զբաղվում: Այն ժամանակ փոխտնօրենը կոչվում էր կազմակերպիչ, հիմա` դաստիարակության գծով տեղակալ: Ընդամենը հաստիքի անվանումն է փոխվել: Ինչո՞ւ պետք է զրկվեմ ինձ հասանելիք կենսաթոշակի իրավունքից, ինչ է թե հաստիքի անունը փոխվել է»,- ասում է Գալստյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետի տեղակալ Ռոզա Մկրտչյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ խնդրին առնչվում են արդեն տարիներ շարունակ: Նրա խոսքով` հիմնավորող իրավական փաստաթուղթ չկա, որ կազմակերպչի հաստիքը վերանվանվել է դաստիարակության գծով տեղակալ: «Խորհրդային տարիներին դպրոցի տնօրենը երկու տեղակալ է ունեցել` ուսումնական գծով տեղակալ և կազմակերպիչ: Այն ժամանակ էլ ուսումնական գծով տեղակալը մասնակի կենսաթոշակի իրավունք ունեցել է, կազմակերպիչը` ոչ: Բոլորը չէ, որ այդ իրավունքը ունեն»,- ասում է Մկրտչյանը:
Նրա խոսքով` Գալստյանին մասնակի կենսաթոշակի իրավունք չտալը օրենքի սահմաններում է, եթե, իհարկե, Գալստյանը չկարողանա իրավական փաստաթուղթ ներկայացնել, որը կհիմնավորի, որ կազմակերպիչը և դաստիարակության գծով տեղակալը նույն հաստիքն են:
ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ հաստիքի ցանկացած փոփոխություն ուղեկցվում է իրավական փաստաթղթով, բացառություն չէ նաև այս դեպքը: Մակյանը նշեց, որ 1987-ին Գալստյանի հաստիքի ամբողջական անվանումն է եղել արտադասարանական ու դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ: Նրա խոսքով` խառնաշփոթի պատճառն այն է, որ Գալստյանի աշխատանքային գրքույկում պաշտոնի անվանումն ամբողջական չի գրվել:
Մակյանի խոսքով` խնդիրը կլուծվի, եթե Գալստյանի աշխատանքային գրքույկում դպրոցի ներկայիս տնօրինությունը, հիմք ընդունելով արխիվային փաստաթղթերը, ուղղում կատարի:
Գալստյանը, սակայն. արդեն հուսահատվել է հիմնարկությունների դռնից դուռ անցնելուց ու մերժումներ ստանալուց:
«Բա որ հանկարծ ուղղում կատարվի, հիմա էլ ասեն, թե կեղծում եմ արել, էդ ժամանանակ ի՞նչ կլինի: Վախենում եմ: Չգիտեմ, թե ինչ անեմ, ում դիմեմ»,- ասում է նա:

Թիրախային մարզերի շուրջ 300 ընտանիքների համար սոցիալական աջակցության անհատական ծրագրեր են կազմակերպվել

միգրացիա (3)2011-ից սկսած ՀՀ կառավարության կողմից գերակա  ճանաչված խնդիրների շարքում ներգրավված է եղել սոցիալական ծառայությունների համակագի ներդրումը: Այսօր «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման» ծրագրի առաջին տարվա արդյունքների ամփոփոման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Աստղիկ Մինասյանը:

Խոսելով ծրագրի արդյունքներից՝ նա նշեց, որ ծրագիրն իրականացվում է չորս թիրախային մարզերում՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Շիրակում: Մարզերում գործող 20 սոցիալական ծառայությունների 50 աշխատողներ այս մեկ տարվա ընթացքում վերապատրաստվել են սոցիալական դեպքի վարում մասնագիտության գծով: Նրանց տրամադրվել են համապատասխան աշխատանքային պայմաններ և սարքավորումներ, աշխատանքներ են տարվել մասնավորապես միգրանտ ունեցող ընտանիքների հետ:

«Մենք ունենք ոչ լրիվ կազմով ընտանիքներ, որտեղ կան թե՛ միջանձնային հարաբերությունների, թե՛ սոցիալական, թե՛ բարոյական և թե՛ առողջական խնդիր և այլն: Ծրագրի շրջանակներում ձևավորվել է ընտանիքներին աջակցող միասնական ցանց, որտեղ ներգրավված են հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, միջգերատեսչություններ և այլ կառույցներ: Որքան առանձնահատուկ է կոնկրետ ընտանիքի խնդիրը, այնքան առանձնահատուկ է կոնկրետ համայնքի խնդիրը: Յուրաքանչյուր ընտանիքի պետք է օգնություն ցուցաբերվի իր աջակցող անհատական ցանցի միջոցով, յուրաքանչյուր համայնքի՝ իր աջակցող անհատական ցանցի միջոցով: Արդեն 1500 ընտանիք ուսումնասիրվել է, 1000-ը առանձնացվել է, շուրջ 700-ի կարիքները մանրամասն գնահատվել են և շուրջ 300-ի համար անհատական ծրագրեր են կազմակերպվել»,- ասաց Աստղիկ Մինասյանը՝ հավելելով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն իսկ  մշակել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որն այժմ գտնվում է Ազգային ժողովում:

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար անձնակազմի հետ

սոցապ նախարարություն,Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչություններում, աշխատակիցների հետ զրուցել նրանց կողմից իրենց գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով, այնուհետև նախարարության խորհրդակցությունների դահլիճում ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:

Խորհրդակցության ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, նախարարի տեղակալները, սոցիալական ապահովության պետական ծառայության պետը և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, խնդիրների ու զարգացման ծրագրերի մասին:

Նախարար Արտեմ Ասատրյանը Նախագահին ներկայացրել է 2013թ. նախարարության գործունեության հիմնական արդյունքները, իրականացվող ծրագրերի ընթացքը, խոսել նաև առկա խնդիրների և առաջիկա անելիքների մասին: Նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը զեկուցել է աշխատանքի և զբաղվածության, սոցիալական աջակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, անդրադարձել ժողովրդագրության խնդիրներին և նախարարության գործառույթների շրջանակներում դրանց լուծմանը միտված ծրագրերին: Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և տարեցների սոցիալական պաշտպանության հարցերի ուղղությամբ աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացրել է նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը: Նախարարի մեկ այլ տեղակալ Սոնա Հարությունյանը զեկուցել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և արդյունավետության գնահատման համակարգի ներդրման ընթացքն ու հետագա աշխատանքները: Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի, գենդերային քաղաքականության, թրաֆիքինգի դեմ պայքարի և բարեգործական ծրագրերի մասին զեկուցել է նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը ներկայացրել է «էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը, դրա առավելություններն ու արդյունավետությունը, որից հետո աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը հանդես է եկել նախարարության աշխատակազմի կառուցվածքի, մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ զեկույցով:

Ղեկավար անձնակազմի զեկույցները լսելուց հետո, Նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, իր խոսքում անդրադարձել նախարարության առաջիկա խնդիրներին և գործունեության գերակա ուղղություններին, խոսել նաև իրականացվող բարեփոխումների մասին: Հանրապետության Նախագահը կարևորել է սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումները հանրությանը հանգամանորեն և մատչելի ներկայացնելը, ինչը, նրա համոզմամբ, հատկապես արդիական է կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարագայում: Ըստ Նախագահի, մարդկանց հետ խոսելիս և աշխատանքը ներկայացնելիս հաճախ կարելի է լսել, որ իրենք չգիտեին այդ մասին, ժամանակ չեն ունեցել ընթերցելու, լսելու կամ դիտելու օրեր առաջ արված իրազեկումները: Այդ դեպքում ևս, Սերժ Սարգսյանի խոսքով, անհրաժեշտ է, որ բոլոր պատասխանատուներն առանց զլանալու և համբերատարությամբ շարունակեն մարդկանց ներկայացնել, բացատրել հասարակության համար այս բարեփոխումների կարևորությունը, արդիականությունն ու արդյունավետությունը, նշեն, թե դեպի ուր է այն տանելու մեր երկիրն ու հասարակությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ սոցիալական ոլորտում բարեփոխումները լայն ընթացք ունեն, և իրավունք չունենք այս ընթացքը դանդաղեցնելու: Կենսաթոշակային համակարգի բարեփոխման հետ կապված՝ Նախագահն ընդգծել է. «Ես համոզված եմ, որ այս բարեփոխումն այն համալիր ծրագիրն է, որ հետո կոչելու են պատմական. անցնելու են տարիներ, և այսօրվա ձեր կատարած աշխատանքը միայն ու միայն հարգանքի և շնորհակալության է արժանանալու: Ակնհայտորեն և՛ ձեզ, և՛ ինձ համար արդյունքները միգուցե տեսանելի չեն լինելու կամ քչերիս համար են տեսանելի լինելու: Այդուհանդերձ, եթե մենք այսօր լծվել ենք այս աշխատանքին ու խորապես համոզված ենք, որ այս բարեփոխումը ճիշտ է, և սա այն ծրագրերից մեկն է, որ միտված է մեր երկրի ապագային, ապա, նորից եմ կրկնում, պետք է համբերատար, առանց զլանալու բացատրել բոլորին: Մենք պատասխանատու ենք բոլորի համար: Պատասխանատու ենք նաև այն մարդկանց համար, ովքեր այսօր կամ չեն հասկացել այդ բարեփոխման տրամաբանությունը, կամ էլ ընդհանուր դժգոհության ֆոնին ուղղակի չեն ընդունում, չեն ընկալում նաև այս բարեփոխումը: Սակայն, միևնույն է այս մարդիկ էլ են օգտվելու այդ բարեփոխման արդյունքներից: Ուստի, մեկ անգամ ևս, պարո՛ն նախարար, պետք է մոբիլիզացնել ոչ միայն նախարարության ողջ անձնակազմը, այլև տարբեր փորձագետների, տարբեր մարդկանց, մեր համախոհներին, որպեսզի մանրամասն բացատրեն ռեֆորմի էությունը, նշանակությունը, նպատակները: Սա չափազանց կարևոր է»:

Նախագահը միաժամանակ ընդգծել է, որ սոցիալական ոլորտի բարեփոխումները մեր քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման բաղկացուցիչ մասն են: Ըստ նրա, ակնհայտ է, որ մարդկանց սոցիալական վիճակը հիմնականում կախված է տնտեսական աճից, ցածր գնաճից, որը և հնարավորություն է տալիս աշխատավարձերը բարձրացնել, տարբեր ծախսեր և ներդրումներ անել: Մարդիկ պետք է ուղղակիորեն իրենց կյանքում, կենցաղում զգան տնտեսական աճի ազդեցությունը: «Այս պահին մենք մեր հիմնական ուշադրությունը դարձնելու ենք տնտեսական աճի աշխուժացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, առավել ևս, որ տարիների ընթացքում իրագործվել են ծրագրեր, որոնք գրեթե հասնում են իրենց եզրափակիչ փուլին, և այս տարի գործարկվելու են մի քանի ձեռնարկություններ, որոնք էական ազդեցություն են ունենալու մեր տնտեսության վրա»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ փոփոխվող տնտեսության կառուցվածքին համահունչ, նախատեսված ծրագրերը մշտապես ունենալու են շարունակական ֆինանսավորում: Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ նախարարությունը հաստատակամ է լինելու իր կողմից իրականացվող բարեփոխումներում:

Խորհրդակցության ավարտին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ Աղավնի Ասատրյանը, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը, կենսաթոշակային ապահովության վարչության պետի տեղակալ Ռոզա Մկրտչյանը, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Կարմեն Պետրոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

Նախարարությունում Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, մեր երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը:

Մասնավորապես այն հարցին, թե ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություններ է անում պատերազմ սկսելու վերաբերյալ, մամուլում հրապարակումներ են լինում, որ Ադրբեջանը սպառազինվում է, նույնիսկ գնահատական է տրվել, որ վերջին 4-5 տարիների ընթացքում մոտ 3 մլրդ դոլարի սպառազինություն է գնել, այդ դեպքում որքանո՞վ են իրատեսական նախագահ Իլհամ Ալիևի հոխորտանքները Ղարաբաղի հարցը ուժի դիրքերից լուծելու առումով, և ի հակակշիռ այդ սպառազինության ի՞նչ է անում մեր պետությունը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ձեր կարծիքով, որքա՞ն ժամանակ է, որ Ալիևն այդպես խոսում է: Եթե կարող է, ինչու՞ չի անում: Եվ եթե պիտի անի, ինչո՞ւ է դրա մասին խոսում: Գիտեք, ես չեմ կարող նույնիսկ այսպիսի միջավայրում բացառել և ասել, որ ռազմական գործողություններ չեն լինելու, որովհետև մեր երկրում առնվազն երկու մարդ՝ Նախագահը և պաշտպանության նախարարը երևի պետք է համարեն, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել: Բայց ես դեռևս տեսանելի ապագայում չեմ տեսնում ռազմական գործողությունների սկսում, սակայն եթե մեզ պարտադրեն, մենք ստիպված ենք լինելու կռվել: Դուք ասում եք՝ ի՞նչ եք անում: Անում ենք այն, որ Բաքվից ժամանած հատուկ նշանակության ջոկատի մարտիկները՝ թվով 3-4 անգամ ավելի, չեն կարողանում իրենց առջև դրված խնդիրը կատարել և, փաստորեն, ձախողվում են՝ կրելով ավելի շատ կորուստներ, քան դիրք պահող մեր զինվորները: Սա՝ մեկ: Ուզում եմ ասել, որ մեր բանակի մարտական պատրաստվածությունը բավականաչափ բարձր մակարդակի վրա է: Երկրորդ՝ մեր դիրքերի կահավորվածությունը համապատասխանում է այսօրվա իրավիճակին: Եթե ձեզնից որևէ մեկը լինի մեր առաջապահ դիրքերում, կտեսնի, թե մեր հրամանատարները և զինվորները ինչպիսի հմտությամբ են կահավորում իրենց դիրքերը՝ տարբեր թակարդներ լարելով, ահազանգման միջոցներ հնարելով, տարբեր խորամանկություններ կիրառելով: Եթե հիշում եք, երկու տարի առաջ դիվերսիոն գործողության այսպիսի փորձը հաջողություն ունեցավ: Պատահական չէ, որ հիմա ձախողվեց: Այսինքն, դրանից հետո միջոցներ ենք կիրառել՝ մենք մեր հերթին, ավագ հրամանատարներն իրենց հերթին, կրտսեր հրամանատարներն իրենց, բայց որ շատ կարևոր է՝ նաև մեր շարքային զինվորներն իրենց հերթին: Երրորդ՝ մենք համալրում ենք, և որևէ մեկից ոչ պակաս ենք համալրում մեր զինանոցները, մեր ռազմական պահեստները, մեր սպառազինությունը, զինամթերքը, մեր տեխնիկան: Եվ ամեն անգամ զանգվածային կիրառման զինատեսակների հետ զուգահեռ մենք ձեռք ենք բերում նաև ժամանակակից և հատուկ դեպքերում կիրառվող զինատեսակներ: Մենք որևէ մեկից այդ մասով հետ չենք մնում: Այո, գումարները, որ դրված են մեր բյուջեում, այդքան շատ խոսուն չեն, միլիարդների չեն հասնում, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ մեր բանակը զենք-զինամթերքի շատ մեծ պակաս չունի: Ասում եմ՝ շատ մեծ պակաս չունի, որովհետև աշխարհում քիչ կան բանակներ, որոնց ղեկավարությունն ամբողջովին բավարարված է եղած զենք-զինամթերքով: Բանակն այն օրգանիզմն է, որ ամեն անգամ պահանջում է նոր զենք, նոր զինամթերք: Սա էլ բնորոշ գիծ է բոլոր բանակների համար: Մենք պատերազմ չենք ուզում, ակնհայտ է, որ չենք ուզում, բայց եթե մեզ պարտադրեն, մենք այլ ճանապարհ չունենք: Մյուս կողմից՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծենք»:
Անկախ