Եթե աշխատաշուկան չի մոտենում բուհին, տեղի է ունենում հակառակը

05-26-2014 AshxatashukaՀայաստանյան մի քանի խոշոր բուհեր միավորվում են՝ աշխատաշուկան համալսարաններին մոտեցնելու համար:

ԵՊՀ-ում անցկացվեց «Աշխատաշուկայի և բարձրագույն կրթության արդի փոխգործակցության խնդիրները» խորագրով հանրապետական գիտագործնական հանդիպում:

Հանդիպմանը մասնակցում էին հայաստանյան մի շարք բուհերի՝ կարիերայի հարցերով պատասխանատու կառույցների ղեկավարներ, բիզնես միությունների և պետական կառույցների ներկայացուցիչներ: Հավաքի նպատակն էր աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության հարցերի վերաբերյալ միջբուհական փոխգործակցության հեռանկարների ձեռքբերման և համալսարան-ձեռնարկություն համագործակցության խնդիրների քննարկումը:  «Տասը տարուց ավելի է՝ սրա մասին արդեն խոսում ենք, փորձում ենք ելքեր գտնել բուհ-ձեռնարկություններ փոխգործակցության զարգացման համար: 21-րդ դարի կրթությունն առանց դրա չի կարող գոյատևել: Լավ հասկանում ենք, որ աշխատաշուկան մեր հանրապետությունում դեռևս լավ զարգացած չէ, բայց մենք էլ մեղքի մեր բաժինն ունենք: Անհրաժեշտ է, որ գործարար աշխարհը բուհերին օգնի ոչ այնքան նյութապես, որքան մեթոդական առումով, ձեռք մեկնեն նոր մասնագիտություններ ներմուծելու հարցում, օգնեն դրանցով համապատասխան մասնագետներ պատրաստելու գործում և այլն»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Մայր բուհի ռեկտորը, սակայն, նշում է, որ շատ դեպքերում հենց բուհերը հետաքրքրություն չեն ցուցաբերում գործարար ոլորտի հետ համագործակցելու ուղղությամբ: Հետևաբար քիչ ուշադրության են արժանանում միջմասնագիտական մասնագիտությունները, մինչդեռ այսօրվա աշխատաշուկան պահանջում է այնպիսի մասնագետներ, որոնք երկու և ավելի մասնագիտությունների են տիրապետում:

«Այս տարվանից փորձ ենք անում փոխել աշխատաշուկայի կարգավորման պետական քաղաքականությունը: Այսօր մեր բնակչության 1/3-ն աղքատ է, աշխատաշուկայում պահանջարկ-առաջարկի լուրջ անհամապատասխանություն կա, գործազրկության մակարդակը տատանվում է 17-18%-ի սահմաններում, իսկ երիտասարդների գործազրկության մակարդակը վաղուց հատել է 20%-ը, որը վտանգավոր ցուցանիշ է»,- հանդիպման ընթացքում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը՝ հավելելով, սակայն, որ մյուս կողմից էլ աշխատաշուկայում կա որակյալ մասնագետների պակաս, որը չի հաջողվում համալրել:

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ հյուրերին ներկայացրեց, թե վերջին տարիներին ԵՊՀ-ն ինչ աշխատանք է կատարել աշխատաշուկան բուհին մոտեցնելու ուղղությամբ: «ԵՊՀ գիտխորհրդի կողմից ընդունվել է ձեռնարկությունների հետ համագործակցության հայեցակարգ, ստեղծել ենք նաև գիտխորհրդին կից ձեռնարկությունների հետ համագործակցությունն ապահովող մշտական հանձնաժողով, որը ղեկավարում է ռեկտորը, իսկ քարտուղարությունն իրականացնում է Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը: Ունենք նաև այլ ստորաբաժանումներ, որոնք գործի բերումով համագործակցում են ձեռնարկությունների հետ»,- նշեց պարոն Մարկոսյանը՝ տեղեկացնելով, որ ԵՊՀ-ում և մի շարք այլ բուհերում «TEMPUS» ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ձեռարկությունների հետ համագործակցության պորտալ:

Մեկ այլ ծրագրի շրջանակում էլ ստեղծվելու է շրջանավարտների տվյալների բազա, որից գործատուները հնարավորություն կունենան ընտրելու իրենց անհրաժեշտ մասնագետներին:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև քննարկում. հավաքվածներից մի քանիսը ներկայացրին իրենց մտահոգությունները, բացերը, որոնք թույլ չեն տալիս զարգացնել նշված համագործակցությունը, ինչպես նաև առաջարկեցին կոնկրետ քայլեր:

Վերջում հայաստանյան 9 բուհերի՝ ԵՊՀ-ի, Երևանի պետական տնտեսագիտական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Երևանի Վ. Բրյուսով անվան պետական լեզվաբանական, Հայաստանի ամերիկյան, Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանների՝ կարիերայի հարցերը համակարգող կառույցների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: «Համագործակցության հիմնական շրջանակներն են ամենամյա հանրապետական միջբուհական աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը, գիտաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների իրականացումը, տեղեկատվության փոխանակումը և այլ ծրագրերի մշակումը: Քանի որ նախաձեռնողը ԵՊՀ-ն էր, այս տարվա աշխատանքի հանրապետական տոնավաճառը կանցկացվի մեզ մոտ»,- նշեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

Մայիսի մեկն այլևս նույն շուքով չի նշվում, այլ սիմվոլիկ՝ որպես հերթական հանգստյան օր. Գագիկ Մակարյան

Գագիկ ՄակարյանՀայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձանագրեց, որ մայիսի մեկն այլևս նույն շուքով չի նշվում: «Օրը շատ կարևոր է, և անհրաժեշտ է գիտակցել այս տոնի արժեքը: Նախկինում տոնի խորհուրդն ավելի մեծ էր, մարդիկ աշխատում էին, բավարարված էին իրենց աշխատանքից, հետևաբար հաճույքով նշում էին, իսկ այսօր Հայաստանում կարծես օրը սիմվոլիկ է նշվում՝ որպես հերթական հանգստյան օր», – ասաց Գագիկ Մակարյանն:

Նա անդրադարձավ աշխատաշուկայի հիմնական խնդիրներին` արձանագրելով, որ կուտակային կենսաթոշակների հետ կապված սկանդալն իզուր չէ հասունանում. «ՀՀ-ն դեռ պատրաստ չի կուտակային բարեփոխումներին, հույս ունեմ, որ նոր կառավարությունը կկասեցնի կուտակային վճարների իրականացումը»:

Մակարյանը նշեց, որ  նոր կառավարության ու վարչապետի փորձառության հետ մեծ հույսեր է կապում:  «Վարչապետը պիտի կարողանա կոնսոլիդացնել բոլոր ուժերին, հանել առկա լարվածությունը, մեծացնել վստահության մակարդակը կառավարության նկատմամբ և լուծել որոշ առաջնահերթ խնդիրներ», – եզրափակեց բանախոսը:

 

Այսօրվա մեր աշխատաշուկան չունի արդյունաբերական այն շունչը, որն առկա էր սովետական տարիներին. Գագիկ Մակարյան

Գագիկ ՄակարյանԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծիք հայտնեց, թե Հայաստանի աշխատաշուկան բավական տարբերվում է այլ երկրների աշխատաշուկաներից, այն շատ առանձնահատկություններ ունի:

«Այսօրվա մեր աշխատաշուկան չունի արդյունաբերական այն շունչը, որն առկա էր սովետական տարիներին: Կարող ենք ասել, որ այն ավելի հանգիստ է ու քիչ աղմկոտ, քան նախկինում», – ասաց բանախոսը:

Նա  ուշադրություն հրավիրեց այն խնդրի վրա, որ մեր աշխատաշուկայում այսօր զբաղվածության հարցի հիմնական բեռն ընկած է փոքր բիզնեսի ուսերին. «Թվում է, թե մեծ ձեռնարկությունները պետք է լուծեն զբաղվածության խնդրի հիմնական մասը, այդպես է գոնե այլ երկրներում, բայց ոչ Հայաստանում»:

Գագիկ Մակարյանը կարծում  է, որ խոշոր բիզնեսից առավելագույն օգուտ ստանալու համար պետք է գոնե հասնել այն բանին, որ հարկային հիմնական բեռը դրվի խոշոր ձեռնարկատերերի վրա, որոնց տված հարկերն էլ հիմնականում համալրեն բյուջեն:

Քաղաքապետարանն աշխատանքի է հրավիրում ավտոբուսի և տրոլեյբուսի վարորդների

ավտոբուսԵրևանի քաղաքապետարանը Չինաստանից ներկրված նոր ավտոբուսներով մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական վկայական ունեցող փորձառու վարորդների։

«D» կարգի վարորդական վկայական ստանալ ցանկացող «B» կամ «C» կարգի վկայական ունեցող վարորդների համար «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթացներ՝ հետագայում ընկերությունում աշխատելու պայմանով։

Աշխատանքային պայմաններին ծանոթանալու և առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010) 67-44-30 կամ (093) 46-85-00 հեռախոսահամարներով։

Իսկ Երևանի քաղաքապետարանի էլեկտրատրանսպորտ ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում տրոլեյբուսի վարորդների:

Աշխատանքային պայմաններին ծանոթանալու և առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 060-44-34-00 հեռախոսահամարով:

 

Մայիսի 1-ը աշխատանքի օրն է

Վահագն ՀովհաննիսյանըԱյսօր «Ելակետ» մամուլի ակումբում «Աշխատաշուկայում աշխատանքի ու պահանջարկի անհամապատասխանությունը» թեմայով ասուլիսի բանախոսն էր ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի գործարար ուսումնական ծրագրերի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը:

Վահագն Հովհաննիսյանը կարծիք  հայտնեց, որ Հայաստանում աշխատաշուկայում առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանությունը չի վերանա, քանի դեռ ուսանողները չեն գիտակցում, որ պարտադիր չէ ավարտել լավ բուհ, լավ մասնագիտացմամբ, առավել կարևոր է պահանջարկ վայելող մասնագիտություն ընտրելն ու միջազգային ստանդարտներին համապատասխանող որակավորումը. “Դեռևս չունենք այն գիտակցումը, որ մագիստր դառնալու համար, օրինակ, անհրաժեշտ է առնվազն երկու օտար լեզվի իմացություն: Սրա մասին շատ քիչ են խոսում, բայց սա է ողջ խմդիրը: Երբ այս մասին ասում եմ ուսանողներին, նրանք մատնացույց են անում իրենց դասախոսներին և ասում, որ անգամ նրանք չունեն նման որակներ”.  – ասաց ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի գործարար ուսումնական ծրագրերի ղեկավարը: