«Պարտավոր ենք գործուն օգնություն ցույց տալ եղբայրական ժողովուրդներին». Ա. Շաքարյան

imagesԹուրքագետ Արտակ Շաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Ասորիներն ու եզդիները հայերիս հետ հավասար կոտորվել են Ցեղասպանության տարիներին, ասորիներն ու եզդիները հայերիս հետ հավասար շենացրել են Հայաստանի Հանրապետությունը, ասորիներն ու եզդիները հայերիս հետ հավասար պայքարել են Արցախյան ազատամարտում, մենք պարտավոր ենք գործուն օգնություն ցույց տալ եղբայրական ժողովուրդներին”:

 

Անկախ

 

Էրդողանը «չարյաց փոքրագույնն» է. թուրքագետ

Արտակ-ՇաքարյանցԹուրքիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցան նախագահական ընտրությունները: Քվեարկողների 52 տոկոսը իր ձայնը տվեց գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 56 միլիոն մարդ, որից միայն 38,8 միլիոնը մասնակցեց ընտրություններին: Համաձայն թուրքական օրենսդրության՝ եթե ընտրողները 700 հազարով ավելի քիչ լինեին, ընտրությունների արդյունքները չեղյալ կհամարվեին:

«Համեմատած մարտյան ՏԻՄ ընտրություններին՝ Թուրքիայի նախագահական ընտրություններն անցան առանց լուրջ խախտումների: Տեղեկություն չեղավ  զեղծարարությունների կամ ընտրակեղծիքների մասին: Միակ բանը, ինչի մասին ընդդիմադիրները անընդհատ խոսում էին այն էր, որ իշխանությունները ավելի մեծ լծակներ են ունեցել գովազդելու համար, հեռուստատեսությամբ նրանց ավելի մեծ ժամանակ էր տրվում և այլն», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ ընդգծելով, որ մյուս կողմից, ընդդիմությունը ասելիք չուներ: Եթե Էրդողանը խոսում էր այն բանից, թե ինչ է արել և ինչ ծրագրեր ունի, ապա ընդդիմադիրները զբաղված էին միայն վարչապետին քննադատելով: Ընդդիմադիրները անգամ հրաժարվել էին հանդիպել ընտրողների հետ:

Ըստ Շաքարյանի՝ հայերի համար Էրդողանը «չարյաց փոքրագույն» տարբերակն է: Ընտրություններից առաջ նա մի սխալ արտահայտություն թույլ տվեց, սակայն հետագա ելույթների ընթացքում նա փորձեց մեղմել դրա ազդեցությունը:

Հիշեցնենք, որ ելույթներից մեկի ժամանակ էրդողանն ասել էր.«Իմ մասին ինչեր ասես, որ չեն ասել, շատ են վիրավորել, վրացի են անվանել, դեռ ավելի վատ, կներեք՝ բայց նույնիսկ հայ են անվանել»: Ավելի ուշ՝ Քրոնիայում նա հայտարարել էր, թե ազգային փոքրամասնությունը` հույն լինի, հայ լինի, ասորի լինի, բոլորը այս երկրի հավասար քաղաքացիներն են: «Երկրորդ անգամ նա իր հաղթական ելույթում ասել էր, որ հայ լինելուց, քուրդ լինելուց, հույն լինելուց առաջ մենք բոլորս «թուրքիացի ենք»: Այս կերպ Էրդողանը նոր եզրույթ է փորձում հորինել: Նախ և առաջ՝ ոչ թե թուրք ենք բոլորս, այլ Թուրքիայի քաղաքացի, սրանով փորձելով գոնե իր ելույթում համերաշխություն բերել», – ասաց Շաքարյանը:

Նրա խոսքով՝ ազգայնականները ֆաշիզմն էին վերադարձնելու, ինչպես մի քանի տարի առաջ ցեղասպանություն բառն անգամ արտասանելը քրեորեն պատժելի էր Թուրքիայում, հայերի եկեղեցապատկան հողերի մասին խոսելը քրեական պատասխանատվության էր ենթարկվում: «Մենք շատ ավելի մեծ խնդիրներ էինք ունենալու: Եվ քանի որ Թուրքիան դեմ է հայկական շահերին, ապա Էրդողանը նույնպես դեմ է հայկական հարցի լուծմանը: Էրդողանը հակահայ քաղաքական գործիչ չէ, նա պարզապես Թուրքիայի Հանրապետության զարգացման համար աշխատող մարդ է», -ընդգծեց Արտակ Շաքարյանը:

Անկախ

Հայ համայնքը չի ազդի Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքի վրա. թուրքագետներ

Արտակ Շաքարյան«Թուրքիայի նախագահական ընտրությունները հայ համայնքի վրա ազդել չեն կարող, որովհետև դրա  նկատմամբ  կայուն քաղաքականություն է վարվում, և նախագահի փոփոխությունից ոչինչ չի փոխվի: Բացի այդ, համայնքը, իր հերթին, ընտրությունների վրա ազդել չի կարող, որովհետև ընդամենը 60 հազար է հայ կա այդ երկրում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը` նշելով, որ համայնքի հիմնական մասը նախընտրությունը կտա Էրդողանին, քանի որ նա համեմատաբար ավելի մեղմ քաղաքականություն է վարում հայերի նկատմամբ:

Ըստ թուրքագետի` Թուրքիայի վարչապետը հեշտությամբ կհաղթի առաջին իսկ փուլում:

Հանդիպմանը ներկա թուրքագետ Արտակ Շաքարյանի խոսքով` այս ընտրություններում Թուրքիայի քաղաքացիները ընտրելու են  ոչ թե հանուն ինչ-որ թեկնածուի, այլ ընդդեմ: «Ընդդիմությունը լիարժեք չմիավորվեց: Իսկ Էրդողանի դեպքում այնպես է , որ  որքան էլ սկանդալներ տեղի ունեցան նրա անվան շուրջ , նա սեղանին դնելու բան ունի: Նա հստակ ծրագրեր ունի, ինչ նախկինում խոստացել է` իրագործել է: Ընդդիմությունը ոչինչ չի արել, միայն քննադատում է Էրդողանին, ինչը ամենահեշտ բանն է: Էրդողանը տեսականորեն ունի վարչական ռեսուրս, ընտրազանգված և կատարած աշխատանք:», – նշեց նա:

Էրդողանն արդեն քայլեր է ձեռնարկում կոռուպցիոն սկանդալի հեղինակների դեմ: Մոտ հարյուր ոստիկան և ոստիկանապետ է ձերբակալվել Էրդողանի ընտանիքի անդամների հեռախոսազանգերը ապօրինաբար ձայնագրելու համար, մոտավորապես 1000-ի պաշտոնները փոխել են, այսինքն ՝ իջեցրել:

Անդրադառնալով Էրդողանի կատարած այն հայտարարությանը, թե «նա այլևս հեռախոսազրույց չի ունենա Օբամայի հետ»` Հակոբ Չաքրյանը նշեց, որ իրականում մոտ ապագայում երկու երկրների հարաբերություններում մեծ հաշվով ոչինչ փոխվի. «Ո´չ ԱՄՆ-ն կարող է  հրաժարվել Թուրքիայից, ո´չ էլ Թուրքիան` ԱՄՆ-ից»:

 

Անկախ

“Չի բացառվում, որ առաջիկա մի քանի ամիսներին Քեսաբը կշարունակի կռվախնձոր լինել Թուրքիայի ու Սիրիայի միջև”. թուրքագետ

Արտակ-ՇաքարյանցԹուրքագետ Արտակ Շաքարյանի կանխատեսմամբ` առաջիկա մի քանի ամիսներին Քեսաբը կշարունակի կռվախնձոր լինել Թուրքիայի ու Սիրիայի միջև:

“Ուզում եմ նախազգուշացնել, որ Էրդողանը մեծ հաղթանակ տարավ ՏԻՄ ընտրություններում, օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում ներքին դաշտում կարծես ապահովեց հաղթանակ, այժմ նրան պետք է հաղթանակ արտաքին դաշտում: Այդ հաղթանակը ապահովելու ամենահնարավոր եղանակը Սիրիայի դեմ պատերազմում կարճատև բախումների մեջ ներքաշվելն է: Սիրիայում կա երկու տարածք, որտեղ իբր Թուրքիան կարող է միջազգային իրավունքով արդարացնել իր ներկայությունը, մեկը Սուլեյման շահի դամբարանն է, մյուսը, ցավոք, Քեսաբն է”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետը` կոչ կանելով զգոն լինել, քանի որ չի բացառվում, որ առաջիկա մի քանի ամիսներին Քեսաբը դեռ լինի կռվախնձոր երկու երկրների միջև:

Արտակ Շաքարյանը նկատեց, որ Քեսաբը թուրք-սիրիական միակ սահմանն էր, որ չէր վերահսկվում ապստամբ գրոհայինների կողմից, բայց վաղ, թե ուշ այն պետք է անցներ գրոհայինների հսկողության ներքո, քանի որ Լաթաքիան և Քեսաբը Ասադի ընտանիքի ուժի աղբյուրն էին: Ուստի Ասադին հաղթելու համար տրամաբանական է, որ վերցվի ռազմավարական հենակետ Լաթաքիան, որն սկսվել է Քեսաբը գրավելով:

“Քեսաբի դեպքերի հետևանքով միջազգային հանրության աչքում Թուրքիան այնքան էլ բան չկորցրեց: Պաշտոնական Թուրքիան հերքում է ամեն առնչություն Քեսաբի խնդրի հետ: Միակ բացասականը Թուրքիայի համար այն եղավ, որ Հայոց ցեղասպանության մասին նորից հիշեցին, բայց, իրականում, Թուրքիան դրանից այնքան էլ բան չկորցրեց”,-ասաց Արտակ Շաքարյանը:

 Անկախ

 

Ասադը վստահաբար կանի ամեն ինչ՝ կանխելու համար Թուրքիայի առաջընթացը. Արտակ Շաքարյան

շաքարյանԹուրքագետ Արտակ Շաքարյանը վստահ է, որ Քեսաբի դեպքերը պարզապես հակաասադական հերթական քայլերն էին և հայերի այնտեղ բնակվելը չէ բախումների պատճառը. ՛՛Պարզապես, ի դժբախտություն մեզ, այնտեղ ապրում էին հայեր, ովքեր ևս տուժեցին: Ակնհայտ է, որ թուրքերը օգնում են Սիրիայի գրոհայիններին, բայց նպատակ ունեն  վերցնել Քեսաբը, ոչ թե սպանել հայերին: Քեսաբի գրավումը նպատակային էր, քանի որ այն գտնվում է Աթաքիա տանող ճանապարհին, իսկ այն ստրատեգիական կարևոր կետ է: Մեր ԶԼՄ-ների բարձրացրած այս աղմուկը այսօր թուրքական մամուլում քննարկվում է այնպես, թե ՛՛հայերը փորձում են օգտվել առիթից և բարձրաձայնել իրենց ցեղասպանության մասին՛՛ ՛՛, – ասում է Արտակ Շաքարյանը: Ըստ նրա՝ իրատեսական չեն նաև խոսակցությունները, թե պետք է հայկական ջոկատներ ուղարկվեն Քեսաբ. ՛՛Սիրիական մեծ  բանակ կա, որը պաշտպանելու է Քեսաբը, չի պաշտպանելու հայերի սիրուն աչքերի համար, նա իր պատճառներն ունի: Ինչ վերաբերում է մեզ, եթե ունենք մարտունակ զանգված, ավելի լավ է Շամշադին ուղարկենք այն: Իհարկե, Քեսաբում էլ են հայեր ապրում, բայց նրանց պաշտպանող կա, բավական է նաև մեր հոգեբանական աջակցությունը: Ասադը վստահաբար կանի ամեն ինչ՝ կանխելու համար Թուրքիայի առաջընթացը՛՛:

ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Թուրքիայում ավելի կարևոր է ոչ թե ընտրությունը, այլ հաշվարկը. Արտակ Շաքարյան

Արտակ-ՇաքարյանցԹուրքագետ Արտակ Շաքարյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ու հնարավոր զարգացումները՝ Քեսաբյան դեպքերի ու հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների կոնտեքստում: Ըստ նրա՝ Էրդողանի կուսակցության հաղթանակը ՏԻՄ ընտրություններում նրան հաղթական ոգի է պարգևել:

«Էրդողանը հաղթական ոգով սկսելու է պայքարը նախագահական ընտրություններին ընդառաջ: Իհարկե, երկու ընտրությունների մեջ սկսզբունքային տարբերություն կա: Եթե ՏԻՄ-ի դեպքում ընտրում էին ԱԶԿ կուսակցությունը, ապա հիմա ընտրելու են Էրդողանի անձը: Իհարկե, այս ընտրությունները ցույց տվեցին, որ Թուրքիայում ավելի կարևոր է ոչ թե ընտրությունը, այլ հաշվարկը: Ընտրության արդյունքների հրապարակման ժամանակ եղան հոսանքի մի քանի անջատումներ և ամեն անջատումից հետո ակնհայտ տարբերություններ նկատվեցին թվերի մեջ», – ասաց Արտակ Շաքարյանը և հավելեց, որ միջազգային հանրությունը դեռ գնահատական չի տվել այս ընտրություններին:

«Չգիտեմ, թե ինչ արձագանք կտա արևմտյան աշխարհը, բայց հուսով եմ, որ այս ընտրությունները հետքայլ կորակվեն: Ակնհայտ է, որ այս ընտրություններով էլ ավելի բարդացավ Թուրքիայի՝ Եվրամիությանն  անդամակցելու հարցը, քանի որ եղան նաև սպանություններ ու ձերբակալություններ: Սակայն նկատեմ, որ սա Էրդողանին ամենաքիչն է հուզում հիմա: Նրա առջև դրված է միայն մեկ խոշոր նպատակ՝ կանի ամեն ինչ, որ պահպանի նախագահի աթոռը մինչև 2023 թվականը: Մնացյալը դեռևս երկրորդական է», – շեշտեց թուրքագետը:

«Միանգամից Ռուսաստանից հրաժարվելը Թուրքիայի համար ինքնասպանության նման մի բան է». թուրքագետ

Արտակ-ՇաքարյանցՂրիմի և Ուկրաինայի զարգացումների վրա Թուրքիան պրակտիկորեն ոչ մի ազդեցություն չկարողացավ ունենալ, սակայն այդ զարգացումների ֆոնին մենք տեսանք Մոսկվա-Անկարա հետաքրքիր խաղ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նրա խոսքով` Թուրքիան քայլ առ քայլ իրեն զգում է Ռուսաստանի կողմից շրջափակման մեջ, որովհետև վրացական սցենարով Կովկասում Ռուսաստանն ամրապնդեց իր դիրքերը, Ղրիմը վերցրեց Սև ծովում, Սիրիայում ևս մեծ ներդրումներ ունի Ռուսաստանը, այդ ճակատում Թուրքիան էլի հետընթաց ունի: Թուրքիան իր հերթին շատ խնդիրներ ունի Էգեյան ծովում հույների հետ, Միջերկրական ծովում, Սև ծովի ազավանից դուրս մղումը բավական էական ռազմավարական հարված էր Թուրքիային:

Արտակ Շաքարյանի խոսքով` ռուս-թուրքական հարաբերություններում էականը Ղրիմի թաթարների հարցն է: Ղրիմի թաթարների պաշտպանությունը Անկարայի կողմից գեղեցիկ կերպով տեղավորվում է Թուրքիայի պանթյուրքիստական, նեոօսմանիստական վերջին մոտցումներում, որտեղ Թուրքիան իրեն համարում է աշխարհի բոլոր թյուրքերի իրավունքների պաշտպանը:

«Առավել էական է Ղրիմի թաթարների հարցն այսօր Թուրքիայի ներքաղաքական հաշվարկներում: Հաշվի առնենք, թե որտեղ է Էրդողանը հայտարարել Ղրիմի թաթարներին աջակցելու, նրանց շահերը պաշտպանելու մասին: Թուրքիան Ղրիմի թաթարների պաշտպանության մասին հայտարարությունն արել է այն քաղաքում, որտեղ բնակչության 80 %-ը թաթարներ են, այսինքն` ռուսական կայսրությունից գաղթածներ»,- ասաց Արտակ Շաքարյանը:

Ամեն դեպքում, ըստ թուրքագետի, ռուս-թուրքական հարաբերությունները շատ խորն են, Թուրքիան բազում տեսանելի և անտեսանելի ձևերով կապված է Ռուսաստանի հետ և բավական բարդ է նրա համար որևէ կտրուկ քայլ անել Մոսկվայի ուղղությամբ:

Թուրքագետը հիշեցրեց, որ Ռուսաստանը Թուրքիայի թիվ երկու առևտրային գործընկերն է, Գերմանիայից հետո:

«Թուրքիան Ռուսաստանից եկող գազից էական կախում ունի, Թուրքիայի տնտեսությունը էականորեն կախված է ռուսական ածխաջրածնից: Միանգամից Ռուսաստանից հրաժարվելը Թուրքիայի համար ինքնասպանության նման մի բան է:

Ռուսաստանը Թուրքիայում կառուցում է առաջին ատոմաէլեկտրակայանը, որը վերջին 60 տարիներին եղել է Թուրքիայի ռազմավարական զարգացման պլաններում: Երկրորդական խնդրի պատճառով Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը, ատոմակայանը վտանգելը Թուրքիայի համար էական խնդիր է»,- ասաց Արտակ Շաքարյանը:

 

 Անկախ