Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ Ասադին

սերժ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Լիահույս եմ, որ ազգային երկխոսության միջոցով Սիրիային կհաջողվի վերագտնել խաղաղությունն ու կայունությունը՝ հանուն սիրիացի ժողովրդի բարեկեցության և բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Բաշար ալ-Ասադը կվերընտրվի Սիրիայի նախագահի պաշտոնում. արաբագետ

Սարգիս ԳրիգորյանըՍիրիայում հունիսին նախատեսված նախագահական ընտրությունները տարբերվում են նախկինում տեղի ունեցած ընտրություններից, նախ` կա յոթ թեկնածու, ինչը հատուկ չէ Սիրիայի ավտորիտար համակարգին, և, բացի այդ, թեկնածուներից մեկը կին է, ինչը նախադեպ չունեցող իրադարձություն է Մերձավոր Արևելքի այդ երկրի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Կարծում եմ` Բաշար ալ-Ասադը կվերընտրվի: Այս ընտրությունները լավ հնարավորություն են գործող նախագահի համար լեգիտիմություն հաղորդելու իր իշխանությանը »,- նշեց արաբագետը` հավելելով, սակայն, որ այնումենայնիվ Սիրիայի շատ տարածքներում, որտեղ այժմ գերիշխում են զինյալները, բնակչությունը հնարավորություն չի ունենա քվեարկելու: Սիրիայի այն քաղաքացիները, ովքեր գտնվում են Հայաստանում և Վրաստանում, իրավունք ունեն քվեարկելու . այս մասին հայտնել են այս երկրներում Սիրիայի դեսպանատները:

ԱՄՆ-ի և ԵՄ ներկայացուցիչները արդեն  հայտարարություն են տարածել Սիրիայի ընտրությունների վերաբերյալ, նշելով, որ դրանք «անհեթեթ են և անընդունելի»:

 

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ թեև նախագահական ընտրությունները նախատեսված է անցկացնել հունիսի երեքին, սակայն միանշանակ ոչինչ ասել հնարավոր չէ, քանի որ երկրում ոչ թե պարզապես քաղաքացիական բախումներ են, այլ իրական պատերազմ` կառավարության կողմնակիցների և զինյալների միջև: «Շատ հավանական է, որ կլինեն ահաբեկչությունները և ռմբակոծություններ»,-ասաց արաբագետը:

Նշենք, որ նախագահական նախորդ ընտրություններին Բաշար ալ-Ասադը միակ թեկնածուն էր և հաղթել է ձայների 97,5 տոկոս ցուցանիշով:

 Անկախ

“Եթե Թուրքիան չփոխի իր քաղաքականությունը Սիրիայի հանդեպ, սիրիական իշխանությունները հնարավոր է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը”. պատմաբան

Գևորգ ՄելքոնյանԱնցած շաբաթը բավական բուռն էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում: Վերջերս Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Սիրիայում կատարվածը համեմատեց 1915 թվականին հայերի և ասորիների հետ կատարված ցեղասպնաթյան հետ:
Սակայն պետք է նկատել, որ մինչև 2011 թվականը Սիրիայի իշխանությունները շատ զսպված քաղաքականություն էին վարում Հայոց ցեղասպանության հարցում, կային որոշ սահմանափակումներ, Սիրիայի նախագահը կոչ էր անում հայերին հաշտվել Թուրքիայի հետ, Սիրիայում խուսափում էին թույլ տալ մեծ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցներին: Այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը: Նրա խոսքով՝ Սիրիայի քաղաքականության կտրուկ փոփոխությունը հատուկ նպատակ է հետապնդում: Երբ Թուրքիան սկսեց անմիջականորեն միջամտել Սիրիայում կատարված դեպքերին, սիրիական իշխանությունները կտրուկ փոխեցին իրենց քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում:
“Ես կարծում եմ, որ Սիրիայի այս քաղաքականությունը Թուրքիային ճնշելու նպատակ է հետապնդում, և Սիրիան այսպես շարունակելու է այնքան ժամանակ, մինչև որ Թուրքիան փոխի իր քաղաքականությունը սիրիական դեպքերի վերաբերյալ: Եթե այսպես շարունակվի, շատ հնարավոր է, որ Սիրիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը”,- ասաց Գևորգ Մելքոնյանը՝ հավելելով, որ անգամ Գերմանիան, որ հարյուրամյակներ եղել է Թուրքիայի գլխավոր դաշնակիցը, կոչ է անում Թուրքիային առերեսվել պատմության հետ և ճանաչել հայերի ու ասորիների ցեղասպանությունը: Ստացվում է, որ այն երկրներում, որտեղ Թուրքիան ունի այդքան մեծ համայնք և մի շարք արտոնություններ, դարձյալ Հայոց ցեղասպնության ճանաչման խնդիր ունի:

Անկախ

Սիրիայի նախագահը վերջապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

հարութԱնցյալ շաբաթ France Presse գործակալությանը տված իր ծավալուն հարցազրույցում` Սիրիայում տիրող ողբերգական իրավիճակի մասին, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն անսպասելիորեն հիշատակել է 1.5 միլիոն հայերի ջարդերը: Առաջին անգամ է, որ սիրիական պետության որևէ ղեկավար ընդունում է հայկական զանգվածային սպանությունները և հանցավոր ճանաչում Օսմանյան Թուրքիային:

Հարցազրույցի ընթացքում նախագահ Ասադը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը համեմատել է օտարերկրյա գրոհայինների կողմից Սիրիայում կատարվող քաղաքացիների դաժան սպանությունների հետ. «Ահաբեկիչների դրսևորած վայրագության ու անմարդկայնության աստիճանը մեզ հիշեցնում է ավելի քան 500 տարի առաջ միջնադարյան Եվրոպայում տեղի ունեցած իրադարձությունները: Առավել մոտ ժամանակաշրջանում դրանք մեզ հիշեցնում են օսմանցիների կողմից հայերի դեմ իրականացված զանգվածային ջարդերը, երբ Սիրիայում և Թուրքիայի տարածքում սպանվեցին մեկ ու կես միլիոն հայեր ու կես միլիոն ուղղափառ ասորիներ»:

Զարմանալի չէ, որ երկու օր անց Ժնևում, Միավորված ազգերի կազմակերպությունում,  Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին հանդես եկավ նման մի հայտարարությամբ. «Իսկ ի՞նչ կասեք Հայոց ցեղասպանության մասին, որտեղ 1.5 միլիոն մարդ է սպանվել»:

Միակ այլ սիրիացի բարձրաստիճան պաշտոնյան, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եղել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Աբդ ալ-Քադեր Քադուրան, երբ հուզիչ գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշարձանի և թանգարանի հուշամատյանում, 2001 թվականի հուլիսի 16-ին, Երևանում. «Երբ այցելեցինք հուշարձանն ու թանգարանը Հայոց ցեղասպանության, որ զոհ գնաց հայ ժողովուրդը 1915 թվականին, մենք խորին հիացմունքով և հարգանքով կանգնեցինք այն հերոսների առջև, որոնք մահն ընդունել են խիզախությամբ ու հերոսությամբ: Նրանց զավակներն ու թոռները շարունակում են անմահացնել իրենց նախնիների խիզախությունն ու պայքարը… Մեծ հարգանքով մեր գլուխը խոնարհում ենք հայ ժողովրդի՝ մեր ընկերների նահատակների հիշատակի առջև, և ողջունում վճռականության ու հաղթանակի համար նրանց կարողությունը: Մենք կաշխատենք միասին, որպեսզի բոլոր մարդկանց ազատագրենք ճնշումներից և կեղեքումից»:

Եթե Սիրիայի խորհրդարանի խոսնակի 2001 թվականի հայտարարությունը եղել է մի անկեղծ ու սրտառուչ ուղերձ, ապա նույնը չի կարելի ասել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Ասադի խոսքերի մասին, որի գլխավոր նպատակն էր խստորեն դատապարտել թուրքական կառավարության թշնամական գործողություններն ընդդեմ սիրիական վարչակարգի: Հայտնի է, որ Թուրքիան մեծ դեր է խաղացել նախագահ Ասադին տապալելու միջազգային համատեղ ջանքերում՝ ուղարկելով զինամթերք և ապահովելով օտարերկրյա արմատական իսլամիստ գրոհայինների ներթափանցումը Սիրիա:

Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները միշտ չէ, որ թշնամական են եղել: Մինչև 2011 թվականի սիրիական ճգնաժամի սկիզբը, այդ երկու երկրներն այնպիսի քաղաքական և տնտեսական սերտ դաշնակիցներ էին, որ Ասադի վարչակարգն արգելել էր Հայոց ցեղասպանության մասին գրքերի վաճառքը երկրում և թույլ չէր տվել օտարերկրյա ֆիլմ նկարահանող խմբերին այցելել Դեր Զոր՝ Ցեղասպանության բազմահազար զոհերի սպանդանոցը: Մտահոգված Թուրքիայի հնարավոր դժգոհությունից, նախագահ Ասադի աշխատակազմը 2009 թվականին չեղյալ համարեց իմ հանդիպումը Նախագահի հետ, այն բանից հետ, երբ նրանք համացանցում հայտնաբերեցին իմ բազմաթիվ քննադատական հոդվածները Թուրքիայի վերաբերյալ: Ավելին, Սիրիայի և Թուրքիայի կառավարությունների միջև մեղրամիսի ժամանակ, նախագահ Ասադը Սիրիա այցելող Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին խորհուրդ էր տվել, որ հայերը պետք է դրական հարաբերություններ մշակեն Թուրքիայի հետ և չապրեն անցյալում:

Նախագահ Ասադը, France Presse գործակալությանը տված իր վերջին հարցազրույցում նաև բողոքել է արևմտյան ղեկավարներից, որոնք չեն հասկանում ծավալվող զարգացումները Մերձավոր Արևելքում. «Նրանք միշտ շատ ուշ են գիտակցում շատ բաներ, երբեմն, միայն այն ժամանակ, երբ իրողությունն արդեն բոլորովին փոխվել է»: Անկեղծ ասած, կարելի է միևնույն քննադատությանը ենթարկել նախագահ Ասադին՝ Թուրքիայի ղեկավարության նենգությունն ու երկերեսանիությունը ի վնաս իրեն շատ ուշ գիտակցելու համար:

Ցավոք, Սիրիայի նախագահը միակ պետականն ղեկավարը չէ, որ չէր կարողացել ըմբռնել Թուրքիայի իշխանավորների դավադիր մտածելակերպը: Մերձավորարևելյան, եվրոպական և ամերիկյան բազմաթիվ ղեկավարներ միևնույն սխալն են գործում վստահելով Թուրքիայի կեղծ բարեկամությանը՝ նեղ դրության մեջ ընկնելով, երբ Թուրքիան չի հարգում իր խոստումները:

Վերջին ամիսներին վարչապետ Էրդողանի բռնապետական քաղաքականության և ռազմատենչ հայտարարությունների պատճառով միջազգային հանրության աճող հիասթափությունից ակնհայտ է դառնում, որ ոչ ոք Թուրքիայի իրական դեմքն այնքան լավ չի ճանաչում, որքան հայերը, ասորիները, հույները և քուրդերը, որոնք տառապել են անթիվ ու անհամար դաժանություններից, ջարդերից և անգամ ցեղասպանությունից թուրքական բռնապետական իշխանության տակ:

Չնայած նախագահ Ասադի քաղաքական դրդապատճառներին՝ հայ ժողովուրդը պետք է ողջունի նրա ուշացած հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ցեղասպանության ճանաչումից այսքան երկար ժամանակ անընդունելի պատճառներով ձեռնպահ մնալուց հետո, գոնե հիմա Սիրիայի նախագահը պաշտոնապես ասում է ճշմարտությունը անցյալի և ներկայիս թուրքական վայրագությունների մասին:

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Անկախ