Բնակարանի շուրջ ծավալված ընտանեկան վեճը միայնակ մորը զրկել է վերջին երազանքից

загруженное (2)Կարինե Հարությունյանը միայնակ մայր է: Որդուն՝ 12-ամյա Անդրանիկին, մեծացնում է սոցիալական ծանր պայմաններում: Անդրանիկի հոր հետ օրինական ամուսիններ չեն եղել, իսկ որդու ծնվելուց հետո հարաբերությունները լարվել են, քանի որ երեխայի ծնունդն անցանկալի էր հոր համար: Այսօր էլ որդու բոլոր հոգսերը հոգում է միայնակ, մի քանի բարեկամների օգնությամբ:

Սակայն Կարինեն դժգոհ չէր լինի իր ճակատագրից և իրեն կհամարեր աշխարհի ամենաերջանիկ մայրը, եթե չլինեին հայրական բնակարանի շուրջ ծագած ընտանեկան թնջուկը, արդեն տարիներ ձգվող դատական գործընթացը և այն նվաստացումներն ու նյարդային պահերը, որ ստիպված է տանել ամեն օր բնակարանային վեճի շուրջ:

Նորքի առաջին զանգվածում գտնվող նրա հայրական բնակարանը, որի արժեքն այնքան էլ մեծ չէ, որքան որ նրա շուրջ ստեղծված աղմուկը, հոր մահից հետո հոր մասնաբաժնի հետ միասին բաժանվել է երեք համասեփականատերերի միջև՝ Կարինեի, նրա փոքր եղբոր և հոր կնոջ (1983 թ. Կարինեի մայրը մահացել է, երբ ինքը 21 տարեկան էր, և հայրը երկրորդ անգամ է ամուսնացել):

Կարինեն ուներ ևս մի եղբայր և մի քույր: Մեծ եղբայրը հայրական տնից գնացել էր դեռևս 1983 թ., բնակարան էր ստացել Դավիթաշենում և իր ընտանիքով ապրում էր այնտեղ, իսկ քույրն ամուսնացած էր: Երկուսն էլ հայրական տան համասեփականատերեր չէին և որևէ պահանջ չունեին:

2000 թ. սկզբներին մեծ եղբայրն իր Դավիթաշենի բնակարանը վաճառում է, ընտանիքով մեկնում Մոսկվա, ուր մի քանի տարի անց երիկամների խնդիրների պատճառով մահանում է:
Եղբոր դին տեղափոխում են Հայաստան, կազմակերպում թաղումը: Այդ ժամանակվանից էլ, ըստ Կարինեի, մահացած եղբոր կինը՝ Գայանեն, խոսակցություններ է սկսում հայրական բնակարանից բաժին ստանալու մասին: «Հարսս միշտ գրանցված է եղել իր հոր տանը, իր օրիորդական ազգանունն է կրել, բայց եղբորս մահից հետո՝ 2008-ին, փոխեց, մեր ազգանունով գրվեց»,- ասում է Կարինեն:

Մահացած եղբոր ընտանիքը կրկին վերադառնում է Ռուսաստան, փոքր եղբայրն էլ է մեկնում: Հոր կինը դեռևս 2003-ից գտնվում էր Թուրքիայում, աշխատելու նպատակով էր գնացել, և հայրական տանը մնացել էր Կարինեն որդու հետ:

2007-ին մահացած եղբոր կինը փոքր աղջկա և որդու հետ որոշում է տեղափոխվել Հայաստան:

«Ես մեծ ուրախությամբ գնացի նրանց դիմավորելու,- պատմում է Կարինեն,- եկան մեր տուն, և ընդամենը մի քանի օր հետո սկսվեց… Հոգեբանական ճնշումներ, վատ խոսքեր իմ հասցեին: Եղբորս կինն ու աղջիկը մեր աչքի առաջ իրենց տղային ճոխ ուտելիքներով կերակրում էին, մեզ արհամարհում, չէին թողնում, որ իրենց տղան իմ տղայի հետ խաղա, ասում էին՝ բիճ»:

Կարինեի հայրական տունը, որտեղ նա իր ողջ կյանքն է անցկացրել, դարձել էր իսկական դժոխք, որտեղ նա իրեն պատանդի պես էր զգում: Փոխարենն իրեն լիակատար տանտիրուհու կարգավիճակում էր զգում հարսը, որն իր ուզած ձևափոխումներն էր անում տանը և առիթը բաց չէր թողնում Կարինեին հիշեցնելու, որ ինքն այս տանն օրինական հարս է, մինչդեռ նա ապօրինի որդի է բերել այս տուն:

Կարինեի խոսքով՝ հարսն ամեն ինչ անում էր, որ ինքը հեռանա իր հայրական տնից, որպեսզի նա ու իր երեխաները լիարժեք վայելեն իրենց ազատությունը և հետո կամաց-կամաց բնակարանն իրենցով անեն:

Այդ ժամանակահատվածում Կարինեի որդու հայրը մի քանի անգամ գալիս է երեխային տեսնելու: Կարինեն հույս ուներ, որ նա իրեն ու որդուն կտանի այդտեղից, և իրենք նորմալ ընտանիք կկազմեն՝ հեռու բոլոր նվաստացումներից: Բայց, ցավոք, երեխայի հոր այցերն ընդամենը մի քանի ժամով նրանց հետ ժամանակ անցկացնելու նպատակ ունեին, ոչ ավելին: Հասկանալով դա՝ Կարինեն արգելում է նրան այցելել իրենց՝ այդպիսով խաչ քաշելով նաև ընտանեկան փոքրիկ ու ջերմ անկյուն ունենալու հեռանկար վրա, որն իր կյանքի միակ երազանքն էր:

2009 թ. հարսը՝ Գայանեն, անցնում է գործնական քայլերի. նախ դիմում է նոտարական գրասենյակ սկեսրայրի մասնաբաժինը ժառանգելու հարցով: Բայց Կարինեն անհամաձայնություն է հայտնում, և նրան մերժում են:

Այնուհետև, Կարինեի պատմելով, հարսը կեղծ փաստաթղթեր է հայթայթում հարևաններից, համատիրությունից, թե իբր Կարինեն երբեք այդ տանը չի ապրել, փոխարենը թղթեր է ներկայացնում, թե իբր ինքը 1979 թվականից, ինչ հարս է եկել, ապրում է այդ բնակարանում, և դիմում է դատարան` ստանալու սկեսրայրի մասնաբաժինը: Դատավորը որոշում է կայացնում նրա օգտին:

Կարինեն եղբոր հետ բողոքարկում է դատավճիռը, և վերաքննիչ դատարանը վճիռը բեկանում է: Բայց Գայանեն այդպես հեշտ հանձնվողներից չէր: Նա նորից է դիմում դատարան: Սակայն դատավոր Սամվել Բաբայանը վճիռ է կայացնում հօգուտ Կարինեի՝ հոր մասնաբաժինը հատկացնելով նրան և նրա հոր կնոջը:

Այս անգամ էլ հարսն է վճիռը բողոքարկում, որը նորից բեկանվում է, և գործը գնում է առաջին ատյանի դատարան: Ս.թ. ապրիլի 10-ին դատավոր Գայանե Մազմանյանը նոր վճիռ է կայացնում հօգուտ հարսի:

Այժմ Կարինեն է պատրաստվում այդ որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում: Եվ հայտնի չէ, թե դեռ որքան կշարունակվի այդ անվերջանալի շրջապտույտը:

Մինչ վերաքննիչ դատարան դիմելը Կարինեն դիմել է նաև արդարադատության նախարարություն և ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով իր գործի նկատմամբ անաչառ դատավարություն: Նա կասկածներ ունի, որ հարսը նաև դատավորներին է կաշառում:

Կարինեն պատմում է, որ եղբոր կինն ու նրա երեխաները ապրում են հոյակապ պայմաններում: Դավիթաշենում երեքսենյականոց բնակարան են գնել, աղջիկն այնտեղ է տեղափոխվել, արտասահմանյան շքեղ մեքենա է վարում, թե ինչ միջոցներով` Կարինեն միայն ենթադրություններ կարող է անել: Հարսն էլ իր սիրեկանի հետ երջանիկ ապրում է. մի օր Դավիթաշենում՝ աղջկա մոտ, մի օր իրենց տանը, որպեսզի աչքը բնակարանի վրա պահի:

Կարինեն բարձրագույն կրթություն չի ստացել, դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Նորքի հիվանդանոցում՝ կադրերի բաժնում: Հիմա չի աշխատում: Խոստովանում է, որ չնայած իրեն հնարավորություն էր տրված աշխատանքում առաջ գնալու, դա իրեն քիչ էր հետաքրքրում, քանի որ երազում էր ընտանեկան կյանքի, երեխաների մասին:
Իսկ հիմա ուզում է աշխատել, բայց ծագած խնդիրները չեն թողնում: «Ես շատ անճար վիճակի մեջ եմ, հիմա իմ մասնաբաժինը դրել են կալանքի տակ, քանի որ վարկով փոքրիկ գումար էի վերցրել: Նպաստ էլ չեմ ստանում, քանի որ պատճառաբանում են, թե տանն ապրողներ կան: Մեկ հորեղբորս տուն եմ գնում, մեկ քրոջս, մուրացկանի նման ապրում եմ: Երեխաս մեծ տղա է, ո՛չ հեռախոս ունի, ո՛չ համակարգիչ, խիղճս տանջում է: Էլ չեմ ասում պարտքերի մասին խանութներում»:

Կարինեն ձեռքի շնորհք էլ ունի, շատ լավ գործում է, բայց ինչպես ասում է, հոգեբանական այնպիսի ճնշման մեջ է, որ չի կարողանում կենտրոնանալ, իր կյանքը դասավորել. «Էս անորոշությունն ինձ թույլ չի տալիս մի բան ձեռնարկել, ամբողջ օրը վազվզում եմ էս դատարանից էն դատարան: Պետք է էս պատմությանը վերջ դրվի»:

Եթե բնակարանի հարցը լուծվի հօգուտ Կարինեի, և որոշեն վաճառել այն՝ բաժանելով երեք համասեփականատերերի միջև, բնակարանի վաճառքից ստացված գումարը յուրաքանչյուրի համար կկազմի մոտ 10-11 հազար դոլար: Թե ինչ կանի այդ գումարով Կարինեն, առայժմ չգիտի: Առաջին միտքը, որ գլխում ծագում է, Հայաստանից հեռանալն է, բոլորից հեռու, որդու հետ միասին նոր կյանք սկսելը և որդուն արժանավայել մեծացնելը:

 

Անի Գասպարյան

Անկախ

Փարիզում հայտնաբերվել է 70 տարի չբնակեցված բնակարան

img_9724_2Փարիզը շատ խիտ բնակեցված քաղաք է ու դժվար է պատկերացնել, որ կարելի է գտնել մի տուն, որով 70 տարի ոչ ոք չի հետաքրքրվել: Սակայն վերջերս հենց նման մի բնակարան է հայտնաբերվել:

img_9724_3Բնակարանի նախկին տերը մադամ դը Ֆլորիանն է եղել, որը պատերազմի ժամանակ նացիստների պատճառով փախել է քաղաքից: Տասնյակ տարիներ բնակարանի համար վճարվել է, սակայն միայն հիմա է որ ներկայիս տերերը որոշել են իրենց ունեցվածքի գույքագրում կատարել:

parisapt05Բնակարանում նրանք հայտնաբերեցին իսկական “ժամանակի պատիճ”, որում պահպանվել է անցյալի աշխարհիկ ոգին:

Դուբայում պենտհաուսների գնորդներին Lamborghini կնվիրեն

pictureԴուբայի Damac Properties շինարարական ընկերությունը էլիտար պենհտաուսների գնորդներին 2014 թվի արտադրության Lamborghini Aventador Roadster  կնվիրեն:

Գովազդային ակցիայի մասին հայտարարվել է Դուբայի առևտրի ամենամյա փառատոնի ընթացքում: Առաջարկն ուժի մեջ է մինչև փետրվարի 2-ը:

Ավելի էժան տարածքներ գնողները անվճար BMW կամ էլ Mini Cooper կստանան: 2013-ին ընկերությունը պենտհաուս գնողներին Audi R8 էր նվիրել:

3 ննջարանով բնակարանները գնողները ստացան Audi R8, 2 ննջարանանոց բնակարանատերերը` Audi A6, իսկ մեկ ննջարանով բնակարանի տերերը` Audi A4: Ի դեպ, առևտրի փառատոնի շնորհիվ ընկերության վաճառքի ծավալը կտրուկ աճում է:

Տնտեսական ճգնաժամի պատճառով Դուբայում  բնակարանների գներն ընկել են, որոշ գնահատականներով` 50%: Սակայն հիմա շուկան արագ վերականգնվում է : 2013-ին գներն ավելացել են 20-30%-ով: Հիմնականում, աճը պայմանավորված է օտարերկրյա գնորդների ակտիվությամբ:

Երևանի քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին

Երևանի քաղաքապետարան, բնակարան,Մհեր Նավոյան  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին է հանձնել նոր բնակարանի բանալիները: Հաշվի առնելով ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմանների ապահովումն ու բնակարանային  պայմանների  բարելավման  խիստ անհրաժեշտությունը, ինչպես նաև Երևանի ավագանու որոշումը՝ համայնքի սեփականություն հանդիսացող Սիսակյան փողոցի 22 շենքում գտնվող բնակարանը սեփականության իրավունքով նվիրաբերվել է Մհեր Նավոյանին:

Շնորհավորելով արվետագետին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երաժշտարվեստի բնագավառում Մհեր Նավոյանի վաստակն ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակից լինել մայրաքաղաքում ապրող և ստեղծագործող արվեստագետներին:

«Հանրապետության ղեկավարի և քաղաքային իշխանության կողմից ձևավորվել է յուրօրինակ ավանդույթ՝ տարեվերջին բնակարաններ նվիրաբերել դրա կարիքն իսկապես  ունեցող արվեստագետներին: Երկար տարիների երաժշտագիտական ակտիվ գործունեությանը զուգահեռ՝ Դուք Ձեր փորձն ու գիտելիքները  փոխանցում եք   սերունդներին, ինչն, անշուշտ, արժանի է գնահատանքի: Վստահ եմ, որ նոր բնակարանը  արվեստի  վաստակավոր  գործչին  լիարժեք  ստեղծագործական  գործունեություն ծավալելու հնարավորություն կտա»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` մաղթելով արվեստագետին ստեղծագործական նորանոր հաջողություններ։

Մհեր Նավոյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին իր վաստակը գնահատելու համար և նշել, որ սեփական բնակարան ունենալն իր համար անհնարին թվացող, բայց և  անչափ կարևոր խնդիր է եղել: Արվեստագետը նաև հավելել է, որ, շարունակելով իր աշխատանքը, անելու է հնարավորը՝ հարազատ մայրաքաղաքի մշակութային կյանքի էլ ավելի զարգացնելու համար։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն