Բնապահպանները ակնկալիքներ չունեն նոր նախարարից

Արթուր Գրիգորյան«Վարդան Այվազյան, Արամ Հարությունյան… մեկը մեկից անորակ բնապահպանության նախարարներ  են եղել: Մենք ոչ մի ակնկալիք չունենք նոր նախարար Արամայիս Գրիգորյանից,»-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյան, հավելելով, որ նոր նախարարը, որը  Արարատի նախկին մարզպետն էր, գործարար է և ընդհանրապես կապ չունի բնապահպանության ոլորտի հետ:

 

Արթուր Գրիգորյանը նշեց, որ բնապահպանները արդեն կտրուկ քայլերի են դիմելու քանի որ իրենց օրինական պահանջները Բնապահպանության նախարարությունը չի իրականացնում: «Մենք կհամագործակցենք միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ֆինանսավորում են բնապահպանության նախարարության ծրագրերը, և կպահանջենք սանկցիաներ կիրառել և փակել նրանց ֆինանսական խողովակները: Դրանից հետո, կարծում եմ նրանք կհասկանան, որ արդեն անցել են ամեն ինչ սահմանը»,-ասաց Արթուր Գրիգորյանը:

 

Բնապահպանները պահանջում են, որ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջուրը քվոտավորվի, Արփա–Սևան ջրատար թունելի վերանորոգման աշխատանքները վերջապես ավարտվեն, կառուցել Եղվարդի ջրամբարը և այլն:

Արթուր Գրիգորյանը հայտարարեց նաև, որ Թեղուտի նախաձեռնությունը ձեռք է բերել ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Թեղուտում անօրինական է և քրեական գործեր հարուցելու արժանի:
«Թող սա դիտվի որպես հաղորդում հանցագործության մասին, որում ներգրավված են թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածը»,- ասաց բնապահպանը:

 

Բնապահպանական խնդիրների անդրադարձավ նաև Ինգա Զարաֆյանը, նա   նշեց, որ Բնապահպանության նախարարությունը ոչ մի անգամ պաշտպան չի եղել Սևանա լճին, չնայած այն ուղղակի գտնվում է նախարարության պաշտպանության ներքո. «Այսպիսի վերաբերմունքը մեր ազգային հարստությանը կարելի է ասել մեր ռեսուրսներն ավերածության է տանում, մենք ավերում ենք մեր ջրային ռեսուրսները, և դրա վառ ապացույցը Արարատյան դաշտի աղետալի վիճակն է, ինչին հասցրեց հասնել նախորդ կառավարությունը»

Անկախ

Ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած Սևանում ձկնաբուծարան կառուցելու ծրագրի հետևում

sevan2cu8Առաջիկա 5 տարում Սևանա լճի տարածքի մի մասը կվերածվի ձկնաբուծարանի: Դրա համար լճի տարածքում կկառուցվեն ցանցավանդակային տնտեսություններ: Այլ կերպ ասած՝ հենց լճի մեջ կսկսեն ձկներ բուծել: Այս ծրագիրն արդեն արժանացել է կառավարության հավանությանը, անգամ բնապահպանության նախարարն է հասցրել գովաբանել այն: Ավելին, կառավարությունը պետական բյուջեից 8.4 մլն դրամ է հատկացնել «Գրանթ Թորոնթոն» ՓԲԸ-ին` ծրագիրն անկախ տնտեսագիտական փորձաքննության ենթարկելու համար: Եվ փորձաքննությունն էլ արդեն կանաչ լույս է վառել լճում արդյունագործական ձեռնարկություն հիմնելու նախաձեռնության առաջ:

Ծրագրի իրականացմանը, սակայն, դեմ է, Հայաստանի բնապահպանական հանրույթը: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու մասնագետները վստահ են, որ այս ծրագիրն ուղղակի դատավճիռ է Սևանի համար: «Փաստինֆո»-ի հարցին, թե ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած այս ծրագրի հետևում, «Էկո լուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը պատասխանեց. «Այս հարցի պատասխանը շատ պարզ է, վերցնում են մի կազմակերպություն` «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ, որը պետք է իրականացնի այս ծրագիրը: Հիմա իրենք ասում են, որ այս մասշտաբային ծրագրի իրականացման մեջ պետք է մասնակցություն ունենա նաև մեր կառավարությունը, որ դա մի մասով կլինի պետական ծրագիր»:

Ի դեպ, «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ընկերության կապիտալում ՀՀ կառավարությունը 2011թվականից սկսած 49 տոկոսի չափով մասնակցություն ունի: 2011-ի հոկտեմբերի 27-ին գործադիրը 4 մլն 900 հազար դրամով գնել է ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը: Ավելորդ չէ հիշեցնել, որ ժամանակին այս ընկերությունն ստեղծվել էր մասնավորապես ջերմոցային տնտեսությունների զարգացման նպատակով, և, ինչպես ժամանակին հայտարարել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այս ընկերության նպատակը Հայաստանում ջերմոցային տնտեսությունների մեծ ցանց ունենալու ակնկալիքով նման բիզնես ծրագրերի ներդրմանն օժանդակելն էր:

Սևանում ձկնաբուծական տնտեսությունների մասին այն ժամանակ դեռ ոչ մի խոսք չկար:    Իսկ ներկայացված նոր ծրագրով նախատեսվում է, որ այս ընկերությունը 74 ձկնաբուծական տնտեսություն կստեղծի, որոնք 5 տարի աշխատելով, տարեկան 50 000 տոննա ձուկ կարտադրեն:  Իսկ ձկներին կերակրելու համար տարեկան 50 000 տոննա կեր պետք է լցվի լիճը կամ, ինչպես պատկերավոր նշեց մասնագետներից մեկը, տարեկան 1000 վագոն:   Արդյունքում, ըստ մասնագետների, լճի հատակը կպատվի թանձր նստվածքով, լիճն էլ անդառնալիորեն կճահճանա:

Այս կործանարար ծրագրի իրականացումը կանխելու համար բնապահպաններն արդեն դիմել են երկրի նախագահին ու վարչապետին և ակնկալում են նրանց միջամտությունը: Ի դեպ, մեր հարցին, թե որքանո՞վ են հավատում նման մեծ բիզնես ծրագիրը չեղյալ հայտարարելու հավանականությանը, ջրային էկոհամակարգերի մասնագետ, բնապահպան Սեյրան Մինասյանը հիշեց տարիներ առաջ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան Սոթք տեղափոխելու ծրագրի դրական օրինակը: «Այն ժամանակ շատ մեծ մարդիկ էին կանգնած և շատ բարձր մակարդակով էր որոշումներն ընդունվում: Ավելին` ԳԱԱ 3 ինստիտուտներից 2-ը դրական եզրակացություն էին տվել և ինձ ասում էին, մեկ է՝ դրական է լինելու, լավ է միանգամից համաձայնենք, դեմ էր արտահայտվել միայն Հիդրոէկոլոգիայի ինստիտուտը: Ես չեմ ասում միայն այդ ինստիտուտի շնորհիվ էր, բայց այս ինստիտուտը պայքարեց մինչև վերջ, և վերջ ի վերջո, տարբեր առվակներ միանալով այս պայքարին, դարձան գետի նման, և առաջին դեմքի մակարդակով ծրագրի վրա վետո դրվեց»,- ասաց Սեյրան Մինասյանը՝ հույս հայտնելով, որ այսօր էլ նման հնարավորություն կա:

Փաստինֆո

 

Անկախ

Բեկանվել է Խոսրովի անտառում որսագողության աղմկահարույց գործով դատավճիռը.Փաստինֆո

որսագող«Խոսրովի անտառ» պետական արգելոցում որսագողության մեջ մեղադրվող  ամուսիններ Նորիկ Սարգսյանի և Մարինե Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի  դատավճիռն այսօր բեկանվել է, և գործն ուղարկվել է  նույն դատարան՝  նոր քննության, հաղորդում է Փաստինֆոն:    Հիշյալ մարզային դատարանը 21.05.2013թ. դատավճռով Նորիկ Սարգսյանին մեղավոր էր ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմի նախնական համաձայնությամբ ապօրինի որսը), ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը և դատապարտել նրան ազատազրկում 2 տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ` նույնքան ժամանակով որսորդությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ:   Իսկ նրա կինը՝ Մարինե Գրիգորյանը, մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և դատապարտվել տուգանքի` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 ՀՀ դրամ գումարի չափով` 2 տարի ժամկետով որոշակի գործունեությամբ` որսորդությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ:   Դատավճռով քաղաքացիական հայցվոր` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 37.600.000  ՀՀ դրամ գումարի քաղաքացիական հայցը բավարարվել էր մասնակի. Նորիկ Սարգսյանից և Մարինե Գրիգորյանից համապարտության կարգով հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի 9.600.000 ՀՀ դրամ` որպես բնությանը պատճառված վնասի հատուցման գումար: Իսկ քաղաքացիական հայցի մնացած մասը՝ 28.000.000 ՀՀ դրամ գումարը, թողնվել է առանց քննության՝ այն քաղաքացիական դատավարության ընդհանուր կարգով լուծելու համար:    Գործով մեղադրվում են ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ջրային կառույցների պահպանության գումարտակի ոստիկան Նորիկ Սարգսյանը և նրա կինը` Մարինե Գրիգորյանը:   Ըստ մեղադրական եզրակացության՝ Նորիկ Սարգսյանը, օգտվելով «Հայաստանի որսորդների ու ձկնորսների միավորում» ՀԿ-ի անդամ լինելու հանգամանքից և ձեռք բերելով որսորդական հրացաններ, փամփուշտներ և այլ զինամթերք, գործարանային և ինքնաշեն թակարդներ (մետաղյա ճոպաններ), ձկնորսական էլեկտրական և գիշերային լուսավորման սարքեր, ձի, հանդերձանք, այլ պարագաներ, նախնական համաձայնության գալով կնոջ` Մարինե Գրիգորյանի հետ, խմբում ներգրավելով այլ որսորդների ու որսամսի գնորդների, 2011թ. հունվարից 2012թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության աշխատակցի դիրքն օգտագործելով, սիստեմատիկաբար ձիով մուտք է գործել «Խոսրովի անտառ» պետական արգելոց, մասնավորապես` Կաքավաբերդի տեղամաս:    Ընդ որում, այդ գործողության անթույլատրելիության մասին նախազգուշացումներ կատարող պետարգելոցի տեսուչներին հակադարձել է ոստիկանության աշխատակից լինելու հանգամանքով (ինչը նրան ապահովել է անձեռնմխելիություն):   Նա, ըստ մեղադրանքի, Կաքավաբերդի տեղամասում և հարակից տարածքներում պարբերաբար կատարել է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված, որսն ամբողջովին արգելված վայրի կենդանիների` 42 կգ մսի քաշով մեկ կովկասյան գորշ արջի, 70 կգ մսի ընդհանուր քաշով բեզոարյան երկու այծի, 464 կգ մսի ընդհանուր քաշով 11 գլուխ խոզի և էլեկտրական հոսանքի օգտագործմամբ` նույն տարածքով հոսող Ազատ գետից 34 կգ ընդհանուր քաշով կարմրախայտ տեսակի 80 ձկան որս:    Գործի հարուցման ու քննության համար հիմք են ծառայել «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամներ, բնապահպան-ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանի և Յաղիա Ներսիսյանի բացահայտումները:   Նրանք «Խոսրովի անտառ» պետարգելոց իրենց հերթական արշավի ժամանակ` 25.09.2012թ., Կաքավաբերդի տեղամասում հայտնաբերել են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի ու գորշ արջի գլուխ, նապաստակի մորթի, որսագողության այլ հանցանշաններ՝ ոգելից խմիչքի շշեր, խարույկի մնացորդներ, մետաղյա ճոպանից պատրաստված ինքնաշեն թակարդ՝ ամրացված ծառի բնին, որի կեղևն ու ճյուղերը թակարդն ընկած արջի պայքարի հետևանքով վնասված, կոտրտված են եղել:   Բնապահպանները տեսաձայնագրել են այդ ամենը (սկավառակը կցված է քրեական գործին): Տեսանյութը տեղակայվել է hetq.am ինտերնետային կայք-էջում, հրապարակվել հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներով:   Բնապահպանները հետևություն են արել այն մասին, որ «Խոսրովի անտառ» պետարգելոցի հիշյալ դեպքը կազմակերպված է օլիգարխների կողմից: Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Անկախ