Գագիկ Հարությունյանը հանդիպել է ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատասխանատուների հետ

NA Const CourtՀուլիսի 21-ին Արցախի Հանրապետության ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հանդիպումը ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատասխանատուների հետ:

Բացելով հանդիպումը՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակիցներին  տեղեկացրեց, որ ՀՀ ՍԴ նախագահը հերթական անգամ Արցախ է ժամանել ԼՂՀ իշխանությունների և դատական համակարգի ներկայացուցիչների հետ իրավական զարգացումների և սահմանադրական արդարադատության հարցերը քննարկելու համար:
Այնուհետև ՀՀ ՍԴ նախագահը հանդես է եկել բանախոսությամբ՝ նվիրված ժամանակակից իրավական զարգացումներին, սահմանադրական համակարգերի հեռանկարներին և այլ հարցերի: Պարոն Գագիկ Հարությունյանն իր զեկույցում որոշ պարզաբանումներ է տվել նաև ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեության և քննարկվող հայեցակարգերի վերաբերյալ:
Հանդիպման վերջում ՀՀ ՍԴ նախագահը պատասխանել է մասնակիցների հարցերին:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

 

Անկախ

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ թեժ քննարկում Հանրային խորհրդում

IMG_4287Սահմանադրական փոփոխություններ: Ի՞նչ նոր խնդիրներ է իր առջև դնում Հայաստանը, որի համար անհրաժեշտություն է առաջացել փոխել Սահմանադրությունը, ինչո՞վ է պատճառաբանված կիսանախագահական համակարգից խորհրդարանական  համակարգի անցնելու առաջարկությունը, ի՞նչ առավելություններ և ի՞նչ թերություններ են սպասվում կառավարման համակարգը փոխելու դեպքում. այս և այլ հարցադրումներ էր առաջ քաշել ՀՀ Հանրային խորհուրդն այսօր իր լիագումար նիստի ժամանակ, որին մասնակցում էին նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ու Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Գագիկ Հարությունյանը բավականին մանրամասն ներկայացրեց միջազգային այն զարգացումներն ու փոփոխությունենրը, որոնք առաջ են բերել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Ըստ նրա` եթե Հայաստանը համընթաց չքայլի այդ զարգացումների հետ, ապա հետևանքները կարող են խիստ բացասական լինել մեր երկրի զարգացման համար: «Այսօր արդեն Հայաստանն այդ առումով փակուղային իրավիճակում է, և երկրի դինամիկ զարգացման հնարավորությունը խաթարվում է»,-նշեց ՍԴ նախագահը:

Նա նաև նկատեց, որ երկրի նախագահի հետ պայմանավորվածություն կա, որպեսզի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը լինի առանց որևէ նախապայմանի:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը կասկած չունի, որ այս ոլորտում բարեփոխումերի անհրաժեշտություն կա. «Ես ինքս` որպես ԱԺՄ նախագահ, միշտ կողմ եմ եղել խորհրդարանական համակարգին, բայց ես խոսում եմ Հայաստանի ներկա վիճակի մասին: Չնայած որ նախագահական ընտրությունների անցկացումը Հայաստանում երբեմն բերում է անկայուն իրավիճակի, սակայն դա այն ընտրությունն է, որի հետ ժողովուրդն ամենաշատ հույսերն է կապում` իր կյանքի դրական փոփոխության տեսանկյունից: Իսկ նոր Սահմանադրությամբ, եթե մարդկանց որևէ մի խումբ, որի անունն է կուսակցություն, կարողանա հաղթել Ազգային ժողովում, ապա նրան կպատկանի և՛ Նախագահը, և՛ Կառավարությունը, և՛ Ազգային ժողովը: Արդյոք դա վտանգավո՞ր չէ Հայաստանի ներկա պայմաններում»:

Վարդան Պողոսյանը խորհրդարանական համակարգին անցնելու պարագայում չբացառեց մեկ կուսակցության կենտրոնացումը, ինչը կարող է վնասել իշխանությունների բաժանմանն ու հավասարակշռված համակարգին. «Բայց արդյոք մենք ավելի վատ իրավիճակ չունե՞նք այժմ, երբ ունենք կիսանախագահական համակարգ` երկու ուղղակի ընտրություններով, ունենք կուսակցություն` բացարձակ մեծամասնությամբ խորհրդարանում և նախագահ, որը բացարձակ մեծամասնության ֆորմալ լիդերն է: Այս պարագայում արդյոք գերկենտրոնացումը շատ ավելի մեծ չէ՞, քան խորհրդարանական  համակարգի պարագայում»,-հարցրեց նա:

Պողոսյանի կարծիքով, խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում նախագահը քաղաքական դերակատարում չի ունենում, այլ դառնում է վերկուսակցական նախագահ, որի հիմնական գործառույթը  Սահմանադրության պահպանմանը հետևելն է:

Բանախոսը գտնում է, որ կիսանախագահական համակարգի ամենամեծ արատն այն է, որ թույլ է տալիս այնպիսի իրավիճակ, երբ 3 քաղաքական իշխանությունները գտնվում են մեկ քաղաքական ուժի ձեռքում:

Մանուկյանն էլ կարծում է, որ այսօր Հայաստանում կան քիչ թե շատ պայծառ դեմքեր, սակայն չկա քաղաքական էլիտա: «Մենք ունենք գորշ խմբեր, և դրա համար մարդիկ շատ անգամ հույսը կապում են պայծառ դեմքերի և ոչ թե գորշ խմբերի հետ: Տեսականորեն համաձայն լինելով ձեր դիտարկումների հետ` ես խոսում եմ մոտակա տասը տարիների մասին: Ապագայի տեսակետից, այո, ձեզ հետ լիովին համաձայն եմ, այդ փոփոխություններն անհրաժեշտ են»,-ասաց նա:

IMG_4282Գագիկ Հարությունյանի խոսքով` այսօր մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Հայաստանը «էն գլխից որդեգրել է մոդելային սահմանադրության տարբերակը` Ֆրանսիայի Սահմանադրության օրինակից, սակայն վերցրել է միայն կաղապարը` բովանդակությունը թողնելով այնտեղ:

Մանուկյանը բարձրացրեց նաև ՏԻՄ-երի խնդիրը` նշելով, որ  Հայաստանի համար ֆունդամենտալ նշանակություն ունի տեղական ինքնակառավարումն ու տարածքային կառավարումը: ՀԽ անդամներն, օրինակ, առաջարկում են, որպեսզի մարզպետները լինեն ոչ թե նշանակովի, այլ ընտրվեն ժողովրդի կողմից, փոխարենը նշանակովի լինեն համայնքապետերը:

Ինչ վերաբերում է համայնքների միավորմանը, ապա ըստ ՀԽ անդամների, այստեղ նույնպես խիստ մտահոգություններ կան, քանի որ դրա հետևանքով բազմաթիվ բնակավայրեր պարզապես կարող են վերանալ, ինչպես եղել է Խորհրդային Միության ժամանակ նմանատիպ փորձի դեպքում:

Գագիկ Հարությունյանը նույնպես կարծում է, որ նոր փոփոխություններով պետք է բարձրացնել ՏԻՄ-երի մակարդակը, այլ ոչ թե գնալ մեխանիկական միացումների: «Եթե խոշորացում, ապա միայն հասարակական պահանջի դեպքում: Դա ժողովրդավարական ինստիտուտ է, և մենք ցանկանում ենք այդ սկզբունքը պահպանելով հանդերձ`փորձել լուծել որոշակի խնդիրներ` կապված նոր զարգացումների հետ»,-ասաց նա:

ՀԽ անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը բարձրաձայնեց դատական համակարգում տիրող վատ վիճակի մասին` նշելով, որ պետք է ուժեղացնել Առաջին ատյանի դատարանը, իսկ Վերաքննիչի ու Վճռաբեկի գործառույթները միավորել:

Գագիկ Հարությունյանն ընդունեց, որ Առաջին ատյանի դատարանում կան լրջագույն խնդիրներ և մեծ խառնաշփոթ, և որ այդ առումով պետք է համակարգային փոփոխություններ իրականացվեն:

ՀԽ անդամ Արշակ Սադոյանի կարծիքով` պետք է ստեղծել կոլեկտիվ ստեղծագործության ծրագրային պետություն, որին հավանություն կտա ժողովուրդը, իսկ ծրագրերը չկատարելու դեպքում գործի պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը:

Կարինե Դանիելյանն էլ առաջ քաշեց էկոլոգիական իրավունքի հարցերը` նշելով, որ հավասարակշռված կայուն զարգացման գաղափարը պետք է ամրագրվի Սահմանադրության մեջ, հակառակ դեպքում հետևանքները կարող են չափազանց վատ լինել:

Հանրային խորհդրի կողմից բարձրացված հարցերի մեկն էլ վերաբերում էր Հանրային խորհրդի գոյությունը Սահմանադրության մեջ ամրագրելու անհրաժեշտությանը, քանի որ դա համահունչ է ժամանակակից աշխարհում առկա գործընթացներին, երբ հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտից տեղափոխվում է հանրային դաշտ: Գագիկ Հարությունյանն ու Վարդան Պողոսյանն այդ գաղափարը համարեցին խիստ դրական և կարևոր Հայաստանում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից:

Գագիկ Հարությունյանն, ամփոփելով իր միտքը, նշեց, որ իր համար երկրորդական նշանակություն ունի, թե Հայաստանում կառավարման որ ձևը կգործի, քանի որ դա ընդամենը մեխանիզմ է, այլ ոչ նպատակ. «Նպատակը պետք է լինի իրավական, սոցիալական և ժողովրդավար պետության կայացումը, որը կենսական նշանակություն ունի Հայաստանի զարգացման համար»:

Ըստ ՍԴ նախագահի` այսօր աշխարհում տեղի են ունենում այնպիսի զարգացումներ, որոնք կարող են խիստ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար: «Ընդհանրապես այսօր աշխարհում գոյություն ունի սահմանադրական դեֆիցիտ»,-նկատեց նա,-ուստի պետք է ամրացնել պետության իմունային համակարգը, որպեսզի կարևողանանք դիմակայել այդ մարտահրավերներին:

Վազգեն Մանուկյանը, ամփոփելով քննարկումը, նշեց, որ սահմանադրական այս փոփոխությունների վերաբերյալ քննարկումներն էապես տարբերվում են նախորդներից, քանի որ այս դեպքում չկա պատվեր կամ անձնական շահագրգռվածություն. «Ես չեմ տեսնում որևէ պատվեր վերևից, և դա հնարավորություն է տալիս կազմակերպելու պրոֆեսիոնալ, գիտական մոտեցումներով հագեցած անկեղծ քննարկումներ»,-ասաց նա` հույս հայտնելով, որ Հանրային խորհրդի ներկայացրած առաջարկություններն ու դիտարկումները հաշվի կառնվեն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հետագա քննարկումներում:
Անկախ

Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումներ

գագիկ հարությունյանՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին տեղեկացնում են, որ մայիսի 29-ին ավարտվեց ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համագործակցությամբ Երևանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկման եռօրյա փուլը:

Քննարկման նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը և խթանել առավել ընդգրկուն մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ընթացքում: Քննարկմանը մասնակցում էին իրավաբաններ, լրագրողներ, հասարակական, քաղաքական ու միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև դատական իշխանության ներկայացուցիչներ: Ելույթով հանդես եկան Հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը և հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը:

Հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, ընդգծեց, որ Սահմանադրությունը պետք է ապահովի ֆունկցիոնալ ու կառուցվածքային այնպիսի մոդել, որով կտրվեն հստակ երաշխիքներ մարդու իրավունքների պաշտպանվածության և դատական համակարգի լիարժեք անկախության համար, պետք է մտցվի գործառութային հստակեցում, որից հետո՝ կառուցակարգային և դատարանակազմական սկզբունքներ: Նա կարևորեց այնպիսի համակարգի ներդրումը, որը պետք է ապահովի դատական համակարգի՝ որպես իշխանության առանձին ճյուղի կայացումն ու ամրապնդումը՝ հիմնվելով զսպման և հակակշռման մեխանիզմի հստակ գործառնականության վրա՝ մատնանշելով ԱՄՆ օրինակը: «Մենք ունենք դատարաններ, բայց արդարադատություն կունենանք այն դեպքում, եթե համակարգը գործի»-նշեց Հանձնաժողովի նախագահը:

Գագիկ Հարությունյանն անդրադարձավ նաև դատարանների գործունեության հայեցողությանը՝ նշելով, որ հստակ սահմանված չեն դրա համար անհրաժեշտ չափորոշիչները: Անդրադարձ եղավ նաև դատարանների ինքնակարգավորման և ինքնակառավարման մեխանիզմների բացերին, որոնք նույնպես բացասաբար են ազդում դատական իշխանության անկախության վրա: Ամփոփելով իր խոսքը՝ Հանձնաժողովի նախագահը նշեց, որ պետք է պահպանվի սահմանադրականության հաշվեկշիռը հասարակական հարաբերություններում, այլապես իրավունքների խախտումից հնարավոր չի լինի խուսափել:

Զեկուցող Գ. Ղազինյանն առանձնացրեց 2 կարևորագույն ասպեկտ՝ Սահմանադրությունը պետք է շոշափի հասարակության բոլոր խավերի շահերը, այսինքն՝ գործի իբրև հասարակական համաձայնության ինստիտուտ և Դատական իշխանության կայացման համար ոչ միայն պետք է անդրադարձ կատարվի դատարանակազմական, կառուցվածքային հիմնախնդիրներին, այլև՝ գործառութային ասպեկտին, ինչպես դատական իշխանությունը պետք է իրականացնի իր գործառույթները: Նա օրինակ բերեց գործող սահմանադրության 92-րդ հոդվածը, որտեղ ամրագրվում է, որ «Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով», սակայն Սահմանադրությամբ այդպիսի լիազորություններ սահմանված չեն: Բանախոսը, նաև մտահոգություն հայտնեց կալանքի կիրառման մասով՝ բերելով վիճակագրական տվյալ, համաձայն որի՝ կալանքի վերաբերյալ միջնորդության 95 տոկոսը բավարարվում է: Ըստ նրա՝ դա դատական իշխանության գործունեության արդյունավետության ապահովման երաշխիքների բացակայության մասին է խոսում, ովքեր չեն կարողանում վեր կանգնել անձնական կաշկանդվածությունից: Առաջարկ եղավ նաև Արդարադատության խորհրդում ընդգրկել թոշակի անցած պրոֆեսիոնալ իրավաբանների, ովքեր իրենց փորձով կնպաստեն այդ կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Բանախոսների կողմից կարևորվեց Սահմանադրության՝ որպես հասարակական համաձայնության ինստիտուտի արժեհամակարգային բաղկացուցիչը, որը պետք է ապահովի մայր օրենքի գործառնական բավարար մակարդակ՝ հաշվի առնելով անցումային հասարակության արժեհամակարգային փոփոխությունների դինամիկան: Քննարկման ավարտին կազմակերպվեց նաև հարցուպատասխան: Ներկաներին մտահոգում էին դատական համակարգի անկախութայն մեխանիզմների ապահովման, ատենակալների ինստիտուտի ներդրման, դատական եռաստիճան համակարգից երկաստիճանի անցման և այլ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

Անկախ

“Ղրիմում հանրաքվեն կկայանա և, դժվար թե, ինչ-որ բան խանգարի դրա իրականացմանը”. Գագիկ Հարությունյան

Գագիկ Հարությունյան“Նորավանք” գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ղրիմում հանրաքվե անցկացնելու հարցին` նշեց, որ կարծում եմ՝ Ղրիմում հանրաքվեն կկայանա և, դժվար թե, ինչ-որ բան խանգարի դրա իրականացմանը:

Անդրադառնալով Արցախի և Ղրիմի միջև անցկացվող համեմատություններին` Գագիկ Հարությունյանը նշեց, որ, թեև աշխարհի բոլոր տաք կետերը ընդհանրություներ ունեն, բայց նրանց մեջ կան նաև կարևոր տարբերություններ:

“Ղարաբաղի խնդիրն էապես տարբերվում է Ղրիմի խնդրից: Հիշում եմ, թե մեզ մոտ ինչ ոգևորություն կար Կոսովոյի դեպքի հետ կապված, բայց տեսանք` ինչ եղավ”,-ասաց Գագիկ Հարությունյանը:

Ղրիմում կատարվող իրադարձությունների ֆոնին Մաքսային միությանն անդամակցությանը, օգուտներին ու վնասներին անդրադառնալով`Գագիկ Հարությունյանը նշեց, որ իր կարծիքով` Մաքսային Միությանն անդամակցության հարցում Հայաստանն ամենևին էլ շտապողականություն չի դրսևորել, ամեն ինչ գնում է ըստ պլանի:

“Մաքսային Միությունը մեզ շատ ձեռնտու միություն է, որովհետև դժվար է պատկերացնել տնտեսական և ռազմական ոլորտներն իրարից անջատ: Եվրամիությունն ու ԱՄՆ-ն էլ մեզ համար կարևոր գործընկեր են և, կարծես թե, մեր իշխանությունները կարողանում են դեռ համատեղման քաղաքականություն վարել: Միևնույն ժամանակ, ադրբեջանական և թուրքական փորձագետներն են ասում, որ Մաքսային Միություն մտնելով` Հայաստանը անհնար դարձրեց ռազմական ճանապարհով Արցախի հարցի լուծումը”,-ասաց Գագիկ Հարությունյանը` հավելելով, որ Հայաստանը պետք է անի այն, ինչ հիմա անում է` լինի բավական զգուշավոր:

Անկախ

 

«Չպետք է պարզունակ լինել և հավատալ, որ սահմանի բացմամբ բոլոր խնդիրները կլուծվեն». Գագիկ Հարությունյան

Գագիկ ՀարությունյանԱրտաքին ճակատում Թուրքիան ներկայումս բավական բարդ իրավիճակի մեջ է հայտնվել: Լիբիայում, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ի դերև հանեցին Թուրքիայի հույսերը: Այս ամենին գումարվում են ներքին խնդիրները՝ Գեզիի դեպքերը, կոռուպցիոն հայտնի սկանդալը և այլն: Շատերն ասում են, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շուտով հրաժեշտ կտա քաղաքականությանը, սակայն ճիշտ կլինի սպասել այդ երկրում մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» հիմնադրամի ղեկավար, փորձագետ Գագիկ Հարությունյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը` փորձագետը նկատեց, որ առնվազն միամտություն է պնդել, որ այդ քայլից հետո Հայաստանին որևէ վտանգ չի սպառնա:

«Չպետք է պարզունակ լինել և հավատալ, որ սահմանի բացմամբ բոլոր խնդիրները կլուծվեն: Պետք է գիտակցել այն վտանգները, որոնք կարող են ի հայտ գալ սահմանի բացումից հետո»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, Գագիկ Հարությունյանը հնացած է համարեց միջազգային ճանաչման ուղղությամբ հայկական կողմի ռազմավարությունը: Նրա խոսքով` խնդիրը բարձրաձայնելուց բաից այլ բան գրեթե չի արվում:

«Իսկ ահա Թուրքիան, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, իր վարած մեղմ քաղաքականությամբ փորձում է անգամ կապեր հաստատել սփյուռքահայ կազմակերպությունների հետ»,- ասաց Գագիկ Հարությունյանը` հավելելով, որ չի պատկերացնում, թե ի՞նչ քայլեր պետք է արվեն խնդրին դրական լուծում տալու համար:

Անկախ