«ՍԴ-ն ցանկացել է համ կույս մնալ, համ հաճույք ստանալ». Գագիկ Ջհանգիրյան

Գագիկ ՋհանգիրյանԱԺ-ում սկսվեց «Կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած նախագծի երկրորդ ընթերցումը: Քվեարկությունից առաջ կազմակերպվեց քննարկում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ Ազգային ժողովն այս օրենքը դեռ չի վավերացրել, ՍԴ-ի որոշումն էլ կա, սակայն իշխանությունները փորձում են մինչև սեպտեմբերի 30-ը մաքսիմալ շատ մարդ հավաքագրել. “ՍԴ-ն իր որոշմամբ անվավեր է ճանաչել օրենքի պարտադիր բաղադրիչը, ինչը նշանակում է, որ օրենքը չի գործելու և չի կարող տարաժամկետվել: Բայց քանի որ յոթերորդ կետում գրել է, որ տարաժամկետվում է, հիմա ինչքան էլ փորձենք մեկս մյուսին մեղադրել, հիմնական մեղավորը մեր փառապանծ Սահմանադրական դատարանն է, որը ցանկացել է հայտնի ասացվածքի համաձայն, ՛՛համ կույս մնալ, համ հաճույք ստանալ՛՛ ու դրել է մեզ այս վիճակի մեջ: Կառավարությունը հենվում է միայն տարաժամկետման հոդվածի վրա, իսկ ընդդիմությունը`  միայն անվավերի ու տարաժամկետ չլինելու վրա՛՛, – ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Նա կոչ արեց, որպեսզի յուրաքանչյուրը չտեսնի այն, ինչ իրեն է ձեռնտու:

 

Անկախ

Դավիթ Հարությունյանը դատաիրավական բարեփոխումների նախագծում ծայրաստիճան վիճելի հարց է տեսնում

դավիթ-հարությունյանԱզգային ժողովում քննարկվում է «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և դրան առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը  տեղեկացրեց, որ փաթեթը մշակվել է՝ հաշվի առնելով նախատեսված դատաիրավական բարեփոխումները: Սահմանվում են վճռաբեկ դատարան գործեր ընդունելու հիմքերը, գործերի բաշխման նոր, առավել արդյունավետ  համակարգ եւ այլն:

Հարակից զեկուցող Դավիթ Հարությունյանն իր ելույթում անդրադրձավ նախագծի` իր կարծիքով ամենավիճահարույց կետին. այն, որ միևնույն անձը երեք անգամից ավելի չի կարող ընտրվել դատարանի դատավոր: «Այս հարցը սահմանադրության հետ որոշակի խնդիրներ ունի,-կարծում է Հարությունյանը` վկայակոչելով սահմանադրական այն դրույթը, ըստ որի դատավորներին Արդարադատության խորհրդի առաջարկով նշանակում է և նրանց լիազորությունները դադարեցնում է Հանրապետության նախագահը,-արդյոք Ազգային ժողովը կարո՞ղ է այդ աստիճան մխրճվել ՀՀ նախագահի լիազորությունների մեջ: Մենք այս հարցում ունենք տարակարծություն կառավարության հետ: Այս մասը պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով, և մենք պետք է սպասենք Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական պատասխանին: Սա ծայրաստիճան վիճելի հարց է»:

Միաժամանակ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ դա չպետք է արգելք հանդիսանա, որպեսզի օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվի: Սակայն մինչև երկրորդ ընթերցում այդ հարցին պետք է հստակ պատասխան տրվի:

Նա նաև անընդունելի է համարում օրինագծում առկա այն դրույթը, որ դատարանի նախագահը 25 տոկոս նվազ ծանրաբեռնվածություն պետք է ունենա, քան մյուս դատավորները: «Ի վերջո այդ ամենն ունի ֆինանսական արտահայտություն: Դատարանի նախագահն էլ դրա դիմաց ավելի բարձր աշխատավարձ է ստանում: Եվ բացի այդ, մենք այսօր չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ»:

“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանին հետաքրքրում էր Դավիթ Հարությունյանի` որպես «ոլորտի լավագույն մասնագետի» անձնական կարծիքը այս օրենսդրական փոփոխության վերաբերյալ` արդյոք սա կնպաստի՞ դատական համակարգի անկախացմանը:

Դավիթ Հարությունյանը նախ ժպիտով իր անհամաձայնությունը հայտնեց իր հասցեին հնչած «ոլորտի լավագույն մասնագետ» ձևակերպանը, ապա անցնելով բուն թեմային` նախագիծը բնութագրեց որպես հակակոռուպցիոն նախագիծ: Միաժամանակ նա հայտնեց, որ բարեփոխումներ անելիս պետք է կարողանալ ճշգրիտ սահմանը զգալ: «Կարգավորումն անհրաժեշտ է, բայց ողջամտության սահմաններում: Գերկարգավորութմոը կարող է բերել կոլապսի»:

Ինչ վերաբերում է դատական համակարգի անկախացմանը, ապա Դավիթ Հարությունյանը կարծում է, որ այդ համակարգն էլ հասարակության մի մասն է և տառապում է այն նույն հիվանդությամբ, ինչ ողջ հասարակությունը:

Խոսրով Հարությունյանն էլ բարձրարցրեց դատական պրակտիկայի վերլուծության հարցը, որն, ըստ նրա, պետք է հիմք դառնա դառնա իրավունքի ոլորտում քաղաքականության մշակման համար: «Ո՞ր կառույցը դա պետք է անի,-հարցրեց նա,-և ընդհանրապես մենք ունե՞նք նման վերլուծության կարիք»:

Դավիթ հարությունյանը կարևորեց բարձրացված հարցը և ասաց, որ ցավոք, այսօր մենք չունենք ինստիտուցիոնալ մի կառույց, որը հետևողականորեն վերլուծի դատարանի որոշումներն ու հանդես գա համապատասխան օրենսդրական փոփոխություններով:

«Պետք է ունենալ մի մարմին, որը պատասխանատու է այդ աշխատանքի համար: Կարծում եմ` այդ մարմինը պետք է լինի գործադիր իշխանությունը: Միգուցե նաև ճիշտ կլինի, եթե մենք առաջարկենք գործադիր իշխանությանը այս հարցում քայլեր ձեռնարկել»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթից պարզ դարձավ, որ նա այս նախագծից առանձնապես ոգևորված չէ: Ճիշտ է, փոփոխությունները որոշակի դրական տարրեր իրենց մեջ պարունակում են, սակայն նա համոզված է, որ դրանք արմատական հեղաշրջում չեն իրականացնի ոլորտում:

Նա նույնպես սահմանադրության կոպտագույն խախտում է համարում նախագծով դատավորների նշանակման և ազատման վերաբերյալ դրույթ սահմանելը: «Մեր կառավարությունը կարծես չի սիրում Սահմանադրությունը, ուզում է շրջանցել, ինչ որ ձևակերպումեր է գտնում `խուճուճ-մուճուճ: Առանց այն էլ ինքնուրույնությունները կորցրած դատավորներ են»:

Անդրադառնալով նախագծով սահմանված բարեփոխումներին` ՀԱԿ պատգամավորը թվարկեց ոլորտում առկա խոցելի տեղերը, որոնք ըստ նրա, շարունակելու են նույն ձևով պահպանվել. «Ի՞նչ ենք ուզում մենք այս օրենքով: Արդյոք քանդո՞ւմ ենք դատական բուրգը: Ցավոք, ոչ: Մեր արդարադատության խորհուրդը ամենամեծ գուրզն է դատավորների անկախության գլխին: Խորհրդի անդամներ կան, որ 1996 թվականից այդ խորհրդի կազմում են: Բերեք փոխենք: Սրանք սպիտակ դատավորներ են: Երբևէ լսե՞լ եք, որ նրանցի որևէ մեկին կարգապահական տույժի ենթարկեն: Այս օրենքով վճռաբեկ դատարանի դատավորին ավելի մոնստր ենք դարձնում: Վճռաբեկ դատարանը չի աշխատում: Մենք մի դատարան ենք ստեղծել, որի քեֆն ինչ տալիս, անում է»,-սկսեց թվարկել Գագիկ Ջհանգիրյանը` կոչ անելով հարցին առավել լուրջ ու համակարգային մոտենալ:

 

Անկախ

Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը մեծամասնության կողմից մերժվեց

ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում քիչ առաջ քվերակության դրվեց նախորդ քառօրյայում քննարկված՝ Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որը խորհրդարան է ներկայացվել ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից:

Մինչ հարցը քվեարկության դնելը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը, որպես նախագծի նախաձեռնողներից մեկը, կողմ է քվեարկելու: Նա կոչ արեց բոլոր այն քաղաքական ուժերին, որոնց համար կարևոր է ստանալ մարտի մեկի տասը զոհերի սպանության հարցի պատասխանը, նույնպես քվեարկել կողմ՝ միաժամանակ նշելով, որ իրենք բաց են, անգամ, մեկ կենտրոնից կառավարվող քաղաքական ուժերի և լրատվամրջոցների կողմից բարձրացվող հարցերը քննարկելու համար, և որ դա իրենց համար տաբու չէ: “Ովքեր թաքցնելու բան չունեն, պետք է կողմ քվերակեն”,-հայտարարեց նա:

Հանրապետական խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ ամենաշատն իրենք են խնդրին լուրջ մոտենում, և որ ամբողջական պատասխանատվությունն իրենց վրա է: “Նրանք, ովքեր մտածում են, որ կկարողանան շուուներ ստեղծել, մեզ համար անընդունելի է: Մենք, ուսումնասիրելով նախորդ երեք հանձնաժողովների աշխատանքը, գտնում ենք, որ այժմ նպատակահարմար չէ նման հանձնաժողով ստեղծելը, ուստի մենք դեմ ենք քվեարկելու”:

Գալուստ Սահակյանի հայտարարությունը շոուի մասին վիրավորեց ընդդիմադիրներին: Նախագծի հիմնական զեկուցող ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց՝ ասելով, որ համենայնդեպս, ինքը շոու անելու նպատակ չի հետապնդել: “Ցավում եմ, որ ամբողջ քննարկման ընթացքում որևէ բովանդակային առաջարկ ձեր կողմից չհնչեց,-ասաց նա,-միևնույն ժամանակ, զարմանում եմ, որ բոլորը կողմ են, որ մարտի մեկի մարդասպանները բացահայտվեն, բայց դուք դեմ եք”:

“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հայտարարեց, որ փորձում է հասկանալ, թե ինչու մեծամասնությունը կողմ չի քվեարկում. “Շատ բաներ, որ չեմ ասում, ողւղղակի միկրոֆոնը թույլ չի տալիս ասել,-ասաց Հակոբյանը,-հիմա ո՞րն է ճիշտ՝ քվեարկել կողմ և ասել՝ եկեք բացահայտենք ճշմարտությո՞ ւնը, թե՞ ասել շուո է, չենք քվեարկում”:

Ռուբեն Հակոբյանը դեռ ասելիք ուներ, սակայն ԱԺ նախագահի հրահանգով նրա խոսափողն անջատեցին:

Հակոբյանին հետևեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթը: Նա պարզաբանեց, որ Գալուստ Սահակյանի մատնանշած նախորդ հանձնաժողովների գործունեությունը հարցի հետ որևէ առնչություն չունի, քանի որ այս հանձաժողովը, ի տարբերություն նախորդների, պետք է ուսումնասիրեր, թե իրավապահ մարմիններն արդարադատության խոչընդոտման ինչ աշխատատքներ են կատարել: “Դեմ քվեարկելով՝ դուք արդարադատության խոչտնդոտման, ինչպես նաև թափված արյան ողջ պատասխանատվությունը վերցնում եք ձեզ վրա”,-ասաց նա:

Մինչ Ռուբեն Հակոբյանը տեղից բղավում էր, որ պարոն Աբրահամյանը խախտել է կանոնակարգ օրենքը՝ իր խոսափողն անջատելով, նախագիծը դրվեց քվեարկության և 46 կողմ, 66 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց:

 

Անկախ

Ազգային ժողովում քննարկվում է Մարտի 1-ի գործով հանձնաժողով ստեղծելու հարցը

hak-6ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը քննարկման է  ներկայացրել ՀԱԿ խմբակցության պատգամավորների հեղինակած «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Ջհանգիրյանի խոսքով՝ այս հանձնաժողովը տարբերվելու է նախորդ հանձնաժողովից, քանի որ փաստահավաք առաքելություն չի իրականացնելու, այլ ներկայացնելու է եզրակացություն, քանի որ փաստերը վեց տարիների ընթացքում հավաքվել են: «Հանձնաժողովը զբաղվելու է սպանությունների, հրազենային ու մարմնական այլ վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքների, դրանց պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած առնչությունների ուսումնասիրմամբ, գնահատելու է ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու կայացրած որոշումների օրինականությունը եւ հիմնավորվածությունը»,-ասաց Ջհանգիրյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավորին հանգիստ չի տալիս այն հարցը, թե ինչո՞ւ Մարտի 1-ի գործը չի կառչվում, եթե վերջին տարիներին որևէ աշխատանք չի կատարվում, իսկ տուժողներին էլ չի ներկայացվում այդ աշխատանքների մասին տեղեկատվություն: Նա ենթադրում է, որ եթե գործը կարճեն, ապա տուժողներին պետք է ներկայացնեն գործին առնչվող հավաքված փաստերը, ինչը ձեռնտու չէ իշխանություններին:

Ի պատասխան ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի հարցի՝ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ հանձնաժողովում թվային առավելությամբ կամ զոռբայությամբ հարցեր անցկացնելու հնարավորություն չի լինի, քանի որ թվային որևէ առավելություն չի լինելու: Ավելին, եթե մեծամասնությունն ունի մտավախություն, ապա հանձնաժողովում քաղաքական կոալիցիան կարող է ունենալ առավել քանակով անդամներ: «Ես վստահ եմ, որ եթե դուք մասնակցեք հանձնաժողովի աշխատանքներին, լսեք մասնագետների խոսքն ու ներկայացված փաստերը, չեք կարող այլ դիրքորոշում ունենալ»,-համոզված է Ջհանգիրյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովն ընդամենը եզրակացություն է ներկայացնելու, իսկ գործի բացահայտման պարտականությունը կրում են քրեադատավարական մարմինները:

Սամվել Ֆարմանյանը նաև հարցրեց, թե արդյոք Ջհանգիրյանը չի կարծում, որ պետք է քննարկվի նաև բոլոր քաղաքական ուժերի մասնակցության և պատասխանատվության հարցը՝ ի նկատի ունենալով ՀԱԿ-ին: Ջհանգիրյանն ասաց, որ իրենք սիրով այդ խնդիրը նույնպես կարղ են ներառել հանձնաժողովի «խնդիրներ» բաժնում:

ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանն էլ, ի պատասխան Գագիկ Ջհանգիրյանի այն հայտարարությանը, որ իր օրոք երբևէ գործերը չեն կոծկվել, ասաց, որ կարող է հակադիր օրինակներ բերել և որպես հոկտեմբերի 27-ի գործով տուժած մարդ՝ նշեց, որ այդ ժամանակ էլ բազմաթիվ հարցականներ կային, և հետաքրքրվեց, թե արդյոք նա չի կարծում, որ մի հանձնաժողով էլ պետք է ստեղծել  27-ի գործը բացահայտելու համար:

Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ կողմ ենք նման հանձնաժողովի ստեղծմանը:

Բաբուխանյանի մյուս հարցին, որը վերաբերում էր մարտի 1-ին գործին ՀԱԿ-ի և անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանատվությանը, Ջհանգիրյանն ասաց, որ այո, պետք է կազմակերպիչների պատասխանատվության հարցն էլ ներառվի խնդիրների մեջ:

Հայկ Բաբուխանյանը կասկած հայտնեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հարկ եղած դեպքում կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ նա անգամ քննչական մարմին չի ներկայացել: Ջհանգիրյանը հակադարձեց, որ Լևոն Տեր-Պետորսյանին չեն հրավիրել քննչական մարմին: Ինչ վերաբերում է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում ներկա գտնվելուն, ապա Ջհանգիրյանը ոխստացավ. «անձամբ նրան խնդրել և համոզել, որ հարկ եղած դեպքում ներկա գտնվի»:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին էլ անիմաստ է թվում կրկին այս հարցը ՀԱԿ-ի կողմից բարձրացնելը, քանի որ մտավախություն ունի, որ այս անգամ էլ, ինչպես նախորդ անգամները, ՀԱԿ-ը հաջողության չի հասնի: «Չեմ հասկանում՝ ինչո՞վ է պայմանավորված նույն փոցխի վրա կանգնելու ձեր հերթական փորձը»,-ասաց Արզումանյանը:

Հանրապետական Մարգարիտ Եսայանը մինչ հարց տալը նախ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը՝ նշելով, որ քառօրյան ավարտվելու է, և այդ օրը իրենք հնարավորություն չեն ունենալու դա անել: Առաջարկն ընդունվեց:

Այնուհետև պատգամավորը, դիմելով Գագիկ Ջհանգիրյանին, նկատեց, որ նա պատգամավորների հարցերին պատասխանում է բավականին երկար ու խիստ, այսինքն, պրոֆեսիոնալ, ինչն իրականում շատ հաճելի է, սակայն, ակնարկեց նա, Ջհանգիրյանն իր գործն է անում: «Ձեր ճարտասանությունն ինքնին պետք է ձեզ բավարարի»-նկատեց Մարգարիտ Եսայանը:

«Տարբեր մարդիկ տարբեր բաներից են բավարարվում»,-ակնարկեց Ջհանգիրյանը:

Մարգարիտ Եսայանը նրբանկատորեն չցանկացավ արձագանքել ակնարկին՝ նշելով, որ դա թողնում է Ջհանգիրյանի ճաշակին:

Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանը հավատում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն պնդումներին, որ քաղաքական մեծամասնությունը որևէ մեկին թալանի և հափշտակության թույլտվություն չի տվել և կարծում է, որ քաղաքական մեծամասնությունը նաև սպանության թույլտվություն թույլ չի տվել, ուստի պետք է շահագրգռված լինի այդ սպանությունների բացահայտման գործում: Սակայն Ջհանգիրյանն առայժմ զարմանում է, որ իշխանությունները շահագրգիռ չեն այդ հարցում:

 

Անկախ