Մամիկոն Խոջոյանի մահվան դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է

images (1)Ադրբեջանում մեկ ամիս գերեվարված Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանի մահվան պատճառը եղել է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան:

Հարուցված քրեական գործի շրջանակում մահվան դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Մամիկոն Խոջոյանի ստացած մարմնական վնասվածքները, ինչպես նաև Խոջոյանի կենդանության ժամանակ արյան և մեզի մեջ հայտնաբերված նավթամթերքը և հոգեմետ ապաուրի տեսակի դեղամիջոցը և կատարված բժշկական միջամտությունները չեն գտնվում պատճառահետևանքային կապի մեջ նրա մահվան անմիջական պատճառի հետ: Մամիկոն Խոջոյանի դեպքով իրականացվել է երեք փորձաքննություն` նախ գերությունից վերադառնալուց անմիջապես հետո վնասվածքների բացահայտման, ապա դատաքիմիական փորձաքննություն, որի ժամանակ մեզի փորձանմուշներում հայտնաբերվել էր նավթամթերք, հոգեմետ դեղամիջոց և դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Անկախ

Խոջոյանների ընտանիքը սոցիալական ծայրահեղ վիճակում է, 7 երեխաներից 4-ը՝ հիվանդ

10298663_738758142813444_7182428421984137391_nԽոջոյանների յոթ երեխաներից չորսն այժմ առողջական խնդիրներ ունեն:

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, գերի ընկած և ապրիլի 10-ին հայկական կողմին հանձնված տավուշցի Արսեն Խոջոյանն ու նրա 8-ամյա քույրը` Ալվարդ Խոջոյանը, այժմ Երևանում են, պառկած` տարբեր հիվանդանոցներում: Արսենը Ֆիզիոթերապիայի ինստիտում է, քույրը՝ Արաբկիր բժշկական կենտրոնում: Փոքրիկ Ալվարդը մի քանի օր առաջ է Երևան տեղափոխվել` 40 աստիճան ջերմությամբ: Փոքրիկին բուժող բժշկի խոսքով, Ալվարդի կյանքին վտանգ չի սպառնում, բայց երեխան պետք է բժիշկների հսկողության տակ լինի և ստանա անհրաժեշտ բուժսպասարկում: Ալվարդիկի ստամոքսն ու կերակրափողը բորբոքված են:

1234391_738758156146776_802663008713215234_n <<Անրաժեշտ է բիոպսիա, որ հասկանանք` ինչ բորբոքում է, դրա համար մենք հետազոտությունը կրկնելու ենք ընդհանուր անզգայացումով և բիոպսիաներով հաջորդ շաբաթվա ընթացքում: Բուժումն արդեն սկսված է, ուղղակի հասկանանք` առանձնահատուկ մոտեցում է պետք, թե արդեն իսկ նշանակված բուժումը բավարար է: Երբեմն այնպես է լինում, որ երբ այդ հետհոսքը շատ է լինում, այսինքն` թթու միջավայրն անընդհատ դեպի կերակրափող է գնում, կերակրափողի լորձաթաղանթը սկսում է վերափոխվել այլ բջիջների, եթե տեսնենք` վերափոխված չէ, ընդամենը երկարատև իր բուժումը ստանալու է, որպեսզի այդ հետհոսքը բացառենք, որպեսզի կերակրափողի այդ լորձաթաղանթը վերականգնենք: Պատճառը բորբոքումն է>>,-նշեց <<Արաբկիր>> ԲԿ-ի բժշկուհին:

Ալվարդի մեծ քույրը` Անին, ևս ունի առողջական լուրջ խնդիրներ` կապված սրտի հետ: Նա ևս հետազոտվել է, այժմ գյուղում է և ինտենսիվ ներարկումներ է ստանում` դարձյալ գտնվելով բժիշկների խիստ հսկողության ներքո: Բժիշկների խոսքով, Անին ևս պետք է Երևան տեղափոխվի` հերթական բուժննության նպատակով: <<Հիմի չեմ կարա Անիին բերեմ, որ Երևան ենք եկել, պարտքով ենք եկել, դեռ տոմսի փողը չենք տվել: 10 հազար դրամ ունեի, 5-ը տվել եմ, Արմանը քյնացել ա, 5-ն էլ ձեռքիս ա, որ ստեղ յոլա քյնամ:  Չգիտեմ` տեղներս շատ նեղ ա, մայիսի 12-ին վարկի մարման օրն ա, ոչ մի կոպեկ չունեմ, որ տանք, տոկոսը տվել ենք, հիմա մայր գումարը պետք ա տանք` մոտ երկու հարյուր հազար դրամ ա>>,-Անկախի թղթակցին ասաց Արսենի մայրը` Սվետլանա Խոջոյանը:

Տան աշխատողը միայն Արսենի եղբայրն է` Արկադին, որը պայմանագրային զինծառայող է: Իսկ մյուս եղբայրը` Արմանը, դարձյալ առողջական լուրջ խնդիրներ ունի: Նա 2013-ի հունիսին պետք է զորակոչվեր բանակ, սակայն չի զորակոչվել հիվանդության պատճառով: <<Փոքր ժամանակ վառվելա , հնար չեմ ունեցել բժշկի տանեմ, տանը պահել եմ: Նամակ էի գրել Հանրապետության նախագահին, որ  խնդրում եմ` վերանայեք, ստուգեք: Պարզվել ա, որ հիվանդություն ունի, և Արմանն  ազատվել է բանակից>>,-պատմում է Սվետա Խոջոյանը:

10306267_738758122813446_5425805265030135864_nՆախագահն արձագանքել է տիկին Սվետայի նամակ-խնդրանքին` հանձնարարելով տղային ևս մեկ անգամ բուժզննության ենթարկեն: <<Մի անգամ սրտի, մի անգամ երիկամի, մի անգամ լեղապարկի հետ կապված խնդիրներ են բացահայտվել: Մեզ հետ եկել էր, նորից եկել, նորից պրոբլեմ, նորմալ չի սնվում: Իմ տեգրը հարյուր բժշկի ա տարել, ասում են` էրեխեն սրտի պրոբլեմ ունի: Հիմա էլ ասում են` լեղին ա երկարացել, չգիտեմ: Ամսի 14-ին գալու  ա սրտին ապարատ դնեն, պետք ա գա <<Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոն, դա սրտի աշխատանքի համար ա: Լարիսա Ալավերդյանն ա օգնել, անգամ տաքսու փողն ա տվել, ես չեմ մոռանա>>,-հուզված ասում է բազմազավակ մայրը:

Ի պատասխան սոցիալական ծառայության աշխատակցի, Սվետա Խոջոյանն ասում է, որ Արմանի` բանակում ծառայած չլինելու հանագամանքը չի կարող խոչընդոտ դառնալ սոցիալական նպաստի համար, քանի որ որդին առողջության վատթարացման պատճառով է, որ չի ծառայում:

arsen_xojoyan_696389593Խոջոյանների ընտանիքն այժմ սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում է, դրա համար նպաստի վերականգնումը յոթ երեխաների մայրը հրատապ է համարում: Արսեն Խոջոյանի հայրը` Անանիա Խոջոյանը, մյուս որդու՝ Դավիթի հետ այժմ Սևանում է: <<Եկել են անասուն պահեն, որ մի երկու կոպեկ աշխատեն: Դե Արսենն էլ, գիդըմ եք, բուժվում ա, չգիտեմ` ոնց ա լինելու: Ամբողջ ընտանիքս ցրված ա, արդեն գժվում եմ>>,-ասաց Սվետա Խոջոյանը:

 

 

Անկախ

Արսեն Խոջոյանի վերադարձի համար գյուղում մատաղ են մատուցել

10253817_730839316938660_891778476646586119_nՏավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական գերությունից վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանի համար մատաղ են մատուցել:

Արսենի մայրը` Սվետլանա Խոջոյանը, Անկախ-ի թղթակցին ասաց, որ Սուրբ Զատիկի տոնն իրենց համար յուրօրինակ խորհուրդ է ստացել. առավոտյան գառ են մորթել, գնացել գյուղում վերջերս կառուցված փոքրիկ եկեղեցի, մոմ վառել, այնուհետև  բարեկամներով ու ազգակցականներով իրենց տանը հավաքվել` նշելու որդու վերադարձի առիթով իրենց ուրախությունը: <<Այսօր Արսենիս տրամադրությունը, նախորդող օրերի համեմատ, լավ էր, դեմքին ժպիտ կար>>,-ասաց Սվետլանա Խոջոյանը:

Արսենի մայրը նաև տեղեկացրեց, որ երեքշաբթի օրը Արսենը կգա Երևան`մեկամսյա գերությունից հետո ստուգման ենթարկելու իր հոգեբանական վիճակը:

Նշենք, որ գյուղի եկեղեցու շինարարությանը օգնել են նաև Արսեն Խոջոյանն ու ավելի վաղ Ադրբեջանում գերեվարված Մամիկոն Խոջոյանը: Ի դեպ, Արսեն և Մամիկոն Խոջոյանները ոչ միայն բարեկամներ են, այլև` հարևաններ: <<Արսենի համար արված մատաղի մսից նաև Մամիկոնին ենք տարել, տվել>>:

Սվետլանա Խոջոյանը ավելացրեց նաև, որ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ամբողջ օրը գրեթե պառկած է լինում, հարազատների օգնությամբ է մի կերպ տեղաշարժվում, ինչը Ադրբեջանում անցկացրած օրերի հետևանքն է:

 

Անկախ

Արսեն Խոջոյանը մի քանի օր կմնա Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում

1897889_726426494046609_1180415574021473900_nԻջևանում նախնական բուժզննումից հետո ադրբեջանական գերությունից վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկակակ կենտրոն:

Բժշկական ստուգումից հետո Արսենի մոտ առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել: <<Ամեն ինչից  էլ անալիզ են վերցրել, որ տեսնեն` հո լուրջ խնդիրներ չկան, միայն թե ինձ թվում ա՝ Արսենի աչքերը կարմրած են, դե սոված-ծարավ թշնամու մոտ ա եղել, դրանից կլինի, էլի>>,-Անկախ-ին պատմեց Արսենի մայրը:

Տիկին Սվետլանան և Արսեն Խոջոյանի հորեղբորորդին` Արմենը, գիշերել են Արսենի մոտ` Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Բժիշկ Գագիկ Մանուկյանը լրագրողներին հայտնել է, որ Արսենի մարմնի վրա կապտուկներ, խոշտանգման երևույթներ չկան, գիտակցությունը պարզ է: Իսկ Արսենը պատմել է, թե ինչպես է հայտնվել սահմանից այն կողմ:

Մայրը վերահաստատեց. <<Պատճառը մառախուղն էր, էլի, անասունները կորցրել ա, գնացել-խորացել, հետո որ մարդ ա տեսել, հարցրել, կիսահայերեն, կիասառուսերեն, գլխի են ընկել, որ հայ ա, որ չխոսար, երևի գերի չընկներ>>:

Նա իր հետ գյուղից Երևան է բերել Արսենի ու նրա եղբայրների զինծառայության ընթացքում ստացած պատվոգրերը: <<Ասեցի` կարող ա պետք լինի, էլի, թող տեսեն, որ իմ էրեխեքը հայրենիքի պաշտպանության գործի մասնակիցն են եղել>>,-նշում է տիկին Սվետլանան:

Արսենի պատմելով` Ադրբեջանում իրեն առանձին մեկուսարանում են պահել, չեն ծեծել, ինքը սննդից հրաժարվել է` մտածելով, որ կարող է թունավորեն: <<Թովուզի շրջանում եմ մոլորվել, հետո տարել են Բաքու, մի հինգ ժամ ճանապարհ ենք գնացել, մինչև հասել ենք Բաքու>>,-հիշում է Արսենը:

Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը հիվանդանոցից դուրս կգրվի մի քանի օրից:

 

Անկախ

Արսեն Խոջոյանի ընտանիքը ծայրահեղ պայմաններում է, քույրն էլ առողջական լուրջ խնդիրներ ունի

10150564_725770804112178_5596208753426918005_nՄարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած և գերեվարված 23-ամյա Արսեն Խոջոյանին հայկական կողմին վերադարձնելու վերաբերյալ նոր լուրեր առայժմ չկան:

Արսենի հորեղբորորդին` Արմեն Խոջոյանը, կապ է հաստատել Կարմիր խաչի հայկական գրասենյակի հետ` ճշտելու` արդյոք նորություններ կան, թե ոչ: Սակայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական գրասենյակից հայտնել են, որ դեռևս նոր տեղություններ չկան:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կայքերը վերջի օրերին հայտնել էին հայ գերու հնարավոր վերադարձի մասին: Նշվել էր, որ բանակցություններ են ընթանում: Հիշեցնենք նաև, որ Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի այս ընտանիքն ապրում է սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում: Ընտանիքն ունի յոթ զավակ, որոնցից մեկը` 14-ամյա Անի Խոջոյանը, առողջական լուրջ խնդիրներ ունի: Նրա մոտ ախտորոշվել է սուր ռևմատիկ տենդ 3-րդ աստիճանի ակտիվություն: Արսեն Խոջոյանի քույրը` Անին, արդեն իսկ հաշվառվել է <<Արաբկիր>>  բժշկական կենտրոնում, ստացել անհրաժեշտ բուժօգնություն: Խնդիրը նաև առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է, և նշվել է, որ եթե վիրահատության անհրաժեշտություն առաջանա, ապա առողջապահական գերատեսչությունը պատրաստ է աջակցել ընտանիքին: Այս պահին Անիին պետք է ամիսը մեկ անգամ ներարկում կատարեն:

Տավուշի մարզպետարանի սոցիալական բաժնի ղեկավարը նշել է, որ  առաջիկա օրերին Խոջոյանների ընտանիքին կտրամադրվի պետական ծրագրով նախատեսված սոցիալական նպաստ` 30 հազար դրամի չափով: Բաժնի ղեկավարը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ չնայած նպաստը մեկանգամյա է, սակայն մարզային իշխանությունը նախատեսել է ևս մեկ անգամ 30 հազար դրամի չափով օգնել: Վերին կարմիրաղբյուրի գյուղապետարանը Խոջոյանների ընտանիքին մի քանի պարկ ալյուր է փոխանցել:

 

Անկախ

Գերեվարված Արսեն Խոջոյանին հնարավոր է այս ամիս վերադարձնեն

10154477_723922490963676_1864476162686000100_nՄարտի 7-ին Ադրբեջանի սահմանը հատած և գերի ընկած Արսեն Խոջոյանի մասին արբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններից հետո 23-ամյա տղայի ընտանիքի անդամները մի քիչ հանգստացել են: <<Էսօրվա հաղորդման վրա մի քիչ լավ ենք: Առավոտ 12-ից հաղորդում են>>,-Անկախ-ի թղթակցի հետ զրույցում նշել  է Արսենի մայրը:

Սվետա Խոջոյանի խոսքով, ապրիլի 7-ին կլրանա որդու գերեվարման մեկ ամիսը: <<Իրենց ասելով` հնարավոր վերադարձը պետք է լինի ամսի 17-ին կամ 20-ին: Չէ, էսօր ոչ մեկն էլ մեզ չի զանգել, 2 օր առաջ թուրքերի հաղորդածը լսեցինք: Մենք կոմպյուտեր չունենք, գնացել եմ Մովսես, քրոջս տանն եմ նայել, մի քիչ սիրտս հովացել ա, որ ասում են, ուրեմն էրեխես ողջ ա, երրորդ երկիր չի ուզում գնա>>,-ասաց տիկին Սվետան` ավելացնելով, որ ամուսինը` Անանիա Խոջոյանը, այսօր Մաֆլարում անասուններին խնամել, վերադարձել է Վերին կարմիրաղբյուր: Ու թեև որդու հնարավոր հանձնման մասին լսել է, բայց ամբողջ օրը չի կարողացել զսպել արցունքները:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացի Արսեն Խոջոյանի` հայրենիք վերադառնալու շուրջ եռակողմ բանակցությունները շարունակվում են: Այս մասին ապրիլի 3-ին հայտարարել է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների ու պատանդների պետական կոմիտեի քարտուղար Շաին Սաիլովը, գրում է Day.az-ը: «Բանակցություններն ընթանում են նորմալ հունով: Անհրաժեշտ է որոշ հարցերում պարզություն մտցնել: Հավանաբար, այս ամիս հանարավոր կլինի վերադարձնել տղային: Բանակցություններ են ընթանում նաև անձամբ երիտասարդի հետ: Այս հարցով որոշում կընդունվի մեկ ամսվա ընթացքում: Փորձում ենք 30-40 օրվա ընթացքում հարցում պարզություն մտցնել, իսկ հետո ընդունել որոշում»:

Սաիլովը նաև նշել է, որ երիտասարդը չի ուզում երրորդ երկիր տեղափոխվել:

 

Անկախ 

Գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի ծնողները կարող են դիմել Եվրոդատարան

16.03.9Քանի դեռ հայտնի չէ, թե Ադրբեջան գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը որևէ պահանջ ունի, թե ոչ, նրա ծնողները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիմքով (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) :
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանը՝ պարզաբանելով, որ հոդվածը ներառում է   զավակի և ծնողի վերամիավորվելու իրավունքը և Կոնվենցիային միացած պետությունների մոտ նման դեպքերում, ըստ Ա.Ղազարյանի, պոզիտիվ պարտականություն է ծնվում մինչև անձին երրորդ երկիր տեղափոխելը ապահովել առնվազն գոնե մեկ ուղիղ կապ ծնողների ու որդու միջև:
«Կարծում եմ` այս հիմքով կարելի է դիմել Եվրոպական դատարան՝ ակնկալելով իրավական դիրքորոշում»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:
Ա.Ղազարյանն ընդգծել է, որ նախադեպեր այս առումով չկան, բայց կան անալոգիայով նախադեպեր, ուստի` պետք է փորձ արվի, «պետք չէ մնալ միայն Կարմիր Խաչի կամ պետական իրավասու մարմինների հույսին», հանրային ոլորտում գտնվող մեխանիզմներն օգտագործելու հետ մեկտեղ կարելի է գործի դնել նաև անհատական իրավունքի մեխանիզմը: Ուստի՝ Ա.Ղազարյանը խորհուրդ է տալիս Ինջիղուլյանի  ծնողներին դիմել Եվրոպական դատարան:
«Գուցե դրանից ծնվի նախադեպ մեկ այլ դեպքերի համար,  իսկ այն, որ այդ դեպքերը սրանով չեն ավարտվելու, նման նոր դեպքեր կլինեն, ես դրանում կասկած չունեմ, որովհետև չեմ տեսնում, որ Ադրբեջանի կառավարությունն իր քաղաքականությունը հայերի, ընդգծում եմ՝ հայերի, ոչ թե Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխում է: Քսենոֆոբիան գնալով ավելի է ուժեղանում Ադրբեջանում»,- ասել է  Ա.Ղազարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայատյացության քարոզչության  ծրագրված քաղաքականությանը պետք է վերջ դրվի:
Իսկ դա կարող է արվել ոչ միայն քաղաքական գործընթացով, այլ նաև՝ նման անհատական դիմումներով:
Ա.Ղազարյանը կարևորել է միջպետական գանգատի մեխանիզմը, որի համար անհրաժեշտ է, որպեսզի հայատյացության հարյուրավոր գործերը՝ զուտ հայ լինելու հիմքով անձին  արգելված վերաբերմունքի, կամ այլ իրավունքները խախտելու վերաբերյալ, հավաքվեն և ներկայացվեն ՄԻԵԴ: Դրա համար   մեծ աշխատանք պետք է տարվի,էթնիկ հիմքով խտրականության արգելքի իրավունքի խախտման  բազմաթիվ նման գործեր պետք է ուսումնասիրվեն, պետք է կազմվի  վիճակագրություն՝ խտրականության գործերով շատ կարևոր տեղ ունի վիճակագրությունը:
«Խտրականության գործերն այն գործերն են, որի շրջանակում ոչ ոք իր կամքով ապացույցը չի դնում քո սեղանին, դրանք  թաքնված են մի քանի շերտերի հետևում և շատ դեպքերում ապացույցները հասանելի չեն: Եվրոպական դատարանը դա շատ լավ գիտի, դրա համար ապացույցի կանոնը խտրականության գործերով բոլորովին այլ է՝ փաստերի առատությունից մտահանգումներ կատարելը Եվրոդատարանի համար արդեն բավարար ձևավորված ապացույց  կարող է  հանդիսան,ալ և դրա հիման վրա գործը կարող է  հասնել «հիմնավոր գործ»  հասկացության շեմին»,- ասել է միջազգային իրավունքի մասնագետը՝ նշելով, որ եթե դա տեղի ունենա, ապա ապացուցման բեռն աստիճանաբար անցնում է յուս կողմի, այսինքն՝ Ադրբեջանի վրա:
«Հասունացել է այն պահը, որ պետք է արդեն միջպետական գանգատ ներկայացնել դատարան և դա կողջունվի՝  կոլեկտիվ փաստաթուղթը ու դրա կիրառումը  կոլեկտիվ եղանակով   ողջունվում  է եվրոպական ինստիտուտների կողմից»:
Ա.Ղազարյանը նշել է, որ մինչև այժմ Հայաստանի կողմից  միջպետական գանգատ չի ներկայացվել, ընդհանրապես այդ կարգի գանգատները քիչ են: Ամենավերջին գանգատը, որ ներկայացվել է  ՄԻԵԴ Ռուսաստանի կողմից ընդդեմ Վրաստանի և վերջինիս կողմից ընդդեմ Ռուսաստանի՝ կապված  է 2008թ. դեպքերի հետ՝ հնգօրյա պատերազմը և դրանից բխող մարդու իրավունքների լայնածավալ խախտումները՝ խոշտանգումներ, տեղահանումներ, տեղաշարժի ազատության սահմանափակում, կյանքի իրավունք և այլն: Դրանք ընթացքի մեջ են:
Հիշեցնենք, որ նախնական տեղեկությունների համաձայն, 2013թ. oգոստոսի լույս 8-ի գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններումն՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը՝ հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
«Փաստինֆո» 

Անկախ

Այսօր ադրբեջական սահմանը հատած և գերի ընկած Արսեն Խոջոյանի ծննդյան օրն է

1394273866_arsen-xojayanՄարտի 9-ը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի ծննդյան օրն է, այսօր նա կդառնա 23 տարեկան: Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը մարտի 6-ին հատել է Ադրբեջանի հետ սահմանը և գերավարվել: Նա ավելի վաղ Ադրբեջանում գերեվարված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի ազգականն է:

Արսենը բազմանդամ ընտանիքի անդրանիկ զավակն է, յոթ երեխաներից ավագը: Նա ունի երեք եղբայր և երեք քույր: Ի դեպ, Արսենի ավա քույրը` 13-ամյա Անի Խոջոյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, նոր է դուրս գրվել հիվանդանոցից, և գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ: Ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում: Արսենը սահմանը հատել է գյուղին պատկանող խաղողի այգիների մոտով, այդ հատվածը Մաֆլար են անվանում, որտեղ Խոջոյանները նաև իրենց անասուններն են պահում:

Գյուղացիների խոսքով, Արսենը գյուղից Մաֆլար է գնացել, որպեսզի փոխարինի անասնապահ հորը: Մի քանի անգամ զագնել, խոսել է, հարցուփորձ արել քույրերից, հետո տղայի բջջայինն անհասանելի է դարձել: Արդեն երեկոյան ծնողները հեռուստացույցով լսել են որդու գերեվարման մասին լուրը:

 

Անկախ

22-ամյա Արսեն Խոջոյանը ընտանեկան վեճի պատճառո ՞վ է հատել սահմանը

Arsen-XojayanՏավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա Արսեն Խոջոյանը հատել է Ադրբեջանի հետ սահմանը և գերեվարվել: Համագյուղացիները Անկախ-ի թղթակցին տեղեկացրել են, որ Արսենն ապրում է բազմանդամ ընտանիքում, ունի երեք եղբայր և երեք քույր: Արսեն Խոջոյանը ավելի վաղ Ադրբեջանում գերեվարված և օրերս Հայաստանին հանձնված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի ազգականն է:

Վերին կարմիրաղբյուրցիները պատմել են, որ իբր տղան մոր հետ առավոտյան վիճել է և ասել, որ <<թուրքի կողմն է անցնելու>>,  մայրն էլ արձագանքել է` ասելով, թե <<հիմար չես, այ տղա>>:

Հաշվի առնելով, որ ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում, համագյուղացիները ենթադրում են, որ ընտանեկան վճեը ծագել է կենցաղային հարցերի շուրջ:Հետո Արսենը զանգահարել է սիրած աղջկան, նրան ևս ասել, որ անցնելու է սահմանը:

Այս տեղեկությունները, սակայն, հաստատված չեն, և հնարավոր է, որ տղան սահմանը հատել է ոչ դիտավորյալ, այլ պատահաբար` թանձր մառախուղի պատճառով:

Արսենը սահմանը հատել է գյուղին պատկանող խաղողի այգիների մոտով, այդ հատվածը Մաֆլար են անվանում: <<Լավ տղա ա շատ, նորմալ, մի քիչ նույնիսկ հպարտ>>,-նշել են Արսենի համագյուղացիները:

 

Անկախ

Ադրբեջանի սահմանը հատած 77-ամյա Մամիկոն Խոջոյանից արդեն մի քանի օր է՝ լուր չկա

mamikon-khojoyanՏավուշի մարզում լուրեր են տարածվել, թե հունվարի 28-ին Ադրբեջանի հետ սահմանը հատած և գերեվարված վերինկարմիրաղբյուրցի 77-ամյա Մամիկոն Խոջոյանին սպանել են և փորձում են հանձնել հայկական կողմին:

Այս տեղեկությունը, սակայն, Մամիկոն Խոջոյանի հարսը՝ Անահիտ Հարությունյանը, հերքել է: Նա նշել է, որ թեև արդեն հինգ օր է՝ լուր չունեն պապիկից, բայց խոսել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ, նա էլ ասել է. << Մի անհանգստացեք, մենք աշխատում ենք պապիկին վերադարձնելու ուղղությամբ>>:

Մամիկոն Խոջոյանին վերադարձնելու մասին լուրը հարսը լսել է նաև այսօր Երևանում` իր աշխատավայրում, գործընկերներից: <<Չգիտեմ՝ որտեղից են այդ տեղեկությունները>>,-ասել է Անահիտը: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն էլ Անկախ-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ արդեն մի քանի օր է՝ որևէ տեղեկություն չեն կարողանում ճշտել համագյուղացու վերաբերյալ: Հակասական տեղեկությունները լսելուց հետո համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը զանգահարել է Կարմի խաչ: Միջազգային այս կազմակերպությունից նրան ասել են, որ հաջորդ շաբաթ  կապ կհաստատեն Ադրբեջանի իրենց գործընկերների հետ և տեղեկություններ կփոխանցեն:

 

Անկախ

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստ

ՊՆ,Գերիներ, պատանդներ,անհայտ կորածներ,հանձնաժողովՊՆ լրատվական ծառայությունից Անկախին հայտնռցին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Նիստին նաև հրավիրվել էին ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում քննարկվել են 2013 թվականին կատարված աշխատանքները, նախանշվել են 2014 թվականի աշխատանքային ծրագիրի հիմնական ուղղությունները:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրեցին տարվա ընթացքում կատարած աշխատանքները և հանդես եկան առաջարկություններով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ամփոփիչ խոսքում հանձնարարականներ տվեց հանձնաժողովի անդամներին: Նիստի ավարտին պաշտպանության նախարարի հրամանով հանձնաժողովի մի քանի անդամներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:

Անկախ