Դպրոցական պարագաները շուտով կթանկանան. Կարեն Չիլինգարյան

Կարեն Չիլինգարյան«Ըստ հայկական տարբերակի` երբ պահանջարկը մեծանում է, աճում են նաև գները: Սա տեղի է ունենում Ամանորին ընդառաջ, ինչպես նաև` սեպտեմբերի 1-ին նախորդող օրերին: Այս ամենի պատճառով սպառողները դժվարանում են գնումներ անել, քանի որ սոցիալապես անապահովները շատ են », – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Ըստ նրա` առաջին դասարանի աշակերտին դպրոցական պարագաներով ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 30.000 դրամ, իսկ եթե երեխան ավելի մեծ է, այդ գումարը նույնպես աճում է:

«Այս պահին դեռևս թանկացումներ չկան: Դա կլինի 7-10 օր հետո: Սակայն սովորաբար ծնողները վերջին օրերին են դպրոցական  պարագաները և գրենական պիտույքները գնում, այդ պատճառով էլ ստիպված են լինում ավելի թանկ գներով ձեռբերել դրանք: Խորհուրդ կտամ արդեն հիմա սկսել առևտուր անել», – ասաց Կարեն Չիլինգարյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է վերահսկվում ոլորտը, մասնագետը նշեց, որ այս դեպքում մենաշնորհ չկա, այդ պատճառով պետությունը չի կարող վերահսկել այն:  «Տնտեսական հանձնաժողովը կարող է միջամտել միայն այն դեպքում, եթե գների կտրուկ փոփոխություն լինի: Սակայն գների մեծ թռիչք, սովորաբար, չի լինում», -ասաց նա:

Հայկական շուկայում անորակ, բայց միևնույն ժամանակ հասանելի գին ունեցող ապրանքը ներկրվում է Չինաստանից: Որակյալ` եվրոպական կամ ամերիկյան արտադրության, ապրանքները շատ թանկ են: Կարեն Չիլինգարյանի բնորոշմամբ` մեզ մոտ միջին գին չկա. կա՛մ շատ էժան է, կա՛մ շատ թանկ:

Շուկայում շատ են թուրքական գրենական պիտույքները, որոնց միակ առավելությունը կրկին հասանելի գին ունենալն է. «Ես հորդորում եմ, որ մեր սպառողները գնեն հայկական արտադրողի ապրանքները: Մոտավորապես նույն գինն է,  սակայն ավելի որակյալ: Դա կխթանի մեր արտադրանքը, կխոչընդոտի մեր երկրից մեծ գումարների հոսքը դեպի  Թուրքիա: Օրինակ, տետրերը որակյալ են. ճիշտ կլինի մերը գնել, հատկապես, որ դրանց վրա պատկերված են մեր պատմությունը և մեր մեծերը », – ասաց Կարեն Չիլինգարյանը:

 

Անկախ

Օգոստոսի 1-ից սպառողական ապրանքները կթանկանան

Բաբկեն Պիպոյան«Անգամ զարգացած երկրներում, որտեղ ամեն ինչ վերահսկվում է, էլեկտրաէներգիայի 10 տոկոս թանկացումը  իր հետևանքները կունենար, և 0.5-1 տոկոս գնաճ տեղի կունենար: Հայաստանում անհամաչափ բարձրացումներ տեղի կունենան. բացահայտ գնաճը կկազմի 3 տոկոս, ոչ տեսանելին ` 5», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը` խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո հավանական գնաճից:

«Օրինակ, դիտարկենք, հացի արտադրամասերը, նրանք  միշտ նույն քանակով են հաց թխում և նույն քանակությամբ ալյուր օգտագործում: Անտեսանելի գնաճը այստեղ այսպես է տեղի ունենում. 250 գրամանոց հացը դառնում է 200 գրամ, սակայն սպառողի համար սա աննկատ է մնում, քանի որ սովորաբար հացերը վաճառվում են  առանց փաթեթավորման , որի վրա գրված կլիներ քաշը», – նշեց նա:

Նման քայլեր կիրառվում են նաև թթվասերի սպառման ժամանակ. 450 գրամանոց  թթվասերը վերածվում է 400 գրամի, սակայն առաջին հայացքից դա չի երևում. Տարան նույնն է մնում: Սակայն պիտակի վրա գրվում է, որ պարունակությունը 400 գրամ է, այսինքն` արտադրողին տուգանել հնարավոր չէ: Ըստ Պիպոյանի` սա ընդունված մարքեթինգային հնարք է, որն ընդունված է ամբողջ աշխարհում:

Նրա խոսքով` էլեկտրաէներգիայի թանկացումը մեծ ռիսկեր է ստեղծելու սննդի պահպանման պայմանների առումով: Դա կարող  է հանգեցնել այն բանին, որ գիշերները խանութներում սառնարանները անջատվեն էլեկտրաէներգիան խնայելու համար, իսկ հաջորդ առավոտյան սննդի անվտանգությանը այլևս վստահել հնարավոր չի լինի:

 

Անդրադառնալով վերջերս ձմերուկից թունավորումներին, Պիպոյանը նշեց, որ այդպես էլ չհրապարակվեց` արդյոք ձմերուկը ներկրված էր, թե տեղական. «Սխալ է ասելը, թե այլ երկրներից ներկրված ապրանքները վտանգավոր են, իսկ մեր ապրանքները` ոչ: Հայաստանում առայսօր հաստատված չէ բուսական ծագմամբ մթերքների անվտանգության ստուգման կարգը», – ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ Սննդամթերքի անվտանգության ծառայության հավաստիացումները, թե ներկրված ձմերուկները «մաքուր» են, քանի որ մանրամասն ստուգվում են սահմանին, միանգամայն   անհիմն են:

Անկախ

Մաքսային միությանն անդամակցելուց հետո գնաճ առաջանա, թե ոչ, ԿԲ-ն և Կառավարությունը գնաճը կառավարելու են 4 %-ի սահմաններում

նյութի նկար2014-ին գնաճի կանխատեսումները հավանական բաշխմամբ են ներկայացվում, քանի որ տարվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները կարող են գնաճի կանխատեսման հետագիծը շեղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրից` տեղեկացրեց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:

Անդրադառնալով Մաքսային Միությանն անդամակցության հետևանքով մաքսատուրքերի հնարավոր փոփոխություններին` Արթուր Ստեփանյանը նշեց, որ  Մաքսային Միությանն անդամակցելու գործընթացը դեռևս շարունակվում է, բանակցային փուլում է այն ապրանքատեսակների ցանկը, որոնց մաքսատուրքերը հնարավոր է բարձրանան:

«Մաքսային միությանը միանալու պահին չի ենթադրվում, որ Հայաստանի մաքսատուրքերը կհամապատասխանեն Մաքսային Միության մաքսատուրքերին: Այստեղ դեռևս անորոշ է, թե որքա՞ն հավելյալ գնաճ կարող է առաջանալ: Այնուամենայնիվ, գնաճ կառաջանա, թե ոչ, Կենտրոնական բանկի և Կառավարության գնաճի թիրախը Հայաստանի համար 4 % է սահմանել, և գնաճը կառավարվելու է այս մակարդակում»,- ասաց Արթուր Ստեփանյանը:

Հարցին` ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ռուբլու արժեզրկումը մեր ազգային արժույթի վրա` ԿԲ խորհրդի անդամը պատասխանեց, որ շատ զարգացող երկրներ տնտեսական աճի տեմպերի թուլացում են ունենում, և նրանց արժույթները արժեզրկվում են հինական արժույթների համեմատ: Այս առումով ԿԲ-ն մոնիտորինգի տակ է պահում այն զարգացումները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա:

«Դեռևս հունվարի վերջի և փետրվարի առաջին կեսի տվյալներով` բացասական առումով փոփոխություն չկա: Միակ բացասական բանը, թերևս, մեր փոխարժեքի արժեզրկումն է, ինչը վճարային հաշվեկշռի սեզոնայնությամբ պայմանավորված` մշտապես այդ ամիսներին հանդիպող երևույթ է: Այն մի փոքր ավելացել է ռուբլու արժեզրկման ֆոնին: Այստեղ որևէ արտառոց երևույթ դեռևս չկա»,- ասաց Արթուր Ստեփանյանը:

 Անկախ

ԿԲ կանխատեսումներով՝ 2014-ին գնաճը կտատանվի 4 տոկոսի սահմաններում

կբԿենտրոնական բանկը հրապարակել է 2013-ի չորրորդ եռամսյակի և 2014-ի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության կատարման հաշվետվությունը:

Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ 2013 թվականն ավարտվեց 5.6 տոկոսային կետ գնաճով, և արդեն հունվարին 12-ամսյա գնաճը կազմեց 5.5 տոկոսային կետ՝ ընդհուպ մտնելով տատանումների թույլատրելի միջակայքի մեջ:

“Մեր կանխատեսումներով՝  2014-ին 12-ամսյա գնաճը շարունակելու է նվազել՝ մոտենալով մեր նպատակին` 4 տոկոսին: 12-ամսյա գնաճը նույնիսկ նվազելու է մինչև տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանը` պայմանավորված նախորդ տարվա 3-րդ եռամսյակի սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ”,- ասաց Վահագն Գրիգորյանը:

Դրամավարկային քաղաքականության վարչության պետն անդրադարձավ նաև Դրամավարկային քաղաքականության ծրագրի արտաքին կանխատեսումներին, համաձայն որոնց՝ արտաքին աշխարհում, մասնավորապես ԱՄՆ-ում, ԵՄ-ում, ՌԴ-ում, տնտեսությունը դանդաղորեն վերականգնվում է:

“ՌԴ-ում մեր կանխատեսմամբ՝ տնտեսական աճի տեմպերի թուլացումն ավարտվել է և այդ շրջանակներում պարենային և հումքային ապրանքային շուկաներում մենք գնաճային զարգացումներ չենք սպասում: Արտաքին գնաճային ճնշումներ չենք կանխատեսում”,- ասաց Վահագն Գրիգորյանը:

Անդրադառնալով ներքին շուկայի կանխատեսումներին՝ Վահագն Գրիգորյանը նշեց, որ ներքին շուկայում մասնավոր սպառումն ու մասնավոր ներդրումներն այս տարի արագանալու են: Մասնավոր սպառումը հասնելու է 5 և ավելի տոկոսի, մասնավոր ներդրումները՝ մոտ 4 տոկոսի:

“Արտահանումը և ներմուծումը պահպանելու են իրենց աճի տեմպերը, արտահանման տեմպերն ավելի բարձր, քան ներմուծման տեմպերը: Ակնկալում ենք, որ դրսից եկող տրանսֆերտները կպահպանվեն աճի տեմպերի նույն շրջանակներում”,- ասաց Վահագն Գրիգորյանը:

ԿԲ կանխատեսումներով՝ 2014-ին ՀՆԱ-ի աճը կատատնվի 5.4-ից 6.1 տոկոսի շրջանակներում: Ներքին տնտեսությունում մասնավոր հատվածից գնաճային նշումներ չեն ակնկալվում:

“Գնաճի որոշակի ազդեցություն կնկատվի պետական հատվածի կողմից, քանի որ այս տարվա պետական բյուջեի դիֆիցիտը փոքր ինչ ավելի բարձր է, քան նախորդ տարի: Սակայն, հաշվի առնելով նաև պետական հատվածի ազդեցությունը, գնաճի կանխատեսումներն ավարտվում են 4 տոկոսի շրջանակներում”,- ասաց Վահագն Գրիգորյանը:

Անկախ