Ի՞նչ ընթացակարգով է կազմվում դատախազների թեկնածուների ցուցակը

դատախազությունԴատախազների թեկնածությունների ցուցակը համալրվում է դատախազության որակավորման հանձնաժողովի կողմից տարին մեկ անգամ` որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, գլխավոր դատախազի սահմանած կարգով անցկացվող բաց մրցույթի միջոցով: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների լրացուցիչ ստուգում:

Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը պարտավոր է ներկայացնել`
1) անձը հաստատող փաստաթուղթ,
2) հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ,
3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).
4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).
5) դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ:
Որակավորման հանձնաժողովը ստուգում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը, գործնական ունակությունները և բարոյական հատկանիշները, ինչպես նաև նրա կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով նախատեսված այլ պահանջներին: Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին, որն իր համար ընդունելի թեկնածուներին ընդգրկում է դատախազների թեկնածությունների ցուցակում:
Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը արդարադատության ակադեմիայում անցնում է ուսումնառության ծրագիր: Անձն ազատվում է արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց, եթե`
1) ունի դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի,
2) իրավաբանական գիտությունների դոկտոր է,
3) իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Իրանում դատախազին սպանողներին մահապատժի են ենթարկել

Մուսա ՆուրիԴատախազ Մուսա Նուրիին սպանողները, դատարանի որոշմամբ, գլխատվել են Սիստան-Բելուջիստան նահանգի Զաբոլ քաղաքում: Մահապատժի ենթարկվածները երեքն էին` Իման Գոլավին, Ալիռեզա Դեհմարդարը և Օմիդ Փիրին:

Մահապատժի մասին որոշում կայացվել էր դեռևս այս տարվա մարտին: Ներկայումս հետաքննությունը  ընթացքում է, և ենթադրվում է, որ տասնյակ անձիք են ներգրավված եղել սպանության հանցանքում:  Գործի հետաքննության ընթացքում ձերբակալվել է 13 մարդ:

Դատախազ Մուսա Նուրին սպանվել էր 2013-ին: Անծանոթները կանգնեցրել էին վերջինիս ավտոմեքենան և  կրակել նրա վրա: Դատախազից բացի, սպանվել էր նաև նրան ուղեկցող վարորդը:

Այս մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Նոր դատախազը Գյումրու կրիմինալի մասին

Րաֆֆի ԱսլանյանԱյսօր իր առաջին մամուլի ասուլիսն էր հրավիրել Շիրակի մարզի նոր դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Ի թիվս այլ հարցերի, բավական երիտասարդ դատախազը լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև մարզ կլանային կրիմինալ վիճակին ու այս պարագայում՝ իր աշխատանքին:

«Կրիմինալի առկայությունը դատախազին երբևէ չպետք է խանգարի: Կրիմինալը ցանկացած տեղ կա՝ Գյումրիում, Երևանում, մյուս մարզերում: Իմ կարծիքով, յուրաքանչյուր բարեխիղճ դատախազ, բարեխիղճ աշխատող, կրիմինալի առկայությունից չպետք է կաշկանդվի. հակառակը, իր գործողություններով պետք է ամեն ինչ անի, որպեսզի կրիմինալը եթե ոչ վերացվի, ապա գոնե նվազեցվի»:
Հարցին, թե սովորաբար, Գյումրիում, մարզում նոր նշանակումներից անմիջապես հետո ՚կրիմինալ՚ հատվածը փորձում է ծանոթանալ, մտերմություն հաստատել, իր հետ հասցրե՞լ են կապվել, Րաֆֆի Ասլանյանը նշեց, թե դեռ նման փորձ չի եղել. «Իմ կարծիքով, իմ մասին հետաքրքրվելով, առնվազն այդպիսի ցանկություն չեն էլ հայտնելու, և ես դրա համար միայն ուրախ եմ: Ես կրիմինալի հետ որևէ ընդհանրություն երբեք իմ կյանքում չեմ ունեցել: Ինքս ունեմ իրավաբանական կրթություն, շատ լավ եմ հասկացել այդ մասնագիտությունն ընտրելով ինչ եմ դառնալու և ում դեմ եմ պայքարելու: Հետևաբար, կրիմինալի հետ առնչություն ես չեմ ունեցել և չեմ էլ կարող ունենալ»:

Շիրակի նոր դատախազը կրճատումների մասին

Րաֆֆի ԱսլանյանՇիրակի մարզի նորանշանակ դատախազ Րաֆֆի Ասլանյանը պարզաբանում է վերջին օրերին մարզային դատախազությունում կատարված կրճատումները:

Նրա դիտարկմամբ, մամուլը սլախվել է, դատախազների կրճատումն իր հետ կապելով. «Նշվել էր, թե իմ հայեցողությամբ են նշված անձինք ազատել իրենց զբաղեցրած պաշտոնները: Ասեմ, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. նշված անձանցից և ոչ մեկին ես չեմ առաջարկել, ստիպել, որպեսզի կենսաթոշակի անցնելու վերաբերյալ դիմում ներկայացնեն: Անձինք իրենց նախաձեռնությամբ են ցանկացել կենսաթոշակի գնալ, ընդ որում, հինգ անձանցից երեքին անձամբ փորձել եմ համոզել, որպեսզի առաջիկա մեկ տարում ձեռնպահ մնան այդ քայլից: Բայց մարդիկ իրենք էլ ինձ են փորձել համոզել, որ ավելի լավ է թոշակի գնան. առկա պայմանները, առկա պահանջներն, ըստ էության, համարել են իրենց տարիքին ոչ համապատասխան»: Հարցին, թե հատկապես ու՞մ և ինչու՞ է խնդրել շարունակել աշխատել, դատախազն անուններ տալ չցանկացավ. «Եթե նշեմ անձանց անուններ, ապա կվիրավորեմ մյուս երկուսին, որոնց գնալը, իմ կարծիքով, որևէ կերպ չի անդրադառնալու դատախազության աշխատանքների վրա: Ամեն դեպքում, կենսաթոշակի գնացողներից երեքը եղել են պրոֆեսիոնալ դատախազներ, և ես կարծում եմ, որ կկարողանային պահպանել իմ կողմից առաջ քաշված աշխատանքային չափանիշները»:
Դատախազը վստահեցնում է՝ խնդիր չի դրվել ազատվել նախկին դատախազի՝ Աղվան Հովսեփյանի կադրերից, այլ առաջնորդվում են մեկ մարտավարությամբ՝ ունենալ որակյալ, կարգապահ, խելացի, անաչառ ու անկաշառ կադրեր: «Թե կադրերը կլինեն այս կամ այն մարդու մտերիմը, դա ոչ մի կերպ չի անդրադառնա նրանց աշխատանքին և մեր փոխհարաբերություններին», – նշում է Րաֆֆի Ասլանյանը: