DJ-ները 3-ժամյա թեժ երեկո պարգևեցին երիտասարդներին

երիտասարդներՕգոստոսի 15-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ DJ-ների փառատոն՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։ Այն կազմակերպել էին Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում էր «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ողջունելով երիտասարդներին, իր շնորհավորանքը սկսեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով. «Պարզ, մարդկային շնորհակալություն բոլոր այն երիտասարդներին, ովքեր կարողանում են պահել մեր երկրի սահմաններն ու մեր ժողովրդին։ Փառք ու պատիվ այն բոլոր երիտասարդներին, ովքեր ապահովում են մեր անդորրը»։ Կարեն Ավագյանն ընդգծեց, որ այդ երիտասարդների շնորհիվ է, որ մենք կարողանում ենք կրթական, զարգացման ծրագրեր, տոնական միջոցառումներ իրականացնել։ «Մեր երիտասարդներն ամենալավն են աշխարհում։ Սիրելի′ երիտասարդներ, դուք ուժեղ եք, դուք կրթված եք, մրցունակ եք, ոչ մի տեղ չկաշկանդվեք, ամեն տեղ հպարտ կարող եք բարձրաձայնել, որ դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք»,- ասաց հիմնադրամի համակարգողը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ներկաներին Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, նշեց, որ DJ-ների համերգը երիտասարդության նախաձեռնությունն է և երիտասարդության համար։ «Օգոստոսը բավականին ակտիվ ընթացք է ճամբարային մթնոլորտի, բանակումների, տարբեր երիտասարդական նախաձեռնությունների առումով։ Այս օրերին Երևանում են գտնվում բազմաթիվ երիտասարդներ սփյուռքից, և մայրաքաղաքում նրանց ժողովելու խնդիր ունեինք։ Նպատակն է տոնական տրամադրություն հաղորդել երիտասարդներին»,- նշեց փոխքաղաքապետը։

Մոտ 3 ժամ տևողությամբ համերգին հանդես եկան DJ-ներ Սմոքը, Դիփ Դենին, Լեոն Գրիսը, Կրետը և այլք։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այսօր բնակչության համաշխարհային օրն է. հետաքրքիր վիճակագրական տվյալներ

2f77006d2228f93d1954e4ed55c2c9c8ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԲՀ Գործադիր տնօրեն  դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձը բնակչության համաշխարհային օրվա առթիվ 

«Այսօրվա 1,8 միլիարդ երիտասարդ մարդիկ հզոր ուժ են՝ թե՛ անհատապես, թե՛ հավաքականորեն: Նրանք ձևավորում են սոցիալական և տնտեսական իրողությունները, մարտահրավեր են նետում նորմերին ու արժեքներին և գցում են ապագա աշխարհի հիմքը:

Կառավարությունները և միջազգային հանրությունն ավելի ու ավելի մեծ չափով են գիտակցում բոլոր երիտասարդներին ռեսուրսներով և հնարավորություններով ապահովելու կարևորությունը, որպեսզի նրանք, որպես անհատներ և քաղաքացիներ, լիարժեքորեն իրացնեն սեփական ներուժը: Նրանք ընդունում են, որ հանուն երիտասարդության արված ներդրումները և երիտասարդությանը մարդու իրենց իրավունքներից օգտվելու հնարավություն տալը ոչ միայն օժանդակում է հենց իրենց՝ երիտասարդներին, այլև կարող է օգնել  նրանց երկրներին ժողովրդագրական օգուտներ քաղելու:

Մենք գիտենք, որ առողջ, կրթված, արդյունավետ և լիովին ներգրավված երիտասարդները կարող են օգնել կտրել սերնդեսերունդ ձգվող աղքատության շղթան․ նրանք նաև ավելի տոկուն են անհատական ​​և հասարակական մարտահրավերներին դեմ հանդիման: Որպես հմուտ և տեղեկացված քաղաքացիներ, նրանք կարող են ավելի լիարժեքորեն սատարել իրենց համայնքներին և ժողովուրդներին:

Ողջ աշխարհում միլիոնավոր դեռահասների համար սեռական հասունացման շրջանը ոչ միայն փոփոխում է նրանց մարմինները, այլև խոցելի է դարձնում մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից՝ հատկապես սեռականության, ամուսնության և հղիության առումով: Միլիոնավոր աղջիկների անցանկալի սեռական հարաբերություն կամ ամուսնություն է պարտադրվում, ինչը մեծացնում է անցանկալի հղիությունների, վտանգավոր աբորտների և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, այդ թվում` ՄԻԱՎ-ի, ինչպես նաև ծննդաբերության հետևանքով մահվան կամ հաշմանդամության վտանգը:

Սա է պատճառը, որ երիտասարդները, հատկապես դեռահաս աղջիկները, գտնվում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում մեր աշխատանքի կիզակետում: Աշխատելով բազմաթիվ գործընկերների, մասնավորապես իրենց՝ երիտասարդների հետ, ՄԱԲՀ-ն առաջ է մղում այնպիսի քաղաքականություններ և ծրագրեր, որոնք ներդրումներ են բերում հանուն դեռահասների և երիտասարդության ու խթանում են նրանց համար դրական միջավայրի ձևավորումը՝  նպաստելով համապարփակ սեռական դաստիարակության, ինչպես նաև որակյալ սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների, այդ թվում, ընտանիքի պլանավորման հասանելիությանը, ինչպես նաև աջակցելով նրանց առաջնորդությանը և մասնակցությանը: Մենք այդ անում ենք՝ շեշտը դնելով աղքատ, առավելապես լուսանցք մղված և թերսպասարկվող դեռահաս աղջիկներին հասնելու վրա:

Այս բազմակողմանի ջանքերի միջոցով մեզ և մեր գործընկերներին տեսանելի է դառնում, թե որքան մեծ չափով սեռական և վերարտադրողական առողջության համար արված վաղ ներդրումները կարող են բարելավել երիտասարդների կյանքը և նպաստել նրանց հասարակությունների բարօրությանը: Կայուն ապագան կախված է տոկուն բնակչություն ունենալուց, ինչը չի կարող ձեռք բերվել առանց հանուն երիտասարդների արված ներդրումների: Երիտասարդները ոչ միայն կազմում են աշխարհի բնակչության մի ստվար հատվածը և արժանի են իրենց արդար բաժինը ունենալուն, այլև գտնվում են իրենց կյանքի կարևորագույն փուլում, որը որոշիչ է նրանց և այդպիսով նաև նրանց ընտանիքների, համայնքների և հասարակությունների ապագայի համար:

Բնակչության համաշխարհային այս օրը ես հանձն եմ առնում ՄԱԲՀ-ի լիակատար աջակցությունն ուղղել այն բոլոր ջանքերին, որոնք սատարում են երիտասարդ մարդկանց ձգտումները և որոնք երիտասարդներին տեղադրում են ազգային և համաշխարհային զարգացման բուն սրտում»:

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՇԽԱՐՀՈՒՄ

Աշխարհի բնակչության մեկ քառորդը (1.8 միլիարդ մարդ) 10-ից 24 տարեկան է: Նրանց տեսակարար կշիռն ամենաբարձրն Աֆրիկայում է՝ ավելի քան 31%, ամենացածրը Եվրոպայում [2013, UNFPA]: Եվրոպական Միությունում 15-ից 24 տարեկանները կազմում են բնակչության 11.5%-ը [2013, Eurostat]:

Կրթություն․ աշխարհում մոտ 69 միլիոն դեռահաս դուրս է մնում դպրոցից: Այդ ցուցանիշն ամենաբարձրն է Ենթասահարային Աֆրիկայում և Հարավային ու Արևմտյան Ասիայում:

Գործազրկություն․ 2013 թ․-ին աշխարհում կար գրեթե 202 միլիոն գործազուրկ, որոնցից մոտ 74 միլիոնը 15-ից 24 տարեկան էին: Երիտասարդների գործազուրկ մնալու հավանականությունը երեք անգամ ավելի բարձր է, քան չափահասներինը: Որոշ երկրներում երիտասարդների գործազրկության մակարդակը գերազանցում է 50 տոկոսը (օր․՝ Իսպանիայում և Հունաստանում): Եվրամիության երկրներում երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը կազմում է միջինը 23.5 տոկոս [2013, ILO]: Ըստ գնահատականների, գործազրկության տարածումը կասեցնելու համար 2015-ից մինչև 2030 թթ․ համաշխարհային տնտեսությունում պետք է ստեղծվի մոտ 670 միլիոն հավելյալ աշխատատեղ:

Աղքատություն․ աշխարհում 15-24 տարեկան մոտ 515 միլիոն դեռահաս և երիտասարդ ապրում է օրական ԱՄՆ 2 դոլարին համարժեք գումարից պակասով [UNESCO]: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր երեք երկրից երկուսը աղքատության կրճատման ռազմավարությունների կամ զարգացման ազգային ծրագրերի մշակմանը չի ներգրավում երիտասարդներին:

Հղիությունը դեռահասների շրջանում․ ողջ աշխարհում ամեն տարի ավելի քան 15 միլիոն աղջիկ ծննդաբերում է 15-ից 19 տարեկանում:

Բռնություն և մահացություն․ աշխարհում սեռական ոտնձգությունների մոտ 50 տոկոսը կատարվում է 16 տարեկանից ցածր աղջիկների նկատմամբ:

15-ից 19 տարեկանների մեջ մահացության տարածվածությամբ երկրորդ պատճառն ինքնասպանությունն է: Առաջին տեղում են չկանխամտածված վնասվածքները՝ այդ թվում, ճանապարհատրանսպորտային պատահարների, հրդեհների, ջրահեղձության արդյունքում:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ․ 2011 թ․ տվյալներով, մինչև 25 տարեկան երիտասարդները կազմում էին համացանցի օգտատերերի 45 տոկոսը: Ողջ աշխարհում ինտերնետից օգտվում է մինչև 25 տարեկանների 36 տոկոսը (համեմատության համար ինտերնետից օգտվում է 25 և ավելի տարեկանների 34 տոկոսը), սակայն այստեղ մեծ խզում կա զարգացած և զարգացող երկրների միջև: Թեև տոկոսային հարաբերությամբ զարգացող երկրների ցուցանիշները զիջում են երկուսից ավելի անգամ (77 ընդդեմ 30 տոկոսի), սակայն համացանցից օգտվողների բացարձակ թվով գերազանցում են  մոտ երեք անգամ:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում 14-ից 24 տարեկանները կազմում են մոտ 500.000 կամ բնակչության 16.5 տոկոսը:

Կրթություն․ Հայաստանում երիտասարդների 99.76%-ը գրագետ է [2011, UNESCO]:

Աղքատություն․ երիտասարդների շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան երկրի միջին ցուցանիշը, որը կազմում է 32.4 տոկոս, և տատանվում է 32.7-ի (25-ից 29 տարեկաններ) և 36.3 տոկոսի (15-ից 17 տարեկաններ) միջև [2013, Աղքատությունը և սոցիալական պատկերը, ՀՀ ԱՎԾ]:

Գործազրկություն․ Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում գործազուրկ է 18-30 տարեկանների մեջ՝ 18.7%-ը, 20-24 տարեկանների մեջ՝ 23.4%-ը, այն դեպքում, երբ Հանրապետությունում գործազրկության միջին մակարդակը կազմում է 15.4% [2013, ՀՀ ԱՎԾ]: Միևնույն ժամանակ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, 15-24 տարեկանների շրջանում գործազրկության մակարդակը գերազանցում է 40 տոկոսը [2013, UNDP]:

Նվազագույն ամուսնական տարիք․ 18` թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար:

Միջին ամուսնական տարիք․ եթե 2001 թ.-ին ամուսնական միջին տարիքը կանանց համար 22.8 էր, իսկ տղամարդկանց համար 26.9, ապա 2012-ին՝ կանանց համար 25․3 էր, իսկ տղամարդկանց համար՝ 28.8:

Հայաստանում ամուսնացած չեն 27-29 տարեկանների ավելի քան մեկ երրորդը, իսկ 30 տարեկանների մեջ՝ յուրաքանչյուր չորրորդը [2011, Հայաստանի երիտասարդների ազգային զեկույց, ՀՀ ՍԵՀՆ]:

Հղիությունը դեռահասների շրջանում․ Հայաստանում 15-ից 19 տարեկանների մեջ ծնունդների ցուցանիշը (1,000 կնոջ հաշվով) 28.3 է [2013, ՄԱԿ ՏՍՀՎ]: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի 2011 թ. տվյալների, այս ցուցանիշը կազմում է 26.4 (ներառյալ մինչև 15 տարեկանը), քաղաքային վայրերում՝ 20.3, գյուղական վայրերում՝ 35.1: Ընդ որում, գրեթե բոլոր ծնունդներն այս խմբում բաժին են ընկնում 18 և 19 տարեկաններին [2010, ԺԱՀՀ]:

Ինչու չեն ամուսնանում․ Երիտասարդության շրջանում ավելի տարածված են չամուսնանալու մշակութային, այլ ոչ թե տնտեսական պատճառները, թեև մշակութային պատճառները ավելի բնորոշ են կանանց (ուսում, տարիք, հարմար թեկնածուի բացակայություն), իսկ տնտեսականները՝ տղամարդկանց (աշխատանքի բացակայություն, ֆինանսական/սոցիալական խնդիրներ): Հետաքրքիր է, որ հարմար թեկնածուի բացակայությունը նշած աղջիկները մոտ երեք անգամ գերազանցում են նույն պատճառը նշած տղաներին:

Երեխաներ․ Ամուսնացած երիտասարդ զույգերի մոտ երեխա չպլանավորելու ամենախոշոր պատճառներն են արդեն մեկ կամ երկու երեխա ունենալը, ինչպես նաև տնտեսական և սոցիալական անբարեկեցիկ վիճակը [2011, Հայաստանի երիտասարդների ազգային զեկույց, ՀՀ ՍԵՀՆ]:

Անպտղություն․ առողջական խնդիրները երեխա չպլանավորելու պատճառ է համարում երիտասարդների 8.6 տոկոսը [2011, Հայաստանի երիտասարդների ազգային զեկույց, ՀՀ ՍԵՀՆ]: Ըստ 2009 թ․ ՄԱԲՀ հետազոտության տվյալների, 20-24 տարիքային խմբում անպտուղ կանանց և ամուլ տղամարդկանց բաժինը կազմել է համապատասխանաբար 8.3 և 10.2 տոկոս, իսկ 25-29 տարիքային խմբում՝ 20.2 և 14.3 տոկոս:

Արտագաղթ․ Հայաստանի երիտասարդության 83.5 տոկոսը հնարավորության դեպքում կմեկներ արտասահման՝ ժամանակավոր բնակության: Մշտական բնակության կցանկանար մեկնել երիտասարդների 36.8 տոկոսը [2011, Հայաստանի երիտասարդների ազգային զեկույց, ՀՀ ՍԵՀՆ]:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ․ Հայաստանի երիտասարդներից տանը համակարգիչ ունի 54.6%-ը, իսկ ինտերնետին միացված համակարգիչ` 47.1%-ը: Բջջային հեռախոս ունի երիտասարդների 99.6 տոկոսը: Երիտասարդների 78.4%-ն ընդգրկված է որևէ սոցիալական ցանցում:

 

Անկախ

Երիտասարդական աշխատանքը հանուն ինտեգրացիայի. Սիրիահայերը հայրենիքում փախստական չեն

10477628_683052408397273_1224583175_nԱնձի ազատ տեղաշարժի իրավունքը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը: Ինչպես սահմանված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք, յուրաքանչյուր ոք ունի ցանկացած՝ այդ թվում սեփական երկրից մեկնելու և իր երկիրը վերադանալու իրավունք: Կառավարությունները սովորաբար երաշխավորում են իրենց քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ֆիզիկական անվտանգությունը, բայց երբ մարդիկ փախստական են դառնում, անվտանգության այս ցանցն անհետանում է: Փախչելով պատերազմից ու հետապնդումներից և դառնալով փախստական` մարդիկ հաճախ հայտնվում են անչափ խոցելի իրավիճակում, զրկվում իրենց պետության պաշտպանությունից:

Հունիսի 24-ից 30-ը «Սոցիալական և երիտասարդական աշխատողներ» հասարակական կազմակերպությունը (SYW) Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ համատեղ Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում իրականացնում է երիտասարդ փախստականների խնդիրներին նվիրված «Youth work for refugee inclusion» միջազգային ծրագիրը, որին մասնակցում է տասը եվրոպական երկրների շուրջ 40 ներկայացուցիչ:

Փախստականը, ըստ ՀՀ օրենսդրության, ունի տնտեսական, սոցիալական և մշակութային նույն իրավունքները, ինչ Հայաստանի քաղաքացին: Սակայն փախստականները հարկադրաբար հայտնվելով օտար երկրներում՝ բախվում են, ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական և ինտեգրացիոն մի շարք խնդիրների: «Հայաստանն ունի յուրահատկություն. մեր փախստականների 99%-ը էթնիկ հայեր են: Ծրագրի գաղափարն առաջացավ 2012թ.-ին, երբ կազմակերպությունն սկսեց աշխատել Սիրիայի փախստականների հետ: Հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ կան եվրոպական երիտասարդական կազմակերպություններ, որոնք մշակել են փախստականների հետ աշխատելու և նրանց խնդիրները լուծելու նոր մեթոդներ», -ասում է ծրագրի համակարգող Սիրարփի Մանյանը:

Փախստականների հոսքը Հայաստան սկսվել է 1988 թվականից, երբ Ադրբեջանից հարկադրաբար Հայաստան են տեղափոխվել ավելի քան 360,000 մարդ: Վերջին տարիներին սիրիական հակամարտության պատճառով Հայաստանում հանգրվանեցին բազմաթիվ սիրիահայեր, ովքեր, չնայած փախստականի կարգավիճակ չունեն հայրենիքում, սակայն թե՛ ֆինանսապես, և թե՛ հոգեպես կայանալու կարիք ունեն:

«Անհրաժեշտաբար պիտի հաշվի առնենք հայկական առանձնահատկությունները. Սիրիահայերը հայրենիքում չեն կարող դիտվել որպես փախստական»,-իր բացման խոսքում նշեց ԵՄ փորձագետ, Երիտասարդական ակումբների նախագահ Ատոմ Մխիթարյանը:

«Youth work for refugee inclusion» միջազգային ծրագրի նպատակն է քննարկել տարբեր երկրներում գործող կազմակերպությունների փորձն ու գիտելիքները, մշակել երիտասարդ փախստականների հետ աշխատանքի նոր մոտեցումներ` նպաստելով նրանց` հասարակությունում արդյունավետ ներգրավմանը»,- նշեց հյուրընկալող կազմակերպության նախագահ Ռոբերտ Մխիթարյանը:

 

Երիտասարդները կոտրում են կարծրատիպերը

Step ForwardՇաբաթվա ընթացքում 41 երիտասարդներ Հայաստանից, Խորվատիայից, Վրաստանից, Իտալիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Իսպանիայից և Ուկրաինայից կմասնակցեն Աղվերանում անցկացվող «Քայլ Առաջ» երիտասարդների միջազգային փոխանակման ծրագրին, որի նպատակն է խթանել երիտասարդների շրջանում հանդուրժողականությունը և օգնել նրանց կոտրել կարծրատիպերը՝ այլ ազգությունների և մշակույթների նկատմամբ։

– Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալ ներկայացված երկրների մշակույթին և սովորույթներին, ինչպես նաև բացահայտել կարծրատիպերի ձևավորման աղբյուրները, – նշեց պատասխանատու կազմակերպության նախագահ Աննա Պլուզյանը։ – Բացի այդ մենք կցանկանայիք նաև խթանել հարգանքը այլ մշակույթների նկատմամբ։

Ծրագրի նպատակն է ստեղծել հարթակ միջմշակութային երկխոսության համար և այս կերպ բարձրացնել մասնակիցների ճանաչողականությունը և իրազեկությունը այլ մշակույթների վերաբերյալ։

Ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին ներկայացնել իրենց մշակույթը այլ երկրների երիտասարդներին, ինչպես նաև ճանաչել այլ մշակույթները և նրանց արժեքները։ Այս ծրագրի ընթացքում մասնակիցները կընդգրկվեն ստեղծագործական տարբեր աշխատանքային խմբերում, կմասնակցեն զանազան քննարկումների և թիմային խաղերի, ինչը կօգնի նրանց լինել ավելի ինքնավստահ, թույլ կտա կոտրել կարծրատիպերը այլ մշակույթների վերաբերյալ և ստեղծել ընդհանուր փոխըմբռնման մթնոլորտ։

Մասնակիցները նաև հնարավորություն կունենան այցելել Հայաստանի մշակութային վայրեր և մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին և արժեքներին։

«Քայլ Առաջ» երիտասարդների փոխանակման ծրագիրն կշարունակվի մինչև հունիսի 27-ը։ Այն  ֆինանսավորվում է Եվրոպական միության «Youth in Action» ծրագրի շրջանակներում և իրականացվում է Երիտասարդների փոխանակում և համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական կազմակերպության միջոցով։

Խստացումներ ու սահմանափակումներ՝ «Բազեում»

2«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի տեղի կունենա օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող երիտասարդական հավաքում որոշակի փոփոխություններ են կատարվել ջոկատների կազմում։ «Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացնում է, որ 2014-ին ավելացել են հասարակական կազմակերպությունների, լրագրողների, «Երկրապահ» կամավորականների միության «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության ջոկատները։ ԼՂՀ մեկ ջոկատին կավելանա նաև Արցախի պետական համալսարանի ջոկատը։

«Բազեում» այս տարի որոշակիորեն խստացվել են պահանջները։ Եթե նախկինում կարող էին մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդները, ապա  2014-ից մասնակիցների տարիքն իջեցվել է, և «Բազեին» կարող են դիմել 18-30 տարեկանները։ Եթե նախորդ տարիներին ջոկատի ղեկավարներին թույլատրվում էր մեկից ավելի անգամ մասնակցել հավաքին, ապա այդ հնարավորությունը ևս սահմանափակվել է։ Այս ամենը, ըստ Հովհաննես Գաբրիելյանի, արվել է, որպեսզի հնարավորինս նոր երիտասարդների կարողանան ներգրավել հավաքին։ Նա նաև տեղեկացնում է, որ արդեն 12 տարվա պատմություն ունեցող այս ծրագիրը սիրված, սպասված ու պահանջված է երիտասարդների կողմից. «Յուրաքանչյուր մասնակից այստեղ կարողանում է ոչ միայն ինքնադրսևորվել, չափել ուժերը տարբեր մրցույթներում, այլև ստանում է մեծ փորձառություն, դառնում է մի մեծ թիմի մասնիկը, թիմ, որի նպատակը համախմբումն է, միմյանց օգնելով՝ դեպի վերջնական նպատակին հասնելը։ Հավաքը նաև թիմային աշխատանքի մեծ փորձ է հաղորդում։ «Բազեն» լարված, դժվար պայքարի հարթակ է, որը նաև կոփում է երիտասարդներին»։

Անդրադառնալով լրագրողների ջոկատին՝ «Բազեի» ղեկավարը նշում է. «Լրագրողները կկարողանան ներսից ճանաչել հավաքը։ Թող մասնակցեն, տեսնեն հավաքի բոլոր առավելությունները, և եթե գտնեն թերություններ, թող տեղյակ պահեն, մենք էլ կփորձենք շտկել դրանք»։

Նշենք, որ ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում կձևավորվի 45 ջոկատ՝ յուրաքանչյուրում 9 անդամ։ Ընդհանուր առմամբ հավաքին այս տարի կմասնակցի շուրջ 500 երիտասարդ, ում սպասվում են հագեցած օրեր։ Մասնակիցներն ուժերը կչափեն մարզական ստուգատեսներում (լող, թենիս, ֆուտբոլ, շախմատ, հրաձգություն, բազկամարտ, սպորտլանդիա, վոլեյբոլ և այլն), մշակութային միջոցառումներում (երգ, պար, նորաձևություն), ինտելեկտուալ խաղերում։ Մրցելույթները կգնահատեն պրոֆեսիոնալ ժյուրին և համապատասխան ֆեդերացիաները ներկայացնող մրցավարները։

Սպասվում են նաև հանդիպումներ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ, տարբեր թեմաների շուրջ քննարկումներ, կինոդիտումներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին ներկայացվել է 42 հայտ

մրցույթՀունիսի 20-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին 2014թ. 2-րդ կիսամյակի համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայտերը։ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին 21 անվանակարգում ներկայացվել է 42 հայտ։

Նշենք, որ այս մրցույթում ավելացել են բնապահպանության ոլորտին առնչվող անվանակարգեր։ Նվազեցվել է ծխելու դեմ պայքարին ուղղված անվանակարգերի համար հատկացվող գումարի չափը՝ 5 միլիոն դրամից դառնալով մինչև 2,5 միլիոն դրամ։ Հատկացվող գումարի առավելագույն չափը սահմանվել է Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ուղղված անվանակարգերում՝ 3 միլիոն դրամ։

Մրցույթի արդյունքները պարզ կդառնան հանձնաժողովի անդամների կողմից հայտերն ուսումնասիրելուց հետո։

Նշենք, որ մրցութային հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ նախագահի աշխատակազմի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ոլորտային գերատեսչությունների, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։ 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Եվրասիական երիտասարդական համաժողովի մասնակիցները ծանոթացան ԼՂՀ խնդրին

երիտասարդներԵվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի «Եվրասիական անվտանգություն» աշխատանքային խմբում այսօր անդրադարձ եղավ Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու Լեռնային Ղարաբաղի խնդրին։ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Սերգեյ Սարգսյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, արցախյան հակամարտության պատմությունը, Ադրբեջանի կողմից սպառազինության մրցավազքը, հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ինչպես նաև պատասխանեց ներկաների հարցերին։

Բանախոսը կարծիք հայտնեց, որ Իլհամ Ալիևն այսօր աշխարհում ամենաքիչն է ցանկանում պատերազմի վերսկսումը, քանի որ կորցնելու շատ բան ունի. Ադրբեջանի նախագահը խնդիր ունի իր երկրում, քանի որ բանակի շատ գեներալներ մեծ իշխանություն, նկրտումներ, փողեր ունեցող մարդիկ են։ Ալիևը գիտակցում է, որ պատերազմի ցանկացած հանգուցալուծում գործելու է ի վնաս իրեն։

ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Ղազարյանն ընդգծեց, որ Ղարաբաղը բացարձակապես չի վախենում Ադրբեջանի սպառազինումից. «Պատերազմի վերսկսման դեպքում հայկական կողմը կհասնի մինչև Քուռ։ Մենք ոչ թե տարածքներ կկորցնենք, այլ հակառակը՝ կավելացնենք մեր պատմական հողերը։ Եվ ձեռք բերած զինատեսակները հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջանին հաղթանակ չեն կարող ապահովել»։

Սերգեյ Ղազարյանը նշեց նաև, որ իր համար հետաքրքիր էր Եվրասիական երիտասարդական համաժողովի ընթացքում լսել տարբեր կարծիքներ, քննարկումներ ժամանակակից քաղաքական գործընթացների վերաբերյալ։ «Արցախյան կողմը յուրաքանչյուր բան, որ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, պահում է ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք միևնույն տնտեսական, իրավական դաշտում»։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության մասին՝ խորհրդարանի պատգամավորը նշեց, որ համապատասխան լիազոր մարմինը՝ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, իրականացնում է համապատասխան ծրագրեր։ Տարեցտարի այդ ծրագրերի ծավալն աճում է, այդ աշխատանքների մեջ ներգրավվում են երիտասարդներ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից, այլ երկրներից։ Աշխատանքները շարունակվելու են, արդյունավետությունն ավելի բարձրացվելու է։

Նա նաև ընդգծում է, որ տարեցտարի ավելանում է Արցախի երիտասարդների մասնակցությունը միջազգային և տարածաշրջանային ծրագրերին, ընդ որում, ավելի է մեծանում նրանց ներգրավումը հասարակական կազմակերպությունների ձևաչափում տեղի ունեցող միջոցառումներին։ «Վերջին 3-4 տարիների ընթացքում հասարակական կազմակերպությունների քանակական լուրջ աճ է գրանցվել, ինչը նպաստում է ծրագրերի որակի բարձրացմանը։ ՀԿ-ների կողմից իրականացվում են կրթական, հումանիտար, մշակութային ծրագրեր, քաղաքական հարցերի շուրջ լսումներ են կազմակերպվում»,- ասաց Սերգեյ Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը, որ տեղի է ունենում հունիսի 10-15-ը Ծաղկաձորում, կազմակեպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

«Ամառը միասին»`Հայաստանում

amarՊատանիների և երիտասարդների արտադպրոցական ու արտահամալսարանական կյանքի արդյունավետ կազմակերպման նշանակությունը կարևորվել է դեռևս խորհրդային ժամանակահատվածում: Դրա մասին էին վկայում, ուսումնական տարվա ավարտին զուգահեռ, իրենց հյուրընկալ դռները բացող պիոներական և ուսանողական ճամբարները: Երիտասարդների ամառային արձակուրդներն անմոռանալի, միաժամանակ արդյունավետ դարձնելու կարևորությունն այսօր ևս արդիական է:

Երիտասարդներին` հետաքրքիր ամառային արձակուրդներ կազմակերպելու իր տարբերակն է առաջարկում «Սոցիալական և երիտասարդական աշխատողներ» ՀԿ, որը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) և եվրոպական գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում մայիսի 31-ից հունիսի 10-ն իրականացնում է «Ամառը միասին» (Summer together) երիտասարդական միջազգային ծրագիրը: Ծրագրին մասնակցում են ավելի քան 30 երիտասարդ Վրաստանից, Էստոնիայից և Ֆրանսիայից:

Այս յուրօրինակ նախաձեռնությունը հիանալի հնարավորություն է մասնակիցների համար` ձեռքբերելու գիտելիքներ և հմտություններ ոչ միայն երիտասարդական միջազգային ճամբարներ կազմակերպելու, այլև ոչ ֆորմալ կրթության մեթոդներին ծանոթանալու, որոնց կիրառումը կնպաստի ամառային երիտասարդական ճամբարների կազմակերպումն ավելի արդյունավետ դարձնելուն:

Ծրագրի ընթացքում մասնակիցները ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք կբերեն, այլ նաև միջմշակութային շփման և Հայաստանի տեսարժան վայրեր այցելելու հնարավորություն կունենան:

Եղվարդցի երիտասարդները կհարստացնեն մարզի հուշարձանների ցանկը

 երիտասարդներԿոտայքի մարզի 20-25 տարեկան շուրջ 20 երիտասարդներ «Բնության մոռացված արահետներ» ծրագրի շրջանակներում կբացահայտեն համայնքի տեսարժան վայրերը և կմշակեն ուղիներ`բուսական և կենդանական հազվագյուտ տեսակների անհետացման կանխման ուղղությամբ:

Ծրագիրն իրականացնում է «Եղվարդ» երիտասարդական բնապահպանական ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Ծրագիը մեկնարկել է մայիսի 1-ից: Հունիսի 3-ին և 4-ին երիտասարդները մասնակցում են խմբային աշխատանքների, փորձագետները ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնակիցներին ներկայացնում են Բուժական, Աղվերան, Հանքավան, Գառնի, Աղավնաձոր համայնքների կենսաբազմազանության պահպանումը, տրամադրում տեղակություն հուշարձանների մասին: Առաջիկայում կմեկնարկի արշավների փուլը, երբ երիտասարդները կբացահայտեն համայնքի պատմամշակութային հուշարձանները:

Ծրագրի համակարգող Շուշան Սահակյանը նշեց, որ իրենց հիմնական նպատակը համայնքների կեսաբազմազանության պահպանումն է, ու մանրամասնեց. «Երիտասարդները պիտի տեղեկացված լինեն իրենց համայնքի կենսաբազմազանության մասին, որպեսզի ավելի կապված լինեն համայնքին: Նպատակ ունենք ինքներս բացահայտել համայնքի` մինչև այժմ անհայտ հուշարձանները և հարստացնել մարզի պատմամշակութային հուշարձանների ցանկը»: Շուշան Սահակյանը նշեց, որ արշավներին զուգահեռ երիտասարդները կունենան ճանաչողական քննարկումներ: Այնուհետև երիտասարդների «բացահայտումները» կտպագրվեն, այդ նյութերի հիման վրա կստեղծվեն պաստառներ:

Հունիսի 4-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ եղվարդցի երիտասարդները բարձրացրին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Թթու ջուր կոչվող աղբյուրի տարածքը զբոսաշրջային առումով ավելի գրավիչ դարձնելը, համայնքում ձկնաբուծությանն ուղղված աշխատանքների նախաձեռնումը:

Ծրագրի մասնակից, Եղվարդ քաղաքի բնակիչ Տիգրանուհի Մկրտչյանը խոստովանեց, թե մինչև ծրագրին մասնակցելն ինքը բավականին քիչ տեղեկություններ ուներ իրենց իսկ համայքնի մասին: Անդրադառնալով պատճառներին` Տիգրանուհին առանձնացրեց. «Կարծում եմ՝ այս հարցում հիմնական պատճառն այն է, որ մարզաբնակ երիտասարդներն ավելի ձգտում  են դեպի մայրաքաղաք Երևան: Առավել ևս Եղվարդը, որը մոտ է Երևանին, մշակութային և այլ առումներով կապված է մայրաքաղաքին, այստեղի երիտասարդների մեծամասնությունը ձգտում  է իր կյանքը կազմակերպել մայրաքաղաքում, այլ ոչ թե տեղում: Սակայն մասնակցելով նման ծրագրերի ու համայնքի մասին ավելի հարուստ տեղեկություններ ստանալով, մենք` երիտասարդներս, ակամա կապվում ենք մեր համայնքին»:

Տեղեկացնենք, որ ծրագրի ավարտին հավաքագրված տեղեկությունների հիման վրա կտպագրվի գրքույկ տվյալ վայրերի կենսաբազմազանության մասին և կտրամադրվի Կոտայքի մարզի ՀԿ-ներին ու համայնքապետարաններին: Երիտասարդներն իրավասու մարմիններին կներկայացնեն նաև ՀՀ Կոտայքի մարզի բնության հուշարձանների ու տեսարժան վայրերի ցանկի համալրման առաջարկությունների փաթեթ:

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Երիտասարդները քննարկում են չճանաչված երկրների քաղաքացիների բարձրագույն կրթության իրավունքը

DSC_7504Մայիսի 21-ին տարբեր բուհերի շուրջ 100 ուսանողներ մասնակցում էին «Առաջնորդենք ապագան. գիտության երիտասարդացում» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցի աշխատանքներին։ Ուսանողական համայնքն աշխատանքային խմբերում քննարկում էր գիտության երիտասարդացման, ուսանողական ինքնակառավարումների մենեջմենթի, եվրոպական բարձրագույն կրթական դաշտում ուսանողների ներգրավվածության, չճանաչված երկրների քաղաքացիների բարձրագույն կրթության իրավունքի, բուհական ուսանողական շարժումներում արտասահմանցի ուսանողների ինտեգրման հարցերը։

Երիտասարդ գիտնականների դպրոցը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։

Հեռակապով ծրագիրը ողջունեցին Եվրոպայի ուսանողական միության նախագահը, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ուսանողության հետ կապերի և արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարը։ Տեսակապի միջոցով դպրոցի աշխատանքներին մասնակցում էին նաև Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի ներկայացուցիչները, տարբեր երկրների ուսանողներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը բարձր գնահատեց ուսանողների կողմից քննարկվող հարցերը՝ առանձնացնելով հատկապես «Չճանաչված երկրների քաղաքացիների բարձրագույն կրթության իրավունք» թեման։ Կարեն Ավագյանը չճանաչված երկրների քաղաքացիների կրթության իրավունքը դիտարկեց որպես մարդու իրավունքների անբաժանելի մաս՝ կարևորելով չճանաչված պետություններին ու նրանց քաղաքացիներին կրթական ծրագրերում ներգրավելու հարցը:

Ողջունելով երիտասարդ գիտնականների դպրոցի աշխատանքները՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը շեշտեց, որ բուհերում ուսումնական պրոցեսը պետք է կազմակերպվի, անցկացվի ու գնահատվի՝ հիմնվելով հետազոտությունների արդյունքում ստացված փաստերի վրա։ Այդ համատեքստում նա կարևորեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Ավագյանի «Ուսանողների առողջական վիճակի հիմնախնդիրները և լուծման ուղիները» գիտական հետազոտությունը։ ԵՊԲՀ ռեկտորը հույս հայտնեց, որ այդ հետազոտությունը կունենա շարունակություն՝ հաջորդ փուլում ընդգրկելով ուսանողության հոգեհուզական վիճակը, որն էապես անդրադառնում է ուսանողների առաջադիմության, առողջության վրա։ Միքայել Նարիմանյանը երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպիչներին կոչ արեց իրենց աշխատանքների վերլուծությունները փոխանցել ռեկտորատ, որոնք կներկայացվեն բուհի գիտխորհրդի առաջիկա նիստում և հաշվի կառնվեն ուսումնական պրոցեսի կազմակերպման հարցերում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Գյուղաբնակ երիտասարդությունը միջազգային ծրագրի թիրախ

երիտասարդներԵվրոպական երիտասարդական կազմակերպությունները տարբեր մեթոդներ են օգտագործում`ընդլայնելու երիտասարդնության դերը քաղաքացիական հասարակության կայացման ու զարգացման գործում: Սակայն այս գործընթացը պասիվ է հատկապես գյուղական վայրերում: Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA), գյուղական երիտասարդությանն ակտիվացնելու նպատակով, մայիսի 12-ից 19-ը Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում իրականացրեց «Youth work outside» միջազգային ծրագիրը, որին մասնակցեց Հայաստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Իտալիայի, Բելառուսի և Գերմանիայի երիտասարդական կազմակերպությունների 40 ներկայացուցիչ:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ հասարակական նախաձեռնությունները տեղի են ունենում մեծ քաղաքներում, հատկապես մայրաքաղաքում: Երիտասարդական ակումբների դաշնությունը նախաձեռնեց այս ծրագիրը` ակտիվացնելու հատկապես գյուղաբնակ երիտասարդությանը: Այն յուրահատուկ հարթակ էր տարբեր ազգությամբ երիտասարդների համար` միջազգային և միջմշակութային կապեր հաստատելու, ընդլայնելու երիտասարդների հնարավորությունները` ակտիվ մասնակցություն ունենալու սոցիալական և քաղաքական խնդիրների լուծմանը»,- նշեց ծրագրի համակարգող Մարիամ Սահակյանը:

Ծրագրի 6 օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու կյանքի մասին իրենց տեսլականը, շփվելու պոտենցիալ գործընկերների հետ և մշակելու ծրագրեր`համատեղ իրականացնելու համար: Մասնակիցներն այցելեցին Արագածոտնի և Արարատի մարզերում գործող Երիտասարդական ակումբների դաշնության անդամ կառույցների գրասենյակներ, ծանոթացան Հայաստանի մարզերում իրականացվող երիտասարդական նախաձեռնություններին, հանդիպեցին գյուղաբնակ երիտասարդների, տեղում քննարկեցին առկա խնդիրները`հասկանալու և հետագայում տարբեր ծրագրերի օգնությամբ դրանք վերացնելու նպատակով:

«Մենք մեր հետագա ծրագրերում կօգտագործենք գյուղաբնակ երիտասարդությանը բոլոր մակարդակների որոշումների կայացման գործընթացներում ներգրավելու մեթոդները, որոնք օգտագործում են մեր եվրոպական գործընկերները, և որոնք մենք մշակեցինք սույն ծրագրի ընթացքում», – ծրագրի ամփոփման խոսքում ընդգծեց ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը:

«Խորհրդանշական է, որ Հայաստանում գտնվելու այս օրերը համընկան ԽՍՀՄ-ում տոնվող «Պիոներների օրվան»: Ես հիշում եմ, երբ իմ ծնողները պատմում էին, որ ճանապարհորդում էին իրենց մեծ հայրենիքով` ԽՍՀՄ-ով: Հատկանշական է, որ այսօր բոլորս համախմբվել ենք Հայաստանում, բայց արդեն եվրոպական ծրագրի շրջանակում, որպես տարբեր երկրների ներկայացուցիչներ»,-ասաց Լատվիայի ներկայացուցիչ Արմանդս Լազդինսը:

Ծրագրի ընթացում մասնակիցները բացի գործնական և ուսուցողական դասընթացներից կազմակերպեցին նաև միջմշակութային երեկոներ, այցելեցին Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր, ծանոթացան Հայաստանի հազարամյա ժառանգությանը` խոստանալով հավիտյանս պահել Հայաստանի մասին իրենց տպավորիչ հիշողությունները:

«Համախմբում ենք երիտասարդներին հանուն կենսաբազմազանության» երիտասարդական միջազգային փոխանակային ծրագիրը Հայաստանում

4Ս.թ. մայիսի 10-17-ը՝ ք. Ծաղկաձորում, կայացավ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ կողմից կազմակերպած` «Համախմբում ենք երիտասարդներին հանուն կենսաբազմազանության» երիտասարդական միջազգային փոխանակային ծրագիրը: Ծրագրի շրջանակում՝ Իտալիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Խորվաթիայից, Վրաստանից, Ուկրաինայից և Հայաստանից ժամանած ավելի քան 40 երիտասարդներ, միասին քննարկեցին կենսաբազմազանության պահպանության արդի խնդիրները և մարտահրավերները, ներկայացրեցին իրենց կազմակերպությունների և երկրների հաջողված փորձը և ձեռքբերումները:

Ծրագրի ընթացքում ներկայացվել է Կովկասի և այլ կենսաբազմազանության թեժ կետերի բուսական և կենդանական աշխարհը և դրանց կարևորությունը, քննարկվել է երիտասարդության ներգրավումը բնապահպանական միջոցառումներին և համագործակցության հնարավորությունները: Իրականացվել են արշավներ դեպի բնության հատուկ պահպանվող տարածքներ՝ «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկեր: Կազմակերպվել է նաև «Կենսաբազմազանությունն իմ աչքերով» խորագրով ցուցահանդես-մրցույթ, որի հաղթող է ճանաչվել Լեհաստանը ներկայացնող թիմը: Միջոցառման ընթացքում կազմակերպվել են մշակութային երեկոներ, որոնց ընթացքում յուրաքանչյուր մասնակից երկիր ներկայացրել է իր մշակույթն ու պատմությունը՝ համեմված ազգային խոհանոցով: Ծրագիրը իրականացվել է «Կենսաբանական բազմազանության միջազգային օր» 2014-ին ընառաջ, ինչպես նաև նշվել է «Չվող թռչունի համաշխարհային օրը»: Կազմակերպվել է զեկուցում Հայաստանի թռչունների մասին, որից հետո բոլոր մասնակիցները մասնակցել են թռչնադիտարկմանը:

Ծրագիրը իրականացվել  է Եվրոպական միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

 

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Վայոցձորցի երիտասարդների ձեռքի աշխատանքները կզարդարեն համաշխարհային պարային օլիմպիադան

բատիկաՎայոց ձորի երիտասարդները համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչներից բատիկայով ձևավորված 4000 իրերի պատվեր են ստացել։ Երիտասարդները բատիկայի հմտություններ ստացել են՝ մասնակցելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից կազմակերպված անվճար դասընթացներին։ Կենտրոնը դասընթացը կազակերպել էր մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 15 երիտասարդի համար։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նշում է, որ բատիկայի դասընթացը բավականին արդյունավետ էր։ Մասնավորապես, դասընթացի մասնակիցներից մեկն իր աշխատանքները ներկայացրել է Իրանի Իսլամական Հանրապետությունում կազմակերպված հայ-իրանական մշակութային ցուցահանդեսին, որտեղ էլ դրանցից մեկը վաճառվել է։

Այսքանով, սակայն, վայոցձորցի երիտասարդների հաջողությունները չեն սահմանափակվում։ Բատիկայի դասընթացի մասնակիցներից Սյուզան Մարգարյանը վերջերս, համագործակցելով համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչների հետ, ստացել է ավելի քան 4000 շարֆի, բատիկայով ձևավորված այլ իրերի պատվեր։ Սյուզան Մարգարյանը նշում է, որ պարային օլիմպիադան անցկացվելու է ապրիլի 29-ից մայիսի 10-ը Մոսկվայում, և ՀԵՀ-ի կազմակերպած բատիկայի դասընթացի մյուս մասնակիցներից ձևավորել է աշխատանքային խումբ՝ պատվերը ժամանակին հասցնելու համար։ Առաջին խմբաքանակն առաջիկա օրերին արդեն կուղարկեն պատվիրատուներին։ Սյուզանը նկատում է նաև, որ բատիկան դրսում մեծ պահանջարկ ունի և շատ ավելի բարձր է գնահատվում։ Բատիկայի դասընթացի մասնակիցները որոշել են. հետևողական են լինելու և դիմելու են տարբեր կազմակերպությունների՝ առաջարկելով իրենց աշխատանքը։

ՀԵՀ-ի Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նշեց նաև, որ մարզում տարբեր արհեստների դասավանդումը մեծ պահանջարկ ունի երիտասարդների շրջանում։ Հիմնադրամն առաջիկայում ծրագրում է անցկացնել պլաստիկ կավի անվճար դասընթաց սոցիալապես անապահով երիտասարդների համար։ Վերջիններս կսովորեն պատրաստել ականջօղեր, թևնոցներ, մատանիներ։ Հասմիկ Մարգարյանի խոսքով՝ այս բոլոր դասընթացները լրացուցիչ հմտություններ են փոխանցում երիտասարդներին, ինչը հետագայում նրանց կօգնի աշխատանք գտնելու և գումար վաստակելու հարցում։

Հայաստանիերիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

 

Երիտասարդական կազմակերպությունները՝ մեկ հարկի տակ

DSC_8743Նոյեմբերի 12-ին կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովը։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա շրջեց տաղավարներով, ծանոթացավ երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, զրուցեց երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ զրույցում կարևորելով վերջիններիս աշխատանքը՝ Տիգրան Սարգսյանը բարձր գնահատեց «Փրկություն» հասարակական կազմակերպության գործունեությունը՝ ուղղված անապահով ընտանիքների երեխաներին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ հիմնադրամը մեկ հարկի տակ է համախմբել երիտասարդական կազմակերպություններին, որոնք ներկայացնում են իրենց գործունեության արդյունքը։ «Ցուցահանդեսի 3 օրերի ընթացքում կանցկացվեն նաև քննարկումներ, և Հայաստանի երիտասարդական հիմնադրամին կներկայացվեն այն խնդիրները, որոնք համատեղ լուծման կարիք ունեն։ Այսօրվա ցուցահանդեսի մասնակիցների և այցելուների թիվը տպավորիչ է, ինչը վկայությունն է այն բանի, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հասել է զարգացման որակական այլ՝ առավել բարձր մակարդակի»,- նշեց Կարեն Ավագյանը։

Ցուցահանդեսում ներկայացված էր «Առողջ մանկություն» կազմակերպությունը։ Այն զբաղվում է ֆինանսական ծանր պայմաններում ապրող ընտանիքների ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին ֆինանսական աջակցության կազմակերպմամբ։ Կազմակերպության անդամները նկատում են, որ Հայաստանում շատ են ֆիզիկական խնդիրներ ունեցող կարիքավոր երեխաները, և իրենք փորձում են փոքր-ինչ թեթևացնել նրանց բեռը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը նույնպես իր տաղավարային ցուցադրությունը փորձում էր համատեղել բարեգործության հետ։ Ուսանողական խորհրդարանի անդամ Տիգրան Սահակյանը նկատում է, որ բժշկական համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինն առաջինն էր Հայաստանում և ունի գործունեության մեծ փորձ, հարուստ կենսագրություն, ինչն իրենք ցուցադրում են երիտասարդական կազմակերպությունների էքսպոյում։

Կառավարության նիստերի դահլիճում առանձին տաղավարներով ներկայացված է երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 60 կազմակերպություն՝ Երևանից և մարզերից։ Մասնակցում են նաև միջազգային կառույցներ, պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդներ։

Ցուցահանդես-համաժողովի աշխատանքների արդյունքում կհրատարակվի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվական գրքույկ, նախատեսվում է ընդունել երիտասարդության խնդիրները բարձրաձայնող հայտարարագիր: Մրցանակ կհանձնվի լավագույն տաղավարը ներկայացրած կազմակերպությանը։

Նշենք, որ «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Ծրագրի իրականացմանն աջակցել է Երիտասարդ առաջնորդների դպրոցը։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Ասուլիս` նվիրված Երիտասարդության համաշխարհային օրվան և ԵԱԴ 14 ամյակին

Federation of Youth Clubs of ArmeniaՆոյեմբերի 9-ին`ժամը 11:30-ին, Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) գրասենյակում (հասցե`ք. Երևան, Մաշտոցի 4, 1/1) տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Երիտասարդության համաշխարհային օրվան և Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) 14-ամյակին: Ասուլիսի բանախոսն է  ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Թեման՝ Երիտասարդության համաշխարհային օր, ԵԱԴ-ի 14-ամյա գործունեություն, երիտասարդական տեղական ու միջազգային ծրագրեր, Հայաստանում վարվող պետական երիտասարդական քաղաքականություն:

Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին: Կազմակերպության ակունքներում է եղել ՀՀ առաջին երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակադեմիան /ԵրԱկ/: Այսօր ԵԱԴ-ը միավորում է ավելի քան 90 երիտասարդական մասնագիտական ու տարածքային ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ:

ԵԱԴ-ն սերտորեն համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ:

ԵԱԴ գործունեության ու դրա ծրագրային ուղղությունների մասին առավել մանրամասն՝ http://fyca.net/ կայքում:

 

Երիտասարդները` Միացյալ Եվրոպայի համար

Masnakicner31 երիտասարդներ  Հայաստանից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Մոլդովայից և Լեհաստանից հոկտեմբերի 22–ից 28-ը Ծաղկաձորում մասնակցեցին «ՄիջմշակութայինկամուրջներՄիացյալԵվրոպայիհամար»  խորագրով Երիտասարդների մշակութային փոխանակման միջոցառմանը:

Ծրագիրն իրականացվեց «Երիտասարդների փոխանակում և համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական կազմակերպության ջանքերով և Եվրոպական միության «Youth in Action» ծրագրի ֆինանսավորմամբ, որի նպատակն է խթանել տարբեր ազգերի միջև ճանաչողականության բարձրացումը, հանդուրժողականությունը, ինչպես նաև երիտասարդներին ներգրավել Եվրոպայի ապագայի կերտման գործընթացին:

Երիտասարդների փոխանակումը հնարավորություն տվեց մասնակիցներին ներկայացնել իրենց երկրները և ծանոթանալ այլ երկրների մշակույթին և արժեքներին, այսպիսով կոտրելով կարծրատիպերը այլ մշակույթների և ազգերի վերաբերյալ և ստեղծելով ընդհանուր փոխըմբռնման մթնոլորտ` հիմք դնել միջմշակութային երկխոսությանը:

Ծրագրի ընթացքում երիտասարդները, ընդգրկվելով ստեղծագործական տարբեր աշխատանքային խմբերում, փորձեցին արվեստի միջոցով ինքնարտահայտվել և արվեստի տարբեր դրսևորումներով իրենց պատկերացմամբ ներկայացնել «Միացյալ Եվրոպայի» գաղաղափարը:

Ինչպես նշում են մասնակիցները շաբաթվա ընթացքում իրականացված տարբեր աշխատանքները և քննարկումները օգնեցին բարձրացնել իրենց ինքնավստահությունը և հնարավորություն տվեցին նարանց հետագայում լինել ավելի ակտիվ քաղաքացիներ և ակտիվ դերակատարում ունենալ իրենց համայնքներում:

Մասնակիցները նաև այցելեցին տեղական երտասարդական կազմակերպություն և ծանոթանալ նրանց գործունեությանը և աշխատանքին:

Սույն ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության աջակցությամբ: Սույն հրապարակումն արտահայտում է միայն հեղինակի տեսակետը և Եվրոպական Խորհուրդը չի կարող որևէ կերպ պատասխանատվություն կրել հրապարակման բովանդակության համար:

Գեղեցկությունը զոհեր է պահանջում

00«Elizabeth Arden» բրենդի աջակցությամբ անցկացված հարցումն օգնեց որոշելու, թե գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն  ինչն են պատրաստ զոհաբերել ժամանակը հետ վերադարձնելու , նախկին երիտասարդությունն ու գեղեցկությունը վերականգնելու համար:

Հարցման արդյունքների համաձայն, կանանց 76%-ը պատրաստ է ծայրահեղ գործողությունների դիմել  դեմքին ու մարմին երբեմնի տեսքը վերադարձնելու համար:21%-ը հայտնել է, որ պատրաստ է նույնիսկ մեկ տարի հրաժարվել սեքսուալ հաճույքներից: Եվս 19%-ը խոստովանել է,որ հանուն երիտասարդացման պատրաստ է նույնիսկ մեկ տարի բջջայինից  հրաժարվել: 17%-ը համաձայն է աշխատել առանց հանգստյան օրերի:

45%-ի համար օրգանիզմի գեղեցիկ ու բնական ծերացումն ավելի կարևոր  համարվում, քան դրամական միջոցների կուտակումն ու անհոգ ծերությունը: