Մարտունիում գործարկվել է առաջին օն-լայն ռադիոն

ռադիոմարտունիԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները և աշխարհի ցանկացած ծայրում ապրող մարդը, որ կուզենա տեղեկանալ Մարտունու անցուդարձին, այսուհետ կարող է լսել «ՌադիոՄարտունի» օն-լայն ռադիոն: Հուլիսի 23-ին գործարկվեց առաջին օն-լայն ռադիոկայանը Մարտունու կյանքի և անցուդարձի մասին:
Գաղափարի հեղինակը քաղաքի բնակիչ, լրագրող Լիանա Հովհաննիսյանն է: Նա պատմում է, որ նման գաղափար վաղուց է ունեցել, դեռ 2012-ից ձեռքի տակ եղած միջոցներով ձայնագրում ու հանրությանն էր ներկայացնում իր գործունեությունը քաղաքացիական սեկտորում: Երբ 2013-ին «Մարտունի ինֆոտունը» (ծրագիր է, որն իրականացնում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հետ) «ինֆոգաղափար» սոցիալական նորարարական գաղափարների հավաք հայտարարեց, Լիանան Մարտունիում ռադիո ստեղծելու իր ցանկությունը ձևակերպեց և ներկայացրեց:
Ժյուրիի անդամները, ի թիվս այլ գաղափարների, հավանության արժանացրին նաև Լիանայի ծրագիրը և ֆինանսավորում հատկացրին ռադիոտեխնիկա ձեռք բերելու համար:
Մեկնարկը տրվել է http://www.spreaker.com/ ռադիոտիրույթ տրամադրող կայքում: «Առանձին ռադոհոսթին կտեղափոխվենք, երբ ունենանք անհրաժեշտ քանակով մշտական ունկնդիրներ, հետևողներ և իհարկե ֆինանս»,- ասում է Լիանան:
Ասում է, որ առայժմ պլանավորել է շաբաթական երկու հաղորդում եթեր հեռարձակել: Իրադարձային նյութերից բացի, կպատրաստվի ու եթեր կհեռարձակվի թեմատիկ շարք` նվիրված Մարտունու տարածաշրջանին:
Լիանան ասում է, որ «ՌադիոՄարտունու» հիմնական նպատակը տեղական ռադիո ստեղծելն է. աշխարհագրական դիրքով պայմանավորված` մարդիկ զրկված են հայաստանյան ռադիոհաճախականությունները լսելու հնարավորությունից, ռադիոընդունիչը լավագույն դեպքում կարողանում է որսալ հանրային ռադիոն և բազմաթիվ թուրքական ու քրդական հաճախականություններ:
լիանա«Ռադիոն ցանկանում էի ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաներ օգտագործելով, որպեսզի այն լոկալ թեմաներ մատուցելով` չմնա տեղային մակարդակում, այլ հասանելի լինի բոլորին, աշխարհի տարբեր անկյուններում: Վերջին հաշվով դրսում մեծ թվով մարտունեցիներ են ապրում, ցանկանում էի ռադիոյի միջոցով ինչ-որ կերպ նրանց էլ հաղորդակից դարձնել իրենց հարազատ օրրանին»:
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը կարևորում է օն-լայն ռադիոյի գոյությունը մարտունեցիների կյանքում, ասում է, որ սա հեռանկարային նախաձեռնություն է, որը կոչված է օգնելու մարդկանց կողմնորոշվելու առօրյա լրատվահոսքում, որում մեծ տեղ են զբաղեցնում սուտ լուրերը, ապատեղեկատվությունը: Նրա խոսքով`«ՌադիոՄարտունին» կդառնա հարթակ, որտեղ ամեն մարտունեցի կկարողնա իր համայնքի մասին ստույգ և հակիրճ տեղեկատվություն ստանալ:
Առաջին թողարկումից հետո հեղինակը բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել թե՛ մարտունեցիներից, թե՛ ոչ մարտունեցիներից: Արձագանքերից ոգևորված` Լիանան պլանավորում է ակտիվ գործունեություն ծավալել և «ՌադիոՄարտունու» համար լայն լսարան հավաքել:

Ամեն ինչ վերածվել է ցածրարժեք հումորի. մինչև ո՞ւր

Haykuhi-Barseghyan1Ծիծաղի միջազգային օրը հայկական լրատվադաշտում կատարվողը առիթ դարձավ մտածելու, թե ինչպես ենք մեզանում օգտագործում երգիծանքը: Ինչպես գիտենք, երգիծանքը կարող է լինել բուժող դեղամիջոց, բայց նաև հակառակ ազդեցությունն ունեցող` կախված նրանից, թե ինչպես ու որ պարագայում ենք այն օգտագործում: Պետք է նշել, որ մեր իրականությունը զննելիս պարզ է դառնում, որ առավել հաճախ երգիծանքը մեզ մոտ սխալ է կիրառվում. կյանքի որևէ ասպարեզ զերծ չի մնացել, ամեն ինչ վերածվել է ցածրարժեք հումորի, որն իրականում անգամ ժպիտ չի առաջացնում, փոխարենը արժեզրկում է այն, ինչին որ դիպչում է:
Պատանիների, նոր կյանք մտնող սերնդի հետ խոսելիս սովորություն ունեմ առիթն օգտագործել ու հայրենիքից, երկրի հանդեպ պարտքից ու սիրուց խոսել` հասկանալու նրանց տրամադրվածությունը և մտածելակերպը: Վերջերս, սակայն, ամեն անգամ նման խոսակցություններից տհաճ եզրակացություն եմ անում. ազգային ինչ արժեքից էլ խոսք լինի` ավարտվում է ինչ-որ հիմար արտահայտությամբ, որն իբրև թե հումոր է, համենայն դեպս, այդ արտահայտությունները մեր ռեյթինգ վայելող երգիծական հեռուստահաղորդումները որպես այդպիսին են ներկայացրել:
Արդյունքում` Րաֆֆու Սամվելի արարքը դառնում է ոչ թե հայրենասիրության ծայրագույն դրսևորում, այլ «դարի մեծագույն կրիմինալ, որն արդարացվում է «հայրենասիրություն» սուտ եզրույթով», բանակը դառնում է «անկարողների» վայր, հայրենիքը` ոչինչ չասող ու չնշանակող բառ ու այսպես շարունակ:
Կյանքում արժեքներ կան, որոնք անձեռնմխելի են: Կան, չէ՞, հնագիտական արժեք ունեցող իրեր, որոնք վակուումում են պահվում օդի հետ շփումը բացառելու և իրը քայքայումից փրկելու համար: Այդպես էլ մի շարք ազգային ու բարոյական արժեքներ և գաղափարներ կան, որոնք պետք է վակուումում պահել` բոլորի համար անձեռնմխելի վիճակում: Սակայն երբ դա չենք գիտակցում ու արժեքն իջեցնում ենք իր անձեռնմխելիության պատվանդանից կամ էլ հանում վակուումից, միանգամից վրա է հասնում քայքայումը, իմաստազրկումը:
Այս պահը մեր իրականությունում արդեն վրա է հասել: Մի ողջ սերունդ դաստիարակվում է առանց արժեքների, որոնք պիտի հիմք դառնան երկրի ու ազգի պահպանությանը: Ժամանակն է դա գիտակցել ու ստեղծված իրավիճակից ելքեր փնտրել: Սակայն ճիշտ հակառակն է տեղի ունենում. հետզհետե ամեն ինչ ոտնատակ տվողների ու արժեզրկողների բանակն ավելանում է: Ապրիլի 1-ին լրատվադաշտում կատարվողը դրա վառ ապացույցն էր:
Քլիքամանիայուվ տառապող լրատվամիջոցներից շատերը հնարեցին հրատապ լուրեր` առանց ընթերցողին տեղյակ պահելու, որ դա ապրլիմեկյան կատակ է: Մարդիկ, բնականաբար, շփոթության մեջ ընկած, աջ ու ձախ փորձում էին ճշտել` իսկապե՞ս եղել է. երկրի նախագահը Քեսաբ է մեկնել, ՍԴ-ն որոշումը հրապարակել է, ինչի կարիք ունեն նորածին յոթնյակի ծնողներն ու այդպես շարունակ: Եվ քանի որ «կատակ անողները» չէին բարեհաճել գոնե վերջում իրենց ընթերցողին տեղեկացնել, որ դա իրականությանը չհամապատասխանող լուր է, մի շարք այլ լրատվամիջոցներ էլ արտատպել էին լուրերը:
Փաստորեն, հայկական լրատվադաշտի որևէ լուր այդ օրը հավաստիություն չէր ենթադրում: Ի՞նչ տեղի ունեցավ. գուցե մի քանի կայքեր այդ մեկ օրը մի քանի տասնյակ կամ հարյուրյակ ավելի դիտում ունեցան: Փոխարենը վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ ևս մեկ աստիճանով ընկավ, լրատվամիջոցներն էլ իրենց հեղինակության բարձունքից ևս մեկ աստիճանով իջան: Եվ կարևոր չէ, թե որոնք են մասնակցել բոլորովին ոչ ծիծաղելի հումորին . լսարանի վերաբերմունքը մեծ մասամբ ընդհանրացված է: Ընթերցողն այլևս նյութ կարդալիս միշտ ներքուստ կասկած կունենա` հնարավոր է, որ սա ևս չի համապատասխանում իրականությանը…
Վերջում հումորասերներին հիշեցման կարգով տեղեկացնեմ, որ հումորի սահմանումներից մեկի համաձայն` այն ծիծաղելին հասկանալու, տեսնելու և դա ի ցույց դնելու կարողությունն է:
Կյանքում ծիծաղելի բաներ կան ինչքան ուզեք, վեր հանեք դրանք: Բայց արժեքները, որոնք բոլորովին էլ ծիծաղելի չեն, չպետք է արհեստականորեն ծիծաղի առարկա դարձնել:

 

 

Սաուդյան Արաբիայի իշխանություններն ավելի քան 40 էլեկտրոնային ԶԼՄ են փակել

o_842557 (1)Սաուդյան Արաբիայի իշխանությունները փակել են 41 էլեկտրոնային հրատարակություն, ինտերնետ-թերթեր ու բլոգներ: Պատճառն արտոնագիր չունենալն է, ինչպես նաև, որ այդ ԶԼՄ-ները հասարակության մեջ հուզումներ էին առաջացնում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով  երկրի մշակույթի ու տեղեկատվության  նախարարության ներկայացուցիչ Ազիզ ալ-Մուլհեմին:

Նա բացատրել է, որ նախարարությունը մեկ անգամ չէ, որ նախազգուշացրել է ԶԼՄ-ներին արտոնագրի անհրաժեշտության մասին, սակայն, նրանք դա անտեսել են: Նա հավելել է, որ էլեկտրոնային հրատարակություններն ընթերցողներին չեն տեղեկացրել իրադարձությունների մասին, այլ նրանց մեջ իրարանցում են առաջացրել ու  վստահություն է հայտնել, որ իշխանությունների քաղաքականությունը ”խոսքի պատասխանատու ազատություն” կմշակի: Ազիզ ալ-Մուլհեմին հայտնել է, որ երբ այդ հրատարակությունների հարցը կարգավորվի` կարող են վերսկսել աշխատանքը:

Անկախ

ԶԼՄ-ներում 2013թ.-ին շեշտվել է «հանցախումբ», «համասեռամոլ», «աղանդ», «աղանդավոր» , «Օլիգարխ» բառերը

ԶԼՄ2013 թ. ապրիլ-դեկտեմբեր ժամանակահատվածում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է հայաստանյան ԶԼՄ-ների մոնիտորինգ` դրանց հրապարակումներում ատելության խոսքի (hate speech) վերհանման նպատակով:  Հետազոտվել է հայաստանյան 9 լրատվամիջոց` 3 հեռուստաընկերություն  («Հ1» հանրային, «Երկիր մեդիա», «Կենտրոն»), 3 տպագիր ԶԼՄ («Ազգ» , «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ» օրաթերթեր), 3 առցանց ԶԼՄ («1in.am», «7or.am», «Tert.am» լրատվական կայքեր):

«Ատելության խոսքը հայաստանյան լրատվամիջոցներում չնչին թիվ է կազմում` 1%. առցանց լրատվամիջոցները, ցավոք, լիդեր են ատելության խոսքի տարածման հարցում և հիմնականում՝ քաղաքական ատելության դրսևորումներ են»,- այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Ատելության խոսքի (hate speech) դրսևորումները հայաստանյան ԶԼՄ-ներում» թեմայով քննարկման ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ-ի նախագահ
Աշոտ Մելիքյանը:

Առցանց ԶԼՄ-ներում արձանագրված ատելության խոսքի խոսքի տարածմամբ օնլայն առաջատարը7or.am կայքն է: Ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին, ատելության խոսքն ամենաքիչը դրսևորվել է Հանրային հեռուստաընկերությունում, ամենաշատը` Կենտրոն հեռուստաընկերությամբ: Տպագիր ԶԼՄ-ներն էլ միջին դիրք են զբաղեցնում` առցանց ԶԼՄ-ների եւ հեռուստաընկերությունների համեմատությամբ: Դիտարկված թերթերում  հանդիպել է ատելության 492 արտահայտություն և ամենաշատը գրանցվել է «Հայկական ժամանակ»-ում`247 ատելության արտահայտություն:
Բանախոսը որպես ատելության խոսքի առանձին դրսևորումներ առանձնացրեց «հանցախումբ», «համասեռամոլ», «աղանդ», «աղանդավոր» , «Օլիգարխ» բառերը:  Հայաստանյան յուրաքանչյուր լրատվամիջոց սեռական փոքրամասնություններին «երկրորդ դաս» որակելու հատկություն ունի:

Ըստ հետազոտության` ինը լրատվամիջոցում արձանագրված ատելության խոսքի ընդհանուր քանակը 1795 է, որի գերակշիռ մասը` 64,2 տոկոսը, ըստ թեմատիկ դասակարգման` քաղաքական ատելության արտահայտություններ  են: Ատելության խոսքի ամենամեծ թվով տարածողները հենց լրագրողներն են (67%), մնացած դեպքում` քաղաքական-հասարակական գործիչները, պետական պաշտոնյաները և այլք:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Լուսինե Մինասյանի պնդմամբ իրենց կենտրոնի նկատմամբ 2013-ին տարածված ատելության խոսքի, սպառնալիքների դեպքերի մասին` նշելով իրավական գործընթացների և դատական գործընթացների դրական ելքերի մասին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ