Օգոստոսի 1-ից գրպաններն ու դրամապանակները լայն բացեք

թանկացումՕգոստոսի 1-ից արդեն էլեկտրաէներգիան ավելի թանկ կլինի: Ինչպես հիշում ենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը ևս մոտ 4 դրամով ավելացնելու մասին: Այսպիսով էլեկտրաէներգիան Հայաստանում օգոստոսի 1-ից կթանկանա 3,85 դրամով կամ մոտ 10 տոկոսով: ՀԾԿՀ-ի կողմից կայացված որոշման համաձայն` այս տարվա օգոստոսի 1-ից սովորական սպառողներին մատակարարվող էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, իսկ գիշերայինը` 31.85 դրամ: Ներկայումս էլէներգիայի ցերեկային սակագինը կազմում է 38 դրամ, գիշերայինը` 28 դրամ:

Գնաճը կստիպի գոտիները ձգել մինչև վերջին պնդօղակը

Էլէներգիայի վերջին թանկացումը տեղի է ունեցել ընդամենը մեկ տարի առաջ` 2013 թ. հուլիսի 7-ին: Այն ժամանակ թանկացավ 27 տոկոսով: Ընդամենը մեկ տարում, փաստորեն, սակագինը բարձրանում է մոտ 37 տոկոսով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ, ինչը, առաջին հերթին, նշանակում է, որ սպառողական ապրանքների գնաճ կլինի: Սա, իր հերթին, նշանակում է, որ եթե թանկացման մասին պատկերացումները մինչ օգոստոսի 1-ը ՀՀ քաղաքացիների համար ինչ-որ չափով վերացական էին, ապա սեպտեմբերին` օգոստոս ամսվա համար օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ կատարելիս, արդեն այդ թանկացումը շոշափելի կլինի: Բայց շոշափելի կլինի նաև յուրաքանչյուր ապրանքի թանկացումը ամեն անգամ խանութ մտնելիս:

Որովհետև էլեկտրաէներգիան տնտեսության մեջ արդյունք արտադրելու կարևորագույն բաղադրիչներից է, առանց որի ուղղակի հնարավոր չէ պատկերացնել արտադրության կազմակերպումը: Իսկ եթե արտադրական գործընթացում ինչ-որ բան թանկանում է, ապա դա անպայման անդրադառնում է արտադրվող ապրանքների ու մատուցվող ծառայությունների վերջնական գնի վրա:

Եթե էլեկտրաէներգիան թանկանում է 3.85 դրամով, պարտադիր չէ, որ օրինակ` էլեկտրական վառարանում թխվող հացը թանկանա այդ թվին համարժեք: Նախ` թանկանում է ալյուրը, քանի որ էլեկտրական ալրաղացներն են թանկացնելու իրենց գները, հետո` փուռն է սկսելու հաց թխելու համար ծախսված էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր կիլովատ/ժամի համար 3.85 դրամ ավելի գումար ծախսել, ջուրն է թանկանալու, քանի որ ջրամատակարարման համակարգում էլ էլեկտրաէներգիան մեծ դեր ունի` գոնե ջուրը պոմպերով մղելու առումով: Եվ այսպես շարունակ: Ու այս բոլոր թանկացումները` դոմինոյի էֆեկտով, հանգեցնելու են սպառողական շուկայում ապրանքների ու ծառայությունների հիպերգնաճի, ավելի մեծ ծավալով, քան զուտ էլեկտրաէներգիայի թանկացումն էր:

Սակայն, երբ լրագրողները հետաքրքրվում էին, թե էներգակիրների, էլեկտրաէներգիայի թանկացումն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ուշագրավ պատասխան տվեց, թե «համենայն դեպս տեխնոլոգիական վերազինումը, ընդհանրապես, ընթանում է արտադրության զարգացմանը զուգահեռ, և այդ առումով նույն էներգակիրների ինքնարժեքը, այսպես թե այնպես, արտադրանքի արժեքի մեջ քանի գնա` պակասելու է»:

«Ե՛վ ձգտումը, և՛ քաղաքականությունն ուղղված են նրան, որ մտավոր կարողություններն ավելի շատ ավելացված արժեք ստեղծեն Հայաստանի արտադրություններում: Համենայն դեպս, կառավարության քաղաքականությունն ուղղված է դրան, և ինովացիոն քաղաքականության, ինովացիոն համակարգի ներդրումն է, որ հասցնելու է ավելի բարձր ինտելեկտուալ կոմպոնենտ ունեցող արտադրանքի ստեղծմանը»,- նշեց նախարարը` ընդգծելով, թե կառավարությունն այսօր ավելի էներգախնայող ու տեխնոլոգիապես ավելի բարձր արտադրությունների է ձգտում:

Իսկ մինչ այդ «երջանիկ» պահը ՀՀ քաղաքացիները, որոնց 30 տոկոսն այսօր պաշտոնապես աղքատ է, ինչպե՞ս պետք է ապրեն:

Ոչ ոք չգիտի, թե ինչ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի թանկացումը

Փորձեցինք պարզել, թե պաշտոնապես` մասնագիտական հաշվումներով ի՞նչ գնաճ կարող է դիտարկվել Հայաստանի սպառողական շուկայում, ի՞նչ գնաճային կանխատեսումներ են անում համապատասխան մարմինները:

Ազգային վիճակագրական ծառայությունը, բնականաբար, գնաճի կանխատեսում չի անում: ԱՎԾ-ն նույնիսկ գնաճի պատճառները չի ուսումնասիրում, այլ միայն արձանագրում է թվերն ու ներկայացնում վիճակագրական տվյալներ:

Դիմեցինք Կենտրոնական բանկին, քանի որ հենց այս կառույցն է Հայաստանում գնաճի ցուցանիշների կանխատեսումներ հաշվարկում: ԿԲ-ից էլ պատասխանեցին, թե նման հաշվարկներ ԿԲ-ն իրականացնում է եռամսյա պարբերականությամբ` ամփոփելով եռամսյակներն ու ներկայացնելով հաջորդ եռամսյակի կանխատեսումները: Ու քանի որ նախորդ` երկրորդ եռամսյակում էլեկտրաէներգիան թանկացած չի եղել, թե գնաճի ընդհանուր ցուցանիշի մեջ որ մասը պայմանավորված կլինի բուն էլեկտրաէներգիայի թանկացմամբ, դեռ չի արվել: Այսինքն` այդպիսի կանխատեսում էլ, ելնելով եռամսյակներով հաշվարկներ ու վերլուծություններ անելու ընթացակարգից, հանրության դատին կներկայացվի սեպտեմբերից հետո միայն:

Հարց է ծագում` նախապես չիմանալով, թե տվյալ գործողությունն ինչ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա, ինչ հետևանքների կհանգեցնի, ինչպե՞ս է ՀԾԿՀ-ն այդպես հեշտ ու հանգիստ վերցրել ու որոշել թանկացնել էլեկտրաէներգիան:

Որ գնաճը էական է լինելու, դժվար չէ պատկերացնել: Իհարկե, չենք կարող հենց այսպես` նստել ու տգիտության մակարդակի վերլուծություններ անել, թե թանկացումների ինչ աստիճան կգրանցվի, բայց գոնե էլեկտրաէներգիայի նախորդ թանկացման «դառը փորձը» հաշվի առնելով` կարող ենք ներկայացնել արդեն իսկ կայացած փաստերը:

Այսպիսով, հունիսի սկզբներին, ներկայացնելով գնաճի վերաբերյալ վիճակագրական տվյալները, ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հստակ բացատրեց, որ 12-ամսյա պարբերականությամբ, այսինքն` 2014 թ. ապրիլին` նախորդ տարվա ապրիլի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 4,4 տոկոս գնաճ: Այդ թվում պարենային ապրանքների գներն աճել են 2,6 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 1,8 տոկոսով, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 8,5 տոկոս: Գնաճի, ավելի պարզ ասած` թանկացման վերաբերյալ էլ հստակ ընդգծեց, որ օրինակ` ծառայությունների ոլորտում արձանագրված գնաճի վրա էական ազդեցություն է ունեցել նախորդ տարի տեղի ունեցած գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը` 2,5 տոկոսային կետի ազդեցություն, այսինքն` 8,5 տոկոս գնաճից 2,5 տոկոսը ապահովել է գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը:

Իհարկե, տրամաբանությունը հուշում է, որ եթե անցյալ տարի էլեկտրաէներգիայի 27 տոկոսով թանկացումը, գազի թանկացման հետ միասին, ունեցան ընդամենը 2.5 տոկսոսային կետի ազդեցություն թանկացումների վրա, ապա միայն էլեկտրաէներգիայի, այն էլ` 10 տոկոսով թանկացումը պետք է որ ավելի փոքր ազդեցություն ունենա` նախորդի հետ համեմատած: Բայց դա հուշում է միայն տրամաբանությունը, իսկ հայկական իրականության մեջ մեկ անգամ չէ, որ թանկացումները կամ գների տատանումները հենց անտրամաբանական դրսևորումներ են ստացել:

Ամեն դեպքում, այս պահին մի բան է շատ հստակ`օգոստոսի 1-ից հետո ազգաբնակչությունը գրպանն ու դրամապանակը պետք է ավելի լայն բացի և գոտին էլ ավելի ձգի:

Ինչու՞ մենք պետք է փրկենք Բիբինի հիմնարկը. Կարեն Թումանյան

Կարեն Թումանյան«Մեր երկրում ամենաթողությունը և անկառավարելիությունը հասել են իրենց գագաթնակետին: Վիճակն այնքան լուրջ է, որ շարժումները միայն կարող են հասնել հաջողության», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդվզում» շարժման ղեկավար, հրապարակախոս Կարեն Թումանյանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վերջին տարիներին ակտիվացել են  քաղաքացիական շարժումները: «Ամեն ինչ կարելի է ասել սկսվեց «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայից, և դա կարծես թե հաղթանակ տարավ քաղաքապետարանի կայացրած հակաժողովրդական որոշման նկատմամբ», – ասաց հրապարակախոսը:

Թումանյանը նաև իր գոհունակությունը արտահայտեց «Դեմ եմ» շարժման գործողություններից. այն անգամ կարողացավ խնդիրը հասցնել Սահմանադրական դատարան, ինչը մի կողմից հաջողություն է, սակայն կառավարությունը, ըստ Թումանյանի, ավելի խորամանկ գտնվեց.

«Եկավ մի պահ, որ ասում ենք` կուտակային լիներ, երևի ավելի լավ լիներ, հիմա գրեթե ամբողջ հանրությունն է ընդգրկված այստեղ», – ասաց նա ` նշելով, որ շարժումներից ամեն մեկը պայքարում էր միայն կոնկրետ խնդրի դեմ և այդտեղից է, որ առաջացել է նոր շարժում ստեղծելու գաղափարը. «Մենք հասկացանք` պետք է ստեղծել մի շարժում, որը կարձագանքի նման հակասահմանադրական որոշումներին, մենք պետք է զսպաշապիկ հասցնենք ռոբերտնազարյանական և նմանատիպ դուքյաններին», – հայտարարեց Կարեն Թումանյանը:

Նորաստեղծ շարժման ղեկավարը անդրադարձավ էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին` ընդգծելով, որ իրենց նպատակներից մեկն է թույլ չտալ նոր թանկացումներ: Նար խոսքով` ՀԾԿՀ-ի հայտարարությունները, որոնք միտված են հիմնավորելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, անհիմն են.  «Ի՞նչ է նշանակում` մասնավոր հիմնարկը ճեղքվածք ունի, և այն պետք է փակենք մենք, ինչու՞ պիտի նրա վատ կառավարման համար մենք տուժենք: Մենք, աշխատելով հանդերձ, աղքատ ենք, անձամբ ես երկու տեղ եմ աշխատում և հազիվ ծայրը ծայրին եմ հասցնում: Ինչու՞ մենք պետք է փրկենք Բիբինի հիմնարկը.  նա մեզ համար ո՞վ է», – ասաց նա:

Ըստ նրա` սպասելիքները նոր կառավարությունից սին էին, քանի որ այն  ոչ մի գնահատական չտվեց նախկինին: «Այս կառավարությունը նախորդից ոչ մի բանով չի տարբերվում: Ես հակված չեմ այն մտքին, որ պետք է հարյուր օր հետո գնահատական տալ, ի սկզբանե, ամեն ինչ պարզ էր: Հին կառավարության անդամների 90 տոկոսը մնաց: Ի՞նչ տարբերություն. Գագիկ Բեգլարյանը փոխվե՞ց, սոցապնախարարը փոխվե՞ց. ոնց որ աշխատել էին, այդպես էլ շարունակելու են»,- ասաց նա:

 

Անկախ

Աջակցություն են ստանում էլեկտրաէներգիայի թանկացումից և բնական աղետից տուժած քաղաքացիները

կառավարության նիստԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է աղքատ ընտանիքների համար փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված սպառման ծավալի մեծացումը և հնարավորինս աջակցել, կանխել աղքատության խորացումն այդ ընտանիքների համար: Որոշվել է դրամական օժանդակություն տրամադրել աղքատության հիմքով նշանակվող՝ կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի իրավունք ունեցող բոլոր ընտանիքներին՝ ընտանեկան նպաստի բազային մասը բարձրացնելով 1000 դրամով, սոցիալական նպաստը՝ 1000 դրամով, եռամսյակային հրատապ օգնությունը՝ 1000 դրամով: Այսպիսով, նպաստի միջին ամսական չափը կբարձրանա 1000 դրամով՝ 29 հազար 350 դրամից դառնալով 30 հազար 350 դրամ:
Մեկ այլ որոշմամբ Վարդենիս համայնքում փոթորկից տուժած տնտեսություններին որպես անհատույց աջակցություն տրամադրվել է մետաղապլաստե բլոկով ցինկապատ մետաղական թիթեղ, արտասահմանյան պրոֆիլով պատուհաններ: Միաժամանակ նախատեսվում է հիմնանորոգել Մադինա համայնքի դպրոցը:
Գարնանային հեղեղումների, բնական և տեխնածին այլ աղետների հետևանքով պետական նշանակության ճանապարհների առանձին հատվածների հրատապ և առաջնահերթ հիմնանորոգման անհրաժեշտությունից ելնելով կառավարությունը որոշել է անհրաժեշտ գնումներն իրականացնել բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, քանի որ մրցույթի այլ ձև կիրառելու դեպքում հնարավոր չէ ժամանակին ապահովել աշխատանքի ամբողջ ծավալը:

 
Փոքր և միջին ձեռնարկատերերը ՀԴՄ ձեռք կբերեն տարբերակված գներով
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը սահմանել է, որ ՓՄՁ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նոր սերնդի ՀԴՄ-ները ս.թ. հուլիսի 1-ի փոխարեն կներդրվեն ս.թ. օգոստոսի 1-ին, հոկտեմբերի 1-ին և 2015թ. հունվարի 1-ին: Այդ հարկ վճարողներին թույլատրվել է ՀԴՄ-ները ձեռք բերել տարբերակված գներով, ընդ որում՝ սահմանամերձ գյուղերի համար ՀԴՄ-ներն անվճար են, իսկ այլ գյուղերում՝ տարբերակված գների 50 տոկոսի չափով: Վարչապետը անհրաժեշտ է համարել, որպեսզի հանրությունը հանգամանորեն տեղեկացվի կառավարության ձեռնարկած այս քայլին, որն ուղղված է ՓՄՁ աջակցությանը:
Գործադիրը Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014թ. միջոցառումների ծրագրում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շահագրգիռ մարմիններից կստանա գործարար միջավայրի բարելավման մեկ ծրագրում ընդգրկված միջոցառումների տեղեկատվությունը և եռամսյակը մեկ կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմ, ինչի շնորհիվ կբարձրանա մոնիթորինգի արդյունավետությունը և կկրճատվի ավելորդ փաստաթղթաշրջանառությունը:
Փոփոխություններ կատարելով իր նախկին յոթ որոշումներում, գործադիրը դրանով իսկ այդ որոշումներն համապատասխանեցրել է ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքներին:
Հայաստանցի արտագնա աշխատողների համար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծվեն
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հաջորդ որոշմամբ համաձայնություն է տրվել 1994թ. հուլիսի 19-ի՝ երկու երկրների տարածքում աշխատող քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության խնդիրները կարգավորող համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միացման ճանապարհային քարտեզով նախատեսվում է, որ անդամակցության պահին մեր երկիրը պետք է միանա «Աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրավական կարգավիճակի մասին» 2010թ. նոյեմբերի 19-ի համաձայնագրին, որով ավելի բարենպաստ ռեժիմ է սահմանվում, քան նախատեսված է ՄՄ անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար: Այսպես՝ միգրանտ աշխատողը և նրա ընտանիքի անդամներն ազատվում են երկիր մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում աշխատանքի տեղավորման մարմիններում գրանցվելուց: Ըստ երկրորդ փաստաթղթի, Հայաստանի քաղաքացիները կարող են առանց աշխատանքի հատուկ թույլտվության, տեղի գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով, մեկ տարի աշխատել Ռուսաստանի տարածքում: Նշված դրույթները պետք է գործեն միայն 2015թ. հունվարի 1-ից, սակայն սույն համաձայնագրերի կնքումը թույլ կտա դրանք կիրարկել ավելի վաղ ժամկետում, ինչը բխում է ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների շահերից:
Հաստատվել է ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Ծրագիրը կդառնա ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի մշակման աշխատանքի հիմքը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների և հանրության համար ընկալելի կդարձնի կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավարությունը: Կառավարության ղեկավարը կարևորել է այս փատաթուղթը, որը մշակվել է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ:
Կառավարությունը թույլատրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված սարքավորումների ժամկետը երկարացնել ևս մեկ տարով:
2014թ. հոկտեմբերի 11-31-ը ներառյալ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական և անցկացման աշխատանքների իրականացման նպատակով կառավարության որոշմամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվել է շուրջ 1 մլրդ 130 մլն դրամ, որը հաշվառման դաշտային աշխատանքի ավարտից հետո փոխհատուցվելու է Եվրամիության տրամադրելիք 2 մլն եվրո դրամաշնորհով:
Հավելավճար է տրվելու ծանր աշխատանք կատարող պետական պաշտոնյաներին
ՀՀ կառավարությունը սահմանել է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց բարձրլեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում 8 հազար դրամի չափով: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ առողջության համար ծանր, վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում՝ 24 տոկոսի չափով (սույն դրույթները չեն տարածվում ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների վրա): Որոշման գործողությունը տարածվում է 2014թ. հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Մի շարք որոշումներով գործադիրը սահմանել է պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների լրավճարի դեպքերը, չափերը և վճարման կարգը, հաստատել դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձին օտար լեզվի իմացության համար տրվող հավելավճարի չափը, դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը և այլն:
Կանցկացվի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը
ՀՀ կառավարությունը որոշել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի իրականացման նպատակով ՀՀ մարզպետարաններին լրացուցիչ գումար հատկացնել մարզահագուստ ձեռք բերելու նպատակով:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է ուսումնական հաստատությունում զինվորական ղեկավարների ընտրության դեպքում միասնական համակարգի ներդրումը, որը կներառի միասնական որակական պահանջներ, ընտրության մեթոդներ, չափանիշներ՝ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ:
Փոփոխելով և լրացնելով մեկ այլ որոշում, կառավարությունը Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին հատկացրել է շուրջ 98 մլն դրամ, որով հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտները կապահովվեն սննդով:
Նիստում ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել է Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող շինություններից մեկը օտարել մրցույթով. նպատակը պետական և ՏԻՄ բյուջեների մուտքերի ավելացումն է, ինչպես նաև տարածքի վիճակի բարելավումը:
Կառավարությունը որոշել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորում գտնվող շենք-շինությունները երեք տարով ուղղակի վարձակալությամբ տրամադրել «Օլիմպիկ Ռեսթ» ՍՊԸ-ին:
Կառավարության որոշմամբ Տավուշի մարզպետին հանձնարարվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնտեսական գոտու հողամասերից մեկը «Քեմփ վենչուրս» ՓԲԸ հողամասի հետ փոխանակելուց հետո ազգային պարկի հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, ՀՀ բնապահպանության նախարարին՝ ներկայացնել նշված հողամասը ազգային պարկին ամրացնելու կառավարության որոշման նախագիծ: Որոշման նպատակը Դիլիջանի միջազգային դպրոցի անձնակազմի և սաների ուսուցման և հանգստի կազմակերպումն է: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պայմանագրի կողմերը պետք է բարեխճորեն կատարեն իրենց պարտավորությունները և խոստացել Տավուշի մարզ այցելելու դեպքում սեփական աչքով տեսնել կատարված աշխատանքը:
Իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը կարգավորել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրական նոր գործառույթի՝ ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերի սպասարկման ծառայությունների հետ կապված հարաբերությունները:
 

Այլ հարցեր
Գործադիրը «Ամ-Էսկա» ՍՊԸ-ին տվել է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման արտոնագիր:
Կառավարության որոշմամբ Երևանի բնակիչ, Պրահայի տեխնիկական համալսարանի ասպիրանտ Դավիթ Հարությունյանին մինչև ուսումնառության ավարտը՝ 2017թ. ձմեռային զորակոչը, տարկետում է տրվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:
Նիստում Կամո Ադամյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Նիստի ավարտին վարչապետը դիմել է ներկաներին. «Ես առաջարկում եմ իմ գործընկերներին, և այդ աշխատանքի համակարգումը հանձնարարում եմ փոխվարչապետին, որ նախարարները ամիսը մեկ անգամ ըստ գրաֆիկի այցելեն մարզեր: Շատ կարևոր և նույնիսկ պարտադիր է, որ յուրաքանչյուր նախարար գոնե ամիսը մեկ անգամ այցելի մեկ մարզ, ծանոթանա, ժողովրդի հետ հանդիպի, քննարկի, թե ինչ պրոբլեմներ ունի մեր ժողովուրդը: Շատ կարևոր է, որպեսզի կառավարությունը շփվի մեր հասարակության, ազգաբնակչության հետ»:

Քառյակը աշնանը հակահարված կտա իշխանություններին. Ռուբեն Հակոբյան

ՔառյակԱԺ-ի ոչ իշխանական ուժերը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտնեցին իրենց դիրքորոշումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկ ընդունած որոշման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երեկ ՀԾԿՀ-ը հաստատեց էլեկտրաէներգիայի նոր սակագինը, ըստ որի՝ բնակչության համար 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից կթանկանա 10%-ով կամ 3,85 դրամով:

Քառյակի անդամները հայտարարեցին, որ այդ որոշումը քաղաքական էր: Ըստ նրանց` դա երկիրը տնտեսական աղետների առջև  է կանգնեցնելու, և Քառյակը պատրաստակամ է պայքարել այդ որոշումը չեղյալ համարելու համար:

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը իր դերի մեջ չէ. նա չի կատարում օրենքով նախատեսված քայլերը: Գերակա պետք է համարվեն ժողովրդի շահերը, սակայն սա երբեք չի իրականացվում», – ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ընդգծելով, որ Հայաստանի տնտեսության փլուզված լինելը ակնհայտ է, սակայն իշխանություններին դա քիչ է հետաքրքրում. «Իշխանությունները ունեն ֆինանսների կարիք: Դրա աղբյուր կարող են լինել 2-ը. կորզել ժողովրդից և երկրորդը` դրսից պարտքեր վերցնել: Վերջին տարիներին արտաքին պարտքը մեծ չափսերի է հասել», -ասաց նա:

«Մենք որոշում դեռ չունենք քայլերի հետ կապված»,- իր հերթին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` անդրադառնալով քառյակի ծրագրերին: «Այս թանկացման արդյունքում գնաճ ու արտագաղթ է տեղի ունենալու: Գուցե անհույս լավատեսություն է, որ փորձենք համոզել իշխանություններին հետ կանգնել այդ քայլից, բայց փորձելու ենք»,- նշեց  նա` հավելելով, որ իրենք արդեն մի քանի միջոցներ քննարկել են, որոնցից մեկը Սահմանադրական դատարան դիմելն է:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ աշնանը իրենք իշխանություններին արժանի հակահարված կտան:

 

 Անկախ