Եթե կուտակայինի մասին օրենքը հակասահմանադրական չճանաչվի, գիտությունն անդառնալի կորուստներ կունենա. երիտասարդ գիտնականներ

GAA-300x225ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ ԳԱԱ-ի մոտ՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի:

Երիտասարդ գիտնականները դժգոհում են, որ ակադեմիայի ղեկավարությունն իրենց աշխատավարձերից պարտադիր պահումներ է արել, ինչն իրենք անօրինական են համարում: Գիտնականները նշեցին, որ հունվար ամսին պահումներ չեն արվել, սակայն փետրվար ամսի պահումներն արդեն արվել են: Սա, ըստ նրանց, պայմանավորված է «վերևներից» եկող ճնշմամբ, քանի որ ԳԱԱ-ն գտնվում է ԿԳՆ ենթակայության ներքո:

Երիտասարդ գիտնականները շուրջ 70 ստորագրությամբ դիմում-նամակ են գրել՝ ուղղված ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին և Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:

Երիտասարդ գիտնականները նշեցին, որ առանց այն էլ իրենց աշխատավարձերը շատ ցածր են, գիտությունը խոցելի ոլորտ է, և պետությունը, փոխանակ իրենց աջակցելու մասին մտածի, ընդհակառակը, իրենց անելանելի դրության մեջ է դնում: «Ներկան թողած, «ապագայի» մասին մտածել պետք չէ» պաստառով Ղազար Գալոյանը նշեց, որ առանց գիտելիքահենք հասարակության պետություն չի լինում, իսկ 60-70 հազար դրամով հնարավոր չէ գիտությամբ զբաղվել:

Երիտասարդ գիտնականներին, ովքեր ցանկանում էին անձամբ դիմումը հանձնել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, ասացին, որ նա տեղում չէ, և նամակը փոխանցվեց ակադեմիայի ընդհանուր բաժին, որպեսզի հասնի ԳԱԱ նախագահին:

Ավելի ուշ պարզվեց, որ նա տեղում է, և երբ լրագրողները բարձրացան շենք, Ռ Մարտիրոսյանը ստիպված եղավ ընդունել նրանց՝ նշելով, որ բազմաթիվ գործեր ունի, և ո´չ բողոքողների, ո´չ լրագրողների հետ նախապես չի պայմանավորվել, դրա համար էլ հրաժարվել է ընդունել նրանց:

«Ես հիմնականում ճանաչում եմ Ակադեմիայի երիտասարդ գիտնականներին, սակայն պատուհանից նայում էի և բողոքողների մեջ իմ ճանաչած գիտնականներից ոչ ոքի չտեսա»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հավատացրեց նա՝ այնուհանդերձ չբացառելով, որ նրանք կարող են և ԳԱԱ համակարգից լինել:

Ռ. Մարտիրոսյանն, անդրադառնալով կուտակայինի կենսաթոշակների մասին օրենքին, կարծիք հայտնեց, որ այն հետագայում կունենա իր դրական ազդեցությունը:

Երիտասարդ գիտնականները շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան, որպեսզի նույնաբովանադակ դիմում-նամակ հանձնեն նաև ՍԴ-ին: Նրանք վստահ են, որ, եթե օրենքը հակասահմանադրական չճանաչվի, Հայաստանում գիտությունը լուրջ վտանգի առջև և անդառնալի կորուստներ կունենա:

Անկախ

Գեղարվեստական միջոցառում-ակցիաներ` ընդդեմ կենսաթոշակային պարտադիր համակարգի

загруженное (1)

«Դեմ եմ» թիմը հաղորդագրություն է տարածել, որ այսօր՝ մարտի 17-ին, տարբեր թատրոնների դերասանների մասնակցությամբ տեղի է ունենալու գեղարվեստական միջոցառում՝ իրազեկման ակցիա ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների:

Տևողությունը՝ 5 րոպե:
** Ա. Բաբաջանյանի արձանի մոտ, ուղիղ ժամը 19:00-ին
** Շ. Ազնավուրի հրապարակում, ուղիղ ժամը 19:30-ին
** Հանրապետության հրապարակում, ուղիղ ժամը 20:00-ին:

Մետրոպոլիտենի աշխատակիցները պահանջում են վերադարձնել իրենց աշխատավարձերից պահված գումարները (տեսանյութ, լուսանկարներ)

IMG_3134Երևանի մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի դիմաց այսօր առավոտյան մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում աշխատավարձերից պարտադիր կենսաթոշակային պահումների դեմ: Երկուշաբթի օրը, ստանալով պահումներով աշխատավարձ, աշխատակիցները միավորվել էին և դիմում գրել մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանին` պահանջով, որպեսզի հետ վերադարձնեն իրենցից պահված գումարները: Նամակում նրանք նաև իրենց դժհոգությունն ու անհամաձայնությունն էին հայտնել պարտադիր բաղադրիչի վերաբերյալ:

Նամակը տնօրինությանը հանձնեց մետրոպոլիտենի աշխատակից Անդրանիկ Գևորգյանը, որի վրա, ի դեպ, չի տարածվում համակարգը, սակայն նա ակտիվորեն մասնակցում էր ակցիային` պաշտպանելու իր երիտասարդ գործընկերների իրավունքները:

Նրա խոսքով` տնօրինությունից հայտնել են, որ նամակին կպատասխանեն օրվա վերջում:

andranikԱնդրանիկ Գևորգյանը կտրականապես դեմ է պարտադիր բաղադրիչին` գտնելով, որ դա հակասահմանադրական որոշում է. «Պարտադիր չպիտի լինի, մարդու իրավունքները չպետք է սահմանափակվեն, գումարն այստեղ երկրորդական է, մենք չենք ուզում,մ որ մեր իրավունքները սահմանափակվեն»,-ասաց նա:

Չնայած դրան` մետրոպոլիտենի աշխատակիցները դեռևս հստակ չեն որոշել հետագա անելիքները, ասում են` ամեն ինչ կախված կլինի նամակի պատասխանից: Համենայնդեպս, այս պահին նրանք հակված չեն կտրուկ քայլերի` օրինակ, գործադուլի:

IMG_3139Շուտով բողոքի ակցիային միացան նաև «Դեմ եմ» շարժման անդամները: Նրանք եկել էին իրենց աջակցությունը հայտնելու մետրոպոլիտենի աշխսատակիցներին: Դիմելով նրանց` շարժման ակտիվիստներից մեկը նախ ողջունեց նրանց քայլը, ապա հայտարարեց, որ այդ քայլը հուշում է այն մասին, որ կոլեկտիվում առողջացման գործըթնաց է տեղի ունենում. «Նաև իմացանք, որ ղեկավարության կողմից որոշակի ճնշումներ են եղել, և այսօր այստեղ չեն գտնվում այնքան մարդիկ, որքան սպասելի էր, այսինքն ակնհայտ է, որ մարդկանց վախեցրել են: Սակայն միակ ճանապարհը ձեր հարցի լուծման դա ձեր կոլեկտիվ պայքարն ու բողոքն է: Ձեր կողմից պետք է գործատուի վրա ճնշում լինի, որպեսզի չխախտվեն ձեր իրավունքները»:

Ակտիվիստն իր խոսքում նաև նշեց, որ Սահմանադրական դատարանի վերջին պարզաբանման մեջ հստակ նշվում է, որ գործատուները որևէ իրավունք չունեն պահումներ կատարել աշխատողների աշխատավարձից, և օրենքը ոչ մի կերպ հետադարձ ուժ չի ունենալու` անկախ ՍԴ որոշումից: «Այսինքն, անկախ ամեն ինչից, ոչ ոք իրավասու չի լինելու պահելու ձեր հունվար կամ փետրվար ամսվա աշխատավարձերից որևէ վճարներ»,-պարզաբանեց նա:

IMG_3142«Դեմ եմ» շարժման ակտիվիստներից մեկն էլ խոսքն ուղղեց մետրոպոլիտենի ղեկավարությանը` հիշեցնելով, որ վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ աշխատակցին ճնշում էին աշխատանքից հեռացնելու սպառնալիքով, և որ դա անգամ քրեորեն պատժելի արարք է: «Կոչ եմ անում ձեր ղեկավարությանը լսել ձեր ձայնը, գալ ձեզ ընդառաջ, որովհետև միայն բավարարված, միայն գոհ աշխատողը կարող է աշխատել պատշաճ և օգուտ բերել ընկերությանը»:

IMG_3148Վերջում ակտիվիստները հնչեցրին իրենց կոչը` վանկարկելով. «Դեմ ենք, դեմ ենք, դեմ ենք…»:

 

Անկախ

Մետրոպոլիտենը նույնպես դեմ է պարտադիրին

11574_244431722406527_1904434219_n

“Դեմ եմ” շարժումը ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ վաղը ժամը 10:00-ին Մետրոպոլիտենի վարչության մոտ տեղի է ունենալու բողոքի ակցիա:

Հաղորդագրության մեջ մասնավորապես գրված է.

“Հարգելի հայրենակիցներ, հարգելի խմբի անդամներ, մեզ հասած տեղեկություններով` ևս մեկ աշխատանքային կոլեկտիվի ինքնասիրություն և սահմանադրական իրավունք է ոտնահարվել: Եվ ողջունելին այն է, որ մադիկ կարողացել են ինքնակազմակերպվել, ոտքի կանգնել և մեկ մարդու նման պայքարել իրենց իրավունքների համար:

Խոսքը Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցների մասին է: Վաղը առավոտյան, ժամը 10:00-ին Երևանի Մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի մոտ/Մետրո Բարեկամություն/, կհավաքվեն Մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներ, որպեսզի իրենց բողոք դիմումը հանձնեն տնօրինությանը, և ասեն, որ իրենք նույնպես դեմ են պարտադիրին:
Կոչ ենք անում բոլորին միանալ Մետրոպոլիտենի աշխատակիցներին, սատարել նրանց ու միահամուռ կերպով պայքարել մեր բոլորիս ոտնահարված իրավունքների համար”:

 

Անկախ

Ռուբեն Հակոբյանը կոչ արեց դիմել դատարաններ, եթե աշխատավարձերից պահումներ են արվել

arm139005037526ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Անկախ»-ի հարցին, թե Սահմանադրական դատարանի որոշումը կենսաթոշակային պարտադիր վճարները ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ և դրան զուգահեռ իրականացվող համատարած պահումները քաղաքացիների աշխատավարձերից ի՞նչ հետանքներ կարող են ունենալ, և արդյոք քաղաքացիները կարո՞ղ են պաշտպանել իրենց իրավունքները դատարանում, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Մինչև Սահմանադրական դատարանի որոշումը` մարտի 28-ը, պարտադիրը հանված է, բայց ցավոք սրտի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկումների ժամանակ մի եզրույթ օգտագործեց, որ պարտաճանաչ գործատուները փոխանցումներ են կատարում: Դրանք անպարտաճանաչներն են»,-ընդգծեց Հակոբյանը` կոչ անելով քաղաքացիներին դիմել դատարաններ, եթե առանց իրենց համաձայնության աշխատավարձերից փոխանցումներ են կատարվում կենսաթոշակային հիմնադրամներին:

Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ այս երևույթը լռելյայն չի անցնի, և շուտով դատարանները կհեղեղվեն համապատասխան բողոքներով. «Մենք էլ շատ սկզբունքորեն կպաշտպանենք բոլոր այն քաղաքացիների իրավունքները, որոնք կդիմեն դատարան»,-ավելացրեց նա:

Ողջունելով երեկ տեղի ունեցած «Դեմ եմ» շարժման բողոքի երթը` պատգամավորը մեկ անգամ ևս ընգծեց այն հանգամանքը, որ աննախադեպ է, երբ քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական ուժերը կարողանում են հանդես գալ միասնական օրակարգով:

 

Անկախ

Ես պատրաստ եմ վճարել 5% ավել հարկ` ծնողներիս արժանապատիվ թոշակի և ոչ թե իմ բարեկեցիկ ծերության համար

551528_376535952460870_1393829428_n

«Դեմ եմ կենսաթոշակային բարեփոխումենրին» նախաձեռնության անդամ Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում վերջնականապես փակվեց այսօրվա թոշակառուներին արժանապատիվ թոշակ տալու հարցը: Կուտակային համակարգի արդյունքում մեզ խոստանում են արժանապատիվ թոշակ 30-35 տարի անց, այսինքն դրանով ասվում է, որ միակ լուծումը դա է. մինչ այդ Հայաստանում նորմալ թոշակ չեն ստանալու:

Իսկ ո՞վ պետք է մտածի մեր ծնողների թոշակների մասին, ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ կառուցել են մեր երկիրը, ովքեր իրենց պայքարի շնորհիվ պարգևել են մեզ անկախ Հայաստան և Արցախ: Իսկ մենք ի՞նչ ենք արել:
Սերունդների համերաշխությունը տնտեսական կատեգորիա չէ, այլ բարոյական արժեհամակարգի կաևորագույն մաս: Ծնողների կենսաթոշակի մասին մտածելը յուրաքանչյուրիս պարտքն է:

Ես դեմ եմ կենսաթոշակային բարեփոխումներին, ոչ միայն նրա համար, որ չեմ վստահում իշխանություններին, ես դեմ եմ ոչ միայն համար, որ չեմ վստահում ներդրողներին, ես դեմ եմ, որովհետև ուզում եմ այսօր մեր ծնողների համար ապահովել արժանապատիվ կենաթոշակ:
Ես պատրաստ եմ վճարել 5 տոկոս ավել հարկ` ծնողներիս արժանապատիվ թոշակի և ոչ թե իմ բարեկեցիկ ծերության համար»-գրել է նա:

 

Անկախ

Արծվիկ Մինասյանը դիմել է ՍԴ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի այլ հոդվածներ ևս կասեցնելու համար


arm137872542394
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ՀՀ Սահմանադրական դատարանին ուղղված իր դիմումը, որը ներկայացնում ենք ստորև.

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ

Բարձր դատարան,
2014 թվականի հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը:
Չնայած նրան, որ պատասխանատվություն նախատեսող 76-րդ հոդվածը կասեցված է և օրենքով, գործատուների համար նախատեսված պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը չկատարելը չի առաջացնում պատասխանատվություն, սակայն թե գործատու հանդիսացող պետական կառավարման մարմիններն ու կազմակերպությունները և թե նաև պետական եկամուտների կոմիտեի ցուցումով (պահանջով) որոշ այլ գործատուները իրականացնում են աշխատակիցների վարձատրությունից պահումներ, փոխանցումներ և առանձին դեպքերում ստիպում են աշխատակիցներին ընտրելու կենսաթոշակային ֆոնդեր և կառավարիչներ: Բազմաթիվ քաղաքացիներ և գործատուներ բողոքում են այս գործելակերպի դեմ, ակնկալում են հստակեցում՝ իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով:

Նկատի առնելով 2014 թվականին նշանակված դատաքննության անաչառ ընթացքն ապահովելու անհրաժեշտությունն ու Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման էությունը՝ տարակերպ մեկնաբանություններից, գործելակերպից և հնարավոր անդառնալի (չվերականգնվող) ֆինանսական կորուստների ռիսկից խուսափելու նպատակով, խնդրում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ դիմումի ապահովման միջոցի կիրառմանը և մինչև դատաքննության ավարտը կասեցնել նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների գործողությունները:

Մասնավորապես, այն անձինք, ովքեր չսպասելով Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացմանը կկատարեն վիճարկվող օրենքի պահանջները, ինչպես նաև նրանք, որոնք կսպասեն նախատեսված դատաքննության ելքին, ենթարկվում են ֆինանսական կորուստների ռիսկին կամ այդպիսի ռիսկ կառաջանա համակարգի այլ մասնակիցների և/կամ պետության համար: Այսպես, այն գործատուները, որոնք չեն կատարի վիճարկվող օրենքով նախատեսված պարտադիր վճարի հաշվարկման և փոխանցման գործառույթները, Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը չբավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում կկրեն անդառնալի ֆինանսական կորուստներ, իսկ պարտադիր բաղադրիչի՝ վիճարկվող օրենքով նախատեսված մասնակիցները, ովքեր չեն կատարի ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրություն, առնվազը որոշակի ժամկետով կզրկվեն ընտրություն կատարելու հնարավորությունից և դրա հնարավոր ֆինանսական արդյունքից: Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը բավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում՝ այն մասնակիցները, ովքեր չսպասելով այդ որոշման կայացմանը կկատարեն կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրության համար անհրաժեշտ գործողություններն ու դրանց համար կվճարեն դրամական միջոցներ, դրանք հետ ստանալու և վնասների փոխհատուցման իրավունք ձեռք կբերեն, որի վճարման պարտավորությունը կկրի պետությունը կամ այլ սուբյեկտ: Կատարված վճարների և/կամ կրած վնասների հետ վերադարձն ու փոխատուցումը անդառնալի ֆինանսական կորուստ կլինի դրանք հետ վերադարձնողի (փոխհատուցողի) համար, իսկ հետ չվերադարձնելու (չփոխհատուցելու) դեպքում՝ պարտադիր բաղադրիչի մասնակիցը կկրի չստացված միջոցների չափով անդառնալի ֆինանսական կորուստներ:
Բացի այդ, որոշ գործատուներ մտադիր են (որոշ դեպքերում սա արձանագրված փաստ է) 2014 թվականի հունվարի մեկից իրենց աշխատակիցների աշխատավարձերը չնվազեցնելու նպատակով պարտադիր վճարը փոխհատուցելու համար բարձրացնել միայն 1974 թվականին և դրանից հետո ծնված նույն աշխատանքը (պաշտոնական պարտականությունը) կատարող անձանց աշխատավարձերը՝ մյուսներինը թողնելով աշխատավարձի նույն մակարդակը: Սա տարիքային խտրականության դրսևորում է և համարժեք աշխատանքի դիմաց համարժեք վարաձատրության միջազգային իրավունքի և սահմանադրական սկզբունքի խախտում:
Հուսով ենք` այս միջնորդությունը կարժանանա անհրաժեշտ ուշադրության և կստանա դրական լուծում,-:

Հարգանքով`

2014 թվականի մարտի 28-ին Սահմանադրական Դատարանում քննվող դիմումով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչ՝
ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
31 հունվարի 2014 թվական

 

Քաղաքական գործիչների և քաղաքացիների ֆեյսբուքյան արձագանքը ՍԴ որոշմանը

Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողության կասեցման վերաբերյալ իրենց ֆեյսբուքյան էջերում  գրառումներ են կատարել մի շարք քաղաքական-հասարակական գործիչներ, ակտիվ քաղաքացիներ:

imagesԺառանգություն խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ողջունել է ՍԴ որոշումը. “Ողջունում եմ ՍԴ-ի որոշումը, որը, որպես կեցվածք, աննախադեպ էր ՍԴ-ի կենսագրության մեջ: Բայց հիմնական որոշմանը պետք է սպասել մարտին, երբ կքննարկվի հարցն ամբաղջությամբ: Հուսանք, որ սպասվելիք որոշումը նույնպես կլինի այս որոշման տրամաբանության շրջանակներում, ինչը, կարծում եմ, պատիվ կբերի ՍԴ-ին եւ ին-չոր չափով կվերականգնի հասարակության վստահությունը այս կարեւորագույն մարմնի նկատմամբ”:

189942ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով` ՍԴ-ի այս իրավական սկզբունքայնության ծիլը պետք է փայփայել. “Քիչ առաջ մամուլից իմացա, ՍԴ կասեցրել է կուտակային կենսաթոշակային համակարգի կիրարկումը մինչև մարտ ամիս։ Մասնավորապես կասեցվել է օրենքի 2 հոդվածների գործողությունը։ Սա փոքրիկ հաջողություն է։ 2012թ. սեպտեմբերից ԱԺ-ում պայքարել եմ իմ համոզմամբ այդ անհեթեթ բարեփոխման դեմ։ Պայքարին են միացել մի շարք ազնիվ պատգամավորներ, խմբակցություններ։ Ավելի ուշ այն դարձավ քաղաքացիական ակտիվիստների հրաշալի բանակի պայքարի թիրախը։ Չգիտեմ՝ վերջն ինչ է լինելու, բայց ՍԴ-ի այս իրավական սկզբունքայնության ծիլը պետք է փայփայել”,-գրել է նա։

загруженноеՀեռուստահաղորդավարուհի, հասարակական ակտիվիստ Լուսինե Բադալյանը հորդորել է` մի քիչ ըմբոստ եղեք էլի, տնաշեններ. “ՍԴ-ն կասեցրել է «պարտադիր կուտակային կենսաթոշակ»-ը. ովքեր տխրել են, հիշեցնեմ, որ այն գործում է արդեն մի քանի տարի է` կամավոր սկզբունքով, և գործելու է՝ կարող եք միանալ: Իսկ ասածս այն է, որ հարգելի «հԸ հԸ» քաղաքացիներ, երբ դուք միավորվում եք, մեզ վատաբանելու փոխարեն` սատարում եք, կամ գոնե չեք խանգարում, կառավարությունը ստիպված է լինում զիջումների գնալ` թեկուզ ձևականորեն, թեկուզ` ժամանակավոր …. մի քիչ ըմբոստ եղեք էլի տնաշեններ. սա ընդամենը հերթական ապացույցն է, որ պայքարողն է հաղթում…. ես այսօր երկրորդ անգամ եմ տոնում մեր «ժամանակավոր» հաղթանակը ու հպարտ եմ, որ հավատացել եմ ու մինչև վերջ գնացել եմ. հուսով եմ՝ հաջորդ անգամ ավելի շատ մարդիկ կմիանան ու ավելի քիչ մարդիկ կպախարակեն ինձ և ինձ նմաններին: Գյուղը կանգնի՝ գերան կկոտրի”:

231415151372922518ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը գտնում է, որ ՍԴ այսօրվա որոշումը քաղաքացիական հասարակության երկրորդ հաղթանակն էր. “ՍԴ այսօրվա որոշումը քաղաքացիական հասարակության արդեն երկրորդ հաղթանակն էր (տրանսպորտի սակագների հարցից հետո): Այս որոշումը արդյունք է բոլոր մարդկանց միավորված պայքարի, որոնք անկախ կուսակցական հայացքներից միացան և հասան իրենց նպատակին: Հաջորդ հանրահավաքը կարող էր ավելի մեծ լինել, և անկասկած, սա հասկանալով էլ օրենքի կիրառումը կասեցվեց: Կարծում եմ` սա ևս հաջող առիթ էր հավատը կորցրած մարդկանց համար, որ մեր երկրի ճակատագիրը իրոք մեր ձեռքերում է, և դրա համար պետք է պայքարել”:

Ֆեյսբուքյան օգտատեր Մարտին Իսախանյանն էլ վերլուծել է, թե ինչու ՍԴ որոշեց կասեցնել կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառումը:
“Առաջին վարկածի համաձայն՝ հասկացավ, որ այն հակասում է Սահմանադրության 31-րդ հոդվածին և օրենքի կիրառման դեպում կմեծանա դժգոհության ալիքը, կխորանա սոցիալական լարվածությունը:
Երկրորդ վարկածի համաձայն ՝ ՍԴ նախագահը փորձեց ապացուցել իր ուսանողներին, որ դասավանդելու ժամանակ չի ստել:
Հ.Գ. Թերևս վաղ է ուրախանալ այս կասեցումով, որովհետև վերջնական որոշումը կայացվելու է մարտին: Եվ չի բացառվում, որ այս որոշումը ընդամենը լարված կրքերը ժամանակավորապես թուլացնելու փորձ է”:

Մեկ այլ օգտատեր էլ` Արմեն Սարգսյանը, գրել է. ” Ասում են, թե Սահմանադրական դատարանի քիչ առաջ ընդունած որոշման ուրախալի լուրից «տխրել» են տարբեր կառույցների հաշվապահները, քանի որ ստիպված են լինելու նորից վերահաշվարկելու աշխատողների աշխատավարձերը: Իսկ հունվարից աշխատավարձը բարձրացնելու (որպես փոխհատուցում պարտադիր կուտակային կենսաթոշակի համար գանձվելիք գումարների) «կամք» ցուցաբերած գործատուները հայտնվել են «վատ վիճակում»: Բանն այն է, որ հայտարարելով աշխատավարձերի բարձրացման մասին, հիմա հեշտորեն չեն կարող հրաժարվել խոստացված բարձրացումից, քանի որ նախապես փաստել էին աշխատավարձ բարձրացնելու իրենց կարողականությունը”:

Ֆեյսբուքյան օգտատեր Մեսրոպ Առաքելյանն էլ պարզաբանել է, որ ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչը չի կասեցրել:
“ՍԴ ընդամենը կասեցրել է օրենքի Հոդված 76-ը`”Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար”:
Այսինքն կարող ենք հիմա չվճարել, և դրա համար տույժեր և պատժամիջոցներ չեն գա: Իսկ երբ ՍԴ օրենքը ճանաչի սահմանադրական, պետք է հունվարի 1-ից չվճարվածները նորից վճարել:
86.3 հոդվածը` ֆոնդերի ընտրության մասին, այսինքն կարող ենք հիմա չընտրել:
Ընդամենը այսքանը, այսինքն ոչինչ էլ չի կասեցրել”:

 

Անկախ

 

«Ես և իմ ընկերները թքած ունենք թե՛ Պուտինի, թե՛ մնացած քաղաքական գործիչների հաշվարկների վրա» Պետրոս Ղազարյան

arm138373986546

Հայտնի հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շատ ընկերներ ունեմ, որ հունվարի 18-ին մասնակցելու են ընդդեմ կուտակայինի հանրահավաքին, ես էլ անպայման կմասնակցեմ, որովհետև դեմ եմ այդ կասկածելի համակարգին, ու ես և իմ ընկերները թքած ունենք թե՛ Պուտինի, թե՛ մնացած քաղաքական գործիչների եղած կամ չեղած հաշվարկների վրա: Մենք դեմ ենք, դա մեր կյանքի մի մասն է, մեր սկզբունքները, մեր գումարներին տեր կանգնելու մեր իրավունքը, մի բան, որ Հրապարակ թերթից չգիտեմ թե ով, ոչ մի կերպ չի հասկանում: Էս թերթին թվում է՝ մեր երկրում մարդիկ չկան, որ անկախ Քոչարյանից, Սերժից, Ծառուկյանից ու Լևոնից կարող են պատկերացումներ ունենալ և դուրս գալ բողոքելու: Ու էս մատից ծծած անփաստ վերլուծությունով ուզում է ասի՝ սա Քոչարյանի ցույցն է Պուտինի աչքի համար: Երևի էս թերթում առանց կողքից պասի նյութ չեն գրում ու բոլորին չափում են իրենց արշինով: Բայց մարդ ինչքան չպետք է հարգի իր երկրի հազարավոր քաղաքացիների, որ նման կոնսպերատիվ հիմարություններ վերլուծի»:

Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ը գրել էր, թե իր տեղեկություններով` արդեն մի քանի ամիս Քոչարյանը չի կարողանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման աուդիենցիա ստանալ` չնայած վերջինիս հետ ունի անմիջական «կապվելու» հնարավորություններ: Նրան ասում են` այսօր-վաղը: Ռուսաստանը չի ցանկանում խառնվել հայաստանյան ներքաղաքական վեճերին, առանձնապես հակված չէ Քոչարյանի վերադարձին, սակայն նրան չի մերժում. հասկացնում է՝ եթե Քոչարյանը հասնի նրան, որ Հայաստանում ունենա հասարակական լայն աջակցություն, իրենք «կվերանայեն հարցը»:

Թերթի դիտարկմամբ` հունվարի 18-ին կուտակայինի առնչությամբ կազմակերպված ցույցը, որին մասնակցելու են նաև ՀԱԿ-ը` Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը», մեծ քննություն է լինելու Քոչարյանի համար` միտինգն ինչ «թիվ» լինելու առումով. արվելու է ամեն ինչ, որ Ռուսաստանն ու Հայաստանը «թիվ» տեսնի:

Անկախ

ՀՅԴ Երևանի կոմիտե.Մասնակցեք Ազատության հրապարակում մեկնարկող ԸՆԴԴԵՄ կենսաթոշակայինի երթին

ՀՅԴ2014 թվականի հունվարի 1-ից   ուժի մեջ  է մտնում բազմաստիճան կենսաթոշակային մի համակարգ, որի մի շարք դրույթներ  արդարացի ընդվզում են առաջացրել հասարակության ամենատարբեր շերտերում։   2014թ.  գործարկվող “Կուտակային կենսաթոշակների մասին՚”ՀՀ օրենքի համաձայն, 1974թ. և հետո ծնված ՀՀ քաղաքացիները պարտավոր կլինեն կուտակային մասնավոր ֆոնդերին  փոխանցել  իրենց  չհարկված աշխատավարձի 5-ից 10 տոկոսը։

Ըստ էության, օրենքով պարտադրվող կուտակային վճար գանձելն ու այն մասնավոր կենսաթոշակային հիմնադրամին ուղղելը ոչ իրավաչափ է և հակասության մեջ է մտնում Սահմադրության 45-րդ հոդվածի հետ՝ խախտելով Սահմանադրությամբ երաշխաված անձի սեփականության իրավունքը:

Օրենքով նախատեսված պարտադիր կուտակային բաղադրիչը հակասում է նաև սոցիալական պետության սահմանադրական համակարգին՝ խաթարելով Սահմանադրությամբ նախատեսված սոցիալական մի շարք իրավունքների պատշաճ իրականացումը: Հիմնավորված չէ նաև պետության կողմից ֆոնդերի երաշխավորությունը պետբյուջեի վրա թողնելը։

Քաղաքացիների կողմից կատարված վճարների տնօրինումը օտարերկրյա մասնավոր ընկերություններին հանձնելը մի շարք իրավական, տնտեսական ու սոցիալական խնդիրներ է առաջացնում՝ կապված գումարների երաշխավորելիության, գումարները երկրից դուրս հանելու, ինչպես նաև ֆոնդերի կառավարման, դրանց  թափանցիկության հետ։

Առաջարկվող մոդելը  միջազգային պրակտիկայում լինելով աննախադեպ, ակհայտորեն ռիսկային է և  ոչ միայն չի ապահովում կենսաթոշակային համակարգի առջև ծառացած խնդիրների ամբողջական լուծումը, այլև  չի երաշխավորում ապագա սերունդների արժանապատիվ կենսաթոշակ ստանալու հնարավորությունը:

Ավաղ, վերոնշյալ  և մի շարք այլ հիմնախնդիրների շուրջ անդրդվելի և անտարբեր մնացին կառավարությունն ու խորհրդարանական կոալիցիան՝  մերժելով անգամ  Ազգային ժողովում հարցը  քննարկելու և օրենքի գործադրումը մեկ տարով հետաձգելու ՀՅԴ, ԲՀԿ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունների նախաձեռնությունը: “ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚”ՀՀ օրենքի սահմանադրականությունը խորհրդարանական չորս ուժերը կվիճարկեն Սահմանադրական դատարանում։

ՀՅԴ Երևանի կոմիտեն՝  կարևորելով  ՀՀ օրենքների սահմանադրականությունը, պաշտպանված և երաշխավորված իրավունքներով ու արժանապատիվ ապագայով հասարակություն ունենալու գերխնդիրը,  կոչ է անում երևանցիներին մասնակցելու  դեկտեմբերի 17-ին, ժամը 12:-30-ին  Ազատության հրապարակում մեկնարկող  ԸՆԴԴԵՄ կենսաթոշակայինի երթին։

Սիրելի երևանցիներ, միասին պայքարենք հանուն մեր իրավունքների, հանուն սոցիալական և իրավական երկրի։

 

   ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ  ԵՐԵՎԱՆԻ  ԿՈՄԻՏԵ

 Անկախ