«Առանց Իրանի ներգրավվածության «Ժնև-2» համաժողովին ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչելը չափազանց բարդ կլինի». Արամ Մանուկյան

Ժնև-2Հունվարի 22-ին կայացած «Ժնև-2» համաժողովին ներկայացված էր թե’ ընդդիմադիր կողմը, իհարկե, որոշ վերապահումներով, թե’ պաշտոնական կառավարությունը և թե’ շահագրգիռ հիմնական ուժերը, բացառությամբ Իրանի: Քաղաքական վերլուծաբան Արամ Մանուկյանի կարծիքով` ի սկզբանե, «Ժնև-2»-ում արդյունքներ գրանցելու համար բավական նախադրյալներ չկային: Մի կողմից դա պայմանավորված էր կողմերի կոշտ դիրքորոշմամբ, նրանք պատրաստ չէին փոխզիջումների, մյուս կողմից, բանակցություններին ամբողջությամբ ներկայացված չէր սիրիական ընդդիմությունը:

Այդ մասին, կոնֆերանսի բացման խոսքում ասաց նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` կարևորելով ընդդիմադիր ողջ զանգվածի մասնակցությունը բանակցություններին` որոշակի արդյունքներ գրանցելու համար: «Բանակցություններում չափազանց կարևոր տեղ կարող էր զբաղեցնել Իրանը, որը անմիջական մասնակցություն է ունենում Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին: Առանց Իրանի ներգրավվածության համաժողովին ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչելը  չափազանց բարդ կլինի: Կողմերի պատրաստակամությունը բանակցային սեղանի շուրջ նստել և փորձել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար քաղաքական լուծումներ փնտրել, կարելի է գնահատել դրական: Պետք է նկատել, որ բանակցությունների ընթացքում շատ խոսվեց սիրիական խնդիրների մասին, սակայն դրանց լուծման ուղղությամբ որևէ քայլ չառաջարկվեց կամ չհստակեցվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Մանուկյանը:

Բանակցությոնների հաջորդ փուլը նախատեսվում է փետրվարի 10-ին, որի ժամանկ կարելի է ակնկալել որոշ համաձայնությունների ձեռքբերում, մասնավորապես հումանիտար օգնության ցուցաբերում: Վերլուծաբանի խոսքով` դա մի կողմից չի հակասի հիմնական դերակատարների շահերին, մյուս կողմից էլ բանակցային գործընթացի մասնակիցներին թույլ կտա գրանցել շոշափելի դրական տեղաշարժ, ինչը լավ նախադրյալներ կստեղծի բանակցային գործընթացի շարունակականության համար:

 

 Անկախ

“Սիրիական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի գրանցվում արտաքին ուժերի ներգրավվածության պատճառով” Արմեն Պետրոսյան

Ժնև-2Երկար սպասված “Ժնև-2” համաժողովն ավարտվեց: Թե՛ մասնակից կողմերի, թե՛ կազմակերպիչների հայտարարությունները բանակցությունների շարունակության վերաբերյալ վկայում են այն մասին, որ նրանց լավագույն ակնկալիքներն արդարացել են: Այն, որ մեկնարկեց շարունակական բանակցային գործընթաց,  “Ժնև-2”-ի կարևոր ձեռբերումն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով  “Ժնև-2”-ի արդյուքնները՝ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Արաբագետի խոսքով՝ բանակցությունների ընթացքում որոշակի արդյունք չարձանագրվեց, քանի որ կողմերը մինչև վերջ մնացին սեփական դիրքորոշմանը և որևէ փոխզիջման պատրաստակամություն չհայտնեցին: Սակայն, ըստ նրա, կան որոշակի հարցեր, որոնց շուրջ սիրիացի ժողովրդի ճակատագրով մտահոգ ցանկացած ուժ՝ լինի կառավարական, թե ընդդիմադիր, պարտավոր է համաձայնության գալ:

“Այսօր  սիրիացիները կանգնած են լուրջ հումանիստական ճգնաժամի առջև: Սա չարձանագրելն ուղղակի պարտություն է: Չարձանագրել այն, որ այսօր Սիրիայի տարածքում գոյություն ունի երրորդ ուժ, որը միջազգային ահաբեկչությունն է՝ իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունները, և սրա դեմ պայքարի միջոցների շուրջ չբանակցել, բանակցային գործընթացի մասնակից կողմերի համար լուրջ պարտություն է: Սիրիական ընդդիմությունը չընդառաջեց ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի ներկայացուցչի առաջարկին, այն է՝ համաձայնության գալ հումանիտար ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպման հարցի շուրջ: Այս խնդիրները փաստում են, որ սիրիական ընդդիմությունը որոշ չափով զիջեց իր դիրքերը”,- ասաց Արմեն Պետրոսյանը՝ հավելելով, որ թե՛ արտաքին, թե՛ ներքին ուժերը փաստում են, որ միայն Բաշար ալ Ասադի հեռացմամբ սիրիական ճգնաժամը չի կարգավորվի, հաջողություն չի ունենա նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարը:

Ըստ արաբագետի՝ սիրիական հակամարտության կարգավորման հարցի շուրջ դրական առաջընթաց դժվար է տեղի ունենում, քանի որ այստեղ արտաքին ուժեր կան ներգրավված: Բնականաբար, նրանք հենց այնպես չեն ներգրավվել, նրանցից յուրաքանչյուրն ունի այս հարցում իր շահը:

“Մինչ սիրիական հակամարտության կարգավորման հարցի բանակցային փուլ մտնելը նրանցից յուրաքանչյուրը ձգտում էր ռազմական ճանապարհով իր շահն առաջ տանել: Իսկ հիմա հարցը մտել է բանակցային փուլ, այն նույն խաղացողները դարձյալ շարունակելու են մնալ իրենց դիրքորոշմանը և այլ եղանակներով են փորձելու հասնել առավելագույն արդյունքի՝ դարձյալ իրենց շահը աջառ տանելով”,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Անկախ

 

“Ժնև-2” կոնֆերանսը շարունակվում է, սակայն Սիրիայում չեն դադարում մարդկային զոհերը

 Սիրիա, մարդկային զոհերըՉնայած Սիրիայի հարցով հունվարի 22-ին մեկնարկած «Ժնև-2» կոնֆերանսը ընթանում է արդեն մեկ շաբաթ, այնուհանդերձ Սիրիայում շարունակում են մարդկային զոհեր գրանցվել: Սիրիական իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն՝ անցած շաբաթվա ընթացքում երկրում մոտ 1870 մարդ է զոհվել, որոնցից 430-ը պայթուցիկներից, դիպուկահարների գնդակներից և հրթիռային կրակոցներից: Մնացած զոհերը ընդդիմադիրների շարքերից են, որոնք կապված են «Ալ-Քայիդայի» հետ, ինչպես նաև կառավարական ճակատի մարտիկներ: Կազմակերպության տվյալների համաձայն՝ սիրիական պատերազմի ընթացքում ավելի քան 130 հազար մարդ է զոհվել:

Անկախ

Բաշար Ասադը չի պատրաստվում հեռանալ

բաշար ասադԱյսօր Սիրիայի հարցով Մոնտրոյում գումարված «Ժնև-2» համաժողովի շրջանակներում Սիրիայի տեղեկատվության նախարար Իմրան ազ Զուբին, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ նախագահ Բաշար Ասադը չի պատրաստվում հեռանալ: Նրա խոսքերով՝ որպեսզի համաժողովը հաջողություն ունենա, չպետք է սահմանափակվել մեկ շաբաթով կամ որևէ ժամանակահատվածով:
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը այսօր տեղի ունեցած նիստը գնահատել է որպես շատ արդյունավետ և կառուցողական: «Շատ կարևոր բանակցություններ ընթացան, դրանք կառուցողական էին»,-նշել է քարտուղարը՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ և Ռուսաստանի արտգործնախարարները կշարունակեն ակտիվ մասնակցություն ունենալ Սիրիայի խնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացում:

Անկախ

Մոնտրոյում մեկնարկել է Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովը

siria Շվեյցարիայի Մոնտրո քաղաքում մեկնարկել է Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովը, որի բացմանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: 39 երկրների արտգործնախարարների ներկայությամբ Մունը ընդգծել է համաժողովի կարևորության մասին և նշել, որ սա լավ հնարավորություն է հասնելու խնդրի կարգավորմանը: «Մենք գիտակցում ենք, որ սրան հասել ենք մեծ դժվարությամբ: Շատ ժամանակ է կորել, չափազանց շատ մարդիկ են զոհվել, սակայն կողմերի ներկայությունն  այստեղ այսօրվա համաժողովին հույսեր է ներշնչում»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Պան Գի Մունից հետո ելույթով հանդես են եկել նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջոն Քերին և Սերգեյ Լովրովը՝ որպես «Ժնև-2» գործընթացն  սկսած կողմեր:

Անկախ

Մոնթրեում բացվել է “Ժնև-2” համաժողովը

o_883170Շվեյցարական Մոնթրեում բացվել է Սիրիայի հարցով “Ժնև-2” համաժողովը, որին մասնակցելու է եկել 40 ԱԳ նախարար ու ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, սիրիական ընդդիմության պատվիրակությունը :

Տվյալ համաժողովը միջսիրիական բանակցությունների մեկնարկը կտան. առաջին անգամ 3 տարում, ինչ սկսվել է ճգնաժամը, կողմերը կհանդիպեն դեմ առ դեմ:

Համաժողովը տեղի է ունենում Montreux Palace հյուրանոցում,իսկ լրագրողները ոչ հեռու` մամլո-կենտորնում են տեղավորվել: Բանակցությունները ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար փակ են:

Անկախ

Բաշար Ասադը չի մասնակցի «Ժնև-2» համաժողովին

ասադ  Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի մասնակցի «Ժնև-2» միջազգային համաժողովին և սիրիական պատվիրակությունը կգլխավորի երկրի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: «Համաժողովը բացվելու է արտգործնախարարների մակարդակով, այդ պատճառով էլ տրամաբանական է, որ կառավարական պատվիրակությունը գլխավորելու է արտգործնախարար Վալիդ Մուալեմը: Նախագահ Ասադը Ժնև չի գալու»,-նշել է Բոգդանովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական հարցի լուծմանը ուղղված «Ժնև-2» համաժողովին մասնակցելու են մոտ 30 երկրների ներկայացուցիչներ: «Արտաքին մասնակիցների ցուցակը գրեթե համաձայնեցված է, այն բավականին նշանակալից է և ընդգրկում է մոտ 30 երկիր»,-հայտնել է Բոգդանովը:

Նշենք, որ «Ժնև-2» համաժողոը տեղի կունենա 2014 թվականի հունվարի 22-ին: