2015թ. մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի կազմակերպման համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2014թ. տեղեկատվական նյութերի մշակում, հրատարակում, որոնք վերոնշյալ գագաթաժողովի և ֆորումի մասնակից երկրներին կտրամադրեն ընդգրկուն և մանրամասն տեղեկատվություն ՀՀ կրթության և գիտության ոլորտի մասին: Մասնավորապես, նշված տեղեկատվական նյութերը պետք է ամփոփ ներկայացնեն ՀՀ բարձրագույն կրթության համակարգը, դրա առավելությունները և զարգացման հիմնական միտումները, ինչպես նաև Հայաստանում Բոլոնիայի գործընթացը և կրթական բարեփոխումները:
2014-2015թթ. ընթացքում նախատեսվում է իրականացնել ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի ներկա իրավիճակի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում իրականացված բարեփոխումների արդյունքների վերաբերյալ վերլուծություն: Մանրամասները տրված են ստորև.
1.հավաքագրել տեղեկատվություն ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ներկայիս իրավիճակի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում իրականացված բարեփոխումների արդյունքների վերաբերյալ,
2.կատարել հավաքագրված տեղեկատվության վերլուծություն,
3.մշակել տեղեկատվական գրքույկ անգլերեն լեզվով,
4.իրականացնել գրքույկի դիզայնի աշխատանքի համակարգում և էլեկտրոնային տարբերակով ներկայացնել ԿԳ նախարարություն.
Վերոնշալ աշխատանքների իրականացման համար հայտեր կարող են ներկայացնել այն կազմակերպությունները, որոնք.
ա) ունեն նմանատիպ գործունեությամբ զբաղվելու իրավունք,
բ) ունեն նմանատիպ աշխատանքների իրականացման փորձ (գերադասելի է կրթության ոլորտում),
գ) ունեն անհրաժեշտ կարողություններ՝ ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի ներկա իրավիճակի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում իրականացված բարեփոխումների արդյունքների վերաբերյալ վերլուծություն կատարելու և տեղեկատվական գրքույկ մշակելու համար:
Ներկայացվող հայտերն իրենց մեջ պետք է ներառեն.
1.պետական գրանցման վկայականը և կազմակերպության կանոնադրությունը՝ ի ապացույց Հայաստանի Հանրապետությունում օրինականորեն գործելու և ինքնուրույն իրավաբանական անձ լինելու,
2.տեղեկանք կազմակերպության մասին՝ ներառելով տեղեկություններ ստեղծման տարեթվի, գործունեության ոլորտների և նախկին ու ներկայումս իրականացվող աշխատանքների մասին,
3.տեղեկանք ՀՀ բարձրագույն կրթական ոլորտին վերաբերող, նախկինում կատարած վերլուծությունների, մշակումների և նմանատիպ այլ աշխատանքների մասին,
4.տեղեկանք պահանջվող աշխատանքների կատարման կարողությունների մասին, մասնավորապես նշելով կազմակերպության գործունեության հասցեն և այս աշխատանքներում ներառվող հիմանական աշխատակազմի փորձը և որակավորումը (կցել անձնական թերթիկներ):
Հայտերը ներկայացնել 2014 թվականի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ, ՀՀ կառավարության №3 շենք, ՀՀ կրթության և գիտության նախարարություն /6-րդ հարկ/, 609 սենյակ:
Հայտերն ուսումնասիրելու ընթացքում նախարարությունը իրավասու է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010-52-56-62 հեռախոսահամարով:
Tag Archives: կգն
Օգոստոսյան խորհրադակցությունների մեկնարկ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է 2014-2015 ուսումնական տարվա մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ օգոստոսի 26-30-ը, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով, հանրապետության մարզերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ:Հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և առկա խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով մարզեր կգործուղվեն կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մ.Մկրտչյանը, Կ. Հարությունյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նույն հրամանով մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքների կազմակերպումը հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղերի մասնագետներին:
Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի ընդունել է բանաձև
Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի արդյունքների հիման վրա ընդունվել է բանաձև, որն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության և գիտության նախարարության համար` մոտակա երկու տարիների համար: Համաձայն բանաձևի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կրթության ոլորտում միասնական գիտակցությամբ գործելու, Հայաստան-Սփյուռք կրթական հարաբերություններն ամրապնդելու նպատակով 17 լիագումար նիստերում և 4 մասնախմբերում կազմակերպված համատեղ քննարկումների ընթացքում հնչած առաջարկությունների հիման վրա որոշվեց.
1.Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքների ուղղությամբ` Սփյուռքի, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության բոլոր օղակներում կարևորել Հայոց ցեղասպանության և Հայ դատի վերաբերյալ աճող սերնդի կողմից ճշմարիտ պատմական գիտելիքների ձեռքբերումը և մշտապես պահանջատեր լինելու դիրքորոշումը` գերխնդիր դարձնելով ճանաչման, դատապարտման և հատուցման ուղենիշը:
2.Հայոց ցեղասպանության հարցերին անդրադառնալ հայագիտական դասընթացներում` կարևորելով ցեղասպանության պատճառները, նախապատմությունը, ընթացքը, հետևանքները, ինչպես նաև բացասական ազդեցությունների վերացման, դատապարտման և հատուցման գիտակցման ձևավորումը. Հայոց ցեղասպանության պատմական իրողությունն ու դրա իրավական կողմերը դիտարկել աշխարհում տեղի ունեցած և ճանաչում ստացած ցեղասպանությունների համատեքստում:
3.Ստեղծել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնաօժանդակ տարատեսակ նյութեր` հաշվի առնելով թիրախային խմբերի հոգեբանական առանձնահատկությունները:
4.Քաջալերել Հայոց ցեղասպանության մասին և նրան առնչվող գեղարվեստական, վավերագրական, ճանաչողական հայերեն և օտարալեզու գրականության հրատարակումն ու տարածումը:
5.Ուսուցիչների, մանկավարժական որակավորում տվող համալսարանների ուսանողների համար նախատեսել ուսումնական նյութեր Հայոց ցեղասպանության մասին, ծանոթացնել համապատասխան միջազգային պայմանագրերին, կոնվենցիաներին և դրանց իրավական բովանդակությանը:
6.Նպաստել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների կրած հոգեբանական վնասվածքների ուսումնասիրությանը և հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին:
7.2015թ. իրականացվելիք կրթամշակութային միջոցառումները նվիրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
8. Մշակել և ուսուցիչներին տրամադրել բազմաբնույթ նյութեր Հայոց հերոսամարտերի, մասնավորապես Արցախյան ազատամարտի դրվագների և հերոսների մասին:
Օրակարգում` Տեմպուս և Էրազմուս+ ծրագրերի ընթացքը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Տեմպուս և Էրազմուս+ ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր: Նախարարը կարևորել է հայաստանյան կողմի ամբողջական մասնակցությունն այդ ծրագրերին` ընդգծելով նախարարության ակտիվ ընդգրկվածության անհրաժեշտությունը: Նախարար Արմեն Աշոտյանը և դեսպան Տրայան Հրիսթեան քննարկել են նաև նոր ծրագրերին առնչվող կառուցվածքային և բովանդակային մի շարք հարցեր:
Առաջատար ղեկավարներ՝ պետական և մասնավոր հատվածի համար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է “Սիանս Պո” ընկերության տնօրեն Քրիստիան Դյուվալի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ողջունել է Հայաստանում “Սիանս Պո” Արմենիա-ի գործունեությունը` կարևորելով վերջինիս գիտակրթական և հետազոտական, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտների առաջատար ղեկավարների վերապատրաստման կուրսերը: Ա. Աշոտյանի խոսքով` նման հաստատության բացումը տարածաշրջանում աննախադեպ իրադարձություն է և, ըստ էության, առաջինն է ԱՊՀ տարածքում: Նախարարը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակի վրա` ընդգծելով, որ պատահական չէ, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նախատեսվող միջոցառումներին:
“Սիանս Պո” ընկերության տնօրեն Քրիստիան Դյուվալը ողջունել է Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարության նախագահության ստանձնումը` նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա` Հայաստանի կրթական ոլորտի ինտեգրմանը եվրոպական միասնական կրթական տարածքին: Վերջինիս խոսքով` “Սիանս Պո” Արմենիան ՀՀ հանրային ծառայողներին և ուսանողներին առաջարկում է համատեղ բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի որակավորմամբ), հետբուհական կրթական ծրագրեր և լրացուցիչ, շարունակական կրթություն` ընդգծելով, որ ընկերությունն իր ծառայությունը կմատուցի ոչ միայն հայ ուսանողներին, այլև օտարերկրյա քաղաքացիներին` դառնալով նաև տարածաշրջանում միջազգային մակարդակի կառույց: Քրիստիան Դյուվալը նշել է նաև, որ Էքս-ան-Պրովանսի “Սիանս Պո” քաղաքագիտության ինստիտուտի առաքելությունը ի սկզբանե եղել է առաջատար ղեկավարների պատրաստումը թե՛ Ֆրանսիայի պետական համակարգի, թե՛ մասնավոր հատվածի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երիտասարդ գիտաշխատողների, դիպլոմների փոխճանաչման, ուսանողների շարժունության, Ֆրանսիական համալսարանին գիտահետազոտական բուհի կարգավիճակ տալու, ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակներում համագործակցության ընդլայնման և այլ հարցեր:
Նշենք, որ այսօր Ֆրանսիայի դեսպանատանն իրենց ավարտական վկայականներն են ստացել դասընթացի առաջին 7 շրջանավարտները:
Ի գիտություն
Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-ից մինչև հուլիսի 20-ը (ժամը 18:00) ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ:
Կայացել է Հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2013-2014 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը` ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2014 թ. ընդունելության արդյունքների ներկայացում, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 105-106-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատում, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատում, ՀՀ կառավարության 2010թ. N 447–Ն որոշմամբ հաստատված պահուստային տեղերից Մեղրիին հատկացված 6 տեղերի ( 2 բժշկական և 4 մանկավարժական) մրցույթի անցկացում և հաստատում, ՀՀ ՊՆ ներկայացվող, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի հավակնող արական սեռի դիմորդների ցուցակի նախապատրաստում, ԼՂՀ նպատակային ընդունելության ամփոփում և ըստ բուհերի ընդունելության ցուցակի նախապատրաստում, քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների /գրությունների/ քննարկում և այլ ընթացիկ հարցեր:
Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռոբերտ Սուքիասյանը ներկայացրել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2014 թվականի ընդունելության արդյունքները, որի համաձայն` 290 դիմորդ դրական միավորներ են ստացել, բայց որևէ բուհ չեն ընդունվել: 169 դիմորդ չի ներկայացրել ատեստատ: Հանձնաժողովը քննարկել է բուհերի ռեկտորների դիմումները` հավելյալ տեղեր տրամադրելու հետ կապված: Որոշ բուհերի դիմումները բավարարվել են, մասնավորապես, լրացուցիչ 120 տեղ է տրամադրվել ԵՊԲՀ-ին, 53 տեղ` Տնտեսագիտական համալսարանին, ևս 20 տեղ` արվեստի բուհերին: Ագրարային ակադեմիան այս տարի գրանցել է աննախադեպ թվով` մոտ 1000 ուսանող` նախորդ տարիների համեմատությամբ: Ընդ որում` 650 դիմորդ ընդունվել է ատեստատի գնահատականով: Նախարարը հանձնարարել է վերլուծել վերոնշյալ մեխանիզմի ներդրման արդյունավետությունը` հետագայում կիրառելու այն մասնագիտությունների գծով, որոնք լրացուցիչ խթանի կարիք ունեն:
Անդրադառնալով արտոնություններից օգտվող դիմորդներին` Ռ. Սուքիասյանը նշել է, որ առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները վճարովիի շեմը հաղթահարելու դեպքում կսովորեն անվճար հիմունքներով: Պետբյուջեի հաշվին կրթություն կստանան նաև Եվրոպայի և աշխարհի առաջնության 24, դպրոցականների միջազգային օլիմպիադաների 7 մրցանակակիրներ:
Այս տարի նպատակային տեղերով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի 13 դիմորդ կընդունվի ՀՀ բուհեր: Դրական պատասխան է տրվել նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների` անվճար հիմունքներով սովորելու մասին դիմումներին:
Անդրադառնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումներին` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ քաղաքացիներից ստացվել են բազմաթիվ դիմումներ, որոնց ճնշող մեծամասնությունը վերաբերել է այս կամ այն կարգից բացառություն անելու խնդրանքներին, օրինակ, հայտ փոխել, նոր մասնագիտություն հայտավորել: Նախարարի խոսքով` այդ բոլորը դիմումները բնականաբար մերժվել են, քանի որ հակասում են գործող օրենսդրությանը:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործընթացին վերաբերող այլ հարցեր:
Նշենք, որ ընդունելության շեմը հաղթահարած դիմորդների ցուցակները կհրապարակվեն հուլիսի 15-ին:
ՀՀ ԿԳՆ-ն` ամենաբաց կառույց. Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014 թվականի հունիսին հայաստանյան ԶԼՄ-ների շրջանում անցկացրել է հարցում՝ նպատակ ունենալով պարզել լրագրողների և լրատվամիջոցների կարծիքով ՀՀ ամենափակ և բաց կառույցները։ Հարցմանը մասնակցել են երևանյան և մարզային 52 լրատվամիջոցի 62 լրագրողներ և խմբագիրներ, ովքեր բաց և փակ մարմինները նշել են՝ հաշվի առնելով սեփական փորձը: Հարցմանը մասնակցել է 12 հեռուստաընկերություն (լրատվական թողարկման խմբագրություն), 4 ռադիոկայան (լրատվական թողարկման խմբագրություն), 14 տպագիր մամուլ, 22 առցանց պարբերական։ Ընդգրկված 52 ԶԼՄ-ից 10-ը եղել են մարզային։
Ըստ հարցման արդյունքների` բաց կառույցների ցանկը գլխավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը`40.3% արդյունքով:
ԿԳ նախարարը ներկայացրել է անցումային բալերը որոշ բուհերում և ֆակուլտետներում
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եվ այսպես, ինչպես խոստացել էի, որոշ բուհերում և ֆակուլտետներում անցումային բալերի մասին:
Հիշեք, որ մրցույթն անցկացվում է ըստ դիմորդների հայտերի առաջնայնությունների
ԵՊԲՀ ընդհանուր բժշկություն անվ. 39.25, վճ. 24
ԵՊԲՀ ստոմատոլոգիա անվ. 38, վճ. 21.50
ԵՊԲՀ դեղագործություն անվ. 37.75, վճ .18
ԵՊՀ միջ. հարաբերություններ վճ. 49
ԵՊՀ իրավագիտություն վճ. 53
ԵՊՀ լրագրություն անվ. 56.75, վճ. 35.25
ՀՊՃՀ ռադիոտեխնիկա և կապ անվ. 29.75, վճ. 18
ՀՊՃՀ կիբեռնետիկա անվ. 31, վճ. 15.50
ՀՊՃՀ կիռարական մաթ. և ֆիզ. անվ. 25.50, վճ. 18.50
ՀՊՏՀ կառավարում անվ. 55.25, վճ. 45
ՀՊՏՀ ֆինանսներ անվ. 58.75, վճ. 49
ՀՊՏՀ վիճակագրություն անվ. 55.50, վճ. 35.50
Հ.Գ. Խնդրում եմ, այլ մասնագիտությունների մասին հարցեր չուղղել: Մնացածը կիմանաք հուլիսի 15-ին»:
Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:Մրցույթն անցկացվում է կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված <<Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի>> 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին համապատասխան:
1.համապատասխան ուսումնական տարածք,
2.որակյալ մասնագետներ` վերապատրաստողներ (դասախոսներ, ուսուցիչներ, մեթոդիստներ),
3.մշակված 90-110 ժամյա վերապատրաստման սեփական ծրագիր (տևողությունը 15-20 օր), որը պետք է ներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները,
4.վերապատրաստման ծրագրին և ՀՀ ԿԳ նախարարի` 2011 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 1057 Ա/Ք հրամանով հաստատված հարցաշարին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրին համապատասխան կազմված տեսական և գործնական պարապմունքների թեմատիկ պլան,
5.վերապատրաստման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ:
Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
•պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
•սույն հայտարարության 3-րդ և 4-րդ կետերում նշված ծրագիրն ու թեմատիկ պլանը,
•տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների նկարագրությունը,
•հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
•վերջին 1 տարվա ընթացքում կատարած հիմնական աշխատանքների ցանկը` նշելով պատվիրատուին, պայմանագրային գումարները, դրանց կատարման վայրը և ժամկետները,
•տեղեկանք ֆինանսական կարողությունների և վերջին 1 տարվա միջին տարեկան շրջանառության մասին,
•2013 թվականի ֆինանսական հաշվետվությունները՝ հաստատված ՀՀ հարկային տեսչության կողմից:
6.Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են մինչև 2014թ. օգոստոսի 11-ը, ժամը 18.00-ը ներառյալ դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն` նախօրոք լրացնելով և դիմումին կցելով edu.am և ktak.am կայքերում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող ձևաթղթերը:
Հասցեն` Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն-3, 6-րդ հարկ:
Ամփոփվել են միասնական քննությունների նախնական արդյունքները
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ՀՀ բուհերի ընդունելության քննությունների նախնական արդյունքների ամփոփմանը, հանրապետական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ատեստատների բուհեր ներկայացման վերջնաժամկետի հստակեցմանը և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարեկետում ստացած արական սեռի դիմորդների ցուցակների ՀՀ ՊՆ ներկայացմանը:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ներկայացրել է ընդունելության քննությունների նախնական արդյունքները: Պետական ավարտական և միասնական քննությունները կազմակերպվել են երկու փուլով, 15 առարկաների քնությունները կազմակերպվել են 34 քննական կենտրոններում, որոնցից 10-ը՝ Երևանում: Առաջին փուլում ՀՀ բուհերն ունեցել են ընդհանուր թվով 11 642, իսկ երկրորդ փուլում՝ 1440 դիմորդներ,որում ներառված չեն ներբուհական քննություններ հանձնողները և ԼՂՀ դիմորդները: Այս տարի ևս քննություն հանձնողների ամենամեծ թիվը եղել է հայոց լեզու առարկայից: Հայտագրված քննություններից չեն ներկայացել շուրջ 1100 դիմորդներ, նրանցից հարգելի պատճառով բացակայածները հնարավորություն են ստացել մասնակցելու երկրորդ փուլին: Համաձայն միասնական քննությունների կարգի, եթե քննության ժամանակ դիմորդի ինքնազգացողությունը վատանում է, ապա նա իրավունք ունի հրավիրել քննական կենտրոնի բժշկին, ով կարձանագրի իրավիճակը և միջնորդություն կներկայացնի տվյալ դիմորդի քննությունն ընդհատելու վերաբերյալ: Այս տարի արձանագրվել է այդպիսի 48 դեպք և այդ դիմորդները ստացել են երկրորդ փուլին մասնակցելու իրավունք: Իսկ այն դիմորդները, ովքեր քննասենյակից հեռացել են առանց բշժկին դիմելու և ավելի ուշ բողոք են ներկայացրել, որ քննությունը կիսատ են թողել առողջության հետ կապված խնդիրների պատճառով, բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երկրորդ փուլին մասնակցելու իրավունք չեն ստացել: Քննություններից հեռացվել է 8 դիմորդ՝ հիմնականում քննության ժամանակ հեռախոսներից օգտվելու և քննության կարգը խախտելու համար:
Բողոքարկումների ընդհանուր թիվը կազմել է 483, որից 385-ը քննական կենտրոններում և հիմնականում վերաբերել են տեխնիկական հարցերի և վարահաշվարկի կատարմանը: Բավարարվել է բողոքարկումների 15 տոկոսը:
Այս տարի նվազել է օտար լեզուների միջին գնահատականները, թեպետ հայոց լեզու և հայ գրականություն առարկաների համեմատությամբ դրանք ավելի բարձր են, իսկ մնացած առարկաների միջին միավորները նախորդ տարվա համեմատությամբ չեն փոխվել:
Նախարար Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքները պետք է հրապարկվեն հուլիսի 15-ին, նշել է, որ զուգահեռաբար պետք է կատարվի նաև թափուր մնացած տեղերի վերաբաշխում:
Նախարարը նշել է, որ դրական միավորներ ստացած այն դիմորդները, ովքեր առաջին փուլի արդյունքում չեն ընդունվի իրենց հայտին համապատասխան որևէ մասնագիտությամբ, հնարավորություն կունենան առաջին փուլի ամփոփումից հետո՝ հուլիսի 15-ին, նոր հայտ ներկայացնել: «Մենք թափուր տեղերի վերաբաշխման գործընթացը կազմակերպում ենք հետևյալ սկզբունքներով, որոնք ըստ էության չեն փոխվել: Նախ մենք նախապատվություն ենք տալիս ապահովելու այն դիմորդների բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, ովքեր ստացել են դրական միավորներ: Երկրորդ՝ պետական պատվերով թափուր մնացած տեղերի վերաբաշխման ժամանակ առաջնահերթություն է տրվելու արվեստի և մարզային բուհերին»,- դիմելով ռեկտորներին նշել է նախարարը՝ Ա, Աշոտյանը՝ և առաջարկել երկօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ տեղերի վերաբաշխման վերաբերյալ:
Հանրապետական ընդունող հանձնաժողովի քննարկեց նաև ԳԹԿ-ի կողմից ընդունելության քննությունների ամփոփման նպատակով դիմորդների ատեստատների ներկայացման վերջնաժամկետի հարցը:
Հաշվի առնելով բազմաթիվ դիմումներ` հանձնաժողովը որոշեց ատեստատների ներկայացման վերջնաժամկետ սահմանել հուլիսի 12-ը ներառյալ, մինչև ժամը 17.00-ն: Այն դիմորդները, ովքեր չեն հանձնի ատեստատները սահմանված ժամկետում, գործող կարգի համաձայն կզրկվեն բուհ ընդունվելու հնարավորությունից:
Նախարարն հանձնարարել է նաև կազմել պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում ստացած բուհ ընդունված դիմորդների ցանկը, որպեսզի սահմանված ժամկետներում ներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն:
Ատեստատների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 12-ը
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
“Հարգելի դիմորդներ,
Այսօր կայացավ Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որում ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք նաև դիմորդների ատեստատների ներկայացման վերջնաժամկետի հարցը:
Հաշվի առնելով բազմաթիվ դիմումներ` հանձնաժողովը որոշեց ատեստատների ներկայացման վերջնաժամկետ սահմանել հուլիսի 12-ը, ժամը 17.00:
Ընդգծում եմ, որ ատեստատների ներկայացման վերջնաժամկետն այլևս չի երկարաձգվելու:
Այն դիմորդները, որոնք չեն հանձնի ատեստատները սահմանված ժամկետում, կզրկվեն ընդունվելու հնարավորությունից` անկախ ստացած գնահատականներից”:
Միջազգային համաժողով ԼՂՀ-ում
«Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողով` ԼՂՀ-ում։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Արցախի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են “Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում” միջազգային համաժողովը, որը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 27-29-ը, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: Համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ԼՂՀ Ազգային ժողովի շենքում հունիսի 18-ին, ժամը 9:30-ին:
Միջազգային համաժողովի ընթացքում նախատեսվում են մի շարք քննարկումներ, մասնավորապես, չճանաչված և ճանաչված պետությունների կրթական համակարգերի միջև փոխհամագործակցության, չճանաչված պետություններում բարձրագույն կրթական համակարգի զարգացման, տվյալ երկրների համալսարանների կողմից տրված ավարտական փաստաթղթերի միջազգային ճանաչման և Բոլոնիայի գործընթացում ընդգրկման հետ կապված հարցեր, ինչպես նաև չլուծված քաղաքական խնդիրների բացասական ազդեցությունը կրթական համակարգի վրա: Համաժողովին կմասնակցեն միջազգային փորձագետներ, հետազոտողներ և ուսանողներ, այդ թվում` միջազգայնորեն չճանաչված պետություններից:
Համաժողովի ավարտին նախատեսվում է մասնակից երկրների և միջազգային փորձագետների հետ համատեղ Համաժողովի հռչակագրի ընդունում:
ՀՀ պատվիրակությունը կգլխավորի ՀՀ կրթության և գիտության նախարար
Արմեն Աշոտյանը:
Մեկնարկել են ներբուհական քննությունները
Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում այսօր մեկնարկել են ներբուհական ստեղծագործական քննությունները: <Դերասանի վարպետություն> մասնագիտության քննությանն այսօր ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը զրուցել է դիմորդների և նրանց ծնողների հետ` հաջողություն մաղթելով բոլորին: Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշել, որ ներբուհական քննությունները ևս անցկացվում են ԿԳՆ-ի հսկողության տակ: «Թատերական ինստիտուտը հետաքրքրություն հարուցող ինստիտուտ է: Ինչքան էլ խոսում ենք, որ մենք հումանիտար ու տնտեսագիտական բլոկում ունենք դիմորդների մեծ քանակ, այնուհանդերձ, արվեստի ու մշակույթի ինստիտուտներն ունենում են իրենց դիմորդները, որոնք սեփական նախապատրաստական աշխատանքներն են տանում այստեղ ընդունվելու համար: Չեմ կարող ասել, որ մրցույթը բարձր է, բայց կարող եմ ասել, որ այս տարի նույնպես հատուկ ուշադրության տակ ենք պահելու մշակույթի, արվեստի բուհերում պետական պատվերի ձևավորման գործընթացը: Եթե լինեն տաղանդավոր դիմորդներ, ապա մենք արդեն իսկ պետպատվերի շրջանակում հատկացված տեղերից, անհրաժեշտության դեպքում կավելացնենք»,- նշել է Ա. Աշոտյանը: ՎԵրջինիս խոսքով` ավարտվել է ընդունելության քննությունների առաջին փուլը և թեստերից ու ընթացակարգերից լուրջ դժգոհություններ չկան: «Հանրությունն արդեն հանգիստ է ընդունում ընդունելության քննությունները:Արդեն երրորդ տարին է մեզ հաջողվում է քննությունները կազմակերպել այնպիսի մակարդակով, որ չի հարուցում անհանգստություն: Առջևում լրացուցիչ փուլն է՝ հուլիսի 2-ից 8-ը: Այդ փուլին կմասնակցեն այն դիմորդները, որոնք հնարավորություն չեն ունեցել մասնակցել առաջին փուլին՝ բանակից զորացրված երիտասարդները, Ջավախքի ու սփյուռքի դիմորդները, ինչպես նաև հիվանդության պատճառով քննություններին մասնակցելու հնարավորություն չունեցած դիմորդները»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ կանխվել են նորագույն տեխնիկական սարքերի օգտագործման բազմաթիվ փորձեր, որոնց միջոցով դիմորդները պատասխանել են քննության հարցերին: «Այդ դիմորդները հեռացվել են լսարանից, հիմա փորձում են դիմումներ գրել, որ թույլատրենք նորից մասնակցեն: Նախարարության տեսակետն այստեղ շատ խիստ է ու արդար. մենք չենք թույլ տալու նման դիմորդներին նորից մասնակցելու քննություններին, որովհետև հասարակությանը, նախարարությանը, ԳԹԿ-ին խաբելու ցանկությունը չի կարող արդարացված լինել և թող դաս լինի մյուսների համար, ովքեր կցանկանան քննություն ստանալ ոչ իրենց գիտելիքով և, բնականաբար, կզրկվեն ընդունվելու հնարավորությունից»,- նշել է նա:
Նշենք, որ Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտ առաջին փուլին մասնակցելու համար դիմել է 191 դիմորդ:
ՀՀ հանրակրթական 139 դպրոց կիրականացնի ներառական կրթություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` “ՀՀ կրթության և գիտության նախարարության 2007 թվականի մայիսի 11-ի թիվ 428 Ա/Ք հրամանում լրացումներ կատարելու մասին”: Համաձայն հրամանի` լրացում է կատարվել “Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը հաստատելու մասին” հրամանում: ՀՀ հանրակրթական 22 դպրոց ևս կիրականացնի ներառական կրթություն:
Նախարարին կից կոլեգիայի նիստի օրակարգում` ՀԲ-ի վարկային նոր ծրագիրը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի նիստում ընդգրված էր մեկ հարց` “Կրթության բարելավմանն ուղղված Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրի ներկայացում”, որի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՆ “Կրթական ծրագրերի կենտրոն” ԾԻԳ տնօրեն Հասմիկ Ղազարյանը: Բացելով նիստը` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Համաշխարհային բանկի հետ տարիներ շարունակ իրականացվել է կրթության ոլորտի փոփոխությունների հսկայական ծրագիր: “Համաշխարհային բանկը մեր ամենահուսալի գործընկերներից է. բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագիրը մինչև տարեվերջ կամփոփվի, սակայն այս ընթացքում տարվել են աշխատանքներ` նոր վարկային ծրագրի ուղղությամբ: Մասնավորապես, ընտրվել են թիրախներ, ըստ այդմ` կրթության բարեփոխումների շարունակականության գերակայությամբ սահմանվել են որոշակի ուղղություներ, որոնք ներառված են նոր վարկային ծրագրում: Ծրագիրը նախատեսված է որպես կրթության համակարգի գալիք չորս տարիների բարեփոխումների հիմնական, բայց ոչ միակ մաս: Հատուկ ուզում եմ շեշտել, որ միայն այս վարկային ծրագրով չի պայմանավորվելու կրթական համակարգի զարգացումը. այն գալիս է լրացնելու բարեփոխումների մի կարևոր հատվածի` շեշտադրումը դնելով նախորդ ծրագրերի շարունակության, ինչպես նաև նոր մարտահրավերներին ընդառաջ որոշակի խնդիրներ կարգավորելու անհրաժեշտության վրա”,-նշել է նախարարը: “Կրթական ծրագրերի կենտրոն” ԾԻԳ տնօրեն Հասմիկ Ղազարյանը, ներկայացնելով ծրագիրը, նշել է, որ Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին օժանդակություն տրամադրելու խնդրանքով` Կրթության բարելավման ծրագրի իրականացման համար: Ըստ բանախոսի` ծրագրի նպատակն է` աջակցել կրթության բարելավմանը հիմնական երկու ուղղություններով. աջակցություն հանրակրթության հետագա բարելավմանը և աջակցություն մասնագիտական կրթության ոլորտում նորարարությունների խթանմանը: Հ. Ղազարյանի ներկայացմամբ` ծրագրի տևողությունն է 5 տարի, մեկնարկը նախատեսվում է 2014 թվականի սեպտեմբերից: Ծրագիրը ֆինանսավորելու համար նախատեսված է 37,5 մլն. ԱՄՆ դոլար: Հանրակրթության հետագա բարելավմանն ուղղված բաղադրիչը նախատեսվում է իրականացնել չորս հիմնական ուղղություններով՝ դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում, աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը, կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում, ինչպես նաև աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով: Մասնագիտական կրթության ոլորտում նորարարությունների խթանումը կիրականացվի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացման միջոցով: Այն կտրամադրի նպատակային դրամաշնորհներ` կրթական հաստատություններին կրթական և ենթակառուցվածքային կարողությունների բարելավման և արդիականացման համար: Ծրագրի երրորդ բաղադրիչը վերաբերում է ծրագրի մոնիտորինգին և կառավարմանը:
Անդրադառնալով Համաշխարհային բանկի հետ իրականացվող վարկային նոր ծրագրին` Ա. Աշոտյանը նշել է, որ նախորդ վարկային ծրագրի համեմատ` այս ծրագրում ավելի քիչ ուղղություներ են ներառված` շեշտադրումը դնելով մի քանի գերակայությունների վրա: “Ավագ դպրոցներն ընտրվել են` որպես հանրակրթության բարեփոխումների շրջանակում առ այսօր ամենաքննարկվող փոփոխություններից մեկը, որի սկիզբը դրվեց 2008 թվականին, սական ճգնաժամի և հետճգնաժամային տարիներով պայմանավորված` նախկինում հանձն առած մի շարք պարտավորություններ մնացել են անկատար` նյութագույքային և շենքային պայմանների բարելավման տեսանկյունից: Հրատապ է նաև կրթության բովանդակության վերանայման խնդիրը”, -նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը մշակել է բուհերին աջակցելու նոր մեխանիզմներ. ներկայումս ամենամեծ ֆինանսական հոսքն ուղղվում է Նորարարություների մրցակցային հիմնադրամի միջոցով` արդիականացնելու բուհերի ենթակառուցվածքները:
Կոլեգիայի անդամները մի շարք հարցեր են ուղղել հիմնական բանախոսին, ծավալվել է բուռն քննարկում: Կոլեգիայի նիստի ավարտին ընդունվել է համապատասխան որոշում:
Ընդունելության անցումային շեմը չի նվազեցվի. Ա. Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում այսօր ներկա է գտնվել “Հայոց պատմություն” առարկայի միասնական քննության մեկնարկին: Նախարարը շրջել է քննասենյակներում, հաջողություն մաղթել դիմորդներին, զրուցել քննական թեստերի և քննությունների կազմակերպման ընթացքի մասին:
Դիմորդները նշել են, որ քննություններն անցել են բնակոնոն, և գիտելիք ունեցող դիմորդը քննասենյակում որևէ խնդիր չի ունեցել: Նախարար Ա. Աշոտյանը զրուցել է նաև քննական կենտրոնի մոտ հավաքված դիմորդների ծնողների հետ, լսել նրանց առաջարկությունները՝ քննական թեստերի, դպրոցական դասագրքերի և այլ խնդիրների վերաբերյալ:
Լրագրողների հետ զրույցում Ա. Աշոտյանը, անդրադառնալով միասնական քննությունների ընթացքին, նշել է, որ ավարտական և միասնական քննությունների կազմակերպման գործընթացում երկու առաջնային խնդիր կա՝ քննություններն անցկացնել ընթացակարգերին համաձայն և ապահովել գնահատման անաչառությունը և բացառել քննական թեստերի հետ կապված դժգոհությունները: “Առաջին փուլը, որն արդեն ավարտին է մոտենում, ես համարում եմ հաջողված. դիտարկումները ցույց են տալիս, որ քննություններն անցել են կազմակերպված, և քաղաքացիների բարձրացրած հարցերը ևս ցույց են տալիս, որ հանրության ուշադրությունը կենտրոնացված է ավելի շատ քննությունների արդյունքների, այսինքն՝ բովանդակության, քան թե ընթացակարգերի վրա: Ամենակարևորը, իհարկե, դիմորդների ցուցաբերած առաջադիմությունն է: Պետք է նշել, որ աշակերտները, հատկապես այն առարկաներից, որոնք քննական չեն, թերանում են և այստեղ գնահատման օբյեկտիվության հետ կապված դպրոցներում կան որոշակի խնդիրներ: Ակնհայտ է, որ քննական կենտրոնում կազմակերպված ընդունելության քննություններն անցնում են շատ ավելի բարձր մակարդակով, քան դպրոցների ավարտական քննությունները: Հիմնական դպրոցներում 9-րդ դասարանցիների ավարտական քննությունները ևս առավել անաչառ կազմակերպելու խնդիր ունենք: Միասնական քննությունների ընթացքը հիմնականում գոհացուցիչ է, և Գնահատման և թեստավորման կենտրոնն իր առաքելությունը կատարել է՝ օպերատիվ արձագանքելով անգամ ամենահազվադեպ հանդիպող դժգոհություններին ու քննադատություններին“,- նշել է նախարարը: Ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանում ևս քննական միավորի շեմը, ինչպես դա արվեց Ռուսաստանի Դաշնությունում, իջեցվի, Ա. Աշոտյանը պատասխանել է. “Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի մեզ մոտ անցումային շեմի նվազեցում չի եղել. այն շարունակում է մնալ 7,5 միավորը: ՌԴ-ում, այո, երկու հիմանկան առարկաներից,՝ռուսաց լեզվից ու մաթեմատիկայից, ընդունելության շեմը իջեցվել է, որպեսզի շրջանավարտների շուրջ 20-25 տոկոսը չզրկվի ավարտական փաստաթուղթ ստանալուց: Մենք նման խնդիր չունենք, անցումային շեմը չի փոխվել ու չի էլ փոխվելու: Տեղակացնեմ նաև, որ ունենք բավական հետաքրքիր նախամրցութային տվյալներ, որոնք հրակպարակելը դեռևս վաղ է: Այն քաղաքականությունը, որ որդեգրել ենք տարիներ առաջ, այն է՝ բուհ ընդունվելը հեշտացնել, իսկ ավարտական պահանջներն առավել խստացնել, ընդունելության քննությունների խճանկարում արդեն տեսանելի է: Քննությունների արդյունքններն անգամ մաթեմատիկական մոդելավորման տրամաբանությամբ բնական են“,- նշել է Ա. Աշոտյանը: Ինչ վերաբերում է թեստերի առաջադրանքների որակին, ապա, ըստ նախարարի, քննական թեստաբանությունը մասնագիտություն է, և քննական թեստերը կազմել են մասնագետները, ովքեր այդ ոլորտում առավել արհեստավարժ են:
Ա. Աշոտյանը նշել է նաև, որ առաջիկայում հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ կհրավիրվի, որտեղ կքննարկվեն նաև պահուստային տեղերի հարցերը, իսկ միջազգային օլիմպիադաներում և մրցույթներում հաղթած աշակերտների ընդունելության հարցը կքննարկվի առանձին:
Ընդունելության արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 15-ը:
Աննախադեպ օրենքը` բարձրագույն կրթության մատչելիության երաշխիք
2014 թ. մայիսի 19-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Կրթության մասին» օրենսդրական փաթեթը: «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրինագծերի այս փաթեթը, թերևս, այն եզակի նախաձեռնություններից էր, որ խորհրդարանը հաստատեց ձայների այսպիսի հարաբերակցությամբ` 108 կողմ, 3 դեմ և 10 ձեռնպահ: Փաստորեն, պատգամավորների մեծամասնությունը կողմ արտահայտվեց գործադիրի` կրթական բարեփոխումներին միտված առաջարկին:
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 9-ին ստորագրեց Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
ՀՀ կրթության և գիտության նախարարի գնահատմամբ` սա Հայաստանի պատմության մեջ աննախադեպ օրենսդրական փաթեթ է, որով հայ ուսանողների համար ստեղծվում են կայուն սոցիալական երաշխիքներ և բարձրագույն կրթության առավել ընդգծված մատչելիություն: «Առաջինը, հիշում եք, որ մեր բուհերը իրավունք ունեն բարձրացնելու ուսման վարձերը, իրենք են որոշում, և այստեղ կառավարությունը որևէ լիազորություն չուներ: Օրենքի ընդունումով կառավարությունը ստանում է լիազորություն` սահմանելու ուսման վարձի վերին շեմ: Վերին շեմը սահմանվելու է` ըստ կրթության որակի և ըստ կրթական աստիճանի: Կրթության որակ ասելով` նկատի ունենք հավատարմագրման ինստիտուտը, և ակնհայտ է, որ ամենաթանկ ծրագրերը կլինեն միջազգային հավատարմագրում ստացած ծրագրերը, իսկ ամենաէժան ծրագրերը կլինեն այն ծրագրերը, որոնք չեն հավատարմագրվել: Բնական է նաև, որ կլինի բակալավր, մագիստրանտ, ասպիրանտ կրթական աստիճանների գնային տարբերություն»,- ասում է Արմեն Աշոտյանը:
Կրթական գերատեսչության ղեկավարի խոսքով` օրենքի հաջորդ կարևոր դրույթը վերաբերում է բուհերում անվճար տեղերի հատկացմանը և բաշխմանը. «Պետական բուհերն իրենց հատկացված անվճար տեղերի 10 տոկոսի չափով պարտավոր են տրամադրել անվճար կրթություն պետության համար գերակա համարվող մասնագիտություններով: Օրինակ, եթե ԵՊՀ-ն պետությունից ստանում է տարեկան 350 անվճար տեղ, ապա ևս 35 անվճար տեղ պետք է ֆիքսի` ըստ պետության կողմից ֆիքսած գերակայությունների»:
Օրենքն ամրագրել է նաև դրույթ, որով բուհերի բյուջեների առնվազն 7 տոկոսը պետք է ուղղվի ուսանողական զեղչերին: «Մենք ընդլայնել ենք ուսանողական այն խմբերի ցանկը, որոնց երաշխավորում ենք ուսանողական զեղչեր` վարձավճարի զեղչեր, այդ ցանկը շատ կարճ էր, այսօր մենք օրենքով ենք ֆիքսել, թե ուսանողական որ խմբերի համար է պետությունը երաշխավորում ուսանողական զեղչը: Հաջորդ կարևոր նորամածությունը. մենք ֆիքսել ենք ուսանողական զեղչերի նվազագույն չափը: Նախկինում այդ զեղչերը կախված էին բուհի վարչակազմի որոշումից: Եվ ակնհայտ է, որ մեր ուսանողները նաև դժգոհում էին, որ դրանք միշտ չէ, որ արդար են բաշխվում: Այս օրենքի շնորհիվ մենք ունենք հստակ ֆիքսված սոցիալական խմբեր, մենք ունենք հստակ ֆիքսված զեղչային ծավալ, և այս ամենը գործելու է 2015-ի հունվարի 1-ից»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Օրենքով երաշխավորվում են ամրագրված ուսանողական զեղչեր սոցիալապես խոցելի խմբերի համար: Բուհական վճարները կզեղչվեն 30-50 տոկոսով: Փոխհատուցման այս կարգը կվերաբերի մինչև 23 տարին լրանալը առանց ծնողական խնամքի մնացած, մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին, նաև երեք և ավելի անչափահաս կամ երեքից ավելի երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին:
ՀՀ կրթության և գիտության նախարարը հավելեց նաև, որ սոցիալական բոլոր ծրագրերը, որոնք պետությունն իրականացնում է բարձրագույն կրթության մատչելիության ապահովման ուղղությամբ, նպատակ ունեն աջակցել լավ սովորող ուսանողներին, և դա նշանակում է, որ ևս մեկ քայլ է իրականացվում հռչակված նպատակին հասնելու համար, այն է` ոչ մի լավ սովորող ուսանող սոցիալական պատճառներով չպետք է դուրս մնա բուհից:
Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դադարեցվել է լիցենզիայի գործողությունը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` դադարեցվել է«Բիզնեսի և իրավունքի ոչ պետական կրթական հաստատության երևանյան մասնաճյուղին» տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը: Նախարարի հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի համապատասխան եզրակացությունը: Բուհի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների հետևյալ խախտումների հիմքերով` հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի /մարզադահլիճի մասով/, ուսումնամեթոդական ապահովվածության, գրադարանային-տեղեկատվական համակարգի, ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի, ամենամյա հաշվետվություն ներկայացնելու պահանջների մասով և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից առանց գործունեության թույլտվություն ստանալու իրավունքի հեռակա ուսուցմամբ գործելու հիմքով:
Ընթերցող աշակերտը` օրվա հերոս
Հայաստանի գրողների միությունում այսօր տեղի է ունեցել “Ընթերցման” օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել և հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ողջունելով “Ընթերցման” օլիմպիադայի մասնակիցներին և կարևորելով նախաձեռնությունը՝ Արմեն Աշոտյանը շեշտել է, որ ապագան ընթերցող երեխայինն է: Նախարարը նշել է, որ օլիմպիադան հիրավի վերածվել է շարժման, որը միավորում է հասարակական և պետական մարմիններին` հանուն մեկ ընդհանուր նպատակի: “Առանց անձի զարգացման` չկա պետության զարգացում, իսկ անձի զարգացումն առանց ընթերցանության, առանց գիտելիքների պաշարը հարստացնելու, գոյություն չունի: Ուստի, ընթերցասիրությամբ զարգանում ենք անձամբ և նպաստում մեր պետության և հասարակության զարգացմանը: Առանց գիտելիք, վստահեցնում եմ ձեզ, չեք լինի բարեկեցիկ, հարգված և հաջողակ: Գիտելիքը Հայաստանում այլընտրանք չի ունենալու` որպես բարեկեցության, սոցիալական ճանաչման և առաջխաղացման բացառիկ գործիք: Գիրքն այն զուգընկերն է, որի հետ յուրաքանչյուր հանդիպում կյանքում դառնում է ամենագողտրիկ, թանկ և ամենագաղտնի հանդիպումներից մեկը: Միշտ զրուցեք ձեր գրքերի հետ, որովհետև այդ զրույցը թեպետ կայանում է ձեր երկուսի միջև, սակայն վստահեցնում եմ ձեզ, որ այն կյանքում շատ պիտանի է լինելու”,-նշել է Ա. Աշոտյանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս ընդգծել է, որ օլիմպիադան դարձել է ազգային համերաշխության հարթակ` պետական և հասարակական կազմակերպությունների համագործակցության: “Սա իրապես հրաշալի է. բոլորը միավորվել են ընթերցանության շուրջ` հանուն երեխաների ապագայի: Խորհրդանշական է, որ օլիմպիադան մեկնարկեց Գրատպության 500-ամյակի տարում և ամրագրվեց որպես լավագույն ավանդույթ: Եվ շատ գովելի է, որ երեխաներն իրենց կարողություններով վաստակում են լավագույն մրցանակները` իրենց ընտանիքների և դպրոցների համար: Գիտելիքը հաղթող է մեր իրականության մեջ. դա է ապացուցում այս օլիմպիադան”-նշել է Հ. Պողոսյանը` շնորհակալություն հայտնելով “Անտարես” հրատարակչությանը` օլիմպիադայի կազմակերպման և անցկացման համար:
Օլիմպիադան անցկացվել է 6-րդ դասարանցիների շրջանում: Եզրափակիչ փուլում մրցել են 33 աշակերտներ, որոնցից էլ հանձնաժողովի կողմից ընտրվել են հաղթողները: “Ընթերցման” օլիմպիադայի ընթացքում ժյուրին գնահատել է աշակերտների` սահուն ընթերցելու, ճիշտ հնչողությամբ և շեշտադրմամբ կարդալու կարողությունը: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով, ինչպես նաև հովանավորների կողմից նախատեսված այլ մրցանակներով: Մրցույթը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունները և “Անտարես” հրատարակչությունը: Նախաձեռնությանը աջակցել են ևս հինգ նախարարություն, ինչպես նաև մի շարք մասնավոր կազմակերպություններ:

