«Դեմ եմ»-ի անդամ մի խումբ մանկավարժներ դիմել են Վազգեն Մանուկյանին

ՀԽ նիստՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հունիսի 23-ին ընդունել է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ մի խումբ մանկավարժների՝ լսելու նրանց բողոքը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ փոփոխված օրենքի վերաբերյալ:

Մանկավարժներն իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն են հայտնել օրենքի վերաբերյալ՝ նշելով, որ այն հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ին կայացված որոշմանը և ՀՀ մի շարք իրավական ակտերի, այլև ՀՀ Հանրային խորհրդի բանաձևին: Նրանց խոսքով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծն ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը, մինչդեռ օրենքն ընդունվել է առանց հանրային քննարկումների:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ-մանկավարժներն առաջարկել են Հանրային խորհրդում կազմակերպել հանրային քննարկումներ վիճահարույց օրինագծի վերաբերյալ, որի ընթացքում հանրության լայն շերտերը հնարավորություն կունենան իրենց տեսակետները հայտնել:

IMG_4477Վազգեն Մանուկյանի հանձնարարականով հաջորդ օրը՝ հունիսի 24-ին, Հանրային խորհրդում կազմակերպվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀԽ նախագահը, ՀԽ անդամներ, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը, ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Հայրապետյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ինչպես նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ ու մանկավարժներ:

Վերջիններս ներկայացրել են իրենց մտահոգությունը՝ կապված օրենքի կիրառման հետևանքով դպրոցում առաջացած խտրականության դրսևորման հետ, բարձրաձայնել մանկավարժի խիստ ցածր աշխատավարձի և ոչ լրիվ դրույքաչափով աշխատելու պայմաններում պահվող գումարի բացասական  ազդեցության, ինչպես նաև ս.թ. հուլիսի մեկից պետական ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման պարագայում մանկավարժների աշխատավարձերի չնչին փոփոխությունների մասին՝ նշելով, որ սոցիալական վճարների գանձման դեպքում հաճախ բարձրացումը մի քանի հարյուր դրամ է կազմելու:

«Դեմ եմ»-ի ակտիվիստները նշել են, որ նոր օրենքի պարագայում իրենց կողմից բարձրացված մտահոգությունները չեն նվազել, քանի որ երկրում առկա սոցիալական ծանր վիճակի պայմաններում քաղաքացուց լրացուցիչ գումարներ գանձելը որևէ կերպ արդարացված չէ, իսկ պետական ոլորտի վրա կիրառվող սոցիալական վճարը պարտադիր բնույթ է կրում, ինչը հակասահմանադրական է: Նրանք բարձրացրել են նաև հանրության կողմից իշխանությունների նկատմամբ վստահության պակասի հարցը և կարևորել երկրում ինտելեկտուալ ռեսուրսի գնահատման անհրաժեշտությունը:

Պետական կառույցի պաշտոնյաները փորձել են պարզաբանումներ տալ բարձրացվող հարցերի վերաբերյալ, ներկայացնել օրենքի փոփոխման արդյունքում ի հայտ եկած առավելությունները՝ միաժամանակ նշելով, որ սա ծանր բարեփոխում է և չի կարող ցնցումներ չառաջացնել հասարակական որոշ շերտերում:

Քննարկման ավարտին ՀԽ նախագահը հայտնել է, որ խորհրդում կստեղծվի աշխատանքային խումբ, որը քննարկումներ կանցկացնի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կամբողջացնի բարձրացված հարցերը, մտահոգություններն ու առաջարկները և կներկայացնի դրանք ՀՀ նախագահին ու ՀՀ կառավարություն:

 

Անկախ

Դ!ԵՄ ԵՄ. Հայտարարություն նոր օրինագծի վերաբերյալ

դեմ եմՀՀԿ խորհրդրանական խմբակցությունը, անտեսելով հասարակության պահանջները, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը և ի վերջո, երկրի շահը, փորձում է ԱԺ արտահերթ նստաշրջանի շրջանակներում ընդունել ՀՀ կառավարության առաջարկած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

Օրինագիծը կազմվելիս գրեթե հաշվի չի առնվել ՍԴ 2 ապրիլի 2014թ. ՍԴՈ – 1142 որոշման հիմքում ընկած հիմնավորումները, մինչդեռ հենց այդ որոշմամբ էր պայմանավորված նշված օրինագիծը կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Ավելին՝ նոր նախագիծը նույնպես պարունակում է տարատեսակ այլ խնդրահարույց դրույթներ:

Հետաքրքիր է, որ հանրության համար նման կարևորագույն նշանակություն ունեցող և նախկինում մեծ աղմուկ առաջացրած օրենքի նոր նախագիծը չի քննարկվել հանրության հետ: Այն հրապարակվել է միայն արտահերթ նստաշրջանի առաջին նիստի օրը` դրանով խախտելով Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ ու կանոնակարգեր, փաստացի հնարավորություն չտալով ԱԺ պատգամավորներին ծանոթանալ նախագծին: Ընդ որում նախագծին ծանոթ չեն նաև ՀՀԿ-ական պատգամավորները, ովքեր պատրաստվում են քվեարկել այդ օրինագծի օգտին:

Գրեթե բոլոր հիմնավորումները, որոնք մենք բազմիցս բերել ենք արդեն իսկ հակասահմանադրական և անվավեր ճանաչված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հակասահմանադրական, հակասոցիալական, հակամարդկային և հակապետական դրույթների վերաբերյալ, հիմնականում հաշվի չեն առնվել, իսկ վիճահարույց կարգավորումները բովանդակային առումով նույնությամբ կիրառվել են նոր օրինագծում՝ այս անգամ արդեն նոր ձևակերպումներով, ինչը կրկին անգամ հաստատում է մեր համոզմունքը առ այն, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հիմնական նպատակը ոչ թէ սոցիալական դաշտի բարեփոխումներն են, այլ աշխատավոր քաղաքացիներից լրացուցիչ գումարներ կորզելու օրինական հիմքերի ստեղծումը:

«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է վարչակազմի՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նման մոտեցումն ու գործելաոճը, որը կարող է բերել հանրային լուրջ ընդվզման: Միաժամանակ կոչ է անում զերծ մնալ հակասոցիալական, հակասահմանադրական և հակամարդկային նոր օրենքի ընդունումից:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Անկախ

Ձեր 70 հոգիանոց խմբակցությունում պեղեք և գտնեք Արծվիկ Մինասյանի հետ համեմատվելիք 5 պատգամավոր.Աղվան Վարդանյան

Աղվան ՎարդանյանԱԺ-ում Կուտակային կենսաթոշակների նասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցի քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ երեկվա նիստում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի արած հայտարարությանը, թե ՛՛ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ փչացնում են Արծվիկ Մինասյանի նման գյոզալ տղուն՛՛:

Աղվան Վարդանյանը կոչ արեց քաղաքական մեծամասնությանը սոցհարցումների միջոցով պարզել հասարակության կարծիքն ու վերաբերմունքը և՛ Արծվիկ Մինասյանի, և՛ ՀՀԿ-ական պատգամավորների մասին, ապա հավելեց. ՛՛Հարգելի՛ քաղաքական մեծամասնություն, եթե ձեր 70 հոգիանոց խմբակցությունում պեղեք և գտնեք գոնե հինգ պատգամավոր, ովքեր իրենց բանիմացությամբ, սրտացավությամբ, աշխասիրությամբ, էս պետության հանդեպ մտահոգությամբ կարող են համեմատվել Արծվիկ Մինասյանի հետ, այդ ժամանակ իրավունք կունենաք խոսելու՛՛:

 

Անկախ

Դուք անհանդուրժողականություն եք սերմանում` մասնավոր և պետական սեկտորի աշխատակիցներին թելադրելով անհավասար խաղի կանոններ. Լյուդմիլա Սարգսյան

Արտեմ ԱսատրյանԱԺ-ում շարունակվում են Կուտակային կենսաթոշակների նասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցի քննարկումները: Քիչ առաջ, դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԼյուդմիլաՍարգսյանը հարցրեց. ՛՛Ամիսներ շարունակ Կառավարությունը փորձում է հակասահմանադրական ճանաչված դրույթները համապատասխանեցնել Սահմանադրությանը, սակայն, ըստ էության, նոր փոփոխություններով դուք խախտում եք ոչ միայն սերունդների, այլև սերնդակիցների միջև համերաշխության սկզբունքը: Ստացվում է` դուք անհանդուրժողականություն եք սերմանում` մասնավոր և պետական սեկտորի աշխատակիցներին թելադրելով անհավասար խաղի կանոններ: Ի՞նչ տարբերություն եք տեսնում Սահմանադրության համապատասխանեցված օրենքով քաղաքացու կամքից անկախ նրա սեփականության տնօրինման և հակառակի միջև: Ըստ էության` պետությունը շորթում է քաղաքացու միջոցները՛՛:

Ի պատասխան՝ Արտեմ Աստրյանն ասաց. ՛՛Տարբերակված պայմաններ սահմանելու հիմքը հստակ է: Մենք ունենք աշխատանքային օրենսգիրք, որի 7-րդ հոդվածով ամրագրված է, որ պետական աշխատողների համար կարող են սահմանվել օրենքներով համապատասխան իրավահարաբերություններ, որոնք չեն կանոնակարգվում աշխատանքային օրենսդրությամբ: Արհեստական տարբերակման խնդիր չկա: Այս համակարգի ներդրմամբ ամբողջանում են աշխատանքի վարձատրության ու սոցիալ աշխատանքային նոր համակարգը: Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը, ապա ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել անձի սեփականության տնօրինման իրավունքի սահմանափակումը, բացի այդ խնդրահարույց էր համարել երաշխիքների համակարգը, քանի որ այդ գումարները դուրս են մնում պետական հսկողության տիրույթներից: Նոր օրենսդրական համակարգը տալիս է այս հարցերի լուծումները՛՛:

 

Անկախ

Եթե նոր Կառավարությունն այսպես է սկսում իր գործունեությունը, հին կառավարության ճակատագրին է արժանանալու. Արմեն Ռուստամյան

Արմեն ռուստամյանԱԺ-ում շարունակվում են Կուտակային կենսաթոշակների նասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցի քննարկումները: Մտքերի փոխանակման ժամին, խոսելով նպատակային սոցիալական վճարի փաթեթի մասին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն արձանագրեց. ՛՛Տիգրան Սարգսյանի Կառավարությունը փոխվեց հայտնի իրադարձություններից հետո, պատճառներից մեկն էլ Կուտակային կենսաթոշակային համակարգն էր, սակայն ներկայիս Կառավարության բերած ու նախկին օրենքներում առանձնապես տարբերություններ չկան: Հույսերը, որ առաջացել էին, կամաց-կամաց մարում են ու կվերանան մի որոշ ժամանակ հետո: Այս համակարգի, մյուս օրենքների, համակարգերի հետ կապված մի կարևոր հարց անտեսում ենք՝ ինչու է ութսուն տոկոսը միշտ դեմ: Ժողովուրդը հաշվում է իր եկամուտները, տեսնում է, որ  դրանք նվազում են, առանց այն էլ ծանր վիճակում է գտնվում: Այս ամենը հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ էշ մի մեռի, գարուն կգա, յոնջա կուտես: Իշխանություններին թվում է, որ աշխատավարձ բարձրացնելով այս խնդիրը լուծում են, բայց դա այդպես չէ, քանի որ պետական աշխատողների աշխատավարձերն էլ բավական չեն այս պայմաններում գոյատևելու համար: Մարդիկ այսօր չեն վստահում իշխանություններին, ոչ իշխանական ուժերն ու ընդդիմությունը դա էին ցանկանում վերականգնել, որ հույսը լինի, վստահություն առաջանա իշխանությունների նկատմամբ, որովհետև եթե կործանվում ենք, կործանվում ենք բոլորս: Բայց առաջին քայլերը, այդ վստահության արմատները ցանկանում են խարխլել: Ինչու փոխվեց կառավարությունը, եթե այս Կառավարությունը նույն քաղաքականությունն է շարունակում, նման կերպ ինչ իմաստ ունի օրենքը փոխելը, եթե բովանդակությունը չի փոխվում: Մեզ ասում են՝ ձեզ ինչ էլ ներկայացնեինք, դեմ էիք լինելու, լավ չի կարելի չէ՞ այդ աստիճանի աղավաղել իրականությունը, ներկայացնել գլխիվայր, մենք քառյակի հայտարարությամբ ասել ենք՝ ինչ անեք: Հասկացեք՝ նպատական սոցիալական վճարը վճար է ու այն վճարելու է ժողովուրդը: Նպատակը նպաստը չէ, սուտ եք ասում, սա ներդրվում է՝ ֆինանսական խնդիր լուծելու համար, ի՞նչի ենք խաբում մեր ժողովրդին, սա սոցիալական հարցի հետ կապ չունի: Հիմա մի դառը բանի անունը շաքար դնենք, դրանից այն չի քաղցրանալու, չէ՞: Լուծված չի խտրականության խնդիրը, համերաշխության սկզբունքը պահպանված չի, սա է մեր ամբողջ քաղաքական դիևքորոշումների հիմքում ընկած: Եվ եթե նոր Կառավարությունն այսպես է սկսում իր գործունեությունը, հին կառավարության ճակատագրին է արժանանալու՛՛, – եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

Անկախ

Նպատակային սոցիալական վճար` կուտակային վճարի փոխարեն. Փաստինֆո

կառավարություն

Լավատեղյակ աղբյուրներից «Փաստինֆո» գործակալությանը հայտնի է դարձել, որ սահմանադրական դատարանի որոշումից հետո վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբն առաջարկում է նախկին կուտակային վճարի փոխարեն սահմանել նպատակային սոցիալական վճար:

Այսպես, անցած մեկ-մեկուկես ամիսների ընթացքում վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբը լուրջ աշխատանք է տարել սահմանադրական դատարանի որոշումներից բխող կենսաթոշակային օրենսդրության բարելավման ուղղությամբ՝ վերլուծելով բազմաթիվ սցենարներ և միաժամանակ ուսումնասիրելով միջազգային փորձը:

Ըստ մեր աղբյուրի` նախկին կուտակային վճարի փոխարեն նախատեսվում է սահմանել նպատակային սոցիալական վճար, ընդ որում` դրա համար սահմանվելու է առավելագույն շեմ՝ 500.000 դրամ, իսկ պետության մասնակցությունը կլինի առավելագույնը 25.000 դրամ:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

«Ժողովուրդ». ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստվում են դիմում գրել

Էլինար Վարդանյան«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 1974 թ. հետո ծնված ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստվում են դիմում ներկայացնել ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ պահանջելով իրենց չընդգրկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում եւ իրենց նկատմամբ չկիրառել այդ պահումները։ Մեր տեղեկություններով՝ պատգամավորները դիմումները ներկայացնելու են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների պաշտնական հրապարակումից հետո, երբ օրենքն ուժի մեջ մտնի։ ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այդ փաստը։ Նշենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը տարածվում է ԱԺ 27 պատգամավորի վրա, որոնցից 10-ը ԲՀԿ-ականներ են։ ԲՀԿ-ից դիմում գրելու պատրաստվում են Էլինար Վարդանյանը, Բազմասեր Առաքելյանը, Վահան Բաբայանը, Մարտուն Գրիգորյանը, Վահե Էնֆիաջյանը, Հայկ Խաչատրյանը, Վահե Հովհաննիսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Մուշեղ Պետոյանն ու Դավիթ Քոչարյանը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Խորհրդարանի նախագահը դեռևս չի ստացել Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը

Hovik-Abrahamyan12-e1351862383452Խորհրդարանի նախագահը ոչ իշխանական չորս քաղաքական ուժերից դեռևս չի ստացել Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը: Այդ մասին Հովիկ Աբրահամյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: “Եթե չկա նախաձեռնությունը, հարցը օրակարգում չէ, ինչ գնահատականի մասին է խոսքը”,-ասաց նա:

Հովիկ Աբրահմյանի խոսքով, ՀՀԿ-ն է ձևավորել գործող կառավարությունը, հետևաբար վստահում են գործադիրին:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նաև կենսաթոշակային օրենքի վերաբերյալ հարցին` նշելով, որ եթե լինի օրենսդրական փոփոխությունների կարիք, իրենք պատրաստ են դա անել, սակայն ոչ թե ճնշման, այլ քննարկումների արդյուքնում:

 

Անկախ

Վայոց ձորի մարզպետը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

Էդգար ՂազարյանՎայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել  է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Նա գրում է. «Երկար ժամանակ է, որ մեծ ուշադրությամբ հետևում եմ կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներին և պարտադիր կուտական կենսաթոշակային բաղադրիչի ներդրման համակարգի շուրջ ծավալվող քննարկումներին: Հետաքրքրվածությունս ունի մի քանի պատճառ, որոնց մեջ իմ բարձրաստիճան պաշտոնատար անձ լինելու հանգամանքն ամենակարևորը  չէ: Ես հանդիսանում եմ 1975 թվականին ծնված ՀՀ քաղաքացի, հետևաբար` այդ համակարգի շահառու: Քանի որ ես հանրային ծառայող եմ, ուստի պաշտոնավարման շրջանում իմ գույքի և եկամուտների մասին տեղեկատվությունն անձնական գաղտնիք չի կարող համարվել, հետևաբար այն կարող է մատչելի լինել հանրությանը:

Բոլորվին վերջերս ես ստացա իմ 2014 թվականի հունվար ամսվա աշխատավարձը, որը նախորդ ամիսներից պակաս էր մոտ 12,000 դրամով: Ինձ համար պարզ է, որ դա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համար գանձված գումարն է: Փորձելով հասկանալ այդ համակարգի դեմ դժգոհություն հայտնողների պատճառներն ու շարժառիթները, գնահատելու համար առկա ռիսկերը` ես ինձ համար կատարել եմ հետևյալ վարժությունը: Ես հիմա 38 տարեկան եմ, իսկ կենսաթոշակային տարիքի պետք է անցնեմ 63 տարեկան հասակում (2039 թվականին), այսինքն` 25 տարի անց: Եթե իմ եկամուտները այդ 25 տարիների ընթացքում մնան նույն մակարդակին, ապա ստացվում է, որ ես այդ համակարգում պետք է պարտադիր կարգով կատարեմ հետևյալ չափի վճարումներ. 25 տարի x 12 ամիս x 12,000 դրամ=3.600.000 դրամ: Պետությունը հանձնառություն է ստանձնել կրկնապատկել իմ վճարումները, այսինքն` վերջնական վճարումները իմ հաշվին կկազմեն 7,200,000 դրամ (առանց կառավարող հիմնադրամների հատկացումների):

Եթե Աստված ինձ պարգևի մինչև 75 տարեկան ապրելու երջանկություն, ապա կստացվի, որ ես կենսաթոշակային տարիքում կապրեմ 12 տարի կամ 144 ամիս: Եթե 7,200,000 դրամը բաժանենք այդ 144 ամիսների վրա, ապա իմ հասանելիք կենսաթոշակը, միայն կուտակային բաղադրիչից ամսական կկազմի 50.000 դրամ: Միաժամանակ ես կստանամ նաև պետական բյուջեից ֆինանսավորվող աշխատանքային կենսաթոշակ, որը հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակին կավելացվի 2014 թվականն աշխատած շուրջ 20 տարվա աշխատանքային ստաժի համար տրվող հավելումը (հաշվի առնելով կենսաթոշակառուի անձնական գործակիցը): Հիմք ընդունելով 2014 թվականին գործող ցուցանիշները (հիմնական կենսաթոշակի չափը` 14.000 դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` առաջին տաս տարվա համար 700 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 450 դրամ), ինչպես նաև կենսաթոշակի անցնելու պահին իմ ունեցած աշխատանքային ստաժի տևողությունից (շուրջ 45 տարի) հաշվարկված` կենսաթոշակառուի անձնական գործակիցը (1.4), իմ աշխատանքային կենսաթոշակի չափը կկազմի շուրջ 28.000 դրամ (14.000 դրամ+(10 տարի x 700 դրամ+10 տարի x 450 դրամ) x 1,4): Արդյունքում կենսաթոշակի անցնելուց հետո իմ ամսական եկամուտները կկազմեն շուրջ 78.000 դրամ: Իսկ առանց կուտակային բաղադրիչի ներդրման` իմ կենսաթոշակի չափը կկազմեր շուրջ 45.000 դրամ:

Մեկ անգամ ևս նշեմ, որ ներկայացված ցուցանիշները հաշվարկային են, որտեղ հաշվի չի առնվել ոչ գնաճը, ոչ իմ կենսաթոշակային ակտիվների կառավարումից ստացած եկամուտները, ոչ աշխատավարձի աճը (2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ պետական կառավարման ոլորտում սպասվող աշխատավարձերի բարձրացումները շատ հուսադրող են այդ առումով): Իմ այն հասակակիցները, որոնք առավել երիտասարդ են ինձնից կամ ստանում են առավել բարձր վարձատրություն, կարճաժամկետ իմաստով առավել «խոցելի են», քանի որ այս պահին բացարձակ թվերով նրանք ավելի մեծ չափի գումարներ են վճարում, սակայն հարաբերական իմաստով, նրանք ավելի քիչ են վճարում, քանզի ի վերջ զուտ եկամուտը նրանց համար բացարձակ թվով գերազանցելու է իմ եկամտին, իսկ հեռանկարային տեսանկյունից նրանք շահում են, քանզի հետագայում ստանալու են ավելի բարձր կենսաթոշակ, քան ես: Մյուս կողմից նրանց եկամուտների միջև ընդգծված խզում աշխատանքային և կենսաթոշակային տարիքում գրեթե չի նկատվի, ինչը դրական անդրադարձ կունենա  նրանց ցկյանս բարեկեցության վրա: Սակայն, պարզվում է, որ նրանց առավելապես անհանգստացնում է այս կարճաժամկետ «կորուստը», որի պատճառով փորձում են հրաժարվել իրենց ծերության մասին հոգածությունից: Եթե կան ռիսկեր ապագայի անորոշությամբ պայմանավորված, ապա դրանք մենք պետք է չեզոքացնենք մեր իսկ աշխատանքով: Ես ոչ միայն հավատում եմ մեր երկրի և մեր բոլորի լուսավոր ապագային, այլև պարտավոր եմ իմ աշխատանքով, իմ գործունեությամբ նպաստել դրան: Եթե փաստարկվում է մեր ծնողների խնայբանկերում ներդրված ավանդների կորուստի անհաջող և տվյալ դեպքի համար անհամադրելի օրինակը, ապա պետք է նկատել, որ այսպես կոչված «սերունդների համերաշխության» սկզբունքի վրա հիմնված կենսաթոշակային համակարգն ունի նույն ռիսկերը` անազնվության և անարդարության բազմաթիվ դրսևորումներով: Օրինակ. իմ հայրը, ցավոք սրտի, վախճանվել է երիտասարդ հասակում` 59 տարեկանում, այսինքն` բազմաթիվ տարիներ իր աշխատանքի շրջանում նա վճարումներ է կատարել կենսաթոշակային համակարգին, սակայն երբեք դրանից չի օգտվել: Իր կատարած վճարումները որևէ կերպ չեն փոխանցվել իմ մայրիկին կամ հայրիկիս ժառանգներին (քույրերիս կամ ինձ): Մայրս բազմամյա աշխատանքի արդյունքում գտնվում է կենսաթոշակային տարիքում և ստանում է ընդամենը 42,000 դրամ թոշակ: Արդյո՞ք դա համարժեք է այն վճարումներին, որ նա կատարել է տարիների ընթացքում: Կարծում եմ, որ ոչ: Սակայն նա ստիպված է բավարարվել այդ թոշակով, քանզի նրա կենսաթոշակը կախվածության մեջ է դրված ոչ թե իր կատարած վճարումներից, այլև ներկա պահին ժողովրդագրական ցուցանիշներից, մարդկանց զբաղվածության և վարձատրության աստիճանից: Նոր համակարգը հնարավորություն է տալիս մեզ ինքնուրույն կառավարել սեփական միջոցները և տնօրինել դրանց ճակատագիրը:

Կարելի է մտածել, որ այս ամենը պետք է ոչ թե պարտադրել, այլ թողնել յուրաքանչյուրի բանականությանը: Կյանքը ցույց է տալիս, որ կամավոր կերպով այդ համակարգին միացողների թիվը շատ փոքր է: Պատճառը ոչ թե առողջ բանականության պակասն է, այլ երիտասարդ տարիքում ֆինանսական ծախսեր կատարելու օբյեկտիվ անհրաժեշտությունը: Ես էլ երիտասարդ մարդ եմ և ինձ համար նույնպես շատ դժվար է միջոցներ խնայել իմ երեխաներից, իմ ընկերներից կամ մարդկային նախասիրություններից, և կուտակել այն ծերության շրջանում ծախսելու համար: Ինձ համար գոնե դա պետք է լինի պարտադիր: Ես համոզված եմ, որ դա բխում է իմ իսկ շահից: Իսկ բոլոր նրանք, ովքեր այսօր դեմ են արտահայտվում այդ համակարգին և զանազան ակցիաներ կազմակերպում, կարծում եմ պետք է լավ պահեն իրենց բոլոր պաստառները, լավ ճանաչեն մեկը մյուսին, որ 25 տարի անց նորից հավաքվեն հրապարակներում իրենց սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնելու համար: Ես անձամբ այդպես չեմ ցանկանում: Ես ուզում եմ ապրել հանգիստ կյանքով. հիմա և ծերության շրջանում` քաջ գիտակցելով, որ դրա համար (ինչպես ամեն ինչի) պետք է վճարել:
Ինձ զարմացնում է նաև այն իրողությունը, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ են արտահայտվում 1974 թվականից վաղ ծնված քաղաքացիները, որոնց դա բացարձակապես չի վերաբերում: Ընդդիմախոսների շարքում կարել է հանդիպել անգամ արդեն կենսաթոշակ ստացողների: Սա նշանակում է, որ որոշ անազնիվ ուժեր փորձում են քաղաքականացնել մի երևույթ, որը գոնե այսօրվա քաղաքական գործընթացների հետ որևէ առնչություն չունի: Այս մասին որոշում ընդունող մարդկանցից և ոչ մեկը, իմ կարծիքով, 25 տարի հետո իշխանության մեջ դժվար թե լինի:  Բայց պետք է գտնվեր մեկը, մի իշխանություն, որը կայացներ տնտեսության և հասարակության զարգացման ռազմավարական որոշում` հաշվի չառնելով նախորդ և առաջիկա համապետական և տեղական ընտրությունների ժամկետները: Այս որոշումը կայացնելու քաղաքական պատասխանատվությունը ստանձնել է այսօրվա իշխանությունը: Ես վստահ եմ, որ բողոքի դուրս եկած այսօրվա շատ երիտասարդներ կենսաթոշակի տարիքում շնորհակալությամբ են հիշելու այս համակարգը ներդնողներին:
Ամփոփելով ես ուզում եմ դիմել 1974 թվականին և դրանից հետո ծնված Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Հարգելի հասակակիցներ և երիտասարդ բարեկամներ,  այն պահին, երբ մեր ժողովրդի լավագույն զավակները սահմանին կանգնած իրենց կյանքն են զոհաբերում հանուն մեզ և մեր երեխաների, մեր ապահովով ծերության մասին գոնե մենք պետք է մտահոգ լինենք: Դրա առավել արդյունավետ, արդար և տրամաբանական լուծումը, քան պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն է, աշխարհի առաջավոր երկրներում դեռ չեն գտել»:

Գյումրեցի պատգամավորը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգն անփոխարինելի է համարում

26 039Գյումրիում անցկացված «ԴԵՄ ԵՄ պարտադիր կուտակայինին» ակցիայի մասնակիցներին ընդունեց գյումրեցի պատգամավոր, ՀՀԿ Գյումրի-2 տարածքային կազմակերպության պատասխանատու Սուքիաս Ավետիսյանը: Վերջինս երիտասարդների հետ բավական երկար զրույց ունեցավ: «Քաղաքը մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանը պատգամավորին ներկայացնելով երիտասարդներին՝ նշեց. «Այստեղ այն անձնակազմն է, որ անմիջապես պարտադիր կենսաթոշակային համակարգի բացասական հետևանքները զգացել է իր վրա և մենք եկել ենք ձեզ մոտ հորդորով, որ  հրաժարվեք այդ օրենքից»:
«Իհարկե, նմանատիպ խորը բարեփոխում պահանջող օրենքը, ինչ խոսք նաև ունենում է որոշակիորեն ազդեցություն որոշակի խավերի վրա: Ես ինքս օրենքի քննարկումներին մասնակցել եմ դեռ 10 տարի առաջ: Ասեմ, որ ի սկզբանե շատ ու շատ ավելի մտահոգող օրենսդրական բացեր ենք մենք նկատել, որոնք տարիների ընթացքում փորձել ենք շտկել: Իհարկե, շատ մարդկանց եկամուտը պակասել է, Հայաստանում շատ բարձր աշխատավարձ ստացող մոտ 684 մարդկանց եկամուտը պակասել է, ինչպես նաև մի քանի հազար մարդու: Բայց նաև չէր կարող մեր կենսաթոշակային համակարգը նման ձևով շարունակվեր: Ես շատ ուրախ կլինեի, որ նմանատիպ օրենք ընդունվեր 20 տարի առաջ՝ անկախության ընդունումից հետո, և շատ հարցերում այսօր ավելի առաջավոր տեղերում կլինեինք, քան հիմա՝ կենսաթոշակների համակարգի առումով», – նշեց Սուքիաս Ավետիսյանը: Ապա երիտասարդներին բացատրեց, թե ինչու են օտարերկրյա կազմակերպությունները տնօրինելու ֆոնդերը, ինչու է համակարգը պարտադիր և այլն:

Ակցիայի մասնակիցներից մեկը հարցրեց, թե. «Չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ ու արդար կլիներ, եթե նախևառաջ աշխատատեղեր ստեղծեին, նոր կուտակայինի հարցն առաջ քաշվեր»:
Ի պատասխան պաշտոնյան նշեց. «Շատ ավելի լավ կլիներ, բայց խնդրեմ, դուք հուշեք առաջարկ՝ Գյումրիում թեկուզ 10 աշխատատեղ ստեղծելու: Ես պատրաստ եմ կանգնել ցանկացած մարդու կողքը, որպեսզի կարողանա Գյումրիում 10, 20, 30 աշխատատեղ ստեղծել:  Այսօր ամենալավ տարբերակն այն է, որ ոչ թե 1:1 կամ 1:2 հարաբերակցություն լիներ, այլ լավագույն զարգացած երկրների պես՝ 5 աշխատողին մեկ թոշակառու լիներ, մենք էլ այս խնդիրը կարողանայինք լուծել: Մենք լավ օրից չենք գնացել սրան: Ուսումնասիրվել է մի քանի տասնյակ երկրների փորձ, թե ինչ արվի, ինչպես, որ սրա տակից կարողանանք դուրս գալ»:
«Ես ի սկզբանե ասել եմ և կրկնում եմ, այո, ծանր է, երբ մարդու ռեալ եկամուտը պակասում է և այն եկամտից է պակասում, որը մարդուն հազիվ բավարարում է կամ չի էլ բավարարում, իր նվազագույն կեսապահովման խնդիրները լուծելու համար: Բայց չկա նաև որևէ տարբերակ, որ կարողանանք մի քաղաքում կամ մի մարզում լրացուցիչ արտոնության խնդիր դնենք», – ասում է պատգամավորը:
Իսկ ակցիայի մասնակից Արսեն Վարդանյանը նշեց հետևյալը. «Քանի որ մեզ համար պետությունն ի սկզբանե չի ստեղծել սոցիալական պայմաններ, մենք մեզանով ենք ստեղծում, ես ի սկզբանե, չեմ պատրաստվում այդ 5 տոկոս պարտադիր կենսաթոշակայինը վճարել և համահայկական ընդվզման կոչ եմ անում բոլոր-բոլորին, ովքեր ինձ  պես առավոտից իրիկուն, չարչարանքով ստեղծել են այդ գումարը և ի վիճակի չեն իրենց մինիմալ կենսական պայմաններն ապահովել»: Երիտասարդները պատգամավորին հորդորեցին այսուհետ չընդունել նմանատիպ օրենքներ, որոնք կարող են բերել ներքաղաքական ընդվզումների. «Մենք մինչև վերջ գնացող ենք, մենք մեր իրավունքների հետևից գնալու ենք և քայլ առ քայլ պահանջելու ենք, որպեսզի այս ամենը լինի պարզ, թափանցիկ ու ի շահ մեզ»:
Սուքիաս Ավետիսյանը խոստացավ ԱԺ-ում այս մասին հայտարարությամբ հանդես գալ, իսկ որպես հետդարձի ճանապարհ՝ չի տեսնում, եթե, իհարկե, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չճանաչի օրենքը:

ԴԵՄ ԵՄ ակցիան՝ Գյումրիում

դեմ եմ երթ գյումրում2Այսօր Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել Գյումրեցի երիտասարդները: Նրանք առավոտյան հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դիմաց, որտեղ պատրաստվեցին, հանդես եկան հայտարարությամբ ու երթով շարժվեցին դեպի ՀՀԿ Շիրակի մարզային կազմակերպություն:
– Այսօր որոշել ենք գիրք նվիրելու օրն օգտագործել ՀՀԿ և քույր կուսակցության՝ ՕԵԿ-ին տրամադրելու 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ մեզ տված այն խոստումներն ու դեմ եմ երթ գյումրիումկետերը, որոնք հրամցրել են մեզ: Եվ շեշտելու ենք, որ կուտակայինը ևս մաս է կազմելու իրենց տված խոստումների, – հայտարարության մեջ նշեց «Քաղաքը մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ակտիվիստ Արսեն Վարդանյանը:
««Բարեփոխումների» անվան տակ ցանկանում են քաղաքացիների վերջին կոպեկները հավաքել ու գրպանել: Չգիտենք, 40 տարի հետո կտան, չեն տա, ով կլինի», – նշեց ակցիայի մասնակից Գոռ Թորոսյանը:
«Ես աշխատող չեմ, թող նախ ինձ համար աշխատատեղ ստեղծեն, ունենամ բարեկեցիկ կյանք, որ կարողանամ հիմա ապրել, այդ ժամանակ արդեն մտածենք՝ կուտակային վճարելու մասին: Եթե մարդը չի կարող հիմա ապրել, ինչպես մտածի 30 տարի հետո ապրելու մասին», – իր հերթին նշեց ակցիայի մեկ այլ մասնակից:
Երիտասարդները «ԴԵՄ ԵՄ պարտադիր կուտակայինին» գրությամբ թռուցիկները փակցնելով ճանապարհի սյուներին՝ շարժվեցին դեպի ՀՀԿ մարզային գրասենյակ: Այստեղ ակցիայի մասնակիցներին դիմավորեց գրասենյակի կազմակերպիչ Համազասպ Խաչատրյանը: Վերջինս տեղեկացրեց, որ ըստ ՀՀԿ կանոնակարգի մարզային կառույցի ղեկավարը չի կարող աշխատանքային ժամին լինել գրասենյակում՝ քանի որ աշխատում է պետական պաշտոնում:
«Այսօր գիրք նվիրելու օրն է, և մենք բերել ենք ձեզ վերադարձնելու 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ Ձեր կուսակցության տված նախընտրական խոստումները, որոնք այդպես էլ չեն իրականացել, դրանք կարմիր գրիչով մեկ առ մեկ նշել ենք, և կխնդրենք 3 միլիոն անգամ կարդալ», – ՀՀԿ նախընտրական ծրագիրը հանձնելով կուսակցության ներկայացուցչին՝ նշեցին երիտասարդները:
Նրանց փոխադարձաբար  գրքեր նվիրեց Համազասպ Խաչատրյանը, նշեց, որ ինքն իրավասու չէ այդ հարցերի  շուրջ մեկնաբանություններ տալու, իսկ մարզային գրասենյակի պատասխանատուն էլ՝ Սահակ Մինասյանը, ով Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է, այդ պահին տեղում չէր:

դեմ եմ«Մենք ունենք մարզային խորհուրդ, մարզային խորհրդի նախագահ, տեղակալներ, որոնք զբաղվում են այդ հարցերով»,- ասաց Խաչատրյանը, ապա հետաքրքրվեց՝ ակցիայի մասնակիցների մեջ կա՞ն ուսանողներ: Իմանալով, որ բոլորն էլ ուսանողներ են, հարցրեց՝ հասկանում եք, չէ՞, ինչի համար եմ հարցնում. «Այո, նրա համար, որ միշտ թանկացնում եք վարձավճարները, մենք էլ ի վիճակի չենք վճարել», – հետևեց պատասխանը: Մինչդեռ, Հ.Խաչատրյանն ուզում էր ասել, թե ինչու ուսանողներն առավոտյան 12-ին լսարանում նստած չեն:
Նա երիտասարդներին խոստացավ, որ իրենց «նվիրած գիրքն» անպայման կընթերցվի, հաշվի կառնվեն դիտողությունները:

Ֆինանսների նախարարը պարզաբանել է, թե ինչու են գործատուներից պահանջում կուտակային վճարները` չնայած ՍԴ որոշմանը

դավիթ սարգսյանՀՀ ֆինանսների նախարարի պատասխանը լրագողների՝ կուտակային վճարները մինչև փետրվարի 20-ը գանձելու պարտավորության և այդ մասին նախարարության ու ՊԵԿ-ի երեկ տարածած հայտարարության մասին հարցին:

-Եթե Դուք ծանոթացել եք ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի համատեղ հայտարարությանը, հղում է արված համապատասխան՝ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի կոնկրետ հոդվածի վրա. այդ հոդվածը, ինչպես նաև մի շարք այլ հոդվածներ, կասեցված չեն և գործում են: Կոնկրետ այդ հոդվածը  սահմանում է գործատուների պարտավորությունը՝ վճարել իրենց աշխատակիցների պարտադիր կուտակային վճարները: Այսօրվա դրույթամբ՝ գործատուների ճնշող մեծամասնությունը, գրեթե 99 տոկոսը, արդեն հաշվարկել է գումարները և արդեն պահումներ կատարել իրենց աշխատակիցներից: Համաձայն օրենսդրության՝ դրանից հետո  նրանք պարտավոր են գումարը փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվին: Հակառակ պարագայում հետևյալ հարցն է ծագելու, եթե իրենք պահել են իրենց աշխատակիցների գումարները և չեն վճարել կամ վճարելու այդ հաշվին, ապա ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ  գործատուն պահել է աշխատակցից գումար, և, կոպիտ ասած, այդ գումարներից տոկոս է աշխատել: Այն դեպքում, որ եթե փոխանցած լիներ, այդ նույն եկամուտներն ու տոկոսները կստանային  արդեն աշխատակիցները: Այս առումով գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության: Մի կողմից աշխատակիցներն են կարող համապատասխան պահանջ ներկայացնել կորցրած տոկոսները, կորցրած եկամուտները ստանալու մասին: Մյուս կողմից՝ պետությունը նույնպես լծակներ ունի, և այն դեպքերում, երբ աշխատակիցների գումարներն արդեն  պահվել են, և  գործատուն, չնայած  պահել է, չի վճարել դրանք աշխատակցի հաշվին, ապա համապատասխան պատասխանատվության միջոց կա օրենքում: Եվ այդ  պատասխանատվության միջոցը կիրառելուց հետո նշված գումարները ոչ թե մուտք են լինում պետական բյուջե, այլ կոնկրետ աշխատակիցների հաշիվներին, որովհետեւ դա իրենց կորցրած գումարներն են:

-Պարոն նախարար, Սահմանադրական դատարանն ազատել է պատասխանատվությունից վճարումներ չկատարելու դեպքում, մինչև մարտի 28-ի որոշումը…եթե ազատված են այդ պատասխանատվությունից, ինչո՞վ եք պարտավորեցնում:

– Ես չեմ մեկնաբանում: Չեմ  ուզում  և իրավունք էլ չունեմ մեկնաբանելու ՍԴ որոշումները, բայց իմ տարրական գիտելիքները իրավունքի մասին ասում են, որ պատասխանատվությունը տարբեր տեսակի է լինում: Այն պատասխանատվությունը, որը գործատուն կրում է պետության առջև, ինչի մասին նաև դուք եք խոսում,  բայց կա հետևյալ հարցը. եթե գործատուն գանձել է, ըստ էության, ձեզնից, ինձնից, այլ աշխատողից գումարը և պահել է իր հաշվին, իրավունք ու՞նի աշխատակիցը պահանջել իր կորցրած եկամուտները, թե ոչ: Եվ արդյո՞ք կրում է պատասխանատվություն գործատուն իր աշխատակիցների առջև: Պատասխանն այստեղ միանշանակ  է՝ այո, կրում է նա պատասխանատվություն, և պետությունը, նաև որպես աշխատողների իրավունքները պաշտպանող,  հետևողական է լինելու, որպեսզի գործատուները չպահեն աշխատողների գումարները, և  իրենք չստանան դրանց տոկոսներն ու եկամուտները:

Հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք. Սերժ Սարգսյանը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

սարգսյանը կուտակայինի մասինՆախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարի մասնակիցների հարցերին:

Մինչ հարցուպատասխանը, Հանրապետության Նախագահը շնորհավորել է ԵԿՄ նորընտիր վարչության բոլոր անդամներին, այդ թվում՝ միության նախագահին և փոխնախագահներին՝ դարձյալ պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ նրանց համար դա, իրոք, մեծ պատասխանատվություն է: Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել ԵԿՄ վարչությանը և պատրաստակամություն հայտնել պատասխանել համագումարի մասնակիցների բոլոր հարցերին:

Հարց – Սոնա Ռեչելյան – ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի, «Երիտասարդ երկրապահ» կառույցի անդամ

– Պարո՛ն Նախագահ, ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանի տնտեսությունը:

Սերժ Սարգսյան – Արդեն տևական ժամանակ է, որ կառավարության համապատասխան ստորաբաժանումը իմի է բերում 2013 թվականի արդյունքները, և մենք բոլորս հնարավորություն կունենանք այդ արդյունքները քննարկելու, բայց միանգամից պետք է ասեմ, որ 2013 թվականին տնտեսական աճը մեր երկրում իր չափով զիջելու է 2012 թվականի տնտեսական աճին: Եթե հիշում եք, 2012 թվականին մենք ունեցանք 7 տոկոս տնտեսական աճ, իսկ այս տարի ակնկալվում է 3,5 տոկոս: Այս միտումը ընդհանրապես բնորոշ է համաշխարհային տնտեսությանը և պատահական չէ, որ 2013 թվականի առաջին կիսամյակից հետո միջազգային կառույցներն ու փորձագետները սկսեցին ավելի համեստ գնահատականներ ու կանխատեսումներ անել համաշխարհային տնտեսության և տարբեր երկրների տնտեսությունների աճի վերաբերյալ: Եթե ծանոթ եք, պիտի հիշեք, եթե ոչ՝ իմացեք, որ ԱՊՀ-ի համար Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր 3,8 տոկոս տնտեսական աճ, այսօր իրականը գնահատվում է 2,1 տոկոս: Ռուսաստանի Դաշնության համար կանխատեսումը 3,7 տոկոս էր, իրականը և նախնականը՝ 1,5 տոկոս: Եվրագոտու համար կանխատեսումը -0,2 տոկոս էր, նախնականը՝ -0,4 տոկոս: Ինչպես տեսնում եք, բոլոր տեղերում, կախված և՛ համաշխարհային պրոցեսներից, և՛ կոնկրետ երկրի ներքին խնդիրներից, աճը դանդաղել է: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ: Եթե համեմատենք ուրիշների հետ՝ լավ է, բայց եթե համեմատենք մեր կարիքների հետ՝ վատ է: Այնպես որ, մենք, իհարկե, պետք է այս տարի շատ ավելի լավ աշխատենք, որպեսզի ունենանք լավ արդյունքներ: Իհարկե անհանգստացնող միտումներ կա՛ն մեր տնտեսությունում: Օրինակ՝ ինձ անհանգստացնում է ներդրումների կրճատումը: Իհարկե, կան մասնագետներ, ովքեր սա բացատրում են և համաշխարհային միտումներով, երբ որ ներդրումները զարգացող երկրներից տեղափոխվում են դեպի զարգացած երկրներ, և երկրորդ, 2013 թվականը համարում են մեր երկրում անորոշություններով լի տարի, իսկ որտեղ անորոշություններ՝ այնտեղ քիչ ներդրումներ: Բայց բոլոր դեպքերում, անորոշությունները հաղթահարված են, որոշումները կայացված են, և այս առումով, իհարկե, ես ակնկալում եմ 2014 թվականի համար ավելի մեծ տնտեսական աճ: Գիտեք, շատերը՝ նույնիսկ այստեղ նստած մեր զինակիցները, կարող են մտածել, որ եթե արդեն քանի տարի է՝ տնտեսական աճ է ապահովվում, ապա ինչու է հասարակությունում այնպիսի տրամադրություն տիրում, որ վիճակը գնալով վատանում է: Գիտեք, շատ պարագաներում ընկալումների հարց է: Իրոք, վերջին 6 տարիների ընթացքում մենք ունեցել ենք տնտեսական աճ՝ կայուն տնտեսական աճ, բացառությամբ մեկ տարվա: Միջին աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում բարձրացել է առաջանցիկ տեմպերով՝ գնաճից ավելի առաջանցիկ տեմպերով: Երբ ես ձեզ առաջարկում էի հարցեր տալ, ինձ մոտ, բնական է, կան նյութեր, ինձ մոտ կան տարիների բոլոր վերլուծությունները, և միանգամից կարող եմ ասել՝ եթե վեց տարվա կտրվածքով նայենք, մենք ունեցել ենք միջին տարեկան գնաճ: Դու տնտեսագետ ես, պիտի հասկանաս՝ ի՞նչ է նշանակում միջին տարեկան գնաճ և ոչ թե՝ տասներկուամսյա: Կարող եմ տասներկուամսյան էլ ասել: Վեց տարվա ընթացքում գնաճը մեր հանրապետությունում կազմել է 140 տոկոս: Այսինքն, այս վեց տարիների ընթացքում գնաճը կազմել է 40 տոկոս: Միջին աշխատավարձը կազմել է 160 տոկոս, այսինքն՝ միջին աշխատավարձն առաջանցիկ տեմպերով է գնում և, իհարկե, շատ դեպքերում ընկալումների խնդիր է: Մեզ քննադատողներն իրենց կարծիքով ունեն մի, այսպես, անխոցելի փաստարկ և միշտ այդ փաստարկը բերում են. երբ խոսում ենք բարենպաստ թվերի մասին, լավ թվերի մասին, նրանք ասում են, որ այդ թվերը նկարված են, որ այդ թվերը հնարված են: Բայց շատ զարմանալի է, երբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը խոսում է վատ ցուցանիշների մասին, նրանք ասում են՝ ճիշտ է: Այսինքն՝ վատի դեպքում, բացասականի դեպքում ճիշտ է, լավի դեպքում՝ նկարված: Բայդ սրա համար չեմ ասում, ես դա ասում եմ մեկ այլ բանի համար. ուզում եմ բերել մի կոնկրետ օրինակ, որ ցանկացած տնտեսագետի համար ունենա լուրջ նշանակություն: Ինչպես գիտեք, մենք անցյալ տարվա սեպտեմբերի երկրորդ կեսին թողարկեցինք արտարժութային արժեթղթեր, այսինքն՝ արժեթղթեր ոչ հայկական դրամով: Իհարկե, թողարկեցինք ոչ միայն այդ, թողարկեցինք երեք աշխարհահռչակ ընկերությունների հետ միասին, և այդ ընթացքում այդ չարակամները, մեզ քննադատողները ասում էին, որ Հայաստանին պարտք չեն տա: Գիտեք, արժեթուղթ թողարկել՝ նշանակում է պարտք վերցնել: Ասում էին, որ Հայաստանի պարտքը այնքան մեծ է, որ ոչ մեկը պարտք չի տա, իսկ եթե նույնիսկ տան, շատ մեծ տոկոսներով կլինի: Իսկ սեպտեմբերի 3-ին, երբ մենք կայացրինք որոշում՝ Մաքսային միությանը միանալու, բոլորը սկսեցին ասել՝ այս պարագայում Հայաստանին ընդհանրապես պարտք չեն տա: Արդյունքում՝ մեր երկրին առաջարկեցին 3 միլիարդ ԱՄՆ դոլար պարտք: Մենք վերցրեցինք ընդամենը 700 մլն, որովհետև ավելին կարող էր վատթարացնել մեր տնտեսական վիճակը, մեր ցուցանիշները: Ավելին ասեմ, այս ընթացքում՝ սեպտեմբերից մինչև փետրվար, այդ արժեթղթերը, որ 6 տոկոսանոց էին, այս ընթացքում դարձել են 5,8 տոկոս: Այսինքն՝ ավելի են թանկացել: Գիտեք, ինչքան տոկոսը ցածրանում է, այնքան արժեթուղթն ավելի մեծ արժեք է ձեռք բերում: Եթե մեր վիճակը վատ է, եթե մեր պարտքերը շատ են, եթե մենք գահավիժում ենք որպես տնտեսություն, այդ ինչպե՞ս է, որ աշխարհի խոշորագույն 60 ներդրողները մեզ առաջարկում են ահռելի մի թիվ՝ 3 միլիարդ ԱՄՆ դոլար: Կա՞ դահլիճում մեկը, որ կարող է ասել՝ ինքը պատրաստ է պարտք տալ որևէ մեկին, իմանալով, որ չի վերադարձնելու: Անհնա՛ր է: Ու՞մ ես պարտք տալիս. պարտք ես տալիս նրան, ով, գիտես, քեզ վերադարձնելու է կամ էլ նրան, ում ուղղակի ուզում ես օգնել, և եթե ետ չվերադարձնի՝ որևէ ափսոսանք չես ունենալու: Մի՞ թե որևէ մեկին թվում է, թե աշխարհի 60 ներդրողները մեզ խղճում են և հենց այնպես փող են տալիս, որ ծախսենք: Մեր տնտեսությունն առողջ է, մեր տնտեսությունն ամուր է, մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ, և սրանք շատ լավ հիմք են՝ ապագայում ևս լավ տնտեսական աճ ապահովելու:

Հարց  – Կարեն Գրիգորյան – ԵԿՄ վարչության անդամ, Էջմիածնի քաղաքապետ

– Բարև Ձեզ, պարոն Նախագահ, հարցս հետևյալն է՝ վերջերս շատ է արծարծվում թոշակի և 5 տոկոսի հետ կապված հարցը: Ինչո՞ւմն է խնդիրը:

Սերժ Սարգսյան – Իհա՛րկե, շատ է խոսվում կենսաթոշակային բարեփոխումների մասին և ակնհայտ է, որ այդպես էլ պետք է լիներ: Աշխարհում չի եղել մի պետություն, որտեղ կենսաթոշակային բարեփոխումներն անցնեին հանդարտ, առանց դժգոհության՝ պարզ, շատ պարզ պատճառներով: Որովհետև այդ բարեփոխումների արդյունքները երևալու են տևական ժամանակ հետո, իսկ մարդիկ հենց հիմա են ուզում, որպեսզի իրենց վիճակը բարելավվի և երկրորդ՝ դարձյալ ակնհայտ է, մենք որոշակի ժամանակով մարդկանց նեղություն ենք տալիս և ասում ենք, որ՝ այո, 5 տոկոս պետք է խնայեք՝ ապագայում այդ 5 տոկոսը բազմապատիկ հետ ստանալու համար: Ակնհայտ է, որ մենք երկար ենք քննարկել, գիտակցաբար ենք գնացել այդ քայլին, որովհետև այդ քայլն ուղղված է Հայաստանի ապագային, այդ քայլն արվում է մեր զավակների, մեր թոռնիկների համար: Որևէ մեկը չի կարող ասել, որ այս բարեփոխումները պետք չեն, նույնիսկ մեր ամենախիստ քննադատներն ասում են չէ՞, որ բարեփոխումներ պետք են, բայց այս մի դրույթը սխալ է, այն մի թեզը ճիշտ չէ կամ ժամանակն եք սխալ ընտրել՝ վեց ամիս հետո անեիք, մի տարի հետո անեիք, հինգ տարի հետո անեիք…

Գիտեք, որ ես տևական ժամանակ աշխատել եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունում՝ 1993թ. սկսած, և Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարություններն անխտիր այս խնդրով զբաղվել են, այս խնդիրը նրանց մտահոգել է: Այսօրվա կառավարությունը որոշել է հենց այսօր այս խնդրին լուծում տալ, և ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում այդ լուծմանը, որոովհետև սա, իրոք, անհրաժեշտ լուծում է: Ես չեմ բացառում, միգուցե, այդ օրենքում կան անհարթ իրավաբանական ձևակերպումներ կամ որոշ բառեր պետք է փոխվեն: Չեմ բացառում: Բայց եթե որևէ մեկը կասի՝ ինքը պատրաստ է իդեալական փաստաթուղթ գրելու և միանգամից տանելու ու դնելու հանրային քննարկման, և հետո այնտեղ որևէ մեկը խրթինություն չի հայտնաբերի, կասեմ, որ դրան չեմ հավատում: Ծավալուն փաստաթուղթ է, նորից եմ ասում՝ կարող են լինել անհաջող ձևակերպումներ. մենք պատրաստ ենք այդ անհաջող ձևակերպումներն ուղղել: Իմաստը, վստահ եմ, որ չի փոխվելու, և այդ որոշումը բոլորիս համար անհրաժեշտություն է:

Մեկ անգամ ևս կրկնում եմ, այո, մենք այսօր մարդկանց աշխատավարձի 5 տոկոսի չափով նեղություն ենք տալիս: Բայց եկեք մի հատ նայենք՝ այս տարի հսկայական թվով մարդկանց աշխատավարձեր բարձրացել են՝ ուժային կառույցներում 10 տոկոս, որոշակի ընկերություններում 10 տոկոս, 15 տոկոս, իսկ կան ընկերություններ՝ 25 տոկոս: Գիտեք, որ հուլիսի 1-ից բոլոր պետական ծառայողների աշխավարձները բարձրանալու են 40-80 տոկոսով: Իսկ ի՞նչ է եղել: Հաշվե՛ք, թե բարձրացել է 35 տոկոսով կամ 75 տոկոսով: Մի ակնկալեք այն 5 տոկոսը: Այն 5 տոկոսը պետք է գալու բոլորիս: Բոլորի՛ս:

Կա խնդրի երկրորդ կողմը: Այդ հիմնադրամները մեծ տեմպ են հաղորդելու մեր տնտեսական զարգացմանը: Մեր երկրում հայտնվելու են երկար ու ցածր տոկոսներով փողեր, որ տնտեսվարողներին օդի պես անհրաժեշտ են: Հարցրե՛ք ցանկացած տնտեսվարողի, խոսե՛ք գործարարների միության հետ, ցանկացած հասարակական կազմակերպության հետ՝ ո՞րն է այսօր Հայաստանի տնտեսության պրոբլեմը՝ էժան և երկար փողը: Մենք պետք է ունենանք այդ փողը, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա և զարգացման պտուղներն էլ ուղղենք կենսաթոշակների բարձրացմանը: Անպայման անելու ենք, Կարե՛ն ջան, և որևէ մեծ խնդիր, նորից եմ ասում, ես այստեղ չեմ տեսնում, թեև գիտեմ, որ այսօր Հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից: Մենք, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ, հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք: Մենք քաղաքական ռեսուրս ենք չէ՞ ծախսում: Մարդիկ մեզնից դժգոհ են, մենք այդտեղ քաղաքական որևէ շահ չունենք, որևէ ռեսուրս ձեռք չենք բերում: Ռեսուրս ենք մաշում՝ 20 տարվա հետոյի համար, մեր երեխաների համար:

Հարց  – Անան Ոսկանյան – ԵԿՄ վարչության անդամ, Արթիկի տարածքային բաժանմունքի ԵԿՄ նախագահ, Պեմզաշեն համայնքի ղեկավար

– Պարո՛ն Նախագահ, մեզ բոլորիս, երևի, շատ է հուզում Ռուսաստանի հետ կապված գազի պայմանագրի ճակատագիրը: Եթե կարելի է, մի քանի բառով կներկայացնե՞ք:

Սերժ Սարգսյան – Շատ լավ: Նախ, Անան ջան, կարծում եմ, որ վաղուց արդեն այդ հուզմունքը պետք է անցներ, որովհետև մենք անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին ստորագրեցինք այդ պայմանագիրը, իսկ Ազգային ժողովը հաստատեց այն, և այդ պայմանագիրը մտել է ուժի մեջ: Բայց ամբողջովին կիսում եմ քո կարծիքը, որ հանրության մեջ տարատեսակ խոսակցություններ կան, որովհետև շատ մարդիկ, ելնելով տարբեր պատճառներից, չեն ցանկանում ճշմարտությունն ասել, փորձում են այդ մեծ ձեռքբերումը սևացնել: Ոմանք կատաղությունից՝ որ մեզ հաջողվել է ունենալ այդպիսի լավ պայմանագիր, փորձում են ամեն ինչը գլխիվայր շուռ տալ և ներկայացնել սա՝ որպես վատ: Որպեսզի ես կարողանամ ապացուցել իմ ասածները, եկեք հերթով գնանք, անդրադառնանք այն հարցերին, որոնք, ըստ իրենց, շատ տրամաբանական են: Բայց մինչև հերթականությամբ հարցերին անդրադառնալը, ուզում եմ բոլորս միասին տեսնենք՝ այս գազի պայմանագրի էությունը ո՞րն է: Իմ կարծիքով, գազի պայմանագրի էությունն առաջին հերթին գազի գինն է: Այսքան ժամանակ լսե՞լ եք, որ այդ բանավիճողները խոսեն գնի մասին: Առաջին հերթին, թող խոսեն գնի մասին և ասեն, եթե թանկ է, ուրեմն մենք շատ վատ ենք բանակցել, վատ գին են մեզ տվել, ուրեմն մեզ այստեղ քննադատեն, ասեն սրան գումարած այն մեկն էլ է վատ, այն մեկն էլ է վատ, այն մեկն էլ: Եթե լավ գին ենք կարողացել ստանալ, թող ասեն՝ այո, գինը լավ է, բայց այստեղ, այստեղ, այստեղ սխալվել են: Ոչ մեկը չի խոսում այդ գնի մասին: Որովհետև այդ գինն ամենացածրն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ պետության: Այսինքն՝ մենք ունենք ամենացածր գնով գազ Հայաստանի Հանրապետության սահմաններում: Հիմա երկրորդ՝ այդ պայմանագրով գազի գինը 5 տարով կապվում է ռուսական ներքին գնային համակարգին, և եթե այնտեղ թանկացումներ չլինեն, իսկ դուք տեսել եք Ռուսաստանի կառավարության որոշումը, որ գները չեն թանականալու, մենք 5 տարի ունենալու ենք կայուն գին: Սա լա՞վ է, թե՞ վատ: Իհարկե, մեզ համար լավ է, մեր չկամեցողների համար՝ վատ: Հաջորդը՝ խոսվում է պարտքերի մասին: Եվ տարբեր որակումներ են տալիս: Կան մարդիկ, որ հիշողությունն իրենց մի քիչ արդեն դավաճանում է: Կան մարդիկ, որ լավ չեն կարողանում ընթերցել և փոձում են ասել, որ ի խախտումն մեր օրենքների՝ ինչ-որ պարտքեր են կուտակվել, որ բյուջեում այդ պարտքերը պետք է արտացոլվեին և այլն, և այլն, թե, իբր, մենք թաքուն բանակցություններ ենք վարել: Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիների մեծ մասը պետք է հիշի, որ ես առնվազն մեկ տասնյակի մոտ հայտարարություններ եմ արել այդ թեմայով 2011 թվականից սկսած և մշտապես ասել եմ հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության սպառողների համար գազի գինը չի թանկանա: Դա ի՞նչ է նշանակում: Պարզ է, եթե այդպիսի բան ես ասում, հայը պետք է հասկանա, որ հնարավոր է պետության համար, հիմնարկի համար ներկրվող գազը թանկանա, բայց Հայաստանի Հանրապետության սպառողների համար գազը չի թանկանալու, և այդպես էլ եղավ երկու տարի: Սա՝ մեկ: Եվ երկրորդ՝ բոլորին հայտնի է, որ մենք սկսած 2011 թվականից բանակցություններ ենք վարում ռուսական կողմի հետ և եկել էինք այն եզրակացության, որ գազի վճարային գինը չի փոխվում, փոխվում է հաշվարկային գինը: Բայց երբ ավարտվեն բանակցությունները, մենք վերջնական եզրակացության կգանք գնի մասով: Բանակցությունները տևեցին 3 տարի: Բոլոր կողմերը հաշվի առնելով՝ ռուսական կողմը մեզ առաջարկեց վճարել այդ հաշվարկային գնի 50 տոկոսը: Վա՞տ է արել: Այսինքն՝ այդ մոտավորապես 300 մլն ԱՄՆ դոլարը որտեղի՞ց է գոյացել: Եթե մենք այդպիսի երկարատև, ծանր բանակցություններ չվարեինք, ուրեմն՝ մենք պետք է 2011 թվականից սկսած թանկացնեինք գազի գինը, և այդ 300 մլն դոլարը պետք է դուրս գար մեր ժողովրդի գրպանից, մասնավորի գրպանից, տնտեսության գրպանից և այլն: Մեզ զիջել են այդ գոյացածի 50 տոկոսը: Երրորդ՝ ինչ վերաբերում է 20 տոկոսին: Ինչո՞ւ են վաճառել, էժան են վաճառել և այլն: Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ էր տալիս այդ 20 տոկոսը: Եթե մենք՝ որպես պետություն, տարիների ընթացքում վաճառել ենք 80 տոկոսը, այսինքն՝ 80 տոկոսը կարելի էր վաճառե՞լ, 20-ը չէ՞ր կարելի վաճառել: Տարօրինակ չի՞: Թող որևէ մեկն ինձ ասի՝ այդ 20 տոկսն ի՞նչ էր մեզ տալիս: Քանի՞ լումա մեզ դիվիդենտ է բերել: Կամ այդ 20 տոկոսն ի՞նչ է՝ մեզ հնարավորություն էր տալիս այնտեղ տնօրեն նշանակելո՞ւ կամ ի՞նչ անելու՝ որոշումների վրա ազդելո՞ւ: Պետք էլ չի, որ մենք կարողանանք որոշումների վրա ազդել, որովհետև մենք այդ բնագավառում ունենք շատ լավ օրենսդրական դաշտ, և այն բավարար է, որպեսզի այդ ընկերությունը լինի ռուսական, ամերիկյան, ինդոնեզական, թե ինչ՝ գործի մեր օրենքների շրջանակներում և ի շահ մեզ: Իսկ ինչ վերաբերում է 20 տոկոսի գնին, ապա ես հիմա կարող եմ հայտարարել՝ եթե մեկը գտնվի, որ այդ 20 տոկոսի համար տա 100 մլն ԱՄՆ դոլար, ես պատրաստ եմ բանակցել ռուսական կողմի հետ, ետ վերցնել և այդ 100 միլիոնով տալ այն մարդուն, ով կուզեր այդ 20 տոկոսը: Ասում են՝ ինչո՞ւ մրցույթ չեք անցկացրել, ինչո՞ւ ուրիշներին չեք հարցրել: Ես իրավունք չունեմ հրապարակավ ասելու, բայց ցանկությունս այնքան մեծ է ասելու, որ պետք է ասեմ՝ բա որ մրցույթ անցկացնեինք, այդ 20 տոկոսն արժենար 30 մլն, մենք ո՞նց էինք «սաղացնելու» 150 միլիոնով այդ 20 տոկոսը: Հետո դրա համար ո՞վ էր պատասխան տալու: Ակնհայտ չի՞, որ 20 տոկոսը, որ տարիների ընթացքում մի լումա դիվիդենտ չի բերել, չի կարող այդքան արժենալ: Որևէ մեկը, որ այդ տարբեր հարթակներում խոսում է Ազգային ժողովից մինչև Օպերայի հրապարակ, եթե կարող է գնալ բանակցել ռուսական կողմի հետ և ավելի էժան ու ավելի լավ պայմաններով գազ բերել՝ խնդրեմ, թող գնա անի, թող բերի: Ես մեկ օրում կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարեմ, կխնդրեմ Ազգային ժողովի իմ կուսակիցներին, իմ ընկերներին՝ միանգամից այդ ամբողջն անվավեր կհամարեն: Բայց կա՞ այդպիսի մեկը, թե՞ ուղղակի խոսողներն են շատ: Խոսելը հեշտ է, այնքա˜ն հեշտ է: Հիշո՞ւմ եք պատերազմի տարիներին ինչքան խոսողներ կային: Ինչքան հեքիաթներ էին պատմում, ինչքան առասպելներ էին պատմում, բայց հենց պետք էր գնալ կոնկրետ գյուղ գրավել՝ մեկի գլուխն էր ցավում, մեկի հորեղբոր տղայի քառասունքն էր, մյուսի մեքենայի ակն էր ծակվում: Խոսելն այնքա˜ն հեշտ է:
Է՞լ ինչ խնդիր կար այդտեղ. ինչո՞ւ եք 30 տարով կնքել: Այնքան է չարությունն այդ մարդկանց կուրացրել, որ նրանք չեն հասկանում՝ ի՞նչ են ասում: Փոխանակ մեզ քննադատելու, թե ինչո՞ւ 30 տարով եք կնքել, այլ ոչ թե 60, մեզ ասում են՝ ինչո՞ւ եք այդքան երկար ժամկետով կնքել: Ցանկացած տնտեսագետի համար պարզ է չէ՞, որ ներդրումների ետբերումն ավելի երկար ժամանակահատվածում շատ ավելի մեղմ է ազդում տնտեսության վրա: 30 տարով ենք կնքել, որպեսզի ռուսներն իրենց ներդրումները 30 տարվա ընթացքում հանեն: 5 տարով կնքեինք՝ 5 տարվա ընթացքում պետք է հանեին: Ո՞րն է մեզ համար ավելի լավ:

Հարց  – Էդիկ Մինասյան – Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
– Պարո՛ն Նախագահ, արտագաղթի մասին եմ ուզում հարցնել՝ ո՞րն է լուծումը:

Սերժ Սարգսյան – Իրոք, արտագաղթը մեր ամենացավոտ, ամենասուր պրոբլեմներից մեկն է, և թող որևէ մեկին չթվա, թե արտագաղթի խնդիրը իրեն շատ ավելի է մտահոգում, քան ինձ: Իրոք, ինձ մտահոգող ամենամեծ խնդիրներից է: Բայց մյուս կողմից էլ, ես չեմ ընդունում այս թեմայի շահարկումը քաղաքական նպատակներով, չեմ ընդունում այս պրոբլեմի լուծումը ծնկները ծեծելով, լացուկոծով: Բոլորիս համար էլ պարզ է, որ այս պրոցեսը ժամանակավոր բնույթ ունի, և այն զարգացման տարբեր միտումներ է դրսևորում տարբեր ժամանակահատվածներում: Եթե 1992 թվականին մեր երկիրը լքել է 200 հազար մարդ, ապա այդ պրոցեսը դանդաղել է: 2001 թվականին, ենթադրենք, 60 հազար մարդ է լքել, բայց, փառք Աստծո, հետագա տարիներին այս պրոցեսը դանդաղել է և ոչ միայն դանդաղել է, այլ վերածվել է ներգաղթի: 2013 թվականի տվյալներով, ուղևորափոխադրումը՝ համեմատած 2012 թվականի հետ, կրճատվել է, բացասական տարբերությունը գրեթե 25 տոկոս, և այդ բացասական տարբերությունը կազմում է 31 հազար մարդ: Իհարկե, 31 հազարն էլ ճիշտ արտագաղթողների թիվը չէ, կարող է 5-ով, 10-ով, 15-ով տարբերություն լինել, բայց հավաստի թիվ է, և այդ թիվն էլ, իհարկե, մեծ թիվ է, մեծ է, որովհետև մենք ընդամենը 3 միլիոն ենք մեր երկրում ապրող: Եթե մենք լինեինք գոնե 10 միլիոն, 12, 15 միլիոն, դա որևէ մտահոգության առարկա լինել չէր կարող: Մյուս կողմից՝ 31 հազարն այն թիվը չէ, որի դեմ հնարավոր չլինի պայքարել, նվազեցնել ու այնուհանդերձ գալ ներգաղթին: Մենք անպայման դրան հասնելու ենք: Բայց, նորից եմ ասում, առավել ևս այս լսարանի համար պետք է հասկանալի լինի, որ պրոբլեմը չի դադարում պրոբլեմ լինելուց, եթե դու դադարում ես խոսել դրա մասին: Մյուս կողմից, երբեք պրոբլեմը չի լուծվում, պիտի կրկնեմ՝ լացուկոծով, պրոբլեմը չի լուծվում շահարկումով, պրոբլեմը լուծվում է աշխատանքով: Մենք բոլորս միասին պետք է աշխատենք: Բոլորս միասին: Դարձյալ ուզում եմ այն ժամանակների օրինակը բերել, երբ մենք կամ այստեղ նստածներից յուրաքանչյուրը կորցնում էր մեկ գյուղ՝ ծնկները չէր ծեծում, ուրիշներին չէր մեղադրում, չէր շահարկում, այլ մտածում էր, թե ո՞նց անի, որ մի քանի օր հետո այս գյուղն էլ վերցնի, կողքինն էլ: Այս էր չէ՞ բոլորիս մտածածը: 1992 թվականին ինչքա՞ն էինք նահանջում: Ի՞նչն է փոխվել: Ոչ մի բան չի փոխվել. Ո՛չ կատարողներն են փոխվել, ո՛չ իրադրությունն է փոխվել: Կտեսնեք, որ գալու ենք դրական բալանսի:

Հարց – Մեսրոպ Մանուկյան – ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս

– Մեծարգո՛ պարոն Նախագահ, հարցերի պատասխաններից մեկի ժամանակ Դուք խոսեցիք մեր տնտեսության ներկա իրավիճակի մասին: Իմ հարցը հետևյալն է՝ ի՞նչ կկանխատեսեք, ինչպիսի՞ն կլինի մեր տնտեսության զարգացումը հաջորդ տարիներին: Շնորհակալություն:

Սերժ Սարգսյան – Կարծում եմ՝ լավ կլինի, Մեսրոպ ջան, իրոք, լավ է լինելու: Ինչո՞ւ, որովհետև, կարծում եմ, մենք արդեն մտել ենք որոշակիության դաշտ: Ինչքան էլ մենք ասենք, որ Մաքսային միությանն անդամակցությունն անցել է հարթ, առանց որևէ խնդիրների, այնուհանդերձ, հասարակության մեջ և ներդրողների համար անորոշություն կար, թե ի՞նչ ուղղություն ենք ընտրելու, դա ինչի՞ է բերելու և այլն: Մենք արդեն ունենք որոշակիություն, ունենք կոնկրետ ծրագրեր, և այս որոշակիությունը, կոնկրետ ծրագրերը մեզ հուշում են, որ կարողանալու ենք շատ ավելի մեծ առաջընթաց ունենալ: Եթե 2013 թվականին մենք մեր գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ֆոնին ունեցել ենք արտահանման աճ՝ 7,2 տոկոս, ապա Մաքսային միությանն անդամակցելով՝ մենք շատ ավելի մեծ աճ ենք կարողանալու ապահովել, որովհետև այդ 7,2 տոկոսի մի առյուծի բաժինն ընկնում է հենց Մաքսային միության երկրներին, Ռուսաստանի Դաշնությանը: Կոնկրետ, օրինակ, 2013 թվականին Ռուսաստանի Դաշնություն մենք արտահանումն ավելացրել ենք 20 տոկոսով, և այդ հնարավորությունը հիմա դարձել է անսպառ՝ ահռելի շուկա: 3 միլիոնանոց ժողովրդի համար, մեր տնտեսության համար բացվել է գրեթե 200-միլիոնանոց շուկա՝ գրեթե նույն հնարավորություններով: Մենք անպայման օգտվելու ենք դրանից: Բացի այդ, այս ժամանակահատվածի համար մենք ունենք ծրագրեր տեխնոլոգիաների բնագավառում, որ ավանդաբար Հայաստանում ամեն տարի աճում է 15-20 տոկոս: 2014 թվականին ավարտելու ենք լեռնաարդյունաբերության ոլորտում մի ծրագիր՝ մեծ ծրագիր, որ տարիներով ենք աշխատում դրա ուղղությամբ, ինչը հնարավորություն է տալու Հայաստանի Հանրապետությունում արտադրել 80-100 հազար տոննա պղինձ խտանյութում: Իսկ դա այն կրիտիկական քանակն է, որ հնարավորություն է տալիս ունենալու պղնձաձուլարան՝ մեծ պղնձաձուլարան, ինչն իր հերթին հնարավոր է միայն ծծմբաթթվի վերամշակման գործարան ունենալով: Եթե չունենանք՝ չենք կարող անել: Այսինքն՝ լեռնաարդյունահանման ոլորտում մենք ունենալու ենք զգալի աճ: Մենք, եթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն «Նաիրիտի» աշխատողներին, ապա անկախ որևէ հանգամանքից, այս տարի, ամենայն հավանականությամբ, սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցում: Գոնե նախագծանախահաշվարկային աշխատանքները, նախնական պայմանագրերը կան, և հնարավորության դեպքում՝ հին «Նաիրիտի» գործարկում: Սա ևս շատ մեծ հնարավորություն է ընձեռնելու մեզ: Հաջորդը՝ 2014 թվականին արդեն առարկայական է դառնալու 2013 թվականից սկսած մեծ ծրագիրը՝ Գեղարքունիքի մարզում ձկնարդյունաբերական մեծ համալիրի ստեղծման ուղղությամբ, որի նպատակն է 2019 թվականին ունենալ 50 հազար տոննա ձկան արտադրություն և վերամշակում: Իսկ սա մեծ տնտեսական շրջանառություն է ու նաև մեծ քանակով աշխատատեղերի բացում Գեղարքունիքի մարզում: Մենք ունենք լուրջ ծրագրեր ջերմոցաշինության զարգացման գործում: Մենք որոշակի հաջողություններ ունեցանք 2013 թվականին. հենց նաև դրա շնորհիվ աճեց արտահանումը Ռուսաստանի Դաշնություն: 2014 թվականին այստեղ բավականաչափ ավելացում ենք ունենալու: Մենք ունենք ծրագրեր թեթև արդյունաբերության ոլորտում: Մեր տնտեսական աճի մեջ թեթև արդյունաբերության աճը բավականաչափ տեղ ունի և այսպես շարունակ շատ երկար կարող եմ թվարկել: Ես տեսնում եմ 2014թ. և ապագա տարիներին տնտեսական լավ հաջողություններ:

Հարց  – Պարգև Մանուկյան – Վարդենիկի թիվ 2 դպրոցի թոշակառու տնօրեն, Վարդենիկի «Գայլավազ» ջոկատի հիմնադիր ղեկավար

– Պարո՛ն Նախագահ, այժմ դպրոցներում գնում է վարչատնտեսական աշխատողների մասսայական կրճատում՝ պատճառաբանելով աշակերտների թվի նվազումը, բայց վերջին տարիներին աշակերտների թիվը 25-ից դարձրին մինչև 35, դրույքաժամը 18-ից 22: Եվ պատճառաբանում են, թե նվազում է: Եթե այդ աշխատողները՝ անընտանիք կանայք, որոնք չունեն ամուսին, աշխատում են դպրոցում հավաքարար, եթե դպրոցում չլինեն հավաքարար, տնտեսվար, էլեկտրիկ և կազմակերպիչ, ինչպիսի՞ն կլինի դպրոցի ճակատագիրը: Խնդրում եմ պատասխանեք:

Սերժ Սարգսյան – Ես առաջին անգամ եմ լսում, որ մեր դպրոցներում չպետք է լինեն հավաքարարներ, տնտեսվարներ կամ էլեկտրամոնտյորներ, ինչպես Դուք եք ասում: Այդպիսի բան լինել չի կարող: Ինչպես հայտնի է, մենք դպրոցական ֆինանսավորման մեջ անպայման ներառնում ենք դա և այո, ինչ արած, ճիշտն այդպես է՝ աշակերտների թվաքանակով է ֆինանսավորվում: Եվ պետք է ասեմ, որ բոլորս պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ երբ ժամանակը գալիս է՝ մենք պետք է գնանք վաստակաշատ հանգստի: Եթե թոշակառու ենք՝ ուրեմն, պետք է գնանք մեր թոռներին պահենք, թոշակ ստանանք, որպեսզի մեզ փոխարինեն երիտասարդները, որպեսզի նրանք առանց աշխատանքի չմնան: Սա՛ է իրականությունը, և այդ իրականությանը մենք պետք է սթափ հայացքով նայենք: Մենք չենք կարող ասել՝ գիտեք, այս տիկինը, որ շատ լավ ուսոցչուհի է, մեծ ընտանիք ունի՝ իրեն պահենք: Բայց իրեն պահում ենք, ուրիշներին ենք վնաս տալիս: Վերջին տասը տարիների ընթացքում մենք կտրուկ բարձրացրել ենք ուսուցիչների աշխատավարձերը, բայց որ ուսուցչին հարցնում ես, ասում է՝ էական փոփոխություն չկա աշխատավարձում: Ինչո՞ւ չկա. որովհետև փոխարենը մի ուսուցիչ աշխատի, աշխատում է երկուսը, երեքը: Ինչի՞ համար: Ես դա ճիշտ չեմ համարում: Աշխատող ուսուցիչը պետք է լիարժեք վարձատրվի, վարձատրվի այնքան, որքան պետությունն է նախատեսել և որքան անհրաժեշտ է, որպեսզի ինքն իր տարրական կարիքները կարողանա հոգալ: Մենք նոր բարեփոխումներ ենք նախատեսում նաև այս ոլորտում: Լավագույն ուսուցիչների աշխատավարձը կտրուկ բարձացնելու ենք: Կտրուկ: Նրանք երեք, չորս անգամ ավելի են ստանալու, քան հանրապետության միջին աշխատավարձն է: Իսկ այսօր, գիտեք, որ մեր միջին աշխատավարձը 158 հազար դրամ է: Կրկնում եմ՝ լավագույն ուսուցիչները երեք, չորս անգամ բարձր են ստանալու, բայց նրանք պետք է լինեն լավագույնն իրենց ոլորտում: Այնպես որ, եթե կոնկրետ պարագայում, իրոք, Ձեր դպրոցում կրճատվել է հավաքարարի հաստիք, էլեկտրիկի հաստիք, կարծում եմ, պարոն Արմեն Աշոտյանը, հենց երկուշաբթի օրն ինձ տեղյակ կպահի, թե ի՞նչ պատճառով:

 

Անկախ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը բխում է ոչ թե քաղաքացիների, այլ թալանչիների շահերից

arm139005037526Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը բխում է ոչ թե քաղաքացիների, այլ թալանչիների շահերից Վանաձորի Արցախի հրապարակում հավաքված «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կոչ են անում վանաձորցիներին պայքարել կուտակային պարտադրանքի դեմ: «Այնպիսի սահմանադրական բարեփոխումներ են կատարվում, որոնց դեպքում փոխանակ մեր հոգսերը պակասեն, ավելանում են: Բարեփոխում կոչվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պարատդրանքի կիրառում է քաղաքացիների նկատմամբ: Այս իշխանությունները բարեփոխման անվան տակ փորձում են մսխել քաղաքացիների գումարները, անտեսում են քաղաքցու շահը, պարտադրում են գումարներ փոխանցել անհայտ մասնավոր ֆոնդերի: Ժողովուրդը հիասթափված է իր վաղվա օրից, իր իշխանություններից: Եթե այս քաղաքականության դեմը չառնենք, ջուր կլցնենք մեր թշնամիների ջրաղացին: Ձեր «բարեփոխումներով» մի ստիպեք մեզ հեռանալ մեր երկրից: Իրենց կառավարություն համարող մարդիկ ապօրինի կերպով հասակասմանադրական եղանակով մեզնից խլում են մեր սեփականությունը: Մենք թույլ չենք տա մեզ թալանել և կողոպտել, մենք այս երկիրը պետք է դարձնենք օրենքի երկիր: Այս օրենքը ոչ թե բխում է քաղաքացիների, այլ թալանչիների շահերից: Այս կառավարությունն այնպիսի օրենքներ է փաթաթում ժողովրդի վզին, որ ժողովուրդը ստիպված արտագաղթի»: Վանաձորի Արցախի հրապարակում հավաքված «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կոչ են անում վանաձորցիներին պայքարել կուտակային պարտադրանքի դեմ: «Այնպիսի սահմանադրական բարեփոխումներ են կատարվում, որոնց դեպքում փոխանակ մեր հոգսերը պակասեն, ավելանում են: Բարեփոխում կոչվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պարատդրանքի կիրառում է քաղաքացիների նկատմամբ: Այս իշխանությունները բարեփոխման անվան տակ փորձում են մսխել քաղաքացիների գումարները, անտեսում են քաղաքցու շահը, պարտադրում են գումարներ փոխանցել անհայտ մասնավոր ֆոնդերի: Ժողովուրդը հիասթափված է իր վաղվա օրից, իր իշխանություններից: Եթե այս քաղաքականության դեմը չառնենք, ջուր կլցնենք մեր թշնամիների ջրաղացին: Ձեր «բարեփոխումներով» մի ստիպեք մեզ հեռանալ մեր երկրից: Իրենց կառավարություն համարող մարդիկ ապօրինի կերպով հասակասմանադրական եղանակով մեզնից խլում են մեր սեփականությունը: Մենք թույլ չենք տա մեզ թալանել և կողոպտել, մենք այս երկիրը պետք է դարձնենք օրենքի երկիր: Այս օրենքը ոչ թե բխում է քաղաքացիների, այլ թալանչիների շահերից: Այս կառավարությունն այնպիսի օրենքներ է փաթաթում ժողովրդի վզին, որ ժողովուրդը ստիպված արտագաղթի»:

Անկախ