Ազգային ինքնության բացահայտման ևս մեկ միջոց

Yervand-Zoryan-Աշխարհասփյուռ հայությունն իր երկրի արմատներին ու պատմությանը կառչելու ևս մեկ հնարավորություն ունի: Հայկական վիրտուալ համալսարանն իր նորարարության շնորհիվ ևս մեկ անակնկալ է մատուցում մեր հայրենակիցներին: Խոսքը վերջերս թողարկված «Հայկական լեռնաշխարհ» էլեկտրոնային գիրքն է, որն ընթերցելու մի քանի տարբերակներ է առաջարկում ընթերցողներին` թե՛ խտասկավառակով, թե՛ առցանց: Գրքի հեղինակը մեր սփյուռքահայ բարեկամ, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ Երվանդ Զորյանն է, որի հետ է մեր զրույցը այս կապակցությամբ:

– Որքանո՞վ է գիրքն արդիական և սփյուռքում ունե՞նք կրթական համայնք, որի համար դեռևս ազգապահպանման գործոնը չի կորցրել կարևորությունը:

– Աշխարհում օնլայն կրթության վերջին զարգացումներին զուգընթաց` կրթական համայնք է ձևավորում նաև հայկական վիրտուալ համալսարանը, որն աշխարհի տարբեր երկրներում ունի շուրջ 3 հազար ուսանող և գործում է արդեն մի քանի տարի: Համալսարանը համացանցի միջոցով բոլոր սփյուռքահայ ուսանողների համար իրականացնում է հասանելի և մատչելի կրթություն` մշակութային, կրթության և այլ ուղղություններով: Համալսարանը նպատակ ունի նաև համապարփակ կրթություն իրականացնել գերժամանակակից մուլտիմեդիայի միջոցներով, որի առաջին թողարկումն այս գիրքն է: Այն բավական սպասված էր ուսանողների շրջանում, և կարծում եմ` ըստ արժանվույն կգնահատվի: Այն համարվում է ՀՎՀ-ի նորարար էլեկտրոնային մատենաշարի առաջին գիրքը` «Հայկական լեռնաշխարհ» անվամբ, որը ներկայացնում է հայկական մշակույթն ու պատմությունը: Գրքում ներկայացված են հայկական լեռնաշխարհի բազմադարյան մշակույթը, շրջակա միջավայրը և վարչական տարածաշրջանային բաժանումները, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է պատկերներով և տեսանյութերով:
– Իսկ ինչո՞ւ թեմայի ընտրությունը կանգ առավ հայկական լեռնաշխարհի վրա:
– «Հայկական լեռնաշխարհի» թեմայի ընտրությունը բացատրվում է նրանով, որ հենց հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում մեր ազգային արմատներն ու պատմությունը, հենց հայկական լեռնաշխարհով է պայմանավորված մեր պատմության և ազգային ճակատագրի առանձնահատկությունները:
– Իսկ թողարկումը միայն հայալեզո՞ւ է, թե՞…
– Ոչ, գիրքը սկզբնական շրջանում ընթերցողին կներկայանա արևելահայերեն և անգլերեն, այնուհետև արևմտահայերեն և ևս 4 լեզվով` թուրքերեն, իսպաներեն, ֆրանսերեն, ռուսերեն: Այս գիրքն ընդգրկում է Հայաստանին վերաբերող թեմաների բավական լայն շրջանակ` պատմություն, մշակույթ, տուրիզմ, տնտեսություն և այլն: Գիրքը կազմելիս հաշվի են առնվել ընթերցողների բազմազանությունը և նրանց ակնկալիքները գրքից, ուստի փորձ է արվել տեղեկությունները մատուցել մատչելի լեզվով` միաժամանակ ապահովելով ոճային ինքնատիպությունը:
Ընթերցողները հնարավորություն ունեն հարցաշարերի միջոցով գնահատելու իրենց առաջընթացը, առանձնացնելու ժամանակաշրջանի կարևորագույն իրադարաձությունները և ծանոթանալու հատուկ այդ աղբյուրի համար մշակված հարուստ բառապաշարին:
– Ինչպե՞ս կարող է ընթերցողը ձեռք բերել այն:
– Գիրքը բոլորի համար կլինի անվճար և ամենուրեք հասանելի: Բացի թողարկված տեսաերիզներից, ցանկացած ընթերցող բավական հեշտ ներբեռնումով կկարողանա այն ընթերցել մոբայլ սարքերով, պլանշետներով և այլն:
– Որքանո՞վ է գրքում հնարավոր եղել ապահովել նյութերի գիտական հավաստիությունը, և ի՞նչ աղբյուրներ են օգտագործվել:
– Դրանք վերցվել են ՀՎՀ-ի ուսումնական գրականությունից, ակադեմիական ամսագրերից, պատմական փաստաթղթերից, բուհերում կիրառվող կրթական նյութերից և այլն: Իսկ ինչ վերաբերում է գրքի ակադեմիական խորությանը, ապա այն կարող է ծառայել որպես գիտական աղբյուր` շնորհիվ գրքում տեղ գտած ճշգրիտ և մանրակրկիտ ուսումնասիրությունների: Գրքի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ տեղեկատվությանը զուգահեռ, նյութը մեկնաբանվում է տեսաշարի ձևով, տեսողական 3D էֆեկտներով, լուսանկարներով, տեսահոլովակներով, իրադարձությունների ժամանակագրությամբ, դինամիկ քարտեզներով և այլն:
– Կլինե՞ն նոր թողարկումներ:
– Այո, նախատեսվում է առաջիկա ամիսներին թողարկել հաջորդ գրքերը, որոնցից երկուսը, ի դեպ, նույնպես հիմնված կլինեն վերոհիշյալ աղբյուրների վրա և կներկայացնեն Հայաստանի տնտեսությունը, տուրիզմն ու փոփ մշակույթը: Իսկ մնացած թողարկումները կընդգրկեն տարբեր բնագավառներ` ճարտարապետություն, երաժշտություն, գեղարվեստ, ժողովրդական մշակույթ և այլն: Այդ գրքերի միջոցով կընդլայնվի նաև ՀՎՀ-ի վիրտուալ լսարաններում ընդգրկված միջազգային ուսանողների շրջանակը: Ի դեպ, աշխարհի տարբեր վայրերի կրթական համակարգի ներկայացուցիչներն ու ուսանողները բավական մեծ անհամբերությամբ են սպասել այս վիրտուալ գրքի թողարկմանը, և այն իրականություն դարձնելու ցանկությամբ էլ պայմանավորված է եղել գրքի թողարկումը: Կարծում եմ, ինչպես այս, այնպես էլ հետագա թողարկումները նոր էջ կբացեն հայկական ինքնության բացահայտման գործում:
Լ. Ն

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի հատկացման մրցույթ

կրթաթոշակՀայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Կրթաթոշակ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին է հատկացրել 60 մլն դրամ։

Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

  • սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
  • միակողմանի ծնողազուրկ ուսանող,
  • երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
  • հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
  • տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
  • հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
  • պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն): Կրթաթոշակի հատկացման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՀԵՀ-ի պաշտոնական կայքում (http://heh.am):

Նշենք, որ 2011-2013թթ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված, վերոնշյալ չափանիշներին համապատասխանող ավելի քան 2150 ուսանողի հատկացրել է կրթաթոշակներ։

 

Վերջին դաս. ավանդական շոուի փոխարեն շրջանավարտներն իրենց գիտելիքներն են ցուցադրում

վերջին դասՀանրապետության բոլոր դպրոցներում այսօր ուսումնական տարվա վերջին դասն է. 9-րդ դասարանցիները մնաս բարով են ասում  հիմնական դպրոցին և մուտք գործում ավագ դպրոց, իսկ 12-րդ դասարանցիներն էլ` հասուն կյանք:

Այսօր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի 41 սաները ևս վերջին դասին մնաս բարով ասացին իրենց դպրոցին: Նրանց վերջին դասը, սակայն, տարբերվում էր նրանից, ինչ սովոր ենք տեսնել վերջինզանգյան բեմից:

Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցը հայագիտական թեքում ունի և այստեղ արդեն մեկ տարի 8-րդ և 9-րդ դասարաններում ուսանում են «Հայ մշակույթի պատմություն» առարկան: Դպրոցի շրջանավարտները վերջին դասն օգտագործեցին` ցույց տալու, թե ինչ են հասցրել սովորել մեկ տարվա ընթացքում:

Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանն ասում է, որ դպրոցը կրթելու առաքելություն ունի, աշակերտն էլ`գիտելիքը սերտելու, ուստի վերջին դասը պետք է ճիշտ օգտագործել և ցույց տալ, թե դպրոցից ինչ գիտելիքներով են հեռանում. «Սա իսկապես վերջին դաս էր, որ չվերածվեց շոուի»:

Մեկժամյա միջոցառման ընթացքում աշակերտները հարց ու պատասխանի, բեմադրությունների, երգ ու պարի միջոցով անդրադարձան հայոց պատմությանը, գրականությանը, երգարվեստին, մանրանկարչությանն ու կերպարվեստին, ճարտարապետությանը, հայոց եկեղեցու պատմությանը:

Միջոցառման ավարտին Ռաֆայել Իշխանյանի այրի Բյուրակն  Չերազ-Անդրեասյանն ասաց, որ  թիվ 153 դպրոցն իսկապես Ռաֆայել Իշխանյանի երազած դպրոցն է: «Այս վայրէջքները վերջանալու են և մենք վերելք ենք ունենալու ու դառնալու ենք արևելքի լույսը: Կարծում էի, որ մեր ժողովրդի մեջ ինչ-որ ոգի մահացել է, բայց դա այդպես չէ»,- ասաց նա:

 «Անկախ»-ը ներկայացնում է մի քանի դրվագ միջոցառումից` տեսանյութերի տեսքով:

Դեպի համընդհանուր ներառում. Ինչպիսի՞ն կլինի հատուկ կրթությունը «Հանրակրթության մասին» օրենքը փոփոխելուց հետո

սաղյան

Իվետա Սաղյանը ցույց է տալիս Գոռի աշխատանքները

10-ամյա Գոռն այն երեխաներից է, որոնց մասին ասում են` զարգացման հապաղում ունի, ինչի պատճառով էլ նա կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի: Այժմ նա  սովորում է Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցում` երկրորդ դասարանում:  Գոռի ուսուցչուհին` Իվետա Սաղյանը, ասում է, որ երեխայի մեջ առաջընթացն ակնհայտ է. նախկինում դասին մի քանի րոպե էր նստում, հետո դուրս էր գալիս դասարանից, իսկ այժմ դասի մեծ մասը դասարանում է անցկացնում: Սաղյանը պատմում է, որ սկզբում դժվար էր, Գոռը շատ էր աղմկում, պահանջում էր այնքան ուշադրություն, որքան ողջ դասարանը, ինչի պատճառով, դասն այնքան արդյունավետ չէր լինում, որքան ինքն էր ակնկալում:  Բայց դասարանն ի վերջո սովորեց ուշադրություն չդարձնել Գոռի աղմուկին: Այժմ Գոռը դասարանում արդեն ընկեր ունի` Գևորգը, միշտ միասին են խաղում:  Գոռը նաև ուսուցչի «օգնականն» է դասարանում, ընկեր Սաղյանը Գոռին է հանձնարարել դասարանային բույսերից մեկի խնամքը, ինչն էլ պատասխանատվությամբ կատարում է:

Թիվ 21 հիմնական դպրոցը մեկն է հանրապետությունում գործող 98 ներառական կրթություն իրականացնող դպրոցներից: Այստեղ ներկայումս  սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 12 աշակերտ:

Դպրոցի հատուկ մանկավարժ Վարդուհի Պալյանն ասում է, որ ներառական կրթությունն ավելի արդյունավետ դարձնելու համար մի շարք քայլեր են հարկավոր, օրինակ` դպրոցները պետք է համալրվեն ուսումնաօժանդակ նյութերով`  գունազարդ հեքիաթների գրքերով, փազլներով, այլ զարգացնող խաղերով, որոնցով հնարավոր կլինի զարգացման հապաղում ունեցող երեխաների ուսուցումն ավելի արդյունավետ ու հետաքրքիր կազմակերպել:

Վարդուհի Պալյան

Վարդուհի Պալյան

Ըստ Պալյանի` հարկավոր է նաև ուսուցիչներին հոգեբանորեն վերապատրաստել, որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշվել և աշխատել, ինչպես նաև փոխել ծնողների մեջ ներառական և հատուկ կրթության վերաբերյալ բացասական ընկալումը. «Ծնողները պետք է հասկանան, որ ներառական համակարգում ընդգրկվելու մեջ ամոթալի բան չկա»: Ասում է` շատ երեխաներ կան, որոնք կարիք ունեն, որ հատուկ մանկավարժն ու հոգեբանը աշխատեն իրենց հետ, սակայն ծնողը հրաժարվում է` ներառական ասվածը մերժելով: Մինչդեռ արդյունավետ ու ճիշտ աշխատանքի դեպքում որոշ ժամանակ անց  երեխան կարող է այլևս առանձնահատուկ կրթության կարիք չունենալ, ինչը կբացահայտվի պարբերաբար կատարվող վերագնահատման միջոցով:

Ըստ նրա` որոշ ծնողներ էլ խուսափում են հատուկ դպրոցներից` առանց հաշվի առնելու, թե որ դպրոցում իրենց երեխայի կրթությունն ավելի արդյունավետ կլինի: «Ծնողը պետք է գիտակցի, որ որոշ դեպքերում երեխան հատուկ դպրոցում կարող է ավելի լավ կրթություն ստանալ, քան այլ  դպրոցում»,- ասում է Պալյանը` հավելելով, որ ծնողը հոգեբույժի կարիք ունեցող երեխային հանրակրթական դպրոց բերելով` նախ և առաջ իր երեխային է վնասում, քանի որ այստեղ երեխան չի ունենա այն առաջընթացը, ինչ կարող էր ունենալ հատուկ դպրոցում:

Պալյանն առաջարկում է, որ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում ներառվի նաև դրույթ, որը նախ կբացառի, որ փոքր խնդիրներ ունեցող երեխաները հայտնվեն հատուկ դպրոցներում, իսկ արդեն խորը մտավոր հետամնացություն ունեցող երեխաներին էլ գոնե որոշ ժամանակով կուղղորդի դեպի հատուկ դպրոց:

Դասաժամ Շիրվանզադեի անվան դպրոցում

Դասաժամ Շիրվանզադեի անվան դպրոցում

ԿԳՆ  հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, սակայն, նշում է, որ հետընթացի ճանապարհ չկա, պետք է գնալ դեպի համընդհանուր ներառում. օրենքի նոր փոփոխությունը կապահովի յուրաքանչյուր երեխայի` իր համայնքին մոտ դպրոցում կրթություն ստանալու իրավունքը. «Ներառական կրթություն հասկացությունն իրավունքից է բխել, յուրաքանչյուր երեխայի կրթություն ստանալու իրավունքից:  Երկու հիմնարար իրավունքները համատեղելու` ընտանիքում ապրելու և կրթություն ստանալու իրավունքը համատեղելու համար անհրաժեշտ է ներառական կրթության գաղափարը: Այլևս չի քննարկվում, թե որ երեխան իրավունք ունի, որը ոչ: Հիմա հարցն այն է, թե ինչ անենք, որ բոլոր երեխաների կրթության իրավունքը ապահովենք»:  Փոխարենը`  օրենքով կհստակեցվեն  կրթության առանձնահատուկ կարիքի գնահատման չափանիշները և սանդղակներ կսահմանվեն, որ այն երեխաները, որոնք թեթև  խնդիրներ ունեն, չհայտնվեն հատուկ դպրոցում և կտրվեն ընտանիքից:

Ըստ Մուրադյանի` հատուկ դպրոցների գաղափարախոսությունն ավարտված չէ, նույնիսկ եթե օրենքն ընդունվի, հատուկ դպրոցները շարունակելու են  գործել:

2012-ի հոկտեմբերին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: 2013-ի փետրվարին  նախագծի նիստերի օրակարգ ընդգրկվելը հետաձգվել է մինչև մեկ տարի ժամկետով: Այժմ ընթանում են հանրային քննարկումներ, շահագրգիռ կողմերն իրենց առաջարկություններն ու կարծիքներն են ներկայացնում նախագծի վերաբերյալ: Ընդունվելու դեպքում նոր օրենքը կփոխարինի նաև «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների կրթության մասին» օրենքին:

Ըստ նախագծի` մինչև 2022 թ. հանրապետությունում գործող բոլոր հանրակրթական դպրոցները պետք է դառնան նաև ներառական, այն է`  կարողանան երեխային համարժեք կրթական ծառայություններ մատուցել:

Ըստ այդմ` հատուկ կրթությունը կազմակերպելու համար նախատեսվում է ստեղծել եռաստիճան համակարգ: Առաջին աստիճանը կլինեն հանրակրթական դպրոցները: Ներկայում գործող 23 հատուկ դպրոցների մի մասը  կվերակազմակերպվի, և ամեն մարզում կգործի մեկական  հոգեբանամանկավարժական կենտրոն: Այդ կենտրոնները  կստանձնեն հանրակրթական դպրոցներում հատուկ կրթությունը վերահսկողի և վերապատրաստողի դերը: Երրորդ աստիճանը կլինեն հանրապետական նշանակության հատուկ դպրոցները, որտեղ կկազմակերպեն այն երեխաների կրթությունը, որոնց կրթությունը հանրակրթական դպրոցում կազմակերպելն անհնար է:

Խոսելով այն մասին, թե որքանով հնարավոր կլինի արդյունավետ դաս կազմակերպել  բոլորի համար, եթե դասարանում առանձնահատուկ կրթության կարիք ունեցողների թիվը մեծ լինի, Մուրադյանն ասում է, որ ըստ գործող ներառական կրթությունն իրականացնելու կարգի` մեկ դասարանում կարող է ընդգրկվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 2-3 երեխա` ըստ կրթական կարիքների բարդության:

«Նոր օրենքը ենթադրում է, որ յուրաքանչյուր դպրոցում 100 երեխայի հաշվով կլինի մեկ ուսուցչի օգնականի հաստիք, ուսուցչի օգնականն արդեն աջակցող մասնագետ է, բացի այդ,  տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոնները պետք է գործուղեն մասնագետների, որոնք ինչ-որ պարբերականությամբ պետք է դպրոցում լինեն և վարեն երեխայի ուսումնական պլանը»,- ասում է Մուրադյանը:

Անդրադառնալով ուսուցիչների դժգոհություններին, թե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման չափանիշները հստակ չեն, Մուրադյանն ասում  է. «Նախարարը հաստատել է կրթության կազմակերպման կարգը, որում ասվում է, որ  կրթության  առանձնահատուկ կարիք ունեցող երեխան սովորում է անհատական ուսուցման պլանով: Կրթության մեջ սկզբունքներ գոյություն ունեն, օրինակ` 6 տարեկանին չեք կարող 18 տարեկանին համապատասխանող պահանջներ ներկայացնել, այստեղ էլ 6 տարեկան երեխան, եթե դպրոց է եկել,  բայց երկու տարեկանի զարգացում ունի, նրա կրթական ծրագիրը չի կարող լինել 6 տարեկան երեխային համապատասխան: Այսինքն` նրա անհատական ուսուցման պլանը պետք է մեկ կամ երկու քայլ ավելի լինի իր այսօրվա զարգացման մակարդակից:  Հետևաբար, մենք գնահատում ենք երեխայի առաջխաղացումն իր նախորդ վիճակի համեմատությամբ: Նրա առաջադիմության գնահատման համար անհատական ուսուցման պլանի առաջխաղացումներն են դեր կատարում: Կա ներառական  կրթության իրականացման կարգը, որում գրված է, թե երեխան ինչ ծրագրով պետք է սովորի, ինչպես պետք է ամփոփվի նրա առաջադիմությունը, ինչպես պետք է գնահատվի»:

Իսկ դպրոցների ֆիզիկական մատչելիության մասին խոսելով` Մուրադյանն ասում է, որ  այդ գործոնը հաշվի առնելու դեպքում որևէ դպրոցի ներառական կրթություն իրականացնելու իրավունք չէր տրվի. «Ֆիզիկական մատչելիությունը միայն թեքահարթակը չէ, դա ենթակառուցվածքների հարց է: Մենք ստիպում ենք տնօրեններին, որ թեքահարթակներ կառուցեն, սանհանգույցներում բռնակներ լինեն, բայց դա ավելի շատ ռեկլամային բնույթ է կրում: Դա ավելի շատ քաղաքաշինական խնդիր է»:

Նրա խոսքով` դպրոցաշինության պատվիրատուն ոչ թե ԿԳՆ-ն է, այլ քաղաքաշինության նախարարությունը, և վերջինս դպրոցների կառուցման կամ հիմնանորոգման ժամանակ պետք է հաշվի առնի նաև մատչելիության խնդիրը: Իսկ մինչ այդ դպրոցների տնօրենները պետք է փորձեն եղած միջոցներով հնարավորինս մատչելի միջավայր ապահովել աշակերտների համար, օրինակ` տեղաշարժման դժվարություն ունեցող երեխաների դասարանները պետք է առաջին հարկում տեղակայեն:

Վիագրայի բերքահավաքի պատճառով Հիմալայան շրջանների դպրոցները փակվել են

v2Նեպալի գյուղական շրջանների դպրոցները դատարկվել են, քանի որ գյուղացիները գնացել են սեքսուալ ակտիվությունը խթանող, բարձր լեռնային շրջաններում աճող հազվագյուտ սունկ հավաքելու:

Ըստ տեղեկությունների՝ սեռական կարողությունները խթանող յարչագումբայի կարողությունները այնքան մեծ են, որ սունկը անվանել են «Հիամալայան վիագրա»: Դրա պահանջարկը Չինաստանում և այլ ասիական երկրներում այնքան մեծ է, որ այն վաճառվում է մեկ կիլոգրամը 20,000 դոլարով:

Ջաջարկոտ շրջանում, որտեղ շուրջ 8,000 աշակերտներ միացել են Հմալայներում սունկ հավաքողների խմբին, կրթության համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաները հայտնում են, որ դպրոցները բացելու ոչ մի հնարավորություն չկար, քանի որ երեխաների ծնողները և ուսուցիչները ևս սունկ հավաքողների շարքում են:

v1Պարկաշ Սուբեդին ninemsn.com-ին տեղեկացրել է, որ շուրջ 8,000 աշակերտները գնացել են արաշվի և իրենք ստիպված փակել են դպրոցները:

Նա նաև ավելացրել է, որ աշնանը որոշ դպրոցներում հավելյալ դասաժամեր են անցկացվում՝ գարնան ամիսներին յարչագումբայի բերքահավաքի նպատակով բաց թողնված դասերը լրացնելու համար:

Սուբեդին նշում է, որ չնայած ծնողներին զգուշացնում են, որ երեխաներին իրենց հետ չվերցնեն սունկ հավաքելու, սակայն նրանք հաշվի չեն առնում, քանի որ երեխաները կարող են բերքահավաքի ժամանակ աշխատել մինչև 100,000 ռուփի՝ ավելի քան 1,000 դոլար:

Տիբեթյան լեզվով յարչագումբա նշանակում է «ամառան խոտ, ձմռան ճիճու»:

Չնայած ոչ մի հետազոտություն չի արվել սնկին վերագրվող սեռական ակտիվությունը բարձրացնող հատկությունների վերաբերյալ, այնուամենայնիվ չինացի բուսաբույժները կարծում են, որ յարչագումբան խթանում է սեքսուալ կարողությունները:

Սնկին նաև այլ բազմաթիվ բուժիչ հատկություններ են վերագրում և այն օգտագործում են թեյի մեջ կամ ավելացնում են ապուրներին:

Բարձրագույն պարգև` Հայաստան-ԵՄ արդյունավետ աշխատանքի համար

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համատեղ արդյունավետ աշխատանքի համար Հայաստանում Եվրամիության խորհրդարանական խորհրդատու Էդուարդո դը Լորենցո Օչոայան այսօր պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: Հանձնելով պարգևը` ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը նշել է, որ բարձր է գնահատում Էդուարդո դը Լորենցո Օչոայի ավանդը` Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների աջակցության և կրթության բնագավառում Եվրոպական Միության ինտեգրման ծրագրերի տարածման և ընդլայնման գործում: Արմեն Աշոտյանը կարևորել է նաև Եվրամիության և Եվրախորհրդի հետ ակտիվ համագործակցությունը թե՛ ԵՄ հարևանության քաղաքականության, և թե՛ “Արևելյան գործընկերության” շրջանակներում: Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Եվրամիության խորհրդարանական խորհրդատուն այն եզակի օտարերկացիներից է, ում շնորհվում է նման պարգև:
Հայաստանում Եվրամիության խորհրդարանական խորհրդատու Էդուարդո դը Լորենցո Օչոայան շնորհակալություն է հայտնել` իրեն նման բարձր պատվի արժանացնելու համար:

«Բանակի ներքին կյանքի քննադատությունը միայն օգուտ է բերել բանակին»

hx«Արմսես» ՀԿ-ն և ՀԽ երիտասարդական թևը ռազմական ոլորտը լուսաբանող լրագրողների համար կազմակերպել էին երկամսյա դասընթացներ: Դասընթացի ընթացքում բանախոսները ներկա և ապագա լրագրողներին հաղորդեցին գիտելիքներ, որոնք պետք է իմանա ոլորտը լուսաբանող լրագրողը. տարածաշրջանի երկրների ռազմական ներուժը, աշխարհաքաղաքական շահերը, հայոց բանակի կառուցվածքը և զարգացման միտումները, էջեր արցախյան ազատամարտից:

Դասընթացի շրջանակներում ռազմական լրագրողները հանդիպում ունեցան նաև ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որը 1992-1993 թթ. եղել է պաշտպանության նախարար:

Վազգեն Մանուկյանի կարծիքով` ռազմական լրագրությունը բարդ բան է. շատ բան կարող ես իմանալ, բայց ամեն ինչ չէ, որ կարող ես գրել, որպես լրագրող` անընդհատ  երկընտրանքի առջևս ես. «Ռազմական լրագրող լինելու համար նախ և առաջ պետք է խիզախություն, իսկ դա պայմանավորված չէ վճարով, այլ` նվիրվածությամբ:  Երկրորդ` ինչքան էլ նվիրված լինես, պետք է նաև ինչ-որ բանի հասնելու անձնական ձգտում ունենաս:  Երրորդ` ինքնասահմանափակում: Ի տարբերություն մյուս ոլորտների լրագրողների` այստեղ երբեմն պետք է, որ ինքդ քեզ սահմանափակես` մտածելով` այս ինֆորմացիան քո երկրին օգո՞ւտ է, թե՞ վնաս:  Դա բավական դժվար գործ է, քանի որ այդ եզրն ամեն մեկի  համար տարբեր տեղում է  գտնվում»:

Մանուկյանի խոսքով`  տեղեկատվական գաղտնիությունը հատկապես կարևոր է պատերազմի ժամանակ: Արցախյան ազատամարտի տարիներին, սակայն, այդ առումով վիճակը թերի էր: «Մի գաղտնի օպերացիա իրականացրինք` մի օդաչուի միջոցով օդանավ փախցրինք Բաքվից:  Դրա մասին գիտեինք 3 հոգի:  Մեկ էլ տեղակալս հարցնում է` ինչ-որ ինքնաթիռ ե՞նք բերել, ավտոբուսում էին խոսում:  Այն ժամանակվա գաղտնապահությունն այդպիսին էր»:

Եղել է նաև, որ հայկական կողմը կարողացել է օգտվել տեղեկատվական արտահոսքից: Մանուկյանը պատմում է, որ Քարվաճառի օպերացիան սկսելու համար հարկավոր էր առնվազն 2000 սնարյադ (արկ), ինչը հայկական կողմը չուներ: «Ընկած ճարում էինք: Բայց դա այնքան էլ հեշտ չէր: Օրն անընդհատ նշանակվում էր, ապա հետաձգվում: Ամեն անգամ Ադրբեջանը պատրաստվում էր մեր հարձակմանը, բայց հարձակում այդպես էլ տեղի չէր ունենում:  Մտածում էր, որ դիտմամբ ենք անում: Ու երբ Քելբաջարի (Քարվաճառի) օպերացիան սկսվեց, չնայած բոլորը գիտեին, որ սկսվելու է, նրանց համար անսպասելի էր»,- հիշում է Մանուկյանը:

Անդրադառնալով բանակը լուսաբանել-չլուսաբանելու խնդրին` Մանուկյանն ասում է, որ բանակն անպայման պետք է լուսաբանել, այլապես համակարգը կփտի ներսից:  «Բանակի մասին չես գրում, չես գրում, հանկարծ բանակը պատուհաս է դառնում քո ժողովրդի գլխին: Ինչ- որ բան կա, որ չպետք է գրել, որ քո հակառակորդին չոգևորես, բայց եթե ոչ մի բան չգրես, ապա ներսում կաշառակերություն կլինի և այլն: Կարծում եմ, որ բանակի ներքին կյանքի քննադատությունը միայն օգուտ է բերել բանակին, առանց  դրա այն կփտեր,- ասում է Մանուկյանը և հավելում ,-ռազմական ոլորտի ամեն լրագրող իր համար ինչ-որ եզր պիտի սահմանի. մինչև այս եզրը ինչ էլ լինի ու ինչքան էլ վտանգավոր լինի, միևնույն է, գրելու եմ»:

Խոսելով բանակային կարգապահության մասին` Վազգեն Մանուկյանն ասում է, որ այն այժմ շատ ավելի բարձր վիճակում է, քան տարիներ առաջ: Պատմում է, որ  պատերազմի տարիներին հրամանատարներն  անընդհատ դիմում էին հարձակման անցնելու, գործողություններ սկսելու խնդրանքով` բացատրելով, որ խաղաղ օրերին արդեն զինվորները ներսում են սկսում հարաբերություններ պարզել:

Մանուկյանի կարծիքով, սակայն,  բանակային միջադեպերը լիովին բացառելն անհնար է. «Անհնար է, որ կոնֆլիկտներ չառաջանան մի վայրում, որտեղ հավաքված են հազարավոր զինված երիտասարդ ու տաքարյուն տղաներ»:

Իսկ բանակային միջադեպերի պատճառաբանությամբ բանակից խուսափելը, ըստ Մանուկյանի, պարզապես պատրվակ է. դրանք չլինեին` այլ պատրվակ կգտնվեր,  ուղղակի որոշ մայրեր ցանկանում են, որ իրենց երեխան ամեն գնով իրենց կողքին մնա և հեռու լինի ամեն հնարավոր վտանգից: Իրավիճակը շտկելու համար պետք է մարդկանց մտածողությունը փոխվի:

Ինչո՞ւ են 16 բանասերները միասին ստեղծել «դիվային» շտեմարան

շտեմարանԿրքերը հայոց լեզվի և գրականության շտեմարանի շուրջ թեժացել են

 

2013-ի պետական ավարտական և միասնական քննությունների հայոց լեզվի և հայ գրականության շտեմարանի առաջին հատորի հրապարակումից հետո կրքերը չեն հանդարտվում. աշակերտներն ու բանասերները դժգոհում են շտեմարանի արհեստական բարդությունից և պահանջում վերանայել այն:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Կարապետյանն ասում է, որ նոր շտեմարանն ավելի շատ ուսուցիչների, քան թե աշակերտների համար է. «Դիվային շտեմարան է: Իրավիճակ է ստեղծվել, երբ անգամ կրկնուսույցին է կրկնուսույց հարկավոր»: Կարապետյանն ասում է, որ շտեմարանում ընդգրկված են հազվադեպ կիրառվող բարբառային բառեր և հնաբառեր, որոնց աշակերտը դպրոցական ուսումնառության ընթացքում երբևէ չի առնչվում: Որպես օրինակ նշում է հետևյալ բառերը` դեդևել, հեթեթալ, այսահար, օրրերգ:

Դժգոհում է նաև գնահատման մեխանիզմներից: Օրինակ` «Ուղղագրություն» բաժնում պահանջվում է տրված բառերով բաղադրյալ հատուկ անուններ կազմել: Եթե աշակերտը պատասխանում նշված թվից գեթ մեկ բառ պակաս կազմի, միավոր չի վաստակի, մինչդեռ աշխատանք է կատարել:

Կարապետյանն ասում է, որ շտեմարանի առաջադրանքները ճիշտ գրելու համար բավարար գիտելիք ունեցող երեխան կունենա բանասիրության ֆակուլտետի շրջանավարտի գիտելիքներ. «Էլ  բուհում ի՞նչ պիտի նրան սովորեցնեն, մանավանդ եթե բանասիրության ֆակուլտետի դիմորդ չէ»:

Մասնագետի կարծիքով` առաջադրանքների բարդացման պատճառն անցած տարվա բարձր գնահատականներն են:  Այս տարվա շտեմարանը որևէ մեկը չի կարող անգիր անել. «Երեխան ոչ միայն առանց կրկնուսույցի, ինքուրույն չի կարող պարապել ու բուհ ընդունվել, այլև այնքան է բարդացել, որ նախկին երկու տարվա փոխարեն հիմա պետք է երեք տարի պարապի»:

Առանց կրկնուսույցի բուհ ընդունվելու անհնարինությունը փաստում է նաև  Մ. Խորենացու անվան թիվ 143 դպրոցի ուսուցչուհի Գայանե Սարգսյանը. «Ո՞ւմ օգնությամբ աշակերտը պետք է պեղի բառարանները»: Նրա կարծիքով`  շտեմարանային առաջադրանքները կոչված են շփոթեցնելու աշակերտին, դժվարացնելու նրա գործը. եթե նախկինում պատասխաններից երկուսը սխալ էին, մեկը ճիշտ և մեկն էլ` ճշմարտանման, ապա ներկայիս շտեմարանում հարցերի զգալի մասը ճշմարտանման է:

Վրիպակներ ու սխալներ կան ոչ միայն շտեմարանում, այլև անգամ կազմին, որտեղ «1-ին մաս» կամ «I մաս» գրության փոխարեն նշված է «1 մաս»:

«Շտեմարանը նահանջել  է իր բուն նպատակից: Մենք պետք է երեխաներին սովորեցնենք սիրել մայրենին, գրագետ լինել, ճիշտ արտահայտել իրենց մտքերը, գեղեցիկ խոսել,- ասում է Սարգսյանը: – Արդյոք շտեմարանն օգնո՞ւմ է աշակերտին: Շտեմարանը երեխայի մեջ տագնապ է առաջացնում, ավելորդ լարում, հուզում: Բոլորս էլ ուզում ենք, որ մեր երեխաները սիրեն մայրենին, բայց հակառակ երևույթն է առաջանում»:

«Զօրհանապազ ոգորումը պետք է հանապազորդել առանց  դեդևելու: Մենք քերովբեներ չենք»

Հայոց լեզվի և գրականության շտեմարանից իրենց դժգոհությունն արտահայտեցին նաև աշակերտները:

12-րդ դասարանցի Գրիշա Էձգերիձեի կարծիքով` շտեմարանն ավելի շատ բթացնելու համար է ստեղծված, քան կրթելու:

12-րդ դասարանցի Աննա Մուրադյանն էլ ասում է, որ մինչ շտեմարանի հրապարակումը, թեստերից կարողանում էր 17-18 միավոր հավաքել, բայց այժմ խուճապի մեջ է և միակ հույսն այն է, որ գոնե անգլերենից բարձր գնահատական ստանա:

Որպես անհեթեթ  հարցի օրինակ` աշակերտները մատնանշում են հետևյալ հարցը. «Ո՞ր շարքում են պատմավեպերի միայն դայակների և աղախինների անունները»: Եվ հարցնում են. «Եթե չենք հիշում Սամվելի դայակի անունը, նշանակում է պատմավեպին ծանոթ չե՞նք»:

Շտեմարանում կան նաև օտարաբանություններ, օրինակ` «Ուղղագրություն» բաժնի բառերից է «մասսա» բառը, որի հայերեն համարժեքն է «զանգված»-ը:

Գրիշան իր դժգոհությունը  նամակի միջոցով ուղարկել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` կից շարադրելով նաև շտեմարանային բառերից կազմված հետևյալ նախադասությունը. «Զօրհանապազ ոգորումը պետք է հանապազորդել առանց դեդևելու: Մենք քերովբեներ չենք»:

Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ այդ նախադասությունը շտեմարանի հետ կապ չունի, բայց  խոստացավ, որ քննական առաջադրանքներում անորակ և սխալ թեստեր չեն լինելու: Շտեմարաննները, սակայն, կմնան անփոփոխ:

ԳԹԿ–ն դժգոհությունները չափազանցված է համարում

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի կարծիքով` դժգոհությունները հայոց լեզվի և գրականության նոր շտեմարանից չափազանցված են: Ասում է, որ ԳԹԿ-ում հեղինակային խմբի և մասնագետների ներկայությամբ շտեմարանը քննարկվել է, և առանձնացվել  է 21 առաջադրանք, որոնք ենթադրաբար տեղ չեն գտնի քննական թեստում: Որոշումն առաջիկայում կհրապարակվի:

Ասում է, որ մեծ խնդիր չէ, եթե 7 հազար առաջադրանք պարունակող շտեմարանում 50-100 հարց խոտան լինի կամ մասնագետների կողմից ոչ պիտանի ճանաչվի: «Կարևորն այն է, որ շտեմարանը  դեռ քննական թեստ չէ,  և նման հարցերը չեն ընդգրկվի թեստի մեջ»:

Նոր շտեմարանի բարդությունը, ըստ Իսպիրյանի, նույնպես արհեստական չէ: «Շտեմարանի առկայության դեպքում, բնականաբար, գնահատականները բարձրացան, քանի որ բազան բաց է, երեխաները ծանոթ են առաջադրանքներին, պարապում են, անցած տարվա բարձր գնահատականները տրամաբանական էին: Բայց բարդացումն արհեստական  չէ: Այն, որ մի քիչ ավելացել են առաջադրանքները, և  դրանց տեսակն է փոխվել, դա թեստաբանության զարգացման միտումների մեջ է,- ասում է Իսպիրյանը:- Համաշխարհային պրակտիկայում թեստը 3 մասից է բաղկացած. ընտրովի պատասխաններով առաջադրանքներ, կարճ պատասխանով առաջադրանքներ, ինչը ենթադրում է նոր շտեմարանը, և  ընդարձակ պատասխանով առաջադրանքներ: Վերջինս  մեզ մոտ դեռ չի կիրառվում»:

ԳԹԿ ներկայացուցչի կարծիքով` պարզապես դժվարացել է պատահական պատասխան ընտրելու տարբերակը, իսկ իմացող երեխայի համար ձևակերպումը կարևոր չէ:

Իսպիրյանը նշում է, որ նոր տիպի առաջադրանքները կազմելու են 80 հարցանոց թեստի միայն մեկ հինգերորդը և ունենալու են 4 միավորի արժեք, այնպես որ անցած տարվա շտեմարանը լավ յուրացրած դիմորդները կկարողանան վաստակել առավելագույնը 16 միավոր:

Շտեմարանի կողմնակիցների և հակառակորդների «բանակները» օն–լայն պայքար են մղում

Շտեմարանների դեմ պայքարն անցել է նաև օն-լայն հարթակ: Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Պայքար անորակ շտեմարանների դեմ» էջ: Նախաձեռնության ներկայացուցիչները պահանջում են քննություններն անցկացնել անցած տարվա կարգով` չեղյալ հայտարարելով 2013-ի պետական ավարտական և միասնական քննությունների շտեմարանի նոր հրապարակված հատորները և ուղեցույցը:

Որպես հակակշիռ նշված էջին` ստեղծվել է նաև «Այո շտեմարաններին» էջը, որն էլ կոչ է անում «պայքարել շտեմարաններից անտեղի դժգոհողների դեմ»:

Մինչ հանրությունը  իրական ու վիրտուալ աշխարհներում դժգոհում է ու պահանջում փոփոխել շտեմարանային առաջադրանքները, լույս տեսավ նաև երկրորդ հատորը, որն առաջադրանքների բնույթով նման է առաջինին: Շուտով կհրապարակվի նաև 5-րդ հատորը, որը կամփոփի 2011-ի շտեմարանի առաջին և երկրորդ հատորները: Իսկ նախորդ տարվա շտեմարանի 3-րդ և 4-րդ հատորներն ուժի մեջ են: Ընդհանուր առմամբ շտեմարանի 5 հատորներում զետեղված կլինի 7 հազար առաջադրանք` նախորդ տարվանից 2 հազարով ավելի:

Շտեմարանի  հեղինակներն են Փառանձեմ Մեյթիխանյանը, Աշխեն Ջրբաշյանը, Ալբերտ Մակարյանը, Ռիտա Սաղաթելյանը, Մարիամ Կուլախսզյանը, Պետրոս Կարեյանը, Անիչկա Ղազարյանը, Միրցա Հալաջյանը, Աննա Աբաջյանը, Լեոնիդ Թելյանը, Սամվել Մուրադյանը, Ռուբեն Սաքապետոյանը, Գայանե Խալաթյանը, Գայանե Մկրտչյանը, Արշալույս Գալստյանը, Վաչագան Ավագյանը:

Հ.Գ.

Նյութն արդեն պատրաստ էր, երբ հրապարակվեց ԳԹԿ որոշումը շտեմարանի վերաբերյալ: Ըստ այդմ` «Հայոց լեզու և հայ գրականություն»  առարկայի շտեմարանի 5-րդ հատորում կզետեղվեն բոլոր շտեմարաններում տեղ գտած վրիպակների, պատասխանների սխալների ու առաջադրանքների սխալ ձևակերպումների ուղղումները: Ինչպես նաև շտեմարանի 1-ին և 2-րդ հատորներից կհանվեն առաջադրանքները, որոնցում առկա են  զօրհանապազ, տարրույթ, մրտիմ, դաստառակ, փսփսուկ/ք, քսուկ/ք, ազազուն, պարեխ, կայլակ, տմույն, բարեմույն, գուլ, գուբ, հույլ, հեղ, պարտասուն, մուշկ, պարիկ, մաշտոց, անդրենածին, կնդրուկ, արհավրալի բառերը: