Դեպի համընդհանուր ներառում. Ինչպիսի՞ն կլինի հատուկ կրթությունը «Հանրակրթության մասին» օրենքը փոփոխելուց հետո

սաղյան

Իվետա Սաղյանը ցույց է տալիս Գոռի աշխատանքները

10-ամյա Գոռն այն երեխաներից է, որոնց մասին ասում են` զարգացման հապաղում ունի, ինչի պատճառով էլ նա կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի: Այժմ նա  սովորում է Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցում` երկրորդ դասարանում:  Գոռի ուսուցչուհին` Իվետա Սաղյանը, ասում է, որ երեխայի մեջ առաջընթացն ակնհայտ է. նախկինում դասին մի քանի րոպե էր նստում, հետո դուրս էր գալիս դասարանից, իսկ այժմ դասի մեծ մասը դասարանում է անցկացնում: Սաղյանը պատմում է, որ սկզբում դժվար էր, Գոռը շատ էր աղմկում, պահանջում էր այնքան ուշադրություն, որքան ողջ դասարանը, ինչի պատճառով, դասն այնքան արդյունավետ չէր լինում, որքան ինքն էր ակնկալում:  Բայց դասարանն ի վերջո սովորեց ուշադրություն չդարձնել Գոռի աղմուկին: Այժմ Գոռը դասարանում արդեն ընկեր ունի` Գևորգը, միշտ միասին են խաղում:  Գոռը նաև ուսուցչի «օգնականն» է դասարանում, ընկեր Սաղյանը Գոռին է հանձնարարել դասարանային բույսերից մեկի խնամքը, ինչն էլ պատասխանատվությամբ կատարում է:

Թիվ 21 հիմնական դպրոցը մեկն է հանրապետությունում գործող 98 ներառական կրթություն իրականացնող դպրոցներից: Այստեղ ներկայումս  սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 12 աշակերտ:

Դպրոցի հատուկ մանկավարժ Վարդուհի Պալյանն ասում է, որ ներառական կրթությունն ավելի արդյունավետ դարձնելու համար մի շարք քայլեր են հարկավոր, օրինակ` դպրոցները պետք է համալրվեն ուսումնաօժանդակ նյութերով`  գունազարդ հեքիաթների գրքերով, փազլներով, այլ զարգացնող խաղերով, որոնցով հնարավոր կլինի զարգացման հապաղում ունեցող երեխաների ուսուցումն ավելի արդյունավետ ու հետաքրքիր կազմակերպել:

Վարդուհի Պալյան

Վարդուհի Պալյան

Ըստ Պալյանի` հարկավոր է նաև ուսուցիչներին հոգեբանորեն վերապատրաստել, որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշվել և աշխատել, ինչպես նաև փոխել ծնողների մեջ ներառական և հատուկ կրթության վերաբերյալ բացասական ընկալումը. «Ծնողները պետք է հասկանան, որ ներառական համակարգում ընդգրկվելու մեջ ամոթալի բան չկա»: Ասում է` շատ երեխաներ կան, որոնք կարիք ունեն, որ հատուկ մանկավարժն ու հոգեբանը աշխատեն իրենց հետ, սակայն ծնողը հրաժարվում է` ներառական ասվածը մերժելով: Մինչդեռ արդյունավետ ու ճիշտ աշխատանքի դեպքում որոշ ժամանակ անց  երեխան կարող է այլևս առանձնահատուկ կրթության կարիք չունենալ, ինչը կբացահայտվի պարբերաբար կատարվող վերագնահատման միջոցով:

Ըստ նրա` որոշ ծնողներ էլ խուսափում են հատուկ դպրոցներից` առանց հաշվի առնելու, թե որ դպրոցում իրենց երեխայի կրթությունն ավելի արդյունավետ կլինի: «Ծնողը պետք է գիտակցի, որ որոշ դեպքերում երեխան հատուկ դպրոցում կարող է ավելի լավ կրթություն ստանալ, քան այլ  դպրոցում»,- ասում է Պալյանը` հավելելով, որ ծնողը հոգեբույժի կարիք ունեցող երեխային հանրակրթական դպրոց բերելով` նախ և առաջ իր երեխային է վնասում, քանի որ այստեղ երեխան չի ունենա այն առաջընթացը, ինչ կարող էր ունենալ հատուկ դպրոցում:

Պալյանն առաջարկում է, որ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում ներառվի նաև դրույթ, որը նախ կբացառի, որ փոքր խնդիրներ ունեցող երեխաները հայտնվեն հատուկ դպրոցներում, իսկ արդեն խորը մտավոր հետամնացություն ունեցող երեխաներին էլ գոնե որոշ ժամանակով կուղղորդի դեպի հատուկ դպրոց:

Դասաժամ Շիրվանզադեի անվան դպրոցում

Դասաժամ Շիրվանզադեի անվան դպրոցում

ԿԳՆ  հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, սակայն, նշում է, որ հետընթացի ճանապարհ չկա, պետք է գնալ դեպի համընդհանուր ներառում. օրենքի նոր փոփոխությունը կապահովի յուրաքանչյուր երեխայի` իր համայնքին մոտ դպրոցում կրթություն ստանալու իրավունքը. «Ներառական կրթություն հասկացությունն իրավունքից է բխել, յուրաքանչյուր երեխայի կրթություն ստանալու իրավունքից:  Երկու հիմնարար իրավունքները համատեղելու` ընտանիքում ապրելու և կրթություն ստանալու իրավունքը համատեղելու համար անհրաժեշտ է ներառական կրթության գաղափարը: Այլևս չի քննարկվում, թե որ երեխան իրավունք ունի, որը ոչ: Հիմա հարցն այն է, թե ինչ անենք, որ բոլոր երեխաների կրթության իրավունքը ապահովենք»:  Փոխարենը`  օրենքով կհստակեցվեն  կրթության առանձնահատուկ կարիքի գնահատման չափանիշները և սանդղակներ կսահմանվեն, որ այն երեխաները, որոնք թեթև  խնդիրներ ունեն, չհայտնվեն հատուկ դպրոցում և կտրվեն ընտանիքից:

Ըստ Մուրադյանի` հատուկ դպրոցների գաղափարախոսությունն ավարտված չէ, նույնիսկ եթե օրենքն ընդունվի, հատուկ դպրոցները շարունակելու են  գործել:

2012-ի հոկտեմբերին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: 2013-ի փետրվարին  նախագծի նիստերի օրակարգ ընդգրկվելը հետաձգվել է մինչև մեկ տարի ժամկետով: Այժմ ընթանում են հանրային քննարկումներ, շահագրգիռ կողմերն իրենց առաջարկություններն ու կարծիքներն են ներկայացնում նախագծի վերաբերյալ: Ընդունվելու դեպքում նոր օրենքը կփոխարինի նաև «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների կրթության մասին» օրենքին:

Ըստ նախագծի` մինչև 2022 թ. հանրապետությունում գործող բոլոր հանրակրթական դպրոցները պետք է դառնան նաև ներառական, այն է`  կարողանան երեխային համարժեք կրթական ծառայություններ մատուցել:

Ըստ այդմ` հատուկ կրթությունը կազմակերպելու համար նախատեսվում է ստեղծել եռաստիճան համակարգ: Առաջին աստիճանը կլինեն հանրակրթական դպրոցները: Ներկայում գործող 23 հատուկ դպրոցների մի մասը  կվերակազմակերպվի, և ամեն մարզում կգործի մեկական  հոգեբանամանկավարժական կենտրոն: Այդ կենտրոնները  կստանձնեն հանրակրթական դպրոցներում հատուկ կրթությունը վերահսկողի և վերապատրաստողի դերը: Երրորդ աստիճանը կլինեն հանրապետական նշանակության հատուկ դպրոցները, որտեղ կկազմակերպեն այն երեխաների կրթությունը, որոնց կրթությունը հանրակրթական դպրոցում կազմակերպելն անհնար է:

Խոսելով այն մասին, թե որքանով հնարավոր կլինի արդյունավետ դաս կազմակերպել  բոլորի համար, եթե դասարանում առանձնահատուկ կրթության կարիք ունեցողների թիվը մեծ լինի, Մուրադյանն ասում է, որ ըստ գործող ներառական կրթությունն իրականացնելու կարգի` մեկ դասարանում կարող է ընդգրկվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 2-3 երեխա` ըստ կրթական կարիքների բարդության:

«Նոր օրենքը ենթադրում է, որ յուրաքանչյուր դպրոցում 100 երեխայի հաշվով կլինի մեկ ուսուցչի օգնականի հաստիք, ուսուցչի օգնականն արդեն աջակցող մասնագետ է, բացի այդ,  տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոնները պետք է գործուղեն մասնագետների, որոնք ինչ-որ պարբերականությամբ պետք է դպրոցում լինեն և վարեն երեխայի ուսումնական պլանը»,- ասում է Մուրադյանը:

Անդրադառնալով ուսուցիչների դժգոհություններին, թե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման չափանիշները հստակ չեն, Մուրադյանն ասում  է. «Նախարարը հաստատել է կրթության կազմակերպման կարգը, որում ասվում է, որ  կրթության  առանձնահատուկ կարիք ունեցող երեխան սովորում է անհատական ուսուցման պլանով: Կրթության մեջ սկզբունքներ գոյություն ունեն, օրինակ` 6 տարեկանին չեք կարող 18 տարեկանին համապատասխանող պահանջներ ներկայացնել, այստեղ էլ 6 տարեկան երեխան, եթե դպրոց է եկել,  բայց երկու տարեկանի զարգացում ունի, նրա կրթական ծրագիրը չի կարող լինել 6 տարեկան երեխային համապատասխան: Այսինքն` նրա անհատական ուսուցման պլանը պետք է մեկ կամ երկու քայլ ավելի լինի իր այսօրվա զարգացման մակարդակից:  Հետևաբար, մենք գնահատում ենք երեխայի առաջխաղացումն իր նախորդ վիճակի համեմատությամբ: Նրա առաջադիմության գնահատման համար անհատական ուսուցման պլանի առաջխաղացումներն են դեր կատարում: Կա ներառական  կրթության իրականացման կարգը, որում գրված է, թե երեխան ինչ ծրագրով պետք է սովորի, ինչպես պետք է ամփոփվի նրա առաջադիմությունը, ինչպես պետք է գնահատվի»:

Իսկ դպրոցների ֆիզիկական մատչելիության մասին խոսելով` Մուրադյանն ասում է, որ  այդ գործոնը հաշվի առնելու դեպքում որևէ դպրոցի ներառական կրթություն իրականացնելու իրավունք չէր տրվի. «Ֆիզիկական մատչելիությունը միայն թեքահարթակը չէ, դա ենթակառուցվածքների հարց է: Մենք ստիպում ենք տնօրեններին, որ թեքահարթակներ կառուցեն, սանհանգույցներում բռնակներ լինեն, բայց դա ավելի շատ ռեկլամային բնույթ է կրում: Դա ավելի շատ քաղաքաշինական խնդիր է»:

Նրա խոսքով` դպրոցաշինության պատվիրատուն ոչ թե ԿԳՆ-ն է, այլ քաղաքաշինության նախարարությունը, և վերջինս դպրոցների կառուցման կամ հիմնանորոգման ժամանակ պետք է հաշվի առնի նաև մատչելիության խնդիրը: Իսկ մինչ այդ դպրոցների տնօրենները պետք է փորձեն եղած միջոցներով հնարավորինս մատչելի միջավայր ապահովել աշակերտների համար, օրինակ` տեղաշարժման դժվարություն ունեցող երեխաների դասարանները պետք է առաջին հարկում տեղակայեն:

Tags: , , , ,