Գյումրիում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմի 69-ամյակի և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված հայ-ռուսական մեծ զորահանդեսը:
Վարդանանց հրապարակը խիստ հսկվում էր ոստիկանական ուժերի կողմից, ներկա էին զորահանդեսն անցկացնող բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ, գյումրեցի պատգամավորներ, պատերազմի վետերաններ ու ազատամարտիկներ: Չնայած քաղաքապետարանի ուղարկած հրավերքներին, պաշտոնական զորահանդեսին չէր մասնակցում կառավարության և ոչ մի ներկայացուցիչ:
Զորահանդեսի սկզբից հրապարակ բերվեց հաղթանակի մարտական դրոշը: Ապա միմյանց ողջունեցին շքերթի հրամանատար՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի շտաբի պետ, գնդապետ Ալեքսեյ Ավդեևը և շքերթն ընդունող ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբավորման և ուժերի շտաբի պետ, գնդապետ Դավիթ Աղաջանյանը: Զորահանդեսն անցկացրեց միացյալ զորախմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանը, ով մինչ շքերթի մեկնարկը հանդես եկավ ողջույնի խոսքով. «69 տարի առաջ այս օր ֆաշիտսական Գերմանիան ծնկի բերվեց մեր պապերի ու հայրերի կողմից: Այս հաղթանակի կերտման գործում նշանակալի ավանդ են ունեցել նաև քաջ հայորդիները: Այսօր մեզ համար եռակի տոն է՝ Հայրենական Մեծ պատերազմի 69-ամյակը, Շուշիի ազատագրումը և արցախյան բանակի ստեղծումը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ», – մասնավորապես նշեց նա:
Գյումրու հայ-ռուսական զորահանդեսի պաշտոնական մեկնարկը տվեցին շիրակցի վետերանները: Այնուհետ հրապարակով անցան ՀՀ հատուկ նշանակության զինված ուժերի վաշտը, մոտոհրաձգային զորքերի վաշտը, հրետանային հակատանկային զորքերի մարտկոցը, ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտիկների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ վաշտերը, ՀՀ-ում ՌԴ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության ստորաբաժանման մարտիկները: Հրապարակով անցան նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտավարական նշանակության ռազմատեխնիկան, իսկ տոնական շքերթն ավարտվեց ՀՀ զինված ուժերի պահպանման գնդի պատվո պահակային վաշտի գեղեցիկ դեֆիլեով:
Հրապարակ չմտավ թրթուրավոր ռազմատեխնիկան, քանի որ քաղաքապետը դեմ էր եղել՝ որպեսզի ասֆալտը չքանդվի: Ի դեպ, զորահանդեսի լեզուն հայերեն էր, թարգմանվում էր նաև ռուսերեն:
Խոսելով այն մասին, թե այսօր ավելի շատ ռուսական տրամադրությունն էր թևածում քաղաքում, քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց. «Բացարձակ այդպես չեմ գտնում, հավասար էր, նույնիսկ առաջին շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անունից էին հնչում»:
Իսկ մարզի գեներալ մարզպետն էլ, ով հանդիսությանը համազգեստով ու մեդալներով էր ներկայացել նշեց, թե ինչու է զորահանդեսը հենց Գյումրիում անցկացվում. «Շիրակի մարզում մեր կայազորներն ավելի փոքր են, քան այլ տեղերում, և ես եմ խնդրել պաշտպանության նախարարին ու ռազմաբազայի ղեկավարությանը, որ մասնակցեն ու համատեղ անցկացնեն այս միջոցառումը»:
Հավելենք, որ զորահանդեսի ավարտից հետո Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցավ պսակադրության արարողություն:
Tag Archives: հաղթանակի օր
Հարգանքի տուրք նրանց` ովքեր բերեցին Հաղթանակի և Խաղաղության օրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մայիսի 9-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան այլ սպաներ Հաղթանակի այգում ծաղիկներ խոնարհեցին Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի զոհված մարտիկների հուշակոթողին` ոգեկոչելով Արցախյան ազատամարտի զինվորների անմեռ հիշատակը և կրկին հավաստելով մեր հավատարմությունը մայիսյան հաղթանակների մեծ խորհրդին։
Ոստիկանության պատվիրակությունը Հաղթանակի այգում ծաղիկներ դրեց նաև Անհայտ զինվորի հուշահամալիրում` հարգանքի ու երախտիքի տուրք մատուցելով հարյուր հազարավոր հայորդիներին, որոնք Հայրենական մեծ պատերազմի դաժան մարտերում, ֆաշիզմի դեմ պայքարում գործած սխրանքով բերեցին Հաղթանակի և Խաղաղության օրը։ Այս տոնն ամենաթանկն է, որովհետև նվաճվել է մեր եղբայրների և քույրերի ինքնազոհության ու հերոսացման գնով և մեր ժողովրդի համար ապահովել խաղաղ ապրելու և արարելու լիարժեք հնարավորություն։ Շնորհավորում ենք Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ` բոլորիս մաղթելով նորանոր հաղթանակներ` հանուն մեր հայրենիքի հարատևման, պետականության ամրապնդման և ժողովրդի բարօրության։
Վարչապետը մասնակցել է Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառմանը
Այսօր՝ մայիսի 9-ին, հայ ժողովուրդը նշում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձը և Շուշիի ազատագրման 22-ամյակը: Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու նպատակով վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր օրենսդիր և գործադիր մարմնի անդամների, հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգի: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:
Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարը վետերաններին ուղղված շնորհավորանքի խոսքում նշել է. «Մենք բարձր ենք գնահատում վետերանների ներդրումը, քանի որ նրանք բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, և միշտ էլ մեծ հարգանքի ենք արժանացնելու նրանց: Մենք՝ իշխանություններս, պարտավոր ենք հարգել նրանց անցած ճանապարհը: Հպարտանում ենք նրանցով և ցանկանում ենք քաջառողջություն, երկար տարիների կյանք: Որքան էլ իրենց հարգենք, աջակցենք, միևնույն է, քիչ է լինելու»:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը պատասխանել է մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:
Մասնավորապես, անդրադառնալով ՀՀ կառավարության նոր ծրագրի վերաբերյալ հարցադրմանը՝ վարչապետն ասել է. «Ծրագրում իրականացվող փոփոխություններն ինքնանպատակ չեն լինելու, աշխատելու ենք, որ այն լինի հնարավորինս իրատեսական: Մեզ համար շատ կարևոր է ասել այն, ինչ կարողանալու ենք անել: Մեծ փոփոխություններ չեմ ակնկալում, քանի որ հիմա քննարկման փուլում է: Բայց նորից եմ ցանկանում ասել, որ ծրագրում հստակեցվելու են բոլոր դրույթները, և իմ նպատակն է, որպեսզի այն, ինչ ծրագրում արտացոլվի, իրականացվի: Ես կառավարության բոլոր անդամների առջև խնդիր եմ դրել, որ ծրագիրը համապատասխան նախարարն ըստ ոլորտի պետք է իրականացնի, եթե ոչ՝ մենք ճանապարհ չունենք անցնելու, և դա լինելու է սկզբունքային:
Մենք այսօր այլևս դանդաղելու հնարավորություն չունենք, պետք է փորձենք հնարավորինս մեր ժողովրդի և պետության առջև ծառացած խնդիրներին լուծում տալ: Իհարկե, բոլորին է հասկանալի, որ դա միանգամից չենք կարող անել, բայց հստակ պետք է լինի ժամանակ և ծրագիր: Հանրությունը պետք է հասկանա, որ այդ ծրագիրն այս ժամկետում է և կիրականացվի: Դա է ինձ համար ամենակարևորը»:
Պատասխանելով իշխանության հանդեպ հանրային վստահության վերականգնման հարցին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Իհարկե, գտնում եմ, որ կա անվստահության մթնոլորտ, և մենք փորձելու ենք մեր իրատեսական ծրագրերով, քայլերով և ոչ ստանդարտ որոշումներով վստահությունը կամաց-կամաց վերականգնել: Ունենք նաև մեծ խնդիր տնտեսական ոլորտում. տնտեսական աճը մեր երկրի, կառավարության համար պետք է լինի առաջնահերթ: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի ստեղծենք հավասար դաշտ, որ յուրաքանչյուր ներդրող, գործարար հասկանա և տեսնի իրականում, որ տնտեսական դաշտում բոլորը հավասար են: Իհարկե, դժվար է լինելու, բայց մենք գնալու ենք այդ քայլին, այլընտրանք չունենք, դա պետք է բոլորը հասկանան, այդ թվում՝ իմ մերձավորները: Ես ինձնից եմ սկսելու, ու դա ինձ համար լինելու է սկզբունքային»:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությանը, այդ առնչությամբ վարչապետ Աբրահամյանն ընդգծել է. «Այդ խնդիրը պետք է լուծվի երեք՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա»:
Իսկ ՀՀ նոր կառավարության կադրային քաղաքականությանը վերաբերող հարցին Հովիկ Աբրահամյանը հետևյալ կերպ է արձագանքել.«Կառավարության ձևավորման համար ինձ համար եղել է մեկ հստակ սկզբունք, որ բոլորը պետք է լինեն փորձառու: Մենք ժամանակ չունենք դանդաղելու, մեր խնդիրները պետք է լինեն հստակ ձևակերպված և առաջ գնան: Նախարարներին հնարավորություն ենք տվել, որպեսզի աշխատեն և կարողանան հայրենիքին, ժողովրդին ինչ-որ կերպ, իրենց գործունեությամբ, աշխատանքով աջակցել: Բազմաթիվ խոսակցություններ, գնահատականներ են լինելու, բայց ես պետք է խնդրեմ չշտապեք, հնարավորություն տաք մեզ: Ես միշտ հաշվի եմ նստելու հանրության կարծիքի հետ, և շատ թափանցիկ ենք աշխատելու»:
Զինվորական հանդիսավոր շքերթը դիտելուց հետո վարչապետը մասնակցել է վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին, զրուցել նրանց հետ, մաղթել քաջառողջություն:
Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձի կապակցությամբ, ավանդույթի համաձայն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և կառավարության այլ անդամները, բարձրաստիճան սպաների ու պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել Անմար կրակին, նաև մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մարտիկների հիշատակին: Հաղթանակի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման պաշտոնական մասն ավարտվել է զինվորական հանդիսավոր շքերթով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև այս օրը ավանդաբար կազմակերպվող զինվորական վրանային խոհանոց, որտեղ պատերազմի մասնակից վետերանների հետ կիսել է խորհրդանշական 100 գրամն ու զինվորական հացը: Այնուհետ Երևանի քաղաքապետը շրջել է «Հաղթանակ» զբոսայգում, շնորհավորել վետերաններին, ովքեր իրենց հերթին շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ հոգածության ու ցուցաբերվող մշտական աջակցության համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մայիսյան հերոսամարտերը
1918 թվականի գարունը թերևս ամենաբախտորոշ ժամանակաշրջանն էր հայոց պատմության մեջ: Ցեղասպանության ենթարկված, պատերազմի արհավիրքներում անօգնական մնացած հայ ժողովրդի բեկորները` ծվատված ու բզկտված հավաքված Արևելյան Հայաստանում, սպասում էին օրհասին:
Հեղափոխությունից հետո ռուսական բանակը լքեց ճակատային գիծը և վերադարձավ Ռուսաստան: Օգտվելով ստեղծված նպաստավոր իրավիճակից` թուրքերը ռազմաճակատի ողջ երկայնքով հարձակման անցան:
Անդրկովկասյան Սեյմի և Թուրքիայի միջև Տրապիզոնի հաշտության բանակցությունների տապալումից հետո թուրքական բանակը վերսկսեց հարձակումը: Թեև թուրքերի հարձակման նպատակը ողջ Անդրկովկասի նվաճումն էր, մի քանի հարյուր կիլոմետր ձգվող ռազմաճակատի գիծը պաշտպանում էին միայն հայկական փոքրաթիվ ուժերը: Վրացիներն ու ադրբեջանցիները ոչ միայն հրաժարվեցին թուրքերի դեմ կռվելուց, այլև իրենց պառակտիչ գործունեությամբ քայքայում էին հայկական ճակատը:
Մարտին թուրքերը գրավեցին Սարիղամիշը: Հայերի հույսը լավ ամրացված Կարսն էր, սակայն քաղաքը երկար չդիմադրեց` Անդրկովկասյան Սեյմի ղեկավարության ապաշնորհության պատճառով: Ճանապարհը դեպի Կովկաս թուրքական զորքերի համար այլևս բաց էր: Հայության գլխին կրկին կախվեց ոչնչացման սպառնալիքը:
Մայիսի 15-ին թուրքական զորքերը գրեթե առանց դիմադրության գրավեցին Ալեքսանդրապոլն ու Շիրակի դաշտավայրը: Այստեղից թուրքական բանակը բաժանվեց երեք մասի: Առաջին մասը երկաթուղու ուղղությամբ արշավեց դեպի Արարատյան դաշտ և Երևան, մյուս մասը, շրջանցելով Արագած լեռը, Երևանի վրա արշավեց Բաշ-Ապարանի ճանապարհով, երրորդ մասն արշավեց Լոռի` նպատակ ունենալով գրավել Թիֆլիսը: Երևանի և Թիֆլիսի առումից հետո թուրքերը տարբեր ուղղություններով պիտի արշավեին Բաքվի վրա:
Բնականաբար, թուրքական բանակն իր ճանապարհին կողոպտում ու սպանում էր հայ ժողովրդին: Հայության արևելյան հատվածի գլխին ևս կախվեց ցեղասպանության սպառնալիքը:
Թուրքերին դիմագրավելու համար հայությունը լարեց բոլոր ուժերը: Հայ քաղաքական միավորումները համախմբված գործի անցան: Հիմնական ծանրությունն ընկավ Հայկական կորպուսի երևանյան զորախմբի վրա, որի հրամանատարն էր գեներալ Մովսես Սիլիկյանը: Արարատյան երկրում պաշտպանության կազմակերպումը ստանձնեց Արամ Մանուկյանը:
Զարգացնելով հաջողությունը` թուրքական զորքերը մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատը: Հայկական զինուժը թուրքերին դիմավորեց Սարդարապատ կայարանի մատույցներում: Սարդարապատի ճակատամարտի հրամանատարությունը հանձն առավ գնդապետ Դանիել բեկ Փիրումյանը: Առաջին իսկ օրը հրետանային համազարկից հետո հայկական բանակը հակահարձակման անցավ և հետ գրավեց Սարդարապատ գյուղն ու կայարանը: Թուրքերը նահանջեցին Արաքս կայարան, ապա համախմբելով ուժերը` կրկին գրոհի անցան: Մի քանի օր տևած կռիվների արդյունքում թուրքական 15000-ոց բանակը գլխովին ջախջախված փախուստի դիմեց դեպի Ալեքսանդրապոլ:
Սարդարապատի ճակատամարտը, բացի ռազմական հաղթանակ լինելուց, կարևորվեց նաև նրանով, որ ճակատամարտին մասնակցեցին հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Սարդարապատն այսօր նաև հայոց միասնության խորհուրդն է ամփոփում:
Սարդարապատի հաղթանակը մեծ ոգևորություն առաջացրեց հայ ժողովրդի մեջ ու քաղաքական շրջանակներում: Առաջին անգամ ողջ պատմության ընթացքում թուրքական կանոնավոր բանակի դեմ հայերը բաց դաշտում ճակատամարտ տվեցին ու հաղթեցին:
Սարդարապատից զատ միաժամանակ ճակատամարտ էր ընթանում Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում:
Բաշ Ապարանում թուրքական բանակի 9-րդ դիվիզիայի նպատակն էր արագ երթով ջարդել հայկական զինված խմբավորումները, շրջանցել Սարդարապատի զորախումբը թիկունքից, աքցանի մեջ առնել հայկական բանակն ու ոչնչացնել: Թուրքերի մտահղացումը կռահելով` գեներալ Սիլիկյանը Բաշ-Ապարան ուղարկեց Դրաստամատ Կանայանին 6000-ոց զորախմբով: Հայկական զինուժին հաջողվեց նախ Ալի-Քուչակում ջախջախել թուրքական առաջնապահ ուժերին և ոչնչացնել հրետանին, ապա Դրոն, կազմակերպելով նաև տեղական աշխարհազորը, հակահարձակման անցնելով, ջարդեց թուրքական բանակի հիմնական ուժերը, կասեցրեց թուրքերի առաջխաղացումն ու հզոր հակագրոհով փախուստի մատնեց թշնամուն, որ դարձյալ նահանջեց Ալեքսանդրապոլ: Պետք է նշել, որ Բաշ-Ապարանի ճակատամարտում մեծ աջակցություն ցուցաբերեց նաև եզդի աշխարհազորը` Ջհանգիր աղայի հրամանատարությամբ:
Փոքր-ինչ այլ էր իրավիճակը Ղարաքիլիսայում: Թուրքական բանակը Ղարաքիլիսային մոտեցավ երկու ուղղություններով: Հիմնական ուժերը երկաթուղու ուղղությամբ Շիրակի դաշտավայրից մոտեցան Ղարաքիլիսային, իսկ մյուս զորաբանակը մտավ Դաշտային Լոռի, գրավեց Ջալալօղլին և Վորոնցովկան (Տաշիր) և մայիսի 20-ին երկու բանակները մոտեցան Ղարաքիլիսային: Մայիսի 24-28-ը տևած արյունահեղ կռիվների ընթացքում հայերը հերոսաբար դիմադրեցին մեծաքանակ թշնամուն` փակելով Լոռվա ձորի մուտքը և ճանապարհը դեպի Թիֆլիս, որտեղ կենտրոնացած էր հայության մեծագույն հատվածը: Թուրքական բանակը Ղարաքիլիսայի ճակատում կենտրոնացրել էր 10000 զինվոր, 70 թնդանոթ և 40 գնդացիր: Ճակատամարտի ընթացքում թուրքական բանակին օգնում էր նաև տեղի թուրք-մահմեդական բնակչությունը: Թուրքերի գերազանց սպառազինության դեմ հայկական կողմն ուներ 6000 կռվող` 10 հրանոթներով և 20-ից պակաս գնդացիրներով: Ավելորդ չէ նշել, որ Ղարաքիլիսային շատ մոտ` Դսեղում էր գտնվում զորավար Անդրանիկն իր մարտունակ զորաջոկատով, սակայն նա հրաժարվեց մարտի բռնվել թուրքերի դեմ և ճակատամարտից հետո անցավ Դիլիջան: Իսկ Ղարաքիլիսայի ճակատամարտի հրամանատարը հայկական բանակի գնդապետ Ա. Բեյ-Մամիկոնյանն էր: Ղարաքիլիսայում աչքի ընկան Գ.Նժդեհը, գնդապետ Ն.Ղորղանովը և ուրիշներ…
Ճակատամարտն ահեղ էր: Երկուստեք մեծ կորուստներ եղան: Հայերն առաջին օրերին հակահարձակման անցան և թուրքերին հետ քշեցին ելման դիրքերը: Սակայն թուրքերին, այնուամենայնիվ, համալրում ստանալուց հետո հաջողվեց գրավել Ղարաքիլիսան: Թշնամին քաղաքում իսկական նախճիր սարքեց: Մի քանի օրվա ընթացքում Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրքական յաթաղանի զոհ գնացին 5000-ից ավելի հայեր: Չնայած Ղարաքիլիսայում հայկական զինուժի պարտությանը` կասեցվեց թուրքերի առաջխաղացումը: Եվ եթե Սարդարապատի տակ և Բաշ-Ապարանում հայերը փրկեցին Երևանը, ապա Ղարաքիլիսայի հերոսամարտի արդյունքում փրկվեց ողջ Կովկասը և Թիֆլիսը` մասնավորապես: Ավելին, մայիսյան հերոսամարտերի արդյունքում մասնակիորեն կասեցվեց թուրքերի առաջխաղացումը Բաքու, ավելի ստույգ` դանդաղեցվեց, որից շահեց Բաքվի կոմունան: Ղարաքիլիսայի ճակատամարտից շատ չանցած` թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան խոստովանեց. «Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»:
Մի խոսքով, Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում գոյամարտի ելած հայությունը կարողացավ ոչ միայն խափանել թուրքական հրամանատարության պլաններն ու զենքով ամրագրել ապրելու իրավունքը, այլև հաստատել ապրելու և անկախ պետականություն կերտելու իրավունքը:
Մնում էր, որ հայ քաղաքական ուժերը կարողանային ամրագրել մայիսյան հերոսամարտերի հաղթանակները դիվանագիտության ասպարեզում:
Թիֆլիսում Հայոց ազգային խորհուրդը 1918 թ. մայիսի 28-ին հռչակեց Հայաստանի անկախությունը: Դա այն առավելագույնն էր, որ կարողացավ անել հայ քաղաքական միտքն այդ տարիներին:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ
Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ Վաշինգտոնում
Մայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ ԼՂՀ ներկայացուցչության հովանու ներքո Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Շուշիի ազատագրման 21-ամյակին, ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման տոնին եւ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին նվիրված արարողություն եւ հիշատակի միջոցառում:
Արարողությանը ներկա էին Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում հնչեցին ոգեկոչման խոսքեր՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի եւ Շուշիի ազատագրման հերոսների եւ զոհերի, ովքեր իրենց կյանքով պայքարեցին հայրենիքի ազատագրման եւ պաշտպանության համար:
Հաղթանակին նվիրված միջոցառումների շարքում նախորդ շաբաթ Վաշինգտոնի Արլինգտոնյան հուշահամալիրում տեղի ունեցավ ավանդական դարձած միջոցառում՝ նվիրված 1945թ. Էլբայի ափին խորհրդային եւ ամերիկյան զորքերի պատմական հանդիպմանը:
Ի թիվս երկրորդ աշխարհամարտի դաշնակից երկրների դեսպանների եւ դիվանագետների՝ միջոցառմանը մասնակցեցին նաեւ ԱՄՆ Պետքարտուղարության, պաշտպանության քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ վետերանների միության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պատմական այդ իրադարձության մասնակիցներ:
Միջոցառմանը մասնակցեց եւ Էլբայի ափին տեղի ունեցած խորհրդային եւ ամերիկյան զորքերի հանդիպմանը նվիրված հուշատախտակի մոտ ծաղկեպսակ դրեց նաեւ դեսպան Մարգարյանը:
Հաղթանակների ամիս մայիսը
Երբ փակում ես կորուստներով լեցուն ապրիլյան էջը (Եղեռն, «Կոլցո» օպերացիա, Մարաղա…) և ակամա հայտնվում կորուստների ու հաղթանակների ճամփաբաժանում, չգիտես` լա՞ս, թե՞ խնդաս: Բայց երբ առաջ ես նայում ու զգում մայիսյան հաղթանակների` Սարդարապատի ճակատամարտի, Շուշիի ազատագրման շունչը, գոտեպնդվում ես, թե ինչքա՜ն պատմելու բան կա:
Էլ չեմ խոսում Երկրորդ համաշխարհային պատերազմում հայերի ունեցած դերի մասին: Բայց ինչո՞ւ չխոսել:
Տասնամյակներ անց Մոսկվայի Կարմիր հրապարակում, Մեծ հայրենականի հաղթանակի 60-ամյակին նվիրված շքերթի ժամանակ առաջին անգամ ողջ աշխարհի առջև հրապարակավ խոստովանեցին, որ հայ ժողովուրդն այդ պատերազմին տվեց ավելին, քան Ադրբեջանը, Վրաստանը և շատ այլ երկրներ:
Խոստովանությունը` խոստովանություն, բայց մենք էլ մեր հերթին պիտի խոստովանենք, որ արդեն դարավերջին, երբ դժվարին կացության մեջ մենք էինք հայտնվել, ռուսները ոչ թե մեր կողքին կանգնեցին, այլ ադրբեջանցու, և իրականացրին «Կոլցո» օպերացիան: Հայաթափվեց Շահումյանը:
Ինչևէ: Շուշիի ազատագրումը ոչ միայն մայիսյան հաղթանակների դափնեպսակն է, այլև ողջ Արցախյան գոյամարտի, ու այդպիսին էլ կմնա, որովհետև Շուշին էր վճռելու հայոց նորօրյա ազատամարտի ելքը:
Հին անունը Շոշ է եղել, որը նշանակում է բարձրություն: Քաղաք, որ անհիշելի ժամանակներից (VI-IX դդ.) հպարտորեն թիկնել է Քիրս լեռան (2750 մ) հյուսիսային փեշին և շրջապատված է անդնդախոր ձորերով: Իսկ վաղ միջնադարում այն Շիկաքար է կոչվել:
Երբ Ղարաբաղում սկսվում է հայերի ազգային-ազատագրական շարժումը, շատ նվիրյալների հետ Ավան անունով մի լոռեցի մշտական բնակություն է հաստատում Շոշ գյուղում: Հոգևորական գերդաստանի զավակը, մտահոգված ժողովրդի անվտանգությամբ, պաշտպանությամբ, 1720 թ. Շուշի քաղաքի արևելան մասում` Հնոտի կիրճի ձախափնյա ժայռին, նախաձեռնում է բերդ-ապարանքի կառուցումը, որն այսօր էլ Ավան հարյուրապետի անունով է կոչվում:
Քաղաքի մշակութային կյանքը հարուստ է եղել: Դեռևս 1820 թ. քաղաքում տպարան է գործել է: Լույս են տեսել 10-ից ավելի թերթեր ու ամսագրեր: Շուշիի Հակոբյան տպարանում է տպագրվում Լեոյի «Իմ օրագիրը», Րաֆֆու «Խենթը», Ֆիրդուսու «Շահնամեն»:
Բայց արի ու տես,որ նաև դառնություններով լեցուն է եղել քաղաքի կյանքը, քանզի պատերազմներն ու ազգամիջյան բախումներն անպակաս էին: Մարդիկ քանիցս շենացրել են քաղաքը, իսկ քոչվորներն ու ավարառուներն այն ավերել են: Թե որքան փոթորիկներ են անցել նրա գլխով, վկան ավերված 5 եկեղեցիներն ու բզկտված հողն են, շիրիմները պսակող հայոց ինքնատիպ խաչքարերն ու նրանց մասին մինչ օրս պահպանվող պատմությունները : Իսկ 1920 թ. Հայաստանի խորհրդայնացման շեմին ներխուժած թաթարների եռօրյա ասպատակությունից հետո Շուշին անվանեցին Հայոց Պոմպեյ:
Շուշիին մի նոր աղետ էր սպասում արդեն XX դարավերջին, ավելի ճիշտ այն արդեն չոքել էր նրա դռանը: Ոսոխը ոչ միայն կրկին Շուշին էր հայաթափել, այլև շրջանի մի շարք գյուղեր: Հրետակոծությամբ շարունակ ահ ու սարսափի մեջ էին պահում նաև Ստեփանակերտը, որտեղ կյանքը նկուղ էր տեղափոխվել: Միայն հերոս Քարին տակի «հախից» այդպես էլ չկարողացավ գալ: Շուշիի քթի տակ (2 կմ հեռավորությամբ) գտնվող գյուղի մեջ թշնամին իրեն սպառնացող վտանգ էր տեսնում: Եվ այդ մտավախությունն իզուր չէր, քանի որ 1992 թ. հունվարի 26-ին թուրքը գյուղի մատույցներում 150 դիակ թողեց, բայց գյուղ այդպես էլ չմտավ: Շուշիի բարձունքից ադրբեջանցի հրոսակները շատ վայրագություններ են արել: Անգամ փորձել են այն ժայռը պայթեցնել, որի վրա իրենք էին շնթռած, միայն թե ինչ-որ կերպ գյուղի «հախից» գային, վկայությունը` ժայռի տակ փորված անցքերը: Հավի խելք ու միտք ունեցողները հավանաբար ուշ են գլխի ընկել, որ դրանով նաև իրենց գերեզմանն են փորում:
Շուշիի օպերացիան ծրագրված էր սկսել մայիսի 4-ին, սակայն առատ տեղացած ձյան պատճառով այն հետաձգվեց 8-ին: Մարտական գործողությունների քարտեզը պատրաստ էր դեռ ապրիլի կեսից: Արդեն մայիսի 7-ից շուրջ 80 ինքնապաշտպանական ջոկատներ ու դասակներ գրավում են իրենց դիրքերն ու սպասում «Հարսանիք լեռներում» ծածկանունով գործողությունը սկսելու հրամանին, որն էլ շատ չի ուշանում:
Շուշիի օպերացիայի իրադարձությունները հազարապատիկ են, մասնակիցներն էլ` ոչ պակաս: Եթե անսանք օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանին. «Թեև Շուշիի օպերացիային իրականում 2500 զինվոր մասնակցեց, բայց ես ավելին կասեմ, որ այդ ազատագրմանը մասնակցեց նաև ողջ հայ ժողովուրդը, որի սրտի թրթիռը, սրտատրոփ սպասումը մեր թիկունքում զգում էինք»:
Մահ ու ավեր սփռող, անառիկ ամրոց հիշեցնող քաղաքն ընկավ 27 ժամում: 1992 թ. մայիսի 9-ի առավոտյան արդեն հայոց եռագույնը փողփողաց Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին, իսկ քաղաքն արդեն թուրքաթափ էր եղել: Եվ այդ փառահեղ հաղթանակը պատմության մեջ մտավ որպես ոգու հաղթանակ: Իսկ առջևում Լաչինի շրջանի ազատագրումն էր, որ հետո Քաշաթաղ վարչական շրջան պիտի դառնար` իր Բերձոր շրջկենտրոնով:
Ադրբեջանցիներն իրենց կրած պարտության պատճառը հրամանատարության դավաճանությունն էին համարում` մեղադրելով հատկապես Շուշիի զորամասի հրամանատար Էլբրուս Օրուջևին: Այդպես էլ գլխի չընկան կամ էլ խոստովանելու համարձակություն չունեցան, որ այդ խաղն իրենք տանուլ տվեցին դեռևս 1991 թ. դեկտեմբերին Կրկժանի, այնուհետև Մալիբեյլիի, Ղուշուլարի կրակակետերի լռեցմամբ, իսկ 1992 թ. հունվարին` Քարին Տակի հերոսամարտում և, վերջապես, Խոջալուի ազատագրմամբ:
Այսօր Շուշին ոչ միայն անկախ Արցախի համանուն շրջանի վարչական կենտրոնն է, այլև Արցախի թեմի առաջնորդանիստ քաղաքը, որը կամաց-կամաց բուժում է ինչպես 70-ամյա ավերի, կորստի, այնպես էլ պատերազմի վերքերը:
Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ