Մեծ եղեռնը հաղթանակ էր, ոչ թե մահ….

լևոնՀայագետ, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Լևոն Զեքյանը Հայոց ցեղասպանության, ցեղասպանության ճանաչման, փոխհատուցման պահանջների վերաբերյալ ունի ինքնատիպ մոտեցումներ, որոնք դուրս են բոլոր կարծրատիպերից և գործընթացներն առաջ մղելու կարևոր, հստակ ուղեգծեր են: «Մեծ եղեռնի 100-ամյակ` հիշողություն և մարտահրավեր» թեմայով երևանյան հանդիպման ժամանակ կարդացած դասախոսությամբ նա անդրադարձավ հայ ինքնության ու կենցաղի մեջ ցեղասպանության նշանակությանը, հիշողության ընկալմանը, նահատակների սրբադասման կարևորությանը և անցյալի հիշողությամբ ապագայի հայացքն ուրվագծելու փորձին. «Մեծ եղեռնը հաղթանակ էր, ոչ թե մահ: Ինչպես պատերազմի ընթացքում շատերն են զոհվում, երբեմն զոհվում է բանակի կեսը: Երկրորդ համաշխարհային պատերազմում, հայտնի է, որ միլիոններով մարդիկ զոհվեցին, մանավանդ սովետական տարածաշրջանի ժողովուրդները, միլիոններով զոհ տվեցին և հաղթանակով դուրս եկան: Այնպես որ մահը հաղթանակի դեմ չէ, մանավանդ որ մահը կյանքի սկիզբն է: Քրիստոնյա հայրերից մեկն է ասել, որ նահատակների արյունը նոր կյանքի սերն է»:

Այս համատեքստում պրոֆեսոր Զեքյանը հայոց պատմության մեջ հայի ինքնությունը կերտող և կոփող երկու երևույթ է առանձնացնում` Վարդանանց պատերազմը և Մեծ եղեռնը: «Ես եղել և մնում եմ այն կարծիքին, որ ցեղասպանությունը մեր ինքնության և էության կենտրոնն է: Այստեղ կա երկու խորհուրդ` ողբերգական և հարության: Կարծում եմ` ժամանակն է, որ առաջինի հանդեպ մտասևեռումը դադարեցնենք: Այդ մտասևեռումն է, որ թակարդ է դարձել գործընթացի առաջմղման համար: Ես մեկ օր բժշկի էի այցելել: Երբ իմացավ, որ հայ եմ, ասաց` խեղճ հայ, խեղճ ժողովուրդ, կոտորվել է, ջարդվել է, մորթվել է: Երբ ավարտեց, ասացի` շնորհակալ եմ, դոկտոր Ձեր համակրանքի, զորակցման համար, բայց կցանկանայի նշել, որ պատմության ընթացքում միայն չենք կոտորվել, այլ բաներ ևս արել ենք: Ճարտարապետություն ունենք, որ ոչ թե հայ մարդը, այլ ռուս մեծ մտավորականը` Անատոլի Յակոբսոնը համարել է համաշխարհային քաղաքակրթության ամենացնցող երևույթներից մեկը: Մանրանկարչություն ենք ստեղծել, որ իտալացի մասնագետները, համեմատելով ժամանակակից իտալական նկարչության հետ, բարձր են գնահատել: Ասացի նաև, որր ձեռագրական ժառանգություն ենք թողել, որ հավանաբար գերազանցում է անգամ աշխարհի մեծագույն բյուզանդական կայսրության ձեռագրերին: Մարդը ափիբերան մնաց: Ես ասացի, որ իմ ազգակիցներիս սխալն է, որ չգիտեք: Ահավասիկ, այս է մտասևեռումը»: Հովհաննես Թումանյանի` 1916 թ. գրած «Հոգեհանգիստը», Լևոն Զեքյանի խոսքով, հոյակապ գլուխգործոց է, և կասկածից վեր է, որ նախորդ դարասկզբի ջարդերը Ամենայն հայոց բանաստեղծի համար ևս հայեցակարգի կենտրոնն էին:
«Հետո եկավ օտար պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Ցեղասպանությունը ճանաչած առաջին պետությունը Ուրուգվայն էր: Ճանաչման գործընթացն, անշուշտ, կարևոր է, բայց չպետք է մտասևեռումի վերածել: Մարդակեր գազան մարդը դեռ երկար այսպես կմնա»,- Հովհաննես Թումանյանի վերջին տողն է: Այս տողը հակադրվում է հենց այն տարածված «խոսելով բացառել ցեղասպանությունների կրկնությունը» կարգախոսին: XX դարի երկրորդ կեսին տեղի են ունեցել ահավոր ցեղասպանություններ: Ինձ չափազանց տպավորել է Բիաֆրայի ցեղասպանությունը, ամեն օր 5000 մարդ էր մահանում: Հետևաբար` խոսելով խնդիրը չի լուծվի: Հարցադրումները պետք է լինեն քաղաքական: Օրինակ` ո՞վ կհամարձակվի այսօր քննադատել Սիրիայում Արևմուտքի քաղաքականությունը»:
Լևոն Զեքյանի խոսքով` Մեծ եղեռնի ամենաահավոր ծրագիրը բնօրրանից հայերին արմատախիլ անելն էր: «Այս է ահավոր, նույնիսկ հրեաների ողջակիզումն այդպես չեղավ: Իսրայելի մշակույթի օրրանը չէր: Մեծ ուրախությամբ կցանկանայի նշել ցեղասպանության քրիստոնյա նահատակների սրբադասման վերաբերյալ Մայր աթոռի որոշումը: Վեհափառ հայրապետին ասացի, որ որոշումը Աստծո մեծագույն պարգևն է մեր ժողովրդին եղեռնի 100-ամյակի կապակցությամբ,- ասաց նա:- Կարծում եմ, որ ինքնությունը չուրանալը մեծ առաքինություն է, դա է պատճառը, որ քրիստոնյա մարտիրոսներին միշտ սրբադասել են, որ իրենց մահով կապրեցնեն, հակառակ դեպքում քրիստոնեությունը կվերանար, նույնն է մեր ժողովրդի դեպքում»:
Հայագիտության սերմնացանը հայության հարություն առնող կյանքի մասին խոսում է աշխարհի տարբեր անկյուններում ու Վենետիկում իր ղեկավարած հայոց լեզվի և մշակույթի ամառային դասընթացին հրավիրված հինգ տասնյակից ավելի ուսանողներին, որոնց շարքերում լինում են ոչ միայն սփյուռքահայեր, այլև արտասահմանցիներ: Հայագիտության նվիրյալն ամեն տարի հայերենի հանդեպ սիրով է վարակում բազմաթիվ ուսանողների: Պրոֆեսոր Լևոն Զեքյանի հիմնած դասընթացն արդեն 27 տարվա պատմություն ունի: 2014-ի օգոստոսին ևս սպասվում է արտասահմանցի մեծ թվով ուսանողների մասնակցություն: Վենետիկյան դասընթացը կարևոր դեր ունի Արևմուտքում հայագետների նոր սերնդի պատրաստման գործում: Հայագիտության սերմնացանի «ծիլերն» այժմ մոլորակի առաջատար բուհերում ղեկավարում են հայագիտական ամբիոններ…

 

Մայա Խաչատրյան

Անկախ

«10 հայ ականավոր թագուհիներ» գիրքը ցույց է տալիս, որ հայ կանաք եղանակ են ստեղծել հայոց պետականության պատմության մեջ

shnorhandes«Զանգակ» գրատանն երեկ կայացավ Արտակ Մովսիսյանի «Տասը հայ ականավոր թագուհիներ» գրքի շնորհանդեսը:

Ներկայացնելով գիրքը`Մովսիսյանը նշեց, որ հայ թագուհիները մեծ ավանդ են ունեցել հայ մշակույթի ու պետականության զարգացման գործում, սակայն ամենաքիչը նրանք են լուսաբանված և հանրությանը  հայտնի չեն:

Գրքում հեղինակն ամեն արքայատոհմից մեկ թագուհու է ներկայացնում, սակայն նախաբանում ներկայացնում է արքայատոհմի բոլոր թագուհիներին, նրանց վաստակը, ապա մանրամասնում այն թագուհու կյանքն ու գործունեությունը, ում անունը կրում է ակնարկը:

Մովսիսիյանը նշում է,որ հայ իրականության մեջ կինը երբեք ստրկացված չի եղել: Դրա վկայությունը Բագրատունյաց և Կիլիկյան թագավորությունների ժամանակների մանրանկարներն են, որտեղ կանայք պատկերված են դեմքը և թևերը բաց, ավելին, նրանք ստեղծել են արժեքներ, որոնք բացառիկ են ու կան մինչ օրս:

girqՄովսիսիյանն ասում է, որ պատմագրությունից անվանապես մեզ հայտնի է 65 թագուհու անուն: Եվ հիմնականում բոլորն էլ զբաղվել են բարեգործությամբ, տաճարներ  կառուցել, հիվանդանոցներ ու դպրոցներ բացել, պատվիրել մատյաններ:  Պատմաբանը նշում է, որ օրենսդրորեն երկրի բոլոր  ոսկու հանքերը պատկանել են թագավորին, իսկ արծաթի հանքերը`թագուհուն: Հայ թագուհիներն իրենց եկամուտն օգտագործել են բարեգործության նպատակով:

« Ամեն երկիր պատիվ կհամարեր նման թագուհիներ ունենալը: Նրանց չգնահատելը երախտամոռություն է թե նախնիների, թե ապագա սերունդների նկատմամբ»,- ասում է Մովսիսյանը:

Որպես օրինակ նա նշում է Զաբել թագուհուն, ով դպրոցական դասագրքերում հիշատակվում է այն պատճառով, որ 4 տարեկանում որբանում է ու դառնում գահի ժառանգորդ. ով ամուսնանար նրա հետ, կդառնար հայոց արքան:

«Մեր դասագրքերում Զաբել թագուհին հիշատակվում է իր կյանքի ամենատխուր էջերով : Բայց նա շատ կարևոր հետք է թողել, 13-րդ դարում կառուցել է  հիվանդանոց, որտեղ բուժումն անվճար էր: Մատենագիրները գրում են, որ թագուհին ինքն էր խնամում հիվանդներին,- ասում է Մովսիսյանը:-  Եթե նման թագուհի լիներ Անգլիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի պատմության մեջ, երևի մի 30 հատ գեղարվեստական ֆիլմ նկարած կլինեին:Բայց այդ թագուհու մասին մեզանում չգիտեն»:

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Պետրոս Հովհաննիսյանն ասում է, որ մեր պատմությունը գրել են տղամարդիկ և շատ սահուն կերպով դուրս են թողել կանանց պատմությունից, եթե նրանք հանդիպում են պատմության մեջ, ապա միայն տհաճ իրավիճակներում:  Նրա խոսքով`այդպիսի քար անտարբերության  պայմաններում կանանց մասին տեղեկություններ հավաքելը և մի գրքում ամփոփելը բարդ է: Գիրքն , ըստ Պետրոսյանի,  ունի ոչ միայն պատմագիտական, այլ նաև հասարակական նշանակություն:

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ ասում է, որ  գրքում կերպարները հստակ են, ու դրա շնորհիվ հասկանում ես որ հայ կանաք եղանակ են ստեղծել հայոց պետականության պատմության մեջ:

 

Ծագող արևի երկրի հայ դեսպանը մեկնեց, բայց «չհեռացավ» Հայաստանից ու հայերից

ճապոնացի«Ինչո՞ւ այս մարդիկ իրենց հայրենիքում չեն ապրում»,- աշխարհասփյուռ հայության մասին ճապոնացի Դայսակու Վատանաբեի այս հռետորական հարցը դարձավ հայագիտությանը նվիրվելու, հայերենն ուսումնասիրելու գլխավոր պատճառը: Տոկիոյի համալսարանի ուսանողը հաճախ է շրջագայությունների մեկնում:
– Ուր գնացել եմ, հայերի եմ հանդիպել, մշտապես զարմացել, թե ինչու են նրանք ապրում այլ երկրներում: Նրանք ինձ պատմել են 1915-ի դեպքերի մասին, ցեղասպանության պատմությունները պարզապես ցնցել են: Ես հասկացա հայկական սփյուռքի առաջացման պատճառը: Առաջին անգամ Հայաստան այցելեցի 2002-ին, այն ժամանակ` որպես զբոսաշրջիկ, երբ վերադարձա, զգացի, որ մեզնից հազարավոր կիլոմետրեր հեռու այս փոքրիկ երկիրը կարոտում եմ: Եվ ահա եկա հստակ նպատակով` սովորել աշխարհի հնագույն լեզուներից մեկը` ոսկեղենիկ հայերենը: Ես գիտեմ մի քանի լեզուներ` դե իհարկե իմ մայրենին` ճապոներեն, անգլերեն, թուրքերեն, ռուսերեն, արաբերեն, պարսկերեն, մի քիչ ֆրանսերեն, ըստ էության բոլոր լեզուներն եմ սիրում, բայց հայերենը հարազատ է, հասկանո՞ւմ եք: Տառերը շատ գեղեցիկ են, մաշտոցյան այբուբենը ինքնատիպ է, հնչյունական համակարգի մասին էլ խոսք չկա, քիչ լեզուներ կան, որտեղ ամեն մի տառ իր հնչյունն ունի, սա մեծ հարստություն է»,- խոստովանում է Դայսակուն:

10153342_719339191422006_1418604541_n2011-ին, երբ Վենետիկում հանդիպեցի Դայսակուին, ապշել էի նրա` հայերի ու հայերենի մասին գիտելիքի պաշարից: Նա մասնակցում էր հայագետ, Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Լևոն Զեքիյանի հայոց լեզվի և մշակույթի ամառային խտացյալ դասընթացին` սովորելով արևմտահայերեն և ուսումնասիրելով համահայկական պատմությունն ու մշակույթը: Սուրբ Ղազար կղզում` Մխիթար Սեբաստացու արձանի մոտ Դայսակու Վատանաբեի լուսանկարը հայկականության հանդեպ Դայսակու սիրո խտացումն է: Գիտելիքները խորացնելու նպատակով նա 2011-ի հոկտեմբերին երկու տարի ժամկետով եկավ Երևան, ընդունվեց ԵՊՀ նախապատրաստական բաժին` առաջին հերթին կատարելագործելու լեզուն, ապա նոր նյութեր հավաքելու գիտական թեզ պաշտպանելու համար:
– Եղել եմ Սիրիայում, Լիբանանում, Թուրքիայում, Ֆրանսիայում… Սփյուռք երևույթն ինձ համար անչափ հետաքրքիր է: Դիսերտացիայիս նյութերը հավաքելու նպատակով ես Հայաստանից մեկնեցի նաև Իրան` ուսումնասիրելու տեղի պարբերականները, մամուլը, որտեղ արտացոլված է իրանահայերի պատմությունը,-ասում է Դայսակուն:
Իրանցիների և իրանահայերի հարաբերությունները նրա դիսերտացիայի թեման են: Որոշակի առումով նաև քաղաքական հարցեր է շոշափում:

– Չգիտեմ, դեռևս շատ գործ կա կատարելու, պատասխանատու աշխատանք է, կա՛մ Եվրոպայի երկրներից մեկում, կա՛մ Ճապոնիայում պետք է պաշտպանեմ ավարտական թեզս:
Ճապոնացի երիտասարդի Հայաստանում անցկացրած օրերը չափազանց հագեցած էին, լեցուն ոչ միայն համալսարանական ու կրթական ծրագրերի մասնակցությամբ:
Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունենում կատարողական բարձր արվեստով, երաժշտությունը մոտեցնելով հանդիսատեսից յուրաքանչյուրի սրտին ու հոգուն. սա Դայսակուի գնահատականն է: Նա բաց չի թողել երևանյան որևէ դասական համերգ ու մշակութային իրադարձություն, լսում է Բաբաջանյան, Խաչատրյան, Հախվերդյան… Երևանի ճապոնացի բնակիչը հայաստանյան մշակութային օջախների սպասված հյուրն է, գրավաճառների ամենահետաքրքիր հաճախորդը, տաքսու վարորդների բարեկիրթ ուղևորը:

10151562_720131744676084_1963056756_n– Առաջին հայերեն գիրքը, որ կարդացի, Րաֆֆու «Խենթն» էր, շատ դժվարությամբ հաղթահարեցի, քանի որ հայերենս այնքան էլ լավ չէր: Երբ ավելի խորությամբ կարդացի Րաֆֆի, ինձ դուր եկավ «Պարույր Հայկազնը»: Հիմա ժամանակս ավելի շատ տրամադրում եմ մասնագիտական գրականության ընթերցանությանը:
Դայսակուն Հայաստանից երկու հարյուրից ավելի կտոր գիրք է իր հետ տանում` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, Լեոյի «Հայոց պատմությունը», Իսահակյան, Թումանյան, Դեմիրճյան, Շիրազ, Չարենց, Վարուժան, Րաֆֆի, Ռոմանոս Մելիքյան, Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Ռաֆայել Իշխանյան…
– Տեղ չկա, մի մասը փոստով եմ ուղարկել, մի մասն ինձ հետ վերցրել, մի մասն էլ թողնում եմ, որ երբ էլի գամ, տանեմ Տոկիո:
ԴայսակուՎատանաբեն ուսումնասիրում է ոչ միայն արևելահայերենն ու արևմտահայերենը, այլև գրաբարը, և ամենաուշագրավն այն է, որ հայերենի բոլոր դրսևորումներն ու նաև բարբառները սովորում է ոչ թե մեխանիկորեն, այլ զգալով հայերենի հմայքը, Նարեկը թերթելիս չթաքցնելով հիացմուքը`ի՜նչ ճոխ է, չէ՞:
Այս երկուսուկես տարում Դայսակուն հաճախեց դաշնամուրի, ռուսերենի մասնավոր պարապմունքների, հայ հնագետների հետ մասնակցեց պեղումների, այցելեց Հայաստանի պատմամշակութային վայրեր, Արցախ:
– Ճապոնիայում, ցավոք, հայերի մասին շատ բան չգիտեն, բայց գիտեն Անաստաս Միկոյանին, Արամ Խաչատրյանին, Փարաջանովին, Այվազովսկուն և իհարկե Լևոն Արոնյանին: Հայաստանում սովորելու գումարը ճապոնացի երիտասարդին փոխանցել է Տոկիոյի մասնավոր հիմնադրամներից մեկը: Երևանյան օրերին Դայսակուն նաև զբաղվել է թարգմանությամբ` անգլերենից ճապոներեն թարգմանելով Ջորջ Բուռնությանի «Concise history of Armenian people» գիրքը: Ճապոնացի երիտասարդը նշում է, որ հայագետի բարձր տիտղոսին հասնելու համար դեռ ճանապարհ ունի անցնելու: Նրա ցանկությունն է, որ իրանահայերի վերաբերյալ գիտական հետազոտությունն ավարտելուց հետո կզբաղվի այլ երկրներում հայկական սփյուռքի ուսումնասիրությամբ: Նպատակներից մեկն էլ Տոկիոյի պետական համալսարանում հայագիտության ամբիոնի հիմնումն է: Ճապոնական հիերոգլիֆներից հետո մեծ խանդավառությամբ հայերենը սերտած ճապոնացի Դայսակուն ընդգծում է, որ հայերի ու ճապոնացիների գլխավոր ընդհանրությունը ամաչելու հատկությունն է:
– Չեմ կարող ասել` ինչից ենք ամաչում, բայց այդ առանձնահատկությունը նկատել եմ: Հայերը շատ բարի են, հյուրընկալ: Ինչ վերաբերում է կարոտի զգացումին, ապա մենք ևս կարոտում ենք, պարզապես կարողանում ենք զգացմունքները թաքցնել, ավելի սառը վերաբերմունք ցուցաբերել:

Հիմա արդեն Դայսակուն կես կատակ խոստովանում է` կիմանոյով ճապոնահայ եմ: Մոլորակի գերզարգացած երկրներից մեկի` Ճապոնիայի բնակիչը նախընտրում է Հայաստանի նման փոքրիկ երկիրը, որտեղ հանգիստ է, չկա մեգապոլիսին բնորոշ աղմուկն ու կյանքի ռիթմը: Նա մեկնեց` խոստանալով վերադառնալ հունիսին:

10153619_719984091357516_1110262873_nՄինչ այդ մեկ հարցոմ ակնկալելով ընթերցողների օգնությունը` փնտրել ու գտնել Երևանից գնած ժամացույցի հասցեատիրոջը: Դայսակու Վատանաբեն շատ է սիրում հնագույն, հատկապես խորհրդային ժամանակների իրեր: Վերնիսաժից գնած ձեռքի ժամացույցը նրա ամենասիրելի իրն էր, բայց հիմա նա փնտրում է ժամացույցի տիրոջը: Ժամացույցի վրա գրված է` «Լուսիկից` Գուրգենին, ծննդյան 40-ամյակի առիթով»:
– Եթե նրանք ողջ են, ես կցանկանամ վերադարձնել ժամացույցը, առանց որևէ գումարի, երևի կարիքից դրդված են վաճառել: Չէ՞ որ դա նրանց համար թանկ ու հիշարժան իր է…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Վերջին դաս. ավանդական շոուի փոխարեն շրջանավարտներն իրենց գիտելիքներն են ցուցադրում

վերջին դասՀանրապետության բոլոր դպրոցներում այսօր ուսումնական տարվա վերջին դասն է. 9-րդ դասարանցիները մնաս բարով են ասում  հիմնական դպրոցին և մուտք գործում ավագ դպրոց, իսկ 12-րդ դասարանցիներն էլ` հասուն կյանք:

Այսօր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի 41 սաները ևս վերջին դասին մնաս բարով ասացին իրենց դպրոցին: Նրանց վերջին դասը, սակայն, տարբերվում էր նրանից, ինչ սովոր ենք տեսնել վերջինզանգյան բեմից:

Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցը հայագիտական թեքում ունի և այստեղ արդեն մեկ տարի 8-րդ և 9-րդ դասարաններում ուսանում են «Հայ մշակույթի պատմություն» առարկան: Դպրոցի շրջանավարտները վերջին դասն օգտագործեցին` ցույց տալու, թե ինչ են հասցրել սովորել մեկ տարվա ընթացքում:

Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանն ասում է, որ դպրոցը կրթելու առաքելություն ունի, աշակերտն էլ`գիտելիքը սերտելու, ուստի վերջին դասը պետք է ճիշտ օգտագործել և ցույց տալ, թե դպրոցից ինչ գիտելիքներով են հեռանում. «Սա իսկապես վերջին դաս էր, որ չվերածվեց շոուի»:

Մեկժամյա միջոցառման ընթացքում աշակերտները հարց ու պատասխանի, բեմադրությունների, երգ ու պարի միջոցով անդրադարձան հայոց պատմությանը, գրականությանը, երգարվեստին, մանրանկարչությանն ու կերպարվեստին, ճարտարապետությանը, հայոց եկեղեցու պատմությանը:

Միջոցառման ավարտին Ռաֆայել Իշխանյանի այրի Բյուրակն  Չերազ-Անդրեասյանն ասաց, որ  թիվ 153 դպրոցն իսկապես Ռաֆայել Իշխանյանի երազած դպրոցն է: «Այս վայրէջքները վերջանալու են և մենք վերելք ենք ունենալու ու դառնալու ենք արևելքի լույսը: Կարծում էի, որ մեր ժողովրդի մեջ ինչ-որ ոգի մահացել է, բայց դա այդպես չէ»,- ասաց նա:

 «Անկախ»-ը ներկայացնում է մի քանի դրվագ միջոցառումից` տեսանյութերի տեսքով: