«ՀԷՑ»-ը տուգանվեց 20 մլն դրամով.panorama.am

ՀԷՑՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում «ՀԷՑ»-ը տուգանվեց 20 մլն դրամով: Պատճառն այն է, որ ընկերության կամայական գործողությունների արդյունքում բնակիչները զրկվել են էլէկտրամատակարարումից,հաղորդում է  panorama.am-ն  :

Ինչպես նշեց հարցը զեկուցող ՏՄՊՊՀ վերլուծության վարչության մասնագետ Դավիթ Փինաչյանը, մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի բնակիչները դիմել են ՏՄՊՊՀ-ին, տեղեկացնելով, որ վերոնշյալ հասցեում գտնվող նորակառույց շենքի շինարարական աշխատանքները ամբողջությամբ ավարտվել են դեռևս 4 տարի առաջ և շենքը հանձնվել է շահագործման: Սակայն, էլեկտրաէներգիա չունենալու պատճառով չեն կարողանում բնակություն հաստատել իրենց սեփական բնակարաններում: Նրանք դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, սակայն ընկերության կողմից խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել:

Նրա խոսքերով` բնակիչները չունեն այլընտրանքային տարբերակ, քանի որ էներգամատակարարման ոլորտում միակ ընկերությունը հանդիսանում է «ՀԷՑ»-ը: Հետևապես, Հանձնաժողովի դիտարկմամբ, վերջինը իրավասու չէ կամայական սկզբունքներով որոշելու բնակիչներին էլեկտրաէներգիա տրամադրելու կամ չտրամադրելու հարցը: Հանձնաժողովի պահանջով «ՀԷՑ»-ը ներկայացրել է պարզաբանումներ խնդրի վերաբերյալ` նշելով, որ իրենք պայմանագիր կարող են կնքել ոչ թե բնակիչների, այլ շենքի կառուցապատողի` «Միլլար» ՍՊԸ-ի հետ:

Ըստ «ՀԷՑ»-ի, վերջինիս հետ արդեն իսկ կնքվել է պայմանագիր, սակայն ՍՊԸ-ի կողմից որոշակի պարտավորությունների չկատարման պատճառով` գործն ավարտին չի հասել: Մասնավորապես, «ՀԷՑ»-ի գրավոր պարզաբանման մեջ նշված է, որ կառուցապատողը իրենց հանդեպ ունի չկատարված ֆինանսական պարտավորություններ:

Սակայն, ըստ Դ.Փինաչյանի, «ՀԷՑ»-ի գործողությունները և պահանջը անօրինական են:

Ստացված գրավոր տեղեկատվության, ինչպես նաև կողմերի հետ կազմակերպված քննարկումների և լսումների արդյունքում, Հանձնաժողովը հանգել է այն եզրակացությանը, որ «ՀԷՑ»-ի գործողությունները չեն բխում օրենքից: Եթե անգամ, շենքը կառուցապատող ընկերությունը թերացել է որոշակի պարտականությունների կատարման մեջ, դա ոչ մի առնչություն չունի բնակարանների սեփականատերերի հետ. նման բան իրավական որևէ ակտով ամրագրված չէ: Հարկ է նաև նշել, որ 2010-ին «Միլլար» ՍՊԸ-ի և «ՀԷՑ»-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, շենքի էլեկտրամատակարարումը պետք է ավարտվեր դեռևս 2011թ.-ին, ինչը փաստացի չի կատարվել:

Այսպիսով, հանձնաժողովի որոշմամբ, «ՀԷՑ»-ը պարտավոր է 7 օրյա ժամկետում բնակիչների հետ կնքել էներգամատակարարման պայմանագրեր: Որոշման արդյունքում կկարգավորվի ոչ միայն այս խնդիրը, այլև կլուծվի ողջ շենքի ջրամատակարարման, ինչպես նաև վերելակների խնդիրը:

Նշվեց նաև` առաջին անգամ չէ, որ ՀԷՑ»-ը հայտնվում է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում: Նախորդ իրավախախտումների ժամանակ ընկերության հանդեպ դարձյալ հարուցվել են վարչական վարույթներ, սակայն տրվել է խիստ նախազգուշացում` միաժամանակ տեղեկացնելով, որ իրավախախտման կրկնակիության դեպքում Հանձնաժողովը, օրենքի համաձայն, կցուցաբերի առավել խիստ մոտեցում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի աշխատակիցները պահանջում են վերադարձնել իրենցից պահված գումարները

դեմ եմ,կենսաթոշակ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցներն այսօր ընկերության վարչական շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով հետ վերադարձնել իրենց աշխատավարձերից պահված գումարը:

Նրանց են միացել նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամները։

Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցներին են մոտեցել ՀԷՑ մամուլի պատասխանատուն ու արհմիության նախագահը: Մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը պարզաբանել է, որ իրենց արարքում հակաօրինական ոչինչ չկա, քանի որ «ՍԴ որոշմամբ պահումների մասով օրենքը չի կասեցվել»:

Նա նաև ասել է, որ աշխատողներից գանձված գումարները պահվում են հատուկ հաշվեհամարի վրա, մինչև ՍԴ որոշումը:

Արհմիության նախագահ Արտյոմ Մուրադյանը տեղեկացրել է, որ ձևավորվել է աշխատանքային խումբ, և այսօր ժամը 16։00-ին հանդիպում է տեղի ունենալու ՀԷՑ ղեկվարության հետ՝ քննարկելու հարցը:

ՀԷՑ-ում գրանցված 8000 հազար աշխատողներից 2500-ի վրա տարածվում է կենսաթոշակային նոր համակարգը:

Հիշեցնենք, որ կենսաթոշակային պահումների դեմ բողոքով հանդես են եկել նաև «Հարավկովկասյան երկաթուղիների», Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, ինչպես նաև Երեւանի մետրոպոլիտենի աշխատակիցները։

 

Անկախ

Զանգվածային հոսանքազրկման պատճառը համակարգի խափանումն է եղել

elektroՆոյեմբերի 2-ին, ժամը 10.25-ին Երևան քաղաքում և Հայաստանի որոշ մարզերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել համակարգի խափանում, այժմ տարվում են էլեկտրամատակարարումը վերականգնելու աշխատանքներ: Այս պահի դրությամբ Երևանի մի շարք համայնքներում և հանրապետության որոշ մարզերում վերականգնվել է էլեկտրամատակարարումը:
Տեղեկություն էր ստացվել նաև, որ մետրոպոլիտենի որոշ շարժակազմերի աշխատանքը խափանվել է. ժամը 11.17-ի դրությամբ քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել շարժակազմերից:

Ժամը 11.20-ի սահմաններում ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով կապ է հաստատվել ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանի հետ, ով հաղորդել է, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրման պատճառով, տվյալ պահի դրությամբ կատարվում են աշխատանքներ ՌՊՀ-ի գործադրման հնարավոր պատճառները բացահայտելու ուղղությամբ:

Ժամը 12.07-ի վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը:

Սպառողները տեղյակ չեն հանրային ծառայությունների ոլորտում իրենց իրավունքներից

ՀԵՑԱնցյալ շաբաթ Բաղրամյան 1-ին փակուղի 9 հասցեում գտնվող «Անկախի» խմբագրությունը ստիպված էր երկու աշխատանքային օր դադարեցնել աշխատանքը հոսանքազրկման պատճառով: Հայաստանի Էլեկտրացանցեր ընկերության թեժ գծին արված մեր բազմաթիվ զանգերին ստանդարտ պատասխան էր տրվում. մեկ ժամից հոսանքը կվերականգնվի: Սակայն ոչ մեկ, ոչ մի քանի ժամից, ոչ էլ մի ամբողջ օր հոսանքը չվերականգնվեց: Վերականգնվեց հաջորդ աշխատանքային օրվա ավարտին՝ շուրջ 24 ժամ հետո:

Տուժեց ոչ միայն մեր խմբագրության, այլև հարակից տարածքում գտնվող բազմաթիվ այլ ընկերությունների աշխատանքը, քաղաքի ամենաբանուկ  հատվածներից մեկը՝ Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկը, ուղղակի վերածվել էր քաոսի լուսանցույցների խափանման հետևանքով, իսկ թե ով էր փոխհատուցելու մարդկանց պատճառված անհարմարությունն ու վնասը, հայտնի չէր:

Այդ իրավիճակը պատճառ դարձավ ուսումնասիրելու ոլորտը կարգավորող օրենսդրությունն ու որոշումները և պաշտպանել խմբագրության իրավունքները: Հայաստանի էլեկտրացանցերից մեզ և հարևան սպառողներին խոստացան փոխհատուցել ՝ չնայած այդ փոխհատուցումն ավելի շուտ բարոյական է, քանի որ չի կարող ծածկել պատճառված վնասի իրական չափերը:  Սակայն օրենքն այս պահին ավելին չի նախատեսում:

Հայաստանում էլեկտրամատակարարող ընկերության և սպառողի փոխհարաբերությունները կարգավորվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» որոշմամբ:  Այդ կանոններով կանոնակարգվում են նաև էլեկտրամատակարարման պլանավորված և չպլանավորված ընդհատումների դեպքում մատակարարի պարտականություններն ու սպառողի իրավունքները:

Կանոնների չորրորդ գլխում ամրագրված են սպառողի էլեկտրամատակարարման և վերականգնման պայմանները:

Եվ այսպես, մատակարարը պարտավոր է սպառողին տեղեկացնել էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային ընդհատումների ու վերականգնման ժամկետների մասին: Պլանային ընդհատման և վերականգնման ժամկետների մասին մատակարարը պարտավոր է սպառողին տեղեկացնել ընդհատմանը նախորդող օրվա ընթացքում վերջինիս հասու հեռուստաալիքով, 2 անգամ: Ինչպես գիտենք, այդ գործառույթը Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն իրականացնում է Հ2 հեռուստաընկերության միջոցով՝ լուրերի թողարկումից անմիջապես հետո: Արտապլանային ընդհատման և վերականգնման ժամկետների մասին տեղեկատվությունը մատակարարը պարտավոր է սպառողին տրամադրել  տվյալ կանոնների 74-րդ կետով նախատեսված շուրջօրյա հեռախոսային ծառայության միջոցով. մատակարարը պարտավոր է ապահովել շուրջօրյա հեռախոսակապ, որպեսզի սպառողները կարողանան պարզաբանում ստանալ նաև էլեկտրամատակարարման դադարեցումների պատճառների և վերականգնման ժամկետների վերաբերյալ:

Aram Grigoryan

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Մատակարարը սպառողի էլեկտրամատակարարման պլանային ընդհատումը պետք է իրականացնի աշխատանքային օրերին` ժամը 9:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ոչ ավելի, քան 6 ժամ տևողությամբ: Արտապլանային ընդհատման դեպքում էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել արտապլանային ընդհատման պահից ոչ ուշ, քան`

1) քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում`

ա. բազմաբնակարանային շենքերի սպառողներինը` 2 ժամում.

բ. այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում.

գ. մյուս բոլոր դեպքերում` 4 ժամում,

2) գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում`

ա. այն սպառողներինը, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման մեկից ավելի առանձին օդային (մալուխային) գծերով կամ էլեկտրակայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից` 2 ժամում.

բ. մյուս բոլոր դեպքերում` 8 ժամում,

Մատակարարը սպառողի էլեկտրամատակարարումը վերականգնելուց հետո պարտավոր է նրա հետ կազմել ակտ` էլեկտրամատակարարման ընդհատման և վերականգնելու ամսաթվի ու ժամի վերաբերյալ: Ակտը կազմվում է 2 օրինակից, որոնցից մեկը տրվում է սպառողին, իսկ մյուսը պահվում է մատակարարի մոտ:

Մատակարարի և սպառողի միջև ծագած վեճերը լուծվում են Հանրային ծառայությունները կարգավորող անձնաժողովի միջոցով կամ դատական կարգով:

Կանոնների 16-րդ գլխում սահմանված են նաև կանոնների պահանջները խախտելու համար մատակարարի նկատմամբ կիրառվող տույժերը: Օրինակ` մատակարարը պարտավոր է սպառողին վճարել տույժ՝ ծախսված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամ, այն դեպքերում, երբ խախտել է էլեկտրամատակարարման պլանային  ընդհատման համար սահմանված ժամկետը կամ էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումից հետո սպառողի էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետը, բացառությամբ, եթե էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումները պայմանավորված են եղել էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներով:

էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին ՀԾԿՀ որոշումը գտանք Հասարակական պաշտպանների միության կայքում (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքէջը տևական ժամանակ է՝ չի գործում): Միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանի խոսքով՝ մատակարարի կողմից կանոնները խախտելու դեպքում սպառողն իր իրավունքները պաշտպանելու և փոխհատուցում ստանալու համար պետք է դիմի ընկերությանը. «Սակայն ոչ դիմում են, ոչ էլ փոխհատուցում են ստանում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հանրությունն իրազեկված չէ իր իրավունքների և հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների պարտականությունների մասին: «Բայց եթե մարդիկ իրազեկվում են, ապա նրանց մի մասը գոնե փորձ է անում պաշտպանել իր իրավունքները»:

Իսկ ովքե՞ր են պարտավոր իրազեկել հանրությանը: Ըստ նրա` իրազեկելու պարտականություն ունեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու իշխանությունները: Հասարակական կազմակերպությունները նույնպես իրազեկում են, սակայն դա նրանց իրավունքն է, ոչ թե պարտականությունը: Համենայն դեպս, իրենց հնարավորության սահմաններում իրազեկում են:

Հասարակական պաշտպանների միությունը համագործակցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ ներկայացնելով սպառողների իրավունքները: Սակայն Արամ Գրիգորյանը նշում է, որ գոյություն ունի իրավահավասարության խնդիրը, որը լուծված չէ. «Հանրային ծառայություն մատուցող ընկերությունն իրավական կառույց է, մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին, իրավունքներ ունի, հարցեր է դնում, պատասխաններ է ստանում, իսկ սպառողներն այդ իրավական կարգավիճակը չունեն»,- ասում է նա:

Հասարակական պաշտպանների միությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի իրավահավասարության հարցը լուծվի, և սպառողները նույնպես կարողանան մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, հարցեր բարձրացնել, պատասխաններ ստանալ. «Ինձ թույլ տան` կխոսեմ, թույլ չտան՝ չեմ խոսի: Ավելին, երբեք սպառողի կողմից բարձրացրած դիմում հանձնաժողովը չի քննարկել, իսկ ընկերության կողմից դիմած խնդիրը չի կարող չքննարկել: Արդեն իսկ խախտվում է հավասարակշռության սկզբունքը, խտրականություն է առաջանում»:

Մենք փորձեցինք լսել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսակետը, բայց ինչ-ինչ պատճառաբանություններով պայմանավորված հարցազրույցը չկայացավ, ինչն էլ ավելի հիմք է տալիս կարծելու, որ այդ ոլորտում թափանցիկության խնդիրը լուծված չէ: Մինչդեռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անկախ մարմին է, օժտված բավական լուրջ լիազորություններով ու գործառույթներով, որոնք պարտավոր է իրականացնել կարգավորման սկզբունքները պահպանելով. մատակարարների և սպառողների շահերի հավասարակշռում, թափանցիկ աշխատաոճ, հովանավորչության, խտրականության բացառում և այլն:

Հասարակական պաշտպանների միությունը դիմել է հանրապետության նախագահին և կառավարությանը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթները վերանայելու նպատակով: Արամ Գրիգորյանի խոսքով՝ այդ գործառույթներն օրենքով սահմանված են, սակայն չեն իրականացվում, քանի որ հանձնաժողովը դրանք իրականացնելու ընթացակարգեր չունի: